пятница, 28 апреля 2017 г.

«Խենթ Կին»



«Խենթ աղջի՞կ» 
Գիտե՜մ,  լսել եմ,  որ կա,
Խենթ ու խելառ սի՞րտ – ինչքա՜ն որ ասես,

Էլ խե՜նթ հոգիներ,
Էլ խե՜նթ խոստումներ,
Խե՜նթ բառեր ասված,
Ու խե՜նթ ձեռքերով սարքված անուրջներ-
Ինչքա՜ն ասես կան:

Իսկ ա՜յ, որ ասեն «Խե՜նթ կին»
Խոստովանեմ -  լսում եմ
Առաջին անգամ:

Խե՜նթ կին,
Որ ամբողջ գիշեր
Նստած է մնում պատուհանիդ տակ,
Ի՜նչ է թե լույսդ (հաստատ պատահմամբ)
Քնելուց առաջ մոռացե՜լ
Ու թողել ես վա՜ռ…

Ու մտածում է.
« Աստվա՜ծ պահապան… »,
« Տեսնես թե ի՞նչ է կատարվում ներսում…»
« Տեսնես ինչո՞ւ է լույսը թողել վառ »,
« Տեսնես ճնշո՞ւմն է »,
« Տեսնես սի՞րտն է վատ »,
« Տեսնես թե այսօր կերե՞լ է մի բան…»

… Ու տրոփո՜ւմ է
Խենթ կնոջ խե՛նթ սիրտը,
… Ու տրոփո՛ւմ է հենց քո սրտի մեջ՝
Ասես թե լացկա՜ն ու գորշ երկինքը
Իր արցունքներն է թափում քո գիրկը…

Թրջված աչքերի գինը «Խենթ Կի՛նն» է.
Մա՜յր է հոգատար,
Եվ սրբազան քո՜ւյր,
Ու  նրա ամեն շարժումից մի նո՜ւրբ
Քո մեջ արյո՜ւնը
Դառնում է  Գարո՜ւն …

Ա՜խ, այս Կյա՜նք կոչված

Ա՜խ, այս Կյա՜նք կոչված
Դաժան սրիկան,

Որ և Հո՜ւյս ունի, թե լե՛ռ կշարժի,

Եվ Հավա՜տ ունի, որ հարություն կտա,

Եվ միաժամանա՜կ նաև Սե՜ր ունի,

Որ  Ոչի՜նչ  չի տա….

Հո՜ւյսը՝ կարճատես,
Հավա՜տը՝ դիմակ,
Սե՜րը՝ կարճափեշ -
Այդ սրիկային անվանելով Կյանք

Փարված ենք մնում տառապանքներին…
Ապրո՜ւմ ենք այսպե՜ս…


Երանի՜ տալով գնացածներին…

Անհանգիստ Լուսաբաց



- Հետո ի՞նչ,-
Կասի անսիրտ ինչ-որ Մե՜կը,
Թե արցունք տեսնի աչքերիս խորքում,-
- Հետո ի՞նչ, չէ՞ որ արցունքոտ աչքեր
Շա՜տ կան աշխարհում:

- Հետո ի՞նչ,-
Կասի անհոգի Մեկը,
Թե տեսնի առանց հոգու եմ ապրում, -
- Անհոգի մա՜րդը դեռ անխի՜ղճը չէ,
Անհոգի մարդիկ շա՜տ կան աշխարհում:

- Հետո ի՞նչ,-
Կասի այն ինչ-որ Մեկը,-
- Որ շուրթերիդ հպվող այլ շուրթեր չկան,
Աշխարհում շա՜տ են նման շուրթերը,
Որոնք քարացել են աղոթքի նման…

- Հետո ի՞նչ,-
Կասի այն ինչ-որ Մե՜կը,-
- Ծառդ չի՞ ծաղկում է, արև չե՞ս տեսնում,
Քամին չի՞ փչում, անձրև չե՞ս ըմպում,
Ձմեռից հետո չի՞  գալիս  գարո՜ւն…
Էլ ի՞նչ ես ուզում…..

Կասե՜մ.
- Հետո ի՞նչ, թե ի՞նչ կա աշխարհում,
Ի՞նչ չկա,
(Ասե՜նք  Սինգապուրո՜ւմ,
Վիետնամո՜ւմ
Կա՛մ Արգենտինայում…)

Կասե՜մ.
- Չգիտեմ ո՞վ է բախտավոր՝
Խելացի՞ն, թե՞ անխելքը,
Գիտո՞ւնը, թե՞ տգետը…

Կասեմ.
- Ինձ անհանգստացնում է
Հո՜գս, կնճիռ հարթող ձե՜ռքը…
Ու մե՜կ էլ
Ինձ հետ զրուցող այն ինչ-որ Մե՜կը…


26.04. 17

ՍՊԱՍՈՒՄ



Քո «Բարի լո՜ւյսը»
Միայն ի՛նձ ասա,
Ուրիշին պե՛տք չէ լո՜ւյսը քո բարի,
Հարցրո՜ւ.
«Առանց քեզ, օրս ո՞նց անցավ»
Կպատասխանեմ.
- Ծա՜նր էր, ցավալի՜:

«Բարի գիշերդ»
Թո՛ղ ուրիշի մոտ ու ասա՜ հեռվից,
Բառերն այդ հոգնա՜ծ են
Ու լա՜վ չարչարված,
Բարի գիշերդ ասա ականջիս՝
Կո՜ղքս, գրկո՜ւմս քնելուց առաջ:

Երազներումդ անուններ մի՛ տուր,
Թող որ շուրթերիդ
Միայն ու միայն անո՜ւնս խաղա,
Թե չէ մինչև  լույս ցավի՜ց ու խանդից
Քեզ սիրող սիրտս
Պիտի դողդողա…

Միգուցե զո՜ւր է համբերելն այսքան,
Ոչ գիշե՛րն է գիշեր,
Ոչ էլ լո՜ւյսն է լույս,
Հուսալն էլ դարձել է ծերացած տանջա՜նք
Ու մնում է լոկ

Ցնդել սպասելուց…

суббота, 22 апреля 2017 г.

ՆԱՅԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԻՆ


Չհասկացա – ի՞նչպես ստացվեց,
Որ իմ խենթ լեզուն այսպես սսկվեց…

Որ աչքերիս մեջ էլ չե՜ք երևում,
Որ տողերիս մեջ Ձեզ չե՜մ որոնում,
Ձեռքիս ինքնաբո՜ւխ, մի  անկախ շարժո՜ւմ
«Քեզ»-ի փոխարեն միշտ «Ձեզ»  է գրվում…

Դուք  Տիկին, ստիպեցիք ինձ սիրել կյանքը,
Համոզեցի՛ք, որ Ձեզնից բացի այլ կանայք չկան,
Իսկ Ճակատագիր կոչված տականքը
Ամեն ինչ վերցրեց ու խառնեց իրար:

Դուք  Տիկին, հոգիս դարձրեցիք ծո՜վ
(Կտցահարում են ճայերն անաստված)
Իսկ ես իմ մաքո՜ւր ու ազնիվ սիրով
Բռնեցի դեպի «Ցա՛վ» տանող ճամփան:

Ձեր սրտում Տիկին, հիմա ամա՜ռ է,
(Որտեղ որ ապրո՜ւմ եք, ձմեռ չի՛ լինում)
Իմ սրտում ձմե՜ռ է և այնքա՜ն համառն է,
Որ Ձեր նկարից աչքը չի կտրում:

Հիմա կծկվում եմ ինչ-որ ցավերից,
Փնտրո՜ւմ, չե՛մ գտնում թե ի՞նչից է դա,
Սիրտս էլ փորձեր է անում իր տեղից
Ձեզ նման  փախչե՜լ,  հեռանալ…

Կգա ժամանակ,  որ չե՛նք լինի էլ,
Տիկի՜ն, զարմացա՞ք, այո՜, նաև Դո՜ւք,
Քանզի, եթե ես որոշեմ մեռնե՜լ -
Դո՛ւք լինելու եք  իմ պոետ սրտում:

Ս.Ումառ-Հարությունյան

20.04.17  Երևան