четверг, 2 августа 2018 г.

Աստծո դստեր մատները



Տրորված կակաչներ


Մենություն

Իսկ դուք ծանո՞թ եք Մենությանը,
Եթե ո՜չ,
ցավո՜ւմ եմ Ձեզ համար,
Նշանակում է ծանո՜թ չեք ձեր բնությանը
Եվ գաղտնիքներին անհամար:
Նշանակում է
Խոսե՜լ չգիտեք, լսե՜լ չգիտեք ինքներդ Ձեզ,
Նշանակում է
Գիշե՜ր ու ցերե՜կ անծանոթ մի ձայն է
զրուցում ձեզ հետ:
Նշանակում է
տեսնե՜լ չգիտեք
Ի՞նչպես են ուռենու կախված վարսերը
համբուրում վազող գետակին,
Ի՞նչպես է բացված ծաղիկն իր շուրթե՜րը
Հպում հեռացող թիթեռին:
Չգիտեք ի՞նչպես է լռում ջութակը,
Ի՞նչպես է Լուսինը փա՜յլն իր կորցնում,
Երբ միլիո՜ն տարեկան իմաստուն արեգակը
Մենության առաջ գլո՜ւխն է կախում…
Չգիտեք գիշերվա անթափանց գո՜ւյնը
Ի՞նչպես է քսվում աչքերին,
Ի՞նչպես է մո՜ւթը գտնում իր բո՜ւյնը
Սև կոչված սրտի պատերին:
Չգիտեք ի՞նչպես է ընկնում զարկերակը՝
Ուղղվո՜ւմ, դառնում ճառագայթ…
Ի՞նչպես է մահվան դատարկ պատգարակը
Դանդա՜ղ օրորվում աչքերի առաջ:
Մենությունը դարձել է խարա՜ն-
Եվ հոգո՜ւ և մարմնի՜ կառափնարանը,
Ի՜նքս էլ չգիտեմ, ցավե՞մ ձեզ համար
Թե՞ նախանձեմ, որ ծանո՜թ չեք
Մենությանը…

Կապույտներում կորած մի սիրտ...



Նա քայլո՜ւմ էր
Ու ոտքերով քա՜րշ էր տալիս սիրտն իմ խելառ,
Սրտիս տեղը կրծքի տա՜կ էր,
Բայց հայտնվեց ոտքերի տակ…

Սի՜րտ ու ոտքե՜ր իրար գրկած
Քայլո՜ւմ էին
Փոշի ու կեղտ հագած մայթով,
Չեմ առարկի - գեղեցիկ էր պատկերը այդ,
Հոգեզմայլ նաև՜  ցավոտ:

Մի հեքիա՜թ էր փողոց ելել՝
Ճկուն-հմայք, կարոտաթև՜,
Հեռանո՜ւմ էր սիրտս ավեր-
Այնքան թեթև՜, այնքան թեթև՜:

Նա չէ՛ր  նայում ոտքերի տակ
(Փարթամ կո՜ւրծքն էր խանգարում)
Ինչպես սուզվող կարոտի նա՜վ
Հեռանո՜ւմ էր, հեռանում…

Կա՛նգ առ, նայի՜ր ոտքերիդ տակ՝
Կապույտներում կորած մի սիրտ,

Չե՜ս ցանկանում սե՜րն իմ դառնալ-
Սի՜րտս թող հանգիստ…