среда, 16 апреля 2014 г.

Մի սպանիր



 Ուղեկալի միակ նշանավոր բանը կապի մեքենան է`մյուս ուղեկալներն ու Երևանը կապող միակ օղակը:
Թվով տասներկուերորդն է`մնացած դեռ ԽՍՀՄ բանակից:
Այդպես էլ կոչում են` 12-րդ ուղեկալ:
Ուղեկալներն իրարից հեռու են 25-30 կմ-ով:
Մոտ կես կիլոմետր այնկողմ  Ադրբեջանական գյուղ է` Շյուքյուրբեյլին:
Դատարկ:
Կապի մեքենային վազելով մոտեցավ ուղեկալի միակ ենթասպան:
-
Շո´ւտ արա, կապվի´ր Երևան:
-
Ժամը չի, համ էլ ի՞նչ է եղել:
-
Մի աղջիկ են բերել զինվորները: Օձն է կծել: Որտեղի՞ց է հայտվել, ոչ ոք չգիտի:
-
Երևանն ի՞նչ անի,- զարմանում է կապի սպան:
-
Չես հասկանո՞ւմ, զինվորական համազգեստով է, ռուս: Բա, որ մեռա՞վ:
-
Կենտրո´ն` <Բրիգ21-ին>: Կենտրո´ն` <Բրիգ21>-ին: Կենտրո´ն`..:
- <
Բրիգ21> , Կենտրոնն եմ: Խախտում ես եթերում դադարի ռեժիմը, եթե շտապ բան է, անցիր 3-րդ կապուղի:

* * *
Զիվորները հետաքրքրությամբ նայում էին աղջկան:
Կապույտ, ջինջ աչքեր ուներ, մինչև ուսերը հասնող արևագույն մազեր, մաշկը` սպիտակ, ինչը վկայում էր, որ այս կողմերում նորեկ է:
Վազելով մոտեցավ կապավորը:
-
Պարո´ն կապիտան, Երևանը հայտնեց, որ եթե մինչև վաղը`  ժամը` 20.00 նրա հետևից չգան, հանձնենք 8-րդ ուղեկալ:
Օձի կծածի համար էլ ասացին` հակաթույն չկա, մի բան արեք, դժվար թե թունավոր լինի:
-
Զինվո´ր, Թալինցի Կարոյի´ն կանչիր:
-
Ուղեկալի հերթապահ շրջիկ խմբում է` խրամատների մոտ:
-
Սպարտա´կ,- կապիտանը դիմեց ենթասպային,- ի՞նչ ես աչքերդ չռել: Կնիկ չե՞ս տեսել: Արագացրո´ւ հերթափոխը, Կարոյին բե´ր ուղեկալ:

Թալինցի Կարոն օձ ուտող էր, մի բան կիմանար:
Աղջիկը թուլացած հենվել էր նստարանին:
Կարոն մոտեցավ աղջկան:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
Փորձեց վեր քաշել տաբատի փողքը, սակայն աղջիկը ոտքը ետ քաշեց:
-
Տղե´րք, ռուսերեն շալվար ոնցա՞, ո՞նց ասեմ շալվարդ բարձրացրո´ւ :
Ծիծաղեցին: Ամեն մեկը մի բան էր բղավում ռուսերեն, վերջը 
- Ասա` <Օткрой грудь дорогая> :
Կարոն մի կերպ կրկնեց ձեռքով ցույց տալով ոտքը:
Հռհռոցը թնդում էր:
Աղջիկը ժպտաց, հետո պարզեց ոտքը:
Պաբատը պատռեց:
Կծածից վերև ոտքն ամուր կապած էր կաշվե գոտիով:
Ոտքի վրա պարզ երևում էին երկու սպիտակ զուգահեռ գծեր, գծերի ծայրում` սև կետեր:
-
Պարո´ն կապիտան, թունավոր օձ ա էղել:
-
Բա ի՞նչ անենք, հո չի՞ մեռնի ուղեկալում:
-
Մածուն ա պետք, մեկ էլ` սաղ թող գնան:
Կապիտանը հեռացրեց բոլորին: Կարոյի հետ գրկեցին ու տարան զորանոց, նստացրեցին լեյտենատի մահճակալին:
Կապիտանը հեռվում նստած` նայում էր:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
Կարոն ձեռքերը քշտեց: Ձեռքերին օձի խայթոցների բազմաթիվ հետքեր էին:
Սկզբից Կարոն դանակով խաչաձև կտրեց վերքը: Աղջիկը բղավեց` <мама>:
Հետո սկսեց ծծել վերքը ու թքել, ինչպես պապն էր գյուղում անում. <Կարևորը` կուլ չտաս,վռազ թքի´ր ու շունչդ պահի´ր>:
Թքի հետ խառնված արյունը կապտակարմիր գույնի էր:
Այնքան թքեց, մինչև տեսավ, որ թուքն արդեն կարմիր է:
Կապտաչյա գեղեցկուհին սարսափով էր նայում զինվորին:
Սպան զզվանքով գլուխը թեքել էր:
Մածուն չկար, որտեղի՞ց լիներ: Դուրս վազեց:
Հավաքած ինչ-որ տերևներ թրջեց ու դրեց վերքի վրա:
-
Իրան ասա´, թող չքնի, ես ռուսերեն չգիտեմ, գոնե` կես ժամ:
Սպան թարգմանեց:
Հետո հարցրեց անունը:
Աղջիկը պատմեց, որ կապի սպա է, Լենինգրադից, անունը Լյուսյա է:
Հետ է ընկել իր խմբից ու կորցրել բոլորին: Գնում են դեպի ճակատ` օգնելու:
-
Անունն ի՞նչ էր, չհասկացա, ու՞ր են գնում, ի՞նչ մեքենա:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
-
Շատ մի´ խոսա, Կարո´, գո´րծդ արա: Անունը Լյուսյա է, սվյազիստ է, գնում են ճակատ`մերոնց մոտ:
-
Էդ ի՞նչ անուն ա,-փոխելով ոտքի փաթաթանը` նայում էր աղջկան:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
-
Քնեց, պարո´ն կապիտան:Ժամը մեկ դեռ 3 անգամ փոխելու եմ, բա ո՞նց կլնի:
-
Կմնաս մոտը, չքնե´ս: Ես պահեստում կքնեմ:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:

* * *
Լուսաբաց:
Կարոն քնած էր:
Ամբողջ գիշեր չէր քնել:
Աղջիկը զարթնեց կրակոցների ձայնից: Փոքր-քիչ կաղալով` դուրս եկավ զորանոցից:
Զինվորները զվարճանում էին:
Ուղեկալի տարածքում ռումբից պայթած երկհարկանի շենքից մնացել էր մի պատ,
պատի վրա էլ` չուգունե ջեռուցման մարտկոց` մի խողովակից կախված:
Զինվորները հեռվից փորձում էին կրակոցով մարտկոցը գցել, պոկել խողովակից, չէր հաջողվում:
Աղջիկը կաղալով` մոտեցավ:
- Доброе утро.
- Как нога?
Օткрой грудь, дорогая.
Ծիծաղեցին իրենց տարիքին համապատասխան` պատերազմում, բայց անհոգ:
Մոտեցավ նաև սպան:
Աղջիկն ուշադիր բոլորին նայելուց հետո մոտեցավ մի զինվորի:
- Дай автомат.
Զինվորը տատանվում էր: Հետո գլուխը քորելով` տվեց:
Արևահամ մազերը ձեռքով հետ տվեց, նշան բռնեց քիչ երկար, կրակեց:
Մարտկոցը տեղում էր, բայց մի քանի վայրկյան հետո ճռռալով` խողովակից պոկվեց ու աղմուկով ընկավ գետնին:
Վազքով մոտեցավ մի զինվոր:
-
Մի մեքենա է եկել,<Վիլլիս>: Ռուս են, աղջկան են հարցնում
Աղջիկը, թեթև կաղալով, գնաց դեպի զորանոց:
Տեսավ իր փրկչին քնած`ցուցամատը քթի մոտ` սովորության համաձայն:
Նա էլ էր նկատել զինվորի տարօրինակ սովորությունը:
Մտածեց. <Սովոր է, կրակոցներից չի էլ զարթնել>:
Կռացավ, համբուրեց տղայի շուրթերը, մատները սահեցրեց այտերով, հետո համբուրեց ճակատն ու դուրս եկավ:
Երեկոյան շտաբից մի <Նիվա> եկավ:
Մեքենայից դուրս եկած գնդապետի համազգեստով սպան առանց գլխարկի էր:
Կապիտանը դիմավորեց պահակակետում, ուզում էր զեկուցել:
-
Թողնե´լ: Կապիտա´ն, ու՞ր է ռուս աղջիկը:
-
Գնաց մի մեքենայով, ինչպես որ
-
Դու հիմա՞ր ես, կապիտա´ն, երկրորդ օրն է սարերում դրանց ենք ման գալիս: Դրանք հատուկ դիպուկահարներ են` Ուկրաինայից, հասկանո՞ւմ ես` հակառակորդ, գնում էին անցնելու ճակատի գիծը, ազերներին օգնելու:
-
Բայց պարո´ն
-
Ոչ մի բայց: Դու էլ, քո այդ օձ ուտող զինվորն էլ` գաուպտվա´խտ, հասկացա՞ր, կրկնի´ր

* * *
Գիշեր է:
Դավաճան գիշեր, լուռ ու դավադիր:
Խրամատում`սահմանի այդ հատվածում երեք զինվոր են ու մի սեժանտ:
Սերժանտն ու մեկ զինվորը քնած են:
Քնում են հերթով:
Գիշերով տեսնելու հեռադիտակ սարքով հետևում են մի ձոր այն կողմ հակառակորդի դիրքերին:
-
Մի հատ չծխե՞նք, աչքերս հոգնեցին, մեկ է այնտեղ մարդ չկա,սարքով լավ երևում է:
-
Դե, գիտես որ չի կարելի, գոնե մտնենք գետնահոր,- ասաց ու ծալած ցուցամատը քսեց քթարմատին:
-
Սերժանտը կզարթնի, հավեսը չունեմ,-ասաց մյուսը, որին Փորձանք մականուն էին կնքել:
Գրպանից հանեց տուփը, մեկ հատ մեկնեց ընկերոջը:
Վառեց սիգարետը ու դեռ չէր հասցրել ծուխը դուրս փչել, երբ
Տրաաաաաաաաաաաքու թռավ սիգարետի կեսը:
Կրակոցի ձայնից գետնատնից դուրս թռան սերժանտն ու զինվորը` կիսաքուն:
-
Էդ ի՞նչ էր, Փորձա´նք:
Փորձանքը վախից պպզել էր խրամատում:
-
Սնայպեր էր, ուղիղ սիգարետիս: Արա´, ի~նչ բախտ ունեմ,
-
Է´շ, քանի անգամ են ասել` կանգնած չծխե´ս: Կարոն էլ երևի վախից տակն ա լցրել:
Երեքով նայեցին Կարոյին:
Կարոյի կրծքի ձախ մասում, որտեղ արյան կարգն ու ռեզուսն է գրված, երեք զույգ սարսափահար աչքեր տեսան նշանառուի կարմիր մահվան կետը:
Կարոն էլ էր տեսել ու չէր համարձակվում շարժվել:
-
Կարո´, միանգամից քեզ գցի աջ, չի հասցնի:
Կարմիր կետը սկսեց շարժվել, բարձրացավ դեպի շրթունքները, մի քիչ սպասեց, հետո այտի վրայով դանդաղ սահեց ու կանգնեց ուղիղ ճակատի կենտրոնում:
Ակամա աջ ձեռքը բարձրացավ, ու ծալած ցուցամատով շփեց քթարմատը:
Զինվորներն ու սերժանտը կքանստած` ձեռքերով փակեցին աչքերը:
<
Վերջ>, -մտածեց ու մի ակնթարթում աչքի առջևից անցան մայրը, հայրը, քույրը` բոլորն էլ սարսահափահար դեմքերով:
Տրաաաաաաաաաաաք
Գնդակը մխրճվեց Կարոյից մոտ 50 սմ դեպի ձախ` հողի մեջ:
Զինվորներն ու սերժանտը բացեցին աչքերը: Կարոն դուրս էր գալիս խրամատից:
Կանգնեց հասակով մեկ, շփեց քթարմատը, հետո ձեռքը բարձրացրեց, օդում ողջունեց մթությանը:
Քթի տակ մրմնջաց` <открой грудь дорогая>….
Տրաաաաաաաաաաաք
 
Ու ընկավ խրամատի մեջ:

Սպիավոր տղան



Աշխարհում գոյություն ունեցող ամենազզվելի բաները գլխումս խառնվել են իրար: Ու հենց վեր կենամ տեղիցս, խառնվելու են նաև ոտքերս` խառնելով քայլերս:
Գիտեմ, որ դրանից ոտքերս անտանելի ծիծաղելու են ու ծիծաղից ծալվեն, ընկնեն` գցելով նաև ինձ:
Երբեք չպետք է երես տալ:
Դե, առավոտյան ես ոտքերիս անվանեցի անսասան Ատլանտներ, իսկ հիմա, ընդամենը երկու հոգով խմած շիշ ու կես օղին ինչ էր,  որ տարիներով թեթևատլետիկայի մարզադաշտում մարզված ոտքերս չեն դիմանում:
Իսկ այստեղ` մետրոյում հով է:
Ավելի լավ եմ շնչում, բացի այդ էլ` սուր ու քիթ գրգռող ինչ-որ անուշ հոտ եմ զգում:
Անուշ հոտով աղջիկ
ն իմ աջ կողքն է նստած: Երևում են միայն ձախ ականջից կախված երկու փոքրիկ շղթաները: Շղթա կա նաև պարանոցին:
-Արդեն քանի տարի է, պայքարում ենք շղթաներից ազատվելու համար, իսկ ոմանք փաթաթվում են շղթաներով,- կիսաձայն մրթմրթում եմ ու զգում, որ ստացվեց. գրավեցի ուշադրությունը:

-Ձեզ ի՞նչ է պետք,- նրա խիստ թվացող հայացքում տեսնում եմ, որ կատակս դուր եկավ:
-Օգնե´ք իջնել <Երիտասարդական> կայարանում:
Առանց Ձեր օգնության չեմ կարող ազատվել Ձեզանից:
-Առաջներում ժամն էին հարցնում, հետո` անունը: Իսկ
Ձեզ մի քիչ ուշ չէ՞ <Երիտասարդականում> իջնելը:
Սկզբից չհասկացա, բայց հետո...
Ա~, սուր աչք է: Տեսնես քանի՞ տարեկանի տեղ է ինձ դնում: Իսկ ընդհանրապես սպորտային լեզվով` դա նոկաուտ է, ու մինչ <դատավորը> մինչև տասը կհաշվեր, ես հասցրեցի.
-Դե, իմ տարիքի մետրոյի կայարան կոմունիստները չհասցրին կառուցել, ես էլ ստիպված` <Երիտասարդականում> եմ իջնում:
Գլուխը շրջեց:
Ձախ կողքս նստած ծերուկը սովորականից քիչ բարձր ձայնով հարցնում է.
-Տղա´ ջան, էդ դիմացն ի՞նչ ռեկլամ ա :
Նայում եմ վագոնի ապակու ներսի կողմից կպցրած գովազդ-պաստառին ու ինձ թվում է` վագոնի բոլոր ուղևորներն այդ կողմն են նայում:
Կանա
նց միջադիրների գովազդ է: Դե´, ե´կ ու բացատրի´ր:

Բոլորը նայում են ինձ, սպասում...
Դիմացս նստած երկու ուսանողուհիները քչփչում են ու ցածր ծիծաղում:
-Պեչենու ռեկլամ է, հայրի´կ,- որոշեցի ես:
-Հա~, օգնությա
՞ն,- ավելի բարձր հարցնում է ծերուկը` չնկատելով վագոնում ծնված բազմաթիվ ժպիտներն ու ցածր ծիծաղը:
-Չէ, բուժօգնության,-դերի մեջ եմ մտնում ես ու անկեղծ ուզում, որ ծերուկն էլի հարցեր տա:
-Երևի շաքարախտով հիվանդների համար է:
Ինձ չէ, բայց կնոջս պետք կգա:
Հայացքս դառնում է հաղթական:
Նայում եմ ձախ, իսկ վագոնում եղածները`ինձ:
-Չեմ սիրում ցինիկներին,- բայց ժպտում է` միտքը կիսատ
թողնելով:
-Ես ցինիկ չեմ, ես դերասան եմ:
-Եվ քանի՞ դեր եք խաղացել:
-Մեկ, բայց ամենա-ամենա գլխավոր
ը` <Քաոս>-ում` Մարկոս Աղա Ալիմյանի դերը: Ուղիղ երկու րոպե բեմում մահանում էի:
-Դուք երբևիցե լուրջ լինու՞մ եք:
-Այո, երբ խմած չեմ լինում:
-Կօգնեմ ազատվել ինձանից:
-Որպես բարեկամության նշան` իջնենք
մետրոյի <Բարեկամություն> կանգառում:
Ձայն չկա և չի էլ կարող լինել, քանի որ ուրիշ կանգառ չի մնում:
Իմ բոլոր գլխապտույտ ձեռնարկումները` ուղիղ կանգնելու
ն միտված, պսակվեցին հաջողությամբ: Վագոնից դուրս եկա նրա հետևից:
-Ես մորս մոտ եմ գնում, կուղեկցե´ս, ու լո´ւրջ կպահես քեզ, պայմանավորվեցի
՞նք:
Նրա հրամայական ու միանգամից <դու>-ի անցնելը հաճելի էր ինձ:
Հետաքրքիր է, ինչո
՞ւ բանակում հրամանատարները կանայք չեն.
<Ա´ջ, ձա´խ, հետ դա´րձ, պառկե´լ, տա´ր, բե´ր> հրամանները մեծ հաճույքով կկատարվեին:
Ես դերասան չեմ, կատակեցի իհարկե:
Ես զինվորական եմ: Բայց արդեն ուշ է:
-Կարո՞ղ ես խաղալ ինձ սիրահարվածի դեր,- ձեռքի մեծ պայուսակը ինձ տալով` հարցնում է նա:
-Ինչու՞ խաղալ, կարող եմ...
-Արա´ ինչ որ ասում եմ, հակառակ դեպքում` կօգնեմ ազատվել ինձանից:
Ձայն չեմ հանում:
Երթուղային տաքսիում նստելու տեղ չկա:
Կիպ կպած ենք գնում, ու ես զգում եմ նրա ձիգ մարմնի հաճելի հպումը, շնչառությունը ականջիս:
Մոտենում ենք Հանրապետական հիվանդանոցին, բարձրանում աստիճաններով:
-Եկա՞ր, Ալի´ս ջան,- անկողնում պառկած մոմը կարծես կենդանացավ:
Այդ գույնի մաշկ ես երբեք չ
էի տեսել:
Ուրեմն անուն
ն Ալիսա է, մինչև հիմա չեմ էլ հարցրել:
Ալիսան մոտեցավ մորն ու համբուրեց:
-Մա´մ, խոսք էի տվել, բերել եմ:
Սա իմ ընկերն է, որի մասին անընդհատ հարցնում ես:
-Մո´տ արի, տղա´ ջան, Արման, չէ՞:
Գլխով եմ անում, խմածությունիցս հետք չի մնացել անգամ, և ես Արմանը չեմ:
-Ալի´ս ջան, լավ տղա է երևում, չէի հավատում, որ քո բնավորությամբ կարող ես ընկեր ունենալ:
Հիմա հանգիստ կարող եմ այն աշխարհ գնալ:
-Լա´վ էլի, մա´մ,- Ալիսան սկսում է փոքրիկ սեղանին շարել բերած ուտելիքները:
-Ալի´ս ջան, այսօր մնալու ես, չէ՞:
Շորդ փոխի´ր, կճմրթես:
Մոր ստուգող հա
՞րց, թե՞...
Օդը կարծես էլեկտրականացավ: Հիվանդասենյակում նույնիսկ զուգարան չկա, հետաքրքիր է, որտե
՞ղ է փոխելու շորը:
Իմ ու Ալիսայի հայցքները հանդիպեցին:
Քայլ եմ անում դուրս գնալու ու համոզված չեմ, որ կվերադառնամ:
Վերջին օրերն ապրող մարդուն չեն խաբում, սրբապղծություն է:
-Դե լա´վ, Արմա´ն ջան, ի
՞նչ ես ընկել ձևականությունների հետևից, ես կռահեցի ձեր հարաբերությունները:
Իմ ու Ալիսայի հայցքները նորից հանդիպեցին:
Իմ հեգնական ժպիտը, և տատանման ընդամենը մեկ վայրկյան, ու...
Ալիսան մնաց ներքնազգեստով:
Խոսում եմ մոր հետ, բայց չեմ կարողանում չնայել Ալիսայի կողմը:
Նայում եմ աչքի պոչով: Հանգիստ ու համաչափ շարժումներով նրա կիսամերկ մարմինը ծածկվում է մի ուրիշ շրջազգեստով: Բաղձալին թաքնվեց բաց շագանակագույնի տակ:
-Մա´մ, ես այս գիշեր մնում եմ քեզ մոտ, հիմա գրեմ
ներարկման ժամերը, իսկ Արմանը շտապում է :
Ես հրաժեշտ եմ տալիս, ցանկանում առողջություն, համոզված, որ վերջին անգամ եմ տեսնելու այս բարի աչքերով կնոջը:
Ալիսայի մոր ավելի ջերմ համբույրը կարծես մի սպի է թողնում այտիս, չերևացող, բայց գոյություն ունեցող սպի: Սպի, որը դեռ երկար շարունակություն է ունենալու, այտիցս մինչև սիրտ, սրտիցս մինչև հոգիս...
Դռների մեջ Ալիսան իմ ձեռքն է խոթում թղթի մի կտոր ու փակում հիվանդասենյակի դուռը:
Հեռախոսի համար է:
Նայում եմ, հեշտ հիշվող համար:
Դառնացած շպրտում եմ մի կողմ:
Միևնույն է` կհիշեմ համարը: Կհիշեմ նրա մոր աչքերում կուտակված հավատը:
Միգուցե հենց այդ հավատն էլ ստիպի ինձ զանգելու:
Կզանգահարեմ, կասեմ.
-Բարև´, Ալիսա´:
Ինքն էլ երևի կասի.
-Բարև´, ո՞վ է:
Այ այստեղ արդեն չգիտեմ ինչ պետք է ասեմ. Խաչիկը, Վարդանը, Վահագը, Արամը...
Ես չեմ ուզում Արման լինեմ:
Բայց...ո՞վ եմ ես...


Տարօրինակ մոլորակը կամ Վեցերորդ զգայարան




1955 թվականի հունիսի քսանութին ես եկա ծանոթանալու քեզ հետ:
Առավոտյան ժամը վեցն էր:
Թե ինչո՞ւ հենց հատկապես քեզ հետ, ես չգիտեմ:
Ծանր շնչով ու հոգսերի բեռան տակ հազիվ շարժվելով մի սովորական մոլորակ ես:
Ընդունեցիր քեզ հատուկ դառը հյուրասիրությամբ:
Մեկը պորտս կտրեց, մեկն ապտակեց՝ լաց եղա:
Մի ձայն լսեցի.
- Տղա՛ է:
Քիչ հեռվից էլի լացի ձայն եկավ:
Ինչ որ մեկին էլ ապտակեցին:
Հետո էլի մի ձայն լսեցի.
- Աղջի՛կ է:
Այստեղ ծանոթանալու օրենքներն են այդպիսին՝ գալիս ես, նայում են ոտքերիդ արանքը ասում են Տղա կամ աղջիկ ու…վե՛րջ:
Տարօրինա՛կ, շա՛տ տարօրինակ մոլորակ է:

Ոչ ոք չի ասում
<Բարի եկար>,
<Աչքներիս վրա>,
<Գալդ բարի>,
<Աչքներս լույս>,
<Ո՞նց ես>,
<Ի՞նչ կա>:
Դե եկա՞ր, հասկացա՛նք, հետո ի՞նչ, գնա քո համար ապրիր:

Գնացի ինձ համար ապրելու:
Մի քիչ ապրեցի ու հասկացա, որ ծանոթանում են համաձայն իրենց մասնագիտությունների:
Կոշկակարը ծանոթանալիս նայում է դիմացինի կոշիկներին:
Վարսահարդարը՝ մազերի սանրվածքին:
Դերձակը՝ հագուստին:
Ռադիոմոնտաժնիկն էլ նայում է դիմացինի գլխին՝ ալեհավաք կա՞ թե ոչ:
Մի քիչ էլ ապրեցի, բայց մինչև հիմա չեմ հասկանում թե սանտեխնիկը ծանոթանալիս ո՞ւր և ինչպե՞ս է նայում:
Բանից պարզվում է, որ մանկաբարձուհին ու սանտեխնիկը նո՞ւյն մարդիկ են:
Տարօրինա՛կ, շա՛տ տարօրինակ մոլորակ է:

Մի քիչ էլ ապրեցի ու էլի չհասկացա.
Գյուղացին ցանում է, մտավորականը ՓՈՐՁՈՒՄ է հավաքել՝ չի ստացվում:
Վերջում էլի գյուղացին է հավաքում ու…բոլորը գոհ, երջանիկ:
Մի քիչ էլ ապրեցի…
Խումբ-խումբ գնում են ընտրելու մեկին, որին չեն ցանկանում:
Հետո հավաքվում բղավում են.
- Չե՛նք ուզում, գո՛ղ է:
Հետո այդ գողն է բղավում:
- Գողերին պետք է բռնենք, անպայմա՛ն…
Հետո նորից նույն մարդուն են ընտրում:
Մեկը հո՛ղ է ուզում:
Մեկը փո՛ղ է ուզում:
Մեկը գո՛ղ է ուզում:
Տարօրինա՛կ, շա՛տ տարօրինակ մոլորակ է:

Երկու քիչ էլ ապրեցի, ձանձրացա:
Ասացի ես էլ բղավեմ, գուցե օգնի:
Բղավեցի:
- Եկե՛լ եմ, թքած ամեն ինչի վրա, եկել եմ ապրելու, ինձ ասել են գնա ապրի՛ր, ես էլ փորձում եմ…
Մանկաբարձուհի՛ չեմ:
Սանտեխնի՛կ չեմ:
Ռադիոտեխնի՛կ չեմ:
Գո՛ղ չեմ:
Մա՛րդ եմ, մա՛րդ…

* * *
 - Մա՛րդ չես էլի, մա՛րդ չես: Ասա, ի՞նչդ էր պակաս: Տունը տվեցինք, ավտոն առանք տակդ դրեցինք, գործի տեղավորեցինք, ապրի էլի քեզ համար:
- Սուրե՛ն:
- Ի՞նչ Սուրեն, Ալլա ջան, ճիշտ չեմ ասո՞ւմ, հարազատ տղայի նման նայել ենք:  Պոդումաեշ, մի անգամ կինը դավաճանել է, է հետո՞: Քեզ թվում է իմ կինը…
- Սուրե՛ն, չհամարձակվե՛ս, ես ե՞րբ եմ…
- Լավ, մի բարի պտուղն էլ դո՛ւ չես, ոչ էլ քո աղջիկը, մի ձեռքս ընկնի…խայտառակվելու ենք աշխարհով մեկ:
Կինը գլուխը կախեց ու շշննջաց.
- Կլսի, ամոթ է, չէ՞ որ ինքը մեղավոր չէ: Կարծես իրերն է հավաքում: Երևի Լուսոյին է սպասում նոր հեռանա: Ի՞նչ իմանաս:
Ամուսինը կարծես հանդարտվեց:

* * *
Մի քիչ էլ էի ապրել, երբ զգացի պարանոցիս վրայի թոկը, հետո կարծես ինչ որ մեկն ինձ հրեց:
Ես բարձր անդունդից ընկա ու տեսա ինձնից առաջ սուրացող մի մեծ քար՝ իմ պարանոցի թոկի հակառակ կողմում կապված:
Ուշ էր:
Ընկղմնվեցի ջրի մեջ:
Ջրի մեջ շունչս կտրվում էր կրկնակի, քանի որ նաև ձգում էր պարանոցիս մահվան հանգույցով կապված պարանը:
Քարն էլ հարվածելով ջրի հատակին դարերով հավաքված տիղմին՝ մի այնպիսի կեղտ բարձրացրեց աչքերիս առաջ, որ մտածեցի <Սա արդեն վերջն է…>
Մի քիչ ապրեցի այդ կեղտի մեջ:
Սկսեցի արդեն տարբերել ինչ որ ձայներ:
- Միևնույն է առանց ինձ չեն կարող ապրել…
- Պահ, մի դրան նայիր, էլ ինչ կուզեր…
Այդպես ապրեցի երկու տարի:
Երբ ջրի պղտորությունն անցավ, ավելի ստույգ աչքերս սկսեցին տարբերել, մտածեցի  թե որտե՞ղ եմ, ինչո՞ւ համար:
Պարանով սկսեցի իջնել մինչև քարն ու ամուր գրկեցի:
Հիշողությունս իմ գիտակցության կորստից սկսեց ջրի մեջ լաց լինել:
Երկար ամիսներ անցկացրեցի իմ ենթագիտակցության հատակում, առանց իմանալու օրը, ամիսը, տարեթիվը…
Ինձ ճնշում էր կորստի գիտակցությունն ու զգացմունքների ծանր, շատ ծանր բեռը:

* * *
- Որոշեցիր հեռանա՞լ, բայց ինչո՞ւ, չէ՞ որ ոչինչ էլ չի եղել, սուրճ էինք խմում: Հետո ինչ որ հյուրանոցի համարում, խնդրում եմ մի բան միայն ասա, շատ եմ խնդրում, որիշ ոչինչ չեմ հարցնի…
Անձայն փորձում եմ իմ ունեցած-չունեցածը խցկել դեղին ճամպրուկի մեջ:
Մյուս սենյակից լսվում է նրա հոր անօգնական ձայնը, փրփուրներից կառչող ձեռքերի ձայնը, խեղդվող մարդու կոկորդից մահացող հնչյունների մարող տոնայնությամբ դուրս եկող վերջին բառերը
- Ի՞նչ է հետը բերել որ ի՞նչ տանի: Ո՞ւր պետք է գնա: Կորչելու է առանց մեզ:
- Սուրե՛ն:

* * *
Գրկումս ամուր սեղմված քարը վերջապես տեղի տվեց ու վերածվեց մանր, տձև կտորների: Քարի այդ կտորները ջրի մեջ հեշտությամբ քերծեցին մաշկս արյունոտվելու աստիճան:
Պարանն ազատվեց քարից ու որոշեցի ինչ գնով էլ լինի դուրս գալ:
Ինձ դուր չէր գալիս այս տարօրինակ մոլորակի միջուկին շատ մոտ լինելու՝ չգիտես թե ում հնարած հիմար գաղափարը:
Կա այդպիսի մի տարածություն, որ կարող ենք հեշտությամբ պատկերացնել, բայց մնալ այդ տարածության մեջ, ապրել այնտեղ,  անհնար է:
Վճռականությունը ներքևից իր հուժկու բռուցքով հարվածեց ծնոտիս:
Աթափվեցի ու հասկացա, որ պահը կորցնել հնարավոր չէ ու պարանն առանց քարի պարանոցիս փաթաթած, դուրս լողացի այդ տարածությունից:

* * *
- Կարծես ամեն ինչ հավաքեցի, դե անցածն էլ ետ չես բերի, ինչ եղել եղել է, ես գնում եմ:
Լուսոյի աչքերը սենյակում սկսեցին մի հուսադրող ճամփորդություն տեսնելու թե ինչ որ մի բան մնացե՞լ է թե ոչ:
- Դու չասացիր, կկատարե՞ս իմ վերջին խնդրանքը, միայն մի հարց, մի պատասխան ու ես քեզ ճանապարհից առաջ… դու միշտ վեհանձն ես եղել: Շատ եմ խնդրում:
Կողքի սենյակից լսվեց տղամարդու կարծես վերջ չունեցող մենախոսությունը:
- Դո՛ւ, դո՛ւ ես մեղավոր ամեն ինչում, չհետևեցի՛ր, ահա և արդյունքը
- Սուրե՛ն:
- Չոռ ու ցավ քեզ, Սուրե՛ն հա Սուրե՛ն, ուրիշ ասելիք չունե՞ս:
- Ոչ, ես իմն ասել եմ…
Լուսոյի աչքերը դեռ պտտվում էին սենյակում:
- Հարցրո՛ւ, միայն արագ, էլ չեմ ցանկանում լսել հորդ ձայնը:
- Որտեղի՞ց իմացար հյուրանոցի տեղն ու հանդիպման ժամը: Դա ոչ ոք չգիտեր:
- Ինձ զանգեցին ու ասացին:
- Ո՞վ…
- Դա արդեն երկրորդ հարցն է:
Լուսոյի աչքին ընկավ բազկաթոռի մեջ ընկած բջջային հեռախոսը:
- Դե լավ, գնալուց առաջ նստենք, - արագ նստեց բազկաթոռի մեջ՝ հեռախոսի վրա:
- Ես կնստեմ ճամպրուկիս վրա, ուրիշ ոչինչ չունեմ այստեղ:

* * *
Գաղափարը, որ մարդն ունի հինգ զգայարան՝ տեսողության,լսողության, համի, հոտառության ու շոշափելիքի, մոլորակի նման հին է ու մաշված:
Մի զգայարան էլ կա Սիրո:
Դա վեցերորդ զգայարանն է:
Ես դեռ ծնված օրից եմ զգացե,լ որ այս մոլորակը տարօրինակ է, շատ տարօրինակ:
Զգայարանը կա, բայց դրա բժիշկը չկա:
Այդ զգայարանը միշտ քայլում է թթվածնի ուղեկցությամբ, տալիս ազատ շունչ քաշելու կենսատու ու անփոխարինելի զգացողություն:
Կարող է մարմինդ լինել արյունոտվելու աստիճան ճանկռված, , պարանոցիդ մնա կապույտ մի սպի՝ կյանքի հատակում խեղդվելու փորձի անխոս վկան, բայց երբ սրտիդ համահունչ սկսում է բաբախել Սիրո զգայարանը,  դու անկարող ես լինում դիմադրելու…ու մոլորակն արդեն քեզ տարօրինակ չի թվում:

Մեր մոլորակը տարօրինա՛կ է, շա՛տ տարօրինակ:
Կոշկակարը ծանոթանալիս նայում է դիմացինի կոշիկներին:
Վարսահարդարը՝ մազերի սանրվածքին:
Դերձակը՝ հագուստին:
Ռադիոմոնտաժնիկն էլ նայում է դիմացինի գլխին՝ ալեհավաք կա՞ թե ոչ:
Սանտեխնիկը, մանկաբարձուհին նայում են….
Իսկ ո՞ւր է նայում Կինը:

* * *
Լուսոն վեր կացավ բազկաթոռից:
Հայրը դեռ մենախոսում էր:
Վերցրեց հեռախոսն ու սկսեց հերթով թերթել մուտքային զանգերը՝ փնտրելով չարաբաստիկ օրն ու ժամը:
Գտա՛վ:
Անծանոթ համար է, բայց ինչ որ մի բան ներսում սկսեց այրվել՝ վեցերորդ զգայարանն արթնանում էր:
Կողքի սենյակից բարձր լսվեց հոր ձայնը:
- Դե կորեք գրողի ծոցը, կյանքս կերա՛ք…
Դրսի դռան շրմփոցով փակվելու ձայնն անդրադարձավ գլխում:
Հեռախոսը բռնած ինչպես տաք խնկամանն են տեղափոխում, մի գերեզմանաթմբից դեպի մյուսը, մտավ սենյակ:
- Մա՛մ, գտա՛, զանգե՞մ տեսնեմ ո՞վ է, մամ մեղավոր չեմ եղել…դու ինձ ուղարկեցիր ծանրոց փոխանցելու, ինչո՞ւ չասացիր…
- Խնդրո՛ւմ եմ, Լուս, մի՛ զանգիր, թքի՛ր ու մոռացիր հանուն ինձ, խնդրո՛ւմ եմ, աղաչո՛ւմ եմ:
Բայց զանգի կոճակն արդեն սեղմված էր:
Շոշափելիքի զգայարանն իր գործն արած վարպետի համբերությամբ սպասում էր…

Սենյակի անկյունում դրված մոր պայուսակից գալիս էր հեռախոսի զանգի ձայն:

* * *
1980 թվականի մարտի տասնյոթն էր:
Ժամը՝ երեքն անց քառասուներկու րոպե:
Սենյակի հատակին ընկած էր բերանը բաց դեղին ճամպրուկը:
- Ալլա՛, ինչո՞ւ չես քնում:
- Կարոտում եմ, աղջկաս, ճիշտն ասած Սուրենին էլ:

Ծանր շնչով ու հոգսերի բեռան տակ հազիվ շարժվելով, տարօրինակ մոլորակը շարունակում էր իր դառը հյուրասիրությամբ ընդունել նոր ծնունդներ: