четверг, 11 апреля 2019 г.

ՄԵՆ ՄԻ ԱԿՆԹԱՐԹ




Ա՜յ քեզ առեղծվա՜ծ,
Երբ, որ ասում ես. «Կա՛նգ առ ժամանակ»
Ժամանա՜կը լուռ  հնազանդվում  է
Ու կանգնում հանկարծ:

Ժամանակի հետ սի՜րտդ էլ է կանգնում
ու բաբախումը չե՛ս լսում նրա,
Մեկ ա՜յլ տրոփ ես լսում քո ներսում՝
Ա՜յն կնոջ սրտի,
Որին ձուլվել է զա՛րկը քո արյան:

Գուցե հենց դա՞ է այդ ՍԵՐ կոչվածը-
Ուրիշ սրտի դո՜ղ,
Խե՜նթ,
Լուսաթրթի՜ռ,
Քո կյանքից տարբեր ներսդ ողողո՜ղ
Մեկ ուրի՝շ արյան հոսքը
Խենթացնող…

Ու հոսքն այդ արյա՜ն սի՛րտդ է պատռո՛ւմ,
Բացում է հոգիդ աշխարհի առաջ…
Եվ ո՜ղջ աշխարհն է քո մեջ թափանցում-
Այնքա՜ն մերձավոր,
Այնքա՜ն հարազատ…

Մեկ ա՜յլ առեղծված - այն էլ արտառո՛ց՝
Ինձ նման կյա՜նքը սիրող մարդ չկա՛
Քանի որ իմ մեջ սի՜րտն է այն կնոջ,
Որ զրուցում է սրտիս հետ անձայն:

Գրա՜ծս ընդամենը մե՜կ ակնթարթն է
Որը, որ Մարդուն սարքո՛ւմ է Գերմա՜րդ,
… Կյանքն ակնթարթների մի շտեմարան է՝
Ծննդի՜ց մինչ մահ…

пятница, 8 марта 2019 г.

Սերը...



Ասո՜ւմ են Սերը լինում է
կարմի՜ր,
Ու նաև կապո՜ւյտ,
կանա՜չ  կամ դեղին,
Ապակու նման լինում է անգո՜ւյն
Սիրող աչքերը դարձնում
Ցայտուն:

Ասո՜ւմ են բուրո՜ւմ է
մեկօրյա ծաղկող ծաղիկի նման
Ու ջերմացնում է մոր
մատների նման,
Քրոջ նման գթառա՜տ է,
Եղբոր նման ջերմեռա՜նդ,
Հո՜ր հոգու պես անաղարտ է՝
Ո՛չ սկիզբ ունի՜
Ո՛չ ավարտ…

Մանկան փափլիկ թաթիկի պե՜ս
Քեզ շոյո՜ւմ է, գուրգուրում,
Գարնան տտիպ արբունքի պե՜ս
Հասունացնո՜ւմ,
Խենթացնում:

Ասո՜ւմ են սերը անլեզո՜ւ, անձայն
Մի տարածությո՜ւն է  
առանց մասնիկի,
որտեղ համահունչ պարե՜ր են պարում-
Զգացմունքի այրող մատներով սարքված
Սի՜րտը ու հոգին:

Դե ե՛կ ու արհամարիր նրա գոյությունը
և աչքերիդ մեջ,
և սրտիդ խորքում,
և մոշու այրող փշերի նման
լեզուդ ծակծկող նրա անունը,
և պարը հոգուդ…

Ասե՜լ են… ասո՜ւմ են…
Ես էլ ի՛մն ասեմ.
Կարմի՜ր, կապո՜ւյտ, կանա՜չ, դեղի՜ն…
Գրողի ծո՜ցը գույներն աշխարհի,
Թե մի սի՜րտ ունեմ ու պե՛տք է սիրեմ,
Սերը սև՜ լինի
Մե՛կ է
Կսիրե՜մ…

среда, 6 марта 2019 г.

Չասված բառերի գերեզմանոցում


Ես չգիտեմ գողտրի՜կ ու նո՜ւրբ
Թաքստոցների տեղերը,
Որտեղ իրենց մա՜հն են գտնում
Չարտահայտված բառերը:
Տեղին չասված բառի մա՜հը
Մի կորո՜ւստ է ցավագին,
Ասես կյանքի քաղցր հա՜մը
Դառնանո՛ւմ է արցունքներից
Լալագին:
Փո՛րձ ես անում փնտրե՜լ-գտնե՜լ
Բա՛ռը սպանող դահիճին,
Փորձել անդարձ ոչնչացնե՜լ
Լեզու խայթող կարիճին:
Քեզնից բացի ո՞ւմ է տանջում
Չասված բառի կորուստը,
Քեզնից բացի ո՞վ է փորձում
Խախտել ոսկի լռությունը:
Չգիտես ինչո՞ւ, չգիտես ի՞նչ կերպ
Հանկարծ հայտնվում ես
Չասված բառերի գերեզմանոցում,
Մի քա՜ր ես գտնում անշո՜ւք ու տձև՝
Մի մխիթարանք ունայնությունում:
Չէ՞ որ քո՛ մեջ է բառը մահանում,
Քո՛ լեզվի վրա,
Սրտո՜ւմ կամ հոգո՜ւմ,
Քո՛ մեջ է բառը դառնում գերեզման,
Իսկ դու փորձո՜ւմ ես գտնել շատ հեռվում:

ՍԵՄ ԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Թո՜ւյլ տուր մի վերջի՜ն տողով
Սգա՛մ հավերժիդ ճանապարհը,
Անիծեմ մա՜հը, որն իր ձեռքերով
Կոտրե՛ց պոետիկ ու նուրբ քնարդ:
… Եվ սևե՜ր հագան տանդ հայելիները,
Պատուհաններդ՝ աչքերի կարոտ,
Անտո՜ղ մնացին սառած մատներդ
Ու անշարժացա՜ն կանգնած սրտիդ մոտ:
… Պատուհանիդ տակ ծղրի՜դը երգեց-
Տխո՜ւր, անսովո՜ր մեղեդի,
Կյանքի փոխարեն ծղրի՛դն ամաչեց,
Որ կյանքը պարտվեց անամոթ մահին:
Քեզ բարի՜ ճամփա դեպի աստղերը-
Կապո՜ւյտ երկնքի կապույտնե՜րն անվերջ,
Մեզ հետ կմնան քո խե՜նթ տողերը
Եվ քո բանաստեղծ անունը հավերժ…
Ստեփան Ումառ-Հարությունյան

Բարև՜, ի՛մ Գարուն




Բարև՜ Երջանկություն,
Վերջապես քեզ գտա՜,
Եկել եմ քե՜զ մոտ՝
քո սեփական տուն,
Հուսով եմ  քեզ մոտ երկա՜ր կմնամ…
Վերադառնալու չունե՜մ ցանկություն

Շա՜տ անգամներ եմ երթուղուց շեղվել,
Արահետնե՜ր եմ խառնել բազմաթիվ,
Ինչպես տեսնում
ես չե՛մ մոլորվել,
Բա՜յց … տարիներ եմ կորցրել անհաշիվ:

Տեսնո՜ւմ եմ ուրախ չե՜ս, քեզ ի՞նչ է եղել,
Նայում ես անթա՜րթ ու ձայն չես հանում,
Միթե՞ երջանկությունը կարող է հոգնե՜լ,
Կարող է լինել անկարո՜ղ կամ թույլ…

Թե սրտո՜վդ չեմ, այդպես էլ ասա՜,
Խոսքերով չընկնես սա՜ր ու ձոր,
Ես նպատակիս վերջապես հասա՜,
Չե՛մ ուզում ետ դառնալ գլխիկոր:

Լո՜ւռ է իմ տեսած երջանկությունը,
Կրկնօրինակը ափ նետված ձկան,
Ու թփրտո՜ւմ է նորելուկ Գարունը-
Փորձում է խոսել ինձ նման:

Հասկացա՜, խոսել դեռ չի՛ սովորել,
Մարդկանց ճանաչե՜լ – չգիտի՜…
Աստվա՜ծ իմ, միթե՞ նորի՛ց եմ սխալվել
Եվ օրիորդ Գարնան հյո՜ւրն եմ առաջին:

Բարև՜, ի՛մ Գարուն,
դու չե՛ս ուշանում,
Դա ե՛ս եմ շտապում իմ բնավորությամբ,

Երջանկությո՜ւն էի փնտրում շատ հեռվում
… Իսկ նա լցվում է իմ մեջ ժամ առ ժամ: