суббота, 18 марта 2017 г.

ԱՐԹՈւՐԻՆ



… Երբ անկոչ հյուրի նման աներես
Սովն է մոտենում դռանդ շեմին,

Մի հին հարցական է անվերջ տանջում քեզ՝
Ո՞վ է քեզ տալու պատառն իր վերջին:

Երբ նոր է ծնվում արևածագը,
Շուրջդ դեռ մութ է- անլո՜ւյս մի տարածք,

Բայց լուսավոր է լեռան գագաթը,
Ու չի հասկացվում -
Լո՞ւյս է, թե՞ խավար:

Ու մոգեր չեն գալիս  երկրպագելու,
Ու Լույսը միայնակ է մնում խավարում,

…Չի՜ մնում,  գնո՜ւմ է գլխահակ ու լուռ
Նահատակներին իր հացը տալու…
------------------------------------------
Ցմահ անիծվի ձե՛ռքն այն մեղավոր,
Որ Հաց Բերող քեզ  մեզնից հեռացրեց,

Լուսավոր լինի հոգիդ Հա՛ց  Բերող,
Դու հող չդարձա՜ր -
Մե՛նք մնացինք հող…


Ս.Ումառ-Հարությունյան

Հայացք



Սի՛րտդ էի ուզում տեսնել -
Հայացքդ տեսա,
Գիշերվա  նման անգութ ու  մռայլ

Սրտիս պատերը քարուքանդ անող
Լուտա՛նքդ շռայլ…

Ու փլվե՜ց,
Քանդվե՜ց
Երազի մի պատ՝
Փոշի ու աղմուկ հանելով,
… Ո՞վ էր մեղավոր, դա՞րը այս դաժան,
Թե՞ քո հայացքը
Անմե՜ղ-մեղավոր…

Սի՛րտդ էի ուզում տեսնել -
Հայացքդ տեսա
Ահավոր դարի ճիրանների մեջ,
Կարծես թե մի բուռ հո՜ղ էր սեղմված
Աղոթքներ մերժող ձեռքի ափի մեջ…

Մայրամուտները կքվեցի՜ն
Դարձան կորացած ինչու- ներ,

Դատա՜րկ մի տարածք,
Դատա՜րկ մի հայացք,

Ու հարցականնե՜ր…

Ու հարցականնե՜ր…      13.03.17 

воскресенье, 19 февраля 2017 г.

Մայրամուտը մի հարբած պոետ


  
Հորիզոնը դանդա՜ղ
Արև՜ էր ըմպում
Կարծես թե արյո՜ւն էր քսում երկրի եզերքին,
Ու թվում էր թե հարբած մի պոետ
Իր վի՜շտն էր պատմում
Բաժակը ձեռքին…

Ասես, պոետը պատմում էր
Թե ի՞նչ պատահեց,
Երբ  որ հավատաց իր իսկ տողերին,
Թե ինչպես սիրեց «փոքրիկ» մի կնոջ
Փոքրը մեծացավ դարձավ «ահռելի»…

Ասես թե չէր տեղավորվել պոետի հոգում
Ահռելի մի վի՜շտ,
Ցասկոտ մի սպասո՜ւմ,
Ասես չէր դիմացել պոետի սիրտը
Պայթել –
Ներկել էր մի ամբողջ գարուն…

*
Ա՜խ, պոետ, խնդրում եմ այդպես մի՛ խոսիր,
Միշտ չէ, որ լույսն է վշտերը սպանում,
Կյանքի առեղծվածն է՝
Լինում է այնպես,
Որ խավարն էլ է դառնում իմաստուն…
*

Չէ~ր լսում պոետը
Խո՜ւլ էր, ավերա՜կ,
Պատմում էր կապույտ շուրթերի մասին-
Այնքան պա՜րզ, շիտա՜կ
Այնքա՜ն հասարակ՝
Հայացքը ուղղած իր դատարկ թասին…

Ասես թափվել էր նռնագույն գինին,
Սպիտակ սփռոցը ներկել կարմիրով,
Ասես մի գնդակ էր սիրտը պոետի
Ցիրուցան արել ամբողջ աշխարհով…

Հորիզոնն արդեն մարսել էր լույսը
Արյուն էր լերդացել մնացել շրթին

…Խռմփացնում էր հարբած մի պոետ
Գլուխը սեղանին…

18.02.17   Երևան

Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 29 января 2017 г.

« ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈւՆ »

Բառերդ հաճախ այնպե՜ս են գժվում,
Որ քեզ մատնում են անծայր տրտմության,
Ու քարանում է քո՛ մեջ՝ քո՛ ներսում
Քո երկրորդ կեսը - այնքան հարազատ:

Կարծես կանգնած ես հուշարձանի մոտ
Ու շուրջդ չկա ոչինչ մնայուն,
Ու անկեղծության լեզուն անամոթ
Խոսում է քեզ հետ օտար մի ձայնով:

Դաժան է լեզուն քո երկրորդ կեսի՝
Ակե՜ղծ, բայց սա՜ռը – անեծքի նման,
Ասես կանգնած ես անդունդի եզրին
Ու  շշնջում ես.  «Կյա՜նք, կա՛նգ առ մի պահ»

Ու կա՛նգ է առնում զարկը քո արյան,
Անշարժանում է կե՛սը քո երկրորդ,
Որն ամե՜ն պահի, ամեն մի վայրկյան
Կարող է գլորել քեզ անդո՜ւնդը խոր…

Ու բաժանվո՜ւմ ես ինքդ քեզանից,
Դառնո՛ւմ ես երկո՜ւ, երկու տարբեր անձ՝
Մեկը մարմի՛նդ է, մյուսը հոգի՜դ -
Աչքերն անդունդի խորքերը հառած:

Տեսնում ես հոգուդ պատյանից անդարձ
Հեռացած կնոջ աղոտ մի հայացք,
Վաղուց ծվարած քո մեջ քո ներսում՝
Այնքա՜ն մերձավոր, այնքա՜ն հեռահաս…

Մարմինդ արյունդ է խմում կո՜ւմ առ կում,
Հոգիդ ըմպում է արցունքի թասից,

… Բառերդ դառնում են Բանաստեղծությո՜ւն
Ու դու կախված ես մնում նրանից:

Ս.Ումառ-Հարությունյան

29.01.17թ.   ք. Երևան