вторник, 29 декабря 2015 г.

Իմ հեռավո՜ր



Եվ տագնապնե՜ր կան,
Եվ տենդ իմ հոգում,
Եվ տարօրինակ մի համ է
շուրթերս այրում,
Երբ պատկերացնում եմ հեռո՜ւ մի տեղում
Ինչպես է ծերացած աշունն
իր բիրտ մատներով
Աչքե՜րդ փակում…

Խաբկանք թվացող գարունն էլ
փորձեր է անում
կծկվել սրտիդ տակ,
Ու կարծես մի դեղին մղձավանջ
Ողողում է բախտի անիվը՝
Վաղո՜ւց, շատ վաղուց կանգնած…

Սա մի նոր ցա՛վ է,
Մի նոր դառնահա՛մ-
Երբ սիրում ես հեռվից
Ամե՜ն ինչ մոռացած,
Բախվում ես անվան ամե՜ն մի տառին,
Բախումից հոգոցը  նոր բառ է դառնում-
Կախվում է նրա քնած սնարին:

Մի նո՛ր երևույթ է,
Երբ լույսն է անցնում անթափանց
Վարագույրներից,
Բայց այն պայմանով, որ հետո պետք է
անպայման բեկվի
Ապակիներից-
Դառնա բազմաթիվ լույսի կտորներ
Ու ցրիվ գա նրա ողջ մարմնով մեկ….

Սիրո ի՞նչ տեսակ է, որ պետք է լռել,
Եվ որտեղի՞ց ինձ այսքան արցունքներ,
Սա ի՞նչ փորձանք է, որ պետք է այրել
Հետո սրտնեղել,
Որ այդ մոխիրից ծնվում են բառե՜ր,
Բազմակետե՜ր ու
Հարցականնե՜ր…
Կամ տողեր՝ գրված ոտքերը վերքոտ,
Որ հույսի փոխարեն
Լցվում են քո մեջ
Ամեն առավոտ…

Մի՞գուցե չգրեմ,
Ինձ հետ չկռվե՞մ,
Չէ՞ որ դա էլ է լռելու տեսակ,
Բայց միևնույն է՝
Եվ տագնապներ կան
Եվ տենդ իմ հոգում
Եվ տարօրինակ մի համ է շուրթերս այրում
Անո՜ւնդ,
Անունդ է անընդհա՜տ տանջում…


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 21 декабря 2015 г.

Անհանգիստ մարդ արարած



Երբ հա՛րց են տալիս,
Որը չպետք է տալ -
Մարդ կատաղում է
(Այստեղ տեղին չէ բառը
«Բարկանալ»):

Երբ պարտք են տալիս
Ու թուղթ պահանջում այդ պարտքի դիմաց-
Մարդ փոքրանում է՝
Դառնում ձվի չափ…

Երբ հույս են տալիս ու կարեկցում են
Միաժամանակ-
Մարդ հուսալքվում է՝
Դառնում անհավատ…

Երբ խոսում են քեզ հետ,
Բայց լռել է հարկավոր,
Քեզ թվում է հանդիպել ես
Մի աղետի ահավոր:

Երբ լռո՜ւմ են, չե՛ն խոսում,
Բայց խոսե՛լն է կարևոր-
Չես հասկանում ի՞նչ ես ուզում
Այս աշխարհից մեղավոր:

Պահմտոցի ես խաղում
Ցավի՜դ, կամքի՜դ, հույսիդ հետ,
Թաքնվելու տե՛ղ ես փնտրում՝
Տուն տանող մի արահետ:

Գտնո՜ւմ ես,
Մա՛րդ արարած…
Մտնո՜ւմ ես՝
Հանգիստդ առնում վերջապես,
Երբ, որ մայրդ է խոսում հուզված,
Կամ լռում է Աստծո պես …


Ս.Ումառ-Հարությունյան

Կապույտն իմ գույնն է

Կապույտն իմ գույնն է

Կապույտն իմ գույնն է`
Երակի գույնը,
Կարմիրը՝ սիրո թույնը,
Ո՜չ,
Ո՛չ այն կարմիրը,
Որ շրջազգեստիդ տեսքով քեզ է պարուրվել,
Այլ ա՛յն կարմիրը, որ քո անունով
Սիրտս է լցվել:

Լսե՜լ ես երևի, որ
«Հոգուս մե՜ջ ես»
«Մտքերո՜ւմս ես անընդհատ» կամ
« Ծայրին ես լեզվիս »,
Իսկ ես ասում եմ, որ
Արյանս մեջ ես
Ու դրանից ահավոր բան
Չկա՜ Սիրելիս…

Թվո՜ւմ է, թե մոտիկ ես,
Բայց չե՛մ տեսնում քեզ,
Գիտեմ լալի՜ս ես
Ու ցավեցնում ես…

Ասո՜ւմ են սիրտը
(Ինչպես և կինը)
Երբեք չի լալիս՝
Նա արտասվում է և հաճախ թաքուն,
Նույնիսկ այդ պահին տգեղ չի լինում-
Նրանից գեղեցիկ
Ի՞նչ կա աշխարհում:

Ասո՜ւմ են կինը
(Ինչպես և սիրտը)
Երբեք  չի շտապում՝
Չի աճապարում իր բռնած գործից
Ետ կանգնել,
Ասում են կնոջ գործը
Աշխարհում
Ո՛չ մի տղամարդ չի կարող անել:

Կապույտն իմ գո՜ւյնն է
Լցված Կարմիրով,
այն կարմիրով, որ սիրտս է լցվել
Կի՛ն,
Քո անունով:

Ս.Ումառ-Հարությունյան

2012թ. Երևան