понедельник, 8 сентября 2014 г.

ՀՐԱՇՔ





Միշտ զարմացել եմ, թե որքան ուժեղ է կին արարածը:
Նախանձել եմ:
Պատկերացնում եք մեկ օր- 24 ժամ- 1440 րոպե- 86400 վայրկյան այդ ուժեղ արարածը քո աչքի առաջ պտտվում է ու դու՝ անզոր որևէ բան անելու:
Որտե՞ղ է ծվարել այդ արարածի Աքիլլեսյան գարշապարը:
Որոշեցի անպայման գտնել ու պատկերացնում եք իմ չորս տարվա տանջալից արդյունքն ավարտվեց հաջողությամ:
Ես գտա՜…
Բայց մինչ անցնելը նրա Աքիլլեսյան գարշապարին (չիմացողների համար նշեմ, որ գարշապարը դա կնոջ մարմնի օրգան չէ) ես արեցի մի գյուտ, որի մասին կցանկանայի կիսվել:
Մի անգամ մտա ննջարան, որտեղ առանց մակիյաժ, առանց մանիկյուր, առանց պեդիկյուր առանց էպիլյացիայի նա կիսաբաց պառկած էր, վերցրեցի ու մեր վեցամյա աղջկա բանտիկը կապեցի մազերին՝ թիթեռնիկի տեսքով…
Հրաշքը պատրաստ էր…այսպիսի բաներ:
Չշեղվենք.
Չեմ ափսոսում իմ կորցրած տարիները, արդյունքն էլ գոհացուցիչ չէ, բայց կարևորը դա իմ գտածն էր…
Եվ այսպես.
0.1916666 օր-11.5 րոպե- 690 վայրկյան կինը բացարձակ անկարող է և 100% խոցելի, դա այն ժամանակահատվածն է, երբ մանիկյուր քսելուց հետո սպասում է, որ եղունգները չորանան:

ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ







Ճանապարհները վերջ չեն ունենում, հատկապես գարնանը, նույնիսկ նրանք, որոնք քեզ տանում են փակուղի, դա վերջը չէ, որովհետև դու նորից շրջվում ես ու նորից քայլում նույն ճանապարհով:
Այս ճանապարհն էլ բացառություն չէ, ոլոր մոլոր, զառիթափ, վերելք, վայրեջք, որով քայլում են իմ հիշողության երեք քույրերը՝ Դառը հիշողությունը, Քաղցր հիշողությունը և Սերկևիլի համով հիշողությունը:
Ավագ քույրը՝ Դառը հիշողությունը, խիստ դեմքով է, հաստ ապակիներով ակնոցով, թողնում է լուրջ տպավորություն:
Միջնակ քույրը՝ Քաղցր հիշողությունը, որախ աղջկա աչքերով անընդհատ փնտրում է ինչ որ բան, երևի ճամփեզրին հաճախակի հանդիպող յուրահատուկ գույնով ծաղիկներ:
Կրտսեր քույրը՝ Սերկևիլի համով, մտախոհ է, անընդհատ նայում է ոտքերի տակ, բայց աչքի տակով կարծես հսկում է երկու քույրերին, չնայած համոզված է որ միևնույն է իրեն չեն լսելու ավագ քույրերը:

Ճանապարհը հոգնեցուցիչ էր, հուշում էր հանգիստ ու բոլորովին էլ պատահական չէր որ դիմացից երևաց ճյուղերը մինչև գետնին կախած մի ծեր, կյանքից հոգնած մի ծառ, որը շատ նման էր ինձ, մի մարդու որը ստիպված պետք է հյուրընկալեր իր հիշողություններին:

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու ապտակեցիր ինձ.
- Մի՞թե սերը այդպիսին է լինում, դու ինձ ո՞ւմ տեղն ես դրել… »

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու ասացիր.
- Կբղավեմ հաճույքից, խնդրո՜ւմ եմ, հիմա պետք չէ…»

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու.
- Լսի՛ր, երբ մտանք դահլիճ ես նկատեցի որ կոշիկներդ թաց են, կմրսես, ուզում ես հանիր, մի կերպ չորացնենք, մութ է ոչինչ չի երևա…»

* * *
- Նստենք, այս ծերացած ծառի տակ, ինչքան էլ չլինի մի քիչ հով է այստեղ:
- Ինչ գեղեցիկ են կախվել ճյուղերը,
- Այս ծառը նույնիսկ ձմռանն է կանաչ լինում, հիասքանչ է:

Ծառն իր ճյուղերով փաթաթվեց ու կուլ տվեց հիշողության երեք քույրերին:

Ս.Ումառ

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈւՆ





Բանականությունս սրիկայի մեկն է, դաժան, անողոք, միշտ դանակը ձեռքին պատրաստ սպանելու ցանկացած իրեն դուր չեկող բան:
Բնավորությունս խոզի մեկն է, անվերադարձ սիրահարված է Մտքերիս ու ոչ մի գնով չի կարողանում ապրել առանց նրանց:
Մտքերս  նազելի ձիու նման գեղեցիկ են ու վրնջյուն, հիանալի կարողանում են կողմնորոշվել ցանկացած պարագայում, նույնիսկ ինձ թվում է թե իգական սեռի են, քանի որ իրոք գեղեցիկ են: Այստեղ պետք է հասկանալ Բնավորությանս վերաբերմունքը, ճաշակով է, ինչ խոսք:

Մտքե՜րս…
Մտքերս այսօր իրենց  լավ չեն զգում, մի տեսակ թույլ են, կարծես անկամք, ոչնչի կարիք չունեն, անփայլ աչքերով նայում են առաստաղին…
Չափում եմ մտքերիս տաքությունը՝ 38.6:
Հիմա հասկանալի է թե ինչու եմ արդեն երկու օր այս վիճակում:

Բանականությունս կատաղած քայլերով մտավ ներս, ես հասկանում եմ որ իրեն էլ պետք է հասկանալ, բայց ինչ կարող ես անել, հիվանդությունը ժամանակ է պահանջում:
- Ես ինչքան պետք է տանջվեմ առանց ձեզ, ինչու եք հիվանդացել, որտեղ է տեսնված որ Բանականությունը առանց մտքերի լինի:
- Մենք մեղավոր չենք, դե երևի վիրուս է, համատարած:
- Ինձ չի հետաքրքրում ես էլ իմ կյանքն ունեմ, ինչ է ուզում եք ինձ ժամանակից շուտ գերեզման իջեցնել:
- Ներեղություն, - ասաց  Բնավորությունս,- պատահում է բոլորի հետ, պետք է համբերել:
- Իսկ դու սուս մնա, ես քեզ ձայն չեմ տվել,- հետո Բանականությունը շրջվեց դեպի մտքերս ու շարունակեց.
- Ձեզ տալիս եմ մեկ գիշեր, լսեցիք, մեկ գիշեր, եթե ոտքի չկանգնեք, ես կմորթեմ ձեզ, այ այս դանակով,- հեռացավ վստահ քայլերով:

Գիշերվա երկուսն էր երբ Բնավորությունս զգույշ, հուշիկ քայլերով մոտեցավ, նստեց Մտքերիս անկողնուն ու ասաց.
- Խնդրում եմ, ձեզ, առողջացեք, ես շատ կվշտանամ եթե Նա ձեզ մորթի, ես կօգնեմ, աղաչում եմ, գիտեք թե որքան են աղոթել ձեզ համար:
Հետո էլի բառեր, բառեր, բառեր…
Մտքերս կամաց կամաց ոտքի էին կանգնում Բնավորությանս Խոզ աչքերի առաջ:
Վերջապես, երբ առավոտյան ժամը 8-ն էր, Մտքերս կազմ ու պատրաստ, առողջ տեսքով դիմավորեցին սուրճ բերող դաժան Բանականությանս:
Բանականությունս ցնծում էր:
Բնավորությունս հոգնած գիշերն ինձ տված ջերմ բառերից՝ ննջում էր անկյունում:
- Այդպես, քանի որ արդեն լավացաք, պետք է խնջույք կազմակերպենք, քեֆ ենք անելու, ու դրա համար մենք կմորթենք Բնավորությանն ու խորովածով կնշենք ձեր առողջանալը:
- Ինչու ինձ, - Բնավորությունս վախեցած նայում էր Բանականությանս:
- Որ քիթդ ամեն տեղ չխոթես, վերջ, ես իմ ասածի տերն եմ:

Ս.Ումառ

Հոգեբանը




- Անհագստանալու ոչինչ չկա, տիկին, ես հիմա կզրուցեմ ձեր տղայի հետ:
Իմ բազմամյա փորձը, ինձ երբեք չի խաբել:
Ընդամենը մեկ թեստ ու ես կասեմ…այ տեսեք սա սպիտակ թղթի վրա կաթեցրած թանաքի երկու մեծ կաթիլներ են, կախված նրանից թե ձեր տղան ինչ կտեսնի, ես ունեմ դրանց պատասխանները, գիտականորեն հիմնավորված: Պա՞րզ է:
- Այո բժշկուհի ջան, ես անհանգստանում եմ, մեկ մեկ անյպիսի համեմատություններ է անում որ կարծես մեծ մարդ լինի, մեկ մեկ էլ ռոմանտիկ մի բան որ նույնիսկ ես չեմ կարող…
- Վաղը ժամը 12.00 եկեք նրա հետ:Անհանգստանալու ոչինչ չկա, այս թեստի հեղինակը աշխարհահռչակ հոգեբան է՝ Լեժի Պոխաբչեկը, որը գրի է առել հնարավոր բոլոր պատասխանները այնպես որ…

Հոգեբանը միջին տարիքի, կոկիկ հագնված այդ հաճելի կինը բացեց իր կաբինետի դուռն ու ներս հրավիրեց կնոջը իր տղայի հետ:
- Քանի տարեկան ես:
- Հինգ:
- Անունդ:
- Գառնուկ:
- Միգուցե Գառնիկ:
- Ոչ, ես լավ գիտեմ իմ անունը:
- Լավ, թող լինի Գառնուկ: Այ տեսնում ես այս թուղթը, կարող ես ասել թե ինչ  ես տեսնում, նայիր ուշադիր, մի շտապիր, լա՞վ:
- Լավ:

Բժշկուհու դիմաց բոլոր հնարավոր պատասխաններն էին:
Ակնոց, մեքենայի հանգցրած լույսեր, թանաքի լաքա, սև աչքերով սմայլիկ, երկու թունել, կատվի աչքեր…128 պատասխան և բոլորի դիմաց իրենց պատասխանները:
Երեխայի մայրը հագավ ակնոցներն ու տեղափոխվեց բժշկուհու մոտ, որ անձամբ կարդա պատասխանը:
Բժշկուհին լուռ աչքերով հավանություն տվեց:
- Դե Գառնիկ ինչ ես տեսնում, - բժշկուհին էլ երեխայի մոր նման անհամբեր էր:
- Ես Գառնուկ եմ:
-  Լավ, թող լինի Գառնուկ, ինչ ես տեսնում, լավ մտածիր:
- Տեսնում են սպիտակ թուղթ…
Բժշկուհին ու մայրը երկար ման եկան նման պատասխանի, բայց այդպես էլ չգտան, իսկ տղան ժպտում էր, անմեղ երեխայի մի հաճելի ժպիտով:


Ս.Ումառ

ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ





Սենյակում կարծես թե օդը գաղջ է, ծխով լի՝ ծխախոտի ծխով:
Թվում է թե իրականում այդպես է, անհասկանալի է:
Ամեն ինչ հավաքված է, ամեն ինչ իրենց տեղերում ինչպես կուսանոցի սենյակներում է լինում:

- Ի՞նչ է կատարվում այստեղ, ամեն ինչ տակնուվրա:
Ծխախոտի մոխիրը ամեն տեղ, սալահատակին, մանրահատակին, համակարգչի ստեղների վրա, քանի՞ անգամ եմ խնդրել ծխել միայն պատշգամբում:

Ավելով մաքրում է երևակայական մոխիրը:

- Ի՞նչ է կատարվում քեզ հետ, զուգարանի լուսը միացրած ես թողել, ատամի խոզանակդ անլվա ընկած է լվացարանի մեջ: Աստվա՛ծ իմ, ո՛չ հանգիստ ունեմ, ո՛չ էլ…

Խնամքով հավաքած մազեր, ոչ հափշտապ վրան գցած տնային խալաթ:
Ձեռքի լաթի կտորով մաքրում է պահարանի փոշին:

- Երեխայի մանկապարտեզի տեղը չգիտես, բա դու հա՞յր ես: Լսի՛ր, մի բան հարցնեմ, ի՞նչպես կարողացար երեխայի զուգագուլպան հագցնել թարս, այնպես որ հետևի մասն ընկավ առաջ, բայց կրունկն ու թաթերը մնացին իրեց տեղում: Ֆոկուսնիկ ես հո ամուսին չես…

Ավլելով հասավ միջանցք, նայեց հայելուն, գոհ էր իր տեսքից, իսկ ավելի տակ ոչինչ չկար:

- Ի՞նչ հիմարություններ ես ասում, եթե մեր տանը ատամի և կոշիկի խոզանակներն առանձին առանձին են նշանակում է լա՞վ ենք ապրում, միայն քո նման ամուսինը կարող էր նման մտքեր արտահայտել, ի՞նչպես եմ հոգնել խոսելուց…

« Աստված իմ, լինեի՜ր իրական, ինչպիսին որ ցանկանում ես, ծխի՛ր որտեղ կամենում ես, երեխային, որին չգիտեմ կունենա՞մ արդյոք երբևէ, հագցրու քո՛ ձևով, թափի՛ր, խառնի՛ր ամեն ինչ, բղավի՛ր, նայի՛ր քո ֆուտբոլը, երբ ցանկանաս, միայն թե եղի՛ր, ես արդեն կարծես թե կորցնում եմ  ինձ միայնությունից, ես գժվում եմ ու տարօրինակ չի լինի, որ շուտով կհայտնվեմ հոգեբուժարանում»:

Լացակումած աչքերով, հոգնած փլվեց բազմոցին:


Ս.Ումառ