воскресенье, 1 ноября 2015 г.

Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜


Անտառի ու բացատի շոշափող գծից
Մի քիչ դեպի աջ
Մի հողաթումբ է,
Վրան անտաշ քար ու մի փայտե խաչ:
Քարի անհարթ մակերեսին կապտագույն ներկով
Գրված է մեկ բառ.
«Ավո»

Քիչ հեռու երկաթե մի սեղան է,
Երկու զույգ նստարան…
Ոտքերի վրա մի ժանգոտ մանղալ է,
Ու  դատարկ շշեր անհամար:

Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜:

Ո՞վ է քեզ այստեղ հուղակավորել,
Որ չի էլ իմացել թիվը ծննդյա՜ն, մահվա՜ն,
Թե՞, կապույտ ներկը չի բավականացրել,
…Հանգրվանդ դարձել է վայրի գերեզման:

Հողը դնելիս ի՞նչ երգ են  երգել
«Դլե յամա՜ն»  թե՞
«Օտար ամայի ճամփեքի վրա…»
Ավո՜, հետաքրքիր է ի՞նչ մարդ ես եղել,
…Երբեք չեմ տեսել նման գերեզման:

Տեսնես ինչ-որ մեկի աչքը
Թա՞ց է եղել այդ պահին,
Ինչ-որ մեկը կո՞ւրծքն է ծեծել,
Բղավե՞լ է լալագին,
Թե՞ համբերող համբերությամբ
Սպասել են լուռ
կապույտ բոցով մանղալի մեջ
Խորովածի ավարտին…

Ավո, տեսնես ո՞վ ես եղել,
Ազգի վերջին մի անհա՞տ,
Մա՞րդ ես եղել  դու հողածին…
Թե՞, Բաքոսների սերնդից
Սուրբ ես եղել մի անհայտ ….

Վստահ եմ որ կամքդ է եղել
Քեզ հիշելու ձևը այս
Աչքով արցունք հեղեղելը
Խորթ է եղել քեզ համար:

Ամեն դեպքում եղել ես Մա՜րդ,
Օղորմի քեզ մարդ աստծո,
Հողը թեթև լինի վրադ,
Ավո,՜ եղբա՜յր անծանոթ…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 29 октября 2015 г.

Համր մասրենին



Անձրև է մաղում,
Վաղո՜ւց է, որ անձրևն արդեն  չի հուզում,
Արև,՞ թե՞ անձրև, ի՞նչ տարբերություն,
Երբ քո մասին եմ անընդհատ գրում:

Այնքան եմ գրե՜լ քո մասին,
Այնքա՜ն զրուցել պատուհանիս հետ,
Որ այգումս աճած վայրի մասրենին
Ինձ ընդունում է խելագարի տեղ…

Մի խե՜ղճ հայացքով նայում է վրաս,
Ճյուղերն իջեցնում է  հողին,
Քամին՝ այդ խելառն անաստված
Պոկում է պտուղները դեղին:

Տարիներս տեսնես ո՞վ տարավ,
(Համրություն է իմ և մասրենու միջև)
Պարզվո՜ւմ է, որ այսքան ժամանակ
Մասրենի՜, ես քեզ հետ եմ կիսվել:

Խո՜ւլ, հա՜մր, համե՜ստ վկան ես եղել,
Մտքերի՜, խոսքերի՜, տրամադրությա՜ն,
Ինձ հետ հավասար դու էլ տառապել
Ու մերկացել ես մտքերիս նման:

Մասուրներիդ նման տարիներս թռան,
Կառչած անցյալի թևերից,
Չգիտեմ ինչո՞ւ, մասրենի աննման
Ամաչո՜ւմ եմ նայել աչքերիդ…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 25 октября 2015 г.

Կարոտո՜ւմ եմ, կարոտո՜ւմ



Երբ մայրը կա՝  հենա՛կ ունես, պատվա՛ր ունես անսասան,
Տառապանքդ ո՛չ թե կիսող -  
Չեզոքացնող ուրվական:               

Քեզ համբուրող մոր շուրթերը ուրիշ գո՜ւյն ունեն, ուրիշ բո՜ւյր,
Մորդ քեզ ծածկող մատները                        
Ունեն մեկ ուրիշ ջերմություն:

* * *
Լռությո՞ւն է,  թե՞ թվում է, որ մեծ «աղմուկ» է լսվում,
…Դա մայրական քնքո՜ւշ սիրտն է,
Միայն քեզ համար բաբախում:

Քեզ փորձանքից հեռու պահող Մոր շուրթերն են մրմնջում,
Խոնավ աչքն է՝ քեզ կարոտող
Առանց արցունք լաց լինում:

Խաչակնքող մո՛ր ձեռքերն են այդքան «աղմուկ» բարձրացում,
Մորդ  սպասող տա՜ք հայացքն է
Քեզ անընդհատ տուն կանչում:

Մոր անցկացրած ամբողջ կյանքը՝ կա՜նչ է, կարո՜տ ահռելի,
Մոր սրտի զարկն արձագանքն է
Քո կատարած քայլերի:

* * *
Թող անիծվի վերջին պահը, երբ մոր «աղմուկն»  է լռում,
Երբ մայրերի ուրվականը
Մեր մեջ կարոտ է դառնում:

… Հիմա գիտեմ թե կարոտը ի՞նչ  հզո՛ր է ու դաժա՜ն,
Գիտեմ ի՞նչ է հեռո՜ւն, մո՜տը,
Կարոտո՜ւմ եմ քեզ, մա՜մ ջան:

Վաղո՜ւց եմ ես դարձել հայրիկ, պա՛պ եմ դարձել, մայրի՜կ ջան,
Բայց վերմակս ծածկող ձեռքիդ
Կարոտո՜ւմ եմ անսահման:



Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 23 октября 2015 г.

Տունս ամպերում...

* * *
Մի՛ կասկածիր,
Ու ցավ մի՛ ապրիր,
Ո՛չ խնդության պահին,
Ո՛չ տխրության,
Մի՛ խնդրիր, այլ պահանջի՜ր,
Պահանջի՛ր, որ  քո՜նը դառնամ:

Որ սարքեմ իմ տո՛ւնն ամպերում,
Որտեղից երևա պատուհա՛նդ,
Որ ամե՜ն առավո՜տ, իրիկո՜ւն,
Աչքե՜րս լինեն պահապա՛նդ:

Որ քնքշությունդ սեղմե՜մ իմ կրծքին,
Որ վա՛խդ թաքցնեմ  իմ սրտո՜ւմ,
Որ ամեն վայրկյան հայացքի՜դ,
Հայացքս համբուրի  երկնքում…

Մի՛ ճչա  խո՜ւլ ու մոլո՜ր,
Ես ծանոթ եմ և քո՛ և ի՛մ ցավերին,
Կտեսնես դու ինձ ամեն օ՜ր,
Երբ տունս հենվի ամպերին…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 22 октября 2015 г.

Ո՞ւմ ես փնտրում Մարդ

Ո՞ւմ ես փնտրում Մարդ

- Ե՞րբ ենք մենք վերջին անգամ
Ժպտացել իրար,
- Երբ Գարունն իր շորերը հանե՜լ
Դարձել էր Ամառ…

- Ինչ-որ չեմ հիշում,
Վերջին հանդիպմանը մենք  համբուրվեցի՞նք
- Ո՜չ, չհամբուրվեցինք,
ուղղակի  ծաղիկներ չեղան,
ամեն ինչ անցավ անսովոր խաղաղ…

- Եվ ի՞նչ ես ուզում ասել սիրելիս,
Որ անփո՜րձ էինք, ջահե՞լ,
- Ո՜չ, դա նրանից էր, որ
Գարունն իր գուլպաներն էր հանել,
Դու խաղում էիր Գարնան մերկ ոտքերի հետ…

Հետո ասացիր, որ գնում ես ինչ-որ
Հույսի ետևից,
Որ սի՛րտդ է այրվում հեթանոս կրակով,
Ասացիր.  «Փորձիր առանց ինձ ապրել»
Ա՜խր Գարո՜ւն էր, սիրելի՜ս,
Իսկ ես շա՜տ ջահել…

- Քեզ լավ չե՛մ լսում կամ բա՛րձր խոսիր
Կամ քիչ մոտ արի՜
- Վաղուցվանի՞ց է:
- Կլինի մոտ տասը-տասնհինգ տարի,
Ի՞նչպես գտար ինձ
- Անընդհատ քայլում էի Կարոտի ետևից…

Գուցե համբուրվե՞նք մի վերջին անգամ,
- Հիմարություններ չանցնեն մտքովդ,
Նորից գնում ես հույսի ետևի՞ց,
- Ո՜չ, այս անգամ վերջին ճանապարհ…

… Մի մարդ էր օրորվում ձեռքերի վրա,
Ետևից թափոր էր ու մի ծեր Կարոտ
Զգեստները հանած մի հոգնա՜ծ Սպասում…

Ո՞ւմ էիր փնտրում Մարդ
Եվ ո՞ւր ես գնում…


Ս.Ումառ-Հարությունյան