вторник, 9 декабря 2014 г.

Բախում



Ամպերը ձեռք-ձեռքի տված կախվել են ու կարծես փորձ են անում վերջնականապես ազատվել արդար երեկոյից:
Պատուհանից, կիսամթան մեջ համարյա ոչինչ չի երևում, թերևս միայն ստվերներ, եթե ինչ որ մեկն անցնի, բայց…
« Ի՞նչ եղավ, որտե՞ղ է քարշ գալիս, ոչ խիղճ կա, ոչ էլ տրմաբանություն, չի էլ մտածում, որ անհանգստանում եմ…»
Չէ, բակում ստվերները չեն քայլում: Նրանք կան, բայց անշարժ են՝ ծառերի, նստարանների, շենքի…
Աչքերը կկոցելն էլ արդյունք չտվեց:
Մեկ անգամ էլ փորձեց, մեկ անգամ էլ լսեց նույն կանացի ոչ մի լավ բան չասող, հույս չտվող «Բաժանորդն անհասանելի է» խոսքերն ու առանց զգալու, որ կծում է հացի կտորն արդեն որերորդ անգամ, միացրեց հեռուստացույցը:

* * *
- Կարող ես մնալ Գոռ ջան, հիմա Հակոբը կհավաքի բակը, կնստեք այգում շախմատ կամ նարդի կխաղաք:
- Չեմ կարող, հեռախոսն էլ այստեղից չի բռնում, մայրս կանհանգստանա: Վերջին ավտոբուսին կհասցնեմ, անհանգստանալու կարիք չկա:
- Այսքան ճանապարհ եկար, իսկ մեր ամառանոցը դո՞ւր եկավ, ես հասկանում եմ, որ մեր աղջիկն ավելի է դուր գալիս…դե լավ, մի կարմրիր, կատակում եմ: Հասմիկ, Գոռը գնում է:
Հասմիկը մոտեցավ մորն ու զարմացած նայելով մեկ նրան մեկ Գոռին ասաց:
- Մամ, ի՞նչ ես ասել, Գոռ քեզ ի՞նչ եղավ: Որոշել էիր մնալ:
- Ոչինչ, մայրս սպասում է: Ինձ կներեք, բայց պետք է գնամ:
Մոտեցավ Հասմիկի հայրը՝Հակոբը:
- Համառ տղա է, ինձ դուր է գալիս, եթե անհրաժեշտ է թող գնա, դեռ կհանդիպենք,այնպես չէ՞:
- Լավ, քեզ ճանապարհեմ, մամ շուտ կգամ, մինչև ավտոբուս հասնեմ ու ետ:
Հասմիկը բռնեց Գոռի թևը:
- Քեզ այսօր ի՞նչ է եղել, մի տեսակ ես, նման չես քեզ: Ի՞նչ է, ծնողներս դո՞ւր չեկան:
- Հիմարություններ ես ասում: Տրամադրություն չկա:
- Հայրս էլ զարմացավ, որ այդքան խմեցիր ու չհարբեցիր:
- Անկյունից ետ դարձիր, մենակ կգնամ:
- Գոռ, մի՞գուցե ես էլ գամ քաղաք, ես քեզ մենակ չեմ կարող թողնել, կգնանք մեր տուն, մենակ կլինենք, կզանգես մայրիկիդ, կզգուշացնես: Դե՞…որոշիր:
- Հա՛ս, չգիտեմ, իսկ ի՞նչ ես ասելու ծնողներիդ: Հարմար չէ, մի տեսակ…
- Դու միայն կանգառում սպասիր, դեռ տասնհինգ րոպե կա ավտոբուսին, ես ետ դառնամ, եթե մինչև ավտոբուսի գալը չգամ, դու գնա: Կհանդիպենք վաղը չէ մյուս օրը:

… Հեռվից կարծես կաղալով մոտենում էր ավտոբուսը, համարյա դատարկ:
Ուրբաթ օրերին այն միայն առավոտյան է լիքը լինում:
Բարձրացավ, նստեց ու նայում էր դեպի ամառանոցային հատված տանող ճանապարհին:
Հեռվում մի կերպ տարբերեց ինչ որ ստվեր, հարազատ ու  թանկ աչքերին:
«Միայն նա կարող է այդպես շտապել ինձ մոտ, նա՛:»

* * *
Բնակարանը վերանորգված էր ժամանակակից ոճով:
Զգացվում էր տանտիկնոջ, ամեն ինչ փայլելու բնավորությունը:
- Տեղավորվիր որտեղ ցանկանաս, ես թեյ պատրաստեմ ու գամ:
- Քո սենյակը որտե՞ղ է, այնտեղ նստենք:
- Ինքդ գտիր, ընդամենը չորս սենյականոց է, - ծիծաղեց:
- Դու ի՞նչ է ակնարկում ես, որ մերը մեկսենյականո՞ց է:
- Գոռ, չէի սպասում քեզնից, ի՞նչ է կատարվում հետդ:
Մոտեցավ գրկեց տղային, գլուխը դրեց ուսին:
- Եթե ինձ չասես, էլ ո՞ւմ: Գո՛ռ, ինչո՞ւ չես գրկում ինձ, արդեն դուր չեմ գալի՞ս:
- Թո՛ղ, զանգեմ մորս, կխոսենք:
- Լավ, չեմ խանգարի, ես գնացի ցայվելու, հետո  թեյ կխմենք,լա՞վ: Կմնաս չէ՞ այսօր:
Գոռն անձայն մոտեցավ պատուհանին, գրպանից հանեց հեռախոսը:
- Մամ, ես Հասմիկենց ամառանոցում եմ, չեմ գա այսօր:
- Դու ո՞ւմ ես քաշել այդպիսին, հայրդ այդպես, հորեղբայրդ անբան, պապդ դաշնակ, Աստված իմ, դրանց կողմը պետք է քաշեի՞ր: Չե՞ս մտածում, որ արդեն  խելագարվում էի, ժամացույցին նայե՞լ ես:
- Մա՛մ, հեռացել եմ ամառանոցից, հասել ճանապարհին, նոր բռնեց հեռախոսս, դեռ պետք է վերադառնամ, համբուրում եմ, վե՛րջ, քնի՛ր:
«Հայրդ այդպես, ինչպե՞ս, հետո ի՞նչ որ բաժանված եք, ես քեզ խճալով չեմ ասել, որ կապ ունեմ հորս հետ արդեն քանի տարի, հիմա գլխումս միայն նա է: Տեսնես ի՞նչպես է:»

Հասմիկի մազերը փռվել են դեմքին, չի տեսնում հայացքը, քնա՞ծ է թե՞ ոչ:
Սկյուռի սուր ատամների նման ծխելու անտանելի պահանջը կրծում է մարմինը:
Եթե քնած է, կխանգարեմ:
Ցածր ձայնով, որ թվաց թե միայն ինքը կլսի, հարցրեց:
- Հա՞ս, քնա՞ծ ես:
- Ո՛չ, ինձ այնքան լավ է, որ չեմ կարողանում քնել, ինչո՞ւ չես քնում, անհանգիստ ես:
- Ծխել եմ ուզում, գնամ խոհանոց:
-Ես կբերեմ, դու մերկ ես, ամաչկոտ, մինչև հագնվես,- նորից ծիծաղ, վարակիչ ու ամենակարող:
Մերկ գնաց դեպի Գոռի շորերի կողմը:
Երբ ծխի առաջին բաժինը լցվեց թոքերը, համբուրեց կողքը պառկած ու իրեն ուշադիր հետևող Հասմիկի շուրթերի անկյունը:
- Հայրս մահամերձ է, Հաս:
- Ի՞նչ, ի՞նչպես թե…չէ՞ որ դու հայր չունես, ինքդ ես ասել:
- Դու ոչինչ չես հասկանում, թոքերի քաղցկեղ է, դեղ է հարկավոր, այստեղ չկա, հասկանո՞ւմ ես մի այնպիսի գումար է, որ ես չեմ կարողանում պատկերացնել:
- Ի՞նչ դեղ, կամ ինչո՞ւ չես ասում պապայիցս փող վերցնեմ:
- Հորս ավտոտնակը վաճառել եմ հարևանին, փողը տանն եմ պահել, մնում է որ վաղը գնամ հայրս թղթեր պետք է ստորագրի, բայց հասկանո՞ւմ ես, բժիշկն ասաց 2-3 օրվա ընթացքում դեղերը հասցնեմ:
- Երկու օրից հորս ծննդյան օրն է, հորաքույրս է գալու Սանկտ-Պետերբուրգից, դեղերի անունը գիտե՞ս, հենց հիմա զանգեմ: Ես վաղը քո հետ գալիս եմ հիվանդանոց: Էլ ոչ մի խոսք:
- Տաբատիս ետևի գրպանում է, երեքից դեղերից գոնե մեկն ու մեկը:

- Ժաննա հորքո՞ւր, հա լավ եմ…
…  մի բան պետք է խնդրեմ, փող կա՞ մոտդ, դեղ է հարկավոր դու բեր փողն այստեղ անմիջապես, հա գրի հորքուր ջան, «Բեվացիզումաբ», «Դոցետակսել»,  «Դոկսորուբիցին», վաղը երեկոյա»ն, ավելի լավ, գրիր հասցեն…հեռախոսնել էլ…, անունը Գոռ է: Հա իհարկե, նա է:  Համբուրում եմ:
- Տեսա՞ր ինչ լավ ստացվեց, մարդ կա եկող, վաղը դեղերը կլինեն ձեր տանը, քեզ մնում է երեկոյան տանը լինել, որ մայրդ չիմանա: Ի՞նչ ես աչքերդ չռել, ինձ մերկ առաջին անգամ ես տեսնո՞ւմ,- վերցրեց խալաթը, մեջքով շուռ եկավ դեպի Գոռն ու գցեց ուսերին:
- Զանգիր, ուզում եմ քեզ նորից մերկ տեսնել, հեռախոսն ականջիդ:
- Այ հիմա դու նույն Գոռն ես, դե դիմացիր…
Խալաթն ազատվեց Հասմիկի մարմնից, մի ակրոբատիկ թռիչքով թռավ ու ընկավ բազկաթոռի թիկնակին:

* * *
Մայրն անձայն լալիս էր:
- Մա՛մ, դե այդպես ստացվեց, ի՞նչ ես անընդհատ, չէ՞ որ զանգեցի, զգուշացրեցի, հիմա ի՞նչ է տանը մնացած աղջկա պես քեզնից պետք է կպած մնա՞մ, չպետք է ամուսնանա՞մ, առաջին անգամ հո չէ՞ որ տանը չեմ գիշերում:
- Ի՞նչ ես ման գալիս, ես եմ սեղանդ հավաքել, տետրերիդ ձեռք չեմ տվել:
- Մի սև թղթապանակ կար, կարծեմ սեղանին եմ թողել, կարմիր երիզով:
- Այնտեղ է, գրքերի տակ:
- Չես բացել, չէ՞:
Մայրն առանց պատասխանելու գնաց խոհանոց:

* * *
- Եկա՞ր Գոռ ջան:
- Չէ պա՛պ, դեռ ճանապարհին եմ, գալիս եմ, համ էլ ինչպես տեսնում ես մենակ չեմ, արի Հաս:
- Հասմի՞կն է Գոռ ջան, արի աղջիկ ջան, նստիր:
- Պապ, ուրեմն, նայիր, ստորագրում ես այստեղ, այ  այս մյուս էջի վրա, այստեղ և վերջում, չէ, ավելի ներքև: Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան դեղերը կլինեն, ճիշտ է թանկ, բայց չմտածես, պապ ջան, հիմա փող կա, ինչքան պետք է…
- Ի՞նչ արժեր, Գոռ, Հասմիկին հյուրասիրիր, միրգ կա:
- Տուփը հարյուր հիսուն հազար է, բայց դա ի՞նչ է որ, պապ դու ասա ավտոտնակից ի՞նչ է պետք հանել, ի՞նչ կա անհրաժեշտ:
- Միայն մետաղի ջարդոն է, անհրաժեշտ բան չկա, ինչ էլ կա թող մնա Գագոյին, լավ հարևան է եղել, բայց…Հասմիկ ջան կողքի սենյակում ծորակ կա, միրգը լվա, բեր, աղջիկ ջան:
Երբ Հասմիկը դուրս եկավ հայրը փորձեց նստել անկողնում, հաջողվեց:
- Լավ աղջիկ է Գոռ, հիմա ուշադիր, ավտոտնակի վերջում, ձախ կողմում, երեք անպետք անվադող կա, իրար հենած, մեջտեղին մեջ շորով փաթաթած բան կա, կվերցնես, նոր բանալիները կտաս Գագոյին, հասկացա՞ր, խոստացիր, որ կգցես ջուրը, ինձ հասկացար: Խոսքս կկատարե՛ս:
   
Ավտոտնակի լույսը չմիացավ:
Հոր հեռանալուց հետո միայն մեկ անգամ էր եղել:
Միացրեց բջջայինի լույսը:
Դանդաղ առաջացավ դեպի տնակի ձախ անկյունն ու տեսավ պատին հենած անպետք անվադողերը:
Ձեռքով շոշափեց, զգաց, որ ինչ որ բան կա, հանեց դուրս ու հասկացավ թե ինչ կարող է լինել:
Շորի մեջ ատրճանակ էր:
Մտածեց երկար, հետո խրեց գոտկատեղը, վերնաշապիկը իջեցրեց տաբատի վրա ու դուրս եկավ:
Երբ վերելակը հասավ ութերորդ հարկ առանց շտապելու բախեց կողքի՝ հարևանի դուռը:
- Գոռ ջան, այս ի՞նչ լավ ստացվեց: Առանց առարկությունների, գնում ենք ընտանիքով, մեզ հետ գալու ես, խորովածի, վաղն առավոտյան կլինենք:
- Բայց ես գործ ունեմ, պապաս…
- Էլ մի սկսիր, գործարք ենք արել, դեռ երկու հազարն էլ պետք է տա՞մ, այնտեղ կստանաս:
 - Լավ, մամային զգուշացնեմ:

Ատրճանակը պահեց անկողնու տակ:
- Մա՛մ, ինձ պետք է բան բերեն, կդնես իմ սենյակում, լա՞վ:
- Դու ու՞ր ես գնում, էլի չե՞ս գալու: Էլի Հասմիկե՞նց:
- Չէ, մամ ջան, Գագոյենց ընտանիքով, իրենց գյուղ: Համ էլ գործ կա հետը:

Առավոտյան Գագիկն առաջարկեց միասին գնալ հիվանդանոց, հետո նոր տուն:
-  Ճանապարհի վրա է, Գոռ ջան, ես էլ վաղուց չեմ տեսել:
Հայրը ուրախ տրամադրություն ուներ:
Խեսեցին, կատակեցին Գագիկի հետ, մինչ այդ հայրը հասկացել էր Գոռի աչքերից, որ վերցրել է ատրճանակը:
Գագիկը երկար չմնաց, գնաց:
- Գոռ ջան շնորհակալ եմ, տղա ջան,բայց զգում եմ, որ իզուր է:
- Ինչը:
Հայրն աչքերով ցույց տվեց պահարանիկը:
Սպիտակ ստվարաթղթե տուփ էր:
Վերցրեց պտտացրեց ձեռքերի մեջ, կարդաց «Դոկսորուբիցին», մյուս կողմում տեսավ գրիչով կապույտ գույնի գրված իր տան հասցեն ու հեռախոսը:
- Պա՞պ, ով է բերել, Հասմի՞կը:
- Ո՛չ, մա՛յրդ:

Մեկ շաբաթ էր, որ մայր ու տղա համարյա չէին շփվում իրար հետ, ավելի ճիշտ «այո», «ոչ» կարճ պատասխաններով բավարարում էին մեկը մյուսին ու ինչ որ բան չէր բավականացնում խոսակցության հիմնական թեմային:
Հայրը կարծես առողջանում էր, համենայն դեպս ցավեր չուներ առաջվա նման:
Մայրը, ինքն ու Հասմիկը այցելում էին ամեն օր:
«Հետաքրքիր է ի՞նչ կլինի, երբ լավանա, նորից մենակ, առանց խնամքի…»
Երեկո էր:
Ընթրում էին լուռ երբ հեռախոսն ընդհատեց լռությունը:
- Գո՞ռ, Արմենակ Վարդանիչն է, կարո՞ղ ես գալ հիվանդանոց, հայրդ…
- Ի՞նչ…
- Վե՛րջ,- ցածրաձայն ասաց մայրն ու ձեռքից գցեց գդալը:

Երբ բժշկի կաբինետից դուրս եկավ, զգաց, որ երբեք այսքան միայնակ չի զգացել իր ողջ կյանքի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ երբ հայրը կենդանի էր ու բաժանված մորից:
Մայրն էլ իրենից գաղտնի կապ էր պահպանում հոր հետ:
Պետք էր մեկը, որի մոտ կարողանար…լավ արեց որ միայն ինքը եկավ, մորն արգելեց:
Հարկավոր է զանգել Հասմիկին, ուշ չէ, ընդամենը երեկոյան տասն է:
Փորձեց, հիշեց, որ մոռացել է լիցքավորել հեռախոսը:
Մոտեցավ հիվանդանոցի առաջին հարկում գտնվող դեղատան կրպակին:
Գրպանից հանեց դրամապանակն ու չտեսավ թե ինչպես մի թուղթ ընկավ պատուհանից ներս:
Վաճառողուհին աչքերը բարձրացրեց նայեց Գոռին:
- Ունենք, բայց թանկ է, մի քանի հաբ պակաս է, զեղջով կտամ, հիմա մի րոպե:
Գոռի աչքերի առաջ մի սպիտակ ստվարաթղթե տուփ էր վրան գրված «Դոկսորուբիցին»:
Վերցրեց, շուռ տվեց նայելու հակառակ կողմն ու աչքերին չէր հավատում, տուփի վրա իր հասցեն էր ու հեռախոսի համարը:
- Վաղո՞ւց ունեք, - մի կերպ հարցրեց վաճառող աղջկան:
- Ոչ, մի երեք չորս օր է, վերցնո՞ւմ եք:

Չհասկացավ ի՞նչպես և ի՞նչ արագությամբ եկավ հասավ իր շենքին, ոտքո՞վ թե՞ վերելակով բարձրացավ իրենց հարկ, ի՞նչպես էր ոտքով հարվածում դռանը, ի՞նչպես դուռը բացող մայրը հրվեց իր ձեռքերից ու ընկավ հատակին…
- Գո՛ռ, - բղավեց մայրը:
Ամբողջ անկողինը տակնուվրա արեց ու աժասպառ նստեց հատակին:
«Դավաճան, դավաճան, մայրն  էլ իր որդուն այսպես…ուրեմն հայրս ինձ չվստահեց, մորս է պատմել, մայրս էլ…»
- Սա՞ ես ման գալիս, - սենյակում Հասմիկն էր, ատրճանակը ձեռքին:



Ս.Ումառ

Комментариев нет: