пятница, 16 февраля 2018 г.

ԵԹԵ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ



Ինձ ոչի՜նչ պետք չէ գրել  հենց այնպես,
Երբ սիրտդ լո՜ւռ է, բայց լեզուդ կայտա՛ռ,
…Լեզվի կծածը երբե՜ք չի բուժվել,
Սրտի լռությունը պատի՜ժ է դաժան:

Եվ ո՛չ էլ պետք է խոստանալ իզուր,
Երբ որ ուզում ես գլո՜ւխդ ազատել,
… Անիմաստ տված ամե՜ն մի խոստում
Հի՜ն շորի նման կարող է կառչել:

Պե՜տք չէ բառերով հեռու տանել ինձ,
Ենթատեքստերով անել խեղդամա՛հ,
… Քո կողմից գրված ամե՜ն մի բառից-
Բացվում է մի նո՜ր փակված պատուհան:

…Ու ծաղիկնե՜ր են պատուհաններին,
…Ու ծաղիկների ամե՜ն մի թերթիկ՝ մի պատրա՜նք,

Ա՜յլ կերպ են բուրում նվիրված ծաղիկները,

Չնվիրվածնե՜րը՝ չե՛ն բուրում իսպառ:

Սիրահարը այն երկչոտ

Լո՜ւյսն իր ճամփան կգտնի
Ու կլցվի սիրտը քո
… Երբ ես արդեն չե՛մ լինի
Սիրահարը այն երկչոտ:

Ու կթռչի, քե՜զ կհասնի
Բա՜ռս լցված քո սիրով
… Երբ ես արդեն չե՛մ լինի
Սիրահարը այն երկչոտ:

Ու աչքերս չե՛ն փայլի,
Չե՛ն հմայվի քո տեսքով,
…Երբ ես արդեն չե՛մ լինի
Սիրահարը այն երկչոտ:

Սե՜ր է տրվել ինձ  վերից,
Նաև կսկի՜ծ ու մորմոք,          
Քարացե՜լ է քո շնչից
Սիրահարը այն երկչոտ:

Սիրտս քարե արցունքներից
Կարծրացել է դարձել ժա՜յռ,
Ու ինքնագոհ իր արարքի՜ց
Ծիծաղո՜ւմ է Բախտը չար:


Լքո՜ւմ



Մենա՜կ էր պոետը…ու նրա ներսում ո՛չ մեկը չկար,
Չէ՜, ո՜չ թե տխուր էր պոետը՝
Այլ Լո՜ւյսն էր պակաս…

Մի բառի վրա էր կանգնել, բա՜ռ, որ ներսն էր կրծում,
Լույսը՝ լույսի մեջ արարվե՜լ,
Սակայն մո՜ւթ էր ներսում…

Աչքերի մեջ ի՜նչ-որ շող կա՜ր, թախիծի մեջ՝  չոր ժպիտ,
Կնճիռների վրա կյանքի՜
Մարմնավորո՜ւմն էր տտիպ…

Դեռ երե՜կ էր, որ իրեն տխո՜ւր բաներ պատմեցին,
Պատմողները ծիծաղեցին
Ու լքեցին պոետին:

Ճո՜րտը մնաց արդարության, ազնիվ գերին մաքուրի՜,
Ու ծարավեց Լույսին արդար
Անկե՜ղծ հոգին պոետի:

Պոետի Լույս հոգու համար հազա՜ր ու մի մո՜մ վառվեց,
Պոետն էլի մենա՜կ մնաց -
Մարդկանց համար չփայլեց…

Թե պոետն իր վի՜շտն ունեցավ կամ էլ մշո՜ւշ իր հոգում՝
Դա Ձե՜ր վիշտն է, Ձե՜ր մշուշը,
Որ ցրվո՜ւմ ու ամոքվում են
Պոետների Լո՜ւյս հոգում:


ԵՐԱԶ



* * *
Ավելի լավ՞ չէր
Գործ ունենայի
Մո՜ւրճ-զնդանի հետ,
Քան թե լինեի մի դժբախտ պոետ,
Որի երազում հանկարծ հայտնվեր
Սպասվա՜ծ մի կույս սիրահար,
Ծոցում գալարվե՜ր
Ու…կո՜ւյս հեռանար:

Ավելի լա՞վ չէր
Ծախվե՜ի կյանքին
Ապրելու համար,
Չարժանանայի՜ սիրո ողջույնին,
Մի հիմա՜ր անդորր տիրություն աներ
Հոգում ու մարմնում
Կա՜մ էլ թեկուզ զանգ դառնայի
Ղողանջեի զանգ չունեցող
Մենