вторник, 28 августа 2018 г.

Մի նեղացրեք բանաստեղծին…




Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Ու ամե՜ն ինչ կթրջեն
Աշնան խոնավ ձեռքերը:

Թեթև քամին տերև՜-տերև՜
Մեր օրերը կտանի
Դեպի սա՜ռը, անշունչ ձմեռ
Ո՜ւ…կհիշենք Տերյանին:

Պոետները լա՜ց կլինեն-
Պատուհանին սևեռված,
Չքնաղ կանայք դո՜ւրս կելնեն
Շորերի մեջ փաթաթված:

Էլ չե՜նք տեսնի Կնոջ քնքո՜ւշ
Կոր գծերը  հաճելի,
… Փողոցներում շորերի կո՜ւյտ,
…Տխո՜ւր դեմքեր այրերի:

Գարունը իր  բուրմո՜ւնքն  ունի,
Ամառը իր կի՜րքն  անեղծ,
Ձմեռն ունի  ձնծաղի՜կ,
Իսկ աշո՞ւնը…բանաստեղծ:

Մի նեղացրեք բանաստեղծին,
Երբ իր աշո՜ւնն է երգում,
Երբ խոսքերով ձմռան ցրտի՜ն
Սե՜ր կամ կիրք է բորբոքում:

Բանաստեղծը մի գարո՜ւն է
Տարվա բոլոր օրերին,
Գարնան նման հեռանո՜ւմ է
Գարուն մնո՜ւմ,
Գարո՜ւն սնում սրտերին:

Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Կրկի՜ն, կրկի՜ն գործի կանցնեն               
Բանաստեղծի  ձեռքերը:






воскресенье, 26 августа 2018 г.

Ծաղկաթերթի համը...



Չգիտե՜մ,
Հիմա քեզ մոտ ցերե՞կ է, գիշե՞ր,
Գիտե՜մ,  որ չկա՜մ ու գրկա՜ծ չեմ քեզ:
Չգիտե՜մ,
Հիմա լռո՞ւմ ես, խոսո՞ւմ,
Գիտե՜մ, որ հիմա վի՜շտն ու կարոտն են
Կոկորդդ են սեղմում:

Թող քեզ չթվա թե ինձ մոտ ա՜յլ է՝
Արև՜ն է ժպտում
Կամ Լուսի՜նը ծեր,
… Անբարո բախտը շորերը հանե՜լ,
Պարե՜ր է պարում՝ կոտրատվելով մերկ:

Մենք մեր սրտերի վիհերում խորո՜ւնկ,
Չե՛նք տեսնում անջատման քայքայվող շղթան,
… Երկու հեքիաթի՜ հերոս չե՛ն լինում՝
Կամ Արքայադո՜ւստր,
Կամ ջադու-պառավ:

Իսկ մեր հեքիաթը դեռ նո՜ր է սկսվում,
Դողո՜ւմ եմ,
Հուզվո՜ւմ,
Խոսե՜լ եմ ուզում,
Շոյե՜լ եմ ուզում վարսերդ այնպե՜ս
Ինչպես կարո՜տն է հիմա շոյում քեզ:

Իսկ դու ասում ես թե ցավեցնո՜ւմ է,
Ես շատ լավ գիտեմ ցա՜վը սպասումի,
Գիտե՜մ, որ հոգիդ արյունոտվո՜ւմ է,
Բայց դա արյո՜ւն չէ այլ
Հո՛ւր  կարոտի…

Հույսի մի պատառ դիր լեզվիդ վրա,
Ես էլ՝ դեղձենուց ընկած մի ծաղկի թերթիկ,
Դու հույսի հա՜մը փորձիր…մանանա՜,
Իսկ ես՝
Էլ պտուղ չդարձող ծաղկի…


четверг, 23 августа 2018 г.

ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ




-1-
Մի դրա՜խտ էր մեր անցյալը՝
Ես Ադա՜մը, իսկ դո՛ւ Եվա՜ն նրբակիրթ,  
…Ասե՜մ,  հե՜շտ էր լուռ մնալը՝
Դեմքս   հպած  ծնկներիդ:

Քո մեջ  «Ե՜ս»-ն էր իմ հրդեհվել,
Ի՛մ մեջ այրվո՜ւմ  էր քո «Գո»-ն,                       
Ասես թե մեզ հավերժ հյո՜ւր էր                                     
Պրոմեթև՜սը կրակագող:

Չքնաղ ծունկդ կի՜րք էր բուրում-
Իմ ծնկները դողացնում,
Կո՜ւրծքդ էր - այրող զույգ արևներ
Ձեռքերիս մեջ փողփողում:

Ես քո մարմնի ստրո՜ւկն էի,
Դու՝ իմ լեզվի ստրկուհին
Օրե՜ր էին, անցնո՜ւմ էին՝
Երկու գերի՝  ա՜յր ու կին:

-2-
Մեղավո՜ր չեմ, որ արդեն
Ա՜չքս չունի սրություն,
Տարիների բեռից  խամրե՜լ,
Բայց հիշո՜ւմ են պատկերներն այն սրբագույն…
     
Դու էլ հոգնե՜լ - առաջվա պես առո՛ւյգ չես,
Սպասումներդ՝ խոհանոցի՜ց-պատուհան,
Իսկ հիշո՞ւմ ես թե ինչպե՜ս
Մենք չունեինք  սպասումների ժամանակ:

Կյանքը փոխվեց միանգամից՝
Ե՛ս  եմ խոսում, իսկ դու լո՜ւռ ես անսովոր,
… Այն ժամանակ վտարվեցինք դրախտից -
Հիմա կյանքից դո՜ւրս ենք մղվում օ՜ր առ օր:

Ծերանո՜ւմ են  մեր օրերը
Ու մեզ նմա՜ն ծնում  օրե՜ր նորելուկ,
Ծիծաղո՜ւմ ենք՝ ամեն մեծ Բա՜ն
Համարո՜ւմ ենք Մե՜ծ մանրուք:

-3-
Կհիշե՞ք արդյոք դուք ինձ գալիքում,
Ես դա չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա,
Չէ՞ որ ամե՜ն ինչ անցնում է կյանքում՝
Անդա՜րձ հեռանում ժամերի նման:

Շատ զգո՜ւյշ ենք խոսում մենք օրվա մասին,
Ասում ենք  «անցա՜վ» այլ ո՛չ «մահացավ»,
Ուզում եմ օ՜րս այնքա՜ն երկարի,
Որ ես չտեսնե՜մ վախճանը նրա:

Ամե՜ն բացվող օր ի՜նչ-որ մի օրվա
Յո՜թն է, քառսո՜ւնքը կամ մահվան տարին,
Ամեն օր տեսնում ենք աչքերը մահվան
Եվ դիմանո՜ւմ այդ  վշտին ու ցավին:

Կյանքի հետ երբե՜ք կատակ չե՛ն անում,
Ես կատակեցի՜ կյանքի հետ դաժան,

… Կհիշե՞ք արդյոք դուք ինձ գալիքում,
Ես դա չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա:


понедельник, 13 августа 2018 г.

Ինչո՞ւ են սիրում պոետին



Նստե՜լ, հաշվո՜ւմ եմ
(Մի թի՜վ է ստացվում աստղաբաշխական)
Թե քանի՞ ժամ է տևել իմ ապրելը-
Ու մինչև հիմա դեռ չե՛մ հասկացել
Սիրե՞լն է դժվար թե՞
Չսիրե՜լը…

Սիրել-չսիրելու միջին բան չկա՞,
Դե իհարկե՜ կա՝

Սիրված լինե՜լը, բա՜յց չսիրե՛լը,
Սիրե՜լը, բա՜յց մերժված լինելը,
Սերե՜րը, բայց  լո՜ւռ-անպատասխան…

Ա՜խ, այդ «բայց»-երը
Թո՜ւյլ, անօգնակա՜ն,
Անկա՜մք …ու փխրուն ծաղիկների պե՜ս,
Որոնց, որ մի պահ մայր հողից պոկո՜ւմ
Խոսքի փոխարեն նվե՜ր են տանում:

Ու դո՜ւրս է գալիս,
որ այդ մե՜ծ թվում աստղաբաշխական
Միլիո՜ն ու միլիոն «բայց»-եր են առկա՝
Բայց – հույզի՜, վշտի՜,
Բայց – անպատասխա՜ն
Բայց – արհամարհանքի՜,
տանջանքի՜, ստի՜…

Գործերս լա՜վ են, առա՜ջ են գնում
Ու ես հաշվո՜ւմ եմ «բայց»-երն անհամար
Ու չե՜մ հասկանում
Սիրե՜լ, Չսիրե՜լ
Ո՞ր մեկն է դժվար…

Մի գաղտնի՛ք բացեմ.
Ամենադժվա՜րը
Վերևում ասված միջանկյալն է ա՜յն,
Որը հատուկ է պոե՜տ սրտերին,

…Ո՞վ է պոետին սիրում որպես մարդ՝
Պոե՜տ լինելու համար են
սիրում պոետին 


Մարդիկ Թավշյա ձեռքերով



Թավշյա ձայնով մի մա՜րդ եկավ,

Թավշյա ձայնով բարբառեց.

…Ո՞վ է տանջել  մինչև հիմա,

…Ո՞վ կտանջվի այսուհետ:
-------------------------------------
Ցավին թավի՜շ հագցրին,

Ցա՜վն հաճույքից նրբացավ,

Բայց դրանից տակավի՜ն

Ցա՜վն առանց ցա՛վ չդարձավ:
-------------------------------------
Բախտը թավշյա ձեռնո՜ց հագավ,

Թավշյա գլխա՜րկ, գուլպանե՜ր…

Տեսնես Բախտը հասկացա՞վ,

Որ իր գույնը չի՛ փոխվել:
-------------------------------------
Սև՜ էր Բախտը, սև՛  էլ մնաց,

Սակայն թավշյա՜ երանգով,

Վերցրե՜ց՝ վերից գլորեց ցա՜ծ-

Թավշյա երգե՜ր երգելով:
-------------------------------------
Թավի՜շ դարձավ լքված տո՜ւնը,

Կնքված դո՜ւռ ու պատուհան,

Եվ առաջվա լռությո՜ւնը

Փոխվե՜ց՝ դարձավ չխոսկան:
-------------------------------------
Թավի՜շ հագավ առանց ա՜յն էլ

Դատավորի ա՜չքը կույր,

Թե որ առաջ թշնամի՜ էր՝

Դարձավ ոսո՜խ,  դարձա՜վ  թույն:
-------------------------------------
Թավի՜շ հագավ հոգին հայի՝

Նո՜ւրբ էր՝ նորե՜ն նրբացավ,

Թավշյա արև՜, թավշյա քամի՜,

Թավշյա՛ թախիծ ունեցավ:
-------------------------------------
Ամե՜ն ինչ փոխվեց՝ դարձավ դրությո՜ւն,

Մինչև կոկո՜րդը խրված կասկածով.

… Արդյո՞ք Հավատն է լեռները շարժո՜ւմ,

Թե՞ մարդիկ թավշյա ձեռքերով: