суббота, 30 июня 2018 г.

Ապրե՜լն է դժվար առանց քեզ



Զոհաբերե՞լ եմ,
Արարե՞լ, կարողացե՞լ եմ սիրել
Թե՞ դրանց մասին խոսե՜լ եմ միայն,
Գիտե՞ս,
Շատ հե՜շտ է խաղաղ ձևանալը,
Խաղաղ ապրե՛լն է դժվար:

Հե՜շտ է ձևացնել թե դո՜ւր է գալիս սուտը,
Ցույց տալ, որ
Հավատում ես հիմար մտքերին,
Գիտե՞ս,
Դժվա՜ր է  մենախոսելը
Երբ ամե՜ն մի բառ այրում է հոգիդ:

Դեռ անցած «կյանքում»  էր,
Որ ինձ հարցրին, թե ի՞նչ եմ փնտրում
ջրերում ծանծաղ,
Փորձեցի՜- հե՛շտ էր հարցը չլսելը,
Գիտե՞ս,
Ջրերում ցո՜ղ էի փնտրում՝
Մաքո՜ւր, կատարյալ:

Հե՜շտ է կանգնելը Սահմանագծին,
Քա՜յլ անել, անցնե՜լն է դժվար,
Հե՜շտ է խելքն ուտել ցանկացած անձի-
Սրտեր ուտե՜լն է  անհնար:

Կյանքը գնա՜ցք է,
Անկախ մեր կամքից կանգա՜ռ առ կանգա՜ռ
ընդհատվող,
Գիտե՞ս, սիրելիս, որ մեզ թվում է
Թե սլաքավա՜րն ենք մեր կյանքի:

Նման բան չկա՜, մենք ուղևո՜ր ենք,
Վերջին կանգառի մասին չգիտենք ոչինչ,
Եվ ո՛չ մի կանգառ երբե՛ք կրկնվող չէ,
Դժվա՜ր չէ դուրս թռչել ընթացքի պահին:

Պետք է տարբերել «դժվա՜րն» ու «անհնա՜րը»
Տարբերել
«կո՞ղմ ես» թե՞ «դե՜մ չես» կյանքին,
Գիտե՞ս, սիրելիս,
Սրանք բառե՜ր չեն
Սրանք մտքե՜ր են անհասկանալի:

Դյուրին է ագահ ձևանա՜լը,
Խաբե՜լը,
Ապրե՜լը հորինած չափածոյով կեղծ,
Շատ հե՜շտ է նաև վերցնե՜լ-մահանալը,
Գիտե՞ս,
Ապրե՜լն է դժվար առանց քեզ:



воскресенье, 24 июня 2018 г.

«Տրվո՜ւմ է վարձով…»




Հաճա՜խ  կատակի հետևանքները
դառնում են պատիժ,
թո՜ւյլ կամ անողոք,
… նաև կամակոր սրտի գործերը,
Որոնք դառնում են ցա՜վ,
դառնում են բողո՜ք:

Մնում է ասել.
- Դե՜, մնաս բարով,  ինձ չհասկացա՜ր,
Ես կատակեցի՜,
Ես ներո՜ւմ եմ քեզ,
բայց չեմ ներում ինձ:
՝
Ներո՜ւմ եմ, չե՛մ ներում,
Ի՞նչ տարբերություն,
Երբ ամեն դեպքում ի՜նքս ինձ համար
Դառնո՜ւմ եմ նախկին,
Փախչո՜ւմ եմ ինձնից՝
Մի՜շտ մնում ինձ հետ,
Անմիտ գործեր եմ անում սրտիս հետ,
Կատակո՜ւմ,
վիճո՜ւմ,
Բանտարկո՜ւմ,
փրկո՜ւմ,
Վերջի՜ն կառապանի պես հայհոյո՛ւմ նրան
և … մոռանո՜ւմ եմ,
Որ սիրտս քա՜ր չէ, բի՜րտ չէ
ինձ նման:

Մի օր էլ հանկարծ ոտքի՛ կկանգնի
Կասի՜.
-  Բա՜ն չհասկացա քո կատակներից,
Անմի՜տ գործերից,
Դե՜, մնաս բարով,
Ես ներո՜ւմ եմ քեզ,
Բա՜յց … չե՛մ ներում ինձ:

Դե ե՜կ առանց սիրտ ապրիր աշխարհում՝
Ո՛չ կատակ արա,
Ո՛չ գործեր բռնիր,
Եվ ո՛չ էլ նայիր կողքիցդ անցնող
կանանց ոտքերի՜ն,
դեկոլտեների՜ն…
(ամենաշա՜տը դրանից է սիրտս կատաղում)

Ես սրտիս ձեռքը կրա՜կն եմ ընկել,
Լուծո՜ւմ եմ գտել՝
Վարձո՛վ տալ նրան,
Կախե՜լ  սրտիս տեղը փոքրիկ ցուցանակ
ու գրել վրան.
«Տրվո՜ւմ է վարձով և անժամանակ,
Գի՞նը…ո՛չ մի բան,
Սակայն զգուշացնո՛ւմ եմ
Նեղացկո՜տն  է շատ »

Հաճա՜խ  կատակի հետևանքները
դառնում են պատիժ,
թո՜ւյլ կամ անողոք,
… նաև դառնում են ցա՜վ,
դառնում են բողո՜ք,

Բայց դե ճի՜շտն ասած սրտի ուզա՜ծը
չանել չի՛ լինի-
Սի՜րտ է կամակոր՝
Կարո՜ղ է վերցնի՜ ու էլ չաշխատի,
Իսկ ա՜յ, ուրիշի մո՜տ
գուցե ամաչի՜,
ձա՜յնն իրեն քաշի…

Մի խոսքո՜վ վարձո՜վ է տրվում
նեղացած մի՛ սիրտ,
Վստահ չգիտե՜մ
Գուցե՜ աշխատի…
Գուցե՜ չաշխատի…



суббота, 23 июня 2018 г.

Մի անհա՜մ, անալի լուսաբաց…




Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց՝
Մի քա՜ղցր զգացում անսովոր,
Երբ արևի  ցո՜լքն աչքերս բացեց
Ու …լռությո՜ւն էր խոր:

Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց՝
Մի կապո՜ւյտ հորիզոն անցյալում,
Մանկությո՜ւնս էր, որ գլուխ բարձրացրել
Ու առավո՜տը դրախտ էր թվում:

Մա՜յրս էր խոսում՝ կամա՜ց, շշուկո՜վ
Ու բարի լո՜ւյս էր մաղթում աշխարհին,
… Մի հարցական էր՝ անցած դարերով.
«Լո՜ւյսը առանց մոր լինո՞ւմ է բարի…»

Մի լուսաբաց էր՝ անհա՜մ-անալի՜,
Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց,
Կյանքը բացել էր երա՜խն ահռելի
Ու դատապարտում էր ապրե՜լ ու ապրե՜լ…

Մի հիմա՜ր պատահար առավոտ լուսո,
Երբ սի՜րտս  անցած առավոտ հիշեց,
Ու հիշողության ճամփեքի միջո՜վ
Սողում էր մի կյա՜նք, որը
 Չստացվեց:


воскресенье, 10 июня 2018 г.

Գուցե իրո՞ք հաղթեցինք

Գովաբանենք ամե՜ն ինչ
ու չտեսնե՛նք ոչինչ,
Գուցե իրո՞ք հաղթեցինք
Չե՜նք հեկեկա նորից…
Ոչ ուրուներ մնացին՝
Գիշատիչ ու լեշակեր,
Ո՛չ հոգեմաշ ցնորքներ,
Ո՛չ վիրավոր սրտեր…
Ապրո՜ւմ ենք օրվա
խոսքի փշրանքով,
Կարծես թե երկնից
ընկած մանանա,
Ու թվո՜ւմ է թե միմյանց սիրելով
Էլ երբե՜ք չենք ծերանա:
Ցույց ենք տալիս թե սարքեցինք
Մի նո՛ր աշխարհ,
նո՜ր մշակույթ,
նո՜ր արվեստ,
Անեկդոտներ հնարողին
Սարքեցինք մե՜ծ բանաստեղծ…
Գովաբանենք ամե՜ն ինչ
ու չտեսնենք ոչինչ,
Գուցե իրո՞ք հաղթեցինք-
Չե՜նք հեկեկա նորից:

ԿԵՍԳԻՇԵՐ




Մահին ասեմ «Բարի՜»
Կյանքին ասեմ «Դաժա՛ն»
Լինեմ ո՜ղբը դարի
Արցունքներով թավշյա:

Սիրտս կշե՜ռք սարքեմ
Խավարի մեջ անծայր,
Բույրդ ինձ հե՜տ տանեմ
Ու աչքե՜րդ պայծառ…

Հեռացող հույսին
Խոնարհվե՜մ դանդաղ,
Մինչ նժարը հոգսի՜
Մի տառապա՜նք դառնա:

Ու՜ժը փորձեմ խավարի,
Խո՜ւլ ու համր ձևանամ,
Կասկածներից վիհերի՜
Տեսիլքներին մոտենամ:

Գիշերներո՜վ հրդեհվի
Երակներո՜ւմ արյունս,
Եվ բաժինը տառապանքի՜
Մոխի՜ր սարքի քունս:

Հիշեմ օվկիա՜նն անսահման,
Բայց շատ փոքր քո սրտից…
Կյանքին ասեմ դաժա՜ն,
Բայց թաքնվեմ մահից…

10.06.18  Երևան