суббота, 22 февраля 2014 г.

Սիրո գործարար ծրագիրը

Մաս 1 

 * * *
Ճանապարհը նեղ էր, փոշոտ:
Ասֆալտի մասին այստեղ երևի գաղափար չունեն:
՛՛Միթե խառնել եմ ճանապարհը, բայց շատ հստակ հիշում եմ՝ խաչմերուկից աջ, հետո ուղիղ մինչև վերջ ու ձախով…՛՛
Հեռվից երևաց բարձր ցանկապատված մի կառույց:
Կանաչ գույնի, կաղնե փայտից ամուր դարպասներ են:
Ծուռումուռ տառերով մի ցուցանակ է կախված դարպասին, վրան գրված ՛՛Դրախտ՛՛:
Սկսեց բռունցքներով հարվածել դարպասին:
Սոված, հոգնած, ծարավ, այնքան էլ չէին ստացվում թակոցները:
Երկար ժամանակ պատասխան չկար:
Նստեց գետնին, դարպասին հենված:
Արևն իր բռունցքներով անխնա հարվածում էր գլխին:
Գլուխը ծանրացավ ու կախվեց ուսի վրա:
Աչքերը փակվեցին:

…Արթնացավ, զգալով որ ինչ որ մեկը ցնցում է ուսը:
Աչքերի առաջ մի անատամ ծերունի էր:
Չնայած լավ հագնվելուն զգացվում էր գավառական ոճը:
Քթից սահող հեղուկը կախվել էր բեղերին ու չէր կարողանում սահել:
- Ծխելիք ունե՞ս հորեղբայր,- մի բան ասելու համար հարցրեց:
Առանց խոսքի ծերունին գրպանից հանեց հին ամսագրի ծալած մի թուղթ, կտրեց ձեռքերով:
Մյուս գրպանից հանեց մի բուռ թութուն, մոտեցրեց կեղտոտ քթին, հոտ քաշեց:
Թքով թրջեց ամսագրի թուղթը, փաթաթեց թութունն ու մեկնեց տղային:
- Չէ՛, չե՛մ ուզում, փոշմանեցի, սա՞ է ՛՛Դրախտը՛՛:
- Հա՛, մատաղ, սա՛ է, ներսում ծխել չի կարելի, այստե՛ղ ծխիր:
Մուգ կարմրագույն լնդերը ցույց տալով ժպտաց:
- Չե՛մ ուզում, Անժելային կկանչե՞ս, ներսից:
Ծերունին լուռ դեպի իրեն քաշեց ծանր դարպասի դուռը:
Ճռնչալով դուռը տեղի տվեց:

* * *
Լսվեց բացվող դռան ճռռոցի ու համարյա անլսելի քայլերի ձայն:
- Դու դեռ բարկացա՞ծ ես:
- Այո՛, - առանց նրա կողմը նայելու պատասխանեց:
- Բայց ինչո՞ւ, դա իմ աշխատանքն է, եթե ինձ չզանգեն, տղամարդ կամ կին, ինչպե՞ս եմ հավաքելու պատվիրատուներ:
Դու լավ գիտես, որ իմ ամեն մի գրված ՛՛Գործարար ծրագիր՛՛ դա մեր եկամուտն է:
Ինքդ չես աշխատում…
- Երեկ համակարգչիդ մեջ տեսա հաղորդագրություն, ինչ որ Վիգեն քեզ խնդրել է գրել ՛՛Սիրո գործարար ծրագիր՛՛, ինձ հիմարի տեղ ես դրե՞լ:
- Դա՛ կատակ է, հասկացի՛ր, գործնակա՛ն…
- Ոչինչ չեմ ուզում լսել, ես ատո՛ւմ եմ քեզ, հասկանո՞ւմ ես, ատո՛ւմ:
Ե՞րբ ես ինձ հանգիստ թողնելու:

* * *
Ատում էր ամեն ինչի համար, այն ցավի համար, որ նա միշտ իրեն բարությամբ էր պատասխանում:
Այն բանի համար, որ նա շատ գեղեցիկ էր ու միշտ ուշադրության կենտրոնում:
Այն բանի համար, որ նրան բացի իրենից էլ ոչ ոք պետք չէր:
Ատում էր, որ ոչ մի անգամ իրեն առիթ չէր տվել ատելու, խանդելու:
Ատում էր այն բանի համար, որ նա իր բազմաթիվ երկրպագուների միջից ընտրել է իրեն՝ ոչնչով աչքի չընկնող ու ձախողակ անձնավորությանը:
Ատում էր, որ ժամանակին ընկավ ընտանեկան հունի մեջ, հասկացավ կյանքի գեղեցիկ լինելը… որ կարողացավ սովորել սիրել:
Իսկ հիմա ատում է:
Ինչի՞ համար:
Չէր կարող պատասխանել, բայց հաստատ ատում էր, գուցե այն բանի համար, որ նա կարողանում էր կատարել իր ամենատարօրինակ ցանկությունները՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
Կյանքը դարձել էր համաչափ, հանգիստ ու տխուր:
Իրեն պետք են կրքեր, հուզմունքներ, վեճեր, հաշտություններ, զգացողություններ, որ իրեն զգար ոչ թե վանդակի մեջ վազող սկյուռի կարգավիճակում, այլ՝ կենդանի մարդու՝ լեցուն կյանքին հատուկ բոլոր դժվարություններով…
Հասկանում էր, որ երջանիկ է, հասկանում էր, որ գտել է այն, ինչ ուրիշները դեռ փնտրում են:
Երջանկությունը կանգնած էր իր կողքը, բայց դա այն երջանկությունն էր, որին նա ատում էր:
Ատում ամբողջ հոգով:

- Սուրճդ կսառչի, ի՞նչ ես կպել պատուհանին, առաջին անգամ եմ տեսնում, որ քեզ գրավում է անձրևը:

… Պատուհանից դուրս անձրև էր, որոտ:
Թափանցիկ կաթիլները ապակուն փարված սահում էին ցած:
Փողոցում մարդիկ էին վազում, փորձելով թաքնվել անձրևից:
Տարօրինակ օր էր, քանի որ նա փողոցում չտեսավ հովանոցով մարդկանց:
Իսկ ի՞նքը…
Ինքը միշտ գտնվել է կյանքի հովանոցի տակ ու երբեք չի մտածել ինչպե՞ս և ո՞ւմից թաքնվի:
Այդպես տխուր է, տխուր ու ատելի կյանք:
Նրան չէր երևում որ ինքը լալիս է:
Տղամարդ և լա՞ց:
Չգիտեր ի՞նչ կա արդյոք արցունքների մեջ, զղջո՞ւմ, ցա՞վ, հպարտության ոտնահարո՞ւմ, խա՞նդ…
Կարծես արցունքների միջոցով նրանից դուրս էր գալիս ատելությունը, որ նա տածում էր դեպի իր անկողնում պառկած այս հրաշալի, վստահելի կնոջը:
Հիմա էլ չէր հասկանում թե ինչպե՞ս կարելի է ատել մեկին որն իրեն սիրում է…
Բայց այդ համակարգչի թղթապանակների մեջ խնամքով թաքցրած նամա՞կը, այդ Վիգե՞նը,
Այդ ՛՛Սիրո ծրագի՞րը՛՛, ոչինչ չի կարողանում հասկանալ:

- Սուրճդ կսառչի, դե մի փքվիր, ա՛րի:
- Ինձ համա՞ր էլ կարող ես գրել ՛՛Սիրո գործարար ծրագիր՛՛: 

Մոտեցավ, պառկեց անկողնուն, կնոջ կողքը:
Փորձեց սկուտեղի վրայից վերցնել սուրճի բաժակը:
Կինը սկուտեղը մի կողմ դրեց ու իր նուրբ ձեռքերով գրկեց ուսերը:
Նրա ձեռքերի հպումից ամբողջ մարմնով մի դող անցավ:
Ատելության մասին նրա բոլոր մտքերը քանդվեցին խաղաքարտերից պատրաստված տան նման:
Տեսավ նրա թափանցիկ աչքերի մեջ երևացող սահման չունեցող ինչ որ մի զգացմունք:
Համբուրեց:
Շուրթերով գտավ նրա շուրթերն ու այնպես կպավ նրանց կարծես առաջին անգամ լիներ:
Մոռացավ քիչ առաջվա մտքերի մասին:
Ուզում էր այդպես մնալ երկար-երկար, իսկ մնացա՞ծը…
Այդ պահին մնացածը կարևոր չէր:
 Անժելան ազատվեց գիշերանոցից:
Իրեն պետք են կրքեր, հուզմունքներ, վեճեր, հաշտություններ, զգացողություններ…
Կյանքը լցվում էր ի՞ր, թե՞ նրա մեջ, չէր հասկանում, բայց համոզված էր որ ապրում է իր լավագույն պահերը:
Պահեր, որ իրենց համատեղ  կյանքում եղել են բազմաթիվ անգամ:

Գիշերն արթնացավ:
Անձրև դեռ շարունակում էր թակել պատուհանները:
Անկողնում պառկած նայում էր առաստաղին, լսում էր անձրևի ձայնն ու մտածում, թե ինչ թույլ արարած է ինքը:
Համ սիրում է, համ ատում նրան:
Ո՞րն է սրանցից ավելի ուժեղը:

Քնի մեջ Անժելան շարժվեց ու նորից հպվեց իրեն ինչպես կատվի ձագն է դաժան աշխարհից թաքստոց ման գալիս:
Հպվեց, ինչպես փոքրիկն է հպվում կողքը արթուն, աչքը վրան պահող մորը:
Քնաթաթախ ինչ որ բան ասած:
Ձեռքով շոյեց Անժելայի մազերն ու զգաց, որ մի կաթիլ է իր այտով  իջնում:
՛՛Ինչ հիմարն եմ ես, էլ ի՞նչ է ինձ պետք: Ինչպե՞ս կարող եմ նրան ատել, նա արժանի է ավելի մեծ սիրո քան ես եմ կարող նրան տալ: Ես արժանի չեմ նրան: Ինչո՞ւ՛՛:
Այդ ՛՛ինչու՛՛-ի հետ էլ քնեց:
Քնեց ժպիտը շուրթերին, որովհետև գիտեր որ վաղն ուրիշ է լինելու:
Վաղվանից կսիրի նրան՝ ինչպես ոչ ոք չի սիրել երբևէ:
Ինքն իրեն լրիվ կնվիրի նրան:
Որովհետև երջանիկ է և ուզում է անպայման կիսվել նրա հետ:
Որովհետև իրոք սիրում է, սիրում:

* * *
Ծերունին լուռ քաշեց իրեն ծանր դարպասի դուռը:
Ճռնչալով դուռը տեղի տվեց:
Մի պահ կորավ դռան ետևում, հետո երևաց միայն գլուխը:
Նորից բացվեց անատամ լեզուն:
- Դու ո՞ր Անժելին ես ուզում, Թովմասյա՞ն թե՞ …
- Հա՛, հա՛, Թովմասյան, կանչի՛ր, ասա քեզ սպասող կա, ասա, պատվիրատու է, ուզում է Ծրագիր պատվիրել, գործարար, ինքը կհասկանա:
Երկար սպասեց:
Ամպերն արդեն չանգռում էին արևի երեսը ստիպելով հեռանալ երբ երևաց կարծես արդեն ծանոթ ծերունին:
- Անժելը զբաղված է, ասաց նոր ՛՛Սիրո գործարար ծրագիր՛՛ է գրում:
Գնա տղա ջան: Հետո կգաս, երբ ազատվի:
Ի՞նչ գործ ունես, բալա՛մ, քո ատամի բանը չէ…

* * *
…Անժելան արթնացավ:
Ձեռքերը ետ քաշեց նրանից:
Վերմակը սահել ընկել էր գետնին:
Նայեց նրան ոտքից գլուխ, գնահատողի տխուր հայացքով:
Նրա քնի մեջ ժպտացող դեմքը սարսափ առաջացրեց:
՛՛Ինչպե՞ս եմ կարողացել սիրել նրան, չե՛մ հասկանում:
Ինչպե՞ս…՛՛


Մաս 2
Սեփական քայլերի հեռացող ձայնը

Ճանապարհը նեղ է, փոշոտ:
Ասֆալտի մասին այստեղ երևի գաղափար չունեն:
Հեռվից երևում է բարձր ցանկապատված մի կառույց:
Կանաչ գույնի, կաղնե փայտից ամուր դարպասներ են:
Ծուռումուռ տառերով մի ցուցանակ է կախված դարպասին, վրան գրված <<Դրախտ>>:
Գետնին նստած, դարպասին հենված մարդը քնած է:
Ճանապարհը լուսավորված է վառ սպիտակ գույնով:
Մի կին է հեռանում ճանապարհով ու քանի գնում այնքան փոքրանում ու չի երևում:
Թևի տակ վատ սեղմված թղթապանակից թափված թղթերն անկանոն ընկած են ճանապարհի վրա:
Թղթերից մեկի վրա երևում է հաստ տառատեսակով գրված <<Սիրո գործարար ծրագիր>> վերնագիրը:
Ժամանակ առ ժամանակ կինը կանգնում ու կարծես ինչ որ բան է փորձում լսել:
Կարծես փորձում է լսել սեփական քայլերի հեռացող ձայնը…

- Վե՛րջ: Ավարտեցինք այս հատվածը:
Բոլորն ազատ են: Շնորհավորում եմ, ժամանակից երեք օր շուտ ավարտեցինք:
Կհանդիպենք մեկ շաբաթից, Գառնիում:
- Անժելա մոտ արի, այ այս հատվածը <<Ինչպե՞ս եմ կարողացել սիրել նրան, չե՛մ հասկանում:
Ինչպե՞ս…>> հնչյունային ռեժիսորի մոտ մեկ անգամ էլ ձայնագրվիր ու նոր կարող ես գնալ:
Հարցեր կա՞ն:
- Սմբատի՛չ, ինչ լավ եղավ, այսօր ամուսնուս ծննդյան օրն է, կհասցնեմ, արդեն մեկ շաբաթ է առանց տաք ճաշ է մնացել: Չի սպասում այսօր, իսկ եթե հետո ձայնագրե՞նք, խնդրում եմ:
- Քո պրոբլեմներն իմը լինեին, ազատ ես Անժելա, իմ մեքենան քաղաք է գնում, բոլորիդ կտանի:

Բնակարանի դռան մոտ չգիտես ինչու հիշեց սեփական սցենարի կանաչ դարպասները:
Ներս մտավ անաղմուկ:
Բնակարանում վառվող մոմերի հոտ էր:
Սեղանին պատրաստ ընթրիքն էր ու երեք վառած մոմեր:
<<Վահրամը տանը չէ, մոմերն ինչո՞ւ են վառած>>:
Լույսը չվառեց, տեսանելի էր ամեն ինչ:
Ականջին հասան թափվող ջրի կաթիլների ձայնը:
<<Տանն է>>:
Ուրախացավ ու վազեց լողասենյակի կողմը:
Մինչև հասնելը լողասենյակի դռանը հանեց կոշիկներն ու դեն նետեց վրայի շրջազգեստը:
- Վահրամ, բա՛ց արա, ե՛ս եմ, գալի՛ս եմ քեզ մոտ:
Ջրի ձայնը կտրվեց, բայց պատասխան չեղավ:
- Վահրա՛մ:
Լողասենյակի կիսաբացված դռնից դուրս ժայթքած լույսի շողը ապտակի նման իջավ դեմքին:
Կիսաթաց մազերով, կիսահագնված դուրս եկավ ընկերուհին՝ Ալլան:
- Վահրամն իջավ խանութ, հիմա կգա, դու  ինչո՞ւ ժամանակից շուտ եկար: Հիստերիա չսարքես… ես հիմա կհեռանամ:
Կարծես մի ահռելի բեռան տակ լիներ ու դրանից շնչահեղձ էր լինում:
Հասկացավ, որ այդ բեռը վաղուց է կրում:
Հասկացավ, որ չի մաքառել դրանից ազատվելու համար՝ անտեղյակ կամ ավելի ճիշտ մաքուր լինելու պատճառով:
- Դու էլ հրեշտա՛կ չես, սցենարիստից դարձել ես դերասանուհի ու նկարահանվում ես սրա նրա ծոցը մտած…
Հիմա գիտակցությունից դուրս նա զգում էր մի այնպիսի սպիտակից սևի վերափոխված աշխարհ, ուր մտել էր քիչ առաջ:

… Անօգնական փլվեց հատակին:
Երկրագունդը չէր պտտվում:
Ալլայի ետևից չփակված, դռնից ներս թափանցած քամու ձեռքերի մեջ, քամելիոն սերը գույնը փոխել էր, դարձել սև ու բոսոր  գույների խառնուրդ ու չարություն էր անում սենյակում:
Բնակարան մտնելուց առաջ ունեցած հուզառատ խինդը միանգամից էր լքել, հեռացել:
Սիրո խոժոռ դեմքն ու դավաճան շուրթերը փչել, հանգցրել էին սեղանի վրայի վառվող մոմերը:
Գլխում դեպի անդունդ սլացող տրամվայի աղեկտուր զանգ-ազդանշանն էր:
Կանգնած էր երկրագունդը, հանգիստ, անշարժ:

Պայուսակից վաղուց լսվում էր հեռախոսի զանգը:
Առանց տեղից վեր կենալու ձգվեց, մոտ քաշեց պայուսակը:
- Ասա՛ Սմբատիչ, ի՞նչ է եղել:
- Ձայնդ մահացե՞լ է, չխանգարեցի՞ ձեզ – լսվեց ծիծաղի բաս ձայնը:
- Չէ, ասա՛:
- Անժելա, միգուցե համոզե՞մ փոխես <<Սիրո գործարար ծրագիր>> վերնագիրը <<Սեփական քայլերի հեռացող ձայն>> – ով:
- Արա ինչ ուզում ես, թքա՛ծ:

* * *
Հեռվից երևում է բարձր ցանկապատված մի կառույց:
Կանաչ գույնի, կաղնե փայտից ամուր դարպասներ են:
Ծուռումուռ տառերով մի ցուցանակ է կախված դարպասին, վրան գրված ՛՛Դրախտ՛՛:
Դարպասներից ներս արևոտ օր է, փոքրիկ խոտածածկ բակ, բազմաթիվ խատուտիկներ ու յասամանի թփեր:
Փոքրիկ մի տնակի մոտ, ցածր աթոռի վրա նստած է մի երիտասարդ կին ու տխուր ժպտում է ինքն իրեն:
 Քիչ հեռու մեծ կրծքերով մի կին, կնոջը ոչ հատուկ հուժկու բազուկներով քամում է լվացքը խոտերի վրա և կախում բակում կապված, բազմաթիվ տեղերից պոկված ու կապկպած պարանին…սավան, տղամարդու գուլպաներ, հետո նորից երկու սավան, բարձի երեսներ…
Լվացքից ջրի կաթիլները թափվում են խատուտիկների վրա:
Խատուտիկի տերփուկները սփռվում են բակով մեկ:
Մի հսկա դեղին կատու յասամանի թփերի մոտ խաղում է ժանգոտ մետաղալարի կծիկի հետ:
Աթոռին նստած կնոջ դեմքը հանկարծ վախի սարսափից դառնում է մանուշակագույն:
Աչքերը մեծանում են:
Ձեռքերով փակում է դեմքն ու բղավում…
Աչքերի առջև գեր կնոջ դեմքն է ու գլխի վրա դանդաղ աճող կոտոշները:
Բացում է բերանը ու ցույց տալիս իր դեղին մեծ ժանիքներն ու ծիծաղում:
Լվացքի փոխարեն պարանից կախված են մորթված կատուների գլուխներ, որոնցից արյուն է կաթում կանաչ խոտերին:
Բղավում է կինը ու տեղից  բարձրանալով, վերցնում է փոքրիկ աթոռն ու հարվածում քիչ առաջ լվացք փռող կնոջ գլխին…

… Վազելով մոտենում են երկնագույն շորերով մարդիկ, ծալում են կնոջ ձեռքերը մեջքին ու քարշ տալով խատուտիկների վրայով տանում:
Կինը լացի միջից բղավում էր.
- Ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր, ինչո՞ւ…հինգ տարի քեզ պահել մեծացրել եմ, դու իմ հինգ տարեկան տղան ես ու հիմա լքեցի՞ր ինձ…

Դրախտից դուրս եկող ճանապարհով մի կին էր հեռանում:
Ժամանակ առ ժամանակ կինը կանգնում ու կարծես ինչ որ բան էր փորձում լսել:
Կարծես փորձում էր լսել հեռացող սեփական քայլերի ձայնը…

* * *
- Ծանր դեպք է, երեխա չի ունեցել, բայց խոսում է իր հինգ տարեկան երեխայի հետ:
- Պրոֆեսո՛ր, դա նրա ամուսինն է, ապրել են հինգ տարի:
- Իսկ ինչո՞ւ եք տեղավորել իմ ընդունարանում: Ընդունարանի պատուհաններին երկաթացանց չկա, միգուցե՞ ներս մտնենք, ներարկենք…
- Չի օգնում, փորձել ենք, նա նման չէ հիվանդի, չնայած կապված է, բայց զպաշապիկն էլ չենք հանել:
- Ինչի՞ց է սկսվել, միգուցե պատճառը գտնե՞նք:
- Սկսվել է նկարահանման ժամանակ անսպասելի, ռեժիսորն ասաց: Սա մի յուրահատուկ դեպք է, ոչ ոք ոչինչ չի հասկանում:

Ներսից լսվում էր պարզ ու հստակ հաճելի մի ձայն.
- Վահրա՛մ ջան, հիշո՞ւմ ես ինչպես էի քեզ կերակրում կրծքով, ինչպե՞ս էի քեզ, քո սիրած կարմիր մրգահյութը թափանցիկ շշի մեջ խմեցնում:
Հիշո՞ւմ ես, երբ մի օր անտանելի դողացնում էիր, ես մի ամբողջ գիշեր քեզ իմ մարմնով տաքացնում էի…
Սիրելիս, մի՞թե սերը միայն գիշերային է լինում, ինչպես դու էիր ասում…
Ոչ, իմ սերը միշտ աղաղակել է նաև ցերեկները ու ես դրանից ինձ լավ եմ զգացել:
Հիմա դու ինձ լքե՞լ ես, ոչ, գնացել ես ուղղակի, ես անպայման կգամ քեզ մոտ, անպայման կգտնեմ…միայն թե այն ձեռքերը, որոնք քեզ միշտ ջերմությամբ եմ գրկել, հիմա կապված են, չեմ հասկանում, ինչո՞ւ, ինչո՞ւ…

- Ինչո՞ւ լռեց, մտնենք նե՞րս, պրոֆեսո՛ր:
- Սպասի՛ր, միգուցե հոգնեց, քնել է, դե եթե կապված է թող հանգստանա: Հետո կմոտենանք:

Պատահականորեն բացահայտված սիրո դաժան դեմքի ներկայությամբ, վիրավորանքի մատները դարձել էին հանգույց ու դանդաղորեն սեղմում էին կոկորդը:
Մի վերջին գերմարդկային ճիգ ու ոտքի կանգնած կինը վազեց  այնտեղ, որտեղ երկինքն ու երկիրը միանում են հստակ մի գծով և որտեղ նրան սպասում էր ինչ որ մի բան… մի բան, որի պահանջը նա միշտ զգացել էր…
Վազեց, հասավ պատուհանին, գլխով հարվածեց ու բացեց փեղկերը….

* * *
Սիրո անդեմ տիեզերքը լցված խատուտիկների տերեփուկներով մեկնվել էր զսպաշապիկի մեջ փաթաթված, սառն ասֆալտին փռված անկենդան կնոջ գլխավերևում…


Ս.Ումառ

Սպիտակ ձին



Բոլորը գրում են կապույտ, սև կամ կարմիր մատիտով կամ գրիչով:
Իմ մատիտը սպիտակ է ու ես գրում եմ սպիտակ թղթի վրա:
Գրում եմ միայն ինձ համար, բայց հնարավոր է, որ ինչ որ մեկն էլ կարողանա կարդալ սպիտակի վրա սպիտակով գրված իմ տողերը…
Սպիտա՜կ:
Դա ցավի գույնն է:
Ո՛չ, տարօրինակ չէ, իրոք ցավի գույնը սպիտակ է, գույն, որը կա, բայց չի երևում, ինչպես որ չեն երևում սպիտակ սփռոցի վրա կաթած արցունքի հետքերը,
սպիտակ դեմքը,
սպիտակ շրթունքները…
Իմ ձին էլ սպիտակ ու ինձ տանում հասցնում է ութերորդ հարկում ապրող այն կնոջ բնակարանի մոտ, որին տարիներ առաջ սիրել եմ ու մինչ այժմ սիրում եմ:
Ես այդպես էլ չկարողացա սովորել մոռանալ:

