суббота, 6 сентября 2014 г.

՛՛ Հայաստանն ո՞վ է...՞

Հայաստանն ո՞վ է…

- Պա՛պ, Հայաստանն ո՞վ է:
-
Հայաստանը տղաս Ամեն ինչ է, ինչ որ կարող ես պատկերացնել, ինչո՞ւ ես հարցնում:
-
Գիշերը քնած չէի, լսում էի, որ հեռախոսով ասացիր Հայաստանը հիվանդ է:
-
Գիշերը փոքրիկ տղաները պետք է քնեն ու չլսեն մեծերի խոսակցությունները:
-
Պապ, հեռո՞ւ է Հայաստանը:
-
Հեռո՜ւ, օվկիանոսնից այն կողմ, շա՜տ հեռու:
-
Իսկ քո ի՞նչն է, իմ ի՞նչն է
-
Ասացի չէ, Ամե՛ն ինչը:
-
Իսկ ես քո ի՞նչն եմ:
-
Դո՞ւ, իմ Ամե՛ն ինչը:
-
Չհասկացա, ես քո Ամեն ինչն եմ, Հայաստանն էլ է քո ամեն ինչը, դու իմ կողքին ես, իսկ ինչո՞ւ Հայստանի կողքին չես, կամ ես նրա մոտ չեմ, չէ ո՞ր այդպես քեզ հեշտ կլինի երկուսիս էլ օգնել: Ինձ տար Հայաստանի մոտ, խնդրո՜ւմ եմ:
-
Մի՞թե քեզ վատ է այստեղ, ես
-
Երբ հիվանդ էի, մամայի տված դեղերից շատերը թաքուն չեմ խմել, պահել եմ, ես դրանք կտամ Հայաստանին ու կլավանա, ես նրան իմ խաղալիքները կտամ, կզբաղեցնեմ, որ մոռանա ցավերն ու շուտ լավանա, երևի ինձ նման շատերը կան որոնք կանեն նույնը:
-
Ուշանում ես դպրոցից, տես, հարևան Ջոնը արդեն քեզ է սպասում, արագացրու:
-
Իսկ ինձ դրամ կտա՞ս, շա՜տ:
-
Ի՞նչ պետք է գնես, տղաս:
-
Ես կհավաքեմ ու մի օր անպայման կփախչեմ Հայաստանի մոտ, ինչպես որ Ջոնն է ուզում փախչել Սոմալի՝ օգնելու իր սոված ընկերներին, միայն խնդրում եմ դու այստեղ չհիվանդանաս, թե չէ ստիպված կլինեմ վերադառնալ, չէ՞ որ դու էլ իմ Ամե՛ն ինչն ես, ես քեզ չեմ լքի հիվանդ պահին:
-
Իհարկե՜, Քրիստիան ջան, իհարկե՜
-
Պա՛պ, իմ անունը Գրիգոր է, ինձ Քրիստիան մի՛ ասա
Բակից լսվում էր սևամորթ փոքրիկ Ջոնի կանչը.
-
Կիրքո՜ր, Կիրքո՜ր


Ս.Ումառ

воскресенье, 31 августа 2014 г.

Այսպես են ապրում պոետները…


Ինչո՞ւ պետք է ավելանա
տառապանքս,
Ինչո՞ւ պետք է ճամփիդ սպասի
հոգնած աչքս,
Ինչո՞ւ պետք է տիեզերքում հենց ինձ համար
Աստղդ մարի…
Ինչո՞ւ պետք է սիրտս մտքիս մխիթարի…

Մի՞թե իրոք Աշխարհն այն չէ,
Սերը լեզվի հառաչա՞նք է,
Ցա՞վ է,
Ճի՞չ է անճարության,
Թե՞ ոտքերս ակամայից
Ինձ տանում են նոր Փորձության…

Բա՛վ է փորձեք ինձ,
Աստվածնե՛ր,
Ժամանակն իմ մեջ կանգնել է վաղո՜ւց…
Ես դեռ կփնտրե՜մ…
Ես դեռ կգտնե՜մ…
Արդյո՞ք Սիրուց եմ հոգնել,
Թե՞ չսիրելուց…

Հոգնե՜լ եմ,
Իրո՛ք հոգնել,
Մեկի համար Սատանա լինելուց,
Մեկի համար՝ Աստվա՛ծ,
Մեկի համար ուղղակի Պոե՛տ
Մեկի համար՝ գրողի տարած….

Ապրում եմ այդպես՝ կուրծքս այրվելով,
Ձեռքիդ ափերն եմ կարոտում անչափ,
Իսկ Վերջը -
իր բիրտ մատներով,
Պատուհանս է թակում անդադար….

Արևի արյունն է մակարդվում,
Մայրամուտի փեշերին դառնում վերք,
Երկնքի բացված բերանի անկյունում,
Ավելանում են կնճիռներ…

Ծիծաղում են բոլոր Աստվածները
Անտարբեր նայում ջղաձիգ մատներիս
- Այդպես են ապրում պոետները՝
Կառչած պատրանքի եզրերից…

Մեկն Աստվածներից իր մատն է տնկել
Մատից  թելեր են իջնում դեպի ինձ,
Շարժում է մատը՝ ես խամաճի՞կ եմ…
Կախված այդ Աստծո մատներից…

Բաժանման Աստվա՞ծն է,
Թե՞ Աստվածուհին,
(Ներքևից ոչինչ չեմ տեսնում)
Ձեռքս գցում եմ թելերին
Մահացած ձևանում…

Կիթառը՝ ոտքը ջութակի մեջքին,
Մի տերևի տակ լալիս է տխուր,
Հիմար աչքերով Երկնի տերերին
Մի չկայացած պոետ է նայում…

Կեղծ Մա՞հս են սգում,
Հոգնածությո՞ւնս,
Փորձն իմ անհաջող խաբելու  Աստծո՞ւն,
Իրար են ձուլվում խառը մտքերս,
Իրո՜ք հոգնել եմ,
Էլ  չեմ դիմանում…

Պոետի՛ն…
Դժվա՜ր է ձևանալ մահացած,
Կյանքի ցանկացած հատվածում,
Գրո՞ղ ես եղել…թե՞
Գրողի տարած…
Այդպես էլ ապրիր աշխարհում….


Ս.Ումառ


Մոր ձեռքերը



Հիշի՛ր Ձեռքերը մայրական՝
Ամեն մի մատում սրտի մի բախում,
Երբ օրօրում էր
սայլակդ մանկան,
Երբ քեզ անընդհատ երգեր էր երգում:

Հիշի՛ր, ի՞նչպես էր քեզ սեղմում կրծքին՝
Հայացքը Տիրոջը, որ քեզ պահպանի,
Հիշի՛ր, որ ոչինչ մայրական Սրտին,
Մայրական Հոգուն
Չի՛ փոխարինի:

Մոր Սիրտն ուրիշ է՝ լցված քո կյանքով,
Այն բաբախում է - քեզ իր մեջ առած,
Հիշի՛ր, ինչքան է իր թաց աչքերով
Անքուն մնացել անկողնուդ առաջ…

Ծե՜ր, հոգնա՜ծ, հիվա՜նդ,
Իր Տաք ձեռքերով
Քանի՞ անգամ է խաչ արել մեջքիդ,
Քանի՞ անգամ է դողդոջ շուրթերով
Լուռ մրմնջացել
« Մեռնե՜մ արևիդ…»

Հիմա իր բարի՜, կնճռո՜տ ձեռքերով
Քո զավակին է սեղմում իր կրծքին,
Բայց դե միևնույն է -
Իր խոր աչքերով
Ամեն մի պահի քեզ է ման գալիս…

* * *
Ինձ մեղադրում են որ Աստված չունեմ,
Որ առանց Աստծո - դաժան է կյանքը…                
Աստվածն իմ Մա’յրն է,
Այլ սիրտ չգիտեմ,
Մա՛յրն է բնության միակ Հրաշքը:

Ես չեմ ընդունում վանքի պատերը…
Սառը քարերը…
Սուրբ նկարները…
Ես խոնարհվում եմ ու համբուրում եմ
Մայրական բարի՜,
Քնքո՜ւշ ձեռքերը….

Ս.Ումառ



суббота, 30 августа 2014 г.

Ժպտա ինձ, սիրելիս...



*
Դու ինձ չես սիրում, չես սիրել երբեք: Ես էլ քեզ չեմ սիրում:
Դու ինձ չես լսել, զբաղված ես եղել ,երբ քեզ եմ դիմել:
Ես էլ քեզ չեմ լսել, համոզված լինելով, որ ավելի լավ գիտեմ իմ վերջը, քան Դու:
Գիտեմ, որ մի օր, ինձ շատ անծանոթ ճանապարհներով  կգամ կկանգնեմ Քո առաջ ու...
-Ես եմ, եկել եմ արդեն, ուզում եմ իմանալ իմ մեղքի բաժինը: Ես Քեզ կանչել եմ, Դու ինձ չես լսել, ես Քեզ կանչել եմ , բայց Դու չես եկել: Միթե± արդար է, որ Դու ինձ սովորեցրել ես միմիայն սիրել, բայց սիրվելավա~ղ  չես սովորեցրել:
Ես ինքս եմ սովորել մասերի բաժանված ստվերս մոտեցնել իրար, սեղմել  բռունցքիս մեջ ու կարկատել,կարկատել...
Ստվերս  բռունցքիս մեջ դարձել է մի յուրօրինակ արև ու տաքացնելու փոխարեն թրջել է փոշոտված ուղեղս` սարքելով այն ցեխ, լղոզել ողջ մարմնովս մեկ:
Դրանից տարօրինակ  ու հաճելի հոտ եմ առնում:
Հետաքրքիր է, Դու ծաղիկներ սիրու±մ ես:
Ախ, հա~, ծաղիկներ:
*
Երկու օրից Լուսինեի ծնունդն է:
-Մամ,ի±նչ նվեր եմ տանելու:
-Եսիմ, տղա ջան, մի բան կմտածենք:
Մի ամբողջ օր  մայրս չփխեց ու կարգի բերեց երկրորդ հարկում ապրող դասախոս Մարգարիտա Մկրտիչևնայենց տան բուրդն ու անկողինը:Ամբողջ գիշեր չքնեց ու կարգի բերեց իմ միակ վերնաշապիկն ու երեք կարկատաններով շալվարս`խնամքով քողարկելով կարկատանները:
Մարտի 18:
Ես ունեի երեք հազար դրամ փող ու հին, մաշված, բայց մաքուր  ու խնամքով արդուկված շորեր:
Դու ինձ չես սիրում:
Տանը հաց չկար: Ես պետք է իմ համակուրսեցիների հետ նշեի Լուսինեի ծննդյան օրը, իսկ մայրս տանը նստած պետք է ծամեր տառապանքի այն փշուրները, որոնք Դու հաճախ ես ուղարկում մեր տուն:
Մոտենում եմ Լուսինեյենց շենքին: Ձեռքիսհամալսարանի ՙԲանասեր՚ թերթի նախավերջին համարն է, որի վերջին էջում իմ  ՙԺպտա ինձ սիրելիս՚ բանաստեղծությունն է, նվիրված Լուսինեին  ու  էժանագին մի ծաղկեփունջ: Չգիտեմ ինչ ծաղիկներ են, դեղին, բայց շատ դուրեկան հոտով:
Վաճառողն երբ իմացավ որ ծնունդի համար եմ գնում, խորհուրդ տվեց գնել կարմիր վարդեր: Ինձ դուր եկան դեղին այս ծաղիկները և գինն էր հարմար, համ էլ կարող էի գնել մի տուփ ծխախոտ ու տուն գնալու փող էլ կմնար:
Վերելակն անձայն ինձ բարձրացնում է:
Լուսինեյենց դուռը կաշեպատ է, փայլուն, գեղեցիկ: Զանգի կոճակն էլ հրավիրատոմսին նման կանչող:
Համակուրսեցիների մեծ մասն արդեն եկել էր:
Մեր` բանասիրական 2-րդ կուրսի ուսանողներից միայն ես եմ բանաստեղծություններ գրում: Միակ ընթերցողն էլ մայրս է: Երբ առաջին կուրսում գրածս բանաստեղծությունը տվեցի Լուսինեին, ու ասացի որ իր համար է գրված, խնդրեց բարձրաձայն կարդալ բոլորի ներկայությամբ:
Ես Լուսինեին  մերժել չէի կարող:

Գիշերն եկավ, բայց  չի մնա
Այն տեղ չունի  իմ սրտում,
Լուսաբացը մինչև  չգա
Գիշերը չի ջնջվելու:

Ու չի ջնջվի գիշերային
Դաժանագույն պատկերը
Եվ իմ կանչող տխուր ձայնին,
Կարձագանքեն  բուերը:

Լուսաբացին   ինձ փաթաթվող
Սառը քամին  իմաստուն,
Ցրիվ կտա  ինձ շատ տանջող
Երազները փոթորկուն:

Ես սպասում էի Լուսինեի արձագանքին: Լուսինեն  սպասում էր ընդհանուրի արձագանքին: Ես նկատեցի Մարիամի արդեն ծափ տալու պատրաստ ձեռքերի բարձրացումը, երբ ...
-Հիմարություն,- ասաց Միրզոև Վլադը,- գիշերը քնելու համար է:
Լուսինեն   աչքի տակով նայեց նրան ծիծաղեց  ու ասաց.ՙՈչինչ լավն ա, կպցրու գրատախտակին՚:

*
Իսկ այսօր ես բերել եմ արդեն թերթում տպված իմ մի ուրիշ բանաստեղծություն:
Սեղանի շուրջը, երբ եկավ իմ հերթը շնորհավորելու, կենաց ասելու, Վլադն առաջարկեց վերջացնել կենացները և անցնել պարելու, ՙԹե չէ ծնունդը կվերածվի պոեզիայի ժամի՚:
Ու երբ տեղից , բարձրացավ ես համոզված եմ որ դիտմամբ կպավ թևիս  ու կարմիր գինին թափվեց վրաս և հատակին փռված թանկարժեք  գորգին:
Լուսինեի մայրը  մի փալասի կտոր բերեց գորգը չորացնելու համար:
-Գոհար Համբարձումովնա, այդ փալասը հետո չշպրտեքԱրամի համար լավ շալվարի կտոր է:
Լուսինեն սպասում էր, բոլորը սպասում էին և բոլորին էլ թվում էր թե ես պատասխանելու եմ ինչ որ քառյակով...
 Դու ինձ չես սիրում, Տեր Աստված, ես էլ քեզ, թե չէ բազմաթիվ անգամ փորձած նրբերշիկ,լանգետ ու մսի այլ կտորներ  երբեք  չկտրող դանակը այդքան հեշտ չէր մտնի Վլադի կողը:
Դու ինձ չես սիրում, թե չէ դանակը դեմ կառներ կողոսկրերից մեկին, այլ ոչ թե երկու կողոսկրերի արանքով այդքան հեշտ կսահեր ներս:
Դանակի շեղբից կաթող Վլադի արյունը կաթում էր գորգին, միանալով թափված կարմիր գինուն:
Դու ինձ չես  սիրում ,թե չէ  Լուսինեի հայրը  03 զանգելու փոխարեն  02 չէր զանգահարի... …02

*
Խցիկում երկուսով ենք` ես ու  բերանից սխտորահոտ եկող մի տարիքն առած մարդ:
-Քեզ ինչի± համար են բռնել, տղա  ջան, գո±ղ ես:
-Չէ, մարդ եմ խփել, դանակով:
Մա~րդ: Միթե± պետք էր  որ  շարք կանգնած մարդկանց մեջ, որպես մարդ կանգնած լինի նաև  Միրզոև Վլադը:
-Յա~, մեռե±լ է թե±...
-Չէ, չստացվեց:
-Աղջկա  հաշիվ կլինի,-գլուխը  տարուբերում է,-բա աղջկա  համար կռիվ կանեն, լի±քը չեն:
-Լիքն են, բայց ես մեկի համար եմ կռվել, ինձ մեկն է պետք, ինձ մեկն է դուր գալիս:
-Ի~,ջահել ես:Եթե աշխարհում կա մի բան որի համար կարելի է կռվել դա   փողն է ու...զրոն:
-Ի±նչ զրո:
-Զրոն աշխարհի ամենամեծ թիվն էփորձիր  քո մեկ դրամի կողքին դնել մեկ զրո, հետո էլի ու էլի և կտեսնես թե ինչ ուժ ես ստանում, թե ինչպես են քեզ սիրում...
Փո~ղ:
Եթե ես էլ փող ունենայի, կունենայի Միրզոև Վլադի կոստյումից, ոսկե ժամացույց, բջջային  հեռախոս և այսպես չէր ստացվի:
*
-Զրոն աշխարհի ամենամեծ թիվն է, հզոր, ամենակարող, իսկ   քեզ տղա ջան, կտան մեկ տարի, գուցե: Եթե  քննիչը  քո այդ Վլադի նմանի մեկը լինի, կավելացնի մի զրո  ու...



*
Ձեռքիս ծաղկեփնջից թարմ ռեհանի հոտ է գալիս ու հոտոտելով ծաղկեփունջը մտնում եմ վերելակ: Վերելակը, սիրամարգի ճչոցների նման ձայն  հանելով ինձ բարձրացնում է վեր:
Դու ինձ չես սիրում, թե չէ հիմա վերելակում Լուսինեն էլ կլիներ:Կփակեր աչքերը ու կհամբուրվեինք: Դա կլիներ աշխարհի ամենաջերմ ու երկար համբույրը:
Լուսինեյենց դուռը կաշեպատ է: Վարպետները լավ գործ չեն արել:Կաշվի կտորների կարերը տեղ-տեղ  իրար չեն համընկնումԶանգի կոճակն էլ կորցրել է իր վաղեմի սպիտակ գույնը:
Չգիտեմ սեղմե±մ կոճակկը թե± ոչ:
Եվ ի±նչ պետք է ասեմ, որ ես արդեն եկե±լ եմ:
Կբացվի դուռը ու ամենագեղեցիկ ժպիտը ինձ տեսնելով կդառնա  զարմանք:
Չենք տեսնվել չորս տարի, ավելի ճիշտ չորս տարի մեկ ամիս ու երեք օր:
Իսկ այսօր, այս պահին սեղմում եմ զանգի կոճակը:
Այս պահին գուցե համոզվեմ մենակությունն անմա±հ է, թե լուսաբացի մոտեցող ձայների վախից մահացել է:
Այս պահին գուցե գլուխս գրկես ու շշնջասոր կորցրածս տարիները իզուր են եղել կամ իզուր են ջնջվել:

*
Դուռը բացվեց:
Լուսինե-ժպիտը ինձ տեսնելով դարձավ զարմացած  մի սարսափ:
-Լուսինե, ով է, ներս կանչիր,-Գոհար Համբարձումովնայի ձայնը չէր փոխվել:
-Հեչ, մամ, ժավել են վաճառում:
-Այս գիշերվա կեսին ի±նչ ժավել:
Դուռը շրխկաց երեսիս:
Ծաղիկները թափվեցին դռան տակ փռված փալասի վրա ու ամբողջ աստիճանավանդակը լցվեց  ռեհանի  թարմ հոտով:

*
Դու ինձ չես սիրում, թե չէ իմ բանտարկված ժամանակ մորս չէիր տանի մոտդ:
Հիմա մեն-մենակ եմ աշխարհում:
Վաղը կգնամ  գերեզմանոց:
Անպայման այս նույն ծաղիկներից կտանեմ, թող ամբողջ գերեզմանոցը լցվի ռեհանի բույրով:
Կնստեմ մորս գերեզմանաթմբի մոտ, կշնչեմ  ռեհանի բույրը: Հետո հարց կտամ .
-Մամ, գիտե±ս ինչ բան է զրոն:
-Գիտեմ, տղա  ջան, բայց դու միայն  ժպտա:
Ժպտա սիրելիս:


25.04.04թ.