вторник, 2 мая 2017 г.

Վերջին անգամ



Սսկվել ես բախտի իմ ժանգոտ անիվ,
Էլ չե՜ս պտտվում
Առաջվա նման,
Ես՝ միամիտս, ի՞նչ իմանայի,
Որ չեմ դիմանա կատակիդ դաժան…

Գուցե ընդամենը մե՞կն է մնացել՝
Մի պտույտ կյանքի
կամ էլ թե մահվան-
Մի աստղ է կարծես լեռան կատարին-
Ուր որ է ասես ընկնելու է ցած:

Թե չե՛ս կատակում, մի էլ պտտվիր,
Ես չեմ մեկնի քեզ
Ձե՛ռքն իմ օգնության,
Քա՛ր չեմ, հավատա՜, ի՜մ Ճակատագիր-
Մարդ-դերասան եմ,
Հպա՜րտ եմ սակայն:

Հիմա այնպիսի լռություն է, որ
Ապրելը դարձել է
Առավե՛լ դյուրին,
Ես էլ չեմ քայլում քո ոտնահետքով-
Ինձ իր հետ տանում է օտա՜ր մի քամի…

… Գիտե՜մ, որ մի օր վերջի՜ն ճռինչով,
Մի պտույտ կանես՝ շա՜տ երկար սպասված,
Կճանապարհես ինձ
Տանից դեպի Հո՜ղ,
Պտույտդ կանես

Մի վերջի՜ն անգամ…

пятница, 28 апреля 2017 г.

«Խենթ Կին»



«Խենթ աղջի՞կ» 
Գիտե՜մ,  լսել եմ,  որ կա,
Խենթ ու խելառ սի՞րտ – ինչքա՜ն որ ասես,

Էլ խե՜նթ հոգիներ,
Էլ խե՜նթ խոստումներ,
Խե՜նթ բառեր ասված,
Ու խե՜նթ ձեռքերով սարքված անուրջներ-
Ինչքա՜ն ասես կան:

Իսկ ա՜յ, որ ասեն «Խե՜նթ կին»
Խոստովանեմ -  լսում եմ
Առաջին անգամ:

Խե՜նթ կին,
Որ ամբողջ գիշեր
Նստած է մնում պատուհանիդ տակ,
Ի՜նչ է թե լույսդ (հաստատ պատահմամբ)
Քնելուց առաջ մոռացե՜լ
Ու թողել ես վա՜ռ…

Ու մտածում է.
« Աստվա՜ծ պահապան… »,
« Տեսնես թե ի՞նչ է կատարվում ներսում…»
« Տեսնես ինչո՞ւ է լույսը թողել վառ »,
« Տեսնես ճնշո՞ւմն է »,
« Տեսնես սի՞րտն է վատ »,
« Տեսնես թե այսօր կերե՞լ է մի բան…»

… Ու տրոփո՜ւմ է
Խենթ կնոջ խե՛նթ սիրտը,
… Ու տրոփո՛ւմ է հենց քո սրտի մեջ՝
Ասես թե լացկա՜ն ու գորշ երկինքը
Իր արցունքներն է թափում քո գիրկը…

Թրջված աչքերի գինը «Խենթ Կի՛նն» է.
Մա՜յր է հոգատար,
Եվ սրբազան քո՜ւյր,
Ու  նրա ամեն շարժումից մի նո՜ւրբ
Քո մեջ արյո՜ւնը
Դառնում է  Գարո՜ւն …

Ա՜խ, այս Կյա՜նք կոչված

Ա՜խ, այս Կյա՜նք կոչված
Դաժան սրիկան,

Որ և Հո՜ւյս ունի, թե լե՛ռ կշարժի,

Եվ Հավա՜տ ունի, որ հարություն կտա,

Եվ միաժամանա՜կ նաև Սե՜ր ունի,

Որ  Ոչի՜նչ  չի տա….

Հո՜ւյսը՝ կարճատես,
Հավա՜տը՝ դիմակ,
Սե՜րը՝ կարճափեշ -
Այդ սրիկային անվանելով Կյանք

Փարված ենք մնում տառապանքներին…
Ապրո՜ւմ ենք այսպե՜ս…


Երանի՜ տալով գնացածներին…

Անհանգիստ Լուսաբաց



- Հետո ի՞նչ,-
Կասի անսիրտ ինչ-որ Մե՜կը,
Թե արցունք տեսնի աչքերիս խորքում,-
- Հետո ի՞նչ, չէ՞ որ արցունքոտ աչքեր
Շա՜տ կան աշխարհում:

- Հետո ի՞նչ,-
Կասի անհոգի Մեկը,
Թե տեսնի առանց հոգու եմ ապրում, -
- Անհոգի մա՜րդը դեռ անխի՜ղճը չէ,
Անհոգի մարդիկ շա՜տ կան աշխարհում:

- Հետո ի՞նչ,-
Կասի այն ինչ-որ Մեկը,-
- Որ շուրթերիդ հպվող այլ շուրթեր չկան,
Աշխարհում շա՜տ են նման շուրթերը,
Որոնք քարացել են աղոթքի նման…

- Հետո ի՞նչ,-
Կասի այն ինչ-որ Մե՜կը,-
- Ծառդ չի՞ ծաղկում է, արև չե՞ս տեսնում,
Քամին չի՞ փչում, անձրև չե՞ս ըմպում,
Ձմեռից հետո չի՞  գալիս  գարո՜ւն…
Էլ ի՞նչ ես ուզում…..

Կասե՜մ.
- Հետո ի՞նչ, թե ի՞նչ կա աշխարհում,
Ի՞նչ չկա,
(Ասե՜նք  Սինգապուրո՜ւմ,
Վիետնամո՜ւմ
Կա՛մ Արգենտինայում…)

Կասե՜մ.
- Չգիտեմ ո՞վ է բախտավոր՝
Խելացի՞ն, թե՞ անխելքը,
Գիտո՞ւնը, թե՞ տգետը…

Կասեմ.
- Ինձ անհանգստացնում է
Հո՜գս, կնճիռ հարթող ձե՜ռքը…
Ու մե՜կ էլ
Ինձ հետ զրուցող այն ինչ-որ Մե՜կը…


26.04. 17

ՍՊԱՍՈՒՄ



Քո «Բարի լո՜ւյսը»
Միայն ի՛նձ ասա,
Ուրիշին պե՛տք չէ լո՜ւյսը քո բարի,
Հարցրո՜ւ.
«Առանց քեզ, օրս ո՞նց անցավ»
Կպատասխանեմ.
- Ծա՜նր էր, ցավալի՜:

«Բարի գիշերդ»
Թո՛ղ ուրիշի մոտ ու ասա՜ հեռվից,
Բառերն այդ հոգնա՜ծ են
Ու լա՜վ չարչարված,
Բարի գիշերդ ասա ականջիս՝
Կո՜ղքս, գրկո՜ւմս քնելուց առաջ:

Երազներումդ անուններ մի՛ տուր,
Թող որ շուրթերիդ
Միայն ու միայն անո՜ւնս խաղա,
Թե չէ մինչև  լույս ցավի՜ց ու խանդից
Քեզ սիրող սիրտս
Պիտի դողդողա…

Միգուցե զո՜ւր է համբերելն այսքան,
Ոչ գիշե՛րն է գիշեր,
Ոչ էլ լո՜ւյսն է լույս,
Հուսալն էլ դարձել է ծերացած տանջա՜նք
Ու մնում է լոկ

Ցնդել սպասելուց…