понедельник, 21 декабря 2015 г.

Անհանգիստ մարդ արարած



Երբ հա՛րց են տալիս,
Որը չպետք է տալ -
Մարդ կատաղում է
(Այստեղ տեղին չէ բառը
«Բարկանալ»):

Երբ պարտք են տալիս
Ու թուղթ պահանջում այդ պարտքի դիմաց-
Մարդ փոքրանում է՝
Դառնում ձվի չափ…

Երբ հույս են տալիս ու կարեկցում են
Միաժամանակ-
Մարդ հուսալքվում է՝
Դառնում անհավատ…

Երբ խոսում են քեզ հետ,
Բայց լռել է հարկավոր,
Քեզ թվում է հանդիպել ես
Մի աղետի ահավոր:

Երբ լռո՜ւմ են, չե՛ն խոսում,
Բայց խոսե՛լն է կարևոր-
Չես հասկանում ի՞նչ ես ուզում
Այս աշխարհից մեղավոր:

Պահմտոցի ես խաղում
Ցավի՜դ, կամքի՜դ, հույսիդ հետ,
Թաքնվելու տե՛ղ ես փնտրում՝
Տուն տանող մի արահետ:

Գտնո՜ւմ ես,
Մա՛րդ արարած…
Մտնո՜ւմ ես՝
Հանգիստդ առնում վերջապես,
Երբ, որ մայրդ է խոսում հուզված,
Կամ լռում է Աստծո պես …


Ս.Ումառ-Հարությունյան

Կապույտն իմ գույնն է

Կապույտն իմ գույնն է

Կապույտն իմ գույնն է`
Երակի գույնը,
Կարմիրը՝ սիրո թույնը,
Ո՜չ,
Ո՛չ այն կարմիրը,
Որ շրջազգեստիդ տեսքով քեզ է պարուրվել,
Այլ ա՛յն կարմիրը, որ քո անունով
Սիրտս է լցվել:

Լսե՜լ ես երևի, որ
«Հոգուս մե՜ջ ես»
«Մտքերո՜ւմս ես անընդհատ» կամ
« Ծայրին ես լեզվիս »,
Իսկ ես ասում եմ, որ
Արյանս մեջ ես
Ու դրանից ահավոր բան
Չկա՜ Սիրելիս…

Թվո՜ւմ է, թե մոտիկ ես,
Բայց չե՛մ տեսնում քեզ,
Գիտեմ լալի՜ս ես
Ու ցավեցնում ես…

Ասո՜ւմ են սիրտը
(Ինչպես և կինը)
Երբեք չի լալիս՝
Նա արտասվում է և հաճախ թաքուն,
Նույնիսկ այդ պահին տգեղ չի լինում-
Նրանից գեղեցիկ
Ի՞նչ կա աշխարհում:

Ասո՜ւմ են կինը
(Ինչպես և սիրտը)
Երբեք  չի շտապում՝
Չի աճապարում իր բռնած գործից
Ետ կանգնել,
Ասում են կնոջ գործը
Աշխարհում
Ո՛չ մի տղամարդ չի կարող անել:

Կապույտն իմ գո՜ւյնն է
Լցված Կարմիրով,
այն կարմիրով, որ սիրտս է լցվել
Կի՛ն,
Քո անունով:

Ս.Ումառ-Հարությունյան

2012թ. Երևան

Ձմե՛ռ

Ձմե՛ռ,  
Եկար  ու բերեցիր սարսո՜ւռ,
(Ինչպես կյանքի ձմեռն է բերում
Ջահելության ավարտ-
Սպասված ծերություն),

Խարիսխ գցած նավի նման կանգնել ես դրսում,
Կարծես քի՛չ են սառը օրերդ,
Կարծես ի՛նձ ես սպասում…
Ու
Պետք է ինձնով լրացնես
Օրերդ սառած,
Պետք է ցրտով լացեցնես
Հույսերս սպասված….

…Մի քանի հուշեր ունեմ թաքցրած
Սա՜ռն, անիմա՜ստ, տաղտկալի՜,
Ի՞նչ անեմ, տա՞մ քեզ հեռանաս,
Թե՞ ձմեռ, քեզ խաբել չի՛ լինի….

Սիրուհի ունեմ «Ամառ» անունով-
Կգա՜ կտեսնի, որ չկամ,
Ողբն իր կկապի գարնան արցունքով,
Աշնան քամու հետ կգնա…

Վերջս դնելու փո՛րձդ է առաջին,
Մի՞թե այսպես են հեռանում,
Ասա՛ ինձ, ձմե՛ռ այս ի՞նչ արեցիր,
Մի՞թե ցրտից է սիրտը կանգ առնում:

Չե՛մ խաբի, իրո՜ք գեղեցիկ ես,
Տո՛ւր ինձ գեղեցկությունդ հազարապատկեմ,
Թող գոնե ձա՜յնս կամ էլ բառե՜րս
Մնան ու ասեն.

Սիրտը չի կանգնում
Ցրտի՜ց,
Ամառվա տապի՜ց,
Գարնան անձրևի՜ց,
Ոսկրոտ ձեռքերից խոր Աշնան…
Ո՛չ էլ օրերից, երբ
Աղավնիները դառնում են ագռավ…

Սիրտը կանգնում է միայնությունից…

Միա՜յն ու միայն…


Ս.Ումառ-Հարությունյան