пятница, 4 апреля 2014 г.

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՂԵԴԻՆ



Քրիստինա

Դու ինձ սովորեցրել ես արտասվել:
Դու ինձ սովորեցրել ես սպասել (դաժանության ամենավայրենի տեսակն է):
Դու սովորեցրել ես  պատից պատ խփել ինձ:
Սովորեցրել ես կանգ առնել, արագ վազել, նեղանալ ու մի քիչ ուրախանալ:
Դու իմ հարազատն ես, Սի´րտ իմ, բայց քո մեջ ե´ս չեմ,այլ Նա:
Այսինքն` Նա է ինձ սովորեցրել:
Եվ այս ամենն ընդամենը երեք օրվա ընթացքում:
72 ժամ կամ 4320 րոպե կամ 259200 վայրկյան:
Գժվել կարելի է:
Պատկերացնո՞ւմ ես, որ քեզ ես համբուրեի 259200 անգամ` վայրկյանը մեկ:
Ա´յ, հենց այդ ժամանակ էլ կասեի, որ դու ինձ սովորեցրիր մահանալ, որովհետև հաստատ հաճույքից կմահանայի:
Դո՞ւ:
Միգուցե ` դո՞ւ էլ:
Չգիտեմ…
Միայն հիշում եմ վերջին բառերդ.
- Քո սիրտը երթուղային տաքսի է, ով ասես, որ չի մտնում, դուրս գալիս:
Իսկ հիմա արի´ ու տե´ս սրտիս վիճակը:
Դու քո արական հոգով մտել ես իմ իգական սիրտը ու…դե պատկերացրու…
Պատուհանին իմ բերանի գոլորշիով, մատով գրել եմ  <Կարեն>: Անընդհատ վազում,  նայում եմ, թե չի՞ հալվել, ջնջվել արդյոք:
Բակ նայելու  ևս մի առիթ է, տեսնելու` դու սպասո՞ւմ ես ինձ, թե՞ ոչ:

Կարեն

Ինչ տարօրինակ է: Ընդամենը երեք օր առաջ էր, որ նստած էինք այգում:
Դու ձեռքով տրորում էիր չոր, գունավոր տերևներն ու ավազի նման լցնում ափերիս մեջ:
Հետո երևի զգացիր, որ ձեռքերս սառն են, մաքրեցիր ափերս, բռնեցիր ու սկսեցիր քո շնչով տաքացնել: Զգացիր, որ քիչ է:
Ձեռքերս դրեցիր թևերիդ տակ: Հաճելի էր, տաք ու գրգռիչ:
Չէ, չէի կարող, հաստատ ձեռքերիս տեղը կփոխի: Այգում անհարմար էր:
Հետ քաշեցի:
Տաքացրու իմ սի´րտը:
Տաքացրո´ւ աշնանային ամպի պես մոխրագույն  քո աչքերով:
Քո շնչո´վ տաքացրու ինձ, ամբողջ մարմինս,  այնքան, որ տաքանա նաև ստվերս ու սևից փոխակերպվի կարմիրի:
Տարօրինակ է, որ չեմ ասում` ես քեզ սիրում եմ : Ես սիրում եմ քո աչքերը:
Քո աչքերն ապրում են մի այլ կյանքով, որտեղ ամեն ինչ խորն է ու իմաստալից:
Ամեն ինչ ավարտվում է խաղաղ լուսաբացների նման՝ բազմաճառագայթների տեսքով, որտեղ ամեն ճառագայթի վերջում մի ճանապարհ է ու ամեն ճանապարհի վերջում դու ես` ձեռքերդ պարզած` ինձ գիրկդ առնելու համար:
Վերցրո´ւ գիրկդ ինձ, թող քո մարմի´նը ինձ տաքացնի:
Ասում են` ժամանակը բուժում է ամեն ինչ: Մի´ հավատա, սիրելի´ս: Ինչպե՞ս կբուժի, երբ արդեն  72 ժամ կամ 4320 րոպե կամ 259200 վայրկյան ճնշում եմ զգում   մարմնիս ամեն մի քառակուսի սանտիմետրի վրա… ու դիմանալն անտանելի է:
Պատուհաններիս տակ խշխշում են տերևները:
Անհամբեր  վազում եմ նայելու դո՞ւ ես, թե՞ ոչ…
 Ո´չ, քամին էր, որ քշեց ու տարավ քո  մասին հուշերիս չորացած տերևները…

Քրիստինա

Ննջարանից դուրս եկավ եկվորյակ քույրը` Միլենան:
- Քի´ս, ի՞նչ է, չե՞ս  քնել: Տեսքդ ասես ճմրթած թերթ լինի: Էլի վիճե՞լ եք, - անտարբեր ասաց ու նստեց բազմոցին:
Միլենան կիսահագնված էր, ու Քրիստինայի աչքից չվրիպեց թանկարժեք ներքնազգեստը:
- Որտեղի՞ց քեզ, գեղեցիկ է:
- Դավիթն է նվիրել, այսինքն` դրամն ինքն է տվել:
- Դավի՞թը, իսկ Արմանն ի՞նչ եղավ:
- Արմանն ի՞նչ, ո՞ւմ է պետք, ո´չ մեքենա ունի, ո´չ էլ կարգին փող: Ա´յ,Դավիթն ուրիշ է: Երեկ ենք ծանոթացել:
- Միլե´ն,  ի՞նչ ես ասում, ո՞նց թե, երեկ դու Արմանի հետ չէի՞ր հավաքույթի:
- Այո´, այնտեղ էլ ծանոթացա: Հետո զգացինք, որ տխուր է, իր մեքենայով ինձ տարավ…
- Դու դավաճանե՞լ ես Արմանին, - Քրիստինայի աչքերը զարմանքից մեծացան:
- Հիմար բաներ ես ասում: Ես միայն մարմնով, հոգով չեմ դավաճանել: Իսկ դա նույնը չէ, այո՞: Համ էլ Արմանն արդեն  ինձ դուր չի գալիս: Աղքատի մեկն է, ինչի՞ս է պետք: Ինչպե՞ս սիրեմ մի մարդու, որը ոչինչ չունի, ո´չ մեքենա, ո´չ…
- Դու գժվե՞լ ես, բա, որ հանկարծ մաման իմանա՞, բա ձեր սե՞րը…
Միլենան ծիծաղեց:
- Սե՞րը: Սերն այնտեղ է, որտեղ փող կա: Մի՞թե չհասկացար այսքան ժամանակ:  Այդ դու ես գժվել: Մի տե´ս, թե ինչի ես նման: Նույնիսկ չեմ կարողանում նայել քո հագածին :Քո այդ Կարենը ինչի՞դ պետք է նայի, մի քո ներքնազգեստները տե´ս, հագնվում ես ինչպես մեր տատը:
Ապտակը շառաչեց Միլենայի դեմքին:
Քրիստինան երկու ափով փակեց դեմքն ու լաց լինելով` չգիտես ինչու`  մոտեցավ պատուհանին:
Ապակուն արտաշնչած գոլորշին հալվել էր ու ջնջել սիրած տղայի անունը:

Կարեն

- Կարե´ն, նախաճաշը պատրաստ է, արի´:
Մայրը մտավ սենյակ:
- Ի՞նչ է եղել, նորից չե՞ս քնել: Ի՞նչ է ուզում քեզնից այդ աղջիկը:
- Մա´մ, ի՞նչ կապ ունի նա: Մեղավորը ես եմ, բայց չեմ զանգի: Եթե սիրում է, թո´ղ ինքը զանգի:
- Տղամարդը դո´ւ ես:  Իսկ դու կախվել ես ժամացույցի վայրկյանաչափից և ուզում ես քո ծանրությամբ կանգնեցնել: Չի ստացվի:
Միթե՞ չես հասկանում, որ ժամանակը, որի վրա հույս ես դրել, արգելակներ չունի, կանցնի, քեզ հաջողություն մաղթելով, կգնա ու հետ չես բերի:
Ճիշտ է, տղամարդ ես, բայց կմնաս արտասվելով, եթե սիրում ես:
Արտասվել կարող են լինել բոլորը, ովքեր սիրում են:
Զանգիր, եթե մեղավոր ես:
- Լավ էլի´,մա´մ: Ինքը կզանգի, վստա´հ եմ:
Մայրը, գլուխն օրօրելով, հեռացավ:
Կարենի մտքում պտտվում էին Քրիստինայի խոսքերը.
- Թախիծի  մեջ ուրախություն չկա: Իսկ ուրախության մեջ թախիծ կարող է լինել, երբ գիտակցում ես, որ ժամանկը քո իշխանության տակ չէ:
Մենք չենք կարող կառավարել նրան: Ու  այդ պատճառով երես առած ժամանակը մերթ ծիծաղում է մեզ վրա, մերթ լաց լինում, մերթ ծաղրում է, մերթ… Հարկավոր է հարգել ժամանակը:


Միլենա

Երբ դուրս եկավ շենքի մուտքից, անմիջապես նկատեց Դավիթի արծաթագույն <Մերսեդեսը>:
<Ա´յ, միայն այսպես>,- մտածեց ու նայեց, թե շենքի պատուհաններից տեսնող կա՞, թե՞ ոչ:
Հպարտ քայլերով մոտեցավ ու բացելով մեքենայի դուռը` նստեց:
- Կյա´նք, եկա՞ր, - Դավիթը ձգվեց ու համբուրեց Միլենային:
- Ո՞ւր ենք գնում այսօր: Էլի ընկերոջդ տո՞ւն:
- Այո´, ի՞նչ է, լավ չի՞, չե՞ս ուզում:
Դավիթի ձեռքը Միլենայի ծնկից սկսեց սահել ազդրով (սրունք-ծնկից մինչև թաթը-Մ.Գ.) դեպի վեր այնքան, որքան թույլ էր տալիս նեղ շրջազգեստը:
Միլենային հաճելի էր:
- Տե´ս, քո տված փողով եմ գնել, գեղեցիկ է, չէ՞,- Միլենան բարձրացրեց շրջազգեստը:
Մեքենան դանադեցրեց ընթացքը: Դավիթն ուշադիր նայեց բաց ոտքերի արանքում ձգված  գեղեցիկ փերթիկին:
- Այսօր էլ կստանաս հարյուր դոլար, ինչպես երեկ: Գո՞հ ես:
- Իհա´րկե, Դա´վ, ես գժվում եմ քեզ համար:
- Չէ´, այսօր քեզ փող կտա ընկերս: Քեզ համար ի՞նչ տարբերություն, չէ՞:
- Ո՞նց թե: Կատա՞կ ես անում…
- Չէ´,  ի՞նչ կատակ, այդպես է պետք:Նրան դուր ես եկել: Ի՞նչ կլինի որ,  մի անգամ է, էլի…
- Կանգնեցրո´ւ մեքենան: Դու հիմա´ր ես, ու ես էլ քեզ համար փողոցային չեմ, կանգնեցրո´ւ, - բղավեց Միլենան ու փորձ արեց բացել մեքենայի դուռը:
Գլխին իջած հարվածից կծկվեց նստատեղին:
Փորձ արեց պայուսակից հանել բջջային հեռախոսը ….
<Ո՞ւմ, Արմանի՞ն>,- մտածեց ու մի նոր հարված ստացավ երեսին:
- Հանգի´ստ նստիր տեղդ, լա´վ կլինի: Ի՞նչ է, փողի կարիք չունե՞ս: Ես իսկույն հասկացա, երբ տեսա, որ աղջիկ չես, ի՞նչ ես ձևեր թափում, փողոցում թափա՞ծ է փողը:

***
<Ի~նչ հոգատարությամբ ու զգուշությամբ Արմանի կողմից զրկվեց կուսությունից: Ինչպե~ս էր Արմանն իր հետ միաժամանակ աչքերը լցրել:
Ի~նչ հայացքով էր նայում իրեն:
Հիմա արդեն ուշ է:
Աչքերի առաջ քույրն էր` Քրիստինան` հնաոճ ներքնազգեստով, Արմանն էր` իր հին, բայց խնամքով պահված կոստյումով, Դավիթն էր` հարուստ, լպիրշ դեմքով ու արդեն ոչինչ չարտահայտող աչքերով, նրա ընկեր Էդոն` իր գորտնուկներով պատված ձեռքերով ու հաստ վզով:
Կխելագարվեմ: Բայց ինչպե՞ս Արմանն ասաց. <Գնացքը գնաց, էլ չի կանգնի>:
Արցունքները խեղդում էին:
Դավիթի ձեռքը նորից սկսեց իր ճանապարհը ոտքերի արանքում, բայց Միլենան արդեն ոչինչ չէր զգում:
- Ճանապարհի´դ նայիր, հիմա´ր, ժամանա՞կ ես գտել:
Նորից հարված` գլխին:
Գլուխը ուժգին կպավ կողապակուն, ու աչքերի առաջ ամեն ինչ մթնեց:

Ժամանակը խելակորույս արագությամբ առաջ էր ընթանում` փաստելով իր մեղեդու ոչ միայն ուրախ, այլև մելամաղձոտ ու տխուր հանգամանքը: Ամեն ինչ ժամանակի ձեռքում է: Եթե կարողանում ես լսել նրա մեղեդին այնպես, որ շոյի ականջդ, համահունչ լինի սրտիդ, ապա հոգուդ հետ  կհանգստանա նաև մարմինդ :

… Միլենան շենքի երկրորդ հարկի աղբատար խողովակի կողքը կծկվել ու չգիտես ամոթից, թե երեկոյան սառնությունից դողում էր:
Կիսամերկ մարմինը ծածկված է կապտուկներով:
Օգտագործեցին ու անպետք լաթի նման մորեմերկ դուրս շպրտեցին:
Ո´չ պայուսակ ունի, ո´չ հեռախոս:
Արդեն չի կարողանում լաց լինել, սպառվել են արցունքները:
Մի՞գուցե,  երբ ավելի մթնի, դուրս գա ու մի մեքենա….Բայց ինչպե՞ս, ո՞վ կկանգնի...
Հարկի դռներից մեկը բացվեց, ու աղբի դույլը ձեռքին աղբատար խողովակին մի տարիքով կին մոտեցավ:
Բղավեց ու ձեռքից գցեց դույլը:
- Մա´մ, ի՞նչ եղավ,- բնակարանից դուրս վազեցին երևի տղան ու հարսը:
Կինը խոսելու ընդունակությունը ասես կորցրել էր: Մատով ցույց տվեց դեպի Միլենան:
 - Մի շո´ր բեր, - տղամարդը դիմեց կնոջը:
- Ի՞նչ գործ ունես, զանգենք ոստիկանություն,- կինը զզվանքով նայեց Միլենային:
- Հարկավոր չէ, շո´ր բեր, արա´գ:
- Դրա հագածը նայիր, ինչ էլ թանկանոց…
Մայր ու տղա զարմացած  ու շփոթված էին:
- Խնդրում եմ, զանգե´ք քրոջս, ես համարը կասեմ: Ոստիկանություն պետք չէ....


Քրիստինա

Չզանգեց: Մի՞թե այդքան հպարտ է:
Արդեն երեկո է, ու դանդաղ իջնող մութն անում է իր գործը:
Միլենան էլ չկա: Տեսնես ո՞ր գրողի ծոցում է քարշ գալիս:
Իսկ առավոտյան ի՞նչ ասաց: Միթե՞ նա ճիշտ է, պետք է ինչ-որ բան փոխել արտաքինիս մեջ:
Իսկ ի՞նչ են իմ շորերը, սովորական: Մի՞թե այդքան կարևոր է, թե ինչ ես հագնում: Կարևորը, թե ինչպես ես հագնում:
Ես այդպես եմ սովորել:
Երկվորյակներ ենք, բայց այդքան տարբեր:
Ասում են`      երկվորյակներն իրար զգում են հազարավոր կիլոմետրերից:
Մի՞թե:
Նա չի կորչի կյանքում: Ինձ նման չէ:
 Նորից մոտեցավ պատուհանին:
Քիթը սեղմեց ապակուն ու նայեց բակ:
Ոչինչ չէր երևում: Մի անեևույթ ձեռք գրկել էր ամբողջ բակն ու սեղմել կրծքին այնպես, որ անգամ  լույս թափանցելու տեղ չէր մնացել:
<Կմեռնեմ սպասելով, բայց չեմ զանգի: Եթե մինչև ժամը 10 չզանգի, վերջ, ոչ մի քայլ  իմ կողմից չի լինի >:

Զանգ:
Քրիստինան շրջվեց ու վազեց դեպի հեռախոսը` չնայելով ոտքերի տակ:
Հողաթափերից մեկը ոտքից դուրս եկավ, ու Քրիստինան ընկավ  հատակին:
Առանց ուշադրություն դարձնելու ոտքի ցավին` հասավ հեռախոսին:
Նայեց համարին: Անծանոթ էր:
< Գրողի´ ծոցը, ով ուզում է լինի, չե´մ վերցնի: Իսկ ես կարծում էի…>:


Կարեն

Արածս մի բան չէր, ընդամենը պարի ժամանակ ընկերուհիդ գլուխը դրեց ուսիս:
Այնքան հաճելի էր մազերի բույրը, որ չդիմացա: Ուղղակի ցանկացա հոտ քաշել ավելի մոտիկից, ու ստացվեց, որ համբուրեցի մազերը:
Դե, նա էլ երևի սխալ հասկացավ, ավելի ամուր գրկեց ինձ:
Մի՞թե ես մեղավոր եմ, որ չցանկացար պարել:
Ի՞նչ պատճառ է` <պարել չգիտեմ>: Պարել ո՞վ գիտի որ այստեղ գտնվողներից:
Ա´յ, եթե քույրդ` Միլենան լիներ, ցույց կտար, թե պարելն ինչպես է լինում:
Չհասկացա, թե ինչպես ստացվեց, որ համբուրվեցի ընկերուհուդ հետ ու այդ պահին տեսա, որ նայում ես: Դե, ստացվեց, էլի:
Քանի անգամ ներողություն խնդրեցի:
Իսկ դու մի՞թե քարե սիրտ ունես, ի՞նչ դժվար է զանգել ու ասել, որ ներում ես…

Զանգ:
Ո´չ, նրա համարը չէ: Մի՞գուցե ուրիշ հեռախոսով է զանգում:
Տղամարդու ձայն էր:
- Կարե՞ն, Դո՞ւք եք, մի րոպե´, հիմա տամ ձեր ընկերուհուն:
 - Քրիստինայի՞ն, ի՞նչ է պատահել: Ո՞վ է:
- Մի րոպե´,- ասաց տղամարդը:
- Կա´ր, ես եմ` Միլենա´ն, կարո՞ղ ես գալ, ես լավ չեմ, խնդրում եմ…

Բակում լռություն էր…
…  Միայն պատուհանների տակ խշխշում էին տերևները, որոնք
պտտեցնելով` քամին պատրաստվում էր քշել-տանել…
Ժամանակը չի սպասում, անհամբեր հեռանում է քամուն համընթաց` իր հետ տանելով  դեռ մեկ վայրկյան առաջ գոյություն ունեցող ներկան:


- Ալո, Քի՞ս, ես եմ` Կարենը:
- Հասկացա, հետո՞:
- Կարո՞ղ ես գալ իմ տուն:
- Ուրիշ բան չե՞ս ուզում, էլ ի՞նչ կարող ես ասել:
- Մի րոպե´, սպասի´ր, հեռախոսը տամ քրոջդ:
- Քի´ս, ես եմ, ինձ շոր բեր, հա՞, լրիվ մերկ եմ մնացել…Քի´ս, խնդրո´ւմ եմ:
- Երկուսով էլ կորե´ք գրողի ծոցը,- Քրիստինան հեռախոսը կատաղությունից հարվածեց պատին:

Ժամանակի մեղեդին պարզ է ու խաղաղ:
Բայց այդ խաղաղության մեջ  կան նաև փոթորիկներ, արցունքներ, թախիծ:
Պետք չէ վազել ժամանակի հետևից: Նա միշտ` ամեն վայրկյան անցյալ է:
Նա չի կարող իր հետ տանել ապագան:
Հարկավոր է նստել ժամանակի գնացքի` քեզ հատկացված վագոնը և չափսոսալ ծախսածդ  ժամերի, րոպեների, վայրկանների համար:
Եթե կարողանաս լսել ժամանակի մեղեդին…


Ս.Ումառ

четверг, 3 апреля 2014 г.

Կյանքն ապակու ետևում




Ի՞նչ է զգում մարդը, երբ հոգին անջատվում է մարմնից:
Մեկը տեսնում է երկար, շատ երկար թունել, վերջում` անպայման պայծառ լույսի մի շող, մյուսը` հրեշտակների երգը`կանչող ու ջինջ ձայներով, մեկն ընկնում է ինչ-որ մութ ու խոր մի անդունդ ու անընդհատ ընկնում, ընկնում...
Մեկը թռչում է վեր,անընդհատ պտտվում` տարակուսելով իջնի՞ իր մարմնի մեջ, թե՞ միգուցե պետք չէ…
… Ես ոչինչ չզգացի ու սկսեցի պտտվել, պտտվել` իջնելու տեղ գտնելու հույսով, քանի որ չէի գտնում մարմինս…
Ինձ, ավելի ճիշտ` իմ հոգուն քշում ու տանում էր մի անծանոթ երևույթ` մերթ` հաճելի, մերթ` տհաճ, մերթ` ուրախ, մերթ` տխուր, ու չէի հասկանում, ինչ է կատարվում և ուր եմ գնում:
Հետո կարծես հեռվից լսեցի.
<Անցնում ենք քո կյանքի բոլոր օրերով, ամիսներով, տարիներով..>
<Ինչու՞, ես չեմ ցանկանում, վերադարձրո´ւ ինձ իմ մարմինը , ես ետ եմ ուզում..>
Ես չէի լսում իմ ձայնը, ձայն չկար, բայց պատասխանը լսեցի.
<Երբ երկու ձեռքերով գրկես գլուխդ, կանգ կառնեմ>:
Ե՞րբ պետք է բռնեի գլուխս, ես չգիտեի, իսկ այդ ընթացքում անցնում ու անցնում էինք ժամանակի մեջ` մերթ` հաճելի, մերթ` տհաճ, մերթ` ուրախ, մերթ` տխուր, ու չէի հասկանում…
Ընթացքն այդ ինչ-որ բութ երևույթի հետ, որը հետո չպատասխանեց իմ ոչ մի հարցի, դանդաղեց, թե՞ արդեն սկսեցի հարմարվել, երբ տեսա Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթը:
Գլուխս բռնեցի ձեռքերով:
Երևույթն ինձ գցեց գմբեթի վրա ու ասես անհայտացավ:

Բավականին թեք գմբեթի վրա նստած եմ ու չեմ ընկնում:
Փորձ արեցի իջնելու, ու կարծես ստացվեց:
Թռչում եմ ցանկացած առարկայի վրայով` մոտ 2-3 մետր հավասար հեռավորության վրա:
Հետո նորից բարձրացա, նստեցի գմբեթին, որի քարերի արանքներից խոտեր են աճել:
Փորձեցի պոկել խոտերից,  ստացվեց, ու ասես մի էլեկտրական հոսանք անցավ իմ միջով:
´յ, դա չպետք է անես, ո´չ մի առարկայան գործողություն, հակառակ դեպքում կկորչես անհայտության մեջ` հավիտյան հրաժեշտ տալով մարմնիդ: Ժամանակդ սահմանափակ է:
Ընդամենը` այսքանը: Դե´, քեզ հաջողությո´ւն:>

Լավ երևում է դիմացի շենքը, բայց ես տեսնում եմ միայն մեկ պատուհանի ներսը:
Հասկացա, որ իմ օրերից մեկն է այդտեղ:
Բայց ո՞ր:
Մեջքով դեպի պատուհանը, համակարգչի մոտ մի աղջիկ է նստած:
Երկար մազերը գցված են աջ ուսին:
Պարզ երևում է համակարգչի էկրանին գրված տողը.
<Դու էլ ինձ ես դուր գալիս>
<Հանդիպե՞նք>
<Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ >:
<Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է սպասելո~ւ եմ>:
<Դե, հաստատ չեմ կարող ասել>:
<Գրիր համարս` 091329198>
Իմ հայացքն այդքան հիմար չի եղել երբեք. իմ բջջային հեռախոսի համարն էր:
Աղջիկը շրջվեց` վերցնելու իր հեռախոսը, ու տեսա նրա դեմքը:
Աստվա´ծ իմ, մի՞թե լինում է այդպես:
Ասես  ինչ-որ զվաճասեր  կախարդ իմ դեմքը վերցրել, գեղեցկացրել, նրբացրել, սարքել էր աղջկա  դեմք ու հրամցնում էր
Համակարգչին մոտեցավ մի կին, երևի` մայրը: Արդեն ամեն ինչ պարզ էր:
Դանիելյան Հասմիկն էր` իմ առաջին սերը:
Տարիները վատ դիմահարդարի ձեռքերով իրենց գործն արել էին նրա դեմքին:

* * *
Տարիները:
…Չեմ հասցնում պատասխանել նամակներին:
Միաժամանակ <խոսում > եմ երկու աղջկա հետ:
Մի կողմից հեշտ է, քանի որ բոլորին նույն բանն եմ գրում,  մյուս կողմից էլ`  դժվար, քանի որ կարող է երկուսն էլ համաձայնեն հանդիպման:
Մեկին ես կմոտենամ, երկրորդի մոտ Թորոսյան Արմենին կուղարկեմ, պարզ թվաբանություն է:
Կարևորը ճիշտ ընտրեմ, որ լինի ամենագեղեցիկը ու չափերը` պաշտպանված` 24-60-165:
Իմ ու Արմենի հնարած չափերն են`տարիք, քաշ, հասակ`90-60-90-ի փոխարեն:
 Ծալված կայքը թրթռաց:
<Բարև, ես էլ Հասմիկն եմ>
Սա արդեն երրորդն է, բարդացավ գործս…
Անցավ մեկ շաբաթ:
…<Դու էլ ինձ ես դուր գալիս, ժամանակակից մտքերով, Պոլիտեխնիկի՞ց ես, չէ՞, ես էլ` Համալսարանից>…
…<Կարելի՞ է քեզ Հաս ջան ասել:  Հանդիպե՞նք, Հա´ս ջան >:
<Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ,լա՞վ >:
<Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է , սպասելու եմ>:
<Դե, հաստատ չեմ կարող ասել>:
<Գրիր համարս` 091329198>…

* * *
Տարիները:
… - Հա´ս ջան, ինձ ճիշտ հասկացիր, դու` ուսանող,  ես` ուսանող, մեր ինչի՞ն է պետք երեխան, ազատվի´ր նրանից:
- Դու  ինչ ստոր մարդ ես, թե՞ կատակում ես:
- Ի՞նչ կատակ, ուզո՞ւմ ես խայտառակվել, համ էլ ինձ մի´ մեղադրիր, մեղավորը դու ես…ես հարբած էի ու ոչինչ չեմ հիշում:
- Քեզ սիրում էի ու տրվեցի, ես չեմ ափսոսում իմ…
- Չգիտեմ, մոռացի´ր ինձ ,եթե այդպես ես մտածում, ինձնից ի՞նչ հայր, ես շարունակելու եմ ուսումս ինստիտուտից հետո:
- Դա քո վերջի՞ն խոսքն է:
- Հա´ս ջան,  ազատվի´ր երեխայից , ու մնա´նք առաջվա պես, էլ ի՞նչ է քեզ պետք: Մենք սիրում ենք իրար,  չէ՞: Հակառակ դեպքում…
- Քեզ տեսնել չե´մ ուզում, զզվա´նք:

* * *
Հասմիկն ու աղջիկը կարծես վիճում են, ես չեմ լսում:
Աղջիկն ինչ-որ բան է համոզում, մայրն էլ կարծես չի համաձայնում:
Միգուցե կոտրե՞մ պատուհանի ապակին, կոտրե՞մ համակարգիչն ու թույլ չտամ աղջկաս գնալու այդ հանդիպմանը: Ինչպե՞ս թույլ չտամ:
Ես լավ եմ ճանաչում Հասմիկին,նա թույլ չի տա ,մի բան կմտածի հաստատ, բայց չեմ ճանաչում աղջկաս, եթե իմ աղջիկն է, ուրեմն …
Մյուս պատուհանում լույս վառվեց:
Երևի ննջարանն է:
Աղջիկը, Ի´մ աղջիկը սկսեց փոխել շորերը:
Դեմքս շրջեցի: Մյուս սենյակում  Հասմիկը դեմքով դեպի պատուհանը լալիս էր:
Ուրեմն չստացվեց:
Դեմքս մոտեցրի  պատուհանին ու նայում եմ նրա ձեռքի ժամացույցին:
18.30 րոպե:
Դեռ ունեմ 30 րոպե ժամանակ: Ես միշտ ժամադրվում էի 19.00-ին:
Վստահ գիտեմ, որ տղան , ում հետ աղջիկս պետք է հանդիպի, երկու հոգու է ժամադրելու, կսպասի մինչև առաջին եկողն ու կհեռանա նրա հետ:
Վերադարձա, տեղավորվեցի  գմբեթին:
Սկսեց ձյուն գալ:

Եթե որևէ մեկը գմբեթի բարձրությունից չի տեսել, թե ինչպես է հարսնաքողի նման ձյունն իջնում քաղաքի վրա, ապա ասեմ, որ բոլոր հրաշալիքները անգույն նկարներ են այս տեսարանի համեմատությամբ:
Երևանն է, ու փաթիլ-փաթիլ իջնող սպիտակ գեղեցկությունը:

Զգույշ սողոսկեցի շենքի մուտք ու բարձրացա Հասմիկենց հարկն այն ժամանակ, երբ դուռը բացվեց ու Նա դուրս եկավ բնակարանից:
Ու՞մ հայրական աչքերը չեն փայլել հպարտությունից իր գեղեցկուհուն տեսնելիս:
Հայրական ո՞ր սիրտը չի բաբախել րոպեում 150 անգամից ավել, երբ տեսել է իր աղջկան տղայի հետ թևանցուկ:
Հայրական ո՞ր սիրտը չի կծկվել խանդից դեպի հարազատ աղջիկը:
Ես ինձ երբեք նրա հայրը չեմ համարել, չեմ իմացել նրա գոյության մասին, քանի որ իմ ու Հասմիկի վերջին խոսակցությունից հետո նրանք ընտանիքով հեռացել էին քաղաքից:
Իսկ հիմա~:
Ես զգում եմ, որ իմ աղջիկն է: Գիտեմ, որ ի´մն է, ի~մը:
Ես չունեմ մարմին, բայց սիրտս բաբախում է րոպեում 1500 անգամից ավել:
Ես զգում եմ, որ աչքերս փայլում են հպարտությունից:
Ես զգում եմ, որ աղջիկս կրկնում է իր մոր տարիներ առաջ թույլ տված սխալը ու չգիտեմ ինչպես օգնել:
Ես զգում եմ, թե Հասմիկի սիրտն իմ սրտին ինչքան համաչափ է զարկվում :
Ես եկա ուշացումով, բայց եկա : Այստեղ եմ, և այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել:

Աղջիկը նստեց երթուղային տաքսի ու անհետացավ:
Բարձրացա նորից պատուհանի մոտ , որտեղ դեռ լալիս էր Հասմիկը:
Ես այստեղ եմ, ինչու՞ ես լալիս:
Հետո՞ ինչ, որ այստեղ եմ:
Ափոս չեմ կարող ծնկել քո առաջ ու ոչ մեկին պետք չեկող ներողությամբ գրկել քեզ, համբուրել այն շրթունքները, որոնք տարիներ առաջ արտաբերեցին. <Քեզ տեսնել չե´մ ուզում, զզվա´նք>:
Կներե՞ս արդյոք իմ` քեզ  այսքան ժամանակ տանջելը,  ես չգիտեմ, բայց թույլ չեմ տա, որ դու լաց լինես, ինչպես ժամանակին քո մայրն է թաքուն լաց եղել:
Քեզ հաջողություն, սիրելի~ս,  մնաս բարո~վ, աղջկաս լավ կնայե~ս:

Սլացա Թումանյան-Խանջյան խաչմերուկ:
Անկյունի շենքի մոտ հիմա մի ապակեպատ խանութ է:
Ներսում մի մանեկեն է կանգնած: Կնոջ մանեկեն:
Նայում է ինձ, ժպտում:
Դեռ ոչ ոք չկա:
Ես կտարբերեմ հազարավորների մեջ ինձ նմանին:
18.45 րոպե:
Իմ աղջիկը չի ուշանա, նա Ի´մ աղջիկն է, ճշտապա´հ, վստահ եմ:
Իսկ ի՞նչ եմ անելու ես:
Պտտվում եմ խանութի շուրջբոլորն ու հետազոտում, ոչ մի բան մտքովս չի անցնում:
18.50 րոպե:
Երևաց տղան :Ծաղիկները` գլուխները ներքև պահած մոտենում է:
Ես միանգամից ճանաչեցի տղային` ինձ երիտասարդ ժամանակ:
Նրան երկու տարբեր կողմերից մոտենում էին եկու աղջիկ:
18.57 րոպե:
Ժամանակ չկա, ո՞ր մեկը առաջինը կմոտենա:
Մոտեցա խանութի ապակուն ու ձեռքով հարվածեցի:
Ապակին հաստ էր ու տեղի չտվեց:
18.58 րոպե:
Հավասարաչափ  հեռավորությամբ` տարբեր կողմերից տղային մոտենում էին երկու աղջիկ` հետագայում դժբախտանալու համար:
Մեկն իմ աղջիկն էր,մյուսն իմ կինը` երիտասարդ ժամանակ:
Երկուսից ո՞ր աղջկան փրկել ինձանից, քանի որ տղային չկարողացա մեկուսացնել:
Մնում էր մոտ 20 մետր` տղային հասնելու:
Որոշումը կայացված էր:
Խանութի օդանցքից սահեցի ներս, անցա ամբողջ սրահով,  թափով ետ եկա ու հարվածեցի մանեկենի մեջքին, որը, ընկնելով ապակուն, փշրեց:
18.59 րոպե:
Փշրված ապակիները թափվեցին աղջկաս ոտքերի մոտ:
Ետ քաշվեց վախեցած:
Սկսեցին հավաքվել հետաքրքրասերները` փակելով աղջկաս ճանապարհը:
19.00
Կինս մոտեցավ տղային:
Մի քանի բառ փոխանակելուց հետո միասին հեռացան:

* * *
Նայում էի հեռվում կանգնած միայնակ աղջկաս:
Հանգիստ էի:
Լսվեց Երևույթի բամբ ձայնը.
<Ես քեզ զգուշացրել էի` ոչ մի առարկայական շփում:
Դու այլևս մարմին չես վերադառնա:
Դու հիմա  մի անզոր թափառական հոգի ես ու դեռ երկար կթափառես, այդպես էլ հանգրվանդ չգտնելու պայմանով: Գնացի~նք>:
Արդեն ծանոթ Երևույթը փաթաթվեց ինձ ու տարավ: