воскресенье, 9 ноября 2014 г.

Զանգ…





- Այդ ո՞ւր, այսօր շաբաթ է:
- Ո՛չ մի տեղ, մա՛մ ջան, ուղղակի:
- Հայելին մաշվեց քո հայացքից, եթե տեղ չես գնում ի՞նչու ես շրթունքներդ ներկում և վերջապես հագնվիր, ի՞նչ վիճակ է:
- Մամ լա՜վ էլի, զգեստ եմ ընտրում, չեմ կարողանում որոշել:
- Երեսուն տարեկան ես, բայց դեռ քամիներ են գլխումդ, սպիտակը հագի՛ր, ի՞նչ կա մտածելու:
Լուռ նայեց մոր աչքերին, ժպտաց, ձեռքը բարի կախարդի նման սահեցրեց ուսերին իջնող մազերի վրայով, հետո շոյեց իրանը, ազդրերը, մեկ քայլ ետ գնաց, հայելու առաջ կոտրատվեց:
- Դեռ մի բան արժե՞մ, մամ ջան:
- Գեղեցիկ ես, բայց  ինչպես միշտ՝ գլուխդ դատարկ:
Ծիծաղեց:

«Մնաց տասնութ րոպե, կզանգի նոր մամային կասեմ, որ հրավիրված եմ, թող ժամանակից շուտ չիմանա, ճիշտ է պայմանավորվելու ենք երեկոյան հանդիպման համար, բայց ես լավ գիտեմ տղամարդկանց, նույնիսկ հեռախոսով խոսելիս պետք է լինես կոկիկ ու հարդարված…»

- Մամ գիտե՞ս ինչն եմ ափսոսում, գժվելու աստիճան:
Մայրը հարցական նայեց աղջկան, նայե՞ց, ո՜չ, տեսավ իրեն երիտասարդ ժամանակ,  թռի վռի մի աղջնակի տեսքով, անհո՜գ, սիրահարվա՜ծ, ամեն ինչ մոռացած հանուն…
- Ի՞նչ, մի խելոք բան ասա:
- Որ դու մազերը ֆեն անել այդպես էլ չսովորեցիր, հիմա ի՞նչ, առավոտ շուտ հարևան Լիլոյին կանչեմ, մի քիչ շո՞ւտ չի:
Նայեց ժամացույցին:
« Մնաց տասնչորս րոպե, չեմ հասցնի…»
- Զուգագուլպա մի՛ հագիր, ինչո՞ւ ես ձգում մարմինդ:
- Մա՞մ, ի՞նչ ես ասում:
- Առաջին հանդիպման ժամանակ ճիշտ չէ, նա քո երեսին է նայելու անընդհատ, քեզ է լսելու, երբեք թույլ չտաս նրանից առաջ ընկնել, որ ետևիցդ չնայի, հասկանո՞ւմ ես:
Իսկ այ, երկրորդ անգամ անպայման մարմինդ ձգած կգնաս, չնայած լավ մարմին ունես:
- Մա՞մ,  այդ դո՞ւ ես ասում, դո՞ւ, որ ամբողջ կյանքումդ ուսանողներին Չերնիշևսկի ես բացատրել, հիմա տղամարդկանցից ես խոսում, որտեղի՞ց այդքան գործնական խորհուրդներ: Մենք երեկոյան ենք հանդիպելու:
- Գիտե՜մ, մոտավորապես կռահեցի, հիմա սպասում ես նրա զանգին, անհանգստանում, գեղեցկանում, այդպես ենք մենք՝կանայք: Ե՞րբ է խոսք տվել զանգելու:
- Տասին, նա պարտաճանաչ է, գիտեմ, մնաց իննը րոպե, մա՛մ:
- Կզանգի՜, մի անհանգստացիր, տղամարդիկ արդեն երկու հազար տարի է չեն փոխվում, այդպիսին են նրանք, լավ, ես սուրճ պատրաստեմ, խմենք:
- Մա՞մ, չես հասկանո՞ւմ, մնացել է ութ րոպե ի՞սկ դու, սուրճ, ա՜յ քեզ բան:

Մայրը խոհանոցում էր, երբ լսեց կորցրած ձագին գրկին սեղմելու մի վայրի բղավոց:
- Մա՜մ…
Ձեռքի սրճեփը ընկավ սալահատակին:
Վազելով մտավ սենյակ ու վախեցած նայեց աղջկան:
- Մա՜մ, հեռախոսս չեմ գտնում, մնաց երեք րոպե:
- Դու իրո՞ք գժվել ես, հեռախոսդ պատշգամբում է, ես եմ դրել լիցքավորման, իսկ քո այդ Նա-ն անուն ունի՞ գոնե:
- Ունի՜, ունի, Արսե՛ն է անունը:
Բջջային հեռախոսը սեղմած կրծքին փլվեց բազկաթոռին:
Երկու զույգ կանացի հետաքրքրասեր ու անհամբեր աչքեր հետևում էին պատի ժամացույցի վայրկյանաչափին, որն անասելի դանդաղկոտությամբ մոտենում էր ցանկալի ժամանակին:
« Մնաց երկու րոպե…»
« Մնաց մեկ րոպե…»

Զա~նգ…
Երկու հայացք միանգամից ուղղվեցին այս դարի հրաշք ստեղծագործությանը՝ բջջային հեռախոսին:
- Հանգի’ստ, սպասի’ր, միանգամից չվերցնես, երրորդ զանգից հետո խոր շունչ քաշիր, կիսաքնատ ձայնով ցածր կասես ալլո~, թող չիմանա որ սպասում էիր, հասկացա՞ր, այ հիմա վերցրու:
Երախտագետ հայացքը մորից տեղափոխվեց հեռախոսին ու խորը շունչ քաշելով միացրեց կոճակը:
- Ալլո՜…
- Բարև Ձեզ, Մալաթիա-Սեբաստիա…փոքրիկը տառապում է լեյկոզով…Ձեր օգնությունը…ամսագիր ընդամենը 600 դրամով, կարող ենք հասցեն ասել..,

Հատակին ընկած ու կոտրված հեռախոսի միջից դուրս ընկավ Բի Լայնի սպիտակ հեռախոսաքարտը…

Ս.Ումառ

воскресенье, 2 ноября 2014 г.

Բարդին ու տղան (բանաստեղծություն)


 Աշո՜ւն էր…
աշնան օր՝ տգե՞ղ, թե՞ գեղեցիկ,
փողոցում մի բարդի էր մերկացած՝
կարծես անպարկեշտ ու լկտի…

Գեղեցիկ էր բարդին իր
երկար ստվերով,
խրո՛խտ էր, հպա՛րտ, սլացի՛կ,
ո՞ւմ էր փորձ անում գրավել իր տեսքով,
կամ էլ ստվերով պոետիկ…

… Մի տղա մոտեցավ,
հանեց վերարկուն,
խնամքով ծածկեց բունը մերկացած,
ձեռքերով գրկեց միայնակ բարդուն՝
կարծես ամեն ինչ մոռացած:

Ո՞ւմ էր հիշեցնում ծերացած բարդին,
դեպի ամպերը ճյուղերը մեկնած,
եվ ինչե՞ր անցան մտքով տղայի…
… Բարդին հաճույքից դողդողաց:

- Նա ծեր է արդեն, ապրել է իրենը,-
Աշունն էր վայրի բղավում,
- Ո՞ւմ է հարկավոր նրա մերկ մարմինը…
թերևս միայն աշնան խենթ քամուն: 

Գնա քո ճամփով, տղա՛,
հեռացի՛ր, ,
մեռնելը հեշտ է աշխարհում, 
սիրելն անկասկած դժվար,
…Աստվա՜ծ իմ, ի՞նչ ծանր հնչեցին,
բառերն ու մտքերը աշնան:

Իսկ տղան երևի խուլ էր ու համր,
կամ գուցե չուներ խոսքեր ասելու,
ավելի ամուր գրկեց դողահար
գեղեցիկ իրանը բարդու:

…Կյանքի ու մահվան սահմանագծին,
որպես իդեալի սիրո գերեզման,
այդպես էլ իրար գրկած մնացին
մերկացած բարդին ու տղան…

Ս.Ումառ


пятница, 31 октября 2014 г.

Սիրո ուրվականը



Անխնա թափված տերևներ, իսկ ո՞վ պետք է խնամքով դասավորեր փողոցում տերևներին, չգիտե՜մ…
Աշո՞ւնը,
բայց աշունը դեռ մանուկ է, ընդամենը մի քանի օրական,
անաղա՜րտ, անփո՜րձ ու … չորացած տերևների հետ միասին փողոցում ընկած են նաև դեռ կենդանի շնչող տերևներ…
Մե՜ղք է տրորել տերևները ու փորձում ես քայլել այնպես, որ ցավ չպատճառես դեռ կենդանության նշաններ ցույց տվող տերևներին…
Լույսը նոր է բացվում ու այսքան ոտնահետքե՞ր, հետաքրքիր է որտեղի՞ց այս ժամին:

* * *
- Տղա ջան աչքեր չունես, հասկացա՛, բա խի՞ղճ էլ չունես, ամբողջ միջանցքը ցեխոտ ոտնահետքեր են, ո՞ւր եք շտապում չեմ հասկանում, հիվանդ են էլի՜, իրենց համար պառկած առողջանում են:
- Մայրիկ ջան, կներես, 428-ի հիվանդը…
- Ոտքերդ մաքրիր այս շորի վրա, աջից երրորդը:
- Գիտե՜մ:

Մայրական տագնապալից սպասող աչքերը միանգամից խաղաղվեցին, ասես մի վիճակից անցումը մեկ այլ վիճակի կատարվեց ոչ երկրային արագությամբ:
- Եկա՞ր, բա աշխատանքի չե՞ս, առանց այդ էլ մի կարգին բան չեն տալիս, արդեն մեկ ամիս է գնում գալիս ես, բա որ հանկարծ դո՞ւրս անեն:
- Չէ՜, մամ ջան, ամեն ինչ կարգին է, հասկանում են դրությունը, դու ինչպե՞ս ես, անցնո՞ւմ է, ես ճարել եմ պահանջվող գումարը, այսօր կխոսեմ բժշկի հետ, դու միայն մի անհանգստացիր, լա՞վ:
- Ախր ինչպե՞ս եղավ, չեմ կարողանում հասկանալ, դու որ այդքան զուսպ էիր ինչպե՞ս կարողացար ձեռք բարձրացնել, ի՞սկ քեզ, դե այդ քննիչը…
- Բաց թողեցին, մամ ջան, քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, մնում է, որ այսօր Լիանան գնա բողոքը ետ վերցնի:
- Ախր ինչպե՞ս եղավ, չեմ կարողանում հասկանալ…

* * *
Ամեն անգամ տուն բարձրանալիս հաշվում էր աստիճանների քանակը ու միշտ զարմանում, որ վերջնական թիվը կենտ էր լինում, կարծես թե պետք է փոխվեր թիվը:
Զանգի կոճակը սեղմելիս էլ անպայման ժպտում, քանի որ համոզված էր, որ Լիանան նորից անտրամադիր պետք է բացեր դուռը, սառը հայացքով բարևեր ու շրջվելով հեռանար:
Ամեն անգամ ժպիտը մնում էր միջանցքում, շատ կարճ ժամանակահատվածում մենակ մնալուց, ինչ որ օրենքով ցնդո՜ւմ, վերանո՜ւմ:

Այդ օրը չգիտես ինչո՞ւ, աստիճանների քանակը հաշվելիս կանգնեց զույգ թվի վրա:
Բա՞ց էր թողել թե՞ սխալվել, չհասկացա՜վ:
Դուռը սովորականի նման բացեց Լիանան, ժպտալով:
- Այսօր մեզ մոտ տո՛ն է:
- Ի՞նչ տոն, մաման տա՞նն է:
- Ես ասում եմ տոն է, իսկ դու մամայիդ ես հարցնում, ոչ տանը չէ, մի քիչ լավ չէր զգում, բայց շատ հանգիստ գնաց երկրորդ հարևանի տուն, դե ավելի լավ, կմնանք երկուսով, գինի էլ կա:
- Լիան ինչե՞ր ես խոսում, - սենյակի սեղանը սովորականի նման չէր, համեմատած մնացած օրերին կարելի է համարել ճոխ:
- Քանի՞ անգամ եմ ասել, ծնողներիցդ փող չուզես, քանի՞ անգամ եմ խնդրել:
- Մե՛րն է, ի՞նչ ծնող, համ էլ իմ ծնողները քո մորից ինչո՞վ են պակաս, քեզ ինձ նման աղջիկ են տվել:
-  Լա՜վ, մի՛ սկսիր, որտեղի՞ց փող:
-  Օպերայից մարդ էր եկել, պապայիդ ջութակն էին հարցնում…
-  Օպերա չէ, այլ ֆիլհարմոնիկ, ջութակ չէ այլ թավջութակ, դա ի՞նչ կապ ունի:
-  Դե մամադ մի քիչ դեմ էր, բայց ես վաճառեցի, ո՞ւմ էր հարկավոր, պատկերացնո՞ւմ ես երեսուն հազար տվեցին:
- Դու ի՞նչ է ցնդե՞լ ես, դա հայրիկիս միակ հիշատակն էր, ի՞սկ գիտես դրա գինը…
- Հայրիկդ չկա, դու էլ նվագել չգիտես, այդ խլամն էլ պահարանի մեջ…
Ապտակն ուժգին չէր, բայց Լիանան ընկավ հատակին:
Վազելով աստիճաններով ներքև մորը գտավ հարևաններով շրջապատված:
Հարևանի տանից էլ շտապօգնության մեքենայով տարան:
Երբ վերադարձավ տուն, տանը Լիանայի ծնողներն էին ու թաղային միլիցիոները:

* * *
- Ժամերը հաշված են, ես հասկանում եմ, բայց ցավո՜ք, ընդամենը կարող եմ հիսուն տոկոս կանխավճարով, իմանալով ձեր պատմությունը, ի դեպ վերջացրի՞ք, հաշտվեցի՞ք ձեր կնոջ հետ:
- Այո, ամեն ինչ վերջացավ կարծես, բժիշկ ջան, ես գումարը ճարել եմ, վարկով, օգնեցին ընկերներս, տանն է գումարը:
- Հարկավոր է այսօր փոխանցումն անել, ես կտամ հաշվեհամարը, ժամը 18-ից հետո կնստի մեր հաշվին, մի մտածեք, պետք է որ լավ լինի:

* * *
Աստիճանների քանակը այս անգամ էլ զույգ ստացվեց:
« Ցրված եմ, ինչպես երբեք, ե՞րբ պետք է վերջանա այս քաոսը»
Դուռը բացեց Լիանայի ժպիտը:
Անսպասելի ընդառաջ եկավ ու գրկեց ամուսնուն:
- Գիտես, որ սիրում եմ, գիտե՞ս չէ, ինչո՞ւ այդպես ստացվեց, լավ մոռանանք, մայրիկցդ չեմ հարցնում, գիտեմ, որ  լավանում է:
- Դու խիղճ ունե՞ս, ոչ մի անգամ չայցելեցիր նրան:
- Ինքդ ես ասել, որ ես շատ գեղեցիկ եմ խիղճ ունենալու համար, մոռացե՞լ ես:

Հայացքը զգույշ, վախենալով պտտվում էր սենյակում ու կարծես թե որոնում ժպտալու պատճառները:
Հայացքն անկարող էր ու ոչինչ չգտավ:
- Սո՛ւրճ պատրաստիր, ուտել չեմ ցանկանում: Արագ գնանք դիմումդ ետ վերցնենք, դեռ գործեր ունեմ:
Սենյակում ինչ որ բան էր փոխվել, չէր կարողանում հասկանալ ինչ, ինչ որ տեղափոխությո՞ւն, թե ինչ որ թարմացում:
Կարծես ամեն ինչ նորմալանում է:
Ծխախոտը վառելիս աչքին ընկավ ցածր պահարանի վրա դրված իր ծնողների լուսանկարը, որը չգիտես ինչու մոր սենյակից տեղափոխվել էր ընդհանուր սենյակ:
Մի պահ շուրջը կարծես ամեն ինչ կանգ առավ:
Ծխախոտը բերանից ընկավ գորգի վրա:
- Լիանա՜, - բղավոցը նման էր ձագը կորցրած մի վայրի էգի մռնչոցի ու այդ ձայնից էլ տեղից վեր կենալու փորձը ավարտվեց անհաջողությամբ:
Չհասկացավ ինչպես ձեռքում հայտնվեց հաստ շրջանակով, ապակեպատ շրջանակը:
Ներս վազեց Լիանան, վախեցած:
- Ի՞նչ եղավ, սիրելիս, վա՞տ ես:
- Սա՞…- չկարողացավ շարունակել:
- Պատկերացնում ես հայրդ երևի իր խնայած փողերը պահել էր նկարի ետևում, ես եմ գտել, նայի՜ր:
Դուրս վազեց սենյակից ու մի քանի րոպե անց սենյակ մտավ վագրե մորթիով սիրո ուրվականը:
Սկսեց պտտվել սենյակում, երգելով:
- Լա՞վն է չէ, մուշտակ գնեցի, մեր հաշտության կապակցության առթիվ, գիտե՞ս ինչքան եմ քեզ սիրում:
 Նկարը օդում պտտվելով դեռ չէր հասել սիրո ուրվականին, երբ ակամա բղավեց.
 - Մայրս…- ու ընկավ:
  
* * *
- Բժիշկ, 428-ի հիվանդը…
- Գիտե՜մ, պատրաստեք վիրահատման, տղան խո՛սք է տվել, գումարը կլինի:
- Նրա մոտ մի կին էր եկել, եթե չեմ սխալվում, նրա հարսի մայրը:
- Ե՞վ…
- Վիրահատման կարիք չկա, նա արդեն մահացել է:

* * *
… Ոտնահետքերի մեջ պարզ երևում է մի փոքրիկ ոտնահետք, որը կարծես քայլել է տերևները չտրորելով, երեխայի կամ կնոջ ոտնահետք է…
Բայց ինչո՞ւ է տարօրինակ կանոնավոր շրջանագծի նման, ո՜չ, սա այլ ոտնահետք է, որին նայելիս զգում ես մեկ այլ վիճակ, միաժամանակ հաճելի ու կոկորդդ սեղմող…

…Սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել, հայացքդ դառնում է հեռավոր-երազկոտ ու առանց պատճառի երջանիկ, քայլվածքդ փոխվում է դառնալով զգույշ ու մոտավոր նմանվում կիսաթռիչքով քայլելուն, ականջներդ այրվում են ավելին լսելու ցանկությունից, աչքերդ չեն բարձրանում ոտնաթաթերի վրայից…քանի որ պարզ հասկանում ես, որ քեզ հետ շատ շուտով՝ընդամենը մի քանի քայլից հետո կհանդիպի նա՝ Սիրո ուրվականը, որը ոչ բիոքիմիական ոչ էլ ֆիզիկական վիճակ է այլ քո կյանքի գոյության Նպատակը, որտեղ ոչ մի մանրուք չպետք է անտեսվի…

Վերջաբան

Ես մա՜րդ եմ, Մա՜րդ…
Մա՜րդ, որի հայացքը սեղմված է ճաղերին:
Կարող եմ նույն կետին նայել երկա՜ր, շա՜տ երկար:
Կարող եմ նայելով կորցնել ժամանակի զգացողությունը,
կարող եմ նայելով տեսնել սեփական մորս առանց որդու ներկայության հողին հանձնելու պահը…
Կարող եմ հայացքով վազել արագ, դանդաղ ինչպես կամենամ ու նայելով տեսնել շուրջն ամենուր պտտվող մանրուքները, մոտենալ նրանց, առավել ճանաչելու համար:
Ես սիրո՜ւմ էի, ես սիրո՜ւմ եմ:
Ո՞ւմ,
իմ սիրո ուրվականի՞ն, թե դա միայն իմ երևակայության արդյունքն է:
Ես չգիտեմ իմ հարցի պատասխանը, բայց հաստատ գիտեմ, որ ունեմ բազմաթիվ հղկված կողեր ու  դեմքեր և այդ բոլորը ես եմ՝ Մարդ, որը գիտի սիրել:
Ո՞ւմ, կարևոր չէ…
Ես եմ՝ տխուր և ուրախ, բարի և կոպիտ, սառը և կրքոտ, համեստ ու անկեղծ…բայց
Մարդ, որը կորցրել է «Ո՞վ եմ ես վերջապես»  հարցի պատասխանը…

Ս.Ումառ




воскресенье, 26 октября 2014 г.

Հոգո՜ցս… բանաստեղծություն




Քեզ հիշելիս խոր հոգոցս
մի տարերք է ինձ թվում,
ու ջրախեղդ պատրանքներս
ինձ լքո՜ւմ են, հեռանում…

Մնում է լոկ հույսի մի շող
անդունդի մութ երախում,
ու այդ շողի շուրջը կարծես
այդ հոգոցն է  թափառում:

Բողոքում եմ, ո՞ւմ և ինչո՞ւ,
ո՞վ է ձայնս լսելու,
ու սեղան եմ նստում տխուր
հոգոցիս հետ հարբելու:

Իմ սեղանին կարծես մահն է՝
մշտապատրաստ թամադան,
ու զարկվում են  բաժակները
իմ, հոգոցի և մահվան:

Բողոքում եմ կյանքից դառը,
հոգոցիս լուռ  խոսքերով,
քմծիծաղ է տալիս մահը
կիսահարբած աչքերով:

Դեղին, կարմիր բաժակների
մաղձն եմ ըմպում կում առ կում,
աչքս ուղղված հույսի շողին -               
կյանքը դժոխք է թվում:

…Քեզ հիշելը  խոր հոգոց է՝
միտքս լքող պատրանքներ,
ինքս ինձնից նեղանում եմ՝
համբուրվում եմ մահվան հետ…

Ս.Ումառ



воскресенье, 19 октября 2014 г.

Ինձ ոչինչ պետք չէ ապրելու համար...

* * *
Ինձ ոչինչ պետք չէ ապրելու համար,
Միայն թե կողքս լինի՜
Գոնե ստվե՛րդ…
Ու ես ձեռքերով աղոթքի պատրաստ -
Գրկեմ կոնքե՜րդ…
Ինձ ոչինչ պետք չէ ապրելու համար,
Միայն ծնկներդ լինեն գե՛թ մի պահ,
Հոգնած մարմնիս վրա տատանվող
Գլխիս հանգրվան,
ուրի՞շ,
Որիշ ո՛չ մի բան…

Ապրելու համար
ներկայությունդ լինի իմ սրտում՝
Թեկուզ նեղացա՜ծ,
քաշված մի անկյուն ,
քեզանից թեկուզ մի փոքրիկ հյուլե՜,
որին սրտումս թաքուն գուրգուրեմ…
որի հետ խոսե՜մ,  
որին համոզե՜մ, որ
սիրելու համար դեռ պետք է ապրե՛լ, իսկ
ապրել առանց քեզ - դա նույնն է  ինչ որ
ապրել անանո՜ւն,
անհացե՛, անտո՛ւն…
ապրել մոմի պես մարմրող սրտով,
ապրել սպասելով՝
ասես մի դատա՜րկ, խավար աշխարհում
դու լույս ես փնտրում սպասման հայացքում,
ասես սպասումը հոգնե՛լ է կյանքից…
ասես սպասումը կոպերն իջեցրե՜լ
ու ամաչում է իր ծերությունից

… ապրելու համար ուզածս շա՜տ է,
Սիրելու համար չնչին մի բա՛ն է…


Ս.Ումառ