вторник, 9 февраля 2016 г.

Այն երգը ե՛րգ չէ...


Այն երգը ե՛րգ չէ ուր քամին
Փոշի ու աղբ է բարձրացնում,
Երգը - հայացքն է այն կնոջ,
Որն արտասվում է խավարում…

Այն սիրտը սի՛րտ չէ,
Որ չունի սե՜ր, խղճմտանք,
Այդ սրտերին կյանքը միշտ էլ
Բերում է ցավ ու փորձանք …

Այն աչքը ա՛չք չէ,
Որ չունի լուսաբացի զգացում…
Անբանալի մի փական է
Իր  կոպերին  համարում…

Այն ձեռքը ձե՛ռք չէ որ ունի,
Բայց փակ բռուցք է գրպանում,
Ունեցողը չունեցողին
Երբեք ընկեր չի ընտրում:

Այն շուրթը շո՛ւրթ չէ, որը միշտ
Օտար լեզվով է աղոթում,
Ողորմություն մուրացողի
Տպավորություն է թողնում…

«Ողորմություն» բառի համար
Դու ինձ ներիր ընթերցող
Քեզնից հայցում եմ ներում,

Ողորմություն ամեն խնդրող
Ողորմելի չի լինում…

Ս.Ումառ-Հարությունյան

10.02.16

воскресенье, 7 февраля 2016 г.

Մայրամուտ


Սիրո Աստվածը երևի սկզբից
Ստեղծել է Գարո՜ւն
Հետո՛ մայրամուտ՝
Հորիզոնի վրա քայլող օրո՜ր-շորոր կին-
Վարսերում ոսկի,
Արև շուրթերին,
Ու կրծքում ծիծաղ…
Հետո նոր ստեղծել է աչքերս՝
Հուզումներով տաք,
Որ նրան այդպես նայելիս
Չեն հանգստանում
Երկա՜ր ժամանակ:

Սիրո Աստվածը
Ձմե՛ռ չի ստեղծել,
Ամա՛ռ չի ստեղծել,
Չի՛ ստեղծել աշուն –
Սիրո Աստվածը սրտիս
Լեզո՛ւ չի ստեղծել -
Հոգս ու ցավ ծնող...

Մայրամո՜ւտ է ստեղծել,
Որ կարծես քամու անզգույշ
Կոտրած ճյուղի ձայնից
Հեռանում է
Ինձնից,
… Ու աչքերս են վազում
Ծնրադրելու նրան,
…Ու աչքերիս ցողն է կաթում
Նրա՝ Մայրամուտի վրա:

… Գարո՜ւն է ստեղծել,
Հետո մայրամո՜ւտ՝
Հորիզոնի վրա քայլող օրո՜ր-շորոր կին՝
Արևը կրծքում,
Ծիծաղը շուրթին…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 4 февраля 2016 г.

ՃԱԿԱՏԱԳԻՐ



Ճակատագի´ր  իմ,
Քե´զ ապավինե՜լ՝
Հավատացել եմ գոյությանը քո,
Բայց կարոտներս արդեն ծերացել,
Ու ծնկել են քո ճանկերի ներքո:

* * *
Մաքո՜ւր,
Չգրված թղթերս վկա՛,
Երդվո՛ւմ եմ, որ էլ չեմ գրի,
Եթե ճակատագիրս մեկ վայրկյանով գա՝
Թղթերս վերցնի որպես սևագիր:

Օրերը  կյանքիս սևագիր անի -
Ցո՛ւյց տա ինձ, կարդա՜մ,
Սրբագրե՜մ
Տե՛րը ես դառնամ իմ ճակատագրի -
Ինչպես ուզո՛ւմ եմ, ինչպես որ ճի՛շտ է՝
Այնպես էլ ապրեմ…

Սաղարթներին տրվող քամու
Ձայնը սարքեմ մեղեդի,
Որ կյանք առնեն ողջ աշխարհում
Շիրիմները
Անպատասխան սերերի…

Որ չլինեն աշնան նման
Օրերը կարճ ու սադրիչ,
Լուռ ու խաղաղ պատվար դառնա   
Ժամանակը`
Բռնազավթող ամեն ինչ…

Որ չլինեն կեղծ մուսաներ
Պոետներին այցելող,
Պոետներն էլ չզբաղվեն
Տարեգրությամբ ստույգ ու չոր…

Որ հնձանից Ճակատագրի
Չքամելով ոչ մի կում,
Դատարկաձեռն  չհեռանան
Տարիները լավագույն:

Ճակատագիր
Հիմա չունեմ այն հարվածը քո մոլի,
Որ կործանել կարողանամ
Օրենքները,
Ավանդույթներն աշխարհի…

Սակայն գիտե՜մ,
Որ դու ստո՛ր ես ճակատագիր,
Թշվառության նման սև ու ավերիչ,
Դու Կայենի աչքերի պես խույս ես տալիս
Արդարության հայացքից:

Ճակատագի´ր  իմ,
Բա´խտ իմ դիվահար,
Քո  ճանապարհը վերջ ունի՞ արդյոք,
Սկիզբը ես գիտեմ՝
Ցա´վ  էր ինձ համար,
Ու երկա՜ր, երկա՜ր կսկիծ էր՝ մորմոք:

* * *
Ճակատագի´ր  իմ,
Ես քեզ ստրուկ չե՛մ եղել
(Եվ երբեք էլ չե՛մ լինի)
Խոստովանե՜մ, -  վախենո՜ւմ եմ,
Որ Աբելի նման ազնիվ
Մի օր զոհդ կլինեմ…

Ս.Ումառ-Հարությունյան
04.02.16 Երևան





понедельник, 1 февраля 2016 г.

Այն սևաչյա հայուհուն…



Հեռո՜ւ, օտա՜ր քաղաքում
Լուսամուտից կիսաբաց,
Մի կարո՜տ էր երևում,
Երևում էր
Մի հայացք…

Դառը  ցավի հետ ձուլվել
Քարացել էր շուրթերին,
Ինչպես ամուլ ծառի ստվերները
Նարնջենու փեշերին:

Կարծես մահը գլխից սկսվել
Դանդաղ սրտին էր իջնում,
Տեսնես ո՞ւմ կամ ի՞նչ էր փնտրում
Հեռո՜ւ, օտա՜ր այդ երկրում:

Ազատությո՞ւն թե
Ոսկի,
Ճոխությո՞ւն  թե
Զեխությո՞ւն,
Աստեղային ճաճանչնե՞ր …

Ա՜խր, չէ՞ որ օտար հողում,
Նույնիսկ քամի՜ն, քամի՛ չէ…

Արեգակը դիմակո՛վ է,
Ձեռնոցներո՛վ է լույսը արարիչ,
Կյանքն անճոռնի երախով է՝
Կլանում է ամե՜ն ինչ…

Անկանգ են բոլոր ստվերները,
Ամեն ծառ ու թուփ արյունոտ,
Պատիվ է - պատիվը վաճառելը,
Մի կաթիլ ջո՜ւրը կում է մի ամբողջ:

Ի՞նչ գտար,
Ի՞նչ կորցրեցիր,
Ի՛մ հայուհի սևաչյա,
Հարուստությո՞ւն,
Պատի՞վ, փա՞ռք,
Թե դեմ առար առատությունը կրծող
Ատամներին երկաթյա…

Դե՜ մի՛ տխրիր,
Այս աշխարհում
Միշտ էլ ցա՛վ կա ու չարիք,
… Անհոգ է նա ով կյանքում
Չի՛ կորցրել հայրենիք…

…Հեռո՜ւ օտա՜ր քաղաքում
Լուսամուտից կիսաբաց,
Ինչպես ծառի կեղևին փորագրված մի անուն,
Մի կարո՜տ էր…
Մի հայացք …

Ս.Ումառ-Հարությունյան

01.02.16

суббота, 30 января 2016 г.

Աստվածուհիս սիրակեզ...


Իմ Հին Սիրո Աստվածուհին
Սիրակեզ,
Որ աղջիկ էր  ժամանակին,
Ճակատագրի վերքերի պես
Հասունացա՜վ-
Դարձավ կին:

Նայում է ինձ մայրական
Գորովանքով թախծալի -
Մենք իրար հետ մեծացա՛նք,
Բա՜յց…

Նո՛ւյնը մնաց իմ հոգին…

Ի՞մն է ցավը, թե՞ նրանը,
Կյանքն իմ մե՞ջ է,   թե՞ նրա-

Ի՞նչ կլիներ, եթե հոգիս
Մարմնիս նման ծերանար…

Դուր չէին գա
Ոռնող քամու սուլոցները ոխակալ,
Անձրևների շղարշներով պատված սիրո օրերս…
… Եվ սիրուհուս կուրծքը փարթամ
Գովերգող նոր տողերս:

Ծիծաղը չէ՛ր փոխարինվի
Տառապանքի էջերով,
Կրկներգերը կլինեին
Վշտի բոլոր երգերով:

Չէի խղճա նախանձ մարդկանց
Կապարագույն սրտերին,
… Կլսեի շեմիս կանգնած
Ձայնը Մահվան  ստվերի:
- Արի՜, արի՛ սիրահար,
Իմ դռները միշտ էլ բաց են քեզ համար.-

Ահա թե ինչ կլիներ
Եթե հոգիս
Ծերանար…

Հոգիս հիմա քրքջո՛ւմ է
Եվ իսկո՛ւյն էլ հեկեկում,
Քանզի մանուկ է մնացել
Սիրո հզոր ձեռքերում:

Իմ Հին Սիրո Աստվածուհի
Սիրակեզ,
Ինձ մի՛ նայիր մոր նման,
Սիրո հանդեպ եվ դո՛ւ և ե՛ս
Անզոր եղանք հավատա…

Մարմնիս պես լուռ լքեցիր-հեռացար
Սիրո քաղցր տանջանքից…

Իսկ ես միայն Վերջին շնչում կլքե՜մ -
Կբաժանվեմ նրանից:


Ս.Ումառ-Հարությունյան