вторник, 19 января 2016 г.

Ստախոս շուրթերը ...

* * *
Ստախոս շուրթերը այրո՛ղ են լինում
և բառ ասելիս,
և համբուրվելիս,
և աղոթելիս,
ասես ձայներ ես լսում դժոխքի
մեղքերի տապակվող թավայից:

Ասես սևաթույր մի շալ է գցում
պոռնիկ գիշերը քեզ վրա,
ասես սատանան մարմինդ է ձաղկում
վայրենի ու անխնա:

Ստախոս շուրթերը շտապո՜ղ են լինում -
արագ հեռացող անցյալի նման,
Ասես թե այսօր երեկվա պատրաստած
դառը սուրճն ես ըմպում՝
անբույր ու անհամ:

Ստախոս շուրթերը անբո՜ւյր են լինում,
հոգիդ քրքրող նախանձի նման,
բայց ամեն դեպքում խղճում ես նրանց,
խղճո՜ւմ
քեզ այդպես լքելու համար

Ս.Ումառ-Հարությունյան

17.01.2016

Комментариев нет: