суббота, 18 октября 2014 г.

Նորից չեն սիրո՞ւմ, սիրում են կրկի՞ն…


Նորից չեն սիրո՞ւմ, սիրում են կրկի՞ն…
Ո՜չ,
Ու միլիոն անգամ
Ես «ո՛չ» եմ ասում…

Սիրո՛ւմ են անվե՜րջ,
Հավե՜րժ են սիրում…

Եվ այգաբացին,
և մթնշաղին,
և նույնիսկ այն մութ ու սև պահերին երբ թվում է քեզ,
թե  տիեզերքը խաղեր է տալիս,
Մեկ շո՛ւռ է գալիս,
Հակառակ կողմով պտույտ է տալիս,
Իր ավանդական ձեռքերով վայրի
Ճզմո՜ւմ, քամո՛ւմ է քեզ -
լիմոնի պես,
Ու թվում է թե անհոգի դարձած
Կհրաժարվե՜ս…
Միջմոլորակային այն սուրբ զգացմունքից,
Որը ոչ միայն թևեր է տալիս,
Այլ նույնիսկ
Կամա,
Նույնիսկ ակամա,
Տանո՜ւմ է քեզ
իր իսկ սեփական թևերի վրա…

Ու տիեզերքում ագահ մոծակի կարգավիճակով,
Սիրո արյունը կոկորդում պահած ,
Արձագանքի պես դու դեգերում ես,
Մեկ աստղից - մեկ այլ,
Մի մոլորակից - մեկ այլ մոլորակ՝
Սերն ու կիրքը սեղմած գրկիդ,
Աչքդ ուղղված արեգակին
Բղավո՜ւմ ես.
- Նորից չեն սիրո՞ւմ, սիրում են կրկի՞ն…
Ինքդ կխեղդվում ես պատասխանիդ մեջ՝
Սիրում են հավե՜րժ,
Սիրում են անվե՜րջ…

… Սիրում են անվե՜րջ…

Ու բերանիցդ թափված արյունը
Լուծվում է հեռու անհունների մեջ…

Ու տարածումը կարմիր շղարշի
ձեռնոցի նման ձեռքիդ է հագնում…

Ու սիրտդ նորից իր տեղն է  ընկնում,
Այն խելապակաս բութ ճակատագրի
կամքին հակառակ,
որին վստահել, հավատացել ես…
Ու ընդունել ես որպես հրեշտակ…          

Նորից չեն սիրո՞ւմ, սիրում են կրկի՞ն…
…Նորից շոյում ես վարսերն այն սպիտակ,
որ մի ժամանակ
Ալեկոծել են հոգիդ ու ներկադ,
Նետել են սիրո ձեռքերի վրա ճոճվող նավակին,
Դե՛մքդ են ծածկել,
սարդոստայնի պես քեզ ե՛տ են պահել
փորձառու ու  նենգ քամուց ալեհեր…
Վարագուրել են բարիքից չարը՝
Լուսավորելով քո ճանապարհը…

Նորից չեն սիրո՞ւմ, կրկի՞ն են սիրում …
…նորից հպվում ես քեզ համար անվերջ աղոթք մրմնջող
շուրթերին այն նուրբ,
որնոց վրա միշտ անունդ է խաղում,
որոնք քո և փորձանքի միջև
եղե՜լ,
մնացել են մի՛շտ
ամուր մի  պատնեշ…

…Կրկին չե՛ն սիրում,
Սիրում են հավե՜րժ….


Ս.Ումառ

Комментариев нет: