понедельник, 22 июля 2013 г.

Վերջին ընթրիքը




Մի ուրվական է շրջում…տիեզերքում…
Ուրվականի աչքերը լցված են քո մանկության դժվարին արցունքներով, քո հաջողությունների որախությունով, մի այնպիսի սիրո զգացումով, որ արդեն հազարավոր տարիների ընթացքում  փորձում ու չեն կարողանում լիովին պատկերել ոչ բանաստեղծները, ոչ նկարիչները, ոչ երաժիշտները…

Մի ուրավական է շրջում…Եվրոպայում…
Սա հանրաճանաչ ուրվականներից ոչ մեկն էլ չէ:
Սա ուրիշ է…
Խոսքեր չկան նկարագրելու այն հսկա քայլերը, որ կատարելով անցնում է ամբողջ աշխարհով մեկ ու ամեն տեղ թողնում է իր  բարի ու հոգատար հետքերը…հետքեր որոնց առջև ծնկում ու աղոթում են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնց հաճախ ցանկացած հասարակություն որպես մարդ չի ընդունում:

Մի ուրվական է շրջում… քո կողքը…քո մեջ… աշխարհի մեծագույն հրաշքը:
Դրսում երբ ջերմաստիճանը նորմալ սահմաններում է դու քեզ լավ ես զգում:
Երբ բարձրանում է, փորձում ես թաքնվել որևե ստվերում:
Երբ իջնում է փնտրում ես մի տաք տեղ…
Այդ ուրվականի գրկում միշտ քեզ զգում ես հարմարավետ ու հաճելի թե տաք, թե սառը ժամանակ, քանի որ նրա էներգիան անսպառ է քո հանդեպ:
Էներգիան սերն է, իսկ նրա սերն իրոք անսպառ…
Ասում են երբ սիրում ես ուրեմն Մարդ ես, մնացած ժամանակ գոյություն ես պահպանում, իսկ նրան դու ՄԻՇՏ ես սիրում ուրեմն դու նրա համար միշտ մնում ես Մարդ:
Իսկ նա քեզ կսիրի ոչ թե միշտ՝ այլ հավերժ…


 * * *
Ամենածանր զգացմունքը դա միայնությունն է,  երբ ֆիզիկապես մենակ չես, բայց հոգեպես քեզ զգում ես միայնակ:
Հոգեպես միայնակ տղամարդիկ ապրում են մոտ տասնհինգ տարի պակաս, այն դեպքում երբ միայնակ կինը պակաս է ապրում  ընդամենը մեկ ու կես տարի:

Ննջարանում մութ է:
Երկուսի մեջքերը հպված են իրար: Երկուսն էլ գիտեն, որ քնած չեն ու ոչ մեկը չի փորձում խանգարել լռությանը:
Տասնհինգ րոպե:
Րոպեներն անցան տարվա արագությամբ ու կարծես տեղ հասան:
- Ի՞նչ եմ արել քո մորը, ինչո՞ւ ինձ չի սիրում, ես չեմ հասկանում:
Կամ ինչ պարտադիր է որ քո ծննդյան օրը ներկա լինի: Մենք հավաքվում ենք մեր հասկակակիցների շրջանակով: Միգուցե քեզ թվում է, որ ես քեզ պակաս եմ սիրո՞ւմ:
Դե մի բան ասա, հո քա՞ր չես:
Արմունկով զգույշ հարվածեց ամուսնուն:
- Հավեսդ չունեմ, քնի՛ր…եթե կարող ես:
- Ինչպե՞ս քնեմ, սիրտս պայթում է, ի՞նչ եմ ասել, որ արդեն տարուց ավել է մեր տուն չի գալիս:
Ընդամենը ասացի, որ զուգարանից հետո խոհանոցում չեն լվացվում: Սխալ եմ, դե մի բան ասա:
- Թող քնեմ, այս տարի էլ ես ուզում փչացնել ծնունդս:
 Ինչո՞ւ ես ասել, որ էլ երեխաների համար ճաշ չպատրաստի, որ տները չմաքրի մինչև մեր գալը, ինչո՞ւ ես ասել, որ լվացքը մեր շորերի հետ միասին չանի…մոռացե՞լ ես որ քո ծննդյան օրը քեզ թանկագին մուշտակ էր բերել, մոռացել ես չէ՞, եթե դա քո մայրը դա աներ, հիմա ամբողջ աշխարհը կիմանար:
- Առաջինը այդ մուշտակը քո փողերով էր գնել, նրան փող որտեղի՞ց, ես գիտեմ, որ դու ես ամեն ամիս տալիս նրան, երկրորդը՝ ի՞նչ կա այդտեղ վատ բան: Նրա մեկ օրում օգտագործած յուղով ես մեկ շաբաթ ճաշ կսարքեմ, գունավոր լվացքը խառնում է սպիտակեղենի հետ, չի կարողանում կռանալ բազկաթոռների տակ փոշեկուլով…ասել եմ հանգիստ նստիր ու հեռուստացույց նայիր:
Լավ, դա թողնենք, գիտե՞ս քեզ ինչ նվեր եմ գնել, ասե՞մ թե…
- Իմ փողերով ես գնել, մի մոռացիր:
- Ի՞նչ տարբերություն: Գիտե՞ս ում եմ հրավիրել, որ իմանաս ուրախությունից կպայթես:
Կինը շուռ եկավ դեմքով դեպի նա ու ձեռքերով փաթաթվեց նրան:
- Թո՛ղ, քնում եմ:
- Չե՛մ թողնի: Սիրում եմ քեզ:
- Հա, գիտեմ, որ սիրում ես, բայց դու, մեր տղան ու աղջիկն այքան ժամանակ եք խլում, որ չեմ կարողանում հաճախ այցելել մորս:
- Ի՞նչ ես դու էլ հա մորս, մորս, մենք քո համար չկա՞նք:
Տղամարդը հեռացրեց կնոջ ձեռքերը, մի քիչ կոպիտ ստացվեց:
Վեր կացավ անկողնուց ու մոտեցավ պատուհանին:
Երկար նայեց պատուհանագոգին լիցքավորման դրած հեռախոսին:
Վերցրեց հեռախոսը:
- Այս ժամին ո՞վ կա արթուն, որ զանգում ես,- կնոջ ձայնն արձագանքեց գիշերվա լռության մեջ:
Առաջին իսկ զանգից հեռախոսը միացավ:
- Մա՞մ, քնած չես, որ առաջին զանգից վերցրեցիր
- Արսեն ջան, ցավդ տանեմ ի՞նչ է եղել: Հո բան չի՞ պատահել:
- Ոչինչ մա՛մ, ուզում էի հարցնել ինչպե՞ս ես, մեկ էլ մի բան ասեմ…
- Արսեն, ճիշտն ասա, Լարիսայի հետ եք վիճե՞լ, տղաս, նա կին է դու պետք է զիճես…
- Մա՛մ, լավ էլի, Լարիսան ի՞նչ կապ ունի, ուզում էի ասել, որ ծննդյանս օրը քեզ մոտ եմ լինելու, իրար հետ կնշենք, այս անգամ այդպես եմ ուզում, կլինի՞:
Մենակ թե մամ ջան իմ սիրած դոլման կեփես լա՞վ, ինչ որ պետք է ես վաղը կբերեմ:
Կինն անկողնում նստած լալիս էր:
- Լարիսայի ձայնն եմ լսում, Արսեն մի արա այդպես, խնդրում եմ:
- Մա՛մ, պայմանավորվեցինք, դե բարի գիշեր:
Չսպասեց պատասխանի անջատեց ու վերադարձավ անկողին:
Կինը դեռ արտասվում էր:
- Մեքենան մեկ շաբաթից վաճառում եմ, գնորդ եմ գտել: Հորս գերեզմանի քարը այդպես էլ սարքել չտվեցի, տասնիննը տարի է ու ոչ մի բան չեմ ձեռնարկել:
Կարծես խոսում էր ինքն իր հետ, արդարանո՞ւմ թե զրուցում լռության հետ:
Կնոջ հեծկլտոցի ուժեղացող ձայնը չէր խանգարում:


* * *
Առավոտյան երբ արթնացավ, կինը դեռ քնած էր, ինչը զարմացրեց նրան:
Միշտ նա է սուրճը պատրաստում:
Միգուցե քնա՞ծ չէ:
Աշխատանքից հետո շտապում էր:
Ինչ որ հարկավոր էր արդեն գնել էր, բայց մի տեսակ նյարդայնացած էր:
Ճանապարհին մի կին ձեռք բարձրացրեց:
Շտապում էր, բայց չհասկացավ թե ինչու, աջ քաշեց մեքենան:
Մինչ կնոջ մոտենալը հայելու մեջ նայում էր նրան:
Ցանցավոր զուգագուլպաներով է, ոչ մի արտառոց բան և ինչո՞ւ է այդքան ուրախ:
- Ազատություն, կտանե՞ք,- նորից ժպտում է:
- Ազատության հասնելու համար հարկավոր է շատ չարչարվել:
Տեղավորվեց կողքի նստատեղին ու չի փորձում ուղղել կարճ շրջազգեստը:
- Տղամարդկանց մոտ վերադարձե՞լ է հումորը, վաղուց չկար, համենայն դեպս ես չէի լսել:
- Ես մինչև «Լամբադա» կամուրջն եմ գնում, հետո աջ, «Դավիթ Անհաղթ»-ով, հարմա՞ր է:
- Հարմար է, պատկերացնո՞ւմ եք, տատիկիցս մնացած մի հին ժամացույց ունեի, որոշել էի վաճառել, մի այնպիսի լավ գին տվեցին, որ քիչ է մնում ուրախությունից թռչեմ:
Շատ եմ չէ՞ խոսում:
- Այո, շատ, բայց ոչինչ:
- Այսօր ամուսնուս ծննդյան օրն է, շտապում եմ տուն, չնայած դրա կարիքը չկա, ամուսնուս մայրը տանն է, ամեն ինչ կանի, ինձ մնացել է ընդամենը մի շիշ գինի ու մեկ շիշ կոնյակ գնել:
- Իսկ ի՞նչ նվեր եք գնել ամուսնու համար:
- Ոչ մի, գումարը լրիվ կտամ իրեն, թող անվադողեր գնի ձմեռվա համար, շատ էր ցանկանում:Լավ է չէ այդպես:
- Իհարկե, ի՞նչ խոսք, մեկ կանգառից թեքվելու ենք, այստեղ հարմա՞ր է:
Իջավ, նայեց, ժպտաց, երևի դա էր շնորհակալությունը, որը գնահատվեց իմ իսկ ժպիտով:
Ուրախ քայլերով  հեռացավ առանց ետ նայելու :

Մուտքի մոտ դրված նստարանին շենքի կանայք են նստած:
Մայրս էլ է այնտեղ:
Երբ մեքենան կանգնեցրի, դանդաղ մոտեցավ ու գրկեց:
- Արսեն ջան, բոլորին ասել եմ, որ գալու ես ինձ հետ անցկացնելու օրդ:
Ի՞նչ լավ օր է այսօր ինձ համար:
- Մա՛մ, ինչո՞ւ ես ասել բոլորին, ինչի՞ համար:
- Ուրախությունից:
- Մամ, մի տեսակ ես, վա՞տ ես զգում:
- Ոչ, Արսեն ջան, բարձրանա՞նք, բայց բան ունեմ ասելու:
- Ասա մամ, միգուցե բա՞ն է պակաս:
- Չէ, ասում եմ  հետո կարո՞ղ ենք գնալ հորդ մոտ, դե մի կես ժամով, ես մենակ չեմ կարողանում…
- Մամ, հիմա գնանք, հետո կգանք տուն, ես քո մոտ կգիշերեմ, դե՞մ չես:
Մոր հագին այն շորն էր, որով վերջին անգամ ամուսնու հետ, ինչպես պատմել էր, նշել էին իրենց ամուսնության տարեդարձը:
- Մամ, ջան, ես քեզ միշտ փող եմ տալիս, ինչո՞ւ նոր շոր կամ…
- Գնացի՞նք:

* * *
- Մա՛մ, այստեղի՞ց էինք թեքվելու ձախ:
- Ոչ, Արսեն ջան, մյուսից ու ձախ պետք է թեքվենք, չե՞ս հիշում տղա ջան: Անպայման հիշիր, ինձ հո ուրիշ տեղ չե՞ս թաղելու:
- Լավ էլի, մամ ջան: Այքան գերեզմաններ են ավելացել, որ մարդ ճանապարհ կհիշի՞:
Երբ մոտեցան գերեզմանին Արսենը զարմացած նայեց մորը:
- Մա՞մ, սա է՞, չե՞ս շփոթել, կարծեմ…
- Կարդա, քարին գրվածը:
Գերեզմանին սև բազալտե քար էր կանգնած, գերեզմանի մեջ էլ խնամված ու մաքրված:
Հոր անուն ազգանունի, ծննդյան ու մահվան տարեթվերի կողքը նաև մոր անուն ազգանունն էր, մահվան տարևիթիվը բաց թողած:
- Մա՞մ…
- Սա քո տված փողերով է, Արսեն ջան, հավաքել եմ տարիներով, սա ինչպե՞ս ասեմ, վատ չզգաս, բայց իմ նվերն է քեզ, որ հետո շատ չչարչարվես, միայն մահվան տարեթիվը կասես ուստա Գառնիկին, մուտքի մոտ միշտ նստած է, , դա էլ է վճարված:

 …Բնակարանում ամենն ինչ նույնն էր, հավաքված, ամեն իր իր տեղում:
- Մամ, հիմա կսկսեմ խառնել բնակարանդ փոքր երեխայի նման, հիշում ես:
- Հա , ցավդ տանեմ, ինչ ուզում ես արա: Հիմա դոլման կբերեմ: Պատշգամբում գինի կա, բեր:
Հոտ քաշեցի: Գինի թթված էր,երևի քացախ էր դարձել:
Միշտ զարմանում էի, թե ինչպես է կարողանում այդքան հավասար չափերի փաթաթել դոլման:
Ես միշտ սիրում էի երբ դանակով ամեն մի հատիկ կտրում սարքում էր երկու կտոր նոր դնում էր իմ ափսեի մեջ:
Հիմա էլ նստած նայում է թե ինչպես եմ ուտում:
- Մա՞մ, խմենք:
- Արսեն ջան, քեզ երկար կյանք տղա ջան, ես ճնշում ունեմ, դու խմիր, - լաց է լինում:
- Լավ մամ ջան, ուրախ օր է, ինչո՞ւ ես լաց լինում:
- Ուշադրություն մի դարձրու, դու կեր:
Քացախ դարձած գինին անհասկանանալի հաճելի համ ուներ:
- Հեռախոսդ ինչու ես անջատել, միգուցե զանգեն:
- Մամ, այսպես լավ է, հանգիստ, ես քո մոտ ինձ շատ լավ եմ զգում, իրոք, վերջում էլ սուրճ, չէ՞:

* * *
Այդ ծննդյան օրը Արսենի կյանքի ամենալավ օրն էր:
Այդ օրը վերջին ընթրիքն էր ամենահարազատ մարդու հետ:

Նա հետո էր դա զգալու, հասկանալու:
Մի քանի օր անց  այնքան անսպասելի մահացավ մայրը, որ նա չկարողացավ ոչինչ ձեռնարկել, նույնիսկ փորձ անել հասցնելու հիվանդանոց:
Մահացավ խաղաղ ժպիտը դեմքին, այն նույն շորով, որը որ հագել էր Արսենի ծննդյան օրը:

* * *
Քանի դեռ Տիեզերքում, Աշխարհում, Քո կողքը, Քո մեջ գոյություն ունի Որվականը, ուրեմն դու միշտ գտնվում ես նրա հոգատար ձեռքերի, խոնավ աչքերի ու քեզ համար անհանգիստ բնավորության…գրկում:

Այդ ուրվականի անունն է Մայրիկ…

* * *
Թաղմանը մի Տեր-Հայր էր ներկա, որը չգիտես ինչու աղոթելու փոխարեն կիսաձայնով մրմնջում էր.
- Պահպանեք ձեր ծնողներին: Նրանք միակն են, որ անկեղծ ուրախանում են ձեր հաջողություններով ու անկեղծ տառապում են ձեր անհաջողություններով: Ավելի հաճախ եղեք նրանց հետ, քանի որ այն օրը, երբ կբաժանվեք նրանցից կգա շատ անսպասելի ու միշտ ոչ ժամանակին:
Ձեռքի բուրվառը խնկահոտը տարածում էր լռության վրա:
Լռությունն էլ ամաչկոտ չէր ու բղավում էր ականջներում.
- Մա՛մ, սոված եմ…
- Մա՛մ, սրբիչը բեր…
- Մա՛մ, չմոռանաս շորերս արդուկել…
- Մա՛մ, գուլպաներս…
- Մա՛մ…
- Մա՛մ…
- Մա՛մ, ես այստեղ եմ… եկա՛:




четверг, 18 июля 2013 г.

Տանգոն մենակ չեն պարում




Համակարգչիս էկրանից նայում է մի կնոջ նկար:
Ավելի ճիշտ, ֆոտոշոպով դեմքը ջնջած մազեր են ու գեղեցիկ երկար պարանոց:
Նկարի կինը շատ գեղեցիկ է ինձ նայելու համար, դրա համար էլ ջնջել եմ դեմքը:
Համակարգչից լսվում է «Տանգոն մենակ չեն պարում» երգը՝ Լիլիթ Կարապեtյանի կատարմամբ:
Աշխատասենյակը նախատեսված է չորս հոգու համար՝ դրված է չորս սեղան, որոնցից երեքը զբաղված են:
Երկու սեղանների մոտ նստած են հիսնամյա Սվետան ու երեսունհինգամյա Անահիտը:
Երրորդ սեղանն իմն է:
Ես Հովիկն եմ, արդեն քառասուն տարի ու միայնակ:
Զզվելի բառ է – միայնակ:
Հոգնել եմ անընդհատ լսելուց այդ երկու չաչանակների կենցաղային՝ կարծես թե ցածր զրույցներից:
Այսօր էլ բացառություն չէ:

- Լսո՞ւմ ես Սվետ, առավոտյան զանգում է իմը ու ի՞նչ հարցնի որ լավ լինի, ասում է ձուն ոնց են խաշո՞ւմ, լսե՞լ ես նման բան:
- Դրանք բոլորն էլ նույնն են Ան ջան, ձեռքներից ոչինչ չի գալիս, մենակ թե խոսեն ու գլուխ գովեն:
- Դու մինչև վերջ լսիր: Ուրեմն ջուրը եռացրել է, հետո երկու ձու ջարդել ջրի մեջ:
Ցանցավոր գդալով վերջում հանել է այդ եփված մասսան ու կերել: Դու լսե՞լ ես այդպիսի բան: Ֆանտազիային չափ չկա:
Ծիծաղում է բարձր, գոհ է ամուսնուց:

Համակարգիչս շարունակում է.
…Անքուն գիշեր է,
Ցավում է հոգիս,
Վերջին տանգոն եմ
Հիշում ես նորից…

Սվետան ցածր ձայնով, որ իբր ես չլսեմ շարունակում է զրույցը:
- Բա ի՞մը, Ան, ֆանտազիային չափ չկա, արդեն վաթսուն տարեկան է, բայց այնպիսի բաներ է անում քնելուց առաջ, որ մազերդ բիզ բիզ կկանգնեն: Ամեն անգամ էլ զգուշացնում եմ, որ հեռու մնա շուրթերիցս, գիշերները ատամներս հանում եմ, էլի իրա էշն է քշում, բա մի անգամ էլ…

Ես պատմելու ոչինչ չունեմ:
Ես ունեմ միայն երազներ:
…Իսկ ես հիմա կգնամ տուն, կբացեմ դուռն ու կբղավեմ հինգամյա որդուս:
- Արտա՛կ, (հորս անունն է), եկա՛, իրար հետ ենք չէ՞ ճաշելու:
Սրբիչով ձեռքերը մաքրելով ընդառաջ կգա կինս (անունը կապ չունի), գեղեցիկ դեմքով, խնամված մազերով ու կզգուշացնի, որ Արտակը դեռ չի արթնացել, հազիվ է քնեցրել նրան:
- Ճաշը տաք է, լվացվիր ու անմիջապես ճաշենք:
Ճաշից հետո, հաշվի չառնելով հոգնածությունս տղայիս կտանեմ բակ՝ երկակնանի հեծանիվ քշել սովորեցնելու, կամ ֆուտբոլի գնդակը ճիշտ հարվածելու, կամ կտանեմ այգի կարուսել նստելու ու իրոք հաճելի հոգնած վերջում կփռվեմ կնոջս կողքը՝ թարմ, սպիտակ ու հոտավետ սավանի վրա:
Ես չեմ հոգնի, երբեք, ես կսիրեմ նրան ինչպես որ ցանկանա:
- Դու գիժ ես,- գրկելով ինձ այնպես, որ շունչս կտրվի կասի նա:
Կշրջվի դեպի ինձ ու ականջը կհպի շուրթերիս:
Երեսիս կզգամ նրա արևի ճառագայթների  նման շոյող մազերը:
Կցանկանամ բռնել նրա շունչը, շնչել նրա հետ համահունչ, բայց ամեն անգամ իմ փորձերը կավարտվեն անհաջողությամբ:

Համակարգիչս շարունակում է.
Տանգոն մենակ չեն պարում…

- Դու գիժ ես,- գլուխը կթաղի կրծքիս ու զուսպ ծիծաղը կլցվի մեջ ինչպես մի կենսատու հյութ, որից անպայման երիտասարդանում են:
- Ճիշտ է գիժ եմ, որովհետև երջանիկ եմ, որովհետև ունեմ քեզ, ունեմ որդի, ունեմ այն ամենն ինչ երազել եմ…

Համակարգիչս շարունակում է.
Այրող հուշերս
Տանջում են անվերջ,
Կարծես հոգնել եմ,
Կյանքի այս խաղից

- Հո՛վ, չի կարելի լինել Աստված, եթե դու ընդամենը մարդ ես…մարդ մնա, ես քեզ հենց այդպիսին եմ սիրում:

Բայց այս բոլորը ընդամենը վառ երևակայության արդյունք են:
Ես չունեմ ոչինչ, բայց և ունեմ:
Հիմա ո՞վ է ֆանտազիաներով հարուստ, ե՞ս թե՞ Սվետայի կամ Անահիտի ամուսինը…

- Պատկերացնո՞ւմ ես Սվետ ջան, առավոտյան մտնում եմ խոհանոց և թեյնիկի կողքն ի՞նչ տեսնեմ որ լավ լինի, չես կարող պատկերացնել…
- Առնե՞տ:
- Չէ, ի՞նչ առնետ, կես լիտրանոցով պռնկե պռունկ  լցված մեզ, անալիզի համար:
Քիչ էր մնում ուշքս գնար:
Ասում եմ, Բագրատ սա ի՞նչ է, ասում է, թող շատ լինի, որ ճիշտ եզրակացություն անեն…

Հիշեցին որ մենակ չեն, ես էլ եմ ներկա:
Խորհրդավոր նայեցին ինձ:
Մի բան ասելու համար բացում եմ բերանս:
- Քսան րոպեից վերջացնում ենք, այսօր էլ անցավ, կարող ենք հավաքվել, գնալ:
Նայում եմ այդ երկու կյանքից կարծես գոհ կանանց ու զգում եմ, որ կորցնում եմ ինձ տիրապետելու համբերությունս:
Չեմ դիմանում ու հարցնում եմ:
- Սվե՛տ, ատամներդ ինչո՞ւ ես հանում, բա որ երազում հանկարծ սովածանաս ու ցանկանաս մի բան ուտե՞լ:
- Հիմա՛ր, քեզ չե՞ն սովորեցրել, որ ուրիշի խոսակցությունները լսելը…լսիր մի բան եմ գտել համակարգչի մեջ, բախտ է բացում, ուզում ես քեզ գուշակենք, փորձած բան է:
Լավ սպասիր առանց քեզ էլ կարող եմ:
Բարձրաձայն լսում եմ թե ինչպես է հաշվում:
- Ուրեմն տարեթիվը գումարած ամսաթիվը, գումարած օրը, այսպես, ստացվեց հազար ինը հարյուր ութսուն ինը: Գրում ենք, պահում: Հիմա այսօրվանն ենք գումարում: Ան ամսի քանի՞սն է:
- Հունիսի տասնյոթը, 2013 թիվ:
- Լա՛վ, դա էլ ենք գումարում, ստանում ենք հազար ինը հարյուր իննսուն: Հանում ենք իրարից:
Ես արդեն հաշվել էի ու ստացել մեկ:

Համակարգիչս շարունակում է.
Տանգոն մենակ չեն պարում,
Տանգոն սրտեր է գերում..

- Հո՛վ, ստացվեց մեկ, ուրեմն այսօր, կամ մեկ ամիս անց ու դու…
- Գնա քո Էռնեստին գուշակիր, ես դրա կարիքը չունեմ: Վե՛րջ, դուրս ենք գալիս:
Լիլիթ Կարապետյանի ձայնն անհայտացավ:
Անհայտացավ նաև էկրանից ինձ նայող գեղեցիկ մազերով անդեմ աղջիկը:
Մուտքի մոտ հավաքվել են աշխատակիցները:
Ամռան անձրև էր՝ տաք ու կատաղած:
Փողոցում ասֆալտը թաց էր ու փայլփլող:
Անհասկանալի պատճառներով մոտները հովանոց ունեցողները դուրս եկան շենքից:
Դանդաղ, մեծ հաճախությամբ մոտենում էին այն ավտոմեքենաները, որոնք արդեն զանգ էին ստացել իրենց կանանցից, սանրվածքը չփչացնելու համար մեքենայով տուն գնալու:
Նաև հատուկենտ տաքսիներ:
Իսկ ինձ ոչ ոք չի զանգի:
Ճիշտ է մեքենա չունեմ, բայց…
Անարդար է:
Փաստ:
Իսկ մտքումս անհանգիստ պտտվում է «Տանգոն մենակ չեն պարում»:
Մուտքի հարթակը դատարկվեց մարդկանցից:
Մնացինք ես ու Անահիտը:
- Ան, քոնը չի՞ գալու
- Չգիտեմ, Հով ջան: Զանգում եմ անհասանելի է, խայտառակվեցի բոլորի մոտ:
- Ինչո՞ւ, որ չի՞ գալու,- ծիծաղում եմ:
- Քեզ ի՞նչ կա, դու տղամարդ ես:
Հետո նայում է ինձ, կարծես ինչ որ բան է ցանկանում ասել:
- Ի՞նչ:
- Երբ ուսանողուհի էի, սիրում էի անձրևը: Վազում էի փողոցով, կանգնում որևէ հավաքված ջրափոսի մոտ, աչքերով ընտրում էի մի փոքր ջրի հատված ու նայում թե այդ հատվածում երբ կընկնի անձրևի կաթիլ ու անհամբեր սպասում էի թե քանի շրջան կերևան ջրի մակերևույթին: Մի անգամ էլ հաշվեցի չորս շրջան ու ուղիղ չորս օր հետո էլ ծանոթացա Բագրատի հետ: Դու հավատո՞ւմ ես նման բաների:
- Չէ, չեմ հավատում: Չեմ կարողանում հավատալ:
Ես հավատում եմ ծերությունից դողացող բժիշկներին, հավատում եմ որ մի օր էլ ես եմ հանելու ատամներս ու դնեմ անալիզի համար նախատեսված կեսլիտրանոց բանկայի մեջ…
Նայում եմ նրա աչքերին, իսկ նա կարծես մի միջով նայում է ավելի հեռու ու աչքերով ժպտում:
- Ի՞նչ:
- Եկավ, ես գիտեի:Պատկերացնում ես առանց զանգելու եկավ: Քեզ տանե՞նք, հո չե՞ս թրջվելու:
- Չէ՛, հարկավոր չէ՛: Ես ինքս:

Քայլում եմ անձրևի տակ, անկախ ինձնից փնտրում եմ մի գեղեցիկ ջրափոս:
Գեղեցի՞կ:
Ինչպիսին է լինում գեղեցիկ ջրափոսը ես չգիտեմ, բայց փնտրում եմ չզգալով որ բավականին թրջվել եմ ու քայլերս դժվարացել ծանրությունից:
Մայթեզրին աչքերով մի ջրափոս գտա: Ընտրեցի ջրի հատվածն ու սպասում եմ արդեն նոսրացած անձրևի փրկիչ որևէ կաթիլի:
Կաթա՛ց:
Հաշվում եմ ջրի վրա առաջացած շրջանակները.
Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս…
Չէ, սա այն ջրափոսը չէ, համ էլ գեղեցիկ չէ:
Ինչպիսին է լինում գեղեցիկ ջրափոսը ես չգիտեմ, բայց շարունակում եմ փնտրել:
Ահա այս մեկը, իրոք գեղեցիկ է:
Մոտենում նայում եմ, տեսնում եմ ինձ, ճիշտ է աղոտ, բայց հաստատ ես եմ:
Ընտրում եմ մեջտեղից քիչ աջ ընկած մի փոքր ջրահատված ու ուշադիր սպասում  հերթական կաթիլին:
Վերջապես:
Երբ կաթիլի ընկնելուց հետո հաշվեցի մինչև մեկը, ջրափոսից բարձրացան բազմաթիվ ջրի շիթեր, ցեխաջրով ողողեցին շորերս ու…
Մի երկու մետրի վրա կանգնեց մի սպիտակ BMW:
Կին վարորդը նայում է ետ:
Շիկավուն է, բերանի անկյունում վառած ծխախոտ է:
Մոտենում եմ ու մտքումս որոշում, որ կասեմ, այ քույրիկ ջան լվացքի մեքենա քշելու փոխարեն ավտոմեքենա ես քշում, ախր այդպես ո՞նց կլինի…
Միգուցե հումորս օգնի՞:
Երբ մոտեցա մեքենային, կինը թեքվել ու իջեցնում էր վարորդի կողքի դռան ապակին:
- Առաջդ չես կարողանում նայել, այ հայվան:
Ծխախոտը շպրտեց վրաս:
Սպիտակ մեքենայի ետևի ակերն մեծ արագությամբ մի պահ պտտվեցին տեղում, մի անգամ էլ ցեխոտելով ինձ ոտքից գլուխ, արագ հեռացան:

Բացում եմ դուռս…

«- Արտա՛կ, եկա, իրար հետ ենք չէ՞ ճաշելու:
Սրբիչով ձեռքերը մաքրելով ընդառաջ կգա կինս, գեղեցիկ դեմքով, խնամված մազերով ու կզգուշացնի, որ Արտակը դեռ չի արթնացել, հազիվ է քնեցրել նրան:
- Ճաշը տաք է, լվացվիր ու անմիջապես ճաշենք»:

Լողարանից դուրս եկա անտանելի վատ տրամադրությամբ:
Միացրեցի գազօջախը, վրան դրեցի կիսով չափ ջրով լցված ալյումինե փոքրիկ մի կաթսա:
Սպասեցի մինչև ջուրը կեռա:
Ուղեղումս նորից չգիտես ինչու արթնացավ  «Տանգոն մենակ չեն պարում» երգը:
Վերցրեցի երկու ձու ու կոտրեցի եռացող ջրի մեջ:
Սպասում եմ…


воскресенье, 14 июля 2013 г.

Քո աչքերը...




Կյանքը, սարդոստայնի նման  հյուսված է մտքերից:
Ուղղակի հարկավոր է պայքարել որոշ մտքերի դեմ, քանի որ այդպես են ցանկանում Աստվածները:

Երջանկությունը թիթեռնիկի նման կամակոր է ու անկանխատեսելի:
Երբ ցանկանում ես բռնել նրան՝ չի ստացվում, երբ չես սպասում նրան՝ նա ինքն է իր նուրբ ոտքերով իջնում քո ափին:
Բավական է ափերով զգույշ փակել ու…
Այն օրը, երբ հանդիպեցի քեզ, կյանքս թիթեռնիկի նման գեղեցկացավ ու թպրտաց սրտումս:
Մտար իմ կյանք…
Ինչ եղել էր մինչև քո հայտնվելը դարձավ անորակ մի հիշողություն, որտեղ չկայիր դու…
Ինձ թվում էր, որ վերջապես ինձ ալցելեց կյանքն իր գեղեցիկ թևերով և դա վերջ չի ունենա:
Քեզ իմ սրտի շատ բարակ ու նուրբ թելով կապեցի, որ հանկարծ չվնասեմ ու միշտ մնաս սրտումս…բայց դու միևնույն է հեռացար, կտրելով այդ թելը…
Ես հավատում էի քեզ…
Սպասում էի…
Տխրում էի…

Առանց քեզ անցան օրեր, շաբաթներ ամիսներ, տարիներ ու երկնքի աստղերն առաջվա նման փայլուն չէին, կարծես լղոզված լինեին մոխրաջրով:
Ես թքեցի իմ հպարտության վրա ու զանգահարեցի քեզ:
Մոտեցա քեզ մեղավոր ժպտալով (ինչո՞ւ մեղավոր այդպես էլ չհասկացա) ու տեսա քո բաց դարչնագույն աչքերը, որոնք ինչ որ բան էին սպասում ինձնից:
Ի՞նչ, չհասկացա:
Միգուցե, որ չպայքարեցի հպարտությանս դեմ…չգիտեմ:
Ես երկար եմ փնտրել քեզ, այնքան երկար, որ  փնտրելը դարձել է սովորություն:
Ես հիմա դարձել եմ ինձ համար շատ վտանգավոր, քանի որ վախենում եմ իմ ամեն մի բառից, որ կարող է քեզ նեղացնեմ:
Վախենում եմ մտածել քո մասին, բայց չմտածել չի ստացվում:
Երբ դու ինձ հետ էիր, ես աշխատում էի վազել քեզնից հեռու, փախչել, որ  առաջինը չնետվեի գիրկդ ու ասել, որ ամեն վայրկյան կարոտում եմ, հասկանո՞ւմ ես, կարոտում…

Մի առավոտ արթնացա սառը քրտինք պատած մարմնով…
Երազում տեսել էի թե ինչպես աշխատանքի գնալիս մուտքի մոտ տեսա քո տեսքով սովորական դարձած մի տեսլիք:
Ես ցույց տվեցի, որ չեմ նկատել ու հանգիստ հեռացա:
Դա իմ հիշողությանս հետ մարտնչելու առաջին հաղթանակն էր…
Ուրախացել էի իմ հաղթանակից այն երեխայի նման, որը բազմաթիվ փորձերից հետո գտել էր տատիկի սնդուկի բանալին, որտեղ միշտ քացրավենիք էր  պահվում:
Այդ օրվանից ես աշխատում էի խուսափել հանդիպումներից, դե իհարկե պատահական հանդիպումներից, հիշողությանս հետ հանդիպումներից, չնայած ամեն առավոտ տանից դուրս գալիս նայում էի հայելու մեջ, ուղղում մազերս…
Հաստատ չգիտեի ցանկանո՞ւմ եմ հանդիպել, թե՞ ոչ:…
… Դու ինքդ առաջինը զանգեցիր, բայց արդեն այն ժամանակ, երբ քո զանգն ընդունվեց որպես մի ստոր արարք…
Ես հասկացա, որ չեմ ճանաչել քեզ:
Ես ճանաչել եմ սերը, ես քեզ դարձրել եմ իմ իդեալն ու  երկու տարի ապրել եմ նրանով:
Մի փորձիր նորից ցավեցնել…
…Արթուր…
Դու սովորեցրեցիր ինձ հիշողությանս հետ խաղալ քո իսկ օրենքներով:
Դու մտածում էիր, վստահ եմ դրանում, որ քանի որ ես գիտեմ քո հեռախոսի համարն ու էլեկտրոնային հասցեդ, ես պետք է զանգահարե՞մ կամ գրե՞մ:
Ո՛չ, սիրելի՛ս, ես մոռացել եմ ամեն ինչ, չե՛մ հիշում, հասկանո՞ւմ ես, չե՛մ հիշում…
Խոսքերդ, «Քո աչքերը նման են մորս աչքերին, բարի ու խորը, նայելով քեզ ես հասկանում եմ, որ գտնվում եմ մի այլ աշխարհում, այլ հարթության մեջ, » սեպի նման խրվել են ուղեղումս, ու ծակծկում են հոգիս: Հիմա ինձ համար խոսքերդ ցավ են, հիմա եմ հասկանում որ…դա ես պետք է չընդունեի հոգով, ես, ես եմ, ես նման եմ միայն ինձ…

Դրանից ավելի ցավ էլ չես կարող պատճառել:
Դու չկաս, դու տեսիլք ես:
Թող մնաս իմ մեջ, որպես իմ իսկ կողմից հնարված տեսիլք:
Լռություն…
Տեսիլքը զգույշ տղամարդու կոպիտ թաշկինակով փորձում է մաքրել արցունքները, չի ստացվում:
Գրկում է վերջին անգամ, , ինչպես միշտ համբուրում ականջի ետևը ու քայլում դեպի դուռը:
Փորձում է հեռանալ ընդմիշտ:
Աչքերը դառնում են ձմռան առաջին շնչից աշնանային լճակի վրա առաջացած սառույցի նման թափանցիկ ու սառը:
Թվում էր թե հատակից կբարձրանա, կվազի նրա ետևից, չէ՞ որ սիրում է, չէ՞ որ նա է իր կյանքի իմաստը, բայց տեղից չի շարժում:
Հիմա, հիմա ես քեզ կջնջեմ իմ կյանքից, վերջնականապես, ինչքա՞ն կարելի է տանջվել, ո՞ր մեղքիս համար:
Շուրթերը բացվեցին ու ցածր, շատ ցածր, այնպես որ նա չլսի շշնջացին:
- Կանգնի՛ր, քեզ ջնջեմ, նոր ինչ ուզում ես արա, կանգնի՛ր…

Հետո չհասկացավ ինչու շատ բարձր լսեց իր ձայնը:
- Կանգնի՛ր:
- Գիտե՛մ, հիմա հարմար տեղ գտնեմ, - երթուղայինի վարորդը ժպտաց:
… Դռան մոտ կանգնած, չսափրված պահակը ցուցադրական բացեց դուռը:
- Բժշկուհի,- գլխով վերև ցույց տվեց:
- Քեզ էր հարցնում, ուշացել եք:
Աստիճանների վրա վազելով ու միաժամանակ խալաթը հագնելով մտածում էր թե այս անգամ ի՞նչ է պատճառաբանելու ուշացման համար:
- Նորից նույն պատմությունը, հիմա կասես թե ամուսնուդ ես նախաճաշ սարքել, երեխայիդ մանկապարտեզ, խցանումների մեջ ես ընկել…
- Քանի անգամ ասեմ, պրոֆեսոր, ես ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, չեմ նախաճաշում, խցանումների մեջ երբեք չեմ ընկնում, ես մեքենա չունեմ…
- Լավ, լավ, ավտովթար է, մեկ ժամ առաջ, տղամարդը մահացել է, դիակը 118 ում է, դիահերձարանը դեռ փակ է, բոլորն ուշանում են, չեմ հասկանում սա ի՞նչ աշխատանք է, ի՞նչ վերաբերմունք:
- Հերձողն ինչո՞ւ պետք է շտապի, նրա աշխատանքր կեսօրից հետո է, իսկ կի՞նը, կինն ի՞նչ վիճակում է…
- Վիրահատարանում է, գլխի կոտրվածքներով, արագացրեք, ես ձեզ վիրահատարանում կսպասեմ: Եվ վերջապես գլխավոր բժշկի տեղակա՞լ եք թե… չեմ հասկանում:
- Դիակին ձեռք տալ չի կարելի, մինչև ոտիկանության ժամանելը, ես ամեն ինչ կարգավորեմ, կմոտենա՛մ:

Պայքարը տևեց երեք ժամ:
Կարծես կյանքին վտանգ չպետք է որ սպառնար, բայց տեսողության հարցը մնաց բաց ու վիրահատող խմբից ոչ մեկը չփորձեց խոսել այդ մասին:
Վերակենդանացնող բժիշկը մոտեցավ բժշկուհուն:
- Արթնացավ, բղավում է վիրահատողին է պահանջում, դուք կմոտենա՞ք, թե կանչեմ Արամյանին:
- Ես հիմա կմոտենամ, մի քիչ հանգստանամ, գոնե հինգ րոպե, ոտքերս կարծես իմը չլինեն:
- Կամակոր կին է երևում, իր ասածի,- մի բան ասելու համար ասաց ու հեռացավ:
Հիվանդի երեսը փաթաթված բինտերից չէր երևում:
Այնտեղ, որտեղ որ աչքերը պետք է լինեին արյան կարմիր, տձև կլոր հետքեր էին:
Մոտեցավ:
Նստեց կողքը, բռնեց ձեռքը:
- Վիրահատությունն անցավ հաջող, ինչո՞ւ եք անհանգստանում, պետք չէ բղավել:
 Ձեզ հանգիստ է հարկավոր, լսո՞ւմ եք ինձ:
- Լսում եմ, ինչո՞ւ ոչինչ չեմ տեսնում, գլխիս ձախ կողմը անտանելի թմրած է, ոչինչ չեմ զգում: Իսկ  Արթո՞ւրը, նա ի՞նչ վիճակում է, այստե՞ղ է, նույն հիվանդանոցո՞ւմ:
- Արթո՞ւր, ուրեմն անունն Արթո՞ւր է, չէ այստեղ չէ, այստեղ միայն գլխի հետ կապված…
Զգաց, որ բացթողում արեց, բայց արդեն ուշ էր:
- Բժշկուհի ինչպե՞ս դիմեմ ձեզ:
- Աննա…ուղղակի Աննա:
- Աննա, խնդրում եմ, կարո՞ղ եք գտնել նրան, նրան բան պատահած լինի ես չգիտեմ թե ինչ կանեմ ինձ…մի հարց էլ, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ տեսնել, դե, տեսողությանս չի՞ սպառնում ոչինչ, միայն անկեղծ, խնդրում եմ: Պետք չէ թաքցնել, ես ուժեղ կին եմ:
- Վստահ ասել չեմ կարող, բայց մեկ-մեկ անհնարինը դառնում է…
- Ի՞նչ, ես կորցրել եմ տեսողությո՞ւնս, գրողի ծոցը բոլորդ, դուք հասկանո՞ւմ եք ինչ է եղել, դո՛ւք մսագործներ, դո՛ւք…
- Հանգիստ, ձեզ չի կարելի հուզվել:
Մոտեցավ դռանը, կիսաբացեց ու բղավեց ավագ քրոջը:
- Շտա՛պ, ցավազրկո՛ղ, քնաբերի հետ:
Հիվանդը բղավում էր:
- Ի՞նչ պետք է անեմ հիմա, հիմա ինչպե՞ս է նայելու աչքերիս մեջ, իմ աչքերը նրա մոր աչքերի նման բարի ու խորն են, հիմա ես նրան պետք չեմ լինի, մսագործներ, բոլորդ գրողի ծոցը:
Աննան քարացել էր դռան մոտ կանգնած:
Հետո կարծես մեկը հարվածեց գլխին, ապտակեց, ցնցեց ուսերը:

Կարծես մեկը ականջին հուշում էր.
- Ցանկանո՞ւմ էիր հանդիպել, հանդիպեցիր, հետո՞…

Չհասկացավ թե ինչպես երրորդ հարկից վազեց աստիճաններով, կոտրեց կոշիկի կրունկը:
Չհասկացավ ինչպես հանեց կոշիկներն ու շպրտեց մի կողմ:
Չհասկացավ թե ինչպես հրեց դիմացից բարձրացող մարդկանց:
Հիվանդասենյակի դռների համարներն աչքին թռվռում էին, չէր կարողանում կողմնորոշվել:
Շունչը կտրվում էր:
Վերջապես:
Համար 118 սենյակ:
Անվստահ բռնեց բռնակից:
Փակ էր:
Բոբիկ ոտքերով վազեց դեպի դուրս տանող դուռը:
- Վազգե՛ն, ոստիկանությունից եկե՞լ են, հերձողը եկե՞լ է, ինչո՞ւ է փակ 118-ի դուռը, դիակն ո՞ւր են տեղափոխել:
- Աննա Սերգեևնա, բժիշկ Մեխակն է իջեցրել հերձարան, ասաց  երկու ժամից կգա, Ձեզ ի՞նչ եղել:

Նկուղային հարկում տեր ու տիրական էր մահվան տհաճ հոտը:
Մահվան շունչը խոսում էր, բացատրում, արդարանում, վիճում…ո՞ւմ հետ:
«Չեմ վիճում, դու ինձ նվիրել ես երջանիկ լինելու բազմաթիվ պահեր:
 Ներիր ես կույր եմ եղել որ մինչև հիմա չեմ զգացել, որ դու հոգի չես ունեցել: Ոչ հոգի, ոչ սիրտ: Դու ուղղակի եղել ես մի էակ, դատարկ ու նոսր…բայց ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես քեզ սիրել այնպես, որ հիմա սկսում եմ ատել…ի՞նչ ես արել ինձ, չեմ հասկանում, ինչո՞ւ այսօր եկար ու ստիպեցիր ուղեղիցս ջնջել քեզ հենց այն պահին, երբ կախված էիր լինել-չլինելու թելից: Աստված իմ միայն թե դու չլինես, միայն թե չհեռանաս այսպես, սա  րոպեական թուլություն է, ու լրիվ պատահականություն, ես գիտեմ, որ լսում ես ինձ, հեռու ես ինձնից, այստեղ չես այս անտանելի միջավայրում, որտեղ միայն մահվան շունչն է…»

Հերձարանի երկաթյա դուռը փակ էր:
Թակելու, բացելու փորձ անելն անիմաստ էր:
Նկուղ իջնող աստիճաններից ոտնաձայներ լսվեցին:
Երկու ոստիկանական համազգեստով մարդիկ մոտեցան Աննային:
- Այստեղ ավտովթարից մարդ են բերել, տեղյա՞կ եք երևի: Ինչ է դուռը փա՞կ է: Դուք ո՞վ եք:
- Ես, բժշկի տեղակալը, ես էլ իջա նայելու, բայց ինչպես տեսնում եք:
Ձեզ երևի կենդանի մնացածն է հետաքրքրում, արձանագրության համար, նա վերևում է, վերակենդանացման բաժնում՝ երրորդ հարկ:
- Դա հետո, հիմա պետք է մահացածի ինքնությունը պարզենք,: Միգուցե փաստաթո՞ւղթ կա գրպաններում:
- Չգիտեմ: Հետո եկեք, երևի մեկ ժամից:

«Դու կարողանում էիր սիրել, սիրել այնպես ինչպես ոչ ոք:
… Ոչ, սիրելիս, ես մոռացել եմ ամեն ինչ, չեմ հիշում, հասկանում ես չեմ հիշում…»

Ձեռքն ակամա մտավ գրպանն ու դուրս քաշեց հեռախոսը:
Հետո ոստիկանների զարմացած հայացքներն անտեսելով, սեղմեց ինչ որ կոճակ՝ ցանկալի ու սպասող…
Երկաթյա դռան ետևում զանգ էր լսվում:
Զանգ, որին հաստատ երբեք պատասխանող չի լինի:

Նկուղից երբ դուրս եկավ, անձրև էր:
Հիվանդանոցի բակում անձրևից փախչող մարդկանց զարմացած ու հետաքրքրասեր աչքերի առաջ, բոբիկ, սպիտակ խալաթով բժշկուհին դանդաղ քայլում էր ու խոսում ինքն իր հետ:
Անձրևը ստիպում էր հիշել նրան, նրա անունն ու սիրահարված բաց դարչնագույն աչքերը:

пятница, 28 июня 2013 г.

Ծիծաղում են ծաղրածուները




Արդեն 27 տարի է, ինչ ծառայում է ոստիկանությունում, բայց դեռ ավագ լեյտենանտի կոչումով է:
Այսօր էլ կանչել էին նախարարություն ու նորից կոչման համար ոչինչ չասացին:
Ծիծաղեցին:
Իրենից հետո ընդունվածներն արդեն մայորի կոչումով են, իսկ ինքը…
Նոր նշանակում ստացավ` Բարքերի բաժնի պետ: Շուտով թոշակի է անցնելու, ինչի՞ն էր պետք:
Հրամանը հարաման է` կատարելու համար:
Նոր բաժնում նրան դիմավորեց լեյտենանտ Սարգսյանը`ուրախ մի անձնավորություն` վստահ, ժպտերես: Տեսնես` ինչի՞ վրա է այսպես միշտ ուրախ:
- Ձեր կաբինետում է, սպասում է ,նոր ենք բերել պանելից:
Ծիծաղեց:
Պանելից: Մի կարգին հայերեն չգիտեն, բաըց այնպես են երևակայում..
- Մարդավարի չե±ս կարող ասել շինարարությունից, ի±նչ պանել:
Լեյտենանտը զարմացաց նայում էր նոր պետին:
Այդպես,բոլորիդ կարգի կգցեմ,ես գիտեմ, թե ինչու են ինձ այստեղ նշանակել:

● ●

Աղջիկը, որ նստած էր աթոռին, չափից ավելի կարճ շրջազգեստով էր, ոտքն էլ` ոտքի վրա գցած: Բարակ մատների արանքում էլ` չվառված ծխախոտ:
Ինչպե՞ս է այս շորերով բարձրացել պանելի վրա ու չի փոշոտվել կամ ինչ գործ ուներ այս գերժամանակակից աղջիկը շինարարությունում:
<Տարօրինակ է>,-մտածեց ավագ լեյտենանտը:
- Իմ ազգանունն Ապրեսյան է, այսօրվանից այս բաժնի պետն եմ,-անցնելով իր համար նախատեսված սեղանի հետևը` ցածր ձայնով ասաց ու տեղավորվեց կիսաբազկաթոռի մեջ:
Աղջիկը սպասում էր, որ իր ծխախոտը կպցնեն, բայց ո՞վ, ինքը ծխող չէ ,միտք էլ չունի:
- Սկսենք, ինչպես ասում են, սպիտակ թղթից: Ինչու± էիք բարձրացել և ի±նչ էիք անում պանելի վրա:
-Ինչպես թե ի±նչ,- աղջիկը զարմացավ, ժպտաց:
-Աշխատում էի…
-Այս շորերո±վ, այս ժամի±ն, ի՞նչ ես աչքերիս թոզ փչում, ես քո իմացած ոստիկաններից չեմ:
Աղջիկն էլ հասկացավ դիմացինի ով լինելը և մտածեց. <Սրան որտեղի՞ց պեղեցին>:
-Անուն, ազգանուն, հայրանուն:
-Մանոն Լեսկո Արքիմեդի,-աղջկան խաղը դուր եկավ:
-Պարսի±կ ես:
-Ինչու± պարսիկ, հայ եմ, նոր հայկական անուններ են:
-Լավ, գիտեմ, ուրեմն խանգարել ես շինարարական աշխատանքներին, այդպես:
-Ընդհակառակը, շինելու հետ կապված բոլոր աշխատանքներին ես օգնում եմ, ես…
Բառախաղը ստացվեց: Հետաքրքիր է, հասկացա՞վ սեղանի հետևում նստած` իրեն Շերլոկ Հոլմս համարող համազգեստը:

● ●

Ընդամենը երկու տարի առաջ էր, որ սրա նման հաստագլխի մեկը կոտրեց իր կյանքը:
Կյանքն էլ դահիճի նման միապաղաղ զգեստով, կանգնեց կացինը ձեռքին , իրեն մասնատեց, ավելի ճիշտ` առանձնացրեց գլուխը, մարմինը շպրտեց փողոցներով թափառելու, իսկ գլուխը մնաց, մնաց անընդհատ մարմինը գտնելու ապարդյուն փորձերի ճանապարհին:
Ճանապարհներով անցան ստահակների, սրիկաների ու վավաշոտ, հարուստ ծերունիների խմբեր, որոնցից ոչ ոք չէր կարող իմանալ առանց մարմնի մնացած միայնակ դեմքի վրա վաղուց արդեն չորացած արցունքների համը, կորած մարմնի ցավը. . . Կսկ այն մարմինը, որը նրանց ձեռքերում էր հայտնվում,  մարմին չէր, ընդամենը առարկա էր`ներծծված արցունքներով, կորուստներով: Մի առարկա էր` լռության մեղեդու թավշյա գույներով:
Եվ այդ առարկա-մարմինը ճանապարհներին պատահականորեն հայտնված մարդկանց ձեռքերում դառնում էր վայրի գայլաոռնոց ու լափում ողջ`արդեն քրքրված հոգին:
Այս համազգեստի միջից էլ ելնող խոսքերը այդ նույն գայլաոռնոցի շարունակությունն են կարծես:

● ● ●

-Այսօր ի±նչ օր է:
-Ծանր:
Իրոք, որ ծանր է անընդհատ փորձել փախցնել աչքերը, աթոռը շոյող, թեթև, գեղեցիկ ոտքերից, այնքան թեթև,որ թվում է, թե մի փչելուց ոտքերը կբարձրանան ու..
-Մասնագիտությու±նդ:
-Կրկեսի դերասանուհի, լարախաղաց էի, ակրոբատ: Հիմա ցերեկներն աշխատում եմ գազանանոցում, կերակրում եմ գազանների, դե, իսկ գիշերները..

● ● ●
Սիրում էր:
Գիտեր, որ ծաղրածուն մոլի խաղացող է ու սիրում էր նրան: Գիտեր , որ վերջին օրն է խոշոր գումարը փակելու, որ չփակելու դեպքում  իր և նրա կյանքում շատ բան կփոխվի:
Գիտեր , որ չփակվելու դեպքում էլ շատ բան չի փոխվի....
Սիրում էր:
Մնացել էր մի վերջին հնարք` ավարտելու ակրոբատիկական համալիրը, երբ լարի վրա մի ոտքով կանգնած տեսավ նրա տխուր, ասես ինչ-որ բան աղերսող, ներեղություն խնդրող  աչքերը: Հասկացավ, որ ծաղրածուն կյանքի ծաղրին հակառակ` փող չի ճարել:
Լարի վրայից չէր կարող ասել, որ իր հետևից ընկած այն ոստիկանը`մայորը, այսօր խոսք է տվել այդ գումարը <պարտքով> բերելու: Հայացքը, որ արդեն սովորական դարձած տեղում է` 4-րդ կարգում, տեսավ այդ ոստիկանի դեմքի ինքնագոհ ժպիտը . <Վերջապես իմը կլինես>:
Դժվար էր նայել հազարավոր մարդկանց ծիծաղեցնող այդ լուրջ տղայի տխուր դեմքին: Ու երբ փորձեց ժպտալով հասկացնել տղային, որ ամեն բան կարգին է, վարագույրի ետևից քաշեցին ու տարան տղային:
Երեկոյան վերցրեց < պարտքով փողը> : Մայորը մի անասնական կրքով զրկվեց այդ գումարից, իսկ ինքը, անտեսելով վիրավորանքն ու ցավը, հրաժեշտ տված աղջկական կյանքի վերջին օրվան`փողը պայուսակում, շտապում էր տղայի տուն` ծաղրածուի տուն,  որտեղ ծիծաղի փոխարեն արդեն սուգն էր:
-Մի մայոր եկավ, ասաց` ման չգաք , մեզ մոտ է, երբ հարկ լինի, կթողնենք,- ծաղրածուի մայրը կծկվել ու ասես դարձել էր կնճիռներից հավաքած մի տխուր դիմակ:
-Այդ բոլորը քո´ երեսից,  քե´զ էր ուզում, իմ տղայի հետ ի±նչ գործ ունեիր:
Հետո սկսվեցին  տղային փնտրելու ծանր ու ապարդյուն օրերը:
Հետո մայորի տված գումարը վերադարձրեց մայորին`տղային գտնելու համար:
Հետո անընդհատ բացակայությունների պատճառով կորցրեց աշխատանքը:
Հետո սովը չոքեց ու տարավ աղջկան այն ճանապարհներով, որոնցով անցնող ստահակների ու սրիկաների խմբերը տրորեցին աղջկական հպարտությունը:
Սիրում էր կյանքը:
Ատեց:

● ● ●
-Դու գիտե±ս որ կարող եմ քեզ տուգանել հինգ հազար դրամ:
Իր կարծիքով շատ մեծ թիվ ասելուց ավագ լեյտենանտ Ապրեսյանը գոհ էր: Համոզված, որ իր առաջին գործը այս բաժնում ուղարկելով վարչություն` <թեկուզ տուգանքի վերջաբանով>, հենց առաջին օրով կարժանանա ղեկավարության գովասանքին: Դա արդեն լավ նշան է:
Աղջիկն ականջներին չէր հավատում: Թվում էր, թե ամեն անգամվա նման իրեն գիշերը կպահեն, անվճար ու վայրենի ձևով կօգտագործեն մարմինը, իսկ առավոտյան կշպրտեն դուրս` հետագայում նորից բերելու պայմանով, այդ պատճառով էլ շտապեց պատասխանել:
-Ես կարող եմ..
Ապրեսյանի սեղանին հայտնվեց 10 դոլարանոց թղթադրամ:
 Անպատկերացնելի ճարպկությամբ թղթադրամն անհետացավ Ապրեսյանի գրպանում:
Ավագ լեյտենանտը գոհ էր:
Գոհ էր, որ վերջապես կազմեց արձանագրությունը ու կարող է ուղարկել «վերև»:
-Լավ է, ա´յ այստեղ ստորագրիր ու ազատ ես:
● ● ●

Աղջիկը շատ ուշ հասկացավ , թե ինչպես էր ծաղրածուն հայտնվել այդ վիճակում:
Շատ ուշ հասկացավ , որ մայորի ջանքերով էր տղան հայտնվել ճաղերի արանքում:
Շատ ուշ հասկացավ, որ տղայի մոտ գնալուն խոչընդոտելը նույնպես մայորի  հրամանով է եղել:


Աղջիկն այնպես էր շտապում դուրս գալ ոստիկանական բաժանմունքից, որ չնկատեց մուտքով ներս մտնող արդեն նախկին ծաղրածուին:
Նա չգիտեր, որ առավոտյան տուն հասնելով` մուտքի մոտ հենված կտեսնի մի այլ ծաղրածուի վերափոխված տղային:
Կյանքի ծաղրոտ բոլոր ճանապարհներով անցած ծաղրածուն էլ չի հասկանա, թե ինչու իրեն չի ժպտա լարախաղաց աղջիկը, որի վերջին ժպիտը տեսել էր լարի վրա, երբ իրեն` անհասկանալի պատճառներով կյանքը տարավ լարի նման ճանապարհներով:
Դե, ինքն էլ լարախաղաց չէր ու բնականաբար սայթաքեց:

ՎԵՐՋԱԲԱՆ

Գազանանոցում մի փոքրիկ տղա կոնֆետ նետեց կապիկների վանդակը: Կոնֆետն իսկական չէր: Մի քանի կապիկ կռվեցին ու կապիկներից ամենաճարպիկը տիրեց ավարին:
Բացեց կոնֆետն ու ծամածռելով դեմքը` հետույք ցույց տվեց տղային:
Փոքրիկը ծիծաղեց` ինքը ծամելով թաքցրած կոնֆետը:
Ու գոհ էր:
Գազանանոցում այն նույն փոքրիկ տղան ուղտի վանդակի մոտ հացը մոտեցնում, ու երբ ուղտի ձագը փորձում էր հացը բերանով վերցնել,  ձեռքը ետ էր քաշում ու ծիծաղում:
Ոստիկանի մայորի համազգեստով տղայի հայրը նույնպես ծիծաղում էր:
● ● ●
Ծիծաղում էին ծաղրածուներ, շքերթի դուրս եկած բոլոր ծաղրածուները, ասես ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքը հրաման էր ստորագրել ծիծաղելու:
Ծաղրածուներից միայն մեկն էր, որ չէր ծիծաղում:















четверг, 27 июня 2013 г.

Օրս ծննդյան




Այսօր իմ օրն է…
Դե խոսի՛ր, ասա՛,
Ինչո՞ւ չփնտրենք,
Ինչո՞ւ չգտնենք
Վայրկյանը կորած հավերժության մեջ,
Ինչո՞ւ, ասա ինձ, միշտ պետք  է…
Հոգնած մեղեդու մայթերով քայլենք:

Վաղուց գիշերվա քունը չի տանում,
Սե՛րն է արյունոտ ձգտումներից տաք,
Ու զրկվել են աստղերն իրենց թևերից,
Թաքնվելով սրտիս տակ:

Իմ օրն է այսօր…
Ինչո՞ւ, ասա ինձ
Դու իմ կողքին չես,
Այն, ինչ վերցրել ես կամքիս հակառակ
Քո կամքով մի օր Կվերադարձնե՞ս:

Իմ օրն է այսօր…
Դու իմ կողքին չես,
Տարիներս են իմ գրկում սեղմված,
Ու լաց է լինում ծիծաղս անտեր,
Իմ բաժին սերն էլ՝ ցիրուցան եղած:

Կգա՞ս դու վաղը,
Կամ օրը մյուս,
Ծերացած սպասում,
Կորած, հեռացած բողբոջող մի հույս,
Չէ՛, այսօր արի,
Դողդոջ շուրթերիդ խարանված մերժում…

Այսօր ի՛մ օրն է…
Այսօ՛ր եմ ուզում…