четверг, 16 октября 2014 г.

Կամուրջի վրա




* * *
Թվաց թե ինչ որ մեկը խաղում է իր աչքերի հետ:
Հաճելի էր, բայց ընդամենը մեկ պահ ու պահի վերջում հասկացավ, որ դա ընդամենը արևն է, որ իր ամենակարող մատներով արթնացնում է, կարծես ստիպելով անցնել սովորական կյանքի ռիթմին:
« Կյանքի սովորական ռիթմին, մի՞թե կարելի է սովորել ապրել առանց Նրա…»
Դեռ քառասուն օրը չի լրացել ու այսքան տանջանք, այսքան մտորումներ, որ համատեղ տասներկու տարվա ընթացքում երբեք չեն եղել:
Այս վերջին երեսուն օրվա ընթացքում կարողացավ միայն սովորել իր համար առավոտյան սուրճ պատրաստել և ընդամենը…
Իսկ պատրաստելու ընթացքում անընդհատ խոսում էր ինքն իր հետ…

«… Երբ սկսում ես խոսել ու ես չեմ հասկանում քեզ, լացս գալիս է:
Գիտեմ, որ քեզ համար կարևոր է խոսելը, բայց ես վախենում եմ, վախենում այն պահերից, երբ սկսում ես խոսել երկնքի ու այնտեղ գտնվող ինչ որ ոսկու մասին…
Դու խոսում ես թիթեռնիկների մասին, հեռավոր աստղերից քեզ վրա ընկած լույսի շողերի մասին, սկսում ես երգել ինչ որ երգ անհասկանալի ու հուզիչ մեղեդիով…
Հաճախ ընդհատում ես երգն ու դիմում ինձ.
- Եթե ցանկանո՞ւմ ես, կարող ես ծխել:
Երբ սկսում եմ ծխել դու անցնում ես մի պատմության՝ մի ինչ որ բարձր կամրջի գոյության մասին… »

Այդպես էլ երեխա չունեցան, իսկ ինչքա՜ն էին ցանկանում:
Որոշեց վերցնել երեխա այն մանկատնից, որտեղ ամեն առավոտ հաց էր առաքում, բայց չգիտես ինչու Աստղիկը չէր համաձայնվում:
- Ի՞նչպես կարելի է վերցնել երեխա մի մանկատնից որտեղ, անմեղ այդ բոլոր արարածներին ոչ թե անունով այլ թվերով են դիմում, դու հասկանո՞ւմ ես ինչ ես խոսում…
- Աստղի՛կ, այնտեղ ինը Արման կա, տասնմե՛կ Կարեն, ո՛ւթ Անահիտ, վե՛ց Տաթևիկ և…
- Ո՛չ, չեմ կարող, խնդրո՜ւմ եմ, փակի՛ր այդ թեման:

«…Դու ասում ես, որ այդ կամուրջը ոչ թե ճանապարհներ կամ մարդկանց է կապում, ոչ թե քաղաքներ կամ գյուղեր, ոչ թե երկու ափ է իրար կապում այլ  կապում է տարբեր աշխարհներ…
Այդ կամուրջով են անցնում բոլոր մարդիկ, ժամանակի՜ն, անժամանա՜կ, պատահմա՜մբ կամ…
Կամրջի վերջին ծայրը հենվում է մահվան վրա:
Կան նաև այլ կամուրջներ, բայց մարդիկ նրանց տեղը չգիտեն ու անպայման պայքարում են անցնել այդ կամրջով…
Իսկ դու՞:
Իսկ դու երազում ես գտնել մեկ այլ կամուրջ, որը տանում է մեկ այլ աշխարհ այլ ոչ թե մահվան աշխարհ…»

* * *
Երբ մտավ մանկատան տարածք, այնտեղ արդեն եռուզեռ էր:
Խոհանոցին չհասած լսեց հաստամարմին Մելանիայի անվերջ բողոքող ձայնը:
- Թաղեմ գլուխդ, նորից կոտլետ է թռցրել, վերջը ես դրա գլուխը շերեփով կոտրելու եմ, մի ձեռքս ընկնես:
- Մելա՛ն, էլի բողոքում ես, հիմա ի՞նչ է եղել:
- Ի՞նչ պետք է լինի, էլի կոտլետ է պակասում, այդ Կարեն չեղածի կործերն են, գիտեմ:
- Ո՞ր մեկի:
- Ութերորդի, էլ ո՞ր, թռցնում, տանում է շան համար, հազար անգամ Ավետիսին ասացի վերջացրու այդ շանը, համ պառավ է, համ հիվանդ, ես ասո՜ւմ եմ, ես էլ լսո՜ւմ:

Հիշեց, որ դեռ Աստղիկի կենդանության օրոք տասամյա Կարենի խնդրանքով մանկատան բակում ապրող շանը տարան անասնաբուժի մոտ:
Հիշեց և Կարենի և Աստղիկի աչքերից գլորվող արցունքները, երբ անասբուժն ասաց, որ քաղցկեղ է:
- Կարող եմ սրսկել, որ չտանջվի, համաձա՞յն եք:
Կարենը շանը գրկեց ու լաց լինելով դուրս փախավ:
Աստղիկն արցունքների միջից մի կերպ հարց տվեց.
- Ի՞սկ քաղցկեղով տառապող մարդկանց համար, որևե բան…
- Չկա նման բան, մարդկանց չի կարելի, - անասնաբուժի հայացքը տխուր էր:

«… Դու չգիտես, որ սխալվում ես, դու չես եղել ոչ մի այլ աշխարհում ու բացարձակապես անտեղյակ ես, որ իրոք գոյություն ունեն տարբեր կամուրջներ՝ ատելությամբ լցված կամուրջ, մարդկային վախի կամուրջ, սիրո կամուրջ, բարության կամուրջ, նախանձի կամուրջ, հիվանդության կամուրջ և այլն, բայց այդ բոլորը վերջնամասում միանում են իրար ու դառնում մեկ՝ մահվան աշխարհ տանող կամուրջ….
Ճանապարհը մեկն է և դա անառարկելի է, ուղղակի կա տարբերություն թե ինչպես ես անցնում այդ կամուրջով…»

* * *
Դուրս եկավ խոհանոցից ու ուղղվեց դեպի շենքի ետևում գտնվող շան բունը:
Կարենը կերակրում էր արդեն համարյա չքայլող շանը:
- Բարի լույս, դե ի՞նչ, առողջանո՞ւմ է:
Կարենը ուժով էր կոտլետի կտորները մտցնում շան բերանը:
Գլուխը բարձրացրեց, նայեց մի այնպիսի հայացքով, կարծես հվանդը ինքը լիներ:
- Կարե՛ն, երբ, դե ասենք վերջը գա, քեզ շատ դժվար կլինի, հասկանո՞ւմ ես, հիշո՞ւմ ես Աստղիկին, ինձ համար հիմա շատ դժվար է, միգուցե լսես ինձ, տանենք, թո՛ղ սրսկեն, չտանջվի, մե՜ղք է: Հավատա ինձ, այդպես ճի՛շտ է:
Ծխախոտ կպցրեց, սպասում էր:

«…- Կարող ես ծխել, ինձ չես հավատում, գիտեմ, որ չես հավատում, բայց հասկացիր կա այդ կամուրջը, ես տեսել եմ, ճիշտ է երազում, բայց տեսել եմ…
Այդ կամուրջով անցնում էին մարդիկ, որոնց համարում են խելակորույսներ, նրանք քայլում էին երգելով ու պարելով, գիտակցում էին որ իրենք են տերը Ժամանակի, այլ ոչ թե հակառակը, նրանք վստահ էին, որ մարդը ինքը Ժամանակն է, մարդը ինքը Դարն է և տիրակալի քայլերով է անցնում դեպի այլ անհասկանալի աշխարհ, որին դու անվանում ես մահվան աշխարհ…»

* * *
Անասնաբուժն ընդունեց հին ծանոթի նման, լուռ, առանց խոսքի շոյեց Կարենի գլուխը, հետո կռացավ համբուրեց այդ փոքրիկի գլուխն ու շանը գրկած անցավ կողքի սենյակը:
- Ցավ չի զգա, չէ՞, միայն չխաբես:
- Ո՛չ, չի զգա, բժիշկը լավ մարդ է: Դու մի՛ տխրիր, վաղ թե ուշ դա բոլորիս ճանապարհն է:
- Ի՞սկ Աստղիկը, ինչո՞ւ նրան էլ չտարար սրսկվելու, դու չա՛ր ես, դու չես սիրել նրան:
- Սիրե՜լ եմ, հիմա էլ եմ սիրում, բայց…մարդկանց չի կարելի, հասկանո՞ւմ ես, մարդը և շունը…
- Ես չե՛մ հավատում քեզ, ես ոչ մեկին չեմ հավատում, մայրս էլ ասաց ես կգամ, բայց արդեն քանի՜ տարի է չի գալիս, մի՞գուցե նրան էլ են սրսկել կամ…

«…Մենք ապրում ենք հավերժ, այլ ոչ թե այս խղճուկ ժամանակի հատվածում, ինչպես որ սովորեցրել են մեզ մեր բոլոր Աստվածները…
Եթե դու բարի չես ապա  քո ոտքերի տակ կայրվի այդ կամուրջը, կկոտրվեն կամուրջը պահող հենասյուներն ու կընկնես կամրջի տակով անցնող երազանքների գետն ու կխեղդվես…»

* * *
Կողքի սենյակից մատները ռետինե ձեռնոցներից ազատելով դուրս եկավ բժիշկը:
- Չտխրես, Կարեն, հիգ րոպեից ամեն ինչ կվերջանա: Դու քանի՞ տարեկան ես:
- Տա՜սը, ինչպես նա՝ իմ Դրուժոկը:
- Ուրեմն անունը Դրուժո՞կ էր:
- Ե՞ս էլ պետք է մեռնեմ բժիշկ, տաս տարեկան եմ:
- Ո՛չ, մարդիկ երկար են ապրում:
- Ինչո՞ւ:
- Չգիտե՜մ:
- Իսկ ես գիտեմ, ինձ Աստղիկն է ասել:Մարդիկ ծնվում են ու ամբողջ կյանքում սովորում սիրել, իսկ շները ծնվում են արդեն սիրել իմանալով, նրանց երկար ժամանակ հարկավոր չէ: Ես գիտեմ սիրել, ուրեմն…

«…Դու հիմա նայում ես ինձ՝ քո արտացոլանքին ու մտքումդ ծիծաղում ես ինձ վրա, դու հիմա այդ կամուրջի վրա ես ու հաստատ չգիտես այն անցնելու ձևը, իսկ ձևը շատ պարզ է, ուղղակի եղիր բարի ու համբերատար, ուրիշի ցավը ընդունիր ինչպես սեփական ցավդ, հասկացիր ուրիշի աչքերի խորությունը, փորձիր դառնալ այդ կամուրջի հենասյուներից մեկը, փորձիր մատներով օդը բռնող ձեռը վերցնել մատներիդ մեջ, տաքացնել քո շնչով…»

Սերն ապրում է այնտեղ, որտեղ ապրում ես դու, իսկ դու ապրում ես այնտեղ, որտեղ շատ մոտ է սերը, բավական է ձեռքերդ պարզես ու…

Ս.Ումառ


Հոկտեմբեր 2014
Ք.Երևան


Комментариев нет: