вторник, 15 апреля 2014 г.

Երազանքների ծառը




Բնությունը մի յուրօրինակ երգիչ է:
Ունի իր ուրույն ձայնը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել ու լսել:
Բնությունը ցանկացած դիպվածի համար առանձին, համապատասխան երգ ունի:
Նա միշտ է երգում:
Հարկավոր է կանգ առնել մի պահ ու…լսել:

* * *
Գյուղը, որ ծվարած է երեք բլուրների արանքում,  վաղ է արթնանում ու վաղ էլ` քնում:
Գյուղում մնացել են միայն ծեր մարդիկ:
Հիմնականում ամռանն է, որ գյուղը փոքր-քիչ աշխուժանում է քաղաքից արձակուրդ եկած ուսանող-ուսանողուհիների ներկայությունից:
Բլուրներից մեկի վրա մի կիսաքանդ մատուռ կա: Հենց այդ մատուռի մոտ էլ հավաքվում են  քաղաքից ժամանած զբոսաշրջիկներ, մոտակա գյուղերի բնակիչներ:
Մատուռի մոտ մի ծառ կա: Առանց տերևի է:
Չորացած չէ, այդպիսին է: Ոչ ոք չգիտե, թե ինչ ծառ է:
Բոլորն անվանում են Երազանքների ծառ:
Ծառի վրա կախված են բազմաթիվ, տարբեր գույնի ու ձևի, տձև կտորներ, թաշկինակներ, ժապավեններ, ծամակալներ, …
Ըստ ավանդության` ով` ինչ նպատակ ունի, ծառից կախում է մի որևէ անձնական իր, և անպայման կատարվում է երազանքը:
Ամռան տաք գիշերներին տարեցները հաճախ են հավաքվում զրույցի ու վերջում անպայման խոսում են ծառի մասին:
- Վաղոյի աղջկան հիշո՞ւմ եք: Համալսարան ընդունվեց, երբ ծառից կախեց…
- Հա~, Արիստակի տղան էլ, ինչ վերջին անգամ եկավ գյուղ, մոտեցավ ծառին, գործերը շտկվեցին, տաքսի սերվիզ ունի քաղաքում...
- Ասանեթի աղջիկը…
- Թամարի թոռը, որ չէր բուժվում…
- Աթանեսի ախպոր ոտները, որ չէին շարժվում…
Վերջում անպայման հիշում էին Ազգուշի օղորմածիկ ամուսնուն`Շոռաչք Աշոտին, որ մինչև յոթանասուն տարեկան դեռ նայում էր գյուղի բոլոր հարսների ու կանանց հետևից:
Ախորժակով ժպտում էր ու բեղերը սղալելով` մի երկար <Ուխա~յ> էր ասում` գլուխը տմտմբացնելով:
Քանի~-քանի~ անգամ էին բռնացրել նրան սրա-նրա կնոջ հետ, մատուռի մոտերքում:
Քանի~-քանի~ անգամ էին քիթումռութը ջարդել: Բայց, դե,  ինչպես գյուղացիք էին ասում` <Կարմիր կովը կաշին փոխողը չէ>:
Հենց խոսքը հասնում էր ամուսնուն, Ազգուշը վեր էր կենում  քարից ու լուռ հեռանում:

* * *
Հիշում էր, թե քանի անգամ էր իրեն տատը խորհուրդ տվել.
- Ախչի´, դրան միայն Սուրբ ծառը կփրկի: Մի փոքր ճյուղ խաշի´, ջուրը  տո´ւր, թո´ղ չայի  հետ խմի…
Վախենում էր: Բայց մի անգամ էլ չդիմացավ ու Երազների ծառից ճյուղի մի փոքր կտոր կրծքերի մեջ պահած` բերեց տուն:
Իրեն թվաց, թե բոլորից գաղտնի ճյուղը գցեց ամուսնու տաք թանապուրի մեջ, բայց թոռը՝ Եվան տեսավ:
- Տա´տ, այդ ի՞նչ էր: Տա´տ ջան, դեղաբո՞ւյս:
- Հա´, քե´զ մատաղ, պապին մի քիչ տաքություն ունի:
Շոռաչք Աշոտը երկու օր պառկած մնաց անկողնում: Տաքությունը չէր իջնում:
Ազգուշը, որ սարսափելի վախեցել էր, երկու օր չկարողացավ քնել: Չհեռացավ ամուսնու անկողնու մոտից: Անընդհատ խաչակնքում էր.<Մեղա~ քեզ, Տե´ր Աստված, մեղա~>…
Երրորդ օրը ամուսինն արթնացավ ու հագնվելով` իջավ գյուղամեջ:
Քայլում էր գլուխը կախ, կարծես այն Աշոտը չէր:
Նույնիսկ աղբյուրի մոտ կռացած հարսների կողմն էլ չնայեց այդ օրը ու շտապ վերադարձավ տուն:
Բռնեց Ազգուշի ձեռքից ու հետևից քարշ տվեց գոմ:
- Ա´յ մարդ, հո խայտառա՞կ չես, օրը ցերեկով: Թո´ւ քո մա´րդ ասողի…Թոռների´ցդ ամաչիր…
Բայց, դե, Աշոտը լսո՞ղն էր որ…
Շատ տանջվեց, բայց ոչինչ չստացվեց: Կարծես մի աներևութ ձեռք կտրել էր ամեն ինչ:
Հետո Ազգուշն ինքը գիշերը փորձ արեց` մտքում կրկնելով. <Մեղա~ քեզ, Տե´ր Աստված, մեղա~> , ձեռքը վերմակի տակ զգույշ մեկնեց ու բռնեց ամուսնու…
Հասկացավ, որ անիմաստ է շարունակել: Աշոտն էլ գլուխը թեքեց:
- Ա´յ կնիկ, իմ հետ սենց բան չէր եղել: Էս ի՞նչ պատահեց,- ձայնը լացակումած էր, կարծես երեխա լիներ:
- Դե, վախտն ա, Աշո´տ ջան, յոթանասուն ես, էլ ի՞նչ ես ուզում:
- Չէ´, մի հին փոխան կտաս: Վաղը գիշերը տանեմ, ծառիցը կախ տամ: Երևի կօգնի…
- Ի~,  հողե´մ շոռաչք գլուխդ:

* * *
Հաջորդ օրը Ազգուշը` Եվայի ձեռքը բռնած, գնաց գյուղի ծայրում ապրող տատի տուն: Ու,երբ ամեն ինչ պատմում էր,  հինգ տարեկան Եվան  ուշադիր լսում էր:
- Ամա~ն, ախչի~,- բերանը ձեռքով փակեց տատը,- ըռխո´ւմդ կպահես, ո´չ մեկին` ո´չ մի խոսք, լսո՞ւմ ես: է´ս քորփին  խի՞ ես բերել հետդ:
- Բան չի´ հասկանա, արխայի´ն, - պատուհանից նայեց մատուռի կողմը` ծառին:
 <Մեռնե´մ զորությանդ>,- խաչակնքեց ու Եվայի հետ դուրս եկավ տանից:

* * *
Աշխատանքը մոտենում էր ավարտին, բայց Եվան չէր շտապում:
Արդեն քառասուն տարեկան էր, բայց դեռ ընտանիք չուներ, սպասող չկար տանը:
Տղամարդիկ եղել են կյանքում, բայց ընտանիք այդպես էլ չունի:
Կյանքում թրծված կնոջ կերպարով խուսափում էր լուրջ հարաբերություններից:
<Ես ոչ մեկին պետք չեմ, ինձ սպասող չկա>,- փակեց դուռն ու դուրս եկավ:
Աստիճանների վրա երկարաոտ քարտուղարուհի Անին էր կանգնած:
- Տիկի´ն Եվա, տո՞ւն, թե՞ էլի խանութներով:
- Տո´ւն, - արհամարական պատասխանեց` ոտքից գլուխ նայելով երիտասարդ, բայց դատարկ գեղեցկությանը:
Մի մեքնա մոտեցավ ու կանգնեց.
- Տիկի´ն Եվա, նստե´ք: Անի´, արի´ քեզ էլ կտանենք:

* * *
Հովիկը նոր աշխատակից էր, բայց կարողացավ արագ համակերպվել կոլեկտիվի հետ:
Շատ հեշտ լեզու գտավ հատկապես կանանց հետ:
Դե, ինչպես հայտնի է` կինը կարող է ամեն ինչ անել:
Շատ շուտով բոլոր կանայք` սկսած հավաքարար Նորայից,  սկսեցին ընդունել նրան հարազատի նման: Հյուրասիրում էին սուրճ, թեյ, կիսում էին նրա հետ իրենց ամենանվիրական խոհերը…
Եվան իր` տարիքն առած տեղակալի հետ խորհրդակցելուց հետո, նրան նշանակել էր բաժնի պետ` շարժելով  այդ տեղին հավակնող շատերի նախանձը:
Մի օր էլ սովորականի նման, երբ մտավ աշխատասենյակ, սեղանին տեսավ դաշտի ծաղիկների մի հրաշալի փունջ:
Աշխատասեյակում հաճելի բուրմունք էր տարածվել:
<Անի´ն գիտեր, որ ես մանկուց սիրում եմ դաշտի ծաղիկներ, դեռ գյուղից է մնացել>:
- Շնորհակա´լ եմ, Անի´: Քիչ հետո սուրճ կտաս,- միացրեց բարձրախոսը:
- Ե´ս չեմ բերել,- ներս մտավ Անին,- Հովիկն է բերել:
Զգույշ շոյեց ծաղիկները:
Հաճելի էր նվերը: Բայց ինքը տնօրեն է և թույլ չի տա…
Շատ անգամ էր զգացել իրեն նայող Հովիկի հայացքը` միջանցքում, դահլիճում, խորհրդակցության ժամանակ:
Բաբասանքներ  չէր սիրում, առիթ տալ` նույնպես:
- Կանչի´ր ինձ մոտ Հովիկին:
<Մի այս դեղնակտուցի´ն նայիր: Փորձում է սիրահետել: Ես քեզ ծառայողական սիրավեպ ցույց կտամ: Ա´չքդ կխոթեմ  քո և իմ` տասնհիգ տարիների տարբերությունը: Մի սրա համարձակությա´նը նայիր>:
- Կանչե՞լ եք, տիկի´ն Եվա:
- Նստի´ր, լսի´ր, քեզ ո՞վ է թույլ տվել…
- Ես իրավունք ունեմ ինձ դուր եկած կնոջը ծաղիկներ նվիրել:
- Կարող ես Անիին նվիրել, բայց ես քո տնօրենն եմ…
- Դու կին ես, գեղեցիկ, հաճելի: Ինչո՞ւ պետք է ես զսպեմ…
- Սա աշխատավայր է, հասկացի´ր: Ինձ էլ է հաճելի, բայց…
- Ուրեմն հանդիպենք աշխատանքից դուրս:
- Գնա´, աշխատի´ր:
Այդպես սկսվել էր սիրավեպը, որին լուրջ չէր վերաբերվում:
Գիտեր, որ վաղ, թե ուշ ամեն ինչ վերջանալու է անցյալ անգամների նման:
Նույնիսկ մի  օր կատակով, բայց լուրջ զգուշացրել էր Հովիկին. <Կինը ներող է: Բայց ամեն ինչ  չէ, որ կարող է ներել:  Զգուշացի´ր>:
Հովիկը ծիծաղել էր:
Հենց այդ օրն էլ ամուսնության առաջարկություն էր արել Եվային:
Մտածելու ժամանակ չէր տվել: Ու Եվան սիրո թևերով թռչում էր`ուրախանալով,  որ վերջապես իրո´ք ցանկալի, սիրելի ու պետք կլինի ինչ-որ մեկին` թեկուզ իրենից տարիքով փոքր:
<Ես էլ իրավունք ունեմ ապրելու, ինչպես ցանկանում եմ: Թո´ղ դատեն, ինչպես կարող են, բայց ես հավատում եմ նրան>:

* * *
- Սկզբում Անիին իջեցնենք, հետո` կգնանք: Ես ռեստորանում տեղ եմ պատվիրել:
Անիին իջեցնելուց հետո մեքենան սլացավ դեպի Հրազդանի կիրճ:
- Ի՞նչ ենք խմելու: Չնայած ես ղեկի եմ, բայց այսօր պետք է խմենք: Զագս-ին մնում է մեկ շաբաթ, ի՞նչ ես մտածում:
- Ես ուրախ եմ, երջանիկ, ի՞նչ պետք է մտածեմ: Ինձ <Մարտինի> պատվիրիր  ու սուրճ, ուտել չեմ ցանկանում:
- Եվա´, լսի´ր, ինչո՞ւ չես լուծում քո այդ` հնություն-տեղակալի հարցը: Նրա դարն անցել է:
- Նա շուտով ինքն է գնալու` հիվանդության պատճառով: Թո´ղ հանգիստ գնա:
- Մի լա´վ, բանիմա´ց….
- Դո´ւ ես լինելու իմ տեղակալը, պարզ չէ՞:
- Ես քեզ պաշտում եմ, Եվա´…

* * *
… Հովիկն անընդհատ շարժվում էր քնի մեջ: Եվան չէր կարողանում քնել:
Վեր կացավ անկողնուց:
Գնաց խոհանոց, հանքային ջուր լցրեց բաժակի մեջ ու չգիտես ինչու` հանկարծ հիշեց, որ Անիին տուն տանելիս Հովիկը տան տեղը չհարցրեց:
Հետո մտածեց, որ հիմար բաներ են անցնում մտքով:
Չգիտես ինչու` հիշեց  իր  մանկությունը, գյուղը…..

* * *
Առավոտյան քնի մեջ լսեց Հովիկի ձայնը:
- Ուշանում ենք, վե´ր կաց: Ես արդեն սափրվել եմ, սուրճ եմ դրել:
- Դու գնա´: Ես այսօր չեմ գա: Ուզում եմ մի լավ թավալ տալ անկողնում:
Արթնացավ, նայեց ժամացույցին` տասներկուսն էր:
Հագնվեց, շպարվեց` փորձելով ծածկել` արդեն զգացնել տվող կնճիռները:
<Ի՞նչ է գտել իմ մեջ: Միայն, որ գեղեցի՞կ եմ, թե՞>,-  ու առանց սուրճ խմելու դուրս եկավ տանից:
Հիմնարկի դռան մոտ հանդիպեց գլխավոր հաշվապահին:
- Գնում եմ հարկային, տիկի´ն Եվա: Ձեր սեղանին  աշխատավարձի ցուցակն է: Հովիկն ասաց` թո´ղ մնա սեղանին, ճշտելու բան կա:
- Հովի՞կը, Հովիկն ի՞նչ գործ ունի իմ աշխատասենյակում:
- Այո´, դե բոլորս գիտենք, որ….
Վազեց վերև: Աշխատասենյակ չհասած` ընդունարանից լսեց Հովիկի ձայնը:
Զգույշ կիսաբացեց սեփական աշխատասենյակի դուռը:
Անին նստած էր իր սեղանին: Հովիկը գրկել էր Անիի հետույքը, գլուխը թաղել մազերի մեջ:
- Այդ պառավն իմ ինչի՞ն է պետք: Երբ տեղակալ դառնամ, ամուսնանամ, բիզնեսը վերցնեմ իմ ձեռքը, այն ժամանակ ես ու դու կամուսնանանք: Մի քիչ համբերություն ու…. Գիտե՞ս ինչ զզվելով եմ սեր խաղում…
Եվան զգույշ հետ դարձավ:
Անցավ միջանցքով: Մոտեցավ իր տեղակալի սենյակին:
Մտավ ներս: Տեղակալը ոտքի կանգնեց, մոտեցավ, բռնեց թևը:
- Ձեզ ի՞նչ է պատահել, հիվա՞նդ եք:
- Սրիկա´, անասո´ւն,- վիրավորանքի ու ցավի արցունքները, որ գլորվում էին աչքերից, չէր զգում:
- Ես ի՞նչ եմ արել Ձեզ, տիկի´ն Եվա:
- Քե´զ չեմ ասում: Վարորդդ որտե՞ղ է: Պետք է հասնեմ մեր գյուղ:
- Մա՞րդ է մահացել, բարեկա՞մ:
- Այո´, մահացել է…
Տուն վերադառնալիս մեքենայի մեջ կրծոտում էր շրթունքները:
… <Նա չպետք է իմանա, որ ես գիտեմ: Իմ վրեժը միևնույն է` կլուծեմ:
Բայց վրեժը սառը խորտիկ է և պետք է մատուցել սառը վիճակում>:

* * *
Արդեն բավականին ուշ ժամ էր, որ Եվան մտավ բնակարան:
- Ո՞ւր էիր, Ե´վ, անհանգստանում եմ, չէ՞: Հեռախոսդ էլ անջատել ես:
- Մարտկոցը նստել էր: Հոգնած եմ:
- Քնի´ր, ոչի´նչ: Բայց մի տեսակ ես, հիվա՞նդ ես:
- Այո´, մի քիչ: Թեյ եմ ուզում, կխմե՞ս ինձ հետ:
- Ինչպես կասե´ս, Ե´վ ջան:
- Լավ, քանի ծխում ես, ես կսարքեմ ու կպառկեմ քնելու:
Խոհանոցում Եվայի ձեռքից եռացող թեյնիկի մեջ ընկան Երազանքի ծառի երկու փոքրիկ ճյուղ:
Թեյի երկու բաժակ ձեռքին` Եվան մտավ սենյակ:
Սեղանի մոտ Հովիկը նորից փորձեց խոսք բացել տեղակալի մասին:
- Հո´վ, թե´յդ խմիր, կսառչի, հետո կխոսենք: Ես քնել եմ ուզում:
- Ի~նչ համով թեյ է: Դե, քո ամեն ինչն է համով, Ե´վ ջան: Գիտես, չէ,՞ ես քեզ պաշտում եմ:
- Մի բան խնդրեմ: Այս երկու օրը պառկե´մ: Դու մի´ արի տուն, լա՞վ, երևի վիրուս է:
Ես քեզ կկանչեմ, չե՞ս նեղանում:
- Չէ´, ի՞նչ ես ասում: Հասկանում եմ քեզ: Թեյս վերջացնեմ, գնամ: Դու ինչո՞ւ չես խմում:
Ու որքան Եվան հասկացավ` Հովիկը մեծ ուրախությամբ հեռացավ:

* * *
Անցել էր երկու օր, երբ Հովիկը երեկոյան եկավ տուն:
Անտրամադիր էր:
Եվան փաթաթվեց նրա պարանոցին.
- Կարոտել եմ քեզ, սիրելի´ս, իսկ դո՞ւ կարոտել ես:
- Իհարկե´, Եվա´ ջան: Մի տեսակ եմ, չեմ հասկանում ինչ է կատարվում:
- Դե լա´վ, հիմա ես քեզ կբուժեմ:
Եվան հանեց խալաթը: Մնալով մերկ` բռնեց Հովիկի ձեռքն ու քաշեց դեպի ննջարան…
…- Պատահում է, Հո´վ ջան, մի´ նեղսրտիր, հոգնածությունից է:
- Ինձ չի պատահում, հասկանո՞ւմ ես, չի´ պա-տա-հում…
- Հանգստացի´ր, սիրելի´ս, կստացվի: Ես վստահ եմ:
Հաջորդ օրը նույն պատմությունն էր…
Երկու օր անց Եվան նկատեց Անիի փնտրող ու տխուր աչքերը:
Զգաց, որ նա էլ է խուսափում Հովիկից, տեսնելիս էլ` գլուխը կախում է:
<Ժամանակն է>:
- Անի´, Հովիկին կանչի´ր:
- Արի´, Հովի´կ, նստի´ր: Լուրջ խոսելու բան կա:
- Վերջապես լուծվելու է….
- Ժամանակն է, որ մենք հրաժեշտ տանք իրար: Դու ԱՅԴՊԻՍԻՆ ինձ պետք չես: Ցանկանում էիր Անիի հե՞տ ամուսնանալ, խնդրեմ: Բայց կհեռանաս իմ օֆիսից: Վարորդը իրերդ կբերի քո տուն: Հաջողությո´ւն….

Հովիկը ատելությամբ լի աչքերով նայում էր Եվային:
Կամքից անկախ մատները դարձան բռունցքներ, ատամներով սկսեց կրճտացնել: Ցանկանում էր խփել, ոչնչացնել դիմացինին, բայց շատ թույլ էր դրա համար… ու հասկանում էր դա:
Խաբել, գրավել, սրտեր նվաճել նա կարող էր:
Կարող էր նույնիսկ սպանել, եթե վստահ լիներ, որ անպատիժ կմնա, բայց այսպես նա չէր  կարող ոչինչ…

* * *
Բնությունը` ինչպես կինը, մի յուրօրինակ գաղտնարան  է:
Ունի իր ուրույն տեղը: Հարկավոր է ուղղակի կանգնել ու զգալ նրա շունչը:
Բնությունը` ինչպես կինը,  ամեն ինչ կարող է` ցանկացած իրավիճակի դեպքում`համապատասխանաբար:
Բնությունը միշտ ներդաշնակ է հոգուն:
Երբ հավասարակշռությունը խախտվում է, բնությունը պատժում է:
Ի՞նչ օրենքներով ապրել, ի՞նչ պատվիրաններով, ի՞նչ ճանապարհ ընտրել…
Ամեն ինչ շատ պարզ է: Ուղղակի ապրի´ր` զգուշանալով խախտել բնության համանվագի  ներդաշնակությունը:
Միևնույն է` դու չես էլ կարող:
Լսում ես բնության ձայնը, բացի´ր սիրտդ, գնա´ ընդառաջ…
Բնությունը` ինչպես կինը, կարո´ղ է ներել , բայց ոչ ամեն ինչ:
Հարկավոր է կանգ առնել մի պահ ու… լսել, քայլել համահունչ….






воскресенье, 13 апреля 2014 г.

... Բանաստեղծություն

* * *
Մատներիս դողից, դու շատ ես տանջվել…
արցունքս, որ երբեք գետնին չէր ընկնում,
քեզ վրա շատ է կաթացել,
հաճախ եմ խիղճս կորցրել.
ու քորեյը ելել է շալակը յամբի,
քո ներկան թողած՝ քեզ անտեսել եմ…
փախել եմ քեզնից ու հեռու կանգնել
մի օտար ափի…:

Իմ խելառ հոգին քեզ շա՛տ է տանջել,
կո՛ւրծքդ է պատռել,
հոգի՛դ ճմրթել…
Լռե՜լ ես…

Իմ խելառ հոգին քեզ դեն է նետել անտեր իրի պես,
դու դիմացե՜լ ես…
դու լուռ տարե՜լ ես,
թե՛ վայրենություն, թե՛ վիրավորանք,
թե՛ քմահաճույք…
բայց գաղտնիքներս քո նուրբ ծալքերում
պահել ես որպես սրբազան մասունք…

Արցունքս ցավից շատ է եռացել,
քարացել է՝
սոսնձվել մաքուր մարմնիդ,
քրքրել է սիրտդ սիլաբո-տոնիկան,
ամանակը՝ հարվածել դեմքիդ:

Ինձ հետ տխրել ես քո թաց շուրթերով,
(չափով ու հանգով տողս էր կիսատ)
Գիտե՜մ, մտածել ես
«Ի՞նչ է մտքինը»,
երբ բախվել են իրար գազելն ու
տերցինը:

Ների՜ր, սիրելի՜ս,
Այդպես է ստացվել,
Ինձ չե՞ս հավատում…

Քեզ շատ եմ սիրում
իմ մաքո՛ւր, պայծա՛ռ,
իմ սպիտա՛կ ու ջի՛նջ,
իմ գորովագո՜ւթ…

Իմ Գրելու Թուղթ…

2164 թվական Լոս – Անջելոս



 

Քանդված, ավերված քաղաքի փլատակների միջից մի չինացու գլուխ երևաց:
Ձեռքին գրքի նման մի բան բռնած բղավում էր.
- Նյու դո դայ դձյո դամա, նյու դո դայ դձյո դամա…
Նրա ձեռքին Լոս- Անջելեսցի մի աշակերտի օրագիր էր:

* * *
Իմ անունն է Անդ Միք
(Պապիկս մահանալուց առաջ ասաց, որ իմ լրիվ անունն է Անդրանիկ Միքայելյան, հայրս այն ժամանակ ասաց, խելքը գցել է ծերուկը, մի հավատա:)
Ես ծնվել եմ Ամերիկայում, երկիր,  որի շուրջը պտտվում են արևն ու մնացած մոլորակները:
Ազգությունս՝ ամերիկացի:
Տասնչորս տարեկան:
Հասակս 197 սմ, քաշս 148 կգ:

14 Սեպտեմբեր

Այսօր շուտ եմ արթնացել, նախաճաշել հայրիկիս հետ, վիճել ,թե ով կարող է ավելի բարձր չփչփացնելով ուտի նախաճաշը և հաղթել եմ:
Հիմա հայրս ինձ պարտք է 12 դոլլար:
Դպրոցը իմ տանից հեռու է 500 մ:
Լավ է, որ մեքենա ունեմ, կհասնեմ մեկ ժամ հետո, խցանումները այսօր քիչ են:
… Առաջին դասը պատմության դաս էր: Անցավ տխուր ու միապաղաղ:
Ուսուցիչn ասաց, որ Ամերիկան հայտնաբերել է Կոլումբոսը՝ հիմարություն: Ամերիկան հայտնաբերել ենք մենք՝ ամերիկացիներս, դրա համար էլ կոչվում է Ամերիկա:
Որտեղի՞ց են գտնում անգրագետ ուսուցիչների – չեմ հասկանում:
Հաջորդ թեման նախնադարի մասին էր, պատմում են մի անհանգիստ ազգի մասին, որին կոչել են հայեր:
Նորից հերթական հիմարությունը:
Երկրի մոլորակի պատմության մեջ եղել են երկու ազգ, շեղաչք՝ չինացիներ և մենք ազատ ամերիկացիներս, հայրս է ասել:
Դպրոցում տխուր է:
Երեկոյան հավաքվելու ենք Ջիմի տանը, աղջիկների հետ լկստվելու:

16 Սեպտեմբեր
Այսօր կիրակի է, ցանկանում էի երկար քնել, հայրս չքողեց:
- Վեր կաց, Ամերիկայի նախագահն է ելույթ ունենալու, հարկավոր է լսել:
Օրն անցավ հիասքանչ:
Հորս հետ կերանք պոպ-կորն ու լսեցինք նախագահին:
Իմ մեջ տպավորվեցին նրա խոսքերը.
- Զարմանալ կարելի է, որ մնացած մանր մունր ժողովուրդները բողոքում են, որ իրենց մենք ռմբակոծում ենք, դա մեր ազատ Ամերիկայի արդար իրավունքն է:
Աստված պահպանի Ամերիկային, որը պատրաստ է երջանկացնելու մնացած ժողովուրդներին, իսկ եթե ինչ որ ազգ չի ցանկանում երջանկանալ, մենք կստիպենք, դա մեր իրավունքն է:
Երեկոն անցկացրեցի ինտերնետում,  www. pentagon.com и www. whitehouse.org պոռնոսայթերում:
Հետո ինքս ինձ հանգստացրեցի ու պառկեցի քնելու

19 Սեպտեմբեր

Մաթեմատիկայի դասին սովորում էինք հաշվել մինչև 10:
Ես հաշվեցի մինչև 7, ուսուցիչն ինձ գովեց, ես էլ նրան և ստացա գերազանց գնահատական:
Հայրս հիմա արդեն ինձ պարտք կլինի 20 դոլլար:
Հաջորդ դասը ֆիզկուլտուրա էր:
Քանի դեռ իմ համադասարանցիները պատի անցքից նայում էին թե ինչպես են աղջիկները լոգարանում ցայվում, ես հակառակ պատի անցքից նայում էի թե ինչպես է ցայվում ֆիզկուլտուրայի ուսուցիչ միստր Լեսլին:
Մեծ դասամիջոցին Պիտն ինձ ցույց տվեց հորից գաղտնի թռցրած ատրճանակն ու  սկսեց կրակել աղջիկների վրա:
Որոնք կիսակենդան էին Պիտը կրկնում էր կրակոցը, որ շատ չտանջվեն:
Հետո եկան ոստիկանությունից ու առանց բացատրություն տալու տարան Պիտին:
Ինչո՞ւ, ոչ ոք չկարողացավ բացատրել, չէ՞ որ նա ընդամենը զվարճանում էր:
Երեկոյան Պիտին բաց թողեցին տուն:

24 Սեպտեմբեր

Այսօր դասերից հետո մեզ երկհարկանի ավտոբուսով տարան պատկերասրահ:
Պատերին՝ նկարներում մերկ կանայք էին:
Ինտերնետում ավելի լավերը կան, ինքս եմ տեսել:
Նկարներից մեկի տակ գրված էր «Ռենուար, Մերկ Մախան»:
Ես այդ Մախայի ոտքերի արանքում կպցրեցի ծամոնս:
Հոյակապ ստացվեց:
Պիտը ծամոնի վրա խրեց գրիչը:
Խոստովանեմ, որ հաղթողը նա էր, ես նրան պարտք մնացի 8 դոլլար:
Երբ մեր ավտոբուսը շարժվեց մի տարիքով կին էր վազում ու բղավում:
- Չէ որ դա միլիոնից ավել արժեն, ես կգժվեմ:
Մենք Պիտի հետ իրար աչքով արեցինք:
Մենք վարվել էինք ինչպես իսկական ամերիկացիներ ու հպարտ էինք:

1 Հոկտեմբեր

Հայրս այսօր ստիպեց դպրոց գնալուց առաջ անպայման գոլֆ խաղալ:
Թե այդ հիմարի մտքով ինչ է անցնում ամեն առավոտ, ես չեմ հասկանում:
Իմ հարվածը գնդակին կարծես ստացվեց:
Ուղիղ հորս ճակատին:
AMBULANCE- ի մեջ նայում եմ ուշակորույս հորս ու մտածում, որ լավ բան չստացվեց, եթե ուշքի չգա իմ պարտքերն ո՞վ է վճարելու:
Հոսպիտալի բժիշկն ուշքի բերեց հորս ու ասած.
- Մի տես է, նույնիսկ ուղեղի ցնցում չի ստացել, կարծես ուղեղ չկա, այ քեզ պինդ մարդ, իսկական ամերիկացի:
Ես հպարտ եմ որ այդպիսի հայր ունեմ…

* * *
Փլատակների միջից փրկարար չինացին ինչ որ բան էր բղավում:
- Կան թինգ, ջին ժի քու անգ, կան թինգ, ջին ժի քու անգ:
Թարգմ. (Այնտեղ շարունակությունն էլ կա)

суббота, 12 апреля 2014 г.

Թող լինի ինտիմ…




Ամբողջ կյանքս ինտիմ է:
Առավոտյան գլուխս բռնաբարում է հարևանի տղան, որին չգիտես ինչու ծնողները բոլոր երաժշտական գործիքները փորձելուց հետո, որոշել են, որ պետք է դհոլչի դառնա:
Բակում բռնաբարում են ծտերը - Իջնում եմ բակ մոտենում, տեսնում, որ հարևանի լվացքից մեքենայիս վրա կաթացած  օճառաջրերը դեռ քիչ են հիմա էլ ծտերն են ծրտել:
Ճանապարհին բռնաբարում է դալտոնիկ ոստիկանը:
Աշխատատեղում աչքերս են բռնաբարում աշխատակցուհիների կարճ հագած շրջազգեստների երկարությունը:
Շեֆիս մոտ մտնելուց՝ շեֆս կին է, բռնաբարում են նրա ակնոցները, որը որ երբ հագնում է անմիջապես կարմրում  է, տեսնես ի՞նչ է տեսնում դրանց միջից:
Մտքումս ասում եմ.
- Ա՜խ դու, մարազմատիկ չարաճճի, տակից այնպես եմ հագնվում, որ ոչինչ չտեսնես ու տանջվե՜ս:
Երանի այդ ակնոցները մի քանի րոպեով տար հագնեի, նայեի հավաքարար Սոնային, որը ունի 166 սմ հասակ, բարձրագույն տնտեսագիական կրթություն, գերազանց տիրապետում է անգլերենին ու միշտ «Կոկո Շանելին» ասում է «Կուկու Չանել»:
Աշխատանքից տուն գնալիս գլուխս է բռնաբարում, աշխատակցուհիս, որը մեր կողմերում է ապրում ու ամեն անգամ իմ մեքենայով է գնում տուն:
- Պատկերացնո՞ւմ ես, Վարդգեսս  թոռանս համար մահճակալ է սարքում, վախենամ մինչև վերջացնի, երեխան մեջը չտեղավորվի - ու այսպես արդեն երեք ամիս է…
- Մի րոպե սպասիր, ես հինգ րոպեով խանութ մտնեմ, ու կշարունակենք,- բնական է, որ չի լսում ու դեռ խոսում է…
Խանութում աչքերս նորից բռնաբարվում են վաճառողուհու կողմից, ուշադիր նայում եմ կրծքերին, խե՜ղճ իմ աչքեր…
- Անունս եք ուզում կարդա՞լ, - ի նկատի ունի բեյջի վրա գրվածը…
- Ինչո՞ւ ներսի կողմից էլ է գրված «Արմինե», նակոլկա՞ է:
Նայում է վերնաշապիկի մի չկոճկած կոճակին ու ժպտում:
- Առաջարկում եմ այս մակիյաժի հավաքածուն, իհարկե դուր կգա Ձեր կնոջը կամ …
- Վերցնո՜ւմ եմ, - վերցնում եմ տուփը ձեռքերով, իսկ աչքերով նրա կուրծքն ու նորից շտապում մեքենայիս մոտ, որտեղ աշխատակցուհիս դեռ պատմում է Վարդգեսից:
Տուն եմ մտնում՝ կինս է գլուխս բռնաբարում:
- Չես տեսնո՞ւմ, որ նոր եմ մաքրել, գոնե կոշիկներդ հանիր…
…անցած անգամ միսն աղալիս մսաղացը չէիր մաքրել, մեջը միս էր մնացել, հոտել էր…
…այս ինչպե՞ս ես լվացվում, ամբողջ հատակը ջրի մեջ կորած է…
…կյանքս կերել ես քո սափրվելով, հազար անգամ եմ ասել, իմ մազերի շամպույնով մի սափրվիր..
Չեմ դիմանում.
- Լավ էլի՜, Սուս, բռնաբարիր թողիր,  մի քիչ պոետիկ մտածիր, գլոբա՜լ:
- Ինչո՞ւ պետք է պոետիկ մտածեմ, ես անասնաբուժական կրթություն ունեմ ու քո նմաններին պետք է բուժեմ, բա դու խիղճ ունե՞ս…  գոնե այսօր, որ ծննդյանս օրն է…
Ծիծաղում եմ ու մեկնում նվերը:
Ծիծաղս բռնաբարվում է ամբողջ բնակարանով մեկ, նրա հեծկլտանքով:
- Քեզ ի՞նչ եղավ, ուրախությունից այդպես չեն լաց լինում, գժվեցի՞ր:
- Ոչ, պոետիկ եմ մտածում ու քիչ է մնում արցունքներից խեղդվեմ: Պոետիկ եմ լաց լինում:
Ուզում եմ պոետիկ մեռնել…
- Ի՞նչ պոետիկ:
- Դու ես ասել, որ երբ մարդը մեկին սիրում է նա չի կարող նկատել սիրած էակի տարիների հետ առաջացող կնճիռները: Հիմա, որ դու ինձ այս մակիյաժի տուփն ես նվիրում ուրեմն էլ չես սիրո՞ւմ, նվիրում ես որ ծածկեմ կնճիռնե՞րս…
Տուփը, որը կարողացավ պոետիկ շարժումներով պարել օդում, թռավ ու զարկվեց պատի չաշխատող ժամացույցին, որի մարտկոցները արդեն քանի անգամ կնոջս զգուշացնելուց մոռանում էի գնել ու փոխել:

Կեսգիշեր է…
Գրում եմ ինտիմ տողեր, այսինքն կյանքի մասին, ուրիշ էլ ի՞նչ…
Բայց զգում եմ, որ այն չէ, պակասում է ինչ որ բան, ինչ որ դետալ, ինչ որ մասնիկ, որ այն դարձնի կատարյալ…
Մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս, սկսեց կարդալ գրածս:
- Այ այստեղ պետք է գրել…. Այ այստեղ բութ դիր ու շարունակիր այ այսպես…այստեղ շաղկապն ավելորդ է, այս բառը տեղափոխիր նախադասության վերջ…
Ահա թե ինչ էր պակասում իմ կյանքում՝ընդամենը կին, բավական էր կնոջ հպումն իմ պոեզիային ու…
Բավական էր կնոջ հպումն իմ կյանքին ու…
Ինտի՞մ…
Թող լինի ինտիմ…

Խճանկար (շարք)