вторник, 21 апреля 2015 г.

Բանաստեղծություն



Երկա՞ր գնացի,
Չե՛մ հիշում
Հոգնեցի՞
Չգիտե՜մ,
Բայց հասա վերջապես:

Կախարդական աշխարհի դուռը
Փակված է փականով:
Դռան կողքը -
Կիսահանգա՜ծ, կիսավա՜ռ,
Մի օջախ է ծխահոտ,
Ինձնից առաջ ինչ որ մեկն է երևի,
Երկար սպասել դռան մոտ:

Նե՞րս է մտել
Ե՞տ գնացել
Ես չգիտե՜մ…
Ինչ էլ լինի ամեն դեպքում
Ես կսպասեմ
Գոնե մինչև առավոտ…

Այլ ելք չկա՝
… Տաքանում եմ ուրիշի
ձեռքով վառած կրակով:

Ս.Ումառ-Հարությունյան


Բանաստեղծություն



* * *
Ոտքերի տակ սայթաքող ասֆալտ
Ու հեռո՜ւ գնացող ճանապարհ…
Հասկանա՜լի է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝ Աստծուն,
Կեսարինը՝ Կեսարին,
…Անձրևի տակ հաշմանդամ մի տղա
Այտն է սեղմել ջութակին:

Փողոցը դատա՜րկ,
Հոգին՝ հաշմանդամ,
Բառերն ո՞ւմ համար են
Աստծո՞ւ,
Կեսարի՞ թե՞
Հաշմանդամի՞…
Ոչ մեկին հարկավոր չեն բառերը -
Այրված ձեռագրերով
Իրենց կոկորդն են լցրել
Դեպի Վե՛ր ձգված ծխնելույզները:

Թաշկինակն արյունոտ է հազից,
Ուսերին կարծես աշխարհի բեռը,
Ու փախել է անձրևից
Ո՞վ
Նվագող տղա՞ն թե՞  Տերը…

Նվագում է տղան -
Ոտքերի տակ սայթաքող ասֆալտ,
Հասկանո՜ւմ է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝ Աստծուն,
Կեսարինը՝ Կեսարին,

Անձրևի տակ մի տղա է հույսը դրել ջութակին:

Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 20 апреля 2015 г.

Բանաստեղծություն



* * *
Ես ապրում եմ «արքայի» հետ
Վանդակավոր մի տուփում,
Ո՛չ, կներե՜ք՝ «արքաների»…
Ինձ «արքա»  եմ երազում,
Կողքս պառկած սև «թագուհին»
Ինչ-որ բան է մրմնջում…

Ի՞նչ աշխարհ է, չես հասկանում -
«Արքան» փախչում է «թագուհուց»,
«Ձին» ցատկո՛ւմ է,
«Փիղը»՝ թռչում,
«Նավակներն» էլ առանց «զինվոր»
նավարկո՜ւմ:

Արքաները ծեր են լինում,
Վավաշո՜տ,
Քինախնդի՜ր,
Թե ուզում ես արքա լինել
Պետք լինես դավադիր:

Էհ, «զինվո՛ր» եմ, «զինվո՛ր» մնամ՝
Կողքս՝ երկու «թագուհի»,
Սև են, կարմիր թե սպիտակ,
Ամեն դեպքում
Կի՛ն են, կի՜ն…

… Լինես սպիտա՞կ թե՞ սև «արքա»
Վերջդ «մատ» է լինելու,
Դու «զինվո՜ր» ես,  «զինվո՛ր» մնա
Ի՞նչ ես  այդպես բողոքում…

Ս.Ումառ-Հարությունյան

Բանաստեղծություն



* * *
Ինչո՞ւ ես հավատում
Կիթառի պղնձյա լարերի ձայնին  ու
Չես ընդունում  ծնկիդ վրա ավարտվող
Մատներիս ճանապարհը,
Ինչո՞ւ ես սիրում հինգշաբթին կամ
Տատիկիդ մաշվա՜ծ, բրդյա շալը:

Ինչո՞ւ չես սիրում խա՛նդը,
Անիմաստ վեճե՛րը,
Կոտրվող ամանեղե՜նը,
Բարձիդ ծաղկավոր երե՜սը…
- Ես Կի՛ն եմ,- ծիծաղում ես դու,

…Երբ քեզ պատմում եմ իմ երազը…

- Ես կին եմ  «Ճակատագիր» անունով,
Իսկ դո՞ւ՝ տղամարդ՝
Սատանան քո մեջ,
Ես գիտեմ ինչ եմ սիրո՜ւմ-չսիրո՜ւմ
Իսկ դո՞ւ… չգիտես:

Ս.Ումառ-Հարությունյան