- Այդ ո՞ւր,
այսօր շաբաթ է:
- Ո՛չ մի
տեղ, մա՛մ ջան, ուղղակի:
- Հայելին
մաշվեց քո հայացքից, եթե տեղ չես գնում ի՞նչու ես շրթունքներդ ներկում և վերջապես
հագնվիր, ի՞նչ վիճակ է:
- Մամ լա՜վ
էլի, զգեստ եմ ընտրում, չեմ կարողանում որոշել:
- Երեսուն
տարեկան ես, բայց դեռ քամիներ են գլխումդ, սպիտակը հագի՛ր, ի՞նչ կա մտածելու:
Լուռ նայեց
մոր աչքերին, ժպտաց, ձեռքը բարի կախարդի նման սահեցրեց ուսերին իջնող մազերի
վրայով, հետո շոյեց իրանը, ազդրերը, մեկ քայլ ետ գնաց, հայելու առաջ կոտրատվեց:
- Դեռ մի
բան արժե՞մ, մամ ջան:
- Գեղեցիկ
ես, բայց ինչպես միշտ՝ գլուխդ դատարկ:
Ծիծաղեց:
«Մնաց
տասնութ րոպե, կզանգի նոր մամային կասեմ, որ հրավիրված եմ, թող ժամանակից շուտ
չիմանա, ճիշտ է պայմանավորվելու ենք երեկոյան հանդիպման համար, բայց ես լավ գիտեմ
տղամարդկանց, նույնիսկ հեռախոսով խոսելիս պետք է լինես կոկիկ ու հարդարված…»
- Մամ գիտե՞ս
ինչն եմ ափսոսում, գժվելու աստիճան:
Մայրը
հարցական նայեց աղջկան, նայե՞ց, ո՜չ, տեսավ իրեն երիտասարդ ժամանակ, թռի վռի մի աղջնակի տեսքով, անհո՜գ, սիրահարվա՜ծ,
ամեն ինչ մոռացած հանուն…
- Ի՞նչ, մի
խելոք բան ասա:
- Որ դու
մազերը ֆեն անել այդպես էլ չսովորեցիր, հիմա ի՞նչ, առավոտ շուտ հարևան Լիլոյին
կանչեմ, մի քիչ շո՞ւտ չի:
Նայեց
ժամացույցին:
« Մնաց
տասնչորս րոպե, չեմ հասցնի…»
-
Զուգագուլպա մի՛ հագիր, ինչո՞ւ ես ձգում մարմինդ:
- Մա՞մ, ի՞նչ
ես ասում:
- Առաջին
հանդիպման ժամանակ ճիշտ չէ, նա քո երեսին է նայելու անընդհատ, քեզ է լսելու, երբեք
թույլ չտաս նրանից առաջ ընկնել, որ ետևիցդ չնայի, հասկանո՞ւմ ես:
Իսկ այ,
երկրորդ անգամ անպայման մարմինդ ձգած կգնաս, չնայած լավ մարմին ունես:
- Մա՞մ, այդ դո՞ւ ես ասում, դո՞ւ, որ ամբողջ կյանքումդ
ուսանողներին Չերնիշևսկի ես բացատրել, հիմա տղամարդկանցից ես խոսում, որտեղի՞ց
այդքան գործնական խորհուրդներ: Մենք երեկոյան ենք հանդիպելու:
- Գիտե՜մ,
մոտավորապես կռահեցի, հիմա սպասում ես նրա զանգին, անհանգստանում, գեղեցկանում,
այդպես ենք մենք՝կանայք: Ե՞րբ է խոսք տվել զանգելու:
- Տասին, նա
պարտաճանաչ է, գիտեմ, մնաց իննը րոպե, մա՛մ:
- Կզանգի՜,
մի անհանգստացիր, տղամարդիկ արդեն երկու հազար տարի է չեն փոխվում, այդպիսին են
նրանք, լավ, ես սուրճ պատրաստեմ, խմենք:
- Մա՞մ, չես
հասկանո՞ւմ, մնացել է ութ րոպե ի՞սկ դու, սուրճ, ա՜յ քեզ բան:
Մայրը
խոհանոցում էր, երբ լսեց կորցրած ձագին գրկին սեղմելու մի վայրի բղավոց:
- Մա՜մ…
Ձեռքի
սրճեփը ընկավ սալահատակին:
Վազելով
մտավ սենյակ ու վախեցած նայեց աղջկան:
- Մա՜մ,
հեռախոսս չեմ գտնում, մնաց երեք րոպե:
- Դու իրո՞ք
գժվել ես, հեռախոսդ պատշգամբում է, ես եմ դրել լիցքավորման, իսկ քո այդ Նա-ն անուն
ունի՞ գոնե:
- Ունի՜,
ունի, Արսե՛ն է անունը:
Բջջային
հեռախոսը սեղմած կրծքին փլվեց բազկաթոռին:
Երկու զույգ
կանացի հետաքրքրասեր ու անհամբեր աչքեր հետևում էին պատի ժամացույցի վայրկյանաչափին,
որն անասելի դանդաղկոտությամբ մոտենում էր ցանկալի ժամանակին:
« Մնաց
երկու րոպե…»
« Մնաց մեկ
րոպե…»
Զա~նգ…
Երկու
հայացք միանգամից ուղղվեցին այս դարի հրաշք ստեղծագործությանը՝ բջջային հեռախոսին:
- Հանգի’ստ,
սպասի’ր, միանգամից չվերցնես, երրորդ զանգից հետո խոր շունչ քաշիր, կիսաքնատ
ձայնով ցածր կասես ալլո~, թող չիմանա որ սպասում էիր, հասկացա՞ր, այ հիմա վերցրու:
Երախտագետ
հայացքը մորից տեղափոխվեց հեռախոսին ու խորը շունչ քաշելով միացրեց կոճակը:
- Ալլո՜…
- Բարև Ձեզ,
Մալաթիա-Սեբաստիա…փոքրիկը տառապում է լեյկոզով…Ձեր օգնությունը…ամսագիր ընդամենը
600 դրամով, կարող ենք հասցեն ասել..,
Հատակին
ընկած ու կոտրված հեռախոսի միջից դուրս ընկավ Բի Լայնի սպիտակ հեռախոսաքարտը…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий