суббота, 15 сентября 2018 г.

«Գիշերային մենախոսություն» շարքից




* * *
Ինձ մո՜տ մնացի՝
այսինքն քեզ հետ
և մենակություն բնավ չզգացի:
Հետո հասկացա-
Ինչքա՜ն լավն եմ ես, երբ դու կողքս ես
…կամ էլ հոգուս մեջ:

Քայլվա՜ծքդ..
քայլվածք չէր մի սովորական՝
սլա՜ցք էր դեպի վեր,
սլա՜ցք էր հախուռն
և չդիմացավ հողը ոտքիդ տակ՝
այրվեց - ինչպես որ արյո՜ւնն է այրվում
գարնան երակում:

Ո՜ւշ էր, հեռացա՜ր,
մենակ մնացի ամբողջ աշխարհին անտարբեր:
Ես ինձ հե՜տ էի, ես մենա՜կ չէի՝
Ե՜ս էի … և զո՜ւյգ տենչանքի թևեր:

среда, 12 сентября 2018 г.

… Դե՛ն նետիր թավշյա ձեռնոցնե՜րդ




Բարությամբ շռա՜յլ դարավոր իմ ա՜զգ,
Ի՞նչու ես ամուր  աչքերդ փակել,
Ի՞նչու ես անձայն երկա՜ր ժամանակ,

Չէ՞ որ կարող ես ուրիշ կերպ ապրել…

Կարո՛ղ ես ապրել քո հողում քարոտ,
Քարերով կոտրել գլուխը նենգի,
Չէ՞ որ հայ մարդը ծալած ձեռքերով

Անհույս չի՛ նայել քանդվող տանիքին…

Մեկ մի քոռ բո՜ւ նստեց գահիդ,
Մեկ՝ այլանդակ անասուն,
Մեկ՝ աննամո՜ւս, հիմար հիբրիդ-
Օտարածին մի լամուկ:

Լո՜ւռ մնացիր քարերիդ պես,
Կոկորդումդ վի՜շտ ու ցավ,
Լույսի փոքրիկ մի շո՜ղ բացվեց,

Բայց Լուսաբաց չդարձավ:

«Քա՜յլ արա»  այս «Լուսավոր …»
Քո հողում «Երկիր ծիրանի»
Օրե՜ր են մռա՜յլ,  անձրևո՜տ

Քոնն արեգա՛կն է՝ Վաղը կբացվի:

Դե՛ն նետիր թավշյա ձեռնոցնե՜րդ,
Մատներո՛վ խեղդիր այլանդակներին,
Վաղո՜ւց են սրբացած նախնինե՜րդ

Սպասում համահունչ քայլերի…

ՆԱԽԱՆՁԸ




ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
*
Ոչ ոք չգիտի՜ թե ի՞նչ կլիներ
այս մոլորակում պատահարածին,
եթե նախանձը հանկարծ չլիներ,
եթե չմորթեր Կայենն Աբելին:
*
Նախանձն իրոք վաղո՜ւց է եղել-
դեռ նախնադարից նախահայրերի,
երբ նախամարդիկ սոված են եղել
իրար են կերել երևի:
*
Մեկին սի՜րտ է բաժին հասել,
մեկին՝ ցավի՜ց չռված աչքեր,
ուժեղը մի՛շտ կո՜ւշտ է եղել,
թույլը՝ նայե՜լ, նախա՜նձել…
*
Նախանձել է կինը այրին,
այրը կնոջն է ծեծել,
երբ բերանով իրենց վայրի՜
մարդու միս են հոշոտել…
*
Նախամարդիկ սի՜րտ են  լափել,  
իրենց զգացե՜լ են  սրտոտ,           
մարդու հոգին մարմնից հանե՜լ                                              
շպրտե՜լ են մի կողմ:
*
Ուշացողին բան չի՛ հասել…
ու կիսաքունն աչքերին
գիշերով ինչ հոգի տեսել-
Կո՜ւլ է տվել՝  անուղեղն այդ անոթի:         

* * *
Ահա և ողջ առեղծվածը-
նախանձն ինչպես է ծնվել, 

ասել կուզի թե նախա՜նձը
Դե՜ռ քարայրից է սկսվել:   


ՎԵՐՋԱԲԱՆ

Ասո՜ւմ են
Նախանձը ահավո՜ր զենք է՝
Տրոհված միջուկից ահարկո՛ւ,
Ցավո՜ք, նախանձը մի՛շտ էլ եղել է,
Միջուկի մասին նո՜ր ենք իմանում:
*
Նախանձի բարին ո՞րն է, չգիտե՜մ,
Երբ ինքը տեղով չար է, բանսարկու,
Միա՜յն չա՛ր մարդիկ նախանձ սիրտ ունեն
Ասե՜նք դա սիրտ չէ՝ այլ մի ջղագունդ:
*
Եվ ջղագունդն այդ կանգնո՜ւմ, ասո՜ւմ է-
Հա՜յր, Մա՜յր, Դո՜ւստր,
Որդի՜, Հայրենի՜ք,
Հետո ինքն իրեն նախանձից ուտո՜ւմ է-
Մահվան սեղանը կարծում հարսանիք:
*
Նախանձը նման է մի ստրիպտիզի՜,
Որտեղ հոգի՛ն է շորերը հանում,
Ներկայանում է՝  դեսպան անցյալի,
Որ միաժամանակ գալի՜քն է հսկում…
*
Մերկ հոգին առանց խղճի՜ ու խայթի
Դառնում է մի զենք ահարկո՛ւ,
Դո՜ւրս է գալիս - նախանձող մարդիկ
Մե՜րկ հոգիներ են՝  թշնամի բարուն:


воскресенье, 9 сентября 2018 г.

ԼՌՈւԹՅԱՆ ՄԵՂԵԴԻՆ




Փակվե՜լ է դուռս, փակվե՜լ է նորից,
Բայց սի՜րտս-
Սի՜րտս մնացել է բա՜ց…
…Լույսի փոխարեն դռան ճեղքերի՜ց
Ձա՜յնն է թափանցում Լռության:

Հիմա առավե՜լ քա՛ն թե երբևէ՜
Տհա՜ճ է մեղեդին Լռության,
Որը դռան տակ մայո՜ւմ է աղերս
Մո՜րը կորցրած գառնուկի նման:

Ու մինորները ուսերին բարձա՜ծ,
Փորձո՜ւմ է տե՛ղն իր գտնել իմ սրտում,
…Լռությունն ինչպես մոլեգին  հավա՜տ
Դռան ճեղքերից սենյա՛կ է լցվում:

Ահավոր դարի արթուն այրորդո՜ւս
Ճնշո՛ւմ է
Լռությո՜ւն-Մենությո՜ւն տանդեմն անիծված՝
Ստիպված փակե՜լ եմ դո՜ւռ ու լուսամուտ,
Բայց սի՜րտս-
Սի՜րտս մնացել է բա՜ց…

Իրո՜ք սիրել եմ Լռության երգը,
Բայց միշտ լսե՜լ եմ «ինչ-որ մեկ»-ի հետ,
Սի՜րտս է եղել այդ «ինչ-որ մե՜կ»-ը
Որ մենությունից սսկվե՜լ է արդեն:

Իզուր մի՛ հուզվիր, խնայի՜ր քեզ սիրտ,
Անդա՜րձ հեռացել է  մեր ջահելությունը,
Մեզ հյո՜ւր է արդեն պա՜րզ ու միամի՜տ
Նորի՜ն Մեծություն
Ծերությո՜ւնը…

вторник, 4 сентября 2018 г.

ԵՐԵՎԱ՜Ն



*
Կծկվե՜լ է քաղաքս, ասես թե ցավի՜ց,
Չգիտեմ թե ի՞նչն է ցավում,
… Չի՛ հանգստանում այս թոհուբոհից
Սուտ խոստումների՜ կոպիտ անկողնում…
*
Քա՜ր է քաղաքիս սի՜րտը վարդագույն-
Կառուցված անվե՜րջ  ճախրանքի համար,
… Կեղտի մեջ կորե՜լ է այս Հրա՜շքը Սուրբ-
Ճախրանքի՜ համար դարձել անպիտան…
*
Քաղաքը ո՜րբ է,  քաղաքում բո՛թ է,
Քաղաքի գլո՜ւխն՝  անգլուխ,
… Հերթի՜ են կանգնել «կասկա՜ծն» ու «ամո՜թը»
Քաղաքագլուխ դառնալու:
*
Այս մի փորձության գինի՜ն էլ տտիպ
Քեզ կխմեցնեն, բա՜խտ է,  ի՞նչ անես,
… Կամ մի «ծաղրածու»  կկանգնի գլխիդ
Կամ էլ «պահանջված մի կին»  աներես…
*
Թե ի՞նչիդ էր պետք «սե՜ր, համերաշխությո՜ւն»
Երբ միշտ եղե՜լ ես մաքո՜ւր ու հստակ,
… Պատա՜նը՝ պատա՛ն է, ի՞նչ տարբերություն
Լինի այն «թավշյա՜ » թե «սպիտակ» …
*
Կյանքի  դպրոցը չավարտած ստվերնե՜րը
Քարերիդ վրայով կանցնե՜ն, կգնա՜ն,
Գաղթականի սիրտ-հոգի ունեցողնե՜րը
Չե՛ն կարող քեզ լինե՜լ տիրակալ…
*
Լալի՜ս է քաղաքս, ամոթի՜ց,  ցավի՜ց,
Ասես թե մա՜յրն է լալիս զավակի համար,
Ասես խլե՜լ են, պոկե՜լ մոր կրծքից
Որդու մանկության գույնե՜րը պայծառ:
*
Ես վատատե՛ս չեմ, սիրելի՜ քաղաք,
Հաշվի՜ր թե մանո՜ւկ ես մանկապարտեզում,
… Այս «մանուկների»  հո՜սքը խելագար
Չի՛ կարող սասանել հիմքերդ ամուր:
*
Ոչ Կարթագե՜նը կա՛,  ո՛չ Բաբելոնը,
Ո՛չ  Պոմպեյը կա՛  և  ո՛չ էլ Տրոյա՜ն…
…Բոլո՜ր ճանապարհները տանում են Հռո՜,մ
Իսկ իմ ճանապա՜րհը՝ միայն Երևան:
*
Գրա՜ծս գանգա՛տ չէ  և ո՛չ էլ հորդո՜ր,
Գրա՜ծս քաղաքիս վի՜շտն է անսահման,
Որ քաղաքը իմ դարձել է ոսկո՜ր
Կռվող շների՜ ոհմակի համար:
*
Կծկվել է քաղաքս  ցավից ամոթի՜,
Ներսում արհավի՜րք, դրսում դավադրա՜նք,
… Ի՞նչպես հավատա, որ թոհուբոհի՜
Օրերն այս կանցնե՜ն, կգնա՜ն: