суббота, 2 июля 2016 г.

Քո ճանապարհը…



Պոետը նաև բուժող բժիշկ է -
Կարող է բուժել վերքերը հոգու,
Քեզ իր հետ տանել դեպի  հեռուներ
Ու գերի պահել 
քեզ իր  երգերում…

Մի՞թե չես կարող փախչել նրանից,
Արհամարե՜լ  կամ  մոռանալ նրան,
Ամե՜ն ինչ  հե՛շտ է անել աշխարհում -
Պոետի սրտից
Դուրս գա՜լն  է դժվար:

Դու նրա Լո՜ւյսն ես, Անձրև՜ը,  Քամի՛ն,
Դու նրա Կի՜րքն ես, Դրո՜շմը շուրթի,
Դու նրա Մի՜տքն ես գալիք օրերի,
Դու նրա Ծաղկած
Այգին ես հուռթի…

Թող սուրբ չլինի՜ Քո պոետը խենթ…
Եվ ո՛չ էլ ծնված մի Սուրբ  քաղաքում,
Պոետի սրտում կամ պոետի հետ
Դու միլիո՜ն պատճառ
Ունես ապրելու…

Դու Կի՛ն ես - այրող խարույկի նման
Եվ ցավեցնելու հատկություն ունես,
Դու մեկ Մուսա՜ ես,  մե՛կ  էլ սատանա…
Պոետի աչքում
Դու հանգիստ չունես:

Հոգիդ համարձա՛կ ու տեսքդ գերո՛ղ,
(Ցանկալի լինել - պատճառներ չունես)
Պոետի նման էլ ո՞վ է կարող
Գեղեցիկ ձևով  
Մերկացնելու քեզ:

Մերկացնելու քեզ ի՛ր աչքերի մեջ,
Ի՛ր մեջ հանգցնել հրաբուխը քո,
Դու Կի՛ն ես, Կի՛ն ես և այնքա՜ն ես Մեծ-
Պոետի հոգում
Տեղավորվելու…

Քո ճանապարհը պոետի սի՜րտն է,
Դու՝ մի Աշխա՜րհ մեկ ուրիշ  Աշխարհում,
Քո Պոետը քո ցա՜վն է,  քո  վի՜շտն է,
Որից բաժանվել
Դու չե՛ս ցանկանում


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 1 июля 2016 г.

Տաղ արտասվող կնոջ



Ինչո՞ւ էր լալիս  կինն այն  միայնակ,
Մի՞թե արցունքը բալասան է լուրջ,
Գուցե կորուստն էր սգում շատ թանկ
Ու թեթևանում էր արցունք թափելուց…

Սի՞րտն էին կերել,  քչփորե՞լ հոգին,
Թե՞ պատիվն էին  շաղախել ցեխով,
Լացի ձայնն էր աշխարհի  ականջին՝
Մի կին էր լալիս նազանքով

Գեղեցկությունը տեղի չէր տվել,
Քամին էր խաղում կախված փեշի հետ,
Կարծես թևաթափ մի աղավնի էր
Սև ու սուգ հագել:

Ասես սառույցի փոքրիկ մի կտոր
Ընկել էր կարմիր կակաչի վրա
Ու կակաչն այդ անզոր իր լացով
Փորձեր էր անում հալեցնել նրան:

Երերվում էր լացից
Ասես փլվող պատ, որն
Ընկնելու էր գետնին մինչև վերջին քարը,
Ասես գեղեցիկ ոտքերի վրա
Հիմնովին կործանվում էր աշխարհը:

Այտը թա՜ց էր, շուրթը բա՜ց,
Աչքն արցունքի մեջ կորած,
Ժամանակը քարացած էր
Տեսարանից այդ հուզված:

Դո՞ւստր էր, քո՞ւյր էր, Մա՞յր էր
Թե՞ ուղղակի Սիրող կին,
Տեսնես այդ ի՞նչ «մարդակեր»  էր
Հոգին խառնել ձեռքով բիրտ…

… Լաց լինող կինը նման է ծաղկի՜,
Որին տրորել են ոտքեր անաստված
Կամ էլ նման է լքված մի վանքի -
Անտարբերության քողով շղարշված:

… Կնոջ արցունքը մե՜ծ արհավիրք է,
Երևույթ՝  տխո՜ւր ու դաժան
Ասես աշխարհի ողջ դառնությունը
Մի տեղ հավաքվել -
Պայթել է հանկարծ…

Ս.Ումառ-Հարությունյան

22.06.16  Երևան

Երջանկության բանալին


Ամենահեշտ ապրելու ձևը
Դա ձևն է՝ այն ձևը,
Որով ապրում ես հիմա,
Ինքդ չե՛ս կարող ոչինչ փոփոխել
Ուրիշին էլ չե՛ս թողնում
Փոփոխելու այն…

Ցույց ես տալիս, որ գո՜հ ես
Աշխարհից (Կյանքից)
Ապրելակերպից,
Բայց, երբ նայում ես թե ի՞նչպես ես ապրում
Սիրտդ լալի՜ս է ցավից…

Եվ ի՞նչ է դուրս գալիս – Հասարակ մի Բա՜ն,

Ապրելը հե՛շտ է-
Նայե՛լն է դժվար…

Կամ հարցականով

Ապրելը հե՞շտ է-
Նայե՞լն է դժվար…

Ստիպված
… մտքումդ ստեղծում ես մի չեղած կերպար՝
Ընտրում ես անո՜ւնը,
Հասա՜կը, տարի՜քը,
Աչքերի գո՜ւյնը,
Տալի՛ք-առնելիքը,
Շրջազգե՜ստը, սանրվա՜ծքը
Ձա՛յնը (անպայման)…

Ու սիրահարվում ես նրան

Եվ ի՞նչ է դուրս գալիս – Հասարակ մի Բան՝

Ապրի՜ր, վայելի՜ր,
Ըմբոշխնի՛ր կյանքով,
Նախանձի՛ր, խանդի՛ր…
Եվ այս ամբողջը այնքա՜ն ժամանակ
Քանի դեռ ապրում ես ու աչքե՛րդ են փակ:

Ապրելը հե՛շտ է-
Նայե՛լն է դժվար…

Ս.Ումառ-Հարությունյան




Supremus (Մալևիչի սև քառակուսին)



Ցնորվում է խաղողը երակներիդ մեջ՝
Հարվածում գլխիդ,
Ընկնում ոտքիդ տակ,
Մտքումդ աղքատ հարուստներ,
Սրտումդ հարուստներ աղքատ…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջա՜նք…

Գինի է դառնում երևակայությունդ՝
Լցվում փո՜քր,
Միջի՜ն,
Մե՛ծ բաժակների մեջ,
Կույրերը տեսնո՜ւմ  են,
Համրերը խոսո՜ւմ,
Անդամալույծները վազում են առաջ…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջանք…

Մի սև թավիշ է դիմացդ կանգնում
Ու հիմար սիրտդ կանչում է նրան,
Ձեռքերը քո՛նն են,
Ոտքերը քո՛նն են,
Անկապ ժպիտը ականջից-ականջ
Իհարկե՜ քոնն է,
Դու «նա՛» ես, նա «դո՛ւ» ես
Հարբած մի Արտացոլա՜նք…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջանք…

Դու մի Դալի ես՝ Սալվադոր -
Այլ ոչ թե հարբած սրիկա,

Դու Բաքոսի հա՛րճն ես դարձել
Պատրանքների քողի տակ:

Դու քմահաճ փոփոխում ես
Ցանկություններդ բոլոր -
Մոռանալով, որ երկիրը խորանարդ չէ
Այլ կլոր…

Դու լա՛վ գիտես,
Որ Դրախտը և Դժոխքը
Նույն տեղում են՝  Երկնքում
ու թռչում ես դեպի երկինք,
Թռի՜չք, թռի՜չք,
Սլա՜ցք, սլա՜ցք…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,

….Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջանք…


Ս.Ումառ-Հարությունյան

Հոգիս անհանգիստ



Գուցե հանդարտվե՞ս,
Դադա՞ր տաս մի քիչ,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Չէ՞ որ կիսելու մենք չունենք
Ոչինչ…

Բանտված ես իմ մեջ
Գիտե՜մ,
Ի՞նչ արած,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Չէ՞ որ ես ինքս էլ
Հոգսերի մեջ խորունկ
Վաղուց եմ թաղված…

Ուզո՞ւմ ես գնա՜
Հեռացի՜ր ինձնից,
Ազատությունը բոլորն են սիրում,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Երբ դու հեռանաս
Իմ նեղ պահերին ո՞ւմ եմ դիմելու…

Եվ իմ խի՛ղճն ես դու
Եվ Աստվա՛ծն ես իմ,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Մի՞թե հարիր է քեզ
Նեղանալ ինձնից…

Բայց դե ի՞նչ արած,
Ես քեզ կհանձնեմ մեկ այլ մարմնի,
Որին սիրում եմ կյանքից
Առավել,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Ես չեմ նեղանում -
Իմ ահել մարմնում դու շատ ես տանջվել…

Հետո ի՞նչ որ կին է ու
Մահկանացու,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Նա Աստվածուհի է -
Դու իր մեջ կապրես ինչպես
Դրախտում…

Դե՜,  հաջողություն քեզ
Հոգի՜ս, սիրելի՜ս,
Երբ որ տեղ հասնես
Լինի ցերեկ թե գիշեր
Տեղյակ կպահես…

Հոգի՜ս, սիրելի՜ս
Շատ չնեղսրտես,
Ում մոտ որ գնում ես նրան սպասվում են
Երկա՜ր, տանջալի՜ց,
Անքո՜ւն գիշերներ…

Ս.Ումառ-Հարությունյան

18.06.16  Երևան