воскресенье, 23 июня 2013 г.

Երկնագույն ձայնը




՛՛Կյանքը թատրոն է,մարդիկ՝ դերասաններ…՛՛
Լավ է ասված, թվում է թե ավելացնելու ոչինչ չկա, բայց…
Ոչ մի խոսք ռեժիսորի մասին…
Ոչ մի խոսք օպերատորի մասին…
Ոչ մի խոսք սցենարիստի մասին…
Տխուր է…
Միգուցե ռեժիսորը ուղե՞ղս է…
Օպերատորը՝ աչքերս…
Դե իսկ սցենարիստը՝ Բարձրյալը…

Ապակյա դռան վրայի ցուցանակն ազդարարում է, որ բաց է ամեն օր, ժամը 8.00-20.00,
Բոլորի համար, երաշխիքով, որակով…և այլն:
Զգում եմ, որ գրողը լավ հումորի զգացմունք ունի:
Իսկ ժամը 20.00-8.00 ընկած ժամանակահատվածը ոչ մեկին չի՞ հուզում:
Մտնում եմ ներս:
Սովորական արհեստանոց է, մի քիչ ժամանակակից կահավորանքով:
Նստած աղջիկը սպիտակ վերնաշապիկով է, իսկ շրջազգեստը չի երևում, անպայման սև գույնի կլինի:
Մտնում էմ ներս
- Բարև Ձեզ:
- Բարև, ինչո՞վ կարող եմ օգնել:
Աղջիկն իրեն երևակայում է Beeline–ում աշխատող աղջիկ ու թվում է կարող է ցանկացած հարցի պատասխանել՝ բջջայինների լիցքավորումից սկսած մինչր ''3D'' համակարգ:
- Օգնել դժվար թե, բայց այ օգտակար՝ միգուցե:  Ուզում եմ հանձնել վերանորոգման:
- Ի՞նչը:
- Սի՛րտս:  Լավ չի աշխատում:
Զարմանքն այնքան մեծ էր, որ իսկույն հասկացա նրա ՛՛Հայբուսակ՛՛- ի շրջանավարտ լինելը:
- Դուք եք գրել, վերանորոգում ենք ամեն ինչ, որակով, երաշխիքով…
- Հիմա Վովա դյադյային կկանչեմ, ես ոչինչ չեմ կարող ասել:
- Վովա դյադյան ձեր սանտեխնի՞կն է:
- Ոչ, - արդեն ժպտաց ուրիշ ժպիտով հասկացնելով, որ խղճում է ինձ:
- Մարի՛ն, մի հատ դյադ Վովային կանչիր, հարցնո՛ղ կա:

Կյանքը թատրոն է…
Ներսից լսվեց:
- Տեղում չէ, հիմա ես կգամ:
Ներս եկավ ՛՛Մարին՛՛- ը՝ Մարինան:
Նայում է ինձ, չեմ հասկանում ժպտում է թե քմծիծաղում, բայց վստահ գիտակցում եմ, որ նրա հայացքը շատ է նման Համատիրությունում աշխատող կանանց հայացքին, երբ գալիս են հերթական անգամ դրամ հավաքելու:
- Ի՞նչ է եղել,- աչքերիս չի նայում:
- Գիտեք, սրտիս վերին կողային և ներքին կողային շերտերի հաճախությունների արանքում ընկած, ֆազա-իմպուլսով մոդուլացված տարածքը կարծես ջնջվել է, չի աշխատում:
Նստած աղջիկը մեկ ինձ մեկ նրան է նայում:
- Արմին, երկու հատ սուրճ կսարքե՞ս, մեկը քաղցր նրա համար,- գլխով ինձ է ցույց տալիս:
…. Մարդիկ՝ դերասաններ
- Ուրիշ կապիկություն չէի՞ր կարող մտածել: Հիմա էլ աշխատանքիս վայրը փոխե՞մ, ինչ է:
- Դե լավ, ես սխալ էի, կներես, վերադարձիր, խիղճ չունես ի՞նչ է:
- Ես շուտով կամուսնանամ, մոռացիր, խնդրում եմ: Անցածն էլ ետ չես բերի:
Ներս մտավ Արմինեն:
Չէի սխալվել՝ սև շրջազգեստով է
Դե ինչ, պետք է շարունակել:

Կյանքը թատրոն է…
- Հասկանում եք, ես պատրաստ եմ նվիրելու մարմինս, մտքերս, երազանքներս, ամեն ամեն ինչ բացի սրտիցս, նա հիմա վատ վիճակում է:
- Տեսնում եմ, ինչ անխնա եք նրա հետ վերաբերվել, բոլորովին ծածկված է սպիներով ու վերքերով:
- Նրա հետ ուրիշներն են այդպես վերաբերվել:
- Դո՞ւք եք թույլ տվել: Ինչո՞ւ:
- Ես տղամարդ եմ, թույլ մի էակ, չկարողացա…Դուք կբուժե՞ք նրան:
- Նրան ժամանակ է պետք, կա մի այդպիսի դեղ՝ ՛՛Ժամանակ՛՛:
- Որտեղի՞ց կարելի է գնել:
- Նա չի վաճառվում, կհայտնվի անսպասելի: Մեկ, երկու, կամ միգուցե երեք տարի հետո…
- Այդքան սպասել, ես չեմ կարող, միգուցե այլ մեթո՞դ կա բուժվելու:
- Առաջ նորմալ էր աշխատո՞ւմ:
- Այո, շատ է սիրել, այնքան շատ որ մաշվել է այն աստիճանի, որ երբ բաբախում է արագ-արագ ոչ ուրախություն է բերում, ոչ էլ տխրություն:
Արմինեն ձախ ձեռքը դնչի տակ, գլուխը թեքած լսում էր մի այնպիսի ուշադրությամբ կարծես նրան ինչ որ մեկը մանրամասն պատմում է Վրաստանում գտնվող օգտակար հանածոների աշխարհագրական տեղերի ու ծավալների մասին:
…մարդիկ՝ դերասաններ:

Կյանքը թատրոն է…
- Ինչպես ասացի՞ք, վերին, ներքին կողային շերտերի արանքո՞ւմ…
Գլխով եմ անում, նայում նրա կիսաբաց կրծքերին հանգրվանած, պարանոցից շխթայով կախված խաչին:
- Դա, զգացմունքի տարածքն է, այն ավարտվել է:
- Իսկ ի՞նչ անեմ ես,  ավարտվե՞լ է, ասացիք: Ինչպե՞ս վերականգնեմ…
- Կա մի շատ թանկարժեք դեղամիջոց, ամեն մեկը չէ, որ կհամաձայնվի Ձեզ տալ, դա Սերն է:
Իսկ Սերը միայն սիրով կարող է փոխարինվել: Արմինե, քնեցի՞ր, բաժակները տար:
Մնացինք երկուսով:
Փորձում եմ բռնել ձեռքը, ետ է քաշում:
- Հիշո՞ւմ ես ինչ բան է երջանկությունը:
- Ինչո՞ւ ես եղունգներովդ սիրտս քերծում: Ոչ, չեմ հիշում, հետո՞:
- Ցավի ետևը երջանկությունն է, հարկավոր է վերհիշել:
- Չեմ ուզում հիշել, ես վաղուց մոռացել եմ:
- Սիրո համար գոյություն չունի ՛՛մոռանալ՛՛ բառը: Ինչո՞ւ ես թաքնվում անցյալից:
- Այդպես է պետք:
- Ո՞ւմ:
- Ինձ, սրտիս:
- Քեզ հարկավոր է գտնել մեկին, որը կնայի քեզ ինչպես դու ես ինձ նայում:
- Ու նա ինձ կտա՞ քո այդ ասած սերը:
- Ոչ, նա կսովորեցնի քեզ սիրել:
- Ե՞րբ կիմանամ, որ արդեն սիրում եմ:
- Երբ կտխրես հասկանալով, որ մի ամբողջ օր չես տեսել նրան, երբ կանհանգստանաս նրան սպասելիս, երբ չես կարողանա քնել առանց նրան բարի գիշեր մաղթելու…
Չէինք զգացել թե ինչպես էր Արմինեն մտել ներս ու լսում էր ուշադիր:
Հետո նստեց այն սեղանի շուրջը, որտեղ մենք էինք նստած:
- Անպես ես սովորեցնում ինչպես դո՞ւ ես անում Վովա դյադյաի հետ:
- Չափդ ճանաչիր, ի՞նչ գործ ունես այստեղ, անցիր գործիդ:
Չգիտեմ ինչ ասել:
Գնա՞լ:
Հեռանա՞լ:
Ի՞նչ անել:
- Մարին, դա է սերը: Կներես ես չեմ մոռացել ինչպես են սիրում, ուղղակի ցավը ինձ ստիպել էր մոռանալ դրա մասին…
Դուրս եկա այնտեղից, որտեղ վերանորոգում են ամեն-ամեն ինչ, որակով, երաշխիքով…
…մարդիկ՝ դերասաններ:

Շուրջպար պարում են առնվազն երեքով:
Ես, նա , մութը:
Ես, սիրտս, այդ Վովա քեռին:
Նա, այդ Վովա քեռին, մութը:
Բայց ինչքան էլ մտածում եմ երկուսով ենք՝ ես ու սիրտս, իսկ շուրջպար երեքն են հարկավոր:

Զանգ:
Չեն խոսում, ժպտում են ձայնիս:
Չեն խոսում բայց ես լսում եմ մի երկնագույն ձայն, մաքուր, մոդուլացված սրտիս վերին ու ներքին  կողային շերտերի մեջտեղում:
- Դե խոսիր էլի՜:
Բայց նորից չի խոսում, ժպտում է ձայնիս:
- Ալո, չե՞ս խոսում:
Տու՜, տո՜ւ, տո՜ւ…
Հեռախոսս էլ ինձ նման սեր է պահանջում:
Ու նորից մի զանգ:
Նորից լռություն:
- Չե՞ս խոսում, հիմար:
Եվ նորից տո՜ւ, տո՜ւ…
- Արմինե, դո՞ւ ես:
Բռնակալության հողմերից ընդհատակ անցած ճշմարտությունը ծնկած տեղից դանդաղ վեր բարձրացավ:
- Ես եմ, բա էլ ո՞վ:
- Դու բանասիրականն ես ավարտե՞լ:
- Չէ, ՛՛Հայբուսակը՛՛:




Քայլքդ



Քայլում էիր:
Կարծես կյանքն էր կծկվել
Հարմարվելով շորերիդ մեջ,
Ու քաշում էր իր հետևից
Բյուր աչքերի հոծ բանակը
Ուղտերի պես:

Քայլում էիր
Տառապանքների փշոտ հուշերը
Մեջքիդ բեռ բարձած,
Քայլով դողացող:
Ժպտում էիր,
Ինչպես դիակի
Կապույտ շուրթերին
Արև խայտացող:

Դառն էր քայլքդ,
Բայց գեղեցիկ ոչ ինձ համար,
Քանզի քայլքիդ ու աչքերիս ճանապարհը
Մեծանում էր ոչ իմ օգտին,
Քանզի քայլքդ հեռանալով
Կուլ էր գնում
Արդեն մեռնող
Մայրամուտին:

четверг, 20 июня 2013 г.

Սիրելի մարդու ժպիտը




… <Նայիր երկնքի հորիզոնին և կտեսնես քամուն համաչափ ընթացող մի ամպիկ:
Քամին քեզ կհասցնի կախարդական դյութիչ մի մեղեդի, որի հետ էլ կհասնեն շշնջոցով բառեր, կարծես թե բանաստեղծություն:
Դա իմ սրտի ձայնն է փաթաթված հիշողության բարակ թելերով:
Հիշում եմ քո ամեն մի քայլը, հայացքը, ժպիտը, քո քայլերի հաճելի ձայնը:
Զգում եմ քո բույրը…
Կկոցում եմ աչքերս ու հաճույքով հիշում քո անմեղ հպումները ձեռքիս…
Մի անցած գնացած հունիս, իր տաք արևի ճառագայթներով քո ստվերը նկարեց շիկացած ասֆալտին ու նվիրեց ինձ…
Դու իմ ժպտացող նվերն էիր ճակատագրի կողմից:
Քո ժպտացող ներկայությունն ինձ համար երջանիկ ու զգացմունքներով լեցուն սիրտս էր…
… սառը և հաշվենկատ  գլուխս խոնարհվում էր սրտիս առաջ, հիշողությանս առաջ…
… աչքերս խոնարհվում էին սիրելի մարդու ժպիտի առաջ…
Երջանիկ էի՞:
Չգիտե՛մ, չե՛մ հասկանում:
Հիմա իմ երջանկությունը սփռված իննը քառակուսի մետր խուց-բնակարանովս մեկ, հատակի ամեն մի քառակուսի սանտիմետրի վրա սղոցում է հոգիս, ծակում է սիրտս,  ստիպում գլուխս բարձրացնել  ու նայել վեր, ավելի վեր ու …ճաղերի միջից նորից տեսնել սիրելի մարդու անգին ժպիտը:
Երջանի՞կ եմ:
Չգիտե՛մ, չե՛մ հասկանում:
Չտխրես առանց ինձ…Մենք երբեք չենք բաժանվի, քանի որ երբեք չենք պատկանել մեկմեկու, բայց եղել ենք միասին:
Ես երբեք չեմ ափսոսա այն վայրկյանները երբ եղել եմ կողքիդ, կիսել քո արցունքների դաժան չափաբաժինը:
Ես քեզ երբեք չեմ մոռանա…>:

* * *
Տարեթիվ չկա, ամսաթիվ չկա: Միգուցե կիսատ է:
Կարծես թե կիսատ է:
Ի՞նչ է, Ազան, (անձնագրով Ազգյուլը), սկսել է գրե՞լ: Չէ, ձեռագիրը նման չէ: Սա էլ կարծես նման է կնոջ ձեռագրի, բայց այնքան ուժ կա մեջը, այնքան ցավ, այքան համաչափ են տառերը, որ նման չեն Ազայի ձեռագրին:
Եվ ի՞նչ գործ ունի ՛՛Խառատի տեղեկագրքի՛՛ մեջ:
Դռան ծխնիների աղիողորմ ճռնչոցը կտրեցին մտքերը:
- Քանի անգամ ասացի, խնդրեցի, որ յուղես, դա էլ պետք է ես անե՞մ: Հաց գնե՞լ ես:
- Գնել եմ, ինչո՞ւ ուշացար, ժամը ինն է արդեն:
- Հանձնարարություն ունեի, դե հո շեֆին մենակ չէի թողնի: Վաղը հաշվետվության օր է:
Շեֆի հետ շրջան ենք գնալու:
Ժպտաց: Գիտե, որ ունի գեղեցիկ ժպիտ ու երբեք առիթը բաց չի թողնում ժպտալու:
Հիշեց նամակի տողերը, կարծես թե այսպես էին …  <խոնարհվում եմ սիրելի մարդու ժպիտի առաջ…>
Լուռ ընթրիքից հետո հարցրեց:
- Ինչո՞ւ ինքդ չես յուղում դռան….
- Ես, բա դա կնոջ գործ է՞:
- Ինձ թվաց թե վերցրել ես իմ գրքերից Խառատի տեղեկագիրքը, որ…
- Ի՞նչ խառատ, ինչե՞ր ես խոսում:


* * *
Դռան թակոցը շատ նման էր բժշկից վախեցող երեխայի թակոցին:
Զգույշ, երկչոտ, համբերող,  հուսալով, որ միգուցե տեղում չէ:
- Մտե՛ք:
Սենյակ մտավ մազերի ու դեմքի խնամքը բնությանը վստահած մի կին:
Եթե բժիշկը չիմանար նրա քսանհինգ տարիների մասին, նրան կդիմեր ՛՛Տիկին՛՛-ով:
- Նստիր, Ազա: Ի՞նչքան պետք է տևի…ինչո՞ւ ես թողնում, որ քեզ օգտագործեն շպրտված լաթի կտորի նման, այն էլ ո՞ւմ, պապիկիդ տարիքի մի…
Գեղջկական միամտությամբ թոթվեց ուսերը:
- Մի՞թե ուրիշ տարբերակ ունեմ, մնացել եմ մենակ, գյուղ էլ վերադառնալ չեմ կարող: Անձնագիրս վերցրել է, փող չունեմ: Գիտեմ որ ամբողջ անձնակազմը ինձնից զզվում է, բայց ի՞նչ կարող եմ: Ավագ քույրն ասաց, որ դրա նմանները շուտ չեն սատկում:
- Յոթանասուն տարեկան, լսի՛ր, մի՞թե իրոք ստացվում է այդ պապիկի մոտ:
Աղջկը կարմրեց: Ափերով փակեց դեմքը:
- Կարծես ծաղկուն տարիքում լինի: Դա ցերեկները, իսկ գիշերներն ինչ շնություն ասես որ չի ստիպում ինձ անելու անկողնում: Մի՞թե դուք որպես նրան բուժող բժիշկ ոչինչ չեք կարողանում անել:
- Դե ինքդ գիտես ում հայրն է, ձեզ էլ հեռու բարեկամ: Հիվանդանոցի քույրերից հրաժարվեց, ասաց, որ ունի իր սեփական աղախինը: Մի անգամ խիստ նկատողություն արեցի, այդ անատամը շշպռեց թե, եթե Ազան չլինի դու կգաս նրա տեղը: Քիչ է մնում մարդ վերցնի ու մի այնպիսի բան սրսկի, որ…
- Կանե՞ս բժիշկ ջան:
Աղջիկը ծնկեց ու գրկեց բժշկի ոտքերը:
- Հիմա՞ր ես ինչ է, վեր կաց, նման բան մտքովդ չանցնի:
Աղերսող աչքերը բարձրացան վեր ու հանդիպեցին բժշկի աչքերին:
Աչքերից կաթում էին անարգանքի ու վիրավորանքի, անհոտ, անհամ արցունքները:
Բժիշկը հայացքը փախցրեց,  վախենալով նրա աչքերում տեսնել կամ ավելի ճիշտ չտեսնել ինչ որ բան: Վախեցավ այնտեղ լուծվի անհետ ու հայտնվի այն…վերադարձի ճանապարհը փակող գծից այն կողմ:
- Այսօր կսրսկես սա՛, - մեկնեց թափանցիկ մի սրվակ:
- Սա անվնաս քնաբեր է, ուղղակի  քիչ ուժեղ: Մի քիչ ռիսկը մեծ է, բայց ոչինչ: Մինչև առավոտ մեռածի նման կքնի:
Ես մեկ ժամից գնում եմ: Կդիմես հերթապահ բժիշկին, այսօր Վարդուհին է հերթապահում:
Հիվանդանոցից դուրս գալիս դռների մեջ տեսավ Ազային:
Ձայն չհանեց, լուռ փորձ արեց անցնել նրա կողքով ու դուրս գալ:
Ստացվեց, բայց մինչև մեքենային հասնելը ետևից լսում էր մանրաքայլերի հազիվ լսելի ձայնը:
Ամբողջ ճանապարհն անցան լուռ:
Տան դուռը բացելով ու առաջ թողելով Ազային բղավեց:
- Մա՛մ, եկա՛, մենակ չեմ:
Այդ օրվանից սկսած Ազան արդեն առանց բժշկին ասելո՝ ավագ քրոջ աջակցությամբ  այդ վավաշոտ ծերուկի հետույքին  օրը երկու անգամ էր սրսկում:
Այդպես սկսվեց մտերմությունը, ընկերությունը, լուռ, մոր խանդոտ աչքերի խիստ հսկողության տակ  ոչինչ չխոստացող սերը:
Ազան նրա մորից սովորեց հագնվել ժամանակին համահունչ, խնամել դեմքն ու մազերը:
Բժշկից էլ սովորեց մինչև առաջին խաչմերուկը մեքենա վարել, ու մի քանի անգամ արդեն ինքն էր քշել մեքենան լվանալու:
Նույնիսկ հումորի զգացումը զարգացավ այդ կարճ ժամանակամիջոցում:
Իսկ ժպիտը տրված բնության կողմից դարձավ ավելի արտահայտիչ:
…Սովորական մի օր էր,  երբ մոտեցան շենքին:
- Դու հոգնած ես, բարձրացիր տուն, ես մեքենան տանեմ լվանալու: Հիշում եմ, որ պետք է լվանալ ՛՛բեզկոնտակտ՛՛, ինչպես մեր սերն է,- ժպտաց իրեն հատուկ ժպիտով ու կարծես այդ տաք, կանչող, մետաքսե ժպիտը վերածվեց երեկոյան երկնքի ու լուծվեց ինչ որ տեղ՝հեռու հեռվում:
Գիշեր էր, երբ ավագ քրոջ զանգն արթնացրեց նրանց:
- Ծերուկը մահացավ, նախարարի տեղակալն այստեղ է, ինչ որ դատարկ սրվակ է գտել, քեզ է պահանջում, շտապ արի:
Բնակարանի միջանցքում կիսամերկ կանգնած էին երկուսով ու նայում էին իրար:
Շարժվել չէր լինում:
Իր  ժամանակը սպառած կարմիր լույս էր:
Նրանք չէին էլ շտապում:
Ո՞ւր շտապեին, բայց առաջ գնալն անհրաժեշտ էր ու խթանիչը միջանցքում հայտնված մոր զարմացած ձայնն էր:
- Իսկ ինչ կա անհանգստանալու, տարիքով մարդ էր, օղորմի…

* * *
Կեսօր էր….Բացարձակ սովորական մի կեսօր որը ոչնչով չէր տարբերվում ոչ երեկվա ոչ էլ անցած օրվա կեսօրերից:
Տարբերությունն այն էր, որ այդ մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի տարով մեծացավ, կարծես ծերացավ, բայց պրոբլեմները մնացին նույնը:
Ինչ որ մի տեղ…
Ինչ որ մի ժամանակ…
Ինչ որ մեկն ասել է որ կյանքում գոյություն ունի միայն եկու անհաջողություն.
Չհասնել քո երազանքին և հասնել քո երազանքին:
- Վեց տարի…
Դատավորի փայտե մուրճն ազդարարեց կապույտ ծխով խարույկի վրա այրվող սխալների վերջաբանը:
Հայացք…
Ժպիտ…
Սեփական  ցավերի խաչի վրա խաչված մարմին…
Կապույտ ապակյա աչքերի անհույս թափառում դահլիճով մեկ…
Բուժքույր Վարդուհու ձեռքերի վրա ընկնող, ցավերից կարճ ժամանակում սմքած մոր մարմին…
Քար, սպասողական լռության մեջ վստահ ու բարձր ձայն:
- Ես կգամ քեզ մոտ, ես քեզ մենակ չեմ թողնի, ոչինչ, ոչինչ չի եղել, դու հավատո՞ւմ ես ինձ…

Բնությունը տվել է ապրելու հնարավորություն:
Ապրելու այլ ոչ թե գոյություն պահպանելու:
Շնչելու այլ ոչ թե ներշնչելու ու արտաշնչելու:
Զգալու այլ ոչ թե թեթև մտահոգվելու:
… Եվ բացարձակ նշանակություն չունի թե որտե՞ղ, ի՞նչ պայմաններում:
Կարևորը՝ թե ո՞ւմ հետ…

* * *
- Ինչ խառատ, ինչեր ես խոսում:
- Սա ի՞նչ է, կարո՞ղ ես բացատրել: Չնայած պարզ է: Արդեն քանի օր է կարդալու պատրվակով գիշերները գրքերի մեջ ահա թե ինչ ես ման գալիս:
- Տուր ինձ նամակս, խնդրում եմ:
- Անտուն անտեր փողոցներն ընկած թափառում էիր, բերեցի տուն, աշխատանքով ապահովեցի…հիմա եմ հասկանում քո բեզկոնտակտ վերաբերմունքը, պարզվում է որ մի սովորական լիրբ ես:
- Դա ինձ հասցեագրված նամակի առաջին էջն է, որ հապշտապ քեզնից թաքցրել էի գրքերից մեկի մեջ  ու չէի կարողանում գտնել, խնդրում եմ, տուր, ինչ ուզես կանեմ, երդվում եմ:
- Ի՞նչ ուզեմ…ուրեմն այն մի քանի անգամը որ իբր գործուղում ես եղել, գնացել ես սրա հեղինակի մոտ…ճաղերի ետևում ապրող այդ հանցագործի…
- Դու ոչինչ չգիտես, ոչինչ:
Կինն արագ սկսեց վրայից հանել ու հատակին գցել շորերը:
- Տո՛ւր ինձ այդ թերթիկը: Վերցրո՛ւ ինձ, դե վերցրո՛ւ դա՛ է քո ուզածը, վերցրո՛ւ…

* * *
Գիշեր էր:
Սառը աստիճանների վրա մուտքի աղոտ լույսի տակ հեծկլտալով կարդում էր նամակի շարունակությունը գրված մի մարդու մատներով, որոնք բազմաթիվ կյանքեր էին փրկել, այդ թվում և նրա կյանքը:
… <Վերջին անգամ երբ եկել էիր այցելության, ես ապակե պատի ետևից քո աչքերում տեսա արցունքի կաթիլներ, լաց չլինես: Գիտե՞ս ինչ մտքովս անցավ այդ պահին, ուզում էի լինել քո արցունքը, որ քո փոքրիկ ձեռքով ինձ մաքրես ու ես տարածվեմ դեմքովդ մեկ, աչքերիդ, շուրթերիդ, այտերիդ: Հետո մտածեցի, որ անպայման կհայտնվեմ քո երազում, որ կարողանամ քեզ թաքցնեմ աստղերի սառը լույսից:
Երբ դուրս գամ այստեղից քո քնած ժամանակ անպայման կլինեմ արթուն ու քո համար կնկարեմ արևի ամառային տաք ճառագայթներ, կստիպեմ կիսաքնած ծառերին քո համար  իրենց տերևների շարժով երգելու քնարական երգեր:
Իմ շնչից շիկացած օդը կգրկի քեզ, այնպես ինչպես ես էի ցանկանում ամեն անգամ երբ քեզ տեսնում էի:
Ես կվերածնվեմ ամեն մի նոր օրվա հետ, գրկելով ուսերդ, մատներս քսելով այտերիդ…
Ինչքան եմ ես տանջվել քո համար իմ ՛՛բեզկոնտակտ՛՛ սեր…
Այն, ինչ ես եմ գրում, գրում եմ սրտիս կողմից, անջատած  գիտակցությունս:
Երևի ես նման եմ այն մարդկանց, որոնք չեն բավարարվում սովորական հանքային ջրով և խմում են շամպայն առանց վախենալու ռիսկի գործոնից:
Ամեն մեկն ընտրում է իր շարունակությունը: Իմն էլ սա էր…
Շատ եմ խնդրում,մտածիր, միթե վատ կլինի որ կարողանաս անտեսել գիտակցությունդ ու ճանապարհ տաս սրտիդ:
Մի՞թե ապրում ենք միայն նրա համար որ անընդհատ հաշվենք, հաշվարկենք, անպայման թղթի վրա գրենք:
Մտածիր թե ի՞նչ ես ուզում հիմա, այս պահին երբ կարդում ես տողերս…միայն խնդրում եմ ժպտա, դու այնքան լավ ես ժպտում:
ժպտում ես հատուկ՝ սիրելի մարդու ժպիտով…>

Վերջաբան

Սիրտս սկսեց ծակծկել, ինչու ես ուշանում, չէ՞ որ վաղուց վերջացել է  աշխատանքդ:
Հիմա ես անում եմ այնպես, ինչպես դու ես սովորեցրել, սրտիս պահանջով:
Հիմա իրոք ապրելը հեշտ է, հաճելի ու ոչ մեկին դա չի խանգարում:
Ուշանո՞ւմ ես:
- Ես կգամ քեզ մոտ, ես քեզ մենակ չեմ թողնի, դու հավատո՞ւմ ես ինձ…

среда, 19 июня 2013 г.

Օղի եմ ուզում




Արի իմ բաժակ ես քեզ համբուրեմ,
Հարբածս քեզնից միգուցե թողնի,
Քեզ որ կորցնեմ նորից կգտնե՞մ,
Օղի եմ ուզում
Տվեք ինձ օղի:

Գինովցած հիմա ես քեզ չեմ տեսնում,
Մառախուղն է թաց իջել աչքերիս,
Մենակությանս ես չեմ դիմանում,
Քեֆի եմ կանչում ընկեր բաժակիս:

Օղու ու գինու խառնված հոտից
Գիտեմ, որ հիմա քեզ չեմ ցանկալի,
Բայց հավատա ինձ ես կգամ նորից,
Բաժակս եթե հանկարծ ինձ լքի:

Ես կգամ մի օր, կկանգնեմ մոտիկ,
Այնպես որ շունչդ փակվի իմ շնչից,
Աչքերով այնպես կխառնեմ հոգիդ,
Մինչև մարմինդ եռ կգա կրքից:

Քեզ գրկած անշարժ կմնամ այնքան,
Մինչև աչքերդ թացից չորանան,
Մինչև որ ճերմակ մարմնից կուսական,
Հարություն առնի կինը մոգական:

Կնոջ մարմնի ագահ ցանկությամբ,
Դու բաց չես թողնի մարմինս հոգնած,
Եվ էգ առյուծիդ ուժի օգնությամբ
Կգունավորես օրերս դեղնած:

Ինձ հետ են հիմա ցավս ու գիշերը,
Չէ որ դու գիտես ցավը տանջվողի,
Շուրջպար են պարում դատարկ շշերը,
Օղի եմ ուզում
Տվեք ինձ օղի:

Ականջդ Խղճի



Խղճիդ Ականջը փակի՛ր բամբակով,
Որ էլ չլսես սիրո քայլերս,
Որ Լռությունդ կաթնամշուշով
Լափի՛ մտքերս:

Սառցե ձեռքերով հույսերս գրկի՛ր,
Որ ճշմարտությունը մերկանա,
Սպասումն ու Կարոտը համբուրի՛ր,
Շուրթերովդ սատանա:

Քմծիծաղն է գալարվում դեռ,
Դեքիդ՝ Ժպիտ չէ  դուրեկան,                                        
Ու Աչքերդ ինչպես  մի բեռ
Կլանում են իմ Ներկան:

Նույն օրենքներն են, և Քո՛ մեջ, և Ի՛մ,
Արժանիքներս թելի՛ց են կախված,
Մի՞թե Սուտն իր մատներով ճղճիմ,
Կմորթի Սերս անարգված:

Բա՛ց  արա Խիղճդ, վերադա՛րձ եմ Ես,
Խղճիդ ականջը Ի՛նձ զոհաբերիր,
Ես քեզ սիրո՛ւմ եմ:  Ես սիրում եմ Քե՛զ
Արդեն քանի՜, քանի՜ տարի: