четверг, 2 октября 2014 г.

Առանց քեզ



Կյանքում գործած սխալների կեսից ավելին կայանում են նրանում, որ մենք սկսում ենք զգալ այն պահին, երբ պետք է մտածել և մտածում ենք այն պահերին երբ պետք է զգալ:

Արևը նորածին է ու թափանցիկ:
Թարմ, առավոտյան օդը դեռ չի տաքացել ու հաճելի սողոսկում է թոքերդ, իսկ արևը փռել է իր դեղնավուն, հասկագույն վարսերը քո վրա ու շոյում է այնքան նուրբ ու զգուշերեն ինչպես մի մի փոքրիկ աղջնակ է շոյում իր ամենասիրած տիկնիկի գլուխը:
Արևը՝այդ հսկա հրաշքը, որին շատ հաճախ անվանում են փոքրիկ, կարող է քո հետ զրուցել ժամերով, հակառակել քեզ, համաձայնվել, համոզել, ժպտալ չարաճճի փոքրիկ տղայի նման, որը պատրաստվում է մի անսպասելի քայլ կատարել, բայց մնում է բարի ու պահանջկոտ՝ ստիպելով հենց իր ցանկացած պահին վեր կենալ անկողնուց: Դա նրան համարյա միշտ հաջողվում է:
Օրվա հենց այդ պահին է գլխովդ անցնում այն վայրկյանները, երբ քեզ եղել է հաճելի, երբ արածներդ թվացել են անմեղ արկածներ, երբ ցավ ես զգացել ու տխրել, որ չես կարող պատասխանել նույն կերպ…

Դու սիրում ես խոհանոցի նախնադարյան բազմոցին նստել ծալապատիկ, ճոճվել ու նայել թե ինչպես եմ սուրճ պատրաստում:
- Սիրում եմ, երբ տղամարդն է սուրճ մատուցում, չմոռանամ ասել, որ միայն քո մտքով կանցներ խոհանոցում դնել ճոճվող բազկաթոռ, մտքովս չէր անցնի:
Քո չարաճճի աչքերը հետաքրքրությամբ ուղեկցում են շաքարավազով լցված գդալի ճանապարհը մինչև սրճեփի շուրթը:
- Ինչո՞ւ հողաթափեր չես հագնում, տանը գուլպաներով ես ման գալիս, սալահատակը սառն է:
Քո աչքերը լցվում են մի այլ արտահայտությամբ, երբ ես սուրճի բաժակից սալահատակին կաթած սուրճի կաթիլը ոտքով եմ մաքրում:
Դու սիրում ես կծկվել կծիկի նման, մեջքով շուռ գալ դեպի ինձ ու այդպես քնել:
Այդ պահերին ես երկար չեմ կարողանում քնել ու կարծես թե պահպանում եմ քո քունը չգիտեմ ումից, չգիտեմ ինչից…
- Ինչպե՞ս ես կարողանում այդքան քիչ քնել և միաժամանակ արթնանալ այդքան առույգ:
Ուղղակի ես գիտեի, որ դա երկար չի տևի, երջանկությունը կարճ է լինում ու վախենում էի միշտ բաց թողնել այն պահը եր արթնանում ես, կատվի ձագուկի նման ձգվում գրկումս, բանտարկում հայացքս շուրթերիդ մեջ ու կրծքիս շշնջում.
- Ի՞նչ…:
Ես զգում էի, որ դա երկար չի տևի ու փորձում էի բավարարվել այն քչով, որն ինձ տրված էր քո կողմից:
Փորձում էի օգնել քեզ, հատուկ շեշտելով այն պահը, երբ բարկանում էիր անհասկանալի բաներից, փորձում էի քո հեռանալն ինձնից, դարձնել ավելի հիմնավորված:
Միակ բանը, որին ես պատրաստ չէի, դա այն դատարկությունն էր, որն առաջանալու էր քո հեռանալուց հետո:
Դրան ես պատրաստ չէի, չնայած սպասում էի:

… արևն իր դեղնավուն վարսերը փռած քո վրա ու շոյում է այնքան նուրբ ու .…
Դու՝ մեկնած ձեռքերով վազում ես վայրի կակաչների միջով դեպի ինձ:
Շուրջն ամեն ինչ կապույտ է, բացի կարմիր կակաչներից:
Մազերդ քամու ամբարոյական ձեռքերի մեջ ձգվել են զուգահեռ երկրին ու ես գիտեմ, որ չես հասնի ինձ…
- Մի՞թե սա կյանք է, այստեղ ապրել չի լինի, հեռու իմ ճանապարհից, ես քսանհինգ տարի չեմ սպասել, որ ապրեմ սովորական կյանքով, առջևում տարիներս են, որ կանցնեն առանց քեզ… առանց քեզ… առանց քեզ…
Իսկական տղամարդը ընդամենը երկու անգամ պետք է ցավեցնի կնոջը, առաջինը երբ զրկում է կուսությունից, երկրորդը երբ նրա համար երեխա ես ծնում, իսկ դու անընդհատ ինձ ցավեցնում ես քո կենցաղով, քո հագուստով, քո աշխատավարձով, քո պարտքեր մասին հիշելով…
Բացեցի աչքերս ու ձեռքս մեկնեցի ծխախոտի տուփին:
Գիտեմ, որ հիմա մոտ մեկ ժամվա ընթացքում կծխեմ տուփում մնացած սիգարետներն ու…մի նոր օր էլ կանցնի առանց քեզ…առանց քեզ… առանց քեզ…

* * *
« Տեսնես ո՞վ է հնարել հայելին, հաստատ կին կլինի հնարողը:
Ո՞ր մի տղամարդու մտքով կանցնի այսպես կիսամերկ կանգնել ու նայել ինքն իրեն:
Ի՞նչ հաճույք կստանան:
Այսպիսի կոնքեր, սրունքներ, մազեր, պարանոց, աչքեր, այսպիսի նազանք:
Իսկ արդյոք ճի՞շտ է արտացոլում հայելին, ո՞վ կարող է դրան պատասխանել:»
Ձեռքերը սկսեցին շոյել մարմինը:
- Լիլիթ հայելին արդեն մաշվեց, բավակա'ն է, հագնվի'ր: Հիմա հայրդ էլ կարթնանա:
- Մա'մ, մտքովս մի բան անցավ, տեսնես ո՞ւմ է բաժին հասնելու իմ այս գեղեցկությունը:
Լիլիթի ձեռքը շոյում էր սեփական մարմինը:
- Թող Աստված նրան ուժ, առողջություն ու համբերություն տա, բավական է,- մայրն անցավ կողքից ու գնաց խոհանոց:
- Ինչո՞ւ ես բարկանում, մա'մ, այ կտեսնես, որ լավ մարդ է, ինչ անենք, որ մի քիչ տարիքով է:
Դա ինձ համար բացարձակ միևնույն է:
- Մի քի՞չ, երկու անգամ, եթե ոչ ավել:
- Մամ դու լավ հաշվել չգիտե՞ս, ես քսանհինգ եմ, նա՝ քառասուներկու:
- Դու Ռուբենի հետ ճիշտ չվարվեցիր, նա քեզ սիրում էր:
- Ի՞նչ է, ամբողջ կյանքս պետք է անցկացնեմ կոպեկներ հաշվելով, ես ուզում եմ ունենալ իմ վարսահարդարը, մատնահարդարը, իմ մեքենան, ես ուզում եմ վայելել կյանքը, մա՛մ, դու պատկերացնո՞ւմ ես Մարսել քաղաքը, ծովափ, անհոգ կյանք, կրթված դաստիարակչուհի ու քո թոռնիկը ֆրանսերեն խոսող: Իսկ քո Ռուբենն ի՞նչ կտար ինձ, տատիկի ճոճվող բազկաթոռ ու…նույնիսկ դռան զանգի կոճակից նախնադարի հոտ է գալիս:
- Ապուշ – ապուշ դուրս ես տալիս,- ննջարանից դուրս եկավ հայրը: Դու չես պատկերացնում ինչ ասել է արտասահմանում ապրել, ծնողներից հեռու:
- Պա՛պ, մի՞թե այս տրամադրությամբ պետք է ընդունենք Անդրանիկին, նա շատ զգայուն է, կնեղանա, ուրիշ բան կմտածի: Իսկ ձեր Ռուբեն կոչվածը, որ այդքան սիրում էր ինձ, արդեն մեկ ամիս է ո՛չ զանգում է, ո՛չ էլ…
- Նա զանգում էր, ինձ հետ խոսում, հետո, երբ իմացավ որ դու կապվել ես այդ,- մայրը հարմար բառ չգտավ ասելու:
- Ինչքան ինձ ցավ պատճառեց, հասկանո՞ւմ ես, մամ, երբ իմացա, որ մանր առևտրով է զբաղվում, ծխում է ժանագին ծխախոտ, հարսանիքի էլ փող չուներ, իսկ իմ պահանջները, դուք հին մարդիկ եք, հին մտածողությամբ: Ձեզ հետ անկեղծ խոսել չի լինում:
- Փակի՛ր բերանդ, - հայրը բարկացած էր նայում,- դու կորցրեցիր մի մարդու, որը քեզ նվիրված էր:
- Ես գտել եմ մեկին, որն իմ կյանքը կապահովի, բարեկեցիկ կյանքը:

Անդրանիկը հաստամարմին ու բարձրահասակ տղամարդ էր, ճաղատ գլխով:
Ձեռքին մեկ հատ կարմիր վարդ էր, որ անմիջապես մեկնեց տանտիրուհուն՝ Շողիկին:
Հայրն ընդունեց նրան զուսպ ու պաշտոնական:
Ճաշն անցավ լուռ, լարված մթնոլորտում:
Երբ տիկին Շողիկը սուրճի մատուցարանը ձեռքին մտավ ներս՝ Անդրանիկը խոսում էր:
- Մարսել կապրիմ…կարգված եմ եղել երկու անգամ, …ունեմ երկու  բենզոլցակայաններր, …մեկ անասնապահական ֆերմա՝ քաղաքեն դուրս, երկու սպասավոր…
- Լսո՞ւմ ես պապ ջան, որ ասո՞ւմ էի,- Լիլիթն իր տարերքի մեջ էր:
Անդրանիկը շարունակում էր.
…- մեկնելու ենք հինգ օրեն, սակայն փոքր մը հարց ունիմ, կցանկանայի ճշտել Լիլիթի ծնողներուն հետ:
Հայրը լուռ լսում էր:
- Խնդրեմ, Անդրանիկ ջան, իհարկե պետք է մեր միջև չլուծված հարցեր չլինեն, ես և ամուսինս կողմ ենք անկեղծությանը, - տիկին Շողիկը արտաքուստ էր հանգիստ, ինչը զարմացնում էր ամուսնուն:
- Ես գիտեմ, որ դուք ապրում եք մեղմ ասած ոտքերի վերմակի չափով, ես Լիլիթեն օժիտ չեմ ուզեր, դա էական չէ, բայց… 
- Ազատ խոսիր Անդրանիկ ջան, մենք բարեկամի կարգավիճակում ենք, այնպե՞ս չէ, - Լիլիթի մայրը նարիջ դրեց նրա ափսեի մեջ:
- Ճանապարհի գումարի Լիլիթի չափը պետք է նրա ծնողները վճարեն, այդպես հարգի է, մեզ մոտ ընդունված:
- Դե իհարկե Անդրանիկ ջան, մենք հասկանում ենք, - մայրը նայեց Լիլիթին:
- Սպասիր, Շողիկ, մի շտապիր: Անդրանիկ ի՞նչ գումարի մասին է խոսքը և եթե մենք ի վիճակի չլինենք դա ի՞նչ կնշանակի:
- Հինգ հազար երեսուն ևրո, եթե ի վիճակի չե՞ք, հոգ չէ, ես մենակ կգնամ, թող Լիլիթը ամիս մը հետո աճապարե, իմ աչքի վրա տեղ ունի…
«…Իսկական տղամարդը ընդամենը երկու անգամ պետք է ցավեցնի կնոջը…»

* * *
Ինչ որ բան էր կանգնել կոկորդում, սեղմում էր ու չէր թողնում շնչել:
Փորձեց վեր կենալ, բայց չստացվեց:
Գլուխն անտանելի պտտվեց:
Ձեռքով սկսեց հարվածել պատին, հարևանի պատին:
Լսվեց դռան զանգը:
Ի՞նչպես մոտենալ – չէր մտածել:
Լսվեց հարևանի ձայնը:
- Ռուբեն ի՞նչ է եղել, Աստղիկը տանը չէ, խանութ է իջել, բանալուդ տեղը չգիտեմ, Ռուբե՛ն…
- Հրա՛նտ, - բղավեց, չճանաչելով սեփական ձայնը, - խոհանոցի սեղանի դարակում..- ու կորցրեց գիտակցությունը:

… Աչքերը բացեց, Հրանտն էր, Աստղիկը և սպիտակ խալաթով մի կին:
- Այ տղա, վախեցրիր, ի՞նչ է եղել, հիմա ինչպե՞ս ես:
- Հիմա սրտխառնոց չունեմ, բայց գլուխս, գլուխս պտտվում է: Աստղիկ ջան, սառնարանում մածուն կա, մի հատ թան, խնդրում եմ:
- Մի րոպե, ճնշումը չափեմ նոր, մի՞գուցե ցածր է, - բժշկուհին բռնեց Ռուբենի ձեռքը:
- Ռուբեն ջան, մենակ դժվար է, որ անընդհատ ասում ենք ամուսնացիր, քեզ համար ենք ասում, մենք ի՞նչ, հարևան ենք, բա որ տանը չլինեինք:
 Բժշկուհին ուշադիր նայում էր ճնշումը չափող գործիքի սլաքի շարժմանը:
- Լիլիթն ի՞նչ եղավ, լավ էլ աղջիկ էր, այդ ի՞նչ արեցիր, որ քեզնից հեռացավ, ախ Ռուբեն, Ռուբեն:
- Լիլիթը մեկնել է արտասահման, երևի, չգիտեմ:
- Ճնշումը ցածր է, մի՞գուցե սրսկեմ, կամ էլ պետք է տեղափոխենք հիվանդանոց:
- Չէ, հիվանդանոց պետք չէ, սրսկիր կդիմանա՛մ:
Բժշկուհին ծիծաղեց:
- Բոլոր տղամարդիկ վախկոտներ են, դուք էլ բացառություն չեք: Թևքը բարձրացրեք:
- Բժշկուհի ջան, ի՞սկ դուք, -Հրանտը հարցրեց, հայացքն ուղղելով Ռուբենին:
- Ես ի՞նչ:
- Ամուսնացա՞ծ եք, ձեր ամուսինն էլ է վախենո՞ւմ:
- Ոչ փառք Աստծո, ամուսնացած չեմ, դա ի՞նչ կապ ունի:
- Մեր Ռուբենը…,- չհասցրեց ավարտել խոսքը:
- Չեմ կասկածում, մի կես ժամից ամեն ինչ լավ կլինի, երևի ներվային սթրեսս է եղել, պատահում է:
Ռուբենը բռնեց բժշկուհու ձեռքը:
- Շնորհակալություն:
Ետ չքաշեց, ուշադիր նայում էր Ռուբենին:
- Կարծես հոտառությունս կորել է, հոտ չեմ զգում: Մոտեցիր խնդրում եմ:
Բժշկուհին զարմացած նայեց հարևան ամուսինների կողմն ու գլուխը մոտեցրեց Ռուբենին:
Ռուբենի երեսին կախվեցին նրա մազերը:
«Յասամանի հոտ է, իսկ մի քանի ժամ առաջ զգում էի անտանելի վատ հոտեր, սա ինչ նոր հիվանդությո՞ւն է:»
Բժշկուհին ետ քաշվեց ու ձեռքն էլ ազատեց նրա մատներից:
Հրանտն աչքով Աստղիկին ցույց տվեց դուռը:
Հասկացան իրար:
- Նորից կգա՞ս, երբ վատանամ:
- Ոչ, կգամ երբ լավանաս, ես ի՞նչ է միշտ պետք է կարեկցող լինեմ, ըստ իմ աշխատանքի, իսկ ինձ ո՞վ պետք է…կատակում եմ, Ռուբեն: Բայց աշխատանքից հետո տուն գնալիս կանցնեմ, ինձ թվում է ոտքի կլինես:
- Սպասե՞մ:
- Լավ հարևաններ ունես, Ռուբեն:

« Ինչ նման էր Լիլիթին, մի՞թե այդպես լինում է, թե արդեն իմ աչքին է երևում: Իսկ բույրն ուրիշ էր, մի տեսակ ձգող ու կանչող, մի՞թե այդպես լինում է, այդ բույրը միշտ զգում էի Լիլիթի մազերից, երբ քնած էր լինում: Երբ ժպտում էր ուրիշ բույր էր, երբ սուրճ էր խմում՝ ուրիշ, երբ ամուր փաթաթվում էր, լրիվ ուրիշ բույր…
Ի՞նչ եմ անընդհատ Լիլիթ, հա Լիլիթ…Վերջացավ հեքիաթն ու այդպես պետք է լիներ, ի՞նչ արած, ամեն մեկն ունի իր սեփական ճանապարհը, ի՞սկ ես…»

- Ի՞նչ ես անընդհատ բժշկուհի, բժշկուհի, ես ի միջի այլոց ունեմ իմ սեփական անունը, որը շատ եմ սիրում, Եվա, - տեղավորվելով խոհանոցի ճոճվող աթոռին առանց հայացքը փախցնելու ժպտաց:
- Եվա…այո գեղեցիկ է, չեմ վիճի: Հիմա սուրճ կպատրաստեմ: Եվա:
- Մի՞գուցե ես, - փորձեց տեղից բարձրանալ:
- Չէ, նստիր, ես սիրում եմ նայել ճոճվող…քեզ ծանո՞թ է վարդի բույրը:
- Իհարկե, ի՞նչ տարօրինակ հարց, վարդ ես ուզում նվիրե՞լ: Հաճելի հոտ ունի:
- Ոչ, տանից դուրս չեմ եկել: Ի՞սկ մեխակի հոտը: Դուր գալի՞ս է:
- Այո:
- Շուշանի՞, թրաշուշանի՞:
- Այո, շատ:
- Յասամանի՞, դուր գալի՞ս է:
- Այո, ի՞նչ հարցեր ես տալիս, չեմ հասկանում:
- Մի վերջին հարց, ինչո՞ւ երբ բոլոր ծաղիկները լինում են մեկտեղ, դե ասենք պսակի մեջ, ապա հոտը դառնում է անտանելի ու կարծես մահվան տհաճ հոտ:
Եվան տեղից վեր կացավ ու մոտեցավ Ռուբենին:
- Շնչիր, ինչպես ցերեկը շնչեցիր, - մազերի փունջը բռնած մոտեցրեց Ռուբենի քթին:
Ռուբենը գրկեց:
Համբույրը տևեց այնքան երկար, որ Ռուբենի համար յասամանի բույրը դառավ ծխաբույր ու տարածվեց խոհանոցավ մեկ:
- Սուրճը թափվեց, բայց այս բույրը չի մոռացվի չէ՞ - մեղավոր հայացքով նայեց Ռուբենին:
Ռուբենը նրան վերցրեց ձեռքեր վրա:
Եվան ամուր փաթաթվեց նրա պարանոցին ու ծիծաղում էր:
- Թող, կգցես, հիմարություն մի արա:
Հազարավոր համբույրներ լցվեցին Եվայի մազերի մեջ:
Մազերը փաթաթվեցին Ռուբենի երեսով մեկ, իսկ ականջներում ծիծաղ էր, բարձր, հաճելի, այնքան վարակիչ, որ Ռուբենը վախեցավ ձեռքից ցած գցել:
- Ռուբեն, հարևաններդ կլսեն, ամո՛թ է, բա՛ց թող:
- Թո՛ղ լսեն, թո՛ղ լսեն:
- Ռուբ, խնդրում եմ, թո՛ղ,  գազօջախը մաքրեմ, խնդրում եմ լսիր, խոստանում եմ:

Գազօջախը դժվար տեղի տվեց:
Լոգասենյակից գալիս էր թափվող ջրի հաճելի ձայնը, որը խառնվեց հեռախոսի զանգին:
Վերցնե՞լ, չվերցնե՞լ:
Հեռախոսը որոշել էր համառորեն ստիպել, որ անպայման միանան իրեն:
Մոտեցավ լոգասենյակին:
- Ռուբ, լա՞վ ես:
- Այո՛, շա՛տ:
- Հեռախոսն է, բաց արա դուռը տամ քեզ, միգուցե կարևոր,  շտապ զանգ է:
- Քեզնից կարևոր, ոչինչ չկա՛, ինքդ պատասխանիր, ինձ միայն մայրս է զանգում:
Դողացող, նուրբ ձեռքը սեղմեց միացման կոճակը:
- Ալլո՞:
- Ո՞վ է:
- Ո՞ւմ եք ուզում:
- Ռուբենին: Սխա՞լ եմ զանգել:
- Ո՞վ է, չլսեցի:
- Լիլիթն է, ընկերուհին:
- Ռուբենը դուրս է եկել, տանը չէ, - ձայնը դողաց ձեռքերի նման:
- Ո՞ւր է դուրս եկել, ինչքա՞ն ժամանակով: Դո՞ւք ով եք:
- Դուրս է եկել հանրապետությունից, անորոշ ժամանակով, ես կի՛նն եմ…

* * *
Կյանքում գործած սխալների կեսից ավելին կայանում են նրանում, որ մենք սկսում ենք զգալ այն պահին, երբ պետք է մտածել և մտածում ենք այն պահերին երբ պետք է զգալ:


Ս.Ումառ








воскресенье, 21 сентября 2014 г.

ԳԼՈւԽ 2 Չուղարկված, բայց ստացված նամակ… (Մի կնոջ օրագրից, որը վաղուց չկա, բայց միշտ ներկա է)

ԳԼՈւԽ 2

Չուղարկված, բայց ստացված նամակ…
(Մի կնոջ օրագրից, որը վաղուց չկա, բայց միշտ ներկա է)

« Արցունքնե՞ր…
Դա խիստ անձնական է
Խիստ ներքին զգացողության համար ու պետք չէ, որ դուրս գան աչքերիցդ արտաքին աշխարհ…
…պետք չէ, որ կաթեն շրջազգեստի կամ տաբատի վրա,
վերնաշապիկի գրպանին կամ կրծքերի վրա,
բայց դա բնության քմահաճույքն է ու ոչի՜նչ,
ոչի՜նչ անել հնարավոր չէ անել:
Կա մեկ տարբերակ՝
սովորել խոսել արցունքների միջից,
բայց դա շատ վտանգավոր է,
քանի որ այդ ժամանակ կխոսի ոչ թե լեզուդ այլ՝ հոգիդ,
իսկ հոգու խոսքը դա մի սուր, թունավոր ծայրով նետ է՝
ուղղված սրտին, կարո՞ղ ես խուսափել…
Պետք չէ խուսափել,
միևնույն է, չի՜ ստացվի,
թո՛ղ,
թող մտնի սիրտդ,
սկզբից ոչինչ չես զգա,
քանի որ այն կունենա մի այնպիսի արագություն
ինչպիսին որ ունի  համապատասխան
ատամների ձևը ունեցող բանալին, փականին …
իսկ այ հետո՞…
հետո արդեն կխոսի սիրտդ արցունքների միջից…»

«  Ես գտել եմ քեզ լսելու,
Չպատասխանելու,
Հասկանալու ձևը…
Գտել եմ լուռ տանելու քո բոլոր անիմաստ բացատրություններն ու
շաբաթներով բացակայություններդ…
Ամեն առավոտ միայնակ սուրճ խմելիս,
գլուխս կախում եմ սուրճի բաժակի վրա ու
արցունքներս իմանալով իմ ցավն ու վիրավորանքը,
իրենք իրենց գլորվում ու կաթում են բաժակիս մեջ:
Սուրճս դառը չէ,
Սուրճս քաղցր չէ,
Սուրճս աղի է ու կարծես թե բուժիչ,
քանի որ բժիշկների կողմից տրված ինձ ապրելու ժամանակը
վաղո՜ւց սպառվել է, իսկ ես դեռ ապրո՜ւմ եմ,
Ապրո՜ւմ… »


« Մի՞թե սա ապրել է…
Առանց քե՛զ,
Առանց քո, ի՛նձ նայող աչքերի,
Առանց քո, ամենակարո՛ղ ձեռքերի,
Առանց քո վատ սովորությունների…
Մինչև հիմա դեռ պատուհաններս ապակիների վրա
կարողանում եմ ամեն գիշեր կարդալ քո մատների հետքը՝
՛՛ Դու հիվանդ ես,
քեզ հանգիստ է պետք,
ես կխանգարեմ իմ ներկայությամբ…՛՛
Ամեն ինչ կարելի է հասկանալ, նույնիսկ ՎԱԽԸ կարելի է հասկանալ,
պարզվում է, որ կարելի է ուղղակի վախով պատսպարվել ու
դիմակայել, այնքան մինչև հնարավություն ունենաս
ետ  քաշվելու ու մի կերպ փակելու քեզ միշտ գրկաբաց ընդունող դռները,
առանց հասկանալու,
որ փակվող դռների ձայնը հիվանդի մահն է…»

« Ես դիտմամբ էի բաց թողել համակարգչիս վրա այն էջը,
որտեղ պարզ բացատրվում էր քաղցկեղի Ոչ վարակիչ լինելը, իսկ դու…
Քո շուրթերը վախենում էին հպվել իմ շուրթերին,
Նույնիսկ մատներդ էին վախենում դիպչել համակարգչիս ստեղներին:
Դա տանելի էր,
դա ոչինչ էր իմ ցավերի նկատմամբ, ես Սիրո՜ւմ էի քեզ…
Բայց երբ աչքերդ վախեցան վարակվել՝
նայելով աչքերիս մեջ, ես այդ ցավին արդեն անկարող էի դիմանալ,
ես այդ ցավի անունը դրեցի ՊԱՅԾԱՌ ԹԱԽԻԾ:
Հիմա ես խեղում եմ իմ պայծառ թախիծը աղի սուրճի մեջ,
ու պատկերացնո՞ւմ ես, օգնո՜ւմ է….
Օգնո՜ւմ: »

« Գիտեմ, որ շուտով չեմ լինի…
Քո ինձ լքելուց հետո ես տանջվել եմ ընդամենը երեք օր, երեք գիշեր…
Իսկ մնացած օրերը, կհարցնես դու…
Մնացած բոլոր օրերին ես տեսել եմ քեզ,
Քո շարժումները
Քո խոսելու ձևը
Քո բարկանալը
Քո հոգատար մոտեցումները
Քո ձեռքերի շարժումներով բացատրելը,
Քո այնքան խնամքով թաքցրած տխրությունը,
Քո աչքերի այն ցավը, որն ամեն անգամ հրաժեշտ էր տալիս ինձ…
Ես այն տեսել եմ -
Քեզնից թաքուն ինձ ամեն օր այցելող դստերդ մեջ…

« Ների՜ր սիրելիս,
Ես ոչ ոք չունեմ աշխարհում, ստիպված նամակս կթողնեմ աղջկադ,
թող նա էլ որոշի կարդա՞ս, թե ոչ:

Եթե կարդաս իմ տողերը…
հիշիր, որ կա ցավը ամեն կերպ տանելու տարբերակ՝
սովորել խոսել արցունքների միջից և խմել արցունքներով լուծված առավոտյան սուրճիդ բաժակը…

Անի »

Ս.Ումառ

пятница, 19 сентября 2014 г.

Ասում են, որ…



Ասում են, որ
Աստվածամոր հայացքն է բարի…

Տեսել եք արդյո՞ք,
Ի՞նչպես է նայում
Սևազգեստ այրին
Հավերժ կորցրած որդու նկարին …

Ի՞նչպես է ծաղկում քարը ու հողը
Նրա հայացքում,
Ի՞նչպես է հողմը լռում շուրթերում,
Ի՞նչպես է կարոտը արագ ծերանում,
Արագ սպիտակում
Նրա մազերում…

Հոգնած չէ հայացքը,
Ու աչք չի փակվում,
Կարծես թե կյանքը՝ կադր է մի կանգնած,
Այն չընկած արցունքի կաթիլի նման,
Որ լռվել, մնացել է աչքի անկյունում:
Ու չի շարժվում օրը…
Չի էլ չորանում բաժակի
վրա դրված
հացի կտորը…

Ասում են, որ
Աստվածամոր հայացքն է բարի՝
Սեփական կրծքին սեղմած Մանկանը,
որի ճակատագիրը վաղուց էր հայտնի…
Բարի կլինի՜…

… Ձեռքե՛րն է սեղմում չորացած կրծքին,
Որդուն կորցրած սևազգեստ այրին,
Աչքերում լի՜ճ ՝է,
Ականջներում՝ ճի՛չ
Այն տարբեր հոտով փունջ ծաղիկների,
Որ հույսով ծաղկել, փայփայվել էին
Լինելու նվեր՝
Ծննդյան օրվա,
Հարսանիքների,
Ատամնահատկի ու կնունքների…

Հիմա դավաճան կյանքի ձեռքերով
Լուռ ու հավասա՜ր,
Առանց ամոթի
Մեկնվել են զույգ՝
Ամուսնու,
Որդու
Շիրմաթմբերին:

Հայացք կմնա՞,
որ լինի բարի:
Ամենուայնիվ…

Բարին հայացքն է
Որդեկորույս մո՛ր,
Այլ ոչ Տիրամոր,
Որը չի կարող հանգիստն իր գտնել
Որդու…
…ամուսնու գերեզմանի մոտ…

Բարին հայացքն է
Որդեկորույս մո՛ր,
Որը նայում է աչքերով մոլոր…
Որդու, ամուսնու հողաթմբերի
հատման այն գծին,
Որտեղ կպառկի իր անհանգիստ հոգին -
Տա՜սը,
Հարյո՜ւր ու
Միլիո՜ն տարի…

Ս.Ումառ






четверг, 18 сентября 2014 г.

Քո աչքերը…



Կյանքը, սարդոստայնի նման  հյուսված է մտքերից:
Ուղղակի հարկավոր է պայքարել որոշ մտքերի դեմ, քանի որ այդպես են ցանկանում Աստվածները:

Երջանկությունը թիթեռնիկի նման կամակոր է ու անկանխատեսելի:
Երբ ցանկանում ես բռնել նրան՝ չի ստացվում, երբ չես սպասում նրան՝ նա ինքն է իր նուրբ ոտքերով իջնում քո ափին:
Բավական է ափերով զգույշ փակել ու…
Այն օրը, երբ հանդիպեցի քեզ, կյանքս թիթեռնիկի նման գեղեցկացավ ու թպրտաց սրտումս:
Մտար իմ կյանք…
Ինչ եղել էր մինչև քո հայտնվելը դարձավ անորակ մի հիշողություն, որտեղ չկայիր դու…
Ինձ թվում էր, որ վերջապես ինձ ալցելեց կյանքն իր գեղեցիկ թևերով և դա վերջ չի ունենա:
Քեզ իմ սրտի շատ բարակ ու նուրբ թելով կապեցի, որ հանկարծ չվնասեմ ու միշտ մնաս սրտումս…բայց դու միևնույն է հեռացար, կտրելով այդ թելը…
Ես հավատում էի քեզ…
Սպասում էի…
Տխրում էի…

Առանց քեզ անցան օրեր, շաբաթներ ամիսներ, տարիներ ու երկնքի աստղերն առաջվա նման փայլուն չէին, կարծես ցայված լինեին մոխրաջրով:
Ես թքեցի իմ հպարտության վրա ու զանգահարեցի քեզ:
Մոտեցա քեզ մեղավոր ժպտալով (ինչո՞ւ մեղավոր այդպես էլ չհասկացա) ու տեսա քո բաց դարչնագույն աչքերը, որոնք ինչ որ բան էին սպասում ինձնից:
Ի՞նչ, չհասկացա:
Մի՞գուցե, որ չպայքարեցի հպարտությանս դեմ…չգիտե՜մ:
Ես երկար եմ փնտրել քեզ, այնքա՜ն երկար, որ  փնտրելը դարձել է սովորություն:
Ես հիմա դարձել եմ ինձ համար շատ վտանգավոր, քանի որ վախենում եմ իմ ամեն մի բառից, որ կարող է քեզ նեղացնեմ:
Վախենում եմ մտածել քո մասին, բայց չմտածել չի՛ ստացվում:
Երբ դու ինձ հետ էիր, ես աշխատում էի վազել քեզնից հեռու, փախչել, որ  առաջինը չնետվեի գիրկդ ու ասել, որ ամեն վայրկյան կարոտում եմ, հասկանո՞ւմ ես, կա-րո-տում…

Մի առավոտ արթնացա սառը քրտինք պատած մարմնով…
Երազում տեսել էի թե ինչպես աշխատանքի գնալիս մուտքի մոտ տեսա քո տեսքով սովորական դարձած մի տեսլիք:
Ես ցույց տվեցի, որ չեմ նկատել ու հանգիստ հեռացա:
Դա իմ հիշողությանս հետ մարտնչելու առաջին հաղթանակն էր…
Ուրախացել էի իմ հաղթանակից այն երեխայի նման, որը բազմաթիվ փորձերից հետո գտել էր տատիկի սնդուկի բանալին, որտեղ միշտ քացրավենիք էր  պահվում:
Այդ օրվանից ես աշխատում էի խուսափել հանդիպումներից, դե իհարկե պատահական հանդիպումներից, հիշողությանս հետ հանդիպումներից, չնայած ամեն առավոտ տանից դուրս գալիս նայում էի հայելու մեջ, ուղղում մազերս…
Հաստատ չգիտեի ցանկանո՞ւմ եմ հանդիպել, թե՞ ոչ:…
… Դու ինքդ առաջինը զանգեցիր, բայց արդեն այն ժամանակ, երբ քո զանգն ընդունվեց որպես մի ստոր արարք…
Ես հասկացա, որ չեմ ճանաչել քեզ:
Ես ճանաչել եմ սերը, ես քեզ դարձրել եմ իմ իդեալն ու  երկու տարի ապրել եմ նրանով:
Մի փորձիր նորից ցավեցնել…
…Արթուր…
Դու սովորեցրեցիր ինձ հիշողությանս հետ խաղալ քո իսկ օրենքներով:
Դու մտածում էիր, վստահ եմ դրանում, որ քանի որ ես գիտեմ քո հեռախոսի համարն ու էլեկտրոնային հասցեդ, ես պետք է զանգահարե՞մ կամ գրե՞մ:
Ո՛չ, սիրելի՛ս, ես մոռացել եմ ամեն ինչ, չե՛մ հիշում, հասկանո՞ւմ ես, չե՛մ հիշում…
Խոսքե՜րդ՝ «Քո աչքերը նման են մորս աչքերին, բարի ու խորը, նայելով քեզ ես հասկանում եմ, որ գտնվում եմ մի այլ աշխարհում, այլ հարթության մեջ, » սեպի նման խրվել են ուղեղումս, ու ծակծկում են հոգիս: Հիմա ինձ համար խոսքերդ ցավ են, հիմա եմ հասկանում որ…դա ես պետք է չընդունեի հոգով, ես, ես եմ, ես նման եմ միա՛յն ինձ…

Դրանից ավելի ցավ էլ չես կարող պատճառել:
Դու չկա՛ս, դու տեսիլք ես:
Թող մնաս իմ մեջ, որպես իմ իսկ կողմից հնարված տեսիլք:
Լռություն…
Տեսիլքը զգույշ, տղամարդու կոպիտ թաշկինակով փորձում է մաքրել արցունքները, չի ստացվում:
Գրկում է վերջին անգամ, , ինչպես միշտ համբուրում ականջիս ետևը ու քայլում դեպի դուռը:
Փորձում է հեռանալ ընդմիշտ:
Աչքերը դառնում են ձմռան առաջին շնչից աշնանային լճակի վրա առաջացած սառույցի նման թափանցիկ ու սառը:
Թվում էր թե հատակից կբարձրանա, կվազի նրա ետևից, չէ՞ որ սիրում է, չէ՞ որ նա է իր կյանքի իմաստը, բայց տեղից չի շարժվում:
Հիմա, հիմա ես քեզ կջնջեմ իմ կյանքից, վերջնականապես, ինչքա՞ն կարելի է տանջվել, ո՞ր մեղքիս համար:
Շուրթերը բացվեցին ու ցածր, շատ ցածր, այնպես որ նա չլսի շշնջացին:
- Կանգնի՛ր, քեզ ջնջեմ, նոր ինչ ուզում ես արա, կանգնի՛ր…

Հետո չհասկացավ ինչու շատ բարձր լսեց իր ձայնը:
- Կանգնի՛ր:
- Գիտե՛մ, հիմա հարմար տեղ գտնեմ, - երթուղայինի վարորդը ժպտաց:
… Դռան մոտ կանգնած, չսափրված պահակը ցուցադրական բացեց դուռը:
- Բժշկուհի,- գլխով վերև ցույց տվեց:
- Քեզ էր հարցնում, ուշացել եք:
Աստիճանների վրա վազելով ու միաժամանակ խալաթը հագնելով մտածում էր թե այս անգամ ի՞նչ է պատճառաբանելու ուշացման համար:
- Նորից նույն պատմությունը, հիմա կասես թե ամուսնուդ ես նախաճաշ սարքել, երեխայիդ մանկապարտեզ, խցանումների մեջ ես ընկել…
- Քանի անգամ ասեմ, պրոֆեսոր, ես ամուսնացա՛ծ չեմ, երեխաներ չունե՛մ, չե՛մ նախաճաշում, խցանումների մեջ երբեք չե՛մ ընկնում, ես մեքենա չունե՜մ…
- Լավ, լավ, ավտովթար է, մեկ ժամ առաջ, մի կին և… տղամարդը մահացել է, դիակը 118- ում է, դիահերձարանը դեռ փակ է, բոլորն ուշանում են, չեմ հասկանում սա ի՞նչ աշխատանք է, ի՞նչ վերաբերմունք:
- Հերձողն ինչո՞ւ պետք է շտապի, նրա աշխատանքր կեսօրից հետո է, իսկ կի՞նը, կինն ի՞նչ վիճակում է…
- Վիրահատարանում է, գլխի կոտրվածքներով, արագացրեք, ես ձեզ վիրահատարանում կսպասեմ: Եվ վերջապես գլխավոր բժշկի տեղակա՞լ եք թե… չեմ հասկանում:
- Դիակին ձեռք տալ չի կարելի, մինչև ոտիկանության ժամանելը, ես ամեն ինչ կարգավորեմ, կմոտենա՛մ:

Պայքարը տևեց երեք ժամ:
Կարծես կյանքին վտանգ չպետք է որ սպառնար, բայց տեսողության հարցը մնաց բաց ու վիրահատող խմբից ոչ մեկը չփորձեց խոսել այդ մասին:
Վերակենդանացնող բժիշկը մոտեցավ բժշկուհուն:
- Արթնացավ, բղավում է վիրահատողին է պահանջում, դուք կմոտենա՞ք, թե կանչեմ Արամյանին:
- Ես հիմա կմոտենամ, մի քիչ հանգստանամ, գոնե հինգ րոպե, ոտքերս կարծես իմը չլինեն:
- Կամակոր կին է երևում, իր ասածի,- մի բան ասելու համար ասաց ու հեռացավ:
Հիվանդի երեսը փաթաթված բինտերից չէր երևում:
Այնտեղ, որտեղ որ աչքերը պետք է լինեին արյան կարմիր, տձև կլոր հետքեր էին:
Մոտեցավ:
Նստեց կողքը, բռնեց ձեռքը:
- Վիրահատությունն անցավ հաջող, ինչո՞ւ եք անհանգստանում, պետք չէ բղավել:
 Ձեզ հանգիստ է հարկավոր, լսո՞ւմ եք ինձ:
- Լսում եմ, ինչո՞ւ ոչինչ չեմ տեսնում, գլխիս ձախ կողմը անտանելի թմրած է, ոչինչ չեմ զգում: Իսկ  Արթո՞ւրը, նա ի՞նչ վիճակում է, այստե՞ղ է, նույն հիվանդանոցո՞ւմ:
- Արթո՞ւր, ուրեմն անունն Արթո՞ւր է, չէ այստեղ չէ, այստեղ միայն գլխի հետ կապված…
Զգաց, որ բացթողում արեց, բայց արդեն ուշ էր:
- Բժշկուհի ինչպե՞ս դիմեմ ձեզ:
- Աննա…ուղղակի Աննա:
- Աննա, խնդրում եմ, կարո՞ղ եք գտնել նրան, նրան բան պատահած լինի ես չգիտեմ թե ինչ կանեմ ինձ…մի հարց էլ, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ տեսնել, դե, տեսողությանս չի՞ սպառնում ոչինչ, միայն անկեղծ, խնդրում եմ: Պետք չէ թաքցնել, ես ուժեղ կին եմ:
- Վստահ ասել չեմ կարող, բայց մեկ-մեկ անհնարինը դառնում է…
- Ի՞նչ, ես կորցրել եմ տեսողությո՞ւնս, գրողի ծոցը բոլորդ, դուք հասկանո՞ւմ եք ինչ է եղել, դո՛ւք մսագործներ, դո՛ւք…
- Հանգիստ, ձեզ չի կարելի հուզվել:
Մոտեցավ դռանը, կիսաբացեց ու բղավեց ավագ քրոջը:
- Շտա՛պ, ցավազրկո՛ղ, քնաբերի հետ:
Հիվանդը բղավում էր:
- Ի՞նչ պետք է անեմ հիմա, հիմա ինչպե՞ս է նայելու աչքերիս մեջ, իմ աչքերը նրա մոր աչքերի նման բարի ու խորն են, հիմա ես նրան պետք չեմ լինի, մսագործներ, բոլորդ գրողի ծոցը:
Աննան քարացել էր դռան մոտ կանգնած:
Հետո կարծես մեկը հարվածեց գլխին, ապտակեց, ցնցեց ուսերը:

Կարծես մեկը ականջին հուշում էր.
- Ցանկանո՞ւմ էիր հանդիպել, հանդիպեցիր, հետո՞…

Չհասկացավ թե ինչպես երրորդ հարկից վազեց աստիճաններով, կոտրեց կոշիկի կրունկը:
Չհասկացավ ինչպես հանեց կոշիկներն ու շպրտեց մի կողմ:
Չհասկացավ թե ինչպես հրեց դիմացից բարձրացող մարդկանց:
Հիվանդասենյակի դռների համարներն աչքին թռվռում էին, չէր կարողանում կողմնորոշվել:
Շունչը կտրվում էր:
Վերջապես:
Համար 118 սենյակ:
Անվստահ բռնեց բռնակից:
Փակ էր:
Բոբիկ ոտքերով վազեց դեպի դուրս տանող դուռը:
- Վազգե՛ն, ոստիկանությունից եկե՞լ են, հերձողը եկե՞լ է, ինչո՞ւ է փակ 118-ի դուռը, դիակն ո՞ւր են տեղափոխել:
- Աննա Սերգեևնա, բժիշկ Մեխակն է իջեցրել հերձարան, ասաց  երկու ժամից կգա, Ձեզ ի՞նչ եղել:

Նկուղային հարկում տեր ու տիրական էր մահվան տհաճ հոտը:
Մահվան շունչը խոսում էր, բացատրում, արդարանում, վիճում…ո՞ւմ հետ:
«Չեմ վիճում, դու ինձ նվիրել ես երջանիկ լինելու բազմաթիվ պահեր:
 Ներիր ես կույր եմ եղել որ մինչև հիմա չեմ զգացել, որ դու հոգի չես ունեցել: Ոչ հոգի, ոչ սիրտ: Դու ուղղակի եղել ես մի էակ, դատարկ ու նոսր…բայց ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես քեզ սիրել այնպես, որ հիմա սկսում եմ ատել…ի՞նչ ես արել ինձ, չեմ հասկանում, ինչո՞ւ այսօր եկար ու ստիպեցիր ուղեղիցս ջնջել քեզ հենց այն պահին, երբ կախված էիր լինել-չլինելու թելից: Աստված իմ միայն թե դու չլինես, միայն թե չհեռանաս այսպես, սա  րոպեական թուլություն է, ու լրիվ պատահականություն, ես գիտեմ, որ լսում ես ինձ, հեռու ես ինձնից, այստեղ չես այս անտանելի միջավայրում, որտեղ միայն մահվան շունչն է…»

Հերձարանի երկաթյա դուռը փակ էր:
Թակելու, բացելու փորձ անելն անիմաստ էր:
Նկուղ իջնող աստիճաններից ոտնաձայներ լսվեցին:
Երկու ոստիկանական համազգեստով մարդիկ մոտեցան Աննային:
- Այստեղ ավտովթարից մարդ են բերել, տեղյա՞կ եք երևի: Ինչ է դուռը փա՞կ է: Դուք ո՞վ եք:
- Ես, բժշկի տեղակալը, ես էլ իջա նայելու, բայց ինչպես տեսնում եք:
Ձեզ երևի կենդանի մնացածն է հետաքրքրում, արձանագրության համար, նա վերևում է, վերակենդանացման բաժնում՝ երրորդ հարկ:
- Դա հետո, հիմա պետք է մահացածի ինքնությունը պարզենք,: Միգուցե փաստաթո՞ւղթ կա գրպաններում:
- Չգիտեմ: Հետո եկեք, երևի մեկ ժամից:

«Դու կարողանում էիր սիրել, սիրել այնպես ինչպես ոչ ոք:
… Ոչ, սիրելիս, ես մոռացել եմ ամեն ինչ, չեմ հիշում, հասկանում ես չեմ հիշում…»

Ձեռքն ակամա մտավ գրպանն ու դուրս քաշեց հեռախոսը:
Հետո ոստիկանների զարմացած հայացքներն անտեսելով, սեղմեց ինչ որ կոճակ՝ ցանկալի ու սպասող…
Դիահերձարանի երկաթյա դռան ետևում զանգ էր լսվում:
Զանգ, որին էլ երբեք պատասխանող չի լինի:

Նկուղից երբ դուրս եկավ, անձրև էր:
Հիվանդանոցի բակում անձրևից փախչող մարդկանց զարմացած ու հետաքրքրասեր աչքերի առաջ, բոբիկ, սպիտակ խալաթով բժշկուհին դանդաղ քայլում էր ու խոսում ինքն իր հետ:
Անձրևը ստիպում էր հիշել նրան, նրա անունն ու սիրահարված բաց դարչնագույն աչքերը:


Ս.Ումառ