Դռների մեջ կանգնած է մի կին, գլուխը սրբիչով փաթաթած, երևի նոր է լողարանից դուրս եկել:
- Ո՞ւմ եք ուզում, -
- Քեզ, սիրելիս, չե՞ս հիշում ինձ:
- Էս գժերից պրծում չկա, գոնե սափրված լինեիր, կամ մաքուր, արդուկված շորերով, մինչև իմ հարկ հասնելը քանի՞ բնակարան ես մտել:
Հումորը տեղն է, ուրեմն իրոք նա է, իսկ ինչո՞ւ չի հիշում ինձ:
- Ուղիղ քո մոտ, ոչ մի տեղ կանգ չեմ առել, ավելի ճիշտ ձիս չի կանգնել ոչ մի տեղ:
- Ի՞նչ ձի:
- Սպիտակ ձիս, ես քո ասպետն եմ սպիտակ ձիու վրա, հիշո՞ւմ ես ինչպես էիր երազում:
- Ի՞սկ ուր է ձին:
- Վերելակի դռներն է պահում, ու չգնա հանկարծ: Լսիր ժամանակ չունեմ, շուտ հագնվիր գնացինք, քեզ տանում եմ իմ ապարանքը, սպիտակ, սպիտակ քարից, սպիտակ անուրջներից տանիքով, սպիտակ պատուհաններով, որոնց ապակիների վրա սառեցրած տերևներ են, արագացրու, ժամանակ էլ չունեմ, ինձ այնքան քիչ ժամանակ ունեմ, պետք է դեռ սովորեմ մոռանալ, եթե հանկարծ չգաս:
- Ապո՛ւշ,- դուռը փակվեց:
Մոտեցա վերելակին, ձիս հանգիստ ծխում էր՝ հենված վերելակի բացված դռներին:
- Ի՞նչ լավ էիր խոսում, սպիտա՜կ, սպիտա՜կ, իմ մասին էր չէ՞:
- Սրտովս գնա, համ էլ շատ ես ծխում, հոգնե՜լ եմ:
Ձին ծխախոտը հանգցրեց ոտքով, ճզմելով վերելակի հատակին, սեղմեց ներքև տանող կոճակն ու սկսեց հանել վրայի շորերը:
Մինչև հասանք առաջին հարկ նա իր ձիու հագուստը տեղավորել էր պայուսակի մեջ ու տխուր նայում էր:
- Ես էլ եմ հոգնել, ոչ մեկն էլ ասպետի չի սպասում, մենք ծերացանք իրար հետ ու հիմա ի՞նչ է լինելու:
- Գնում ենք  տուն, վաղն էլ կգա՞ս, եթե շատ խնդրեմ, դեռ մի երկու հասցե էլ կա:
- Չէ, բավական է, բռնիր պայուսակս,- ուղղեց կարճ ջինսե շրջազգեստն ու պայուսակը վերցնելով ասաց:
- Ի՞սկ միգուցե գնանք ինձ մոտ, ես կբացեմ դուռը քո առաջ, զարմանքից կբղավեմ ու կգրկեմ քեզ: Ես ինքս քեզ լողացնեմ օճառանուշով, կչորացնեմ իմ անձնական սրբիչով, հետո իրար հետ թեյ կխմենք…ի՞նչ է ես արժանի չեմ երազած ասպետի, ես էլ եմ ցանկանում…
- Ի՞սկ ձի, որտեղի՞ց գտնեմ, առանց ձիու ասպետ չի լինում:
- Ես համաձայն եմ առանց ձիու…
- Չէ, տուն հասնելու փող ունե՞ս, ես ինքս ոտքով եմ գնալու, ե՞րբ կհասնեմ, չգիտեմ:
Արցունքները գլորվում էին աչքերից:
Ցած գցեց պայուսակն ու հեռացավ ափերով սեղմած դեմքը:

Սպիտակ թղթի վրա ավելացնում եմ.

Հ.Գ.   Կնոջ գեղեցկությունը ոչ նրա սանրվածքի մեջ է, ոչ ներկած եղունգների, ոչ շրջազգեստի, լինի կարճ թե երկար, այլ նրա աչքերի մեջ է, աչքերի, որոնք բացում են սրտի այն դուռը որտեղ սերն է ապրում…
Մենք կարող ենք ապրել որտեղ որ հարմար է, ինչպես որ հարմար է, քայլել, քնել, երազել, ծիծաղել, ժամանակից շուտ  թաղել հարազատ մարդկանց, առավոտյան սուրճ մատուցել մեկմեկու, համբուրվել, չնմանվել իրար կամ նմանվել…
… բայց մարդկային թվացող աշխարհից այն կողմ մենք քայլում ենք բռնած իրար ձեռք:
Մե՜նք…
որովհետև մենք հեռավոր անցյալում եղել ենք մի ամբողջություն, ունեցել ենք մեկ ընդհանուր սիրտ:
Դա մեր ողբերգությունը չէ, ոչ իմ, ոչ քո՝ Կին արարած, որ կողի տեսքով լքեցիր ինձ:
Սա մի ընդհանուր սպիտակ ցավ է…
Երբ հայելու մեջ տեսնում ես, որ շուրթերդ սպիտակել են, մի փնտրիր պատճառը, դա պատահում է միայն այն ժամանակ երբ ատամներով ծամում ու կուլ ես տալիս սիրելի մարդու ցավը, սպիտա՜կ, սպիտա՜կ…

Սպիտակ գրիչով էլ ստորագրում եմ       Ս.Ումառ


Աչքերս բացեցեի սպիտակ մի սենյակում:
Դեռ մեկ ամիս առաջ էր որ մի օտարական ՛՛թոքերի բորբոքում՛՛ անունով շրջում էր մարմնովս մեկ ու իր սառցե ձեռքերով հերթով շոյում էր իմ այս կամ այն օրգանը:
Ես հասկացել էի, որ անիմաստ է պայքարել այն ժամանակ, երբ սկսում ես մտքումդ պատկերացնել կամ հաշվել թաղմանդ եկած մեքենաները, մտապահել համարները ու խոսել քո մարմնի հետ, որ մի մտածիր, վերջն այնքան էլ ցավոտ չէ…
Երբ ցանկություն չկա ապրելու՝ պայքարելը դառնում է ծիծաղելի:
Միգուցե պետք է հավատալ ոչ թե անիրական երևույթներին այլ իրական, կենդանի, շոշափելի…նույնիսկ թող դա լինի ծառին կապված այն միակ տերևը, որը կարողանում է դիմանալ քամուն, անձրևին հողմին…ուրեմն դու էլ կդիմաս:
Բայց հրաշքը դա ճակատագրի կամքն չէ…
Հրաշքը դա սերն է, հասկանալը միմյանց, բարությունը, հավատարմությունն ու օգնելու ցանկությունը:
Դու ինքդ կարող ես ինչ որ մեկի համար հրաշք գործել, բայց ամենակարևորը, որ քեզ համար կարող է հրաշք գործել մեկ ուրիշը…որն էլ կարող է փրկել քո կյանքը:

- Նորի՞ց ինչ որ մտքերի հետ, ինչո՞ւ չես ցանկանում օգնել, հասկացիր, հիվանդի օգնությունը բժշկին դա անգնահատելի դեղամիջոց է, իսկ քո ուղեղում քամիներ են քո ընկերների նման:
- Ի՞նչ ընկեր, բժիշկ ջան, ես մենակ եմ այն կապված տերևի…
- Դե լավ, չեմ հասկանում, ի՞նձ թե՞ քեզ ես հիմարի տեղ դնում, այնտեղ մեկը եկել քեզ է հարցնում, ասում է որ քո ձին է, սպիտակ գույնի, կարծես հոգեբուժարան լինի, թողնե՞մ ներս, ցանկանո՞ւմ ես տեսնել նրան:
- Չէ, ասացեք թող գնա տուն, ես ինքս հիմա կգնամ նրա մոտ, թող ինքը դուռը բացի իմ առջև…
Միայն փոխանցեք, որ ես արդեն սովորել եմ մոռանալ…սկսում եմ սպիտակ թղթից:


Փորձի՜ր… սիրելիս


Համբույրս գետ է՝
սարերի մաքուր հալված ձյուներից,
քամու բերանն ընկած
անտառի թախծոտ չոր տերևներից,
կարոտ հույզերից…
սրտիս զարկերից…
և դու փորձում ես դրա դեմն առնե՞լ,
բերա՞նս փակել…

Արդյոք եղե՞լ է մեկը աշխարհում,
որ կարողանա դեմն առնել ջրի,
փորձի՛ր, թող փոխվի հունը համբույրիս,
ո՞ւր պիտի գնա,
չքվի աշխարհի՞ց:

Աշխա՞րհը…
աշխարհը  դո՛ւ ես, դո՜ւ ես…
կրծքերդ էլ բուրում են թարմ լավաշի պես,
փորձի՛ր, թող փոխվի հունը համբույրիս,
կո՛ւրծքդ չլինի,
շո՛ւրթդ կլինի,
մազե՛րդ,
ո՛ւսդ,
ո՛տքդ,
գլո՛ւխդ…

Համբույրս գետ է՝
սարերի մաքուր հալված ձյուներից,
… քո պահեստավորված անփույթ խոսքերից:
- Գլուխս է ցավում  ու հանգի՛ստ թող ինձ…

Ձա՜յնդ…
Գինի – լռությո՜ւն,
մեռո՛ն շուրթերի,
երաժշտություն՝ գնչուական թափառ ցեղերի…

Պա՛հն է վայնասուն, որ ստիպում է ինձ,
ստիպում համբույրիս,
նայել քո փակված դռան դիտանցքի
հակառակ կողմից,

Արդյո՞ք եղել է մեկը աշխարհում,
որ կարողանա դեմն առնել ջրի …
Փորձիր թող փոխվի հունը համբույրիս…


Կրկին ապրել


Թվում էր թե արևը բարեխղճորեն իր գործը արել էր ու երևի թինկ տված ինչ որ մի երկնային առարկայի, գոհ իր ներկայությունից, հանգստանում էր՝:
Շուրջը հնարավորինս չափ լուսավոր էր, , բայց աչքերը ոչինչ չէին տեսնում, աչքերից սողալով իջնում էին աղեհամ ջրի կաթիլներ ու քայլերին համաչափ ծնոտից կաթում գետնին:
Ընդամենը տասը րոպե առաջ Տիեզերքում կատարվել էր ինչ որ սխալ, ինչ որ անհասկանալի մի բան ու ցավ պատճառել…
Կյանքն այնքան գաղտնիքներ ունի որ…
Արցունքների միջից միայն այգին էր երևում,  շատ լղոզված պատկերներով՝ դատարկ նստարաններ ու արևի ներկայությամբ չարություններ անող մի թեթև քամի:
Թաշկինակով մաքրեց արցունքներն ու զգաց որ ոտքերն առաջ էլ չեն կարող գնալ:
Հանկարծ աչքին ընկավ նստարաններից մեկի վրա նստած մի հնամյա ծերուկի, ոտքից գլուխ ստիտակ, ճմրթված շորերով ու չգիտես ինչու նստեց հենց այդ նստարանին:
Վերջին վեց ամսվա կյանքը տեղավորվեց նստարանին արդեն անտարբեր ինչ որ բան ընկալելու:
- Նեղացրե՞լ են:
- Ըհը…
- Պարզ է, սիրած տղամա՞րդը:
- Ըհը…
- Եվ ինչ, հրաժարվե՞ց, վախեցա՞վ, թե՞ ասաց որ ուրիշին է սիրում:
- Ըհը…
- Պարզ է, սովորական երևույթ:
Զարմացած նայեց ծերուկին որի համար կորուստն ու ապրել չցանկանալը սովորական երևույթներ են:
- Երկա՞ր եք հանդիպել:
- Վեց ամիս:
- Ասաց, որ չի ցանկանում հայր լինել, որ դեռ պետք է վայելի կյանքը, թե՞:
- Նման մի բան…
- Պարզ է, դաժան է, հասկանում եմ, միգուցե ուրիշին է սիրում, միգուցե չի հասկանում, միգուցե չի սիրել, այլ օգտագործել է քեզ…
- Լռիր, խնդրում եմ, այդպես ստացվեց, կարևորը որ ես եմ սիրում, պատրաստ եմ ամեն ինչի…
- Պարզ է, արցունքներն այստեղ չեն օգնի, հարկավոր է գործել:
- Այսի՞նքն:
- Կցանկանա՞ս նորից ապրել այդ վեց ամիսը, իմանալով, որ նույն ավարտն է ունենալու:
- Ի՞նչ:
- Դու լսեցիր, ես Արևի հովանավորն եմ, կարող եմ միջնորդել, եթե իհարկե ցանկանաս անկեղծ: Դժվար կլինի վերջաբանի կրկնությունը, բայց կյանքն է այդպիսին, դե՞:

Նորից լինել նրա գրկում, ձեռքերով ամուր փաթաթվել նրա պարանոցին, շուրթերով սեղմվել, զգալ քեզ հաճելի մարդու բույրը, զարմանալ  կատարելիության չափ կերտված մարմնի ջերմության վրա…
Լինել նրանից անբաժան մի ֆիզիկակական մարմին, հոգին խառնել նրա հոգուն ու այդ խառնուրդն ընդունել քո մեջ, զգալ տիեզերքում քո տեղն ու երջանկությունից անվերջ շշնջալ. 
- Էլի, էլի…մի գնա…իրո՞ք շուտ կգաս, խնդրում եմ, մի նայիր այդպես…ի՞նչ, սո՞ւրճ, հիմա կբերեմ սիրելիս, միայն թե չքնես…մի խաղա մազերիս հետ…
Նայել նրան քնած վիճակում, տեսնել նրա հաճույքից բավարարված  ժպիտը, հասկանալ որ առանց նրա ամեն ինչ դառնում է անիրական ու դատարկ…
Նորից ապրել բաժանման զզվելի պահն ու հասկանալ, որ ուրախության արցունքներից բացի կան նաև ցավեցնող արցունքներ՝ դառը  ու դաժան:
Հասկանալ լքված լինելու անիմաստ մի իրավիճակ, երբ ամեն ինչ կանգ է առնում…
Պայուսակը բացեց, հանեց ծխախոտի տուփն ու մեկնեց ծերուկին:
- Չէ, ես չեմ ծխում, - ծերուկը մի քիչ հեռու քաշվեց նստարանի վրա:
Վառեց ծխախոտն ու ծուխը ներս քաշեց:
Այդ պահին ինչ որ բան կատարվեց ներսում, մի հաճելի ու հարազատ անհասկանալի բան, կարծես Արևը բան ու գործը թողած վազելով մոտեցավ ու առանց հարցնելու արագ լցվեց իր մեջ, սահեց կոկորդով, տաքացրեց կրծքերն ու լցվեց փորը…
Հեռվից, բայց շատ պարզ ու հստակ, Առաջին անգամ լսեց կյանքում երբեք չլսած մի ձայն.
- Մա՛մ, մի ծխիր էլի…
Ծխախոտը շպրտեց գետնին:
Ձեռքը դրեց փորին, ժպտաց, մտածեց.
«Աղջիկ է», նայեց ծերուկի ժպտացող աչքերին, ինքն էլ ժպտաց:
Ծերունին նրա ժպիտը երևի այլ կերպ հասկացավ ու հարցրեց.
- Իհարկե, չես ցանկանա նորից ապրել այդ վեց ամիսը, լսել քեզնից հրաժարվելու նրա..,  ես քեզ հասկանում եմ:
- Սխալ ես հասկացել, իհարկե ցանկանում եմ, ցանկանում եմ…
Բղավոցից ծերունին երկու ափերով փակեց ականջները:
- Լա՞վ ես մտածել, վերջնակա՞ն:
Ձեռքը փորից չէր հեռացնում, անընդհատ ժպտում էր:
- Լավ եմ մտածել:

Մաքրեց աչքերը, նայեց կողքը, որտեղ ծերունին էր նստած ու զարմացավ:
Ծերունու փոխարեն մի չորացած, դեղին տերև էր նստարանի վրա:
Նորից լսեց արդեն հարազատ դարձած բարակ ու երգեցիկ մի ձայն.
«Մա՛մ, մրսում եմ, գնանք տուն»:

Արևն իր գործը բարեխղճորեն կատարած, դանդաղ հեռանում էր՝ իր ետևից քարշ տալով դեղին շորի փեշերը, որի վարայով դեպի տուն էին շտապում սպասումի երկու էակներ, որոնցից մեկը խոսում էր, իսկ մյուսը լսում…
Դեռ աշխարհ չեկած, բայց իր ներկայությունը ցուցադրած փոքրիկ ու թանկագին էակը թաթիկներով ու տոտիկներով համաձայնության նշաններ էր անում:

- Ով սիրում է, նա երբեք ոչինչ չի կորցնում, դա պարգև է, ամենաթանկ բանն աշխարհում, միայն հանուն նրա, հանուն քեզ, որ ապրում եք սրտիս մեջ, հարկավոր է ապրել…
կրկին ապրել…



Ս.Ումառ

Լուսնաթով


Արդեն չի հիշում, թե քանի օր է, որ այսպես կանգնում է պատուհանի մոտ ու նայում միայնակ փողոցի լռությանը, զգում նրա թախիծն ու անպայման նայելով ստուգում, թե Լուսինն ինչպիսին է…
Լուսնից շատ բան է կախված:
Նրա վրա կատարվող ամեն մի փոքր, չերևացող երևույթ անդրադառնում է դեպի մեզ՝մարդիկ:

- Կառողջանա, անպայման կառողջանա,- ցածր ասաց կինն ու այդ պահին լսեց հեռավոր մի ձայն շատ նման շան հաչոցի, հետո կարծես թե մեքենայի շարժիչի ձայն էր, որ հասավ ականջին:
Քամին բերում էր հասցնում նրա ականջին ձայներ՝ ապացույց, որ աշխարհը դեռ ապրում է, որ ինքը միայնակ չէ, որ իր անկողնում պառկած հարազատ մարդը դեռ կարող է ապաքինվել…
«Ապաքինվել, Աստված իմ միայն թե ուշքի գա, արդեն քանի՞ օր է որ…»  
Անընդհատ կրկնում է
«Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես», եթե անգիտակից է ապա որտեղից լսվում նրա ձայնը, ի՞նչ է դրանով հասկացնում…
Միգուցե իսկապես Լուսինն ունի հատկություն ինչ որ բան հասկացնելու, փոխելու ինչ որ ընթացք ու ձեռք մեկնելու իրեն այդքան խնդրողներին, ունի իհարկե, ես հավատում եմ…

Բոլոր Աստվածների կողմից մոռացված այդ փոքրիկ  բնակարանում թվում է թե երկուսով են, բայց ոչ, թախիծն էլ է այստեղ, քամին էլ ու նոթերը տարօրինակ ձևով կիտած ծեր Լուսինը՝ միակ մխիթարանքն ու հույսը:
Անկողնուց նորից լսվեց հերթական «Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես»:
Մոտեցավ անկողնուն, շոյեց տղամարդու գլուխն ու հասկացավ, որ դա միայն իրեն թվում է, որ նա չի կարող խոսել, որ դա իր վառ երևակայության արդյունքն է, դա Լուսնից եկող ինչ որ արձագանք է:
Տխրեց:
Գլուխը հենեց տղամարդու կրծքին, ափերով զգույշ շոյեց արդեն մազակալած դեմքը, զգաց որ երկար չի դիմանա այսպես, հիշեց բուժող բժշկի խոսքերը.
- Նրան տուն է հարկավոր տանել, դե ինչքան դիմանա, դիմանա, բժշկությունն անզոր է:
Հիշեց բժշկին, որը շատ նման էր Լուսնից իջած մարդու, հիշեց տարածած ձեռքերը, որոնք նրան տվեցին սպիտակ խաչի տեսք…
- Այսօր ուրբաթ է, Լուսնաթով, միգուցե ամեն ինչ կարգավորվի…
Այդ օրվանից սկսած կինը սկսեց պաշտել Լուսնին:

Ամեն գիշեր նստում էր պատուհանագոգին ու երկար նայում Լուսնին՝ երկնային անհայտ ուժերի այդ կիզակետին ու սպասում, աղոթում իր իմացած աղոթքներով, որոնք տարբերվում էին սովորոկան աղոթքներից:
Տղամարդը հանկարծ կարծես լսելի շշնջաց.
- Եթե սիրում ես…,- շարունակությունը միշտ մնում էր կիսատ:
- Ես կգժվեմ, այս ի՞նչ ձայներ են ականջիս հասնում, սա ի՞նչ է, ի՞նչ անտանելի երևույթ:
Մոտեցավ պատուհանին, նայեց Լուսնին:
Լուսինը լողաց իր պարագծով ու տարածվեց երկնակամարում, դարձավ տձև ու հանկարծ վայրենի արագությամբ սլացավ դեպի կինը:
Կինն ակամա ետ քաշվեց պատուհանից, ափով փակեց բերանն ու շրջվեց դեպի անհանգիստ շնչառությամբ տղամարդը:
Տղամարդը տնքում էր և սա արդեն երևակայություն չէր այլ պարզ ու հստակ տնքոց:
Կյանքը շարունակվում էր, ուղեղի մեջ, պտտվում, խառնվում հիշողության բոլոր լարերին, անսովոր մի երաժշտություն էր, մեկ հաճելի մեկ տհաճ, ցավ էր, անքնություն, հույս էր ու սև գիշերվա մեջ սպիտակ մի լուսնաձեռք, որը կարմիր թղթի վրա բառեր էր գրում, անհասկանալի, տաք ու դա պատրանք չէր:
Հիշեց տղամարդու խոստովանանքը.
- Շատ եմ սիրում սուրճ խմել, բայց պատրաստել չեմ սիրում:
Գնաց խոհանոց, չգիտես ինչու պատրաստեց երկու բաժակ սուրճ ու սկուտեղի վրա մտավ սենյակ:
« Հիմար եմ, կորցնում եմ ինքնատիրապետումս, սա արդեն բանի նման չէ, իսկ ես դեռ պետք եմ նրան:»

Պատուհանին երևաց կնճռոտ մի դեմք, հետո լսվեց ապակուն հպվելու մի նուրբ թակոց:
Կինը վախից ցած գցեց սկուտեղն ու սեղմվեց պատին:
- Բաց արա՛, ես եմ` Լուսինը, մի՛ վախեցիր:
Ոտքերը մի կերպ շարժվեցին դեպի պատուհանը:
Ձայնը բարի էր, Աստվածային, բայց վախ ներշնչող:
- Հիշո՞ւմ ես, ամառանոցում, երբ առանձնացար նրա հետ ու ման էիք գալիս, հանկարծ ձեր դիմաց երևաց մի ձոր, խոր, կարծես անհուն, հիշի՛ր, դա քեզ կօգնի ազատվելու իմ ներկայությունից, հիշի՜ր…

- Աննա, մոտ արի, տես ինչ գեղեցիկ է ձորը, այստեղից անհություն է բուրում, պատկերացնո՞ւմ ես , եթե ես բանաստեղծ լինեի՜:
- Զգույշ, հիմարություն ես անում, ետ արի, ես վախենում եմ:
- Արի այստեղ, մի վախեցիր:
Աննան մոտեցավ, բռնեց տղամարդու ձեռքն ու նայեց ներքև:
Գլուխը պտտվեց:
- Սարսափելի է, ետ գնանք:
- Գեղեցիկն ինչպե՞ս կարող է սարսափելի լինել, նայիր, հրաշք է:
 Աննան ձեռքը բաց թողեց, մի քայլ ետ գնաց ու հանկարծ հարցրեց:
- Դու սիրո՞ւմ ես ինձ:
- Իհարկե սիրում եմ, դա ի՞նչ հարց է:
- Եթե սիրում ես, ցած նետվիր դեպի քո այդ գեղեցիկը:
Տղամարդը ժպտաց, հետո կարծես սթափվելով ինքը հարցրեց:
- Իսկ դո՞ւ:
- Ես ի՞նչ:
- Դու սիրո՞ւմ ես ինձ:
- Իհարկե, սիրում եմ:
- Եթե սիրում ես ինքդ հրիր ինձ…

Աչքերը բացեց, պաուհանին մի հետք էր, լուսնաձեռքի սպիտակ հետք:
Աննան երկու ձեռքով բռնեց գլուխն ու արագ վազելով մոտեցավ անկողնուն ու հրեց տղամարդուն:
Տղամարդն ընկավ հատակին:
…Հեռվից մի ձայն լսեց, հարազատ ու խնդրող:
- Աննա, ջո՜ւր…
Աչքերը բացեց, տղամարդու կիսաբաց աչքերը նայում էին իրեն:
- Ի՞նչ:
- Ջո՜ւր, խնդրո՜ւմ եմ…
Ուրբաթ էր:

Լուսնաթով: