Կյանքը, սարդոստայնի նման հյուսված է մտքերից:
Ուղղակի հարկավոր է պայքարել որոշ մտքերի դեմ, քանի որ այդպես
են ցանկանում Աստվածները:
Երջանկությունը թիթեռնիկի նման կամակոր է ու անկանխատեսելի:
Երբ ցանկանում ես բռնել նրան՝ չի ստացվում, երբ չես սպասում
նրան՝ նա ինքն է իր նուրբ ոտքերով իջնում քո ափին:
Բավական է ափերով զգույշ փակել ու…
Այն օրը, երբ հանդիպեցի քեզ, կյանքս թիթեռնիկի նման գեղեցկացավ
ու թպրտաց սրտումս:
Մտար իմ կյանք…
Ինչ եղել էր մինչև քո հայտնվելը դարձավ անորակ մի
հիշողություն, որտեղ չկայիր դու…
Ինձ թվում էր, որ վերջապես ինձ ալցելեց կյանքն իր գեղեցիկ
թևերով և դա վերջ չի ունենա:
Քեզ իմ սրտի շատ բարակ ու նուրբ թելով կապեցի, որ հանկարծ
չվնասեմ ու միշտ մնաս սրտումս…բայց դու միևնույն է հեռացար, կտրելով այդ թելը…
Ես հավատում էի քեզ…
Սպասում էի…
Տխրում էի…
Առանց քեզ անցան օրեր, շաբաթներ ամիսներ, տարիներ ու երկնքի
աստղերն առաջվա նման փայլուն չէին, կարծես լղոզված լինեին մոխրաջրով:
Ես թքեցի իմ հպարտության վրա ու զանգահարեցի քեզ:
Մոտեցա քեզ մեղավոր ժպտալով (ինչո՞ւ մեղավոր այդպես էլ
չհասկացա) ու տեսա քո բաց դարչնագույն աչքերը, որոնք ինչ որ բան էին սպասում
ինձնից:
Ի՞նչ, չհասկացա:
Միգուցե, որ չպայքարեցի հպարտությանս դեմ…չգիտեմ:
Ես երկար եմ փնտրել քեզ, այնքան երկար, որ փնտրելը դարձել է սովորություն:
Ես հիմա դարձել եմ ինձ համար շատ վտանգավոր, քանի որ վախենում
եմ իմ ամեն մի բառից, որ կարող է քեզ նեղացնեմ:
Վախենում եմ մտածել քո մասին, բայց չմտածել չի ստացվում:
Երբ դու ինձ հետ էիր, ես աշխատում էի վազել քեզնից հեռու,
փախչել, որ առաջինը չնետվեի գիրկդ ու ասել,
որ ամեն վայրկյան կարոտում եմ, հասկանո՞ւմ ես, կարոտում…
Մի առավոտ արթնացա սառը քրտինք պատած մարմնով…
Երազում տեսել էի թե ինչպես աշխատանքի գնալիս մուտքի մոտ տեսա
քո տեսքով սովորական դարձած մի տեսլիք:
Ես ցույց տվեցի, որ չեմ նկատել ու հանգիստ հեռացա:
Դա իմ հիշողությանս հետ մարտնչելու առաջին հաղթանակն էր…
Ուրախացել էի իմ հաղթանակից այն երեխայի նման, որը բազմաթիվ
փորձերից հետո գտել էր տատիկի սնդուկի բանալին, որտեղ միշտ քացրավենիք էր պահվում:
Այդ օրվանից ես աշխատում էի խուսափել հանդիպումներից, դե
իհարկե պատահական հանդիպումներից, հիշողությանս հետ հանդիպումներից, չնայած ամեն
առավոտ տանից դուրս գալիս նայում էի հայելու մեջ, ուղղում մազերս…
Հաստատ չգիտեի ցանկանո՞ւմ եմ հանդիպել, թե՞ ոչ:…
… Դու ինքդ առաջինը զանգեցիր, բայց արդեն այն ժամանակ, երբ քո
զանգն ընդունվեց որպես մի ստոր արարք…
Ես հասկացա, որ չեմ ճանաչել քեզ:
Ես ճանաչել եմ սերը, ես քեզ դարձրել եմ իմ իդեալն ու երկու տարի ապրել եմ նրանով:
Մի փորձիր նորից ցավեցնել…
…Արթուր…
Դու սովորեցրեցիր ինձ հիշողությանս հետ խաղալ քո իսկ
օրենքներով:
Դու մտածում էիր, վստահ եմ դրանում, որ քանի որ ես գիտեմ քո
հեռախոսի համարն ու էլեկտրոնային հասցեդ, ես պետք է զանգահարե՞մ կամ գրե՞մ:
Ո՛չ, սիրելի՛ս, ես մոռացել եմ ամեն ինչ, չե՛մ հիշում,
հասկանո՞ւմ ես, չե՛մ հիշում…
Խոսքերդ, «Քո աչքերը նման են մորս աչքերին, բարի ու խորը,
նայելով քեզ ես հասկանում եմ, որ գտնվում եմ մի այլ աշխարհում, այլ հարթության
մեջ, » սեպի նման խրվել են ուղեղումս, ու ծակծկում են հոգիս: Հիմա ինձ համար
խոսքերդ ցավ են, հիմա եմ հասկանում որ…դա ես պետք է չընդունեի հոգով, ես, ես եմ,
ես նման եմ միայն ինձ…
Դրանից ավելի ցավ էլ չես կարող պատճառել:
Դու չկաս, դու տեսիլք ես:
Թող մնաս իմ մեջ, որպես իմ իսկ կողմից հնարված տեսիլք:
Լռություն…
Տեսիլքը զգույշ տղամարդու կոպիտ թաշկինակով փորձում է մաքրել
արցունքները, չի ստացվում:
Գրկում է վերջին անգամ, , ինչպես միշտ համբուրում ականջի ետևը
ու քայլում դեպի դուռը:
Փորձում է հեռանալ ընդմիշտ:
Աչքերը դառնում են ձմռան առաջին շնչից աշնանային լճակի վրա
առաջացած սառույցի նման թափանցիկ ու սառը:
Թվում էր թե հատակից կբարձրանա, կվազի նրա ետևից, չէ՞ որ
սիրում է, չէ՞ որ նա է իր կյանքի իմաստը, բայց տեղից չի շարժում:
Հիմա, հիմա ես քեզ կջնջեմ իմ կյանքից, վերջնականապես, ինչքա՞ն
կարելի է տանջվել, ո՞ր մեղքիս համար:
Շուրթերը բացվեցին ու ցածր, շատ ցածր, այնպես որ նա չլսի
շշնջացին:
- Կանգնի՛ր, քեզ ջնջեմ, նոր ինչ ուզում ես արա, կանգնի՛ր…
Հետո չհասկացավ ինչու շատ բարձր լսեց իր ձայնը:
- Կանգնի՛ր:
- Գիտե՛մ, հիմա հարմար տեղ գտնեմ, - երթուղայինի վարորդը
ժպտաց:
… Դռան մոտ կանգնած, չսափրված պահակը ցուցադրական բացեց դուռը:
- Բժշկուհի,- գլխով վերև ցույց տվեց:
- Քեզ էր հարցնում, ուշացել եք:
Աստիճանների վրա վազելով ու միաժամանակ խալաթը հագնելով
մտածում էր թե այս անգամ ի՞նչ է պատճառաբանելու ուշացման համար:
- Նորից նույն պատմությունը, հիմա կասես թե ամուսնուդ ես
նախաճաշ սարքել, երեխայիդ մանկապարտեզ, խցանումների մեջ ես ընկել…
- Քանի անգամ ասեմ, պրոֆեսոր, ես ամուսնացած չեմ, երեխաներ
չունեմ, չեմ նախաճաշում, խցանումների մեջ երբեք չեմ ընկնում, ես մեքենա չունեմ…
- Լավ, լավ, ավտովթար է, մեկ ժամ առաջ, տղամարդը մահացել է,
դիակը 118 ում է, դիահերձարանը դեռ փակ է, բոլորն ուշանում են, չեմ հասկանում սա ի՞նչ
աշխատանք է, ի՞նչ վերաբերմունք:
- Հերձողն ինչո՞ւ պետք է շտապի, նրա աշխատանքր կեսօրից հետո է,
իսկ կի՞նը, կինն ի՞նչ վիճակում է…
- Վիրահատարանում է, գլխի կոտրվածքներով, արագացրեք, ես ձեզ
վիրահատարանում կսպասեմ: Եվ վերջապես գլխավոր բժշկի տեղակա՞լ եք թե… չեմ
հասկանում:
- Դիակին ձեռք տալ չի կարելի, մինչև ոտիկանության ժամանելը, ես
ամեն ինչ կարգավորեմ, կմոտենա՛մ:
Պայքարը տևեց երեք ժամ:
Կարծես կյանքին վտանգ չպետք է որ սպառնար, բայց տեսողության
հարցը մնաց բաց ու վիրահատող խմբից ոչ մեկը չփորձեց խոսել այդ մասին:
Վերակենդանացնող բժիշկը մոտեցավ բժշկուհուն:
- Արթնացավ, բղավում է վիրահատողին է պահանջում, դուք կմոտենա՞ք,
թե կանչեմ Արամյանին:
- Ես հիմա կմոտենամ, մի քիչ հանգստանամ, գոնե հինգ րոպե,
ոտքերս կարծես իմը չլինեն:
- Կամակոր կին է երևում, իր ասածի,- մի բան ասելու համար ասաց
ու հեռացավ:
Հիվանդի երեսը փաթաթված բինտերից չէր երևում:
Այնտեղ, որտեղ որ աչքերը պետք է լինեին արյան կարմիր, տձև կլոր
հետքեր էին:
Մոտեցավ:
Նստեց կողքը, բռնեց ձեռքը:
- Վիրահատությունն անցավ հաջող, ինչո՞ւ եք անհանգստանում, պետք
չէ բղավել:
Ձեզ հանգիստ է
հարկավոր, լսո՞ւմ եք ինձ:
- Լսում եմ, ինչո՞ւ ոչինչ չեմ տեսնում, գլխիս ձախ կողմը
անտանելի թմրած է, ոչինչ չեմ զգում: Իսկ Արթո՞ւրը,
նա ի՞նչ վիճակում է, այստե՞ղ է, նույն հիվանդանոցո՞ւմ:
- Արթո՞ւր, ուրեմն անունն Արթո՞ւր է, չէ այստեղ չէ, այստեղ
միայն գլխի հետ կապված…
Զգաց, որ բացթողում արեց, բայց արդեն ուշ էր:
- Բժշկուհի ինչպե՞ս դիմեմ ձեզ:
- Աննա…ուղղակի Աննա:
- Աննա, խնդրում եմ, կարո՞ղ եք գտնել նրան, նրան բան պատահած
լինի ես չգիտեմ թե ինչ կանեմ ինձ…մի հարց էլ, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ տեսնել, դե,
տեսողությանս չի՞ սպառնում ոչինչ, միայն անկեղծ, խնդրում եմ: Պետք չէ թաքցնել, ես
ուժեղ կին եմ:
- Վստահ ասել չեմ կարող, բայց մեկ-մեկ անհնարինը դառնում է…
- Ի՞նչ, ես կորցրել եմ տեսողությո՞ւնս, գրողի ծոցը բոլորդ,
դուք հասկանո՞ւմ եք ինչ է եղել, դո՛ւք մսագործներ, դո՛ւք…
- Հանգիստ, ձեզ չի կարելի հուզվել:
Մոտեցավ դռանը, կիսաբացեց ու բղավեց ավագ քրոջը:
- Շտա՛պ, ցավազրկո՛ղ, քնաբերի հետ:
Հիվանդը բղավում էր:
- Ի՞նչ պետք է անեմ հիմա, հիմա ինչպե՞ս է նայելու աչքերիս մեջ,
իմ աչքերը նրա մոր աչքերի նման բարի ու խորն են, հիմա ես նրան պետք չեմ լինի,
մսագործներ, բոլորդ գրողի ծոցը:
Աննան քարացել էր դռան մոտ կանգնած:
Հետո կարծես մեկը հարվածեց գլխին, ապտակեց, ցնցեց ուսերը:
Կարծես մեկը ականջին հուշում էր.
- Ցանկանո՞ւմ էիր հանդիպել, հանդիպեցիր, հետո՞…
Չհասկացավ թե ինչպես երրորդ հարկից վազեց աստիճաններով, կոտրեց
կոշիկի կրունկը:
Չհասկացավ ինչպես հանեց կոշիկներն ու շպրտեց մի կողմ:
Չհասկացավ թե ինչպես հրեց դիմացից բարձրացող մարդկանց:
Հիվանդասենյակի դռների համարներն աչքին թռվռում էին, չէր
կարողանում կողմնորոշվել:
Շունչը կտրվում էր:
Վերջապես:
Համար 118 սենյակ:
Անվստահ բռնեց բռնակից:
Փակ էր:
Բոբիկ ոտքերով վազեց դեպի դուրս տանող դուռը:
- Վազգե՛ն, ոստիկանությունից եկե՞լ են, հերձողը եկե՞լ է, ինչո՞ւ
է փակ 118-ի դուռը, դիակն ո՞ւր են տեղափոխել:
- Աննա Սերգեևնա, բժիշկ Մեխակն է իջեցրել հերձարան, ասաց երկու ժամից կգա, Ձեզ ի՞նչ եղել:
Նկուղային հարկում տեր ու տիրական էր մահվան տհաճ հոտը:
Մահվան շունչը խոսում էր, բացատրում, արդարանում, վիճում…ո՞ւմ
հետ:
«Չեմ վիճում, դու ինձ նվիրել ես երջանիկ լինելու բազմաթիվ
պահեր:
Ներիր ես կույր եմ
եղել որ մինչև հիմա չեմ զգացել, որ դու հոգի չես ունեցել: Ոչ հոգի, ոչ սիրտ: Դու
ուղղակի եղել ես մի էակ, դատարկ ու նոսր…բայց ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես քեզ սիրել
այնպես, որ հիմա սկսում եմ ատել…ի՞նչ ես արել ինձ, չեմ հասկանում, ինչո՞ւ այսօր
եկար ու ստիպեցիր ուղեղիցս ջնջել քեզ հենց այն պահին, երբ կախված էիր
լինել-չլինելու թելից: Աստված իմ միայն թե դու չլինես, միայն թե չհեռանաս այսպես,
սա րոպեական թուլություն է, ու լրիվ
պատահականություն, ես գիտեմ, որ լսում ես ինձ, հեռու ես ինձնից, այստեղ չես այս
անտանելի միջավայրում, որտեղ միայն մահվան շունչն է…»
Հերձարանի երկաթյա դուռը փակ էր:
Թակելու, բացելու փորձ անելն անիմաստ էր:
Նկուղ իջնող աստիճաններից ոտնաձայներ լսվեցին:
Երկու ոստիկանական համազգեստով մարդիկ մոտեցան Աննային:
- Այստեղ ավտովթարից մարդ են բերել, տեղյա՞կ եք երևի: Ինչ է
դուռը փա՞կ է: Դուք ո՞վ եք:
- Ես, բժշկի տեղակալը, ես էլ իջա նայելու, բայց ինչպես տեսնում
եք:
Ձեզ երևի կենդանի մնացածն է հետաքրքրում, արձանագրության
համար, նա վերևում է, վերակենդանացման բաժնում՝ երրորդ հարկ:
- Դա հետո, հիմա պետք է մահացածի ինքնությունը պարզենք,:
Միգուցե փաստաթո՞ւղթ կա գրպաններում:
- Չգիտեմ: Հետո եկեք, երևի մեկ ժամից:
«Դու կարողանում էիր սիրել, սիրել այնպես ինչպես ոչ ոք:
… Ոչ, սիրելիս, ես մոռացել եմ ամեն ինչ, չեմ հիշում, հասկանում
ես չեմ հիշում…»
Ձեռքն ակամա մտավ գրպանն ու դուրս քաշեց հեռախոսը:
Հետո ոստիկանների զարմացած հայացքներն անտեսելով, սեղմեց ինչ
որ կոճակ՝ ցանկալի ու սպասող…
Երկաթյա դռան ետևում զանգ էր լսվում:
Զանգ, որին հաստատ երբեք պատասխանող չի լինի:
Նկուղից երբ դուրս եկավ, անձրև էր:
Հիվանդանոցի բակում անձրևից փախչող մարդկանց զարմացած ու
հետաքրքրասեր աչքերի առաջ, բոբիկ, սպիտակ խալաթով բժշկուհին դանդաղ քայլում էր ու
խոսում ինքն իր հետ:
Անձրևը ստիպում էր հիշել նրան, նրա անունն ու սիրահարված բաց
դարչնագույն աչքերը:
Комментариев нет:
Отправить комментарий