вторник, 24 февраля 2015 г.

Եղերերգ



Ջրափոսերը արծաթապատ են…
Երևի լուսինն է իր գույնով ներկել,
Կա՛մ,  կանացիության մոլուցքը բարձած-
Խստաբարո Հոր հայացքի ներքո
Օրիորդ գիշերն է ոտքը կախ գցել…

Մուժը նստած աչքերին, բայց վարդագույն այտերով
Օրորվո՜ւմ է գիշերը
Իր արծաթով  լուսավոր,
Ցո՛ւյց է տալիս անկողոսկր ադամորդուն
Վայելքներն իր զորավո՛ր…
Արթնանո՜ւմ են, պա՜ր են պարում
Կորած հույսի թևեր գտած քո մտքերը,  
Թե անմե՜ղ
Թե՜ մեղավոր…

* * *
… Ատո՛ւմ եմ ցերեկը - ուխտադրո՜ւժ, անիծվա՜ծ,
Կաշառակեր լույսի անփութությո՛ւնն անշարժ,
Երբ նրա աչքերում առույգ եմ թվում, բայց
Ինքս իմ մեջ լինում եմ մեռած…

Ցերեկո՛վ են աչքդ փակում
Երազանքիդ խոլ մտքերը բանական,
Հեքիաթները ցերեկո՛վ են ազատվում
Բառախաղից հավիտյան…
Ցերեկո՛վ է վերերկրյա կույսն ազատում քեզ քո գոյից,
Ցերեկո՛վ ես դու հեռանում
Արու կյանքի պարկեշտության սեղանից…

Տարածությունն ու ժամանակը
Կանգառներ են կատարում, երբ
Արևն իր մեծ ստինքերով
Հոգնած մարմինդ է կերակրում,
Երբ խոսքն արդեն ուժ-եռանդ  չի սերմանում՝               
Հպվում է խորաքանդակ շուրթերիդ դժկամ
Ու անհետանո՜ւմ   է                                     
Շիրմաքարերի վրա վազող մողեսի նման…

Ցերեկո՛վ է
դեպի հավերժական տուն գնացող ճանապարհին,
Մի սուտասան քահանա
Իր հոգևոր երգով խորթ,
ճանապարհում քեզ համար
Նախատեսված փոսի մոտ…

* * *
Գիշերվա մեջ ավելի ես ապրում՝
քան ինքդ քո մեջ…
Գիշերվա մեջ է
Խե՛նթ ջահելությունը,
Հեծկլտացող ճերմակության
Ծորո՜ւն շառագույնը…
Գիշերվա մեջ է
Մեռնող ջութակի հնչյունին սադրիչ՝
Տառապանքներիդ երգը սփոփիչ…
Գիշերվա մեջ է
Խեղաթյուր հոգու տխրության բույրը՝
Մի բարեպատեհ երջանիկ դիպված -
Գիշերվա զեփյուռի ձեռքերում փակված…

… Խոցո՛ւմ է գիշերվա հետքն անմարդկային,
Իմաստությունը դատապարտվում է մահվան,
Մղվո՜ւմ է հոգիդ պատժապարտ մարմնիդ ու
Պաշտամունք է դառնում գո՛յը գիշերվա…

Ս.Ումառ-Հարությունյան



понедельник, 16 февраля 2015 г.

Սպասում



Գիշերվա ճիչն ընկավ հատակին,
Հատակը ծածկվեց մթան շղարշով,
Միայնությունը գրկեց տագնապին,
Երբ դու հեռացար գիշերով:

Ինչ
որ մի բան բարձրացա՞վ թե՞ ընկավ,
Ժպիտը շնչեց անհանգիստ,
Արցունքից թրջված մի ձեռք բարձրացավ,
Դանդաղ մոտեցավ աչքերիս:

Ո՛չ քամի կար,
Ո՛չ ճիչ, ո՛չ լուսին,
Միայն սուտն էր լողում մթան մեջ,
Մի  կապույտ շրջազգեստ էր ընկած բազմոցին՝
Դաժա՜ն, անողո՜ք, սնամեջ:

Կարծես հրդեհվեց ատլասե վարագույրը՝
Այրվե՜ց,
վերջացավ աղոթքի նման,
Սենյակում մնաց օդային քո համբույրն ու…
Կավե մի դատարկ ծաղկաման:

Անքնությունը մի որբուկի պես,
Լիզում է աչքերս հոգնած,
Իրոք չեմ կարող մնալ առանց քեզ,          
Նեղացա՜ծ,
Հեռացա՜ծ իմ երազ…

Ապրել կամ քնել կլինի՞ առանց քեզ…
Սպասումը ցա՜վ է,
Տանջո՜ւմ է աչքերս,                                
Մի՛ սեթևետիր, արի վերջապես,
Փակի՛ր կոպերս…

Ս.Ումառ-Հարությունյան




Անկյուն...