воскресенье, 16 марта 2014 г.

Չորացած ծաղիկներ


Դու եկար` հոգատար ձեռքերով գրկումդ սեղմած քառասուն գարուն:
Նետվեցիր գիրկս:
Ես շպրտեցի գարուններդ հիշողությանս մացառուտների մեջ ու ինքս տեղավորվեցի քո գրկում:
Քո ամեն մի գարնան հետ ես նորից ծնվեցի:
Հուշերս ծնկի եկան կրքերիս առաջ:

Ամառ չունեիր:
Ամառներդ` չորացած ծաղիկների տեսքով մնացել էին հեռու-հեռու` մի մոռացված ծննդավայրում` մատուռի հարևանությամբ բարձրացող` արցունքներից թաց հողաթմբի վրա:
Քեզ տվեցի իմ ամառները:
Երակներս`
ներարկված արևի ջերմությամբ, փաթաթեցի մարմնիդ`ոտքերիցդ մինչև խելահեղության հասցնող մազերդ:
Կորցրեցիր հիշողություններդ, ու կրքերդ աղոթքի տեսքով լցվեցին կոկորդս:
Ամառ չունեիր:
Կուլ տվեցի քո սև հուշերը … ու տվեցի քեզ ամառ:

Գիրկս, որ երազներիս ափին կառուցված մի անառիկ ամրոց էր, ընդունեց ծառերի ճյուղերին վերջին հրաժեշտը տվող տերևների սրտաճմլիկ ճիչերը`քո քառասուն աշունները:
Իմ աշուններն ավելի դեղնեցին, չորացան:
Աչքերիս լույսը սողոսկեց ծոցդ`գինի դարձավ կրծքերիդ մեջ լերկ:
Գինին աստվածների խմիչք է, որին ես սովոր էի, իսկ աչքերս` ոչ… ու ուշաթափվեցին աչքերս կենդանացող կրծքերիդ վրա:

Ձմեռ բերեցիր, սևազգեստ կնոջ փեշերով լցրեցիր ոտքերիս տակ:
Ցանկություններս դարձան մոխիր`պատարագի նման խորհրդավոր ու լուռ:
Սառած ուղեղով սպիտակ մոխիրների մեջ փնտրեցի երկար ու վերջապես գտա քեզ` լուսնի ձեռքից ընկած փշրանքի մի կտոր … Անցյալիս ավերակ ճանապարհներով հեռացող համր քայլերով բերեցի քո ձմեռները ու իմ կախարդ ձեռքերով լցրեցի սրտիս բուխարու մեջ:
Ամեն մարդ աստված է, որ իրեն խենթ է ձևացնում:

Ինձ նայում է շպարված մի տխրություն`գլխին` սպիտակ մի ագռավ,
ներարկիչը` ձեռքին:
- Որտե՞ղ եմ:
- <Մայր Թերեզայում>, արդեն եկու օր է: Բանաստե՞ղծ եք:
- Ո´չ, ինժեներ: Ինչու՞:
- Այնպիսի գեղեցիկ բառեր էիք ասում:
Չհասցրի բջջայինով ձայնագրել:
Տղաս բանասիրականում է, պետք կգար նրան:
Տարվա եղանակների մասին էր:
Շատ բան չլսեցի, բայց այնքան երաժշտական էր, այնքան ցավ կար: Գ իտ՞եք, ինչքան եմ լաց եղել:
- Չեմ հիշում ոչինչ:
- Մի սպիտակ <Նիվա> բերեց ձեզ Հյուսիսային ավտոկայարանից: Ձեր ճամպրուկը մեզ մոտ է, չանհանգստանա´ք:
- Ճամպրուկում մի քանի շոր է, ուրիշ ոչինչ չունեմ: Ամեն ինչ կորցրեցի ճանապարհին:
- Դուք ինչ-որ տեղի՞ց էիք եկել կայարան:
- Ո՜չ, ուզում էի գնալ քաղացիական կնոջս ամուսնու ծննդավայր`նրա գերեզմանին`հեռո~ւ- հեռո~ւ: Ուզում էի տեսնել այնտեղ ծաղիկներ կա՞ն, թե
՞ ոչ:
- Իսկ ի՞նչ ճանապարհի մասին եք ասում:
- Կյանքի:
Երևի մտածում է` զառանցում եմ:
- Հիմա պետք է
ներարկեմ: Դեռ ամբողջ գիշերն առջևում է, աշխատե´ք քնել:
- Իմ բաժինը ես վաղուց եմ քնել, հիմա մրսում եմ:
- Բայց տաքություն չունեք, դրսում էլ ամառ է:
- Դրսում, այո´ ,բայց իմ մեջ չկա՜ ամառ:
- Մի քանի
ներարկումներ էլ կան, ներարկեմ հետո կգամ, լա՞վ, անպայման կգա՜մ:
Ձեռքն իջավ ճակատիս…

Գիշերը դավադիր աչքերով նայում էր պատուհանից ներս, իսկ նա խոսու~մ էր, պատմու~մ…
Գիշերը փորձում էր մութ ձեռքերով սեղմել, փակել բերանը, բայց բառերը, որոնք ներսում խեղդվում էին՝ դուրս էին գալիս գիշերվա մատների արանքից ու արձագանքելով հիվանդասենյակի պատերից, ժանգոտ մեխերի նման ճռռալով խրվում էին բուժքրոջ ականջների մեջ:

< - Անի´, հարկավոր է ամուսնուդ գերեզմանի քարը գցել:
- Փող չկա: Երկու օրից էլ աղջիկս է գալու Ամերիկայից`ամուսնու հետ:
Ի՞նչ պետք է ասեմ նրանց, որ իմ բոյֆրե՞նդն ես: Ամո՜թ է:
- Ինչե՞ր ես խոսում:
Ես քո ամուսինն եմ: Մեկ տարվա ընթացքում այնքան հարազատ դարձանք իրար: Խելքդ տեղո՞ւմ է, և ինչպե՞ս թե փող չկա: Բա իմ վաճառած բնակարա՞նը: Չէ՞ որ պայմանավորվեցինք, որ վաճառեմ իմ բնակարանը, վերանորոգենք քո՜ բնակարանը, գրանցվեմ քե՜զ մոտ, օրինական ամուսնանք, ամուսնուդ գերեզմանը սարքենք: Չէ՞ որ  ինքդ ես պատմել, որ այդքան սիրել ես նրան: Նրա գերեզմանին, ինչպես ասել ես, վերջին անգամ եղել ես երեք տարի առաջ, ծաղիկներ ես տարել, ի՞նչ ծաղիկներ էին:
- Չեմ հիշում, ի՞նչ կարևոր է:
- Արդեն մեկ ամիս է բնակարանը վաճառել ենք, բայց ոչինչ չենք արել:
- Դեռ թող մնա:
Փողը բանկում է, ապահով: Դու մտածիր, թե ինչպե՞ս ենք ապրելու այս մեկ սենյականոցում, երբ նրանք գան:
- Դե´, քո հարազատն է, կհասկանա:
Մի կերպ կապրենք, այնքան էլ նեղվածք չէ:
- Դու չես ճանաչում նրան: Մի
՞գուցե դու գնաս: Հեռու բարեկամ չունե՞ս գյուղում կամ..
- Ես ոչ ոք չունե՜մ:
Դու լու՞րջ ես ասում: Ի՞նձ, որ քեզ այդքա~ն..
- Լուրջ եմ ասում, կատակի ժամանակ չէ: Սա իմ ամուսնու բնակարանն է եղել, ես չէի կարող քեզ գրանցել: Համ էլ աղջկաս գրել եմ, որ մենակ եմ, կարող են գալ:
Իրենց վերադառնալու փողն էլ եմ ես ուղարկել:
Որոշել են այս բնակարանը վաճառել ու ինձ իրենց հետ տանել:
- Առանց ինձ հետ խորհրդակցելո
՞ւ: Չէ՞ որ դա իմ… Ես որտե՞ղ պետք է ապրեմ:
- Պետք է հեռանաս, այլ տարբերակ չկա:
Աղջիկս լաչառի մեկն է, ինձ կխայտառակի շենքով մեկ…>

Բուժքույրն աթոռին նստած` իր երկու ջերմ ափերով բռնել էր հիվանդի ձեռքն ու արտասվում էր անձայն:
Հետո նա ձեռքն ազատեց
բուժքրոջ ափերից ու սկսեց մաքրել արտասուքները:
- Աչքերիդ  տուշը սևացրեց մատներս:
Լաց մի´ եղիր: Կարո՞ղ ես մի ծխախոտ ճարել, ծխել եմ ուզում:
- Այս ժամին բոլորը քնած են, ես ծխող չեմ, քեզ էլ չի կարելի:
Սկսեց մատներով սանրել հիվանդի մազերը:
- Բոլորին էլ մահվանից առաջ տալիս են վերջին ծխախոտ:
Բուժքույրը մատներով փակեց նրա բերանը:
- Դու կապրես: Ես գիտեմ,կապրես…
Դու ինձ մոտ կապրես:
Դու պետք է ապրես:
Տղամարդն արտասվում էր…հետո քնեց` բուժքրոջ ձեռքը գրկած:

- Երազներիս նավակներից հավաքել եմ միայն ճերմակ
երը:
Կարոտներս՝ մետաքս ճայերի նման կապույտ փետուրներով` ջուրն են նետվում ձկան արցունքներ գտնելու հույսով:
Ես էլ բոկոտն մտնում եմ ծովի ավազների մեջ՝ փրփուր գտնելու հույսով:
Չեմ խռովել իմ ճակատագրից:
Ես ապրե~լ եմ, ապրել ուղիղ մեկ տարի:
Չե՜մ նեղվել իմ խաչից, որ միշտ կրել եմ անտրտունջ:
Չտեսա նրա ամուսնու գերեզմանը:
Տեսնես իրո՞ք այնտեղ չորացած ծաղիկներ կան:
Հիմա քո՜ դռան մոտ եմ:
Ցո´ւյց տուր ինձ Գողգոթա տանող ամենակարճ ճանապարհը:
Մրսու~մ եմ, ցուրտ է:

- Զառանցու՞մ է, բժի´շկ, որքա~ն դառն են խոսքերը:
- Էլ
ներարկում չանես: Իմ կարծիքով` արդեն չի օգնի: Կողքից էլ մի´ հեռացիր:
- Ինչպե՞ս, բա ի՞նչ պետք է անենք:
- Ոչինչ, թո´ղ հանգիստ հեռանա:
Մենք անզոր ենք:
Բժիշկը հեռացավ:
< Մրսու~մ եմ, ցուրտ է:>
Քույրը ներսից փակեց պալատի դուռը: Հանեց սպիտակ խալաթը, մնաց ներքնազգեստով:
Զգույշ բարձրացրեց վերմակն ու մտավ անկողին:
Գրկեց նրան. <
Ես քեզ կտաքացնեմ: Գիտեմ, թե ինչ է քեզ պակասում, ինչ է պակասել: Ես հասկացա քո մրսելու պատճառը: Քեզ կենդանի ջերմություն է հարկավոր: Առանց դրա ոչ ոք չի կարող ապրել: Ես կտամ, միայն մի´ գնա: Դու դեռ այնքան բան ունես անելու… Խնդրու~մ եմ:

Առավոտյան բժիշկն ուշադիր նայում էր հիվանդին:
Հանգիստ քնած էր: Շնչառությունն էլ նորմալ:
Բազմաթիվ լարերով մարմնին միացրած էկրանը ցույց է տալիս համաչափ վեր ու վար անող կյանքի ռիթմը:
Մտավ քույրը:
- Ինչ-որ բան
ներարկե՞լ ես:
- Ո´չ, արգելեցիք, չէ՞:
- Տարօրինակ է, այն աշխարհից վերադարձ կա՞: Հրաշքներ լինու՞մ են:
- Չգիտեմ,- կարմրեց քույրը:
- Լա´վ, կգամ երկու ժամից,- մեկ անգամ էլ նայեց ու դուրս եկավ:

Աչքերը բացեց: Հետաքրքիր հայացքով մի տղա է նայում: Նուրբ դիմագծերով:
Կլինի մոտ քսան տարեկան:
-
Դու ո՞վ ես :
-
Հիմա մամային կկանչեմ,- ու դուրս վազեց:
Մտավ քույրը, ինչ-որ ծանոթ ու հոտառությունը գրգռող բույրով:
Սենյակը լցվե՞ց, թե՞ թվաց:
-
Հիմա ինչպե՞ս ես: Կարծես անցավ, հա՞: Այնպես վախեցրիր:
-
Միթե՞ մահից վախենում են, ապրելուց պետք է վախենալ:
-
Ինչպե՞ս թե,-զարմացավ տղան,- ապրելո՞ւց:
-
Ես ամբողջ կյանքումս աթեիստ եմ եղել, բայց վստահ կասեմ, որ հրեշտակներ կան:
Գիշերը մեկն ինձ մոտ էր, բայց չծիծաղեք, լա՞վ: Ես նրանից ճանապարհ հարցրեցի` չորացած ծաղիկների մոտ գնալու ճանապարհը: Գլխով արեց, բայց նորից խաբված մնացի, ինձ ուրիշ ճանապարհ ցույց տվեց:
Տղան ծիծաղեց:
-
Հրեշտակները համալսարանի մեր խմբում են սովորում:
-
Դու ճիշտ ես, տղա´ս: Անունդ ի՞նչ է:
-
Լևոն, ինչպես միշտ:
-
Լևո´ն, մի´ խանգարի, դո´ւրս արի:
-
Չի խանգարում: Սրամիտն է: Ես էլ եմ այդպիսին եղել մի երեսուն տարի առաջ:
-
Լավ, մա´մ, ես գնամ: Տեսնեմ կարո՞ղ եմ տակից դուրս գալ: Վարդանյանն այնպիսի բան է առաջադրել, որ ամբողջ կուրսով չենք կարողանում:
-
Իսկ ի՞նչ է, եթե գաղտնիք չէ:
-
Լևո´ն, դրա ժամանակը չէ, դո´ւրս արի:
-
Թո´ղ մնա, խնդրում եմ: Ասա´, մի՞գուցե ես օգնեմ:
-
Դո՞ւք, - ժպտաց, - նայե´ք, միթե՞ կարող է Լերմոնտովի նման հանճարը սխալվել իր գրվածքներում: Ինձ թվում է` դասախոսը թակարդ է լարում:
-
Սխալվում են բոլորը, Լևո´ն: Ասա´, ի՞նչ է:
Լևոնը տետրում ցույց տվեց Լերմոնտավի բանաստեղծությունից ընգծված երկու տող.
И прыгает Терек  как львица,
С горбатой гривой на хребте..
-
Ի՞նչ սխալ կարող է լինել այստեղ, սովորական փոխաբերություն է`գետի վազքը՝ առյուծի բաշի հետ:
Քույրը դուրս եկավ սենյակից:
-
Լևո´ն, ծխու՞մ ես:
-
Այո´, բայց մամայի մոտ` ոչ:
-
Մի հատ սիգարետ տուր, լա՞վ:
-
Բայց Ձեզ կարելի՞ է:
-
Իհարկե, ի՞նչ է եղել, որ:
Ծխախոտը թաքցրեց բարձի տակ:
-
Հիմա ուշադիր լսի´ր: Մի՞թե դու տեսել ես էգ առյուծ, որ բաշ ունենա
Տղայի աչքերն ուրախությունից փայլեցին:

Ամբողջ ցերեկը քնեց:
Երեկոյան երկար զրուցեցին բուժքրոջ հետ:
Ավելի ճիշտ` ինքը խոսում էր, բուժքույրը` լաց լինում:
Խոսում էր դժվարությամբ, ծանր շնչելով:
Կեսգիշերին մոտ էր, երբ քույրը հերթական այցելության գնաց մյուս հիվանդներին:
-
Շուտով կգամ: Չտխրե´ս:

Սենյակում կանգնած էր ծխի մուգ կապտավուն ամպ, որն անընդհատ խտանում էր մահճակալից կախված անշունչ Տղամարդու ձեռքի ծխախոտից:
Ուղիղ կեսգիշեր էր:

Վերջաբան
Հեռո~ւհեռո~ւ, ինչ-որ մեկի ծննդավայրում ինչ-որ գերեզմանաթումբ է`լքված, անխնամ:
Թմբի վրա ծաղիկներ հետք չկա, քարերի արանքից էլ խոտ է աճել:
Լ
աց լինող կատվի ձայներ են լսվում:

Ասում են, որ կինը գեղեցիկ է միայն քնած ժանամակ և մահվան մահճում:
Ո~չ, կինը գեղեցիկ է միայն անկեղծ ու լուռ արտասվելու պահին:

Ասում են ,որ չորացած ծաղիկները նույնքան գեղեցիկ են, որքան թարմ ծաղիկները,
ուղղակի պետք է այլ աչքերով նայել:
Ո~չչորացած ծաղիկների գեղեցկությունը նման է մահվան անկողնում հանգիստ պառկած տղամարդուն:

Հիվանդասենյակի դռանը ուսով հենված, շրթունքները կրծելով` լուռ արտասվում էր բուժքույրը:


Ս.Ումառ

Մղձավանջ



Երբ առաջին քայլն արեց հիվանդանոցի մուտքից, թվաց թե մտել է ոչ թե հիվանդանոց այլ մահվան մի նորաբաց ժամանակակից «օֆիս»:
Անմիջապես երևաց նրա տեղացի չլինելն ու անհասկանալի պատճառով հերթապահ քույրը բարեհամբույր ժպտաց:
- Ես Օհանյան Ագնեսայի մոտ եմ եկել:
- Բարեկա՞մն եք, հարազա՞տը, - բուժքրոջ դեմքը տխրեց, կամ այդպես ցույց տվեց:
- Հարազա՞տը, ավելին, ես նրա ընկերն եմ: Նա հարազատներ չունի:
- Գիտեք, մենք իրերը ընկերներին չենք տալիս: Ա,յ եթե բարեկամ լինեիք…
- Այսի՞նքն, ի՞նչ իրեր, ես չեմ հասկանում, նրան ի՞նչ որ բան է պատահել:
- Նա գիշերը մահացելէ, ցավում եմ…
Երկուսի մեջտեղում լռությունը փքվում էր, մեծանում ու տարածվում ամբողջ հարկով մեկ:
- Դեռ վաթսուն չկար…իսկ ես երբ նրանից հեռագիր ստացա անմիջապես մեկնեցի, եկա:
- Մի՞գուցե ավագ քրոջը կանչեմ, դուք հայրիկ ջան, նստեք, ես հիմա:
Հեռվից հերթապահ քույրը ավագ քրոջ հետ մոտենում էր:
«Այսպիսի մարմնի մեջ գոնե այդքան էլ բարություն լինի» - մտածեց ավելի ուշադիր նայելով ավագ քրոջ գեր մարմնին:
- Դո՞ւք եք  Տիրան Սրապյանը: Ամերիկայի՞ց:
- Այո, ես չհասցրեցի…
- Նա խնդրել է այս նամակը հանձնել Ձեզ, եթե կգաք, եթե ոչ ես այն պետք է ուղղակի պատռեի:
Վարդագույն մի ծրար էր:

Հյուրանոցի համարում նստած, օղու շիշը կիսով դատարկած, չէր համարձակվում բացել ծրարը:
Ծրարի գեղեցկությունն ընգծում էր սեղանին անփույթ գցած սև հացը:
Մահվան նամակ և գեղեցի՞կ…
Կյանքի՞ նամակ սևի հացի կողքին…
Մատները դողում էին, երբ ներսից փակեց դուռն ու նստեց սեղանի առջև:
Մի կերպ բացեց ծրարն ու հանեց նամակը:
Հիշեց, որ ակնոցը չի դրել, սեղանին ափով ուղղեց նամակը, շուռ եկավ աթոռի վրա ծոցագրպանից հանեց ու դրեց աչքերին:

« Եկել ես որ մնա՞ս, թե՞ նորից հեռանալու ես…
Եկել ես տեսնես թե ի՞նչպես եմ խոսում այս խուլ ու համր պատերի հետ:
Սիրե՞լ ես ինձ – ոչ, հակառակ դեպքում չէիր գնա:
Ես սիրել եմ – այո, առանց ափսոսալու իմ տարիները…
Կյանքը դատարկ էր, իմ մնալն էլ անիմաստ:
Ինչ որ տեղ քեզ հասկացա, բայց ոչինչ չեմ կարողանում անել քեզ ներելու համար:
Դրա համար էլ քեզ ասում եմ հաջողություն:
Մոռացիր ինձ, հասցես, համարս, գերեզմանիս տեղը, ճանապարհները մեր, որ անջատվեցին իրարից:
Մենք ժամանակակից լինենք, լա՞վ, առանց արցունքների ու ավելորդության:
Երբ հեռացար, դու ինձ համար դարձար մի շատ գեղեցիկ ու ցանկալի փոս, որին ես կարող էի պատմել իմ ամենանվիրական զգացմունքների մասին, բայց սիրելիս ես ոչ երկրաբան եմ ոչ էլ գերեզմանափոր, որ ավելին կարողանայի փնտրել այդ փոսում:
Հիմա ես առավելություն ունեմ, քիչ հետո կստանամ իմ թևերն ու… կթռչեմ:
Հատուցումը թևերով է…

16.04. 2013թ.   Ագնես.»

Ձեռքերից բացի դողում էին ոտքերը:
« Սա ի՞նչ մտձավանջ է, Աստված իմ, սիրել ենք իրար երեսուն տարի, լռել ենք երեսուն տարի, տխրել ենք երեսուն տարի, երեսուն տարի սպասել ենք այս պահին հանդիպելու ու այսպիսի վերջաբա՞ն, չէ, սա այն չէ, Ագնեսն այդպես չէր կարող վարվել:»
Ծխամորճը համաոորեն չէր ընդունում դողացող մատներից կրակը:
«Սա այն չէ, սա այն չէ, սա այն չէ…
Ինչո՞ւ…»
Հանկարծ գյուտ արածի նման մոտեցավ ու նորից նայեց նամակի ամսաթվին:
« Գրվել է մահվանից երեք օր առաջ, այդպես չի լինում, սա մահացող մարդու նամակ չէ:
Սա չէ վերջին հրաժեշտի խոսքը»:
Տեղի տված ծխամորճը օդը դարձրեց թանձր ու տհաճ:
Մոտեցավ պատուհանին ու բացեց մի փեղկը:
Քամին անկոչ հյուրի նման մտավ ներս ու տիրակալի իր իրավունքով հպարտ պտտվեց սենյակում:
Սեղանի վրայից հատակին գցեց ծրարը, նամակն ու ինքնագոհ իր արածից անցավ ավելի հետաքրքիր բաներով զբաղվելուն:
Կռացավ, վերցրեց ծրարն ու նամակը:
Մեկ անգամ էլ նայեց նամակին ու զարմացավ:
Նամակը սկսում էր այլ տողերով:
Շուռ տվեց նամակը, տեսավ որ դա իր կարդացած նամակն էր:
Մի կողմ շպրտեց ծխամորճն ու նստեց սեղանի մոտ:
« Սիրելիս, ես էլ ժամանակ չունեմ նամակ գրելու:
Ցանկանում էի քեզ մի չորացած ծաղեփունջ նվիրել, բայց վստահ չեմ, որ կգաս կհասնես իմ հրաժեշտի ժամին, թողել եմ բժշկի մոտ:
Հիշո՞ւմ ես իմ հիսնամայակին բերեցիր, դաշտի ծաղիկների մի փունջ:
Մենք ընդամենը սուրճ խմեցինք իրար աչքերի մեջ նայելով:
Եվ ամեն ինչ ասված էր:
Ես պահպանել եմ այդ ծաղիկները, չէ ո՞ր դրանից հետո իմ բոլոր ծննդյան տոներն անցան առանց քեզ:
Ես իմ վերջին ինը ծննդյան տոներն անցկացրել եմ միայն սուրճ խմելով ու այդ ծաղիկների հետ:
Երեկ ինձ բուժող բժշկի հայացքում ես տեսա իմ մահը:
Այն շատ բարի էր, մահը:
Միգուցե նրա տեսքը բժշկի աչքերում էր բարի երևում, ես չգիտեմ:
Չեմ ցանկանում գրել, որ սիրել եմ կամ սիրում եմ քեզ, քանի որ կմտածես, որ մազից կախված կյանքի վերջին քայլում զառանցում է:
Դու դեռ ժամանակ ունես ինձ մոռանալու, գիտեմ, որ սիրել, սիրում ես ինձ,
Մի խնդրանք, չմնաս այստեղ, ինչպես եկել ես այնպես էլ վերադարձիր, չէ՞ որ գնալդ էլ էր մահ ինձ համար:
Իմ մահը տևեց ինը տարի երկու ամիս և…չորս օր (այն հաշվարկով որ այս գիշեր կմահանամ):
Ես չեմ ցանկանում, որ այցելես իմ գերեզմանին, ես բժշկին խնդրել եմ դրա մասին ու ոչ ոք չի իմանա իմ տեղը:
Իմ գերեզմանը կզարդարի միայն դաշտի ծաղիկների այն չորացած փունջը:
Դա ինձ բավական է:
Ինչպես միշտ դու ինձ կհասկանաս:


Ոչ մեկին չպատկանող Քո Ագնես 19.04.2013 թ.  »

Ս.Ումառ

суббота, 15 марта 2014 г.

Աղբակույտի տերը


Ոտաբոբիկ, անլվա, ցնցոտիներ հագած` նրանք ամեն օր գալիս են աղբանոց` դատարկ շշեր, տոպրակներ, կենցաղային այլ իրեր, քուրջեր, հին, մաշված անվադողեր, փոշոտ ու կեղտոտ բազկաթոռներ, անձրեւանոցներ ու էլի` ինչ ասես հավաքելու: Ոմանք` պղինձ, ալյումին ու երկաթ, որոնց վաճառքից իրենց հանապազօրյա հացի գումարն  են վաստակում:
Շատերը հենց այստեղ էլ ապրում են` ստվարաթղթե արկղերից, հին շորերից ու փտած փայտերից պատրաստված ծածկերի տակ:
Բաժանվել են խմբերի:
Ամեն խումբ ունի իր աղբակույտը, սահմանը, որը, Աստված մի´ արասցե, խախտվ
ի մեկ այլ խմբի կողմից:
Սովորել են գարշահոտությանը:
Երբ օրվա ընթացքում
աղբատար մեքենան դատարկում է օրվա հերթական բաժինը, աղբանոցում փնտրտուքներն ընթանում են աշխատանքային ռիթմով, նոր բան գտնելու հույսերը` մեծանում:

* * *
Աղբանոցի քարերից մեկի վրա նստած է մի ծերունի:
Դեմքի կնճիռներ
ն ասես աշխարհի գետերի քարտեզն է:
Հոգին` քրքրված, պատառոտված:
Կարծես Շապուհի հրոսակներն են անցել`ճանապարհին ավերելով ինչ պատահի: 
Շորերը նույն վիճակի:
Կողքի աղբակույտն իրենն է:
Շատ պայքարեց հենց ա´յդ աղբակույտի համար (բերված` Աջափնյակ համայնքից), որ աղբանոցի մնացած <բնակիչներ
ն> այդտեղ ոչինչ չփնտրեն:
Քնում է հարևանությամբ գտնվող գերեզմանոցում` մի մեծ, կարմիր տուֆից,  հին, շատ հին տապանաքարի վրա:
Արդեն տասներկուերորդ օրն է, որ ծերուկն է
ր միայն քրքրում ու չէր թողնում, որ այդ կույտը լրացվի նոր աղբով: 
Նա չէր հավաքում ոչինչ, միայն փնտրում էր:
Ամեն
Աստծո օր հերթով հիշում էր Առաքյալներին, օրը` մեկին:
Հիշեց բոլորին, ուղիղ տասներկու… չգտավ, ինչ փնտրում էր:
Ինչ է փնտրում, ոչ ոք չգիտի:
Ծերուկին չեն նեղացնում, ուղղակի մեկ-մեկ նայում են ու անհասկանալի բարձրացնում ուսերը:
 
Նեղ
վում է, թերևս, միայն աղբատար մեքենաների ելք ու մուտքից, անընդհատ օդ բարձրացող փոշուց ու աղբի տարածվող գարշահոտությունից, աղբակույտերը քջջող ու երկինք թռչող ճայերից:
Բայց ծերունին նրանց չի
քշում. <Թո´ղ կերակրվեն>:
* * *
Պատերազմից վերադարձավ հաղթածի կարգավիճակով, բայց հյուծված, հիվանդ, ավերակ սրտով:
Բայց ինչո
՞ւ ավերակ: Սրտի մոտ` ձախ ծոցագրպանում կնոջ վերջին նամակն էր` իր ներկան և անցյալը կապող միակ բանը:
Դստերը փնտրեց երկար, հետո գտավ քաղաքի մանկատներից մեկում`կիսասոված, առանց մոր խնամքի ոտքի կանգնած, վայրենի հայացքով:
Մեծացրեց: Կրթեց:
Դուստրը`Նունեն, դարձավ բժշկուհի:
Ամուսնացավ նախկին գյուղացի համակուրսեցու հետ:
Բնակվում էին իր տանը:
Կյանքն անիմաստ չէր, որ մոռացվեր:
* * *
- Պա´պ, արթնացի´ր, խռմփացնում ես…
Աչքերը բացեց:
Իր Նունեն էր`իմաստն իր կյանքի:
- Հա´,Նո´ւն ջան, երեխային արթնացրի
՞ իմ խռմփոցով:
- Չէ´, պա´պ:
Կարո՞ղ ես իջնել բակ: Դե, գնա´, քեզ համար զբաղվիր, դոմինո, նարդի… Արտակի ընկերներն են գալու, պաշտոնյա մարդիկ են:Կարող է էլի մի բան ասես անցած անգամվա նման ու..դե, գիտես, էլի, Արտակին դուր չի գալիս: Համ էլ աղբը կթափես:
Դաժանության մի դառը համ անցավ կոկորդով ու սահեց ներքև, այրեց ստամոքսն ու ստիպեց դեմքին
այլայլվել:
Արդեն մի քանի անգամ իր տանը հյուրընկալվող` փեսայի ընկերները սովորություն են դարձրել հավաքվելու, քեֆ անելու:
Գործարարներ են, բանակի համար մատակարարում են, համազգեստ, կոշիկ, ալյումինե ափսեներ, դանակ-պատառաքաղ և այլն:
Թե իր` մասնագիտությամբ բժիշկ փեսան ի
՞նչ գործ ուներ նրանց հետ, չէր հասկանում:
Չէր հասկանում նաև, թե ինչպե
՞ս մի քանի ամսում կիսասոված իր փեսան ավտոմեքենա գնեց, ադամանդե քարով մատանի` Նունեի համար, ամառանոց` ինչ-որ գյուղում:
Չէր հասկացել, թե ինչո
՞ւ, երբ սիրտը վատացել էր, ու ստիպված փեսայի մեքենայով էին տանում հիվանդանոց, վերջինս ասել էր, որ ստիպված կլինի նստատեղերի պաստառները  քիմմաքրման տալ:
Չէր հասկացել, թե ինչո
՞ւ դստեր կորած մատանին փնտրելիս իր սենյակն էր տակնուվրա արած:
Շատ բան չէր հասկանում…
Իջավ բակ:
Հարևան Արտավազդը խաղում էր թոռան հետ, ավելի ճիշտ` թոռը վազում էր, Արտավազդը`ուրախ գրկում, համբուրում,հ ետո բաց էր թողնում գրկից և նորից, նորից…
Ու չէին ձանձրանում ո´չ թոռը, ո´չ պապը:
Ինքն այդպես չէր կարող…
Հո թոռանը իր գրկելուց հետո քիմմաքրման չէի՞ն տանելու:
Մոտեցավ աղբարկղերին: <Ի~նչ զզվելի հոտ է>,- մտածեց, թափեց աղբն ու առանց շտապելու վերադարձավ բակ:
Անհոգ հասակակիցները բակում նարդի էին խաղում:
- Հը
՞, Շահե´ն, էլի՞ հյուրեր ունի փեսադ, էլի՞ էս բեսեդկայում նստած ես քնելու մինչև կեսգիշեր..
- Ջահել են, Հակո´բ ջան, թո´ղ ազատ զգան իրենց, էլի:
- Վա´յ քո մարդ ասողի…
Դե, ի
՞նչ ձայն հաներ: Նստեց:
Երբ բակից հեռացավ հյուրերի մեքենաներից վերջինը, ծերունին կիսաքուն աչքերով դանդաղ շարժվեց տուն:
Տ
ուն: Լավ է հնչում:
Դուռը կիսաբաց էր:
Ներսից ձայներ էին լսվում…
- Հորդ համար ընկերներս մի լավ սենյակ են գտել Նուբարաշենի ծերանոցում, որ մենակ չլինի ու ուրախ անցնի օրը, Նո´ւն ջան…

* * *
Հասան Նուբարաշեն:
Ինքն էր,Նունեն ու մի ճամպրուկ:
Ընդունեցին լավ, սենյակն էլ երկտեղանոց էր, հարևանը` խուլ ու համր մի ծերուկ:
-Լավ սենյակ է, չէ
՞, պա´պ: Օրդ կանցնի հաճելի: Երբ ցանականս, կզանգես, կգանք քեզ տեսնելու: Ճամպրուկում մաքուր շորեր են ու սպիտակեղեն: Ի՞նչ ես ման գալիս, պա´պ.
Ծերունին անհանգիստ քրքրում էր ճամպրուկը.
՞ւր է….
՞նչը, պա´պ: Շորերդ լվացել եմ,գրպաններում էլ ինչ զիբիլ-միբիլ կար, թափել եմ:
Ծերունին անօգնական ընկավ մահճակալին:
Երեկոյան իմացավ, թե որտեղ են թափում աղբը:
Աղբանոցում էլ իմացավ Աջափնյակից եկող աղբատար մեքենայի համարը:
* * *
Աղբանոցի քարերից մեկի վրա նստած է մի ծերունի:
Ամեն աստծո օր հերթով հիշում էր Առաքյալներին, օրը` մեկին:
Հիշեց բոլորին`ուղիղ տասներկու…
Տասներկու օր:
Տասներկու Առաքյալ:
Նրա պղինձ դեմքը ոչինչ չէր ասում հոգու մասին:
Հանկարծ ծերունին հիշեց, որ Տասներկուսից բացի առաքյալ է անվանվում նաև Պողոսը,
որը հայտնի է որպես 13-րդ առաքյալ:
- Փա~ռքդ շատ, սո´ւրբ Պողոս,- դողդոջ շուրթերով մրմնջաց ծերունին ու նորից մոտեցավ աղբակույտին`
իր աղբակույտին, ու նորից սկսվեց դեռ 12 օր առաջ սկսված փնտրտուքը :
Ի
՞նչ է փնտրում, ոչ ոք չգիտի:
Մի 10-12 տարեկան կիսամերկ տղա`աղբանոցի բնակիչներից,
ակնալիքով նայում է ծերունուն. մի՞գուցե այս անգամ կթողնի մոտենալ աղբակույտին:
Հանկարծ կարծես ծերունու մարմնով դող անցավ, թպրտաց մարմինը:
Կռացավ:
Կիսամերկ փոքրիկի աչքերն էլ տագնապեցին. <Տեսնես ի
՞նչ գտավ>:
Ծերունին աղբակույտից բարձրացրեց մի խունացա
ծ կապույտ գույնի ծրար: Դողացող մատներով բացեց ու հանեց տարիների ընթացքում առավել խունացած մի նկար:
Համբուրեց, դրեց կրծքին ու անկարող դարձավ զսպելու այտերն ու վաղուց չսափրված դեմքը թրջող արցունքներ
ը:
Նկարում Աշխենն էր` կինը` գրկած նորածին Նունեին:
- Մո´տ արի, տղա´ս,- արցունքների միջից ասաց ծերունին:
Այս աղբակույտը քոնն է, այսօրվանից դու ես տերը:
Փոքրիկն ուրախությունից թռչկոտեց ու վազեց բոլորին զգուշացնելու:
* * *
Ծերունին դանդաղ հեռացավ`ծրարը դրած ձախ ծոցագրպանում:
Երբ մոտեցավ այն տապանաքարին, որի վրա արդեն 12 գիշեր էր անցկացրել ու չէր կարդացել, թե ով է հանգուցյալը, մտքով անցավ անպայման կարդալ ննջեցյալի անունը.
<Աստ հանգչի
Օրիօրդաց տան հօւանաւօր
Պօղօս Սիմօնի Գեղամեան
1824-1901 թ.թ.>:
Մութն ընկնում էր:
Ծերունին մեկնվեց տապանաքարին :

 <Մեռնե´մ Զորությանդ>,-  շշնջաց, ծրարը սեղմեց կրծքին, փակեց աչքերը:
Նա չգիտեր, որ երկու օր հետո կգտնեն իր դին, մորուքի մեջ խճճված մեղվին կքշեն, սառած մատների արանքից կհանեն ծրարը, կնայեն նկարին, կկարդան նամակը, վերջին տողում անվարժ ձեռագրով գրված `
<Կգտնես Նունիկին, չթողնես կորչի կյանքում Քո Աշխեն 18.10…թ>, ու
…կթաղեն ծերունուն:
Կթաղեն առանց լացի:
Առանց լացի, քանի որ ծերունին իրեն հասնող բաժին լացը վաղուց լաց էր եղել:

Վերջաբանի փոխարեն
Բոլոր մարդիկ
Բախտ են որոնում, իսկ Բախտը` արքաներին…

Ս.Ումառ




Դահիճները



Արդեն երկար ժամանակ էր, որ նայում էր պատուհանի ապակուն:
Աչքերն անթարթ էին ու ամեն ինչ ասող:
Ամեն ինչ՝ այսինքն ոչինչ, քանի որ պատուհանից ոչինչ չէր երևում, ոչ ծառեր, ոչ մեքենաներ, ոչ փողոցներ, ոչ երկինք, ոչ էլ…
Պատուհանից երևում էր մի երևակայական փոս, որտեղ չգիտես ինչու հայտնվել էր ու մրսում էր, ինչպես երբեք չէր մրսել իր կյանքի ընթացքում:
Պատուհանագոգին հարմար չէր, բայց չէր կարողանում տեղը փոխել, մեկ քայլ և նորից կարող էր զգալ նրա ներկայությունը՝ սևը կանաչի հետ լղոզված…

* * *
Մատները խաղում են սավանի մի փոքրիկ ծայրի հետ, մազերն իր ամբողջ կրծքով մեկ փռված:
Հրավիրող շուրթերը կարծես այս անգամ այլ բան էին ցանկանում ասել ու ձայն դուրս չի գալիս:
- Մի՛ ծխիր խնդրեմ, անկողնում չեն ծխում, սիրո՜ւմ են:
Կինն արդեն որերորդ անգամ փաթաթվեց նրան այնքան ամուր կարծես կարող էր մի ակնթարթում կորցնել այն, ինչ երկար ժամանակ փնտրել ու վերջապես գտել էր:
- Զգո՜ւյշ, մազերդ կխանձվեն ծխախոտից, - ժպտաց, ծխախոտը հանգցրեց ու կռանալով համբուրեց կնոջ կիսաբաց կուրծքը:
- Չորս ամիս, պատկերացնո՜ւմ ես, հարյուր քսան օրից ավելի է ինչ կյանքը մտել է մեր մեջ ու իր քաոսային վազքն է կատարում ինձնից քեզ, քեզնից դեպի ինձ:
Տղամարդու ականջին կնոջ շուրթերի երաժշտությունն էր, աստվածայի՜ն, տարածվո՜ղ…
Տղամարդու մարմնի վրա գալարվում էր մի գեղեցիկ կատվի ձագ, ազատ ու անկաշկանդ, որ մեկ շոյում էր, մեկ մլավում, մեկ կծում…
…ոչ, ցավոտ չէր, հաճելի էր, բայց կարծես թե Բուդդայի նման հին ու իմաստուն, երկինք տանող աստիճանի նման երերուն ու հաճելի…
…ոչ, տհաճ չէր, ուղղակի անսովոր, որ կարողանում ես ենթարկվել նրա ձեռքերին, որոնք քո գլուխը վերցրած տանում են դեպի կառափնարան, դնում կոճղի վրա ու կացնի փոխարեն իրենց սիրտը բարձրացնելով բղավում են, որ հիմա՜, հիմա իջեցնելու եմ…
…ոչ, տհաճ չէր, ուղղակի անսովոր, որ քո մարմինն առանց ոտքերի գնում է, գնո՜ւմ, հասնում մի այնպիսի վայր, որտեղ ինչ որ կույր փերիների հազարավոր մատներ շոյում են, մերսում հոգիդ առանց նայելու քո վրա…
…սովորական չէր, որ արդեն պատրաստ ես բարձրացնելու քո՝ սիրուն գերի լինելու սպիտակ դրոշը ի նշան հանձնվելու ու հենց այդ պահին մտքովդ անցնում է, որ գերիներին չեն սպանում… 
… բայց ցանկանում ես մեռնել հենց այդպես, վրադ իջնող սրտի հարվածից, գլուխդ սեղմող կրծքերի տաքությունից, անկանոն վեր ու վար անող փորի ալեբախությունից…
…տղամարդիկ լաց չեն լինում, բայց սա այլ տարբերակ է ու խառնվում են արցունքներդ նրա ժպիտի հետ…
…արցունքն ու ժպիտը կուլ են գնում իր գագաթնակետին հասած ալիքին ու ու ամբողջ սենյակով մեկ՝ պատերին, առաստաղին, հատակին երևում են միայն կարմիր ու դեղին գույներով հիասքանչ պատկերներ…
…հեռացած ու նորից մոտ եկող ալիքն արդեն շոյում է միայն ոտքերդ ու ուղեղդ դանդաղ վերադառնում է իր տեղը…

- Արդեն քանի օր է քեզ ցանկնում եմ ասել, որ…
- Ս՜սս, լսիր երաժշտություն, մի՛ խանգարիր,- տղամարդու ձեռքը գրկեց ուսերը:
- Մենք բալիկ ենք ունենալու, հասկանո՞ւմ ես, իսկ դու ասում ես…
- Ի՞նչ, 
- Երեք անգամ ստուգվել եմ, ի՞նչ ենք անելու- սեղմվեց տղամարդուն, սպասելով պատասխանի:
Չորս ամիսը չորս վայրկյանի ընքացքում անցավ աչքերի առջևով, ցուցադրելով մոտ ապագան իր ամբողջ էությամբ:
Սրտում զգաց մի ինչ որ սառնություն, որը բարձրացավ դեպի գլուխն ու հանկարծակի մեծ արագությամբ ընկավ ոտքերը: 
Դա իր ձայնը չէր, բայց հաստատ ինքն ու կարողացավ մի կերպ արտասանել.
- Աբորտ:
- Բայց ես, հասկանո՞ւմ ես, ես միգուցե հետո էլ երբեք չկարողանամ…

Պատուհանից երևում էր մի երևակայական փոս որտեղ չգիտես ինչու հայտնվել էր ու մրսում էր ինչպես երբեք չէր մրսել իր կյանքի ընթացքում, չէր ցանկանում նման իրավիճակն ու հասկացավ որ իր կյանքը չի կարող կապել նրա հետ:
- Ի՞նչ ենք անելու, խոսի՛ր խնդրում եմ, - կինը փորձ էր անում հագնվել, բայց մերկ մարմինը չէր ենթարկվում, դիմադրում էր ինչպես երբեք:
- Արդեն ասացի, աբո՛րտ:
- Դու ուզում ես սպանե՞լ մեր երեխային
Տղամարդու համար միևնույն էր կանգնած կնոջ մերկ մարմինը, նա նայում էր նրա աչքերի մեջ, ցանկանում էր տեսնել այն, ինչ ինքն էր ցանկանում տեսնել, ցա՜վ, գո՜ւթ, ինչ որ տարօրինակ ջերմ զգացում, շատ-շատ տարօրինակ էր ու… ոչինչ չտեսնելով նորից կրկնեց արդեն իր ձայնով:
- Այո՛, - մի պահ տեսավ կնոջ ժիպիտն ու գլուխը թաղեց բարձի մեջ, լա՞ց, ասված կամ չասված խոսքերի հո՞սք, որը դուրս էր ցայտում աչքերից ակամա ու թրջում բարձը:
Կինն այդպես էլ չկարողացավ հագնվել ու նորից մտավ անկողին, սեղմվեց տղամարդուն այնպես, որ կրծքերը սեղմվեցին տղամարդու մեջքին, շուրթերը մոտեցրեց ականջին ու ասաց:
- Դե լավ, քեզ ի՞նչ եղավ, ես միայն կատակեցի, ցանկանում էի իմանալ քո կարծիքը, դե, վերջացրու հո՞ երեխա չես, որ լաց ես լինում:
Տղամարդը գլուխը բարձրացրեց բարձից ու նայեց կնոջը:
- Դու ինչ է հիմա՞ր ես, դու հասկանո՞ւմ ես, որ սպանեցիր, դու հասկանո՞ւմ ես որ ԵՍ էլ սպանեցի:
- Սիրելիս հանգստացիր, ո՞վ է ում սպանել, քեզ ի՞նչ եղավ, ես ասացի չէ՞, որ կատակեցի:
- Հիմար, դու սպանեցիր իմ սերը, ես էլ սպանեցի նրան՝ իմ երեխային:
Կինը ծիծաղեց այնպիսի մի ծածաղով, որ միայն ԿԻՆԸ կարող է ծիծաղել:
- Ի՞նչ երեխա, ես հղի չեմ, կատակեցի: Չկա ոչ մի երեխա:
- Այստե՛ղ, հասկանո՞ւմ ես, այստե՛ղ,- տղամարդը հարվածում էր իր կրծքին:
- Այստե՛ղ, այստեղ, այսօր ծնվեց իմ մեջ, հասունացավ իմ ուղեղում ու ես քո հիմար կատակի պատճառով դարձա մարդասպան, ես կարողացա պահի տակ ասել այդ բառը «աբորտ»…իսկ դու սպանեցիր մի ամբողջ սեր, ամբողջ սեր իր սաղմի մեջ…մենք դահիճներ ենք, հասկանո՞ւմ ես, հեռացի՛ր, ես քեզ չեմ կարող տեսնել…

Արդեն երկար ժամանակ էր, որ նայում էր պատուհանի ապակուն:
Աչքերն անթարթ էին ու ամեն ինչ ասող:
Ամեն ինչ՝ այսինքն ոչինչ, քանի որ պատուհանից ոչինչ չէր երևում, ոչ ծառեր, ոչ մեքենաներ, ոչ փողոցներ, ոչ երկինք, ոչ էլ…
Պատուհանից երևում էր մի երևակայական փոս որտեղ չգիտես ինչու հայտնվել էր ու մրսում էր ինչպես երբեք չէր մրսել իր կյանքի ընթացքում:
Կինը լալիս էր թաց բարձի վրա, ինչո՞ւ, նրանցից ոչ ոք չգիտեր պատճառը:

Պատուհանագոգին հարմար չէր, բայց չէր կարողանում տեղը փոխել, մեկ քայլ և նորից կարող էր զգալ նրա ներկայությունը՝ սևը կանաչի հետ լղոզված…

… Պատուհանից երևացին գլխիկոր հեռացող կնոջ քայլերը…
Երևացին քայլե՞րը, այո, քանի որ միայն ոտքեր էին երևում, ոտքեր, որ տանում էին դեպի անհայտություն, անհայտության մեջ աչքեր, որ նայում էին ու ոչինչ չէին տեսնում…

Ս.Ումառ