суббота, 22 марта 2014 г.

Ճնճղուկը (բանաստեղծություն)

Այրվում է սիրտս…
Վառվո՜ւմ,
կրա՛կը սև է,
կայծերը բոսո՛ր,
լեզուս մոխի՛ր է
հայա՛ցքս մոլոր…
Որտեղի՞ց սկսվեց հրդեհը սրտիս.
Քեզնի՞ց,
արևի՞ց,
թե՞ պատուհանիդ անդրադարձ շողից…

Մի փոքրիկ ճնճղուկ է
նայում ինձ ծառից,
անտոհմ ու անցեղ
ինձ մեղք է գալիս:
փորձում է օգնել, փորձում հանգցնել,
թռչում հեռանում, անձրևաջուր է
կտուցով բերում,
արցունքն աչքերին լցնում է սրտիս,
ու նորից…
նորից…

Երկրպագել եմ արագիլներին,
կռունկներին եմ ձոնել երգերս,
նույնիսկ սև սպիտակ գող ագռավներին
հերոսներ սարքել,
իսկ քեզ, իմ ճնճղուկ, երբեք չեմ հիշել

Սիրտս է այրվում…
կրակն էլ սև է…
այրվում է ճնճղուկը,
ճնճղուկն ինձ հետ է:
ու ամեն անգամ իր բերանում ջուրը պահած՝
արտասուքի կաթիլներ է
գլորում ցած,
ավելացնում ջրին բերած:

… Այրվել էր սիրտս,
ու լեզվիս նման մոխրացել վաղուց,
իսկ ճնճղուկը դեռ
շարունակում էր  կտուց առ կտուց
անձրևաջուրը  կրել, հասցնել ,
Շարունակում էր արցունքներ թափել…

Սիրտս էր վառված,
Վերքերս՝ բացված,
ու օգնությունը, անթամբ ձիերի վրա բարձրացած
խուժում էր մրմուռ,

մարմինս էր ծխում,
ծխում խնկաբույր,
պատուհաններիդ լույսը չէր վառվում …

ծառի ճյուղին էլ ճնճղուկն էր հևում…

Դու մերկ էիր... (բանաստեղծություն)

* * *
Դու մերկ էիր աչքերիս մեջ,
մութն էլ լղոզված մարմնովդ մեկ,
աղոթքի նման
կաթում էր ներքև…
ու լռությամբ պաշարված
աչքերիս մեջ այլ կյանք էր,
սև էր…
պարզ …
ու ջինջ,
դու խոսեցիր իմ մեջ,
բայց չասացիր ոչինչ:

Փակում եմ աչքերս, որ մնաս այնտեղ,
բանտելու համար չեմ ասի մեղա՜,
ապրում եմ ներկադ փոքրիկ աչքիս մեջ,
կոպերս երգում են գեղեցիկդ,
դողո՜ւմ,
թրթռում անընդմեջ,
արցունքս վախենում է, որ հանկարծ ճչաս …
դու ներկա ես իմ մեջ,
բայց արդեն չկաս:

Այս հիմար գիշերը կարապի տեսքով
իմ աչքերի մեջ
խուլ ու մունջ հևաց,
ու տեղի տվող խավարն իր կամքով
դանդաղ մահացավ անունդ գրկած:

Լուսաբացի վայրի ափը
իջավ կրծքիս - դատարկ արձագանք,
իրական բութ ցավ կամ
մեղք առաջին,
առանց քեզ բացվող արեգակ սադրիչ,
կյանքը խաղալիք,
ծաղր ու ծանակ,
լեզուս ըզգում է արցունքն առանց աղ…
թույլ մի օրօրում խավարի եզրին,
ձեռնոցներ նետված դատարկ աշխարհին…

Ոչինչ չեմ ուզում
միայն թե մեկը հայտնվի անտես
ու օրհնի գիշերվա
տառապանքներս…


Ս.Ումառ

Հեքիաթնե՜ր, հեքիաթնե՜ր



Որպես նախաբան

Զոքանչս տարօրինակ կառույց է, ավելի ճիշտ կիսակառույց՝ բաղկացած ոտքերից, մարմնից ու գլխից:
Ոտքերը լուռ:
Մարմինը շատ:
Գլուխը ծանր:
Այնպիս հուշիկ քայլերով կմոտենա ամենաանպատեհ ժամանակ, որ կթվա թե քեզ մի դառը հիշողություն է այցի եկել ու դռների մեջ կանգնած արհեստական ատամնաշարով ժպտում է (այս բառը շատ հեռու է իրական լինելուց):
Մարմինը պարտքերիս նման սահմաններ չունի ու տարածվում է իմ ամբողջ բնակարանով, լցնելով նաև ինձ համար ամենանվիրական անկյունները:
Գլուխը լցված է թթվակայուն, հիմնակայուն, դյուրահալ, դժվարահալ, փափուկ, կարծր և այլ համաձուլվածքներով, որոնք. լայնորեն օգտագործվում են ինձ հետ խոսելիս:
- Հը՞, էլի գործ չճարեցի՞ր, անբանի մեկը, մեկն ասող լիներ թե աղջկաս աչքերն ո՞ւր էին, որ քեզ նմանին…
- Դեռ ոչ, մամ ջան…
- Գրողս քեզ մամ ջան, ինչքա՞ն պետք է աղջկաս վզին նստած մնաս, իսկ էդ երեխուն ինչե՞ր ես սովորեցնում, ինչ ժամանակակից հեքիաթներ, որ քեզ նման դառնա՞, թե՞ կարծում ես չեմ լսում պատի այն կողմում:
- Ես նրան ճիշտ խոսել եմ սովորեցնում, ճիշտ մտածել, ճիշտ տրամաբանել ու ճիշտ որոշումներ կայացնել…

Ժամանակակից հեքիաթ

- Ենթադրենք թե քո այդ ասած Սատանան, եռաժանին ձեռքին ընկել է, ասենք տատիկիդ ետևից, պա՞րզ է:
- Ինչու տատիկի՞:
- Դե այդպես հարմար է, ժամանակակից: Եվ մի՞թե քեզ հետաքրքիր չէ, թե արդյո՞ք Բարին կհաղթի Չարին, թե՞ ոչ:
- Հետո՞:
- Տատիկդ փախչում է, հասնում է մի ճամփաբաժանի, երեք ճանապարհ են, ո՞ր մեկով  կփախչի:
- Չգիտեմ, իսկ ի՞նչ կապ ունի թե որով, դա իր խնդիրն է:
- Ճիշտ է, մի խառնվիր, որպես հասկացող ու ամենագիտակ կին նա ինքը կընտրի իր  ճանապարհը, պա՞րզ է:
- Պարզ է, հետո՞:
- Դու նստած սպասում ես, մոտենում է Սատանան ու հարցնում, թե ո՞ր կողմ փախավ տատիկը, դու ի՞նչ պետք է պատասխանես:
- Կասեմ, չգիտեմ, չէ ո՞ր…
- Ոչ, դա ճիշտ չէ, դու պետք է ճիշտ պատասխանես, ճիշտ ցույց տաս ճանապարհը, հասկանալի՞ է, որպիսզի Բարին հաղթի Չարին…

Գիշերային հեքիաթ

Աջ ձեռքով հարվածիր աջ ազդրիդ ու լսի՛ր հարվածի ձայնը…
Ձախ ձեռքով հարվածիր ձախ ազդրիդ ու նո՛րից լսիր հարվածի ձայնը…
Լրիվ տարբեր ձայներ, հետաքրքի՜ր է:
Քո աջ կողմից լսիր քեզ դավաճանած մարդու արդարացումը…
Հետո ձախ կողմից լսիր նույն արդարացումները…
Լրիվ տարբեր ձայներ, հետաքրքի՜ր է:
Դիմացից, աջից, ձախից, վերևից, ներքևից…լսիր սիրո անկեղծ շշուկներն ու ամեն անգամ կհամոզվես որ նույն, Աստվածային ձայնն է շոյում, մերսում ուղեղդ, քեզ հասցնում հոգեկան անդորրի ու տանում տանում այն ճանապարհով, որով քեզ հաճելի է քայլել, շուրջդ նայել…
Նայե՜լ…
Մի՞թե լինում է սիրել նաև նայելով…

Անկողնում պառկած նայում ենք իրար, ոչ մի ձայն:
Սիրում ենք աչքերով, շոյում հոնքերով ու աչքերի մի թարթումով հասնում այնտեղ, որտեղից ետ գալը հավասարազոր է հոժար կամքով դժոխքի դուռը թակելուն:
- Ինչո՞ւ մայրդ չի սիրում ինձ, ի՞նչ եմ արել, չե՛մ հասկանում:
- Մի՞թե բավական չէ, որ ես եմ քեզ սիրում, ինչո՞ւ խառնեցիր լռությունը, ես քեզ աչքերով էի սիրում, ընդամենը տասը սանտիմետրի վրա, սպասում էի, թե ե՞րբ պետք է անցնեմ այդ ահռելի հեռավորությունն ու լինեմ քո ձեռքերում, թաքնվեմ քո գրկում գիշերվա աչքերից:
- Թաքնվելու ամենահարմար տեղն իմ սիրտն է, որն արդեն հոգնել է…
- Մի՛ սկսիր, ամեն ինչ լավ է, գրկի՛ր ինձ, սիրի՛ր:
- Պատի այն կողմից մորդ խռմփոցն ինձ խանգարում է, քիչ է մնում խելագարվեմ:
- Դե, ի՞նչ արած, քնած է:
- Քնած չէ՛, արհեստական խռմփոցներ են, մի՞թե չես լսում…
- Դե լա՛վ, վերջացրո՛ւ,- կնոջ ժպիտն ամբողջությամբ կուլ տվեց տղամարդու անհանգստությունն ու աշխարհից ժամանակավորապես բացակայելու ամենահզոր ցանկությունը…
Գիշերն արհամարվեց…
Լռությունը, որ մինչ այդ անտարբեր լռում էր, խենթացավ հոգոցների ձայներից…
Աստղերը, որ աչքները չռած սպասում էին հերթական բարի գիշերվա ստվերային պարին, ամոթխած ծածկեցին կոպերը…
Լուսինը ժպտում էր…
Տիեզերքն իր տարերքի մեջ օրորվում էր երազային երաժշտության ներքո…   
Բոլոր մոլորակները դիմացից, աջից, ձախից, վերևից, ներքևից…նախանձով նայում էին Երկիր մոլորակին, որտեղ Տղամարդն ու Կինը հասել էին մի ճամփաբաժանման ու չէին ցանկանում բաժանվել…
Ճամփաբաժանման եզրին մի ուրվական էր նստած՝ Կրքի ուրվականը, որը չէր ցանկանում խոսել, բայց ստիպված էր.
- Չե՞ք ցանկանում տարբեր ճանապարհներով, ուրեմն ետ գնացեք ու նորից եկեք, այնքան քանի դեռ Լույսը չի եկել, չէ որ լույսի հետ կգա նաև դուստր կոչվող հրաշքն ու կասի.
«Ես եկա, մա՛մ, պա՛պ, ճանապարհ տվեք»:
Կտեղավորվի ձեր միջև ու կսկսվի հետաքրքիր հարցերի ու սպասվող անհասկանալի պատասխանների շարանը…

Առավոտյան հեքիաթ

- Ի՞նչ է, չես հագեցե՞լ, թո՛ղ, անհարմար է, հիմա Հասմիկը կգա:
- Դեռ ժամանակ ունենք,- տղամարդու մատները ծածկել էին կնոջ կրծքերն այնպես, ինչպես ցանկալի կապույտ ամպն է ժամանակին հասնում ու ծածկում սարի գագաթը անցանկալի աչքերից:

… Ճռռաց դուռն ու բացեց դեպի իրակություն տանող արահետը, որի վրայով մազերն արձակված դեպի արևն էր վազում մի փոքրիկ-փոքրիկ աղջնակ, ձեռքերը թափահարելով ինչ որ բան էր բղավում ու ծիծաղում…
- Ես եկա՜, մա՛մ, պա՛պ, ճանապարհ տվեք:
Տեղավորվեց մեջտեղում:
- Պապ, ես տեսա այն երազը, հիշո՞ւմ ես որ երեկ պատմեցիր:
- Հիշում եմ, և ի՞նչ:
- Ի՞նչ երազ Հասմիկ ջան,- մայրական ձեռքը շոյում էր անմեղության այտն ու սպասում…
- Դե, նստած էի, եկավ այդ Սատանան ու ես ասացի ամեն ինչ, ինչպես որ պապան է սովորեցրել, ճիշտը ասացի չէ՞, պապ:
- Ապրե՛ս, դու Իմ աղջիկն ես, բայց կարծես թե Բարին չի հաղթել Չարին, լսո՞ւմ ես պատի այն կողմում, տատիկիդ սենյակից ձայներ են գալիս: Խաբե՞լ ես Սատանային, չարաճճի աղջիկ…
- Ո՛չ, պապ, չե՛մ խաբել, ես երազում այն մյուս տատիկին եմ տեսել, քո մամային ու ճիշտն ասել եմ Սատանային:

Կնոջ բարձի տակ ծիծաղի բոլոր մասնիկները ելել էին իրար վրա ու պարում էին մի խելահեղ պար, մի անվերջանալի կրկնվող երաժշտության տակ…
Տղամարդու շուրթերին, ձեռքը կոնքերին ծալած սառած ժպիտը կծկումներից փքվում էր ու եղունգներով ուղեղում գրում.
«Դու, ամեն ինչ ունես,
ամեն ինչ,
քեզ էլ ի՞նչ է հարկավոր…»

Որպես վերջաբան

Երկնքից ընկան երեք խնձոր…
Երեք խնձորներն էլ զոքանչի կնճռոտ ձեռքերով դրվեցին երազանքի կապույտ երիզ ունեցող ափսեի մեջ ու մատուցվեցին փեսային…քանի որ տանը միայն երկուսով էին:
Տղամարդու զարմացած աչքերը բարձրացան ու նայեցին ճմրթված բարձ հիշեցնող կնոջ դեմքին:
- Լավ չեմ, Արամ ջան, մի բան լինի, չվախենաս, դոշակիս տակ էլ պահած փող ունեմ…
Ձեռքով հենվեց գրասեղանին ու մի կերպ ընկավ աթոռի վրա:
- Դեղդ որտե՞ղ է, ասա բերեմ, ուզո՞ւմ ես Շտապօգնություն կանչեմ, դե ասա, ի՞նչ անեմ:
Բղավոցն անկեղծ էր ու ուշացած…
- Ոչինչ հարկավոր չէ, այս գիշեր երազումս ետևիցս Սատանա էր ընկել, հիմա ինձ ոչինչ չի փրկի…

Ս.Ումառ 
Երևան 2014





Գամված Սիրո խաչին (բանաստեղծություն)

                             … Զարմանքո՛վ գուցե նայես դու իմ այս
                                  Գրքի էջերին՝ թե անշուք թե՛ պարզ,
                                  Հեգնանքով գուցե ժպտաս ու ասես
                                  Թե պոետը մեր այս ո՞ւր է հասել…
                                                                Չարենց     1929 թ.

* * *
Տե՜ր իմ,
սիրո այս խաչին,
ինչո՞ւ ես գամել,
ժանգոտ մեխերը սիրտս մխրճել…
մի՞թե քիչ էր քեզ, կորուստը մեկի,
չէ ո՞ր որդիդ եմ՝ ճոռը Ադամի…

Գուցե որդի՛դ չեմ…
պե՛տք է ապրեմ խուլ ու կույր,
պե՛տք է լինեմ մի ճիչ արդար,
ազնիվ ասպե՛տ, միշտ անհույս,
պետք է ծամեմ քրտի՛նք, արցո՛ւնք, հույսի ցա՛վ,
պե՛տք է լսեմ քահանայիդ սուտասան,
պե՛տք է լինեմ խաչի վրա, մեկուսի,
ու կրկնեմ տանջանքները Հիսուսի…

Սիրո զգեստը  հանել ես իմ  վրայից,
աչքերիցս աղ է կաթում վերքերիս,
ես որդի՛դ եմ, մի քիչ խելա՛ռ մի քիչ խե՛նթ,
ու չեմ ուզում խաչի վրա մնամ մերկ:
ինձ իջեցրո՛ւ թող որ հոգիս տաքանա,
կամ էլ թույլ տուր, որ նա ինձ մոտ բարձրանա:

Տե՜ր իմ,
Դու ի՞նչ ես տվել ինձ կյանքում,
ծնո՞ղ,
մանկությո՞ւն,
զուր տանջանքներից  մորթվելու դանա՞կ,
եվ դրա դիմաց
առաջարկում ես
ընդամենը հո՛ղ,
սիրուս համար էլ
պահանջում ես հարկ…

Տե՜ր իմ,
միգուցե վառե՞ս, մոխրանամ,
մոխիրս լցնե՛ս բալենու քոքին,
միգուցե մյուս զարթոնքին գարնան,
սիրո այլ շնչով ծաղկի բալենին…

Միգուցե երկրորդ գալո՛ւստը տոնեն ,
ադամորդիքը բալենու սրտով,
միգուցե փոխվի աշխարհը մեկեն,
սիրտը աշխարհի բլթբլթա սիրով…

Այս խաչի վրա, ինձ հետ միասին
ցավե՛րս են խաչվում,
կեղծ բարեպաշտները արյո՛ւնս են խմում,
ուղե՛ղս են լափում,
գրող համարվող
որդերը ամբոխ…
Տե՜ր իմ,
չե՞ս տեսնում…

Տե՜ր իմ,
միգուցե ես չեմ հասկանում,
նոր Բա՞ն ես ուզում դնել այդ խաչին,
ես պատահական զոհն եմ առաջին՝
մի նոր Գաղափա՛ր կամ մի նոր Ուսմունք,
որ պետք է հետո համբառնի երկինք,
ու դառնա մի նոր
սրբազան Մասունք:
մի Նոր Գի՛րք գրվի
Նո՛ր Աստվածաշունչ,
Նո՛ր Առաքյալներ
մի Նո՛ր Արարում…

Եթե այդպես է, կմնամ խաչին,
թող որ արարվեն Նոր Առաքյալներ,
ոչ թե տասներկու այլ՝քառսուն-քառսուն,
ու ոչ թե՛ կյանքում հերոսը հաղթվի գինուց,
կնոջից…
այլ միայն, միայն
Սիրո՛ւց առաջին…

Տե՜ր իմ,
Թույլ կտա՞ս,
(Դո՛ւ ես թողնողը)
Որ այդ Նոր Գրքի առաջին տողը,
Քավության այծի իմ իրավունքով,
Գրվի իմ ձեռքով…

Ս.Ումառ






пятница, 21 марта 2014 г.

Ֆեյսբուքյան իմ երազ…



Ո՞վ է ասել որ սոցցանցերն անհոգի են:
Հիմարություն:
Սոցցանցերը կենդանի էակի նման շնչում են, համբուրում, շոյում, հուզվում, հուզում, շառագունում, սիրում, ատում…հակառակ դեպքում չէի զգա նրա ափերի ջերմությունը կրծքերիս վրա, մարմինս չէր ձգվի լարախաղացի ոտքերի տակ ճոճվող լարի նման, ոսկորներս չէին ճռնչա տատիկի պահարանի բացվող դռան նման:
Հակառակ դեպքում չէին քարանա պտուկներս նրա՝ սոցցանց մտնելու պահին:
Հակառակ դեպքում չէի ցանկանա տրվել նրան հենց այն պահին, երբ էկրանին վառվում է սոցցանց մտնելու մասին տեղյակ պահող կանաչ, բաղձալի լույսի կոճակը:
Այդ խելահեղություններից մեկի անունը Facebook է:
Իսկ նրա անունը՝ Հայկ (համենայն դեպս այդ անունով է գրանցված):
Չեմ ճանաչում նրան, ձեռքը երբեք չեմ բռնել, ափերով չեմ շոյել նրա այտերը, չեմ շնչել նրա օծանելիքի բույրը, որն ինձ թվում է, թե ունենալու է  յասամանի բույր, բայց այնքան հարազատ եմ զգում նրան, որ անճարությունից կծում եմ ներքևի շուրթս ու զգում արյան համը:
Սոցցանցը՝ սոցցանց, բայց ցանկանում եմ որ լինի կողքիս, նայի ինձ իր զմրուխտի գույն ունեցող աչքերով ու հագենա ինձնով:
Նրա ներկայությունն ինձ մոտ կառաջացնի թեթև, հաճելի  դող, խոր հոգոց, երբ կարողանամ արտասանել անունը – Հայկ:
Հայկ…
Ո՞ւր ես, ինչո՞ւ չի վառվում քո ցանցում լինելու կանաչ լույսը:
Դու չգիտե՞ս որ անհամբեր սպասում են քեզ…
Հայկ…
Չեմ վառի սենյակի լույսը, միգուցե բաց թողնեմ քո՝ սոցցանց մտնելու պահը:
Պահ, որին պաշտում եմ արդեն քսանմեկ օր:
Տխուր է առանց քեզ, տխուր:
Իմ տխրությունը չափվում է կիլոմետրերով:
Ուղիղ հարյուր տասնհիգ կլիոմետր…
Գժվել կարելի է:
Քսանմեկ օր անընդհատ, հարյուր տասնհիգ կլիոմետր հեռավորության վրա  ես քեզ հետ շփվել եմ մերկ հոգով ու մերկ լեզվով՝ քեզ նվիրելով ամենանվիրական բառերս ու մտքերս:
Ես պատրաստ եմ նորից քեզ հետ խոսելու, կիսվելու, շոյելու, համբուրելու, իսկ դու չկաս…ատում եմ քեզ, զզվում…
Ատում եմ այս հիմար ժամացույցի սլաքներին, որոնք կարծես արդեն հոգնել են ու չեն կարողանում առաջ շարժել:
Հիշում եմ քո կողմից կատակով գրված Ֆեյսբուքյան լեգենդը:
< …եթե ամսվա քսանմեկերորդ օրը, գիշերվա ուղիղ ժամը տասներկուսին հանդիպես ինչ -որ մեկին, ուրեմն հենց նա էլ կլինի քո իսկական սերը, որը չունի արգելքներ, չունի սահմաններ, անկեղծ ու լուսավոր…ինչպես մանկան հոգին…>

Կյանքում այդքան հեռու ես ինձնից, իսկ այստեղ ընդամենը մեկ համբույրի հեռավորության վրա ու չեմ կարողանում լսել,տեսնել “ձայնդ”:
Լսել, “կարդալ” քո շուրթերից այդքան սպասված երկու բառը. “Բարև, սիրելիս… ”
Այսքան տենչագին ու հուզված եղել եմ կյանքում մեկ անգամ, երբ ամուսնուս հետ ԶԱԳՍ-ից դուրս եկա ու աստիճանների վրա տեսա բազմաթիվ հյուրերի:
Այն ժամանակ մտածեցի. <Աստված իմ, երբ այսքան մարդիկ կվերջացնեն իրենց խնջույքն ու մեզ մենակ կթողնեն մեր ամուսնական անկողնում, միթե՞ կարելի է այդքան համբերել…>:
Հիմա իմ մեկ այլ ամուսնական անկողինը համակարգչի էկրանն է, որի առաջ մենակ եմ  ու անզոր…
Հայկ…
Պատահականությո՞ւն է, նախախնամությո՞ւն, թե՞….որ ամուսնուս անունն էլ է Հայկ:
Բայց հնչում է այլ կերպ՝ կողքի սենյակից խռմփացնող ձայնին համահունչ…
Ֆեյսբուքը սիրտ չունի՞, որ չի զգում իմ անվերջանալի հառաչանքները:
Ունի…դա կայքի գլխավոր սերվերն է, որ իմ անվերջ refresh-ներից բազմաթիվ վերքերով քաշվել է մի կողմ ու վախեցած աչքերով սպասում է ստեղնաշարի F5  կոճակի հերթական  հարվածին:

* * *
Ներս մտավ Հայկը՝ կիսաքնած աչքերով, կիսավարտիքով:
Գիշերվա ուղիղ տասներկուսն էր:
Աննան ոտքից գլուխ նայեց գնահատողի հայացքով ու անջատեց համակարգիչը:
Զգաց, թե ինչպես աչքից արցունքի մի կաթիլ ուզում է, բայց չի կարողանում բայց պոկվել:
- Չե՞ս վերջացնում, առավոտյան աշխատանքի չե՞ս: Աչքերդ կփչացնես, գնանք քնելու:
Ինչո՞ւ ես զարմացած նայում, կիսահագնված չե՞ս տեսել ինձ,- ծիծաղեց:
- Գուլպայով ես քնել, ինչո՞ւ ես առանց հողաթափերի, մեռա կարկատելով գուլպաներդ:
- Ո՞ւր է, - նայեց ոտքերին: Մի գուլպան հագին էր քնել:

<… Վերադառնալ ռեալ կյանք: Տհաճ է, չեմ ցանկանում, ցավոտ է ու տխուր…
Ռացիոնալ վերաբերվել պահին – ժամանակ չկա:
Ի՞նչ անել:
Դե այս Հայկն էլ իր ամուսինն է, ու ոչինչ չես փոխի արդեն:
Ունեն ընդհանուր կենցաղ, ընդհանուր գործ…
Ծանր տարիներին եղել են կողք- կողքի կիսել ամեն, ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, բայց ամեն բան սահման ունի:
Իսկ մեղավո՞ր է նա, չգիտեմ, չեմ հասկանում, ի՞նչ անեմ…>

Կռացավ, ննջարանի դռան մոտից բարձրացրեց կորած գուլպան, երկար նայեց բութ մատի կողմից ծակված գուլպային:
Հանգցրեց լուսամփոփն ու փորձ արեց վրայից հանելու խալաթը,  երբ կիսամութի մեջ տեսավ Հայկի հետաքրքրասեր աչքերը:
- Ի՞նչ ես աչքերդ չռել:
- Այ  քեզ նորություն,- Հայկը նեղացած շուռ եկավ դեպի պատը:
Կիսամերկ պառկեց ամուսնու կողքը՝ վերմակը քաշելով իր կողմը:
Փակեց աչքերը:
Տեսավ մյուս Հայկի հայացքը, որ ժպտում էր ինչպես որ համակարգչի նկարում էր:
Հիշեց, թե ինչպես էր համակարգչով տրվում նրան, սեր, պահանջ, սիրախաղ,… սարսռաց:
Բացեց աչքերը:
Պատկերն անհետացավ ու աչքի առաջ ուրվագծվեցին ներկա Հայկի կիսաբաց ուսերը:
- Հայկ, - ձայնն արբեցնող էր ու անսպասելի քնքուշ, կարոտով, հույսով լի:
- Լա՞ց ես լինում, - հոգատար ու կիսաքուն ձայնը սթափեցրեց:
- Ոչ, չգիտեմ ինչու տխրեցի, գուցե դո՞ւ կիմանաս:
- Քնիր, հոգնած ես, առավոտյան պարզ կլինի:
Խոսակցությունը չէր ստացվում:
Միգուցե արդեն այրվել են դեպի սիրտ տանող բոլոր ճանապարհներն, ու էլ ոչինչ չի մնում քան այսպես լքված պառկելն ու արտասվելը:
Նորից փակեց աչքերն ու տեսավ մառախլապատ մի պատկեր, կարծես ինչ- որ մեկը վերցրել ու դիտմամբ խառնել էր սեքսը, զգացմունքները, սուտը, վիրտուալ դավաճանությունն ու վիրտուալ սերը:
Հիմա այդ խառնուրդը մանկական կերի սրվակի մեջ լցված դանդաղ մոտենում է իր շուրթերին ու փորձ է անում լցվել իր մեջ ասելով.
<Սա էիր ուզո՞ւմ, դե խմիր, հագեցիր, նվաստացրու ամուսնուդ համակարգչի առաջ ու միգուցե լինես երջանիկ, բայց մի մոռացիր որ երջանկությունն էլ կարող է վիրտուալ լինել, դե խմիր ինչի՞ ես  սպասում, ո՞ւմ ես սպասում…խմիր…>
Բղավեց:
Հայկը նստեց անկողնու մեջ:
- Քեզ ի՞նչ եղավ Ան ջան, ինչ- որ տեղդ ցավո՞ւմ է, ասա:
- Ոչ, համբուրիր ինձ,- փաթաթվեց ամուսնուն ու գլուխը հենած ուսին սկսեց արտասվել:
- Ներիր ինձ, ներիր…
- Քեզ ի՞նչ եղավ, չես էլ քնել, որ ասեմ երազում ես ինչ- որ բան տեսել, ի՞նչ է եղել:
- Համբուրիր, ձայն մի հանիր, խնդրում եմ:
Զգաց, թե ինչպես են կամաց- կամաց կարմրում այտերը, ամոթի՞ց, հիշողությունի՞ց, թե՞…
Ուղեղում պտտվում էին այն մյուս Հայկի կողմից ուղարկված վիրտուլ համբույրները, որոնց նա դեռ երեկ զգուշորեն տեղավորում էի կրծքերի, փորի, ազդրերի, մեջքի, սրունքների վրա ու մանկան պես հրճվում, որ սիրված է, սիրում է, գժվում է, կարող է նույնիսկ մեռնել մեկի համար, որը գոյություն չուներ իրական կյանքում:
Չունե՞ր…
Ուներ գոյություն, ու համակարգչային համաճարակի պես մտել էր իր մեջ ու ավերել ամեն ինչ, ամեն ինչ, ընդհուպ մինչև դեպի կողակիցը գնալու այն մի քանի սանտիմետր հեռավորությունը, որը տարիներով չէր քանդվել՝ ճաշակելով դառնության բոլոր էտապները:
- Համբուրիր, էլի, էլի, ավելի թաց, ավելի տաք, դու ինչ է, չգիտե՞ս թե ինչպես պետք է համբուրել կնոջը:
Հայկը գլուխը թաղած կրծքերի մեջ համբուրում էր ու չէր հասկանում թե ի՞նչ է կատարվում Աննայի հետ:
- Սիրելիս եկա՞ր, ինչքան եմ սպասել, ընթրե՞լ ես, ո՞չ, այդ ժամանակ կարող ես ինձ որպես ընթրիք…
Չհասկացավ, թե ինչպես շշնջաց այդ բառերն ու երեխայի նման կարմրեց:
- Դու ինչ է ցնդե՞լ ես, հիվա՞նդ ես, ես որտեղի՞ց պետք է գայի, ի՞նչ ընթրիք…
- Ես երջանիկ եմ, դու կաս, չես լքել, ինչպես կյանքում է լինում, տես թե ինչպես են պտուկներս քեզ կանչում, լաց են լինում չե՞ս տեսնում, ես կարող եմ քեզ երջանկացնել, կարող եմ, հավատա, գրկիր ավելի ամուր, Հայկ, ի՞նչ գեղեցիկ անուն է, քանի քանի անգամ եմ ասել, ինչ է չես հավատո՞ւմ…
- Աննա ուշքի արի, ի՞նչ եղավ, ես վախենում եմ, քեզ երբեք իմ անունը դուր չի եկել, ջուր տա՞մ, ուզո՞ւմ ես:
Հայկը թեքվեց կողքի պահարանիկի վրայից վերցրեց բաժակը…
- Հիմար, ապուշ, բաժակը վերցնելու փոխարեն ինձ վերցրու, մի՞թե չես հասկանում:
Տղամարդու փորի վրա նստած սկսեց ձեռքերով ապտակել:
Հայկը փակել էր դեմքը ու գլուխը շուռումուռ էր տալիս հարվածներից՝ չհասկանալով թե ինչ եղավ:

* * *
Հանգստացավ:
Հայկը մեջքով շուռ էր եկել  ու անկողնում պառկած ծխում էր:
Աննան վեր կացավ տեղից, առանց հագնվելու դուրս եկավ նջջարանից ու գնաց դեպի համակարգիչը:
Միացրեց, Ֆեյսբուքի ընկերների մեջ գտավ Հայկին, մտածեց մի պահ ու ջնջեց ընկերների ցուցակից:
Սրտի և հոգու վերքերն այնքան խորն էին, որ շարունակել չէր ցանկանում ոչ մի գնով:
Նորից սիրել թեկուզ վիրտուալ, ուժերը չէին բավականացնի:
Այն լույսը, որ կարողացավ իր վիրտուալ ընկերը վառել հոգում, դեռ երկար ժամանակ կվառվի:
Այդ լույսը  ոչ միայն կլուսավորի հոգին, այլ նաև կայրի երկար ժամանակ:
Սոցցանցի այս վերջին արկածը իրեն շատ մոտեցրեց իրական Հայկին՝ ամուսնուն, որին չէր կարող փոխել աշխարհում ոչ մեկի հետ:
Հասկացավ, որ հարյուրավոր կիլոմետրեր հեռու մարդուն սիրելն ավելի հեշտ է, քան ընդամենը մեկ համբույրի հեռավորության վրա գտնվող մարդուն, որը նույնիսկ կենակցելու պահին մտածում է, թե ինչ պետք է անի վաղն իր սիրած էակին գոհացնելու համար:

Մոտեցավ Հայկին:
Վառեց փոքրիկ լուսամփոփը:
- Անկողնում մի ծխիր…խնդրում եմ:
Նստեց անկողնու վրա, չգիտես ինչու վերցրեց ու սկսեց եղունգներին լաք քսել:
Հայկը զարմացած, չռված աչքերով նայում էր ու ոչինչ չէր հասկանում:
Հետո նայելով փոքրիկ հայելու մեջ սկսեց սանրվել:
<Վաղը հարկավոր է համոզել ու տանել բժշկի>: Հայկը նայեց Աննայի աչքերին ու երևի այսքան տարիների ընթացքում առաջին անգամ հասկացավ, որ կնոջ գեղեցկությունը սանրվածքի, շրջազգեստի, հարդարված մատների և այլնի մեջ չէ, կնոջ գեղեցկությունը աչքերի մեջ է, աչքերի, որոնք դեպի սիրտ տանող դռների բանալին են, իսկ այդ դռների ետևում ապրում է Սերը…

Աննան բարձրացրեց վերմակն ու մտավ անկողին:
Հիմա նա լիովին ցանկանում էր տրվել այս Հայկին:
Վիրտուալ Հայկից ստացված վիրտուալ վարդերը առաջացրել էին ցանկալի լինելու զգացողություն:
Համակարգչային օտարականը կմնա իր հիշողությունում որպես մի քաղցր երազ:
Նրան երբեք չի մոռանա, երբեք:
Հոգեկան երջանկության կարելի է հասնել, եթե շատ շատ աշխատես դրա վրա:
Եթե վստահ լինես որ իզուր չես ապրել այսքան տարի…

Լուռ ու կրքոտ նա զգում էր Իր Հայկի՝ իր մեջ ռիթմիկ թափանցելն ու ավելի ամուր փաթաթվում իր իրական, սովորական երջանկությանը…
Նա հիմա էր հասկանում, որ կարողանում է տալ դիմացինին այն իրական զգացմունքները, որ կարող էր այդքան հեշտությամբ տալ մի համակարգչային օտարականի:
Նա հիմա էր հասկանում, որ կարող է մեծ ուրախությամբ, համբերատար ընդունել Իր Հայկից սերն ու ցավը, տառապանքն ու բավականությունը…
Նա հիմա էր հասկանում, որ պետք է  համբերությամբ  սպասել այն պահին, որ իր և նրա սիրտը բաբախեն համահունչ…
Բայց մինչ սրտային ռեզոնանսների գլուխ բարձրացնելը մի պահ զգաց մի տանջալից, սառը ցավ, երբ հիշեց թե ինչպես էր համակարգչով ման գալիս մի խաղալիքի, որ կարողանար տաքացնել հոգին ու սիրտը:
Ֆեյսբուքյան երազը տեղի էր տալիս ու արթնանում էր այն խաղաղ ամառային երեկոն, երբ քեզ թույլ ես տալիս մի ավելորդ անգամ հիշելու անիրական երջանկության րոպեներն ու  նորից ջնջվում է ամեն ինչ:

- Համբուրիր ինձ Հայկ, ամուր, ամուր, ճանկռիր մեջքս, ինչպես կկարողանաս, սիրիր ինձ ինչպես ես եմ քեզ սիրելու  ընդմիշտ, սիրելիս:
Ինչ լավ անուն ունես, Հայկ…