воскресенье, 10 июня 2018 г.

ԿԵՍԳԻՇԵՐ




Մահին ասեմ «Բարի՜»
Կյանքին ասեմ «Դաժա՛ն»
Լինեմ ո՜ղբը դարի
Արցունքներով թավշյա:

Սիրտս կշե՜ռք սարքեմ
Խավարի մեջ անծայր,
Բույրդ ինձ հե՜տ տանեմ
Ու աչքե՜րդ պայծառ…

Հեռացող հույսին
Խոնարհվե՜մ դանդաղ,
Մինչ նժարը հոգսի՜
Մի տառապա՜նք դառնա:

Ու՜ժը փորձեմ խավարի,
Խո՜ւլ ու համր ձևանամ,
Կասկածներից վիհերի՜
Տեսիլքներին մոտենամ:

Գիշերներո՜վ հրդեհվի
Երակներո՜ւմ արյունս,
Եվ բաժինը տառապանքի՜
Մոխի՜ր սարքի քունս:

Հիշեմ օվկիա՜նն անսահման,
Բայց շատ փոքր քո սրտից…
Կյանքին ասեմ դաժա՜ն,
Բայց թաքնվեմ մահից…

10.06.18  Երևան

пятница, 25 мая 2018 г.

… Չի՛ նկատում քեզ Աստված




Ամբողջ մի ցա՜վ ուսիդ բարձած
Քայլում ես ծանր քայլվածքով,
… Չի՛ նկատում քեզ Աստված
Կամ նայո՜ւմ է կասկածով:

Գիտե՛ս, կյանքը մի դպրոց է՝
Դասերը բա՜րդ ու խճճված,
Բախտ կոչվածն էլ մի քաոս է,
… Չի՛ նկատում դա Աստված:

Լինես բարի՜ թե չարակամ՝
Մեղավոր ես անկասկած,
Եվ քանի դեռ դատավո՜ր չես
… Չի՛ նկատի քեզ  Աստված:

Բեռդ շա՜տ է ծանր թվում,
Քայլո՜ւմ ես մեջքդ կռացած,
Ո՞ւմ կամ ի՞նչ ես փնտրում կյանքում
Երբ … չի՛ տեսնում քեզ Աստված:

Ցանում ես բարի՜ն - հավաքում չա՜րը,
Չա՛ր բան ես անում առ Աստված,
Արդյունքը մե՜կն է՝ այս աշխարհը
Անտեսե՜լ է տեր Աստված:

Մնաց հոգի՜դ՝ պայծա՜ռ ու ջինջ,
Որ կախված չէ ո՛չ մեկից,
Մե՜կ էլ սիրտդ, որ զայրույթից
Դո՜ւրս է գալիս իր հունից:

Թե չե՜ս տեսնում ինքդ քեզ
Կամ նայո՜ւմ ես կասկածով,
Ինչո՞ւ պետք է ման գա՜ս գտնես
Ինչ-որ մեկին մեղավոր:

Տա՜ր քո բեռը, Մա՜րդ արարած՝
Հոգիդ մաքո՜ւր, սի՜րտդ պարզ,
Ի՜նքդ ես Աստված,
Աստվածների՜
Պաշտամունքի առարկա…


четверг, 24 мая 2018 г.

Լուսաբա՜ց է…


Լուսաբա՜ց է…
ու շողերի արանքում
Ստվերները հո՜ւյս են քամում տերևից,
…Հրաշագեղ մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սի՛րտս էլ ասե՜ս դուրս է թռել իր տեղից:

Սրտիս տեղը
մի մեծ կարո՜տ է լցվում,
Որ եկել է բարձունքներից երկնային,
Սրտիս տեղում երազնե՜ր են գոյանում՝
Անիրակա՜ն խոստումներով բերկրալի:

Ո՜վ Տիրանայր,
քո անունը չե՛մ հիշում,
Գիտե՞ս, ունեմ քո փախարեն ես մեկի՜ն,
Ու աչքերիս մի պատկե՜ր է գոյանում
Ու ծխո՜ւմ է սիրտս մի երգ ցավագին:

Ո՞վ կսրբի
արցունքները աչքերիս,
Ե՞րբ կարթնանամ լուսաբացին անարցունք,
Ո՜վ  Տիրամայր, մոռացել ես դու էլ ի՜նձ
Ու սրտիս մեջ  ցավի հուր է բռնկվում:

Ես վաթսո՜ւնս
դեռ երեկ եմ բոլորել,
Սակայն դա՛ չէ պատրվա՜կն իմ տխրության,
Սուրբ Տիրամոր փոխարեն ուրիշ կի՜ն եմ նախընտրել
Ու հմայվել նրա խաղաղ պարզությամբ:

Տե՜ր խնդրում եմ,
տո՛ւր համբերություն
Մինչև մեղավոր պա՜հը հանդիպման,
Թո՛ղ որ թաթախվեմ մեղսոտ աշխարհում,
Թո՛ղ որ ես ինքս ի՛մ մեջ մարդանամ:

Լուսաբա՜ց է…
ստվերների արանքում
Լույս շողերը ողջունո՜ւմ են տերևին,
…Հրաշագեղ մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սիրտս էլ ասե՜ս լուռ սպասում է պարգևի:


Ես գտա ինձ


Կորցրե՜լ էի ինձ:
Կորել էի իմ մտորումների մեջ ու ո՛չ մի կերպ, ո՛չ մի ճանապարհ չէի գտնում վերադառնալու…ո՞ւր վերադառնալու չգիտեի:
Իրականությունը մի ավտոբուս էր, շատ սիմվոլիկ 22 համարով, որտեղ կար ամե՜ն ինչ, սկսած սկսած տհաճ հոտերից, վերջացրած քրտինքի ու ֆրանսիական թվացող օծանելիքի բուրմունքներով:
Կանգնած եմ գնում, կանգնել եմ մի նստարանի մոտ, որտեղ նստած է մի կին:
Նայում եմ վերևից:
Մազերը շագանակագույն են, հաստատ ինքն իր ձեռքով է ներկել, մազարմատների մոտ սպիտակին են տալիս ներկից թաքնված բազմաթիվ մազեր:
Կլինի մոտ 57-58 տարեկան:
Պարանոցից դեպի ուսն ընկած հատվածում մի քանի հնադարյա ծալքեր կան, որոնք ապացուցում են նրա տարիքի հետ ունեցած իմ կանխորոշումները:
Մտածում եմ.
Աղջիկ չունի, քանի որ նման մազերի հետ վառ կարմիր շրթներկ չեն օգտագործում, կանաչ գույնի շոր չեն հագնում, սև պայուսակ չեն բռնում:
Դուստր ունենար ճիշ խորհուրդ կտար:
Ամուսին չունի, անցավ մտքովս երբ ուշադիր նայեցի պայուսակի կաշեփոկերի միացման տեղում անտանելի վատ հագցրած երկաթյա կիսաօղերին:
Մի ինչ-որ կանացի բնազդով երևի հասկացավ, որ իր մասին եմ մտածում ու վեր կենալով իր տեղից շատ տարօրինակ բարձր ձայնով ասաց.
- Նստի՛ր հայրիկ ջան, - գրավելով առավոտյան տխուր դեմքերով աշխատանքի գնացող ավտոբուսի մարդկանց ժպիտը:
Հասկացա, որ ուզում էր շատ երիտասարդ երևալ, մի ակնթարթ մեղքս եկավ ճիշտն ասած:
Ծիծաղս մի կերպ զսպելով, որ չվիրավորեմ, անկախ ինձնից ավելի բարձր ձայնով պատասխանեցի.
- Ոչինչ ես կկանգնեմ աղջիկ ջան, դու նստիր:
Ավտոբուսում պայթեց ծիծաղը…
Պայթյունից ես վերջնականապես գտա ինձ, բայց ինչ-որ մեկը կորցրեց իրեն:
Բոլորը ծիծաղում էին, բացի ինձնից ու ինձ նայող կնոջից, որ կանգնած շարունակում էինք ընթանալ…ո՞ւր, չգիտեինք:

Երկու խոսքով հարյուրի մասին


Ես գարուններից ծաղիկ չունեցա,
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Մեղվախայթոցներ բառերս դարձա՜ն,
Խոհերս՝ խռովքնե՜ր իմ հոգու:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Հիմա գարո՜ւնն է վխտում մայթերին,
Այրող մի հո՜ւշ է ասես մակարդվում
Իմ արցունքոտ այտերին:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Արժանի՛ դարձա լույսին երկնքի,
Ծաղկեցին վառած մոմերս վանքո՜ւմ
Ու լույսը մաղվեց իմ խեղճ ուղեղին:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Լռի՜ն խորհեցի լռությունս թանկ,
Տիրոջ հետ վիճեցի անհույս խավարում-
Քանզի գիտեի ցավից մղկտալ:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Բայց արդեն ծե՜ր եմ՝ ընկուզենու պես
Եվ փորփորո՜ւմ է սրտիս մեջ տրտում
Տարիներ հաշվող կկո՜ւն աղեկեզ:
Ես գարուններից ծաղիկ չունեցա՜
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Կե՜ղծ էր գարունն այդ, ինչպես այն ընծա՜ն,
Որ նվիրում են վերքն ամոքելու…