воскресенье, 23 февраля 2014 г.

Եվ կուլ տալով ժամանակդ…



- Երբ ես գրում էի, դու ի՞նչ էիր անում:
- Ես մեռնում էի մեջքիս ցավերից…
- Մեռնո՞ւմ ու լռո՞ւմ…
ի՞նչեր ես ասում:
- Կոնքերիս ցավը բռնել էր կրկին,
արյունս, չասված անդեմ խոսքերից,
ելնում էր երկինք,
ու նորից իջնում երկրի շրթունքին…
… Ես սպասո՜ւմ էի…
Ասոլի նման…
բայց ոչ թե կարմիր առագաստներին,
աjլ այն հպարտ, խելառ ձիուն առանց ոսկոր,
սպասում էի, որ նա կգա ու կբացվի
մթից դեպի լույսը տանող ճամփան բոսոր:
կրծքերումս շունչն էր գարնան,
… Հեշտ ու թեթև իջնում էր վար:

- Իջնում էր վա՞ր…
- Ախ դու պոե՜տ, ազնի՜վ,
հիմա՜ր,
մի՞թե դու չես հեղինակը այս տողերի.
« Անդունդդ սուրբ, թող իմ վերջին վայրը լինի,
ու շուրթերդ՝ դուստր թե մայր,
փարոսներս լինեն անմար…»
Երկա՜ր սպասեցի,
հոսող գետակին վարդեր նետեցի:
ջուրը կարմրեց,
քրտի՜նք էր,
արյո՜ւն,
վրդովված մի ձա՛յն,
մի ո՛ւժ էր հզոր,
որ արձագանքեց ոտքերիս գլխի
Լռությանը խոր…

- Ու լռո՞ւմ էիր:
- Ո՜չ, բղավո՜ւմ էի..
« Կա՛նգ առ ժամանակ,
սանձի՛ր վազքդ վայրկյանի,
միգուցե նա արթնանա,
ու գրիչն իր թղթիս վրա
դանդաղ գնա ավելի…»

- Չհասկացա սիրելիս,
դու կարդո՞ւմ էիր ուսիս վրայից:
- Ես մեռնում էի կոնքերիս ցավից:
Գեղեցի՞կ եմ ես:
Ես չեմ մոռացել, որ գրել էիր սեփական ձեռքով
« Կի՛նն է գեղեցիկ, որ փակ աչքերով
մոտենում է հեզ,
տրվում լիապես,
հետո շրջվում է մեջքով դեպի քեզ…»

- Ու լռո՞ւմ էիր…
- Ո՜չ, մտածո՜ւմ էի…
Թե ի՞նչ անեմ ժամերն այն,
որ լափում ես այնպես անփույթ ու դաժան:
ի՞նչպես անեմ,
որ ոտքերս, աղմկոտեն ափերդ,
ի՞նչպես անեմ,
որ մարմինս, ցավեցնեն քո                                           
աղավնու  զույգ ձագերը…

- Դու պոե՞տ ես:
- Ո՜չ, ես միայն այն ասացի,
ինչ քիչ առաջ քո սեղանին կարդացի…
Բայց հավատա,
Մեռնո՜ւմ էի…
- Մեռնել ու լռե՞լ
- Չէի ցանկանում ես քեզ խանգարել…

Ս.Ումառ  

суббота, 22 февраля 2014 г.

Երևանյան օրեր




* * * օր առաջին

Եղանակը բանի նման չի:
Կապույտ երկինքը ծածկվել է մոխրագույն կարկատաններով, հոնքերը կիտել ու կարծես սպասում է ինչ որ բանի` միանգամից իր ասելիքն ասելու:
Դե երկնքի ասելիքը անձրևը պետք է որ լինի ու թույլ փչող քամին դա հասկանալով աշխատում է արագացնել ընթացքը:
Կանգառում հավաքված մարդիկ աչքերով փնտրում են սպասվող անձրևից թաքնվելու տեղ:
Որտեղի՞ց կամ ինչպե՞ս կանգառում հայտնվեց այդ կինը, ոչ ոք չհասկացավ:
Երևի գյուղից է, կամ տանից  քաղաք է դուրս եկել բավականին ուշացած ժամանակով:
Ամեն մոտեցող ավտոբուսի կամ «Գազելի» մոտենում է, փորձում կարդալ թե որ երթուղով է գնում ու նորից վերադառնում ծառի տակ, սպասելով հերթական տրանսպորտին:
Կանգառում բոլորի դեմքին ժպիտ է:
Կանգառին մոտեցավ հերթական ավտոբուսը:
Նրանք ովքեր պետք է որ նստեին մի պահ կանգ առան, երևի սպասելով հին մատներով կապոց-տոպրակն ամուր սեղմած կնոջ մոտենալուն, մտածելով, որ կօգնեն:
Այս անգամ մոտեցավ առջևի բացած դռանը:
Դռնից իջնում էր կանաչ շրջազգեստով ու վարդագույն կոշիկներով մի հաստամարմին կին:
- Այ պառավ, տե՞ղ ես գտել կանգնելու, ճանապարհ  տուր իջնենք: Օ~ֆ, էս գեղացիք ամեն տեղ պետք ա խանգարեն:
Կինը քիչ կողմ քաշվեց առանց պատասխանելու:
Երբ դռնից էլ իջնող չկար գլուխը ներս մտցրեց ու դիմելով վարորդին հարցրեց:
- Տղա ջան, հիվանդանոց հասնո՞ւմ ես:
- Ո՞ր հիվանդանոց, մայրիկ:
- Էն որ գլխավորի անունը Ռազմիկ է:
- Չգիտեմ, հիվանդանոցի անունն ասա:
- Չեմ հիշում բալա ջան, գիտեմ, որ մեր նախագահի պարտիայի հիվանդանոցն ա:
- Բոլորն էլ իրանն են էլի, թե նստում ես, արագացրու:
Մի ուսանողուհի ներսից մոտեցավ դռանը:
- Գնում է տատի ջան, նստի'ր,- ձեռքը պարզեց, որ օգնի բարձրանալու:
- Ապրի արևդ աղջիկ ջան, հաստատ գնում ա, չէ՞, Գարեգինս երևի մեռավ ինձ սպասելով:
- Գնում է տատի ջան, քեզ Հանրապետական հիվանդանոցն է պետք, կհիշե՞ս:
- Էդ նախագահինն ա, չէ՞:
Նստեց, կապոցը դրեց գոգը ու նայեց շուրջը:
Հետո իրեն նստելու տեղ տված, կանգնած աղջկան դիմելով հարցրեց:
- Բա տոմսավաճառն ո՞ւր ա:
- Չկա', մայրիկ ջան,
- Ֆրանսիա է տեղափոխվել, - սրամտեց  աջ կողմում նստած ծաղկավոր փողկապով մարդը:
Աղջիկը նայեց նրա կողմն ու նորից դեմքով դարձավ դեպի կինը:
- Իջնելուց փողը կտաս վարորդին, ինքը քեզ կասի որտեղ իջնես:
- Ինչքա՞ն եմ տալու,- աչքերը տագնապալից են:
- Հարյուր դրամ:
- Որ գաթա տամ կլինի՞, մաքուր տնական, խորիզով սարքած, Գարեգինս շատ է սիրում:
- Չգիտեմ մայրիկ ջան, իրեն հարցրու, Գարեգինն ո՞վ է:
- Ի~, մեղա քեզ..,- խաչակնքեց ու նայեց կողքերը:
- Մարդս է, բա ուրիշ ո՞ւմ անունը պետք է տամ: Շտապօգնությունով են տարել, տանեմ հասցնեմ կարող ա վերջին անգամ ա, ձեռքիս թխածը թող ուտի, նոր ինչ լինում է, Աստծո կամքն է:
- Լավ տատի ջան, քեզ հաջողություն, քո  ամուսնուն էլ առողջություն, ես պետք է իջնեմ:
Մոտեցավ վարորդին ցածր ձայնով ասաց:
- Երկու հատ, տատիկից փող չվերցնեք, այ այստեղ կպահեք:
Կինն աչքերով փնտրում էր մեկին երևի խոսելու համար:
Ավտոբուսում լսվեց վարորդի ձայնը:
- Մայրիկ ջան, տուր տեսնենք էդ ի՞նչ գաթա ա, քո սարքածը համով կլինի:
Կինն արագ բացեց գոգի կապոցը:
… Ավտոբուսում  անտարբեր, դավաճան լռությունն էր ու մի ձեռքով ղեկը բռնած, մյուս ձեռքով գաթան բերանը տանող վարորդը:


* * * օր երկրորդ

Անձրևից հետո քաղաքի ասֆալտը նմանվել է մոխրագույն վարդի:
Տեղ-տեղ հավաքված անձրևաջրերը փայլում են ամպերի տակից զգույշ ծիկրակող արևի թույլ ճառագայթներից:
Բնության հետ համահունչ ժպտում են նաև կանգառում հավաքված մարդիկ:
Կարծես միայն թերթի կրպակի աշխատողի դեմքն է, որ մտախոհ է:
Միգուցե նրանից, որ գնորդ չկա, թե արդեն նորությունները չեն հետաքրքրում մարդկանց:
Օպերայի վրա տեղադրված ժամացույցը շարժվում է չափից արագ, ժամը 19.40 րոպե:
Այդպես է թվում այն աղջկան, որը երևի ժամադրված է ու սպասում է անհանգիստ, քանի որ ժամադրության հավանական ժամը երևի եղել է 19.30 կամ 19.00:
Հետաքրքրության և ալարկոտ հետաքրքրության վեճը միշտ ավարտվել է առաջինի հաղթանակով:
Մի քայլ մոտեցա աղջկան ու ավելի ուշադիր նայեցի:
Անկախ ինձնից ես էլ եմ նայում ժամացույցին:
Իրոք որ շատ արագ է գնում ժամանակը:
- Ժամը քանի՞սն է,- թոռան ձեռքը բռնած մի պապիկ է հարցնում ինձ:
Աչքերով ցույց եմ տալիս օպերայի վրայի ժամացույցը:
- Սրանց ժամն էլ է սխալ, տղա ջան, բջջայինով նայիր:
- Սրանց, ո՞ւմ…
Երբ ձեռքս տարա հեռախոսս հանելու, բարձր լսվեց հեռախոսի զանգ:
Աղջիկն անհամբեր միացրեց հեռախոսն ու մոտեցրեց ականջին:
Անցավ ուղիղ երկու րոպե ու պարզ երևում են աղջկա աչքերից գլորվող արցունքները:
- Արժե՞ այսքանից հետո ապրել, երբ արդեն ապրել եմ կյանքիս լավագույն օրը:
Նա նույնիսկ այդ վիճակում այնքան գեղեցիկ էր, որ նրա հարցը կարծես մի ապտակ լիներ կենդանի կյանքին:
Արժե՞ ապրել: Կարծես թե մարդն ունի ընտրություն:
Մոտեցած երթուղային տաքսուն աղջիկը ինձնից առաջ մոտեցավ, կարծես առանց համարը նայելու:
Անտարբեր բարձրացավ:
Կողքն ազատ էր:
Նստեցի:
Մեքենայում, մագնիտոֆոնից լսվում էր իրեն երգիչ համարող մեկի բղավոցով ձայնը:
Կարծես մեկի բացված վերքին Թուրքիայում արտադրված աղ էին լցնում:
Աղջիկն ականջակալները հագցրեց ականջներին:
Երևի չի օգնում, որովհետև մի քանի վայրկյան անց հանկարծ հանեց ականջակալներն ու դիմեց վարորդին:
- Անջատեք, հա՞, այնքան էլ բարձր է…
- Ինչո՞ւ, քույրիկ ջան, քո այդ անճաշակ սիմֆոնիաներից լա՞վ չի, ուզո՞ւմ ես Թաթուլ դնեմ:
- Թո'ղ երգի, եթե քեզ խանգարում է կարող ես իջնել, - տարիքով մարդ է ասողը, հին մարդկանցից, որոնք ամբողջ կյանքում ջուր են լցրել ուրիշի ջրաղացին:
Վարորդն անջատեց երաժշտությունը:
- Լավ, լավ, ուզում էի կուլտուրական սպասարկել, չեղավ: Անցած տարի խոպան էի գնացել,- դիմում է կողքը նստած երիտասարդին,- եկա տեսա հարսս թոռանս տվել է թագջութագի (երևի խոսքը թավջութակի մասին է), կատաղեցի, հանեցի տարա դհոլի բաժին:
Շարունակությունը չի լսվում:
Աղջիկը ցածր ձայնով խոսում է ինքն իր հետ:
« Նա էլ է երաժիշտ, թավջութակ է նվագում, ֆիլհարմոնիկի նվագախմբում: Վաղը հյուրախաղերով մեկնում են Հունաստան: Միայն ինձ է ասել, որ էլ չի վերադառնալու: Վերջին անգամ էլ չեկավ ժամադրության: Ատում են կյանքը:»
Վեր կացավ անսպասելի, ափերով փակեց բերանը, սրտխառնոց ուներ:
- Կանգնի'ր, այստեղ կանգնի'ր, - չգիտես ինչու անսպասելի գոռացի վարորդի վրա:
Օգնեցի աղջկան իջնելու:
Երթուղային տաքսին շարունակեց իր վազքուղին:
Մեքենայում շարունակում էին երգել Թաթուլը, Արմենչիկը կամ  չգիտեմ թե էլ ով:



* * * օր երրորդ

Ժամանակը չի սպասում մարդուն:
Ժամանակը իր ահռելի մեծ քայլերով մոտենում է ու կուլ տալիս քեզ:
Այն ինչ եղել է երեկ, դա արդեն անցնում  է պատմության գիրկը:
Ի՞նչ կլինի վաղը, պետք չէ իմանալ
Գնահատի՛ր, փայփայի՛ր ժամանակդ, հատկապես ժամանակի այն հատվածը, որն անցնում է քեզ սիրելի մարդու հետ:

Այսօր կիրակի է ինչպես միշտ գնումներ կատարելու օր:
- Մեքենան հանիր մինչև իջնեմ, լա՞վ, ես հիմա սանրվեմ ու… պատրաստ եմ:
- Գիտեմ քո սանրվելը, մի կես ժամ կտևի:
- Ե՞րբ է այդպես եղել, որ…
Բնակարանիցս մինչև ավտոտնակ մի 10-12 րոպեի ճանապարհ է:
Ճանապարհն ասֆալտապատ չէ: 
Մեքենայի շարժիչը  տաքացրեցի, անցավ ևս 5-7 րոպե:
Երբ կանգնեցրեցի շենքի մոտ, կինս վերևից բղավեց:
- Նոր եմ մանիկյուր քսել, բարձրացիր, որ պայուսակներն իջեցնես:
Բարձրանում եմ 5-րդ հարկ:
Իջնում ենք միասին:
Անցավ 10 րոպե:
- Վայ, Գագ ջան, հեռախոսս մոռացա, կբարձրանա՞ս, ես բարձրակրունկներով եմ:
- Հեռախոսն ի՞նչիդ է պետք, մի կես ժամից երևի տանը կլինենք:
- Բա ՞որ մամաս զանգի, խնդրում եմ, ցավդ տանեմ:
Նորից բարձրանում եմ…իջնում… ևս 10 րոպե:
Ճանապարհը տևեց 35 րոպե, ամեն փողոցում փոքր, բայց ամեն դեպքում խցանումներ են:
… «Բիրիքնոց» կոչվող շուկայում կանգնեցնելու տեղ եմ փնտրում, մի կերպ տեղավորում եմ մեքենան սյան մոտ, առանց հաշվի առնելու որ իմ կողմի դուռը չեմ կարող բացել:
Մեքենայից իջա կողքի դռնով:
Առևտուրը տևեց 30 րոպե, խոսքը իմ կողմից կատարված առևտրի մասին է:
Կինս մոտեցավ 20 րոպե հետո:
Վերադարձանք:
Մինչև բարձրացրեցինք պայուսակները, ավելի ճիշտ ես երկու անգամ բարձրացա իջա, տևեց 20 րոպե:
Մեքենան նորից տարա ավտոտնակ:
Աստված իմ, ե՞րբ պետք է վերջապես հանգիստ պառկեմ հանգստանամ:
Հեռվից տեսա  շենքի մուտք մտնող հարևանիս՝ Համոյին, պայուսակները ձեռքին, երևի նա էլ է շուկայից գալիս:
- Համո, լիֆտը պահի մինչև գամ:
Վերելակում օղու անտանելի հոտ եմ առնում:
- Համո, ե՞րբ ես հասցրել, քո տունը շինվի:
- Խմածս 100 գրամ է, շուկայից եմ գալիս, Գագ ջան, բա դո՞ւ:
- Ոտքո՞վ ես գնացել շուկա:
- Հա, բա ինչ, ոտքով ընդամենը 15 րոպեի ճանապարհ է:



* * * օր չորորդ

Աղքատները դեմք չունեն:
Դեմքերը մաշվել գնացել են, թողնելով հետքեր:
Բայց դեռ հայացքները մնում են և եթե չես ուզում ինքդ քեզ նվաստացնել քո աչքերում, ապա պետք է բաց չթողնես այն հայացքները, որոնք քեզ շատ բան կասեն:

Կոնսերվատորիայի դիմացի այգու նստարանին գրքեր են շարված:
Վաճառողը քիչ այն կողմ, ծառին հենված ծխում է:
Էժանագին ծխախոտի ծուխն անտանելի է:
Հագին մաշված բաճկոն է, ճմրթված, որի վերևի գրպանի մոտ երևում է դեռ նախնադարից կպցրած ու այդպես էլ չպոկած մի կրծքանշան:
Մոտեցա ավելի շատ կրծքանշանին քան նրան նայելու համար:
- Լուցկի ունես չէ՞, կամ էլ կպցնեմ:
Անխոս մեկնում է լուցկու տուփը:
Կրծքանշանի վրա գրված է "Участник ВДНХ":
Ինժեներ է եղել երևի:
Այն ժամանակ դժվար էր նման տեղերում մասնակցելը:
- Մի բան վաճառվո՞ւմ է, - մի բան աելու համար եմ ասում:
- Քիչ-միչ, հիմա ո՞վ է գիրք առնում:
Կարդում եմ գրքերի վերնագրերը:
Մոտ երեսուն-քառասուն տարվա գրքեր են, շատերի վերնագրերը ծանոթ:
- Ի՞նչ գիրք գնեմ, ի՞նչ խորհուրդ կտաս:
Աչքերի մեջ վիրավորանք եմ նկատում ու շարունակում:
- Գիշերները քունս չի տանում, մեկ-մեկ կարդում եմ, օգնում է:
- Այ սա՛ վերցրու,- ցույց է տալիս «Առաջին մարդը տիեզերքում» վերնագրով գիրքն ու շարունակում:
- Մի հինգ էջ կկարդաս ու կքնես, ցանկացած քնաբերից լավ է, անվնաս օրգանիզմին:
- Իսկ ինչ արժե,- մոտս ընդամենը 1000 դրամ է ու հաստատ կզրկվեմ ճաշելու հաճույքից:
- Երեք հարյուրով կտամ:
Հրաժարվելն անհարմար էր, բարձրացրեցի գիրքը ու տեսա որ տակն էլ գիրք կա՝ Վ.Պետրոսյանի «Անի Դեղատուն»-ը: Մի տես է ինչքա»ն եմ ման եկել, հարցրել:
- Իսկ սա ի՞նչ արժե:
- Դա թանկ է, աղջկաս սիրած գիրքն է, յոթ հարյուր դրամ, վերցնո՞ւմ եք, իսկ քնաբերը չեք ցանկանո՞ւմ:
Մեկնում են հազար դրամանոցը, երթուղայինի փող կմնա, տուն կհասնեմ:
Լուռ, խմող մարդուն հատուկ դողացող մատներով մեկնեց մանրը՝ երեք հարյուր դրամը ու երբ ձեռքիցս ուզում էր վերցնել «Առաջին մարդը տիեզերքում» գիրքը, գիրքը ձեռքից վայր ընկավ:
Գրքի միջից գետնին թափվեցին չորս հատ հիսուն դոլարանոց թղթադրամներ:

… - Պապ, ես լավ հիշում եմ, դրել եմ այստեղ, «Գարուն» ամսագրի մեջ, գիտե՞ս որ արդեն երրորդ ամիսն է հավաքում եմ, կոշիկ չունեմ, անհարմար եմ զգում մի տեղ գնամ:
- Անի ջան, լա՛՛վ նայիր, ես մորդ գերեզմանով եմ երդվում, չեմ վերցրել, համ էլ գիտես որ արդեն չեմ խմում, ինչքան ժամանակ է:
- Պապ, գոնե գերեզմանով չերդվեիր,- լաց է լինում:
- Վաղը, մյուս օրն էլ մամայի մատանին կանհայտանա, իմ մի քանի մելքեորի զարդերը, հետո էլ տունը կդնես գրավի… բա դու հա՞յր ես, ոչ աշխատում ես, ոչ…
Ապտակը շառաչես դստեր երեսին:
Ուշ հասկացավ, որ սխալվեց, բայց դե արդեն ետ չես վերադարձնի ժամանակը:
Առավոտյան մի թղթի կտոր տեսավ սեղանին.
«Ինձ չփնտրես, ապրիր ինչպես հարմար ես գտնում»:
Երկար փնտրեց հեռու, մոտ հարազատների մոտ, բայց անարդյունք:
Հետո պատահաբար իմացավ, որ մեկնել է Դոնի-Ռոստով՝ քեռու մոտ:
Փորձեց կապ հաստատել հեռախոսով, բայց աներձագը վիրավորեց ու արգելեց զանգել:

* * *
- Երևում է ինձ նման բախտ չունես, վերցնեիր էլի քնաբերը,- հավաքում է թղթադրամները:
- Համ ինձ լավ կլիներ, համ քեզ: Վերջին հազարանո»ցն էր որ տվեցիր: Մի նեղսրտիր, վերցրու:
Պարզում է գտնված հիսուն դոլարանոցներից մեկը:
- Անկեղծ, մաքուր սրտով եմ առաջարկում:

Դեմքը դատարկ է, թափանցիկ:
Թափանցիկ դեմքում պարզ երևում են մահացած հայ մտավորականներ խավի կերպարները, իսկ հայացքո՞ւմ… հայացքում մոլեգնում է ցավի ու վիրավորանքի կատաղած փոթորիկը:
Աղքատները դեմք չունեն:
Դեմքերը մաշվել գնացել են, թողնելով հետքեր:


* * * օր հինգերորդ

Շատ եմ սիրում Մաշտոցի պողոտան, սկսած Մատենադարանից մինչև Ձկան խանութ:
Ճիշտ է, նախընտրում եմ միշտ քայլել Աբովյան փողոցով, բայց դե ամեն դեպքում Մաշտոցի անվան պողոտան մնում է Մաշտոցի պողոտա…
Մի փոքրիկ թատրոն կա, այդ պողոտայում, տիկնիկային թատրոն է ու ամեն անգամ միշտ կարդում եմ այն գովազդ- ցուցանակը, որ միշտ փակցված է լինում օրվա կայանալիք ներկայացման մասին:
«Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», «Կարմիր գլխարկը»….
Երեկոյան ժամերին էլ մեծերի համար հաճախակի կազմակերպվում են ներկայացումներ:
 
Այսօր ուշադրությունս գրավեց. «Աճպարար» աննախադեպ ներկայացում»
Մտածում եմ, արժե մտնել թե ոչ:
- Կասկածո»ւմ եք, խորհուրդ կտայի:
Շրջվում եմ մի երիտասարդ կին է նայում ինձ:
- Կներեք, մենք ծանո»թ ենք:
- Մի»թե դա կարևոր է, կամ պրոբլեմ է:
- Դե ոչ, ինձ թվաց…
- Սխալ թվաց, գնեք տոմս, ես արդեն ունեմ, մտնենք, եթե դուր չգա, դուրս կգանք: Ես վաղուց չեմ եղել Երևանում, «Պապլավոկ»-ը կա՞:
- Կա բայց արդեն չի հիշվում, չի հիշվում նաև «Սկվազնյակ»-ը, հիշո՞ւմ եք:
- Այո իհարկե: Մտնե՞նք: Եթե հանկարծ ներսում կորցնենք իրար, դուրս եկեք կինո Նաիրիի դռների մոտ, կհանդիպենք: 
Ներկայացումն անցավ բավականին հետաքրքիր, աճպարարն իր բարձրության վրա էր:
Կողքս նստած կինն էլ ամեն համարից հետո ծափահարում էր մեծ, շատ մեծ խանդավառությամբ:
Վերջին համարն էր: Աճպարարը հայտարարեց:
- Խնդրում եմ, կանացից ով ցանկանում է՝ բեմ բարձրանա, արկղի մեջ սղոցով ֆոկուսի համար:
Ակտիվ եղե՛ք, խնդրում եմ, չեմ տեսնում բարձրացրած ձեռքեր:
Կողքիս կինը ոտքի կանգնեց:
- Կարելի՞ ես գամ, ես համաձայն եմ:
Իմ վախեցած  և մնացած ներկաների զարմանքով լի հայացքների տակ նա բարձրացավ բեմ:
Երբ արդեն տեղավորվել էր սև արկղի մեջ, աճպարարը վերցրեց սղոցը:
Դահլիճում այնպիսի մի լռություն էր, որ լսվում էր նույնիսկ կտրվող փայտից գետնին թափվող թեփի ձայնը:
Բոլորս շունչներս պահած նայում էինք թե ինչպես աճպարարը հեռացրեց սղոցված արկղի երկու հավասար կտորները:
Ընդհանրապես նման աճպարարական տրյուկներ ժամանակ «ստատիստը» լինում է աճպարարի «մարդը», ես դա հասկացա, երբ նա բարձրացավ տեղից:
Լավ, ոչինչ հիմա կհայտնվի արկղի միջից, անվնաս:
Աճպարարը սև կտորով փակեց իրար մոտեցրած արկղի կտորները ու հաղթական նայեց դահլիճին:
Մի արագ շարժումով քաշեց ու մի կողմ շպրտեց սև շորը:
- Ափ, - մի շարժումով բացեց արկղը:
Արկղը դատարկ էր, աճպարարը՝ զարմացած:
Նորից փակեց արկղը:
- Ա՛փ:
Արկղը դատարկ էր:
- Փինաչի՜…
- Սապոժնի՜կ…
- Արա՛, դասդ լավ չես սովորե՞լ…
- Տվեք մեր փողերը…
Դուրս եկա թատրոնից ու կինո Նաիրիի դռների մոտ հանդիպեցի նրան:
- Սուրճ եմ ուզում, համ էլ մի քիչ ավելի թունդ բան, կարո՞ղ ենք չէ: Դե, ասենք գազարի հյութ:

* * *
- Այդ սրիկան հոգիս հանել է: Օգտագործում է ինձ ինչպես աշխատանքի մեջ, այնպես էլ որպես կին: Երկու տարի առաջ ստիպեց աբորտի, անձնագիրս միշտ պահում է ինձնից, չեմ կարողանում գտնել: Արդեն զզվել եմ ամեն ինչից…
Ես երեխա չեմ ունենա…դու տղամարդ ես ու չես հասկանա առաքելությունից զրկված կնոջ կարգավիճակը:
- Իսկ հիմա ի՞նչը ստիպեց քեզ, ի՞նչ որ բան փոխվեց:
- Երևանը: Ես հասկացա, որ ոտքերիս տակ զգում եմ ինձ պահող մի այնպիսի ուժ, որը չի թողնի ինձ սայթաքել, ընկել,: Երբեք չեմ մտածել, որ հայրենասեր եմ, բայց այսօր ես զգացի թե ինչ հզոր բան է լինել սեփական հողի վրա, հենվել նրա վրա ու առաջ շարժվել, ու մեկ էլ ամենագլխավորը, տասնութ տարի անց  «Պապլավոկում» սուրճ խմել…


* * * օր վեցերորդ

Առավոտյան, երբ աչքերս բացեցի զգացի, որ ինչ որ բան փոխվել է:
Դե իմ Երևանն է, նրա ամեն մի շարժը, ամեն մի շունչը ես կարողանում եմ լսել, զգալ ինչպես իմ սեփական օրգանիզմի աշխատանքը:
Ոչ մի երկրում չկան այնպիսի մարդիկ, որ սիրեն իրենց քաղաքը այնպես, ինչպես Երևանն են սիրում Երևանցիները:
Երբ բնակարանից դուրս էի գալիս, բանալիով փակում էի դուռս, բացվեց հարևանի դուռը:
Արդեն երկու տարի է ինչ ընտանիքով ապրում են իմ հարևանությամբ: Ոչ անունները գիտեմ ոչ էլ իրենց տանն եմ եղել:
- Բարի լույս, ինչպես եք,- ժպտում է ու ես տեսնում եմ ներքևի ծնոտի վրա երևացող չորորդ  ոսկե ատամը:
Նրանից հետո դուրս եկավ կինը:
- Բարի օր, հաճելի տրամադրություն ձեզ այսօր:
Այ քեզ անակնկալ:
Մուտքն ամբողջովին վերանորոգված է, ներկված բաց վարդագույն հաճելի գույնով:
Բակում եզդի հավաքարարն է, կապույտ ջինսով ու սպիտակ վերնաշապիկով:
Մազերը լղոզված են լեհական գեյլով:
Ձեռքի ցախավելը վիետնամական է, որը բակն ավլում է մինչև վերջին փշուրը:
Ոչ ոք չի շտապում, բայց շարժվում են դեպի մոտակա կանգառը:
Կանգառում մի կարմիր գույնի, դեղին գծերով, մաքուր լվացած երթուղային տաքսի է կանգնած:
Վարորդը խնամքով արդուկված ամառային կոստյումով է, սափրված ու ժպտերես:
Կանգնել է բացված դռան մոտ ու ձեռքի գեղեցիկ շարժումով հրավիրում է բարձրանալ մեքենա:
Ինչպես կարողացավ մեկ գիշերվա ընթացքում փոխվել Երևանը ես չեմ կարողանում հասկանալ:
- Իսկ ի՞նչ արժե ուղեվարձը, - դիմում եմ վարորդին:
- Վաթսունհինգ դրամ, ինչպես միշտ: Դուք տեղացի՞ չեք:
- Ինձ հարկավոր է Արաբկիրի ոստիկանական բաժանմունք…
- Բարձրացեք խնդրեմ:
Ամեն մի նստատեղին մի գրքույկ է դրված:
Ես վերցրեցի մեկն ու նստեցի փափուկ կաշվե նստատեղին: Կարդում եմ վերնագիրը. «Ինչպես ազատվել ցելյուլիտից»:
- Բոլորին խնդրում եմ կապել ամրագոտիները, շարժվում ենք: Ձեզ սպասարկում է առաջին կարգի վարորդ Սարգսյանը:
Ես չեմ կարող չսիրել իմ Երևանը:
Ճանապարհին անընդհատ հանդիպում են գեղեցիկ ժամանակակից ոճով կառուցված խանութներ, «Անահիտ», «Հռիփսիմե», «Կարապ», «Սայաթ Նովա», «Վան», «Ախթամար» անուններով:
Վերջապես հասա իմ իջնելու կանգառին, որտեղ շատ լավ հիշում եմ պետք է որ «Երևան սիթի» լիներ, բայց չգիտես ինչու «Գայանե» անունով սուպերմարկետ է:
Մտնում են ներս:
Անմիջապես մոտեցան երկու աղջիկներ, կարճ, շրջազգեստի կտորից կարած փողկապներով:
- Համեցեք, Ձեզ բարի առևտուր, եթե դրամը չբականացնի, զանգահարեք 323 համարով, Ձեր համարը կֆիկսվի մեզ մոտ, իսկ գումարը, կամ պակասող գումարը կարող եք վճարել մեկ ամսվա ընթացքում:
Ինչպես չսիրես Երևանին, ես չեմ պատկերացնում:
- Ես ցանկանում եմ ծխախոտ գնել, ո՞ր կողմ գնամ:
- Մեզ մոտ միայն առանց նիկոտինի ծխախոտեր են վաճառվում, կարտոֆիլի կճեպներից, արևածաղկի թերթերից պատրաստված: Խնդրեմ գնացեք աջ , հետո ուղիղ:
…Ոստիկանական բաժանմունքը այնքան մաքուր է որ թվում է թե ինչ որ օլիգարխի բնակարանի սանդղահարթակ լինի:
Ընդունում են բարյացակամ ու ցանկալի հյուրի նման:
- Անձնագիրն եք փոխելո՞ւ, ինչո՞ւ եք նեղություն քաշել, բավական էր զանգահարել, մեր աշխատակիցը կգար, կբերեր: Հիմա մենք ձեզ պետք է վճարենք  130 դրամ, ձեր տրանսպորտային ծախսերը: Ցավոք միայն այդքանը:
Ես սիրում եմ քեզ, իմ Երևան:
Հանկարծ բարձր շատ բարձր լսվեց ռաբիս երաժշտության, երգի ձայն:
Դիմացի շենքից է, գիտեմ:
Ուրեմն 7,52 րոպե, անցավ մտքովս ու մի կողմ շպրտելով վերմակը վեր կացա անկողնուց:
Վազեցի ու բացեցի դրսի դուռն ու նայում եմ միջանցքին:
Պատերը քանդված են, ինչ ասես որ չի գրված պատերին:
Բացվում է հարևանի դուռն ու դուրս եկող հարևանի կինը արհամարական նայում է իմ սատինե, մինչև ծնկներս հասնող  տրուսիկին:
- Բարի լույս,- ասում եմ:
- Գրողի ծոցը դու էլ քո բարի լուսն էլ…
Ես սիրում եմ քեզ, իմ Երևան:
…Բակում կեղտից ու թափված տերևներից չի երևում ոչ ասֆալտը, ոչ էլ հավաքարարը:
Մարդկանց դեմքերը մի տեսակ թթված են:
Կանգառում մի ճմրթած երթուղային է կանգնած, քիչ այն կողմ պպզած է մի անթրաշ երևույթ ու անընդհատ գետնին թքելով ծխում է:
Բնական է որ վարորդն է
- Ինչ արժե ուղեվարձը,- մոտենալով նրան հարցնում եմ:
- Զզվցրիք էլի, 100 դրամ ա:
Բոլոր նստատեղերն անխտիր, կամ պատռված են կամ կիսակոտրված:
Ամբողջ ճանապարհին երևում են խանութներ կամ «Երևան սիթի», կամ «Սթար» անուններով:
Ես չեմ կարող չսիրել իմ Երևանը:
Խանութում ոչ ոք չմոտեցավ, մի քսան րոպե հերթ կանգնեցի, որ վճարեմ 280 դրամ նիկոտինով սիգարետի համար ու շատ ուրախ դուրս եկա:
Միլիցիայի բաժանմունքում, որ նման էր ֆաշիստների կողմից օկուպացված ու հիմնահատակ արված  մի գյուղակի, ուղղակի երեսիս շպրտեցին:
- Առավոտ շուտ ի»նչ անձնագիր, պետք է սպասես, տիկին Վարդանյանը կոֆե է խմում ֆինանսական բաժնում:
Ինչպես չսիրես Երևանին, ես չեմ պատկերացնում:
Չէ, Երևանը ոչ մի տեղ էլ չի փախել, կա ու կմնա:
Նա միշտ կլինի իմ կողքին, ես միշտ նրա:
Սիրում եմ քեզ իմ հարազատ քաղաք:






* * * օր յոթերորդ

Երևանյան Մետրոյի շարժասանդուղքը ինձ տանում է, իջեցնում մի այլ աշխարհ՝ անդրերկրյա աշխարհ, որտեղ գործում են ուրիշ օրենքներ, ուրիշ արագություններ ու ուրիշ կերպարներ:
Այդ կերպարները հաճախ զոլավոր խալաթներով են, մաշված քրքրված շորերով:
Նրանց մազերը գաղափար չունեն սանրի գոյության մասին, հագուստները արդուկի, մատները խնամքի, հոգիները հոգեբուժների…
Երբ վագոնի դուռը փակվեց ես հասկացա որ կտրվեցի աշխարհից:
- Քեզ՛, քե՛զ, քե՛զ, - ձեռքով ցույց է տալիս մի քանի հոգու:
- Գնդակահարել:
- Քե՛զ քե՛զ, կախաղան:
Մարդիկ սեղմվում են իրար, վախեցած հայացքներով փնտրում ինչ որ մեկին որը կարող է պաշտպանել իրենց:
Ասողը, պարզ երևում  է, որ հիվադ մարդ է, կարիք չկա վախենալու:
Վագոնում նստած տղամարդիկ գլուխները կախ իրենց զբաղված են ցույց տալիս:
Կողքս նստած երկու ուսանողուհիները վախից դողում են:
- Նա անվնաս է, աղջիկներ, հիվանդ է, մի վախեցեք, - ասում եմ ու չգիտեմ հետո ինչ անել:
Մարդը ոտքերը լայն դրած, ու կարողանա պահել հավասարակշռությունը փնտրում է էլի զոհ, կախելու կամ գնդակահարելու համար:
Մոտեցավ, բռնում եմ ձեռքը, քաշում նստեցնում կողքս:
- Նստիր, ինչո՞ւ ես վախեցնում մարդկանց:
- Երկու օր մահացած եմ եղել, հասկանո՞ւմ ես, երկու օր:
Այդ երկու օրվա ընթացքում անընդհատ կենդանանում էի բայց ցույց չէի տալիս, չէի բացում աչքերս, ուզում էի անընդհատ լսել,նրա ձայնը խոսքերը, զգալ նրա իմ մազերը շոյելը, նուրբ մատներով վերմակս ուղղելը, էհ ինչ ասեմ…
Հիմա ատում եմ բոլորին, ամենաշատը՝ ինձ:
Ամենաշատը զզվում եմ իմ խղճից, դե իսկ կամքիս ուժը վաղուց հեռացել ու չգիտեմ որտեղ է թափառում:
Եվ դա ասում էր մի հիվադ մարդ, որին համարում են խելապակաս կամ…
Հետո միանգամից ոտքի ելավ, նորից ցույց տվեց վագոնում նստած մի քանի հոգու, հատկապես գլուխները կախած բայց ուշադիր լսողներին:
- Քե՛զ, քե՛զ, քե՛զ, - ձեռքով ցույց է տալիս կոկորդը:
Քաշեցի ձեռքից ու նորից նստեցրի կողքս:
- Հիմա կիջնենք, ես քեզ կհյուրասիրեմ սուրճով, երևի վաղուց չես խմել:
- Չէ, չեմ ուզում, ավելի լավ է տաք թեյ, քաղցր: Ես աշխատել եմ մանկական սրճարանում, երեխաներին էի զվարճացնում, բոլորին թվում էր թե գիժ եմ, ու հեռացրեցին աշխատանքից, ինչու, չհասկացա: Դու ինչով ես ատամներդ մաքրում, «կոլգեյթով»: Թեյ կհյուրասիրե՞ս…

Սրճարանում մեզ ընդունեցին ինչպես ընդունում են ստիպողաբար բնակավայրը լքածներին:
Երբ բերել էին իմ սուրճն ու նրա համար թեյը, ես հարցրեցի:
- Քաղցրավենիք ուզո՞ւմ ես:
Չլսե՞ց թե չլսելու տվեց:
- Անջատիր հեռախոսդ, այնպես էլ ցուցադրաբար դրել ես սեղանին: Ես քեզ կպատմեմ ամեն ինչ, միգուցե թեթևանա՞մ:
Աննկատ միացրեցի հեռախոսիս ձայնագրիչը և էկրանով շրջած դրեցի սեղանին:

« Ես չեմ հիշում թե ինչպես էի հայտնվել հիվանդանոցում, հետո իմացա, որ գտնվել եմ կոմայի մեջ: Բայց այդ վիճակում մի պահ լսեցի Նրա ձայնը, աղոթում էր, ես վախեցա աչքերս բացել, վախեցա, որ կարող եմ չլսել նրա խոսքերը, ես չէի ցանկանում նրան վիշտ պատճառել, բայց միաժամանակ այնքան ուշադիր էի լսում, որ կարողանամ հետո բառ առ բառ վերարտադրել: Ես կրկնում եմ նրա բառերը:
« … Աստվա՛ծ իմ, եթե ունես թեկուզ մեկ ազատ վայրկյան- լսիր ինձ: Ես չգիտեմ աղոթել, չեմ աղոթել երբեք, բայց ուզում եմ որ  լսես ինձ:
Աստվա՛ծ իմ, արա այնպես, որ նա միշտ ունենա պահապան: Նա ցերեկներն է իրեն զգում ուժեղ ու խելացի, կարող դիմակայելու ամեն չարի դեմ, իսկ հիմա ես նայում եմ նրան, նրա փակ աչքերին ու զգում եմ թե որքան անօգնական է նա:
Ես զգում եմ, որ նա արտաշնչում է, ու խնդրում եմ Քեզ, այնպես արա որ ամեն արտաշնչելուն հետևի նաև շունչ քաշելը:
Խնդրում եմ, այնպես արա որ ինչ որ մեկի նուրբ մատները շոյեն նրա մազերը, նա դա սիրում է, թեկուզ չլինի իմ ձեռքը, բայց լինի մի ձեռք որ օգնի նրան դիմակայելու…
Աստվա՛ծ իմ, ազատիր նրան տանջահար որոշումներից, որոշումներից, որ կարող են վնասել նրան…
Թող նա միշտ տեսնի լույս, որի տակ էլ կարողանա կողմնորոշվել:
Թող հիմա հանգստանա, բայց անպայման ուշքի գալու պայմանով:
Իմ աղոթքը նման չէ աղոթքի, բայց ներող եղիր, խնդրում եմ երբ նա արթնանա, թող տեսնի աշխարհը իր բոլոր գույներով, զգա սերը իր բոլոր ելևէջներով: Ոչինչ, թեկուզ իմ նկատմամբ չլինի:
Ես հիմա գոհ եմ քեզնից, Տե՛ր իմ, որ կարող եմ նստած շոյել նրա ձեռքը, հույսս դնելով Քո վրա…»:

Թեյը երևի սառել էր:
Սառել էր նաև իմ հայացքը, գամված մոխրամանի մեջ այրվող ծխախոտից բարձրացող ծխին:
- Ես ուշքի էի, լսում էի ամեն ինչ, բայց այդպես էլ չգիտեմ ինչու, չբացեցի աչքերս:
Աչքերս բացեցի միայն այն ժամանակ, երբ նրա հայրը ստիպողաբար, ձեռքից քաշելով դուրս էր հանում հիվանդասենյակից:
Լավ կլիներ երբեք չբացեի աչքերս, քանի որ հենց այդ պահին իմ աչքերը հանդիպեցին նրա հոր կատաղած աչքերին:
Հետո շատ ման եկա նրան, բայց հասկացա, որ հայրը նրան երկրից դուրս է ուղարկել:

Մի պահ կանգնեց, շուռ եկավ դեպի նրա պատմությունը լսող, աչքները թաց քիչ հեռու հավաքված մատուցողուհիների կողմը:
- Քե՛զ, քե՛զ, քե՛զ, - ձեռքով ցույց տվեց կոկորդն ու ծիծաղելով հեռացավ:

Ժամանակը կուլ տված ոզնի է, ծակում է ամբողջ մարմինդ ներսից:
Ժամանակը մի ռումբ էր, որ նա նետեց սեղանին ու պայթյունի հազարավոր բեկորներ օդում բղավում էին…
« Բավական է ընդամենը մեկ րոպե - նկատելու համար:
Ընդամենը մեկ ժամ` գնահատելու համար:
Մեկ օր` սիրահարվելու համար, իսկ հետո մի ամբողջ հավերժություն  մոռանալու համար…:


* * * օր ութերորդ

Դժվար է տղամարդու գործը:
Միայնակ տղամարդու գործը:
Առավոտյան վերկաց, երբ ոչ ոք չի բղավում «Ուշանում ես, արագացրու:»
Սափրվել, երբ միևնույն է անտրամադիր ես:
Սուրճ պատրաստել, երբ նախորդ օրը մոռացել ես շաքարավազ գնել:
Հիշել, որ անպայման պետք է լվանալ երեկվա թողած ամաններն ու բաժակները:
Հավաքել անկողինը:
Լվացք, արդուկ:
Դժվար է…
Օճառափրփուրը դեմքիս էր, երբ լսվեց դռան զանգը:
Կանգնած է մի հարկ ներքև ապրող հարևանս:
- Բարի լույս, հարևան ջան, ինչ լավ է, որ չես գնացել դեռ:
- Բարի լույս,- ոչ ես գիտեմ նրա անունը ոչ էլ նա իմ:
- Փող ենք հավաքում, Արմենի հայրն է մահացել, ով ինչքան կարող է…
- Արմենն ո՞վ է, հարևան ջան:
- Քո վերևի հարևանը, այ մարդ դու անտեղյա՞կ ես:
- Բայց իմ վերևում տարիքով մարդ չի ապրում, կամ էլ երևի անկողնային է եղել:
- Չէ, այստեղ չէր ապրում, այլ հողամասում, ամառանոցում, բայց այստեղից են թաղելու:
- Ինչքա՞ն եք հավաքում:
- Ով ինչքան կարող է, պետք է պատվով հարգանքով…մեր հարևանների պատիվն է չէ՞:
Մեկնում եմ հինգ հազարանոցը:
- Սա բավակա՞ն է:
Գրպանից հանեց մի ճմրթված թուղթ, ուզում է գրել ու նայում է դեմքիս:
- Ռուբիկ, բայց կարող ես չգրել, ի՞նչի համար, ես անվերադարձ եմ տալիս:
- Կարգ է հարևան ջան, լավ, ապրե՛ս, կես ժամ հետո հավաքվում ենք նրանց դռան մոտ:
Աստիճանավանդակում հարևաններն են, երևի բոլորը:
- Ավո՞, դու կարծեմ «Ստանդարտների վարչությունում» ես աշխատել, մահախոսականը դու կասես գերեզմաններում, կիմանաս կենսագրությունը ու մեր անունից…
- Հասկացա, կանեմ, էնպես խոսեմ որ, Սերոբ ջան:
- Հա չմոռանաք, բակն ավլել տալ, մի երկու հազար որ տանք, կմաքրեն:
- Պետք է ճշտել, որտե՞ղ են հերձելու, մի երկու հոգի ուղարկենք էնտեղ:
- Դա ի՞նչի համար է:
- Ո՞նց թե,- զարմացավ Սերոբը,- կարգին պետք է հերձել, մեր պատիվն է, ամենալավ հերձում են Շտաօգնության հերձարանում՝ Ռուզանի մոտ, Արմենին պետք է ասենք, երիտասարդ է կարող է չիմանա:
- Ես, ես ի՞նչ անեմ, - դիմում է մի չափից ավելի նիհար մարդ, երևի էլի հարևանններից է:
- Դու էլ հոգեհացի ժամանակ կենացները կասես, ամեն ինչ հերթով, կարգ ու կանոնով, ես քեզ կտամ գրած հերթականությունը, ինձ մոտ ստանդարտ կա գրված:
- Դու, - դիմում է ինձ,- կկազմակերպես պսակների տանելը մինչև փողոց, կհաշվես որ գերեզմաններում հանկարծ չպակասի, կնստես այդ մեքենան, քո գործը հեշտ կլինի:
- Սերոբ ջան, մի բան էլ ես ասե՞մ,- հարևաններից մեկն է ու թևատակին մի քրքրված թղթապանակ է:
- Ասա, ասա, մի րոպե, բոլորս լսում ենք մեկ մարդու նման:
- Էս ինչո՞ւ է փակ Արմենենց դուռը, պետք է բաց լինի, կարգն է այդպես:
- Երևի բոլորով այնտեղ են, ի՞նչ իմանամ:
… Աստիճաններով բարձրանում էր Արմենի  մայրը, ցանցատոպրակներով:
- Արևհատ ջան, ցավակցում ենք,- հարևաններով գնացին ընդառաջ:
- Շնորհակալ եմ, այս ի՞նչպես եք իմացել, ես ընդամենը մի կես ժամ առաջ եմ ասել խանութում:
- Բա որ օրվա հարևաններն ենք, Արևհատ ջան, բա Արմենն ո՞ւր է:
- Ի՞նչպես թե, գնաց գյուղ, հորեղբոր թաղմանը…
Զարմացած հայացքների տակ Արմենենց դուռը փակվեց տիկին Արևհատի ետևից:

Դժվար է տղամարդու գործը:
- Սերոբ, այս ո՞նց եղավ:
- Ի՞նչ է եղել, որ, ուրեմն հավաքած փողով մուտքն ենք վերանորոգելու:
- Դու Ստանդարտների վարչությունում ես չէ՞ աշխատել, կգնես գաջն ու ցեմենտն:
- Դու,- դիմում է նիհար հարևանին, -ավազն ու գործիքները:
- Մի բան ասե՞մ, - թևատակի թղթապանակը փոխելով մյուս թևի տակ ասաց մյուսը,- էդ պարկերը որտե՞ղ ենք դնելու, կգողանան:
- Ռուբի՛կ, - դիմում է ինձ Սերոբը, - դու գիշերը մինչև ժամը մեկը կմնաս հերթապահ, քեզ կփոխի առաջին հարկի մեկսենյականոցի Հրաչը…

Դժվար է տղամարդու գործը, իմանալ որտեղ են լավ հերձում, կազմակերպել հոգեհացի կենացները, հերթապահել շքամուտքում հաշվել որ հանկարծ պսակները չգողանան…
Դժվար է տղամարդու գործը:






Բախում



Ամպերը ձեռք-ձեռքի տված կախվել են ու կարծես փորձ են անում վերջնականապես ազատվել արդար երեկոյից:
Պատուհանից, կիսամթան մեջ համարյա ոչինչ չի երևում, թերևս միայն ստվերներ, եթե ինչ որ մեկն անցնի, բայց…
« Ի՞նչ եղավ, որտե՞ղ է քարշ գալիս, ոչ խիղճ կա, ոչ էլ տրմաբանություն, չի էլ մտածում, որ անհանգստանում եմ…»
Չէ, բակում ստվերները չեն քայլում: Նրանք կան, բայց անշարժ են՝ ծառերի, նստարանների, շենքի…
Աչքերը կկոցելն էլ արդյունք չտվեց:
Մեկ անգամ էլ փորձեց, մեկ անգամ էլ լսեց նույն կանացի ոչ մի լավ բան չասող, հույս չտվող «Բաժանորդն անհասանելի է» խոսքերն ու առանց զգալու, որ կծում է հացի կտորն արդեն որերորդ անգամ, միացրեց հեռուստացույցը:

* * *
- Կարող ես մնալ Գոռ ջան, հիմա Հակոբը կհավաքի բակը, կնստեք այգում շախմատ կամ նարդի կխաղաք:
- Չեմ կարող, հեռախոսն էլ այստեղից չի բռնում, մայրս կանհանգստանա: Վերջին ավտոբուսին կհասցնեմ, անհանգստանալու կարիք չկա:
- Այսքան ճանապարհ եկար, իսկ մեր ամառանոցը դո՞ւր եկավ, ես հասկանում եմ, որ մեր աղջիկն ավելի է դուր գալիս…դե լավ, մի կարմրիր, կատակում եմ: Հասմիկ, Գոռը գնում է:
Հասմիկը մոտեցավ մորն ու զարմացած նայելով մեկ նրան մեկ Գոռին ասաց:
- Մամ, ի՞նչ ես ասել, Գոռ քեզ ի՞նչ եղավ: Որոշել էիր մնալ:
- Ոչինչ, մայրս սպասում է: Ինձ կներեք, բայց պետք է գնամ:
Մոտեցավ Հասմիկի հայրը՝Հակոբը:
- Համառ տղա է, ինձ դուր է գալիս, եթե անհրաժեշտ է թող գնա, դեռ կհանդիպենք,այնպես չէ՞:
- Լավ, քեզ ճանապարհեմ, մամ շուտ կգամ, մինչև ավտոբուս հասնեմ ու ետ:
Հասմիկը բռնեց Գոռի թևը:
- Քեզ այսօր ի՞նչ է եղել, մի տեսակ ես, նման չես քեզ: Ի՞նչ է, ծնողներս դո՞ւր չեկան:
- Հիմարություններ ես ասում: Տրամադրություն չկա:
- Հայրս էլ զարմացավ, որ այդքան խմեցիր ու չհարբեցիր:
- Անկյունից ետ դարձիր, մենակ կգնամ:
- Գոռ, մի՞գուցե ես էլ գամ քաղաք, ես քեզ մենակ չեմ կարող թողնել, կգնանք մեր տուն, մենակ կլինենք, կզանգես մայրիկիդ, կզգուշացնես: Դե՞…որոշիր:
- Հա՛ս, չգիտեմ, իսկ ի՞նչ ես ասելու ծնողներիդ: Հարմար չէ, մի տեսակ…
- Դու միայն կանգառում սպասիր, դեռ տասնհինգ րոպե կա ավտոբուսին, ես ետ դառնամ, եթե մինչև ավտոբուսի գալը չգամ, դու գնա: Կհանդիպենք վաղը չէ մյուս օրը:

… Հեռվից կարծես կաղալով մոտենում էր ավտոբուսը, համարյա դատարկ:
Ուրբաթ օրերին այն միայն առավոտյան է լիքը լինում:
Բարձրացավ, նստեց ու նայում էր դեպի ամառանոցային հատված տանող ճանապարհին:
Հեռվում մի կերպ տարբերեց ինչ որ ստվեր, հարազատ ու  թանկ աչքերին:
«Միայն նա կարող է այդպես շտապել ինձ մոտ, նա՛:»

* * *
Բնակարանը վերանորգված էր ժամանակակից ոճով:
Զգացվում էր տանտիկնոջ, ամեն ինչ փայլելու բնավորությունը:
- Տեղավորվիր որտեղ ցանկանաս, ես թեյ պատրաստեմ ու գամ:
- Քո սենյակը որտե՞ղ է, այնտեղ նստենք:
- Ինքդ գտիր, ընդամենը չորս սենյականոց է, - ծիծաղեց:
- Դու ի՞նչ է ակնարկում ես, որ մերը մեկսենյականո՞ց է:
- Գոռ, չէի սպասում քեզնից, ի՞նչ է կատարվում հետդ:
Մոտեցավ գրկեց տղային, գլուխը դրեց ուսին:
- Եթե ինձ չասես, էլ ո՞ւմ: Գո՛ռ, ինչո՞ւ չես գրկում ինձ, արդեն դուր չեմ գալի՞ս:
- Թո՛ղ, զանգեմ մորս, կխոսենք:
- Լավ, չեմ խանգարի, ես գնացի ցայվելու, հետո  թեյ կխմենք,լա՞վ: Կմնաս չէ՞ այսօր:
Գոռն անձայն մոտեցավ պատուհանին, գրպանից հանեց հեռախոսը:
- Մամ, ես Հասմիկենց ամառանոցում եմ, չեմ գա այսօր:
- Դու ո՞ւմ ես քաշել այդպիսին, հայրդ այդպես, հորեղբայրդ անբան, պապդ դաշնակ, Աստված իմ, դրանց կողմը պետք է քաշեի՞ր: Չե՞ս մտածում, որ արդեն  խելագարվում էի, ժամացույցին նայե՞լ ես:
- Մա՛մ, հեռացել եմ ամառանոցից, հասել ճանապարհին, նոր բռնեց հեռախոսս, դեռ պետք է վերադառնամ, համբուրում եմ, վե՛րջ, քնի՛ր:
«Հայրդ այդպես, ինչպե՞ս, հետո ի՞նչ որ բաժանված եք, ես քեզ խճալով չեմ ասել, որ կապ ունեմ հորս հետ արդեն քանի տարի, հիմա գլխումս միայն նա է: Տեսնես ի՞նչպես է:»

Հասմիկի մազերը փռվել են դեմքին, չի տեսնում հայացքը, քնա՞ծ է թե՞ ոչ:
Սկյուռի սուր ատամների նման ծխելու անտանելի պահանջը կրծում է մարմինը:
Եթե քնած է, կխանգարեմ:
Ցածր ձայնով, որ թվաց թե միայն ինքը կլսի, հարցրեց:
- Հա՞ս, քնա՞ծ ես:
- Ո՛չ, ինձ այնքան լավ է, որ չեմ կարողանում քնել, ինչո՞ւ չես քնում, անհանգիստ ես:
- Ծխել եմ ուզում, գնամ խոհանոց:
-Ես կբերեմ, դու մերկ ես, ամաչկոտ, մինչև հագնվես,- նորից ծիծաղ, վարակիչ ու ամենակարող:
Մերկ գնաց դեպի Գոռի շորերի կողմը:
Երբ ծխի առաջին բաժինը լցվեց թոքերը, համբուրեց կողքը պառկած ու իրեն ուշադիր հետևող Հասմիկի շուրթերի անկյունը:
- Հայրս մահամերձ է, Հաս:
- Ի՞նչ, ի՞նչպես թե…չէ՞ որ դու հայր չունես, ինքդ ես ասել:
- Դու ոչինչ չես հասկանում, թոքերի քաղցկեղ է, դեղ է հարկավոր, այստեղ չկա, հասկանո՞ւմ ես մի այնպիսի գումար է, որ ես չեմ կարողանում պատկերացնել:
- Ի՞նչ դեղ, կամ ինչո՞ւ չես ասում պապայիցս փող վերցնեմ:
- Հորս ավտոտնակը վաճառել եմ հարևանին, փողը տանն եմ պահել, մնում է որ վաղը գնամ հայրս թղթեր պետք է ստորագրի, բայց հասկանո՞ւմ ես, բժիշկն ասաց 2-3 օրվա ընթացքում դեղերը հասցնեմ:
- Երկու օրից հորս ծննդյան օրն է, հորաքույրս է գալու Սանկտ-Պետերբուրգից, դեղերի անունը գիտե՞ս, հենց հիմա զանգեմ: Ես վաղը քո հետ գալիս եմ հիվանդանոց: Էլ ոչ մի խոսք:
- Տաբատիս ետևի գրպանում է, երեքից դեղերից գոնե մեկն ու մեկը:

- Ժաննա հորքո՞ւր, հա լավ եմ…
…  մի բան պետք է խնդրեմ, փող կա՞ մոտդ, դեղ է հարկավոր դու բեր փողն այստեղ անմիջապես, հա գրի հորքուր ջան, «Բեվացիզումաբ», «Դոցետակսել»,  «Դոկսորուբիցին», վաղը երեկոյա»ն, ավելի լավ, գրիր հասցեն…հեռախոսնել էլ…, անունը Գոռ է: Հա իհարկե, նա է:  Համբուրում եմ:
- Տեսա՞ր ինչ լավ ստացվեց, մարդ կա եկող, վաղը դեղերը կլինեն ձեր տանը, քեզ մնում է երեկոյան տանը լինել, որ մայրդ չիմանա: Ի՞նչ ես աչքերդ չռել, ինձ մերկ առաջին անգամ ես տեսնո՞ւմ,- վերցրեց խալաթը, մեջքով շուռ եկավ դեպի Գոռն ու գցեց ուսերին:
զանգիր ուզում եմ քեզ նորից մերկ տեսնել, հեռախոսն ականջիդ:
- Այ հիմա դու նույն Գոռն ես, դե դիմացիր…
Խալաթն ազատվեց Հասմիկի մարմնից, մի ակրոբատիկ թռիչքով թռավ ու ընկավ բազկաթոռի թիկնակին:

* * *
Մայրն անձայն լալիս էր:
- Մա՛մ, դե այդպես ստացվեց, ի՞նչ ես անընդհատ, չէ՞ որ զանգեցի, զգուշացրեցի, հիմա ի՞նչ է տանը մնացած աղջկա պես քեզնից պետք է կպած մնա՞մ, չպետք է ամուսնանա՞մ, առաջին անգամ հո չէ՞ որ տանը չեմ գիշերում:
- Ի՞նչ ես ման գալիս, ես եմ սեղանդ հավաքել, տետրերիդ ձեռք չեմ տվել:
- Մի սև թղթապանակ կար, կարծեմ սեղանին եմ թողել, կարմիր երիզով:
- Այնտեղ է, գրքերի տակ:
- Չես բացել, չէ՞:
Մայրն առանց պատասխանելու գնաց խոհանոց:

* * *
- Եկա՞ր Գոռ ջան:
- Չէ պա՛պ, դեռ ճանապարհին եմ, գալիս եմ, համ էլ ինչպես տեսնում ես մենակ չեմ, արի Հաս:
- Հասմի՞կն է Գոռ ջան, արի աղջիկ ջան, նստիր:
- Պապ, ուրեմն, նայիր, ստորագրում ես այստեղ, այ  այս մյուս էջի վրա, այստեղ և վերջում, չէ, ավելի ներքև: Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան դեղերը կլինեն, ճիշտ է թանկ, բայց չմտածես, պապ ջան, հիմա փող կա, ինչքան պետք է…
- Ի՞նչ արժեր, Գոռ, Հասմիկին հյուրասիրիր, միրգ կա:
- Տուփը հարյուր հիսուն հազար է, բայց դա ի՞նչ է որ, պապ դու ասա ավտոտնակից ի՞նչ է պետք հանել, ի՞նչ կա անհրաժեշտ:
- Միայն մետաղի ջարդոն է, անհրաժեշտ բան չկա, ինչ էլ կա թող մնա Գագոյին, լավ հարևան է եղել, բայց…Հասմիկ ջան կողքի սենյակում ծորակ կա, միրգը լվա, բեր, աղջիկ ջան:
Երբ Հասմիկը դուրս եկավ հայրը փորձեց նստել անկողնում, հաջողվեց:
- Լավ աղջիկ է Գոռ, հիմա ուշադիր, ավտոտնակի վերջում, ձախ կողմում, երեք անպետք անվադող կա, իրար հենած, մեջտեղին մեջ շորով փաթաթած բան կա, կվերցնես, նոր բանալիները կտաս Գագոյին, հասկացա՞ր, խոստացիր, որ կգցես ջուրը, ինձ հասկացար: Խոսքս կկատարե՛ս:
   
Ավտոտնակի լույսը չմիացավ:
Հոր հեռանալուց հետո միայն մեկ անգամ էր եղել:
Միացրեց բջջայինի լույսը:
Դանդաղ առաջացավ դեպի տնակի ձախ անկյունն ու տեսավ պատին հենած անպետք անվադողերը:
Ձեռքով շոշափեց, զգաց, որ ինչ որ բան կա, հանեց դուրս ու հասկացավ թե ինչ կարող է լինել:
Շորի մեջ ատրճանակ էր:
Մտածեց երկար, հետո խրեց գոտկատեղը, վերնաշապիկը իջեցրեց տաբատի վրա ու դուրս եկավ:
Երբ վերելակը հասավ ութերորդ հարկ առանց շտապելու բախեց կողքի՝ հարևանի դուռը:
- Գոռ ջան, այս ի՞նչ լավ ստացվեց: Առանց առարկությունների, գնում ենք ընտանիքով, մեզ հետ գալու ես, խորովածի, վաղն առավոտյան կլինենք:
- Բայց ես գործ ունեմ, պապաս…
- Էլ մի սկսիր, գործարք ենք արել, դեռ երկու հազարն էլ պետք է տա՞մ, այնտեղ կստանաս:
 - Լավ, մամային զգուշացնեմ:

Ատրճանակը պահեց անկողնու տակ:
- Մա՛մ, ինձ պետք է բան բերեն, կդնես իմ սենյակում, լա՞վ:
- Դու ու՞ր ես գնում, էլի չե՞ս գալու: Էլի Հասմիկե՞նց:
- Չէ, մամ ջան, Գագոյենց ընտանիքով, իրենց գյուղ: Համ էլ գործ կա հետը:

Առավոտյան Գագիկն առաջարկեց միասին գնալ հիվանդանոց, հետո նոր տուն:
-  Ճանապարհի վրա է, Գոռ ջան, ես էլ վաղուց չեմ տեսել:
Հայրը ուրախ տրամադրություն ուներ:
Խեսեցին, կատակեցին Գագիկի հետ, մինչ այդ հայրը հասկացել էր Գոռի աչքերից, որ վերցրել է ատրճանակը:
Գագիկը երկար չմնաց, գնաց:
- Գոռ ջան շնորհակալ եմ, տղա ջան,բայց զգում եմ, որ իզուր է:
- Ինչը:
Հայրն աչքերով ցույց տվեց պահարանիկը:
Սպիտակ ստվարաթղթե տուփ էր:
Վերցրեց պտտացրեց ձեռքերի մեջ, կարդաց «Դոկսորուբիցին», մյուս կողմում տեսավ գրիչով կապույտ գույնի գրված իր տան հասցեն ու հեռախոսը:
- Պա՞պ, ով է բերել, Հասմի՞կը:
- Ո՛չ, մա՛յրդ:

Մեկ շաբաթ էր, որ մայր ու տղա համարյա չէին շփվում իրար հետ, ավելի ճիշտ «այո», «ոչ» կարճ պատասխաններով բավարարում էին մեկը մյուսին ու ինչ որ բան չէր բավականացնում խոսակցության հիմնական թեմային:
Հայրը կարծես առողջանում էր, համենայն դեպս ցավեր չուներ առաջվա նման:
Մայրը, ինքն ու Հասմիկը այցելում էին ամեն օր:
«Հետաքրքիր է ի՞նչ կլինի, երբ լավանա, նորից մենակ, առանց խնամքի…»
Երեկո էր:
Ընթրում էին լուռ երբ հեռախոսն ընդհատեց լռությունը:
- Գո՞ռ, Արմենակ Վարդանիչն է, կարո՞ղ ես գալ հիվանդանոց, հայրդ…
- Ի՞նչ…
- Վե՛րջ,- ցածրաձայն ասաց մայրն ու ձեռքից գցեց գդալը:

Երբ բժշկի կաբինետից դուրս եկավ, զգաց, որ երբեք այսքան միայնակ չի զգացել իր ողջ կյանքի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ երբ հայրը կենդանի էր ու բաժանված մորից:
Մայրն էլ իրենից գաղտնի կապ էր պահպանում հոր հետ:
Պետք էր մեկը, որի մոտ կարողանար…լավ արեց որ միայն ինքը եկավ, մորն արգելեց:
Հարկավոր է զանգել Հասմիկին, ուշ չէ, ընդամենը երեկոյան տասն է:
Փորձեց, հիշեց, որ մոռացել է լիցքավորել հեռախոսը:
Մոտեցավ հիվանդանոցի առաջին հարկում գտնվող դեղատան կրպակին:
Գրպանից հանեց դրամապանակն ու չտեսավ թե ինչպես մի թուղթ ընկավ պատուհանից ներս:
Վաճառողուհին աչքերը բարձրացրեց նայեց Գոռին:
- Ունենք, բայց թանկ է, մի քանի հաբ պակաս է, զեղջով կտամ, հիմա մի րոպե:
Գոռի աչքերի առաջ մի սպիտակ ստվարաթղթե տուփ էր վրան գրված «Դոկսորուբիցին»:
Վերցրեց, շուռ տվեց նայելու հակառակ կողմն ու աչքերին չէր հավատում, տուփի վրա իր հասցեն էր ու հեռախոսի համարը:
- Վաղո՞ւց ունեք, - մի կերպ հարցրեց վաճառող աղջկան:
- Ոչ, մի երեք չորս օր է, վերցնո՞ւմ եք:

Չհասկացավ ի՞նչպես և ի՞նչ արագությամբ եկավ հասավ իր շենքին, ոտքո՞վ թե՞ վերելակով բարձրացավ իրենց հարկ, ի՞նչպես էր ոտքով հարվածում դռանը, ի՞նչպես դուռը բացող մայրը հրվեց իր ձեռքերից ու ընկավ հատակին…
- Գո՛ռ, - բղավեց մայրը:
Ամբողջ անկողինը տակնուվրա արեց ու աժասպառ նստեց հատակին:
«Դավաճան, դավաճան, մայրն  էլ իր որդուն այսպես…ուրեմն հայրս ինձ չվստահեց, մորս է պատմել, մայրս էլ…»

- Սա՞ ես ման գալիս, - սենյակում Հասմիկն էր, ատրճանակը ձեռքին:

Սիրո գործարար ծրագիրը

Մաս 1 

 * * *
Ճանապարհը նեղ էր, փոշոտ:
Ասֆալտի մասին այստեղ երևի գաղափար չունեն:
՛՛Միթե խառնել եմ ճանապարհը, բայց շատ հստակ հիշում եմ՝ խաչմերուկից աջ, հետո ուղիղ մինչև վերջ ու ձախով…՛՛
Հեռվից երևաց բարձր ցանկապատված մի կառույց:
Կանաչ գույնի, կաղնե փայտից ամուր դարպասներ են:
Ծուռումուռ տառերով մի ցուցանակ է կախված դարպասին, վրան գրված ՛՛Դրախտ՛՛:
Սկսեց բռունցքներով հարվածել դարպասին:
Սոված, հոգնած, ծարավ, այնքան էլ չէին ստացվում թակոցները:
Երկար ժամանակ պատասխան չկար:
Նստեց գետնին, դարպասին հենված:
Արևն իր բռունցքներով անխնա հարվածում էր գլխին:
Գլուխը ծանրացավ ու կախվեց ուսի վրա:
Աչքերը փակվեցին:

…Արթնացավ, զգալով որ ինչ որ մեկը ցնցում է ուսը:
Աչքերի առաջ մի անատամ ծերունի էր:
Չնայած լավ հագնվելուն զգացվում էր գավառական ոճը:
Քթից սահող հեղուկը կախվել էր բեղերին ու չէր կարողանում սահել:
- Ծխելիք ունե՞ս հորեղբայր,- մի բան ասելու համար հարցրեց:
Առանց խոսքի ծերունին գրպանից հանեց հին ամսագրի ծալած մի թուղթ, կտրեց ձեռքերով:
Մյուս գրպանից հանեց մի բուռ թութուն, մոտեցրեց կեղտոտ քթին, հոտ քաշեց:
Թքով թրջեց ամսագրի թուղթը, փաթաթեց թութունն ու մեկնեց տղային:
- Չէ՛, չե՛մ ուզում, փոշմանեցի, սա՞ է ՛՛Դրախտը՛՛:
- Հա՛, մատաղ, սա՛ է, ներսում ծխել չի կարելի, այստե՛ղ ծխիր:
Մուգ կարմրագույն լնդերը ցույց տալով ժպտաց:
- Չե՛մ ուզում, Անժելային կկանչե՞ս, ներսից:
Ծերունին լուռ դեպի իրեն քաշեց ծանր դարպասի դուռը:
Ճռնչալով դուռը տեղի տվեց:

* * *
Լսվեց բացվող դռան ճռռոցի ու համարյա անլսելի քայլերի ձայն:
- Դու դեռ բարկացա՞ծ ես:
- Այո՛, - առանց նրա կողմը նայելու պատասխանեց:
- Բայց ինչո՞ւ, դա իմ աշխատանքն է, եթե ինձ չզանգեն, տղամարդ կամ կին, ինչպե՞ս եմ հավաքելու պատվիրատուներ:
Դու լավ գիտես, որ իմ ամեն մի գրված ՛՛Գործարար ծրագիր՛՛ դա մեր եկամուտն է:
Ինքդ չես աշխատում…
- Երեկ համակարգչիդ մեջ տեսա հաղորդագրություն, ինչ որ Վիգեն քեզ խնդրել է գրել ՛՛Սիրո գործարար ծրագիր՛՛, ինձ հիմարի տեղ ես դրե՞լ:
- Դա՛ կատակ է, հասկացի՛ր, գործնակա՛ն…
- Ոչինչ չեմ ուզում լսել, ես ատո՛ւմ եմ քեզ, հասկանո՞ւմ ես, ատո՛ւմ:
Ե՞րբ ես ինձ հանգիստ թողնելու:

* * *
Ատում էր ամեն ինչի համար, այն ցավի համար, որ նա միշտ իրեն բարությամբ էր պատասխանում:
Այն բանի համար, որ նա շատ գեղեցիկ էր ու միշտ ուշադրության կենտրոնում:
Այն բանի համար, որ նրան բացի իրենից էլ ոչ ոք պետք չէր:
Ատում էր, որ ոչ մի անգամ իրեն առիթ չէր տվել ատելու, խանդելու:
Ատում էր այն բանի համար, որ նա իր բազմաթիվ երկրպագուների միջից ընտրել է իրեն՝ ոչնչով աչքի չընկնող ու ձախողակ անձնավորությանը:
Ատում էր, որ ժամանակին ընկավ ընտանեկան հունի մեջ, հասկացավ կյանքի գեղեցիկ լինելը… որ կարողացավ սովորել սիրել:
Իսկ հիմա ատում է:
Ինչի՞ համար:
Չէր կարող պատասխանել, բայց հաստատ ատում էր, գուցե այն բանի համար, որ նա կարողանում էր կատարել իր ամենատարօրինակ ցանկությունները՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
Կյանքը դարձել էր համաչափ, հանգիստ ու տխուր:
Իրեն պետք են կրքեր, հուզմունքներ, վեճեր, հաշտություններ, զգացողություններ, որ իրեն զգար ոչ թե վանդակի մեջ վազող սկյուռի կարգավիճակում, այլ՝ կենդանի մարդու՝ լեցուն կյանքին հատուկ բոլոր դժվարություններով…
Հասկանում էր, որ երջանիկ է, հասկանում էր, որ գտել է այն, ինչ ուրիշները դեռ փնտրում են:
Երջանկությունը կանգնած էր իր կողքը, բայց դա այն երջանկությունն էր, որին նա ատում էր:
Ատում ամբողջ հոգով:

- Սուրճդ կսառչի, ի՞նչ ես կպել պատուհանին, առաջին անգամ եմ տեսնում, որ քեզ գրավում է անձրևը:

… Պատուհանից դուրս անձրև էր, որոտ:
Թափանցիկ կաթիլները ապակուն փարված սահում էին ցած:
Փողոցում մարդիկ էին վազում, փորձելով թաքնվել անձրևից:
Տարօրինակ օր էր, քանի որ նա փողոցում չտեսավ հովանոցով մարդկանց:
Իսկ ի՞նքը…
Ինքը միշտ գտնվել է կյանքի հովանոցի տակ ու երբեք չի մտածել ինչպե՞ս և ո՞ւմից թաքնվի:
Այդպես տխուր է, տխուր ու ատելի կյանք:
Նրան չէր երևում որ ինքը լալիս է:
Տղամարդ և լա՞ց:
Չգիտեր ի՞նչ կա արդյոք արցունքների մեջ, զղջո՞ւմ, ցա՞վ, հպարտության ոտնահարո՞ւմ, խա՞նդ…
Կարծես արցունքների միջոցով նրանից դուրս էր գալիս ատելությունը, որ նա տածում էր դեպի իր անկողնում պառկած այս հրաշալի, վստահելի կնոջը:
Հիմա էլ չէր հասկանում թե ինչպե՞ս կարելի է ատել մեկին որն իրեն սիրում է…
Բայց այդ համակարգչի թղթապանակների մեջ խնամքով թաքցրած նամա՞կը, այդ Վիգե՞նը,
Այդ ՛՛Սիրո ծրագի՞րը՛՛, ոչինչ չի կարողանում հասկանալ:

- Սուրճդ կսառչի, դե մի փքվիր, ա՛րի:
- Ինձ համա՞ր էլ կարող ես գրել ՛՛Սիրո գործարար ծրագիր՛՛: 

Մոտեցավ, պառկեց անկողնուն, կնոջ կողքը:
Փորձեց սկուտեղի վրայից վերցնել սուրճի բաժակը:
Կինը սկուտեղը մի կողմ դրեց ու իր նուրբ ձեռքերով գրկեց ուսերը:
Նրա ձեռքերի հպումից ամբողջ մարմնով մի դող անցավ:
Ատելության մասին նրա բոլոր մտքերը քանդվեցին խաղաքարտերից պատրաստված տան նման:
Տեսավ նրա թափանցիկ աչքերի մեջ երևացող սահման չունեցող ինչ որ մի զգացմունք:
Համբուրեց:
Շուրթերով գտավ նրա շուրթերն ու այնպես կպավ նրանց կարծես առաջին անգամ լիներ:
Մոռացավ քիչ առաջվա մտքերի մասին:
Ուզում էր այդպես մնալ երկար-երկար, իսկ մնացա՞ծը…
Այդ պահին մնացածը կարևոր չէր:
 Անժելան ազատվեց գիշերանոցից:
Իրեն պետք են կրքեր, հուզմունքներ, վեճեր, հաշտություններ, զգացողություններ…
Կյանքը լցվում էր ի՞ր, թե՞ նրա մեջ, չէր հասկանում, բայց համոզված էր որ ապրում է իր լավագույն պահերը:
Պահեր, որ իրենց համատեղ  կյանքում եղել են բազմաթիվ անգամ:

Գիշերն արթնացավ:
Անձրև դեռ շարունակում էր թակել պատուհանները:
Անկողնում պառկած նայում էր առաստաղին, լսում էր անձրևի ձայնն ու մտածում, թե ինչ թույլ արարած է ինքը:
Համ սիրում է, համ ատում նրան:
Ո՞րն է սրանցից ավելի ուժեղը:

Քնի մեջ Անժելան շարժվեց ու նորից հպվեց իրեն ինչպես կատվի ձագն է դաժան աշխարհից թաքստոց ման գալիս:
Հպվեց, ինչպես փոքրիկն է հպվում կողքը արթուն, աչքը վրան պահող մորը:
Քնաթաթախ ինչ որ բան ասած:
Ձեռքով շոյեց Անժելայի մազերն ու զգաց, որ մի կաթիլ է իր այտով  իջնում:
՛՛Ինչ հիմարն եմ ես, էլ ի՞նչ է ինձ պետք: Ինչպե՞ս կարող եմ նրան ատել, նա արժանի է ավելի մեծ սիրո քան ես եմ կարող նրան տալ: Ես արժանի չեմ նրան: Ինչո՞ւ՛՛:
Այդ ՛՛ինչու՛՛-ի հետ էլ քնեց:
Քնեց ժպիտը շուրթերին, որովհետև գիտեր որ վաղն ուրիշ է լինելու:
Վաղվանից կսիրի նրան՝ ինչպես ոչ ոք չի սիրել երբևէ:
Ինքն իրեն լրիվ կնվիրի նրան:
Որովհետև երջանիկ է և ուզում է անպայման կիսվել նրա հետ:
Որովհետև իրոք սիրում է, սիրում:

* * *
Ծերունին լուռ քաշեց իրեն ծանր դարպասի դուռը:
Ճռնչալով դուռը տեղի տվեց:
Մի պահ կորավ դռան ետևում, հետո երևաց միայն գլուխը:
Նորից բացվեց անատամ լեզուն:
- Դու ո՞ր Անժելին ես ուզում, Թովմասյա՞ն թե՞ …
- Հա՛, հա՛, Թովմասյան, կանչի՛ր, ասա քեզ սպասող կա, ասա, պատվիրատու է, ուզում է Ծրագիր պատվիրել, գործարար, ինքը կհասկանա:
Երկար սպասեց:
Ամպերն արդեն չանգռում էին արևի երեսը ստիպելով հեռանալ երբ երևաց կարծես արդեն ծանոթ ծերունին:
- Անժելը զբաղված է, ասաց նոր ՛՛Սիրո գործարար ծրագիր՛՛ է գրում:
Գնա տղա ջան: Հետո կգաս, երբ ազատվի:
Ի՞նչ գործ ունես, բալա՛մ, քո ատամի բանը չէ…

* * *
…Անժելան արթնացավ:
Ձեռքերը ետ քաշեց նրանից:
Վերմակը սահել ընկել էր գետնին:
Նայեց նրան ոտքից գլուխ, գնահատողի տխուր հայացքով:
Նրա քնի մեջ ժպտացող դեմքը սարսափ առաջացրեց:
՛՛Ինչպե՞ս եմ կարողացել սիրել նրան, չե՛մ հասկանում:
Ինչպե՞ս…՛՛


Մաս 2
Սեփական քայլերի հեռացող ձայնը

Ճանապարհը նեղ է, փոշոտ:
Ասֆալտի մասին այստեղ երևի գաղափար չունեն:
Հեռվից երևում է բարձր ցանկապատված մի կառույց:
Կանաչ գույնի, կաղնե փայտից ամուր դարպասներ են:
Ծուռումուռ տառերով մի ցուցանակ է կախված դարպասին, վրան գրված <<Դրախտ>>:
Գետնին նստած, դարպասին հենված մարդը քնած է:
Ճանապարհը լուսավորված է վառ սպիտակ գույնով:
Մի կին է հեռանում ճանապարհով ու քանի գնում այնքան փոքրանում ու չի երևում:
Թևի տակ վատ սեղմված թղթապանակից թափված թղթերն անկանոն ընկած են ճանապարհի վրա:
Թղթերից մեկի վրա երևում է հաստ տառատեսակով գրված <<Սիրո գործարար ծրագիր>> վերնագիրը:
Ժամանակ առ ժամանակ կինը կանգնում ու կարծես ինչ որ բան է փորձում լսել:
Կարծես փորձում է լսել սեփական քայլերի հեռացող ձայնը…

- Վե՛րջ: Ավարտեցինք այս հատվածը:
Բոլորն ազատ են: Շնորհավորում եմ, ժամանակից երեք օր շուտ ավարտեցինք:
Կհանդիպենք մեկ շաբաթից, Գառնիում:
- Անժելա մոտ արի, այ այս հատվածը <<Ինչպե՞ս եմ կարողացել սիրել նրան, չե՛մ հասկանում:
Ինչպե՞ս…>> հնչյունային ռեժիսորի մոտ մեկ անգամ էլ ձայնագրվիր ու նոր կարող ես գնալ:
Հարցեր կա՞ն:
- Սմբատի՛չ, ինչ լավ եղավ, այսօր ամուսնուս ծննդյան օրն է, կհասցնեմ, արդեն մեկ շաբաթ է առանց տաք ճաշ է մնացել: Չի սպասում այսօր, իսկ եթե հետո ձայնագրե՞նք, խնդրում եմ:
- Քո պրոբլեմներն իմը լինեին, ազատ ես Անժելա, իմ մեքենան քաղաք է գնում, բոլորիդ կտանի:

Բնակարանի դռան մոտ չգիտես ինչու հիշեց սեփական սցենարի կանաչ դարպասները:
Ներս մտավ անաղմուկ:
Բնակարանում վառվող մոմերի հոտ էր:
Սեղանին պատրաստ ընթրիքն էր ու երեք վառած մոմեր:
<<Վահրամը տանը չէ, մոմերն ինչո՞ւ են վառած>>:
Լույսը չվառեց, տեսանելի էր ամեն ինչ:
Ականջին հասան թափվող ջրի կաթիլների ձայնը:
<<Տանն է>>:
Ուրախացավ ու վազեց լողասենյակի կողմը:
Մինչև հասնելը լողասենյակի դռանը հանեց կոշիկներն ու դեն նետեց վրայի շրջազգեստը:
- Վահրամ, բա՛ց արա, ե՛ս եմ, գալի՛ս եմ քեզ մոտ:
Ջրի ձայնը կտրվեց, բայց պատասխան չեղավ:
- Վահրա՛մ:
Լողասենյակի կիսաբացված դռնից դուրս ժայթքած լույսի շողը ապտակի նման իջավ դեմքին:
Կիսաթաց մազերով, կիսահագնված դուրս եկավ ընկերուհին՝ Ալլան:
- Վահրամն իջավ խանութ, հիմա կգա, դու  ինչո՞ւ ժամանակից շուտ եկար: Հիստերիա չսարքես… ես հիմա կհեռանամ:
Կարծես մի ահռելի բեռան տակ լիներ ու դրանից շնչահեղձ էր լինում:
Հասկացավ, որ այդ բեռը վաղուց է կրում:
Հասկացավ, որ չի մաքառել դրանից ազատվելու համար՝ անտեղյակ կամ ավելի ճիշտ մաքուր լինելու պատճառով:
- Դու էլ հրեշտա՛կ չես, սցենարիստից դարձել ես դերասանուհի ու նկարահանվում ես սրա նրա ծոցը մտած…
Հիմա գիտակցությունից դուրս նա զգում էր մի այնպիսի սպիտակից սևի վերափոխված աշխարհ, ուր մտել էր քիչ առաջ:

… Անօգնական փլվեց հատակին:
Երկրագունդը չէր պտտվում:
Ալլայի ետևից չփակված, դռնից ներս թափանցած քամու ձեռքերի մեջ, քամելիոն սերը գույնը փոխել էր, դարձել սև ու բոսոր  գույների խառնուրդ ու չարություն էր անում սենյակում:
Բնակարան մտնելուց առաջ ունեցած հուզառատ խինդը միանգամից էր լքել, հեռացել:
Սիրո խոժոռ դեմքն ու դավաճան շուրթերը փչել, հանգցրել էին սեղանի վրայի վառվող մոմերը:
Գլխում դեպի անդունդ սլացող տրամվայի աղեկտուր զանգ-ազդանշանն էր:
Կանգնած էր երկրագունդը, հանգիստ, անշարժ:

Պայուսակից վաղուց լսվում էր հեռախոսի զանգը:
Առանց տեղից վեր կենալու ձգվեց, մոտ քաշեց պայուսակը:
- Ասա՛ Սմբատիչ, ի՞նչ է եղել:
- Ձայնդ մահացե՞լ է, չխանգարեցի՞ ձեզ – լսվեց ծիծաղի բաս ձայնը:
- Չէ, ասա՛:
- Անժելա, միգուցե համոզե՞մ փոխես <<Սիրո գործարար ծրագիր>> վերնագիրը <<Սեփական քայլերի հեռացող ձայն>> – ով:
- Արա ինչ ուզում ես, թքա՛ծ:

* * *
Հեռվից երևում է բարձր ցանկապատված մի կառույց:
Կանաչ գույնի, կաղնե փայտից ամուր դարպասներ են:
Ծուռումուռ տառերով մի ցուցանակ է կախված դարպասին, վրան գրված ՛՛Դրախտ՛՛:
Դարպասներից ներս արևոտ օր է, փոքրիկ խոտածածկ բակ, բազմաթիվ խատուտիկներ ու յասամանի թփեր:
Փոքրիկ մի տնակի մոտ, ցածր աթոռի վրա նստած է մի երիտասարդ կին ու տխուր ժպտում է ինքն իրեն:
 Քիչ հեռու մեծ կրծքերով մի կին, կնոջը ոչ հատուկ հուժկու բազուկներով քամում է լվացքը խոտերի վրա և կախում բակում կապված, բազմաթիվ տեղերից պոկված ու կապկպած պարանին…սավան, տղամարդու գուլպաներ, հետո նորից երկու սավան, բարձի երեսներ…
Լվացքից ջրի կաթիլները թափվում են խատուտիկների վրա:
Խատուտիկի տերփուկները սփռվում են բակով մեկ:
Մի հսկա դեղին կատու յասամանի թփերի մոտ խաղում է ժանգոտ մետաղալարի կծիկի հետ:
Աթոռին նստած կնոջ դեմքը հանկարծ վախի սարսափից դառնում է մանուշակագույն:
Աչքերը մեծանում են:
Ձեռքերով փակում է դեմքն ու բղավում…
Աչքերի առջև գեր կնոջ դեմքն է ու գլխի վրա դանդաղ աճող կոտոշները:
Բացում է բերանը ու ցույց տալիս իր դեղին մեծ ժանիքներն ու ծիծաղում:
Լվացքի փոխարեն պարանից կախված են մորթված կատուների գլուխներ, որոնցից արյուն է կաթում կանաչ խոտերին:
Բղավում է կինը ու տեղից  բարձրանալով, վերցնում է փոքրիկ աթոռն ու հարվածում քիչ առաջ լվացք փռող կնոջ գլխին…

… Վազելով մոտենում են երկնագույն շորերով մարդիկ, ծալում են կնոջ ձեռքերը մեջքին ու քարշ տալով խատուտիկների վրայով տանում:
Կինը լացի միջից բղավում էր.
- Ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր, ինչո՞ւ…հինգ տարի քեզ պահել մեծացրել եմ, դու իմ հինգ տարեկան տղան ես ու հիմա լքեցի՞ր ինձ…

Դրախտից դուրս եկող ճանապարհով մի կին էր հեռանում:
Ժամանակ առ ժամանակ կինը կանգնում ու կարծես ինչ որ բան էր փորձում լսել:
Կարծես փորձում էր լսել հեռացող սեփական քայլերի ձայնը…

* * *
- Ծանր դեպք է, երեխա չի ունեցել, բայց խոսում է իր հինգ տարեկան երեխայի հետ:
- Պրոֆեսո՛ր, դա նրա ամուսինն է, ապրել են հինգ տարի:
- Իսկ ինչո՞ւ եք տեղավորել իմ ընդունարանում: Ընդունարանի պատուհաններին երկաթացանց չկա, միգուցե՞ ներս մտնենք, ներարկենք…
- Չի օգնում, փորձել ենք, նա նման չէ հիվանդի, չնայած կապված է, բայց զպաշապիկն էլ չենք հանել:
- Ինչի՞ց է սկսվել, միգուցե պատճառը գտնե՞նք:
- Սկսվել է նկարահանման ժամանակ անսպասելի, ռեժիսորն ասաց: Սա մի յուրահատուկ դեպք է, ոչ ոք ոչինչ չի հասկանում:

Ներսից լսվում էր պարզ ու հստակ հաճելի մի ձայն.
- Վահրա՛մ ջան, հիշո՞ւմ ես ինչպես էի քեզ կերակրում կրծքով, ինչպե՞ս էի քեզ, քո սիրած կարմիր մրգահյութը թափանցիկ շշի մեջ խմեցնում:
Հիշո՞ւմ ես, երբ մի օր անտանելի դողացնում էիր, ես մի ամբողջ գիշեր քեզ իմ մարմնով տաքացնում էի…
Սիրելիս, մի՞թե սերը միայն գիշերային է լինում, ինչպես դու էիր ասում…
Ոչ, իմ սերը միշտ աղաղակել է նաև ցերեկները ու ես դրանից ինձ լավ եմ զգացել:
Հիմա դու ինձ լքե՞լ ես, ոչ, գնացել ես ուղղակի, ես անպայման կգամ քեզ մոտ, անպայման կգտնեմ…միայն թե այն ձեռքերը, որոնք քեզ միշտ ջերմությամբ եմ գրկել, հիմա կապված են, չեմ հասկանում, ինչո՞ւ, ինչո՞ւ…

- Ինչո՞ւ լռեց, մտնենք նե՞րս, պրոֆեսո՛ր:
- Սպասի՛ր, միգուցե հոգնեց, քնել է, դե եթե կապված է թող հանգստանա: Հետո կմոտենանք:

Պատահականորեն բացահայտված սիրո դաժան դեմքի ներկայությամբ, վիրավորանքի մատները դարձել էին հանգույց ու դանդաղորեն սեղմում էին կոկորդը:
Մի վերջին գերմարդկային ճիգ ու ոտքի կանգնած կինը վազեց  այնտեղ, որտեղ երկինքն ու երկիրը միանում են հստակ մի գծով և որտեղ նրան սպասում էր ինչ որ մի բան… մի բան, որի պահանջը նա միշտ զգացել էր…
Վազեց, հասավ պատուհանին, գլխով հարվածեց ու բացեց փեղկերը….

* * *
Սիրո անդեմ տիեզերքը լցված խատուտիկների տերեփուկներով մեկնվել էր զսպաշապիկի մեջ փաթաթված, սառն ասֆալտին փռված անկենդան կնոջ գլխավերևում…


Ս.Ումառ

Սպիտակ ձին



Բոլորը գրում են կապույտ, սև կամ կարմիր մատիտով կամ գրիչով:
Իմ մատիտը սպիտակ է ու ես գրում եմ սպիտակ թղթի վրա:
Գրում եմ միայն ինձ համար, բայց հնարավոր է, որ ինչ որ մեկն էլ կարողանա կարդալ սպիտակի վրա սպիտակով գրված իմ տողերը…
Սպիտա՜կ:
Դա ցավի գույնն է:
Ո՛չ, տարօրինակ չէ, իրոք ցավի գույնը սպիտակ է, գույն, որը կա, բայց չի երևում, ինչպես որ չեն երևում սպիտակ սփռոցի վրա կաթած արցունքի հետքերը,
սպիտակ դեմքը,
սպիտակ շրթունքները…
Իմ ձին էլ սպիտակ ու ինձ տանում հասցնում է ութերորդ հարկում ապրող այն կնոջ բնակարանի մոտ, որին տարիներ առաջ սիրել եմ ու մինչ այժմ սիրում եմ:
Ես այդպես էլ չկարողացա սովորել մոռանալ:

Դռների մեջ կանգնած է մի կին, գլուխը սրբիչով փաթաթած, երևի նոր է լողարանից դուրս եկել:
- Ո՞ւմ եք ուզում, -
- Քեզ, սիրելիս, չե՞ս հիշում ինձ:
- Էս գժերից պրծում չկա, գոնե սափրված լինեիր, կամ մաքուր, արդուկված շորերով, մինչև իմ հարկ հասնելը քանի՞ բնակարան ես մտել:
Հումորը տեղն է, ուրեմն իրոք նա է, իսկ ինչո՞ւ չի հիշում ինձ:
- Ուղիղ քո մոտ, ոչ մի տեղ կանգ չեմ առել, ավելի ճիշտ ձիս չի կանգնել ոչ մի տեղ:
- Ի՞նչ ձի:
- Սպիտակ ձիս, ես քո ասպետն եմ սպիտակ ձիու վրա, հիշո՞ւմ ես ինչպես էիր երազում:
- Ի՞սկ ուր է ձին:
- Վերելակի դռներն է պահում, ու չգնա հանկարծ: Լսիր ժամանակ չունեմ, շուտ հագնվիր գնացինք, քեզ տանում եմ իմ ապարանքը, սպիտակ, սպիտակ քարից, սպիտակ անուրջներից տանիքով, սպիտակ պատուհաններով, որոնց ապակիների վրա սառեցրած տերևներ են, արագացրու, ժամանակ էլ չունեմ, ինձ այնքան քիչ ժամանակ ունեմ, պետք է դեռ սովորեմ մոռանալ, եթե հանկարծ չգաս:
- Ապո՛ւշ,- դուռը փակվեց:
Մոտեցա վերելակին, ձիս հանգիստ ծխում էր՝ հենված վերելակի բացված դռներին:
- Ի՞նչ լավ էիր խոսում, սպիտա՜կ, սպիտա՜կ, իմ մասին էր չէ՞:
- Սրտովս գնա, համ էլ շատ ես ծխում, հոգնե՜լ եմ:
Ձին ծխախոտը հանգցրեց ոտքով, ճզմելով վերելակի հատակին, սեղմեց ներքև տանող կոճակն ու սկսեց հանել վրայի շորերը:
Մինչև հասանք առաջին հարկ նա իր ձիու հագուստը տեղավորել էր պայուսակի մեջ ու տխուր նայում էր:
- Ես էլ եմ հոգնել, ոչ մեկն էլ ասպետի չի սպասում, մենք ծերացանք իրար հետ ու հիմա ի՞նչ է լինելու:
- Գնում ենք  տուն, վաղն էլ կգա՞ս, եթե շատ խնդրեմ, դեռ մի երկու հասցե էլ կա:
- Չէ, բավական է, բռնիր պայուսակս,- ուղղեց կարճ ջինսե շրջազգեստն ու պայուսակը վերցնելով ասաց:
- Ի՞սկ միգուցե գնանք ինձ մոտ, ես կբացեմ դուռը քո առաջ, զարմանքից կբղավեմ ու կգրկեմ քեզ: Ես ինքս քեզ լողացնեմ օճառանուշով, կչորացնեմ իմ անձնական սրբիչով, հետո իրար հետ թեյ կխմենք…ի՞նչ է ես արժանի չեմ երազած ասպետի, ես էլ եմ ցանկանում…
- Ի՞սկ ձի, որտեղի՞ց գտնեմ, առանց ձիու ասպետ չի լինում:
- Ես համաձայն եմ առանց ձիու…
- Չէ, տուն հասնելու փող ունե՞ս, ես ինքս ոտքով եմ գնալու, ե՞րբ կհասնեմ, չգիտեմ:
Արցունքները գլորվում էին աչքերից:
Ցած գցեց պայուսակն ու հեռացավ ափերով սեղմած դեմքը:

Սպիտակ թղթի վրա ավելացնում եմ.

Հ.Գ.   Կնոջ գեղեցկությունը ոչ նրա սանրվածքի մեջ է, ոչ ներկած եղունգների, ոչ շրջազգեստի, լինի կարճ թե երկար, այլ նրա աչքերի մեջ է, աչքերի, որոնք բացում են սրտի այն դուռը որտեղ սերն է ապրում…
Մենք կարող ենք ապրել որտեղ որ հարմար է, ինչպես որ հարմար է, քայլել, քնել, երազել, ծիծաղել, ժամանակից շուտ  թաղել հարազատ մարդկանց, առավոտյան սուրճ մատուցել մեկմեկու, համբուրվել, չնմանվել իրար կամ նմանվել…
… բայց մարդկային թվացող աշխարհից այն կողմ մենք քայլում ենք բռնած իրար ձեռք:
Մե՜նք…
որովհետև մենք հեռավոր անցյալում եղել ենք մի ամբողջություն, ունեցել ենք մեկ ընդհանուր սիրտ:
Դա մեր ողբերգությունը չէ, ոչ իմ, ոչ քո՝ Կին արարած, որ կողի տեսքով լքեցիր ինձ:
Սա մի ընդհանուր սպիտակ ցավ է…
Երբ հայելու մեջ տեսնում ես, որ շուրթերդ սպիտակել են, մի փնտրիր պատճառը, դա պատահում է միայն այն ժամանակ երբ ատամներով ծամում ու կուլ ես տալիս սիրելի մարդու ցավը, սպիտա՜կ, սպիտա՜կ…

Սպիտակ գրիչով էլ ստորագրում եմ       Ս.Ումառ


Աչքերս բացեցեի սպիտակ մի սենյակում:
Դեռ մեկ ամիս առաջ էր որ մի օտարական ՛՛թոքերի բորբոքում՛՛ անունով շրջում էր մարմնովս մեկ ու իր սառցե ձեռքերով հերթով շոյում էր իմ այս կամ այն օրգանը:
Ես հասկացել էի, որ անիմաստ է պայքարել այն ժամանակ, երբ սկսում ես մտքումդ պատկերացնել կամ հաշվել թաղմանդ եկած մեքենաները, մտապահել համարները ու խոսել քո մարմնի հետ, որ մի մտածիր, վերջն այնքան էլ ցավոտ չէ…
Երբ ցանկություն չկա ապրելու՝ պայքարելը դառնում է ծիծաղելի:
Միգուցե պետք է հավատալ ոչ թե անիրական երևույթներին այլ իրական, կենդանի, շոշափելի…նույնիսկ թող դա լինի ծառին կապված այն միակ տերևը, որը կարողանում է դիմանալ քամուն, անձրևին հողմին…ուրեմն դու էլ կդիմաս:
Բայց հրաշքը դա ճակատագրի կամքն չէ…
Հրաշքը դա սերն է, հասկանալը միմյանց, բարությունը, հավատարմությունն ու օգնելու ցանկությունը:
Դու ինքդ կարող ես ինչ որ մեկի համար հրաշք գործել, բայց ամենակարևորը, որ քեզ համար կարող է հրաշք գործել մեկ ուրիշը…որն էլ կարող է փրկել քո կյանքը:

- Նորի՞ց ինչ որ մտքերի հետ, ինչո՞ւ չես ցանկանում օգնել, հասկացիր, հիվանդի օգնությունը բժշկին դա անգնահատելի դեղամիջոց է, իսկ քո ուղեղում քամիներ են քո ընկերների նման:
- Ի՞նչ ընկեր, բժիշկ ջան, ես մենակ եմ այն կապված տերևի…
- Դե լավ, չեմ հասկանում, ի՞նձ թե՞ քեզ ես հիմարի տեղ դնում, այնտեղ մեկը եկել քեզ է հարցնում, ասում է որ քո ձին է, սպիտակ գույնի, կարծես հոգեբուժարան լինի, թողնե՞մ ներս, ցանկանո՞ւմ ես տեսնել նրան:
- Չէ, ասացեք թող գնա տուն, ես ինքս հիմա կգնամ նրա մոտ, թող ինքը դուռը բացի իմ առջև…
Միայն փոխանցեք, որ ես արդեն սովորել եմ մոռանալ…սկսում եմ սպիտակ թղթից: