воскресенье, 29 января 2017 г.

« ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈւՆ »

Բառերդ հաճախ այնպե՜ս են գժվում,
Որ քեզ մատնում են անծայր տրտմության,
Ու քարանում է քո՛ մեջ՝ քո՛ ներսում
Քո երկրորդ կեսը - այնքան հարազատ:

Կարծես կանգնած ես հուշարձանի մոտ
Ու շուրջդ չկա ոչինչ մնայուն,
Ու անկեղծության լեզուն անամոթ
Խոսում է քեզ հետ օտար մի ձայնով:

Դաժան է լեզուն քո երկրորդ կեսի՝
Ակե՜ղծ, բայց սա՜ռը – անեծքի նման,
Ասես կանգնած ես անդունդի եզրին
Ու  շշնջում ես.  «Կյա՜նք, կա՛նգ առ մի պահ»

Ու կա՛նգ է առնում զարկը քո արյան,
Անշարժանում է կե՛սը քո երկրորդ,
Որն ամե՜ն պահի, ամեն մի վայրկյան
Կարող է գլորել քեզ անդո՜ւնդը խոր…

Ու բաժանվո՜ւմ ես ինքդ քեզանից,
Դառնո՛ւմ ես երկո՜ւ, երկու տարբեր անձ՝
Մեկը մարմի՛նդ է, մյուսը հոգի՜դ -
Աչքերն անդունդի խորքերը հառած:

Տեսնում ես հոգուդ պատյանից անդարձ
Հեռացած կնոջ աղոտ մի հայացք,
Վաղուց ծվարած քո մեջ քո ներսում՝
Այնքա՜ն մերձավոր, այնքա՜ն հեռահաս…

Մարմինդ արյունդ է խմում կո՜ւմ առ կում,
Հոգիդ ըմպում է արցունքի թասից,

… Բառերդ դառնում են Բանաստեղծությո՜ւն
Ու դու կախված ես մնում նրանից:

Ս.Ումառ-Հարությունյան

29.01.17թ.   ք. Երևան

Комментариев нет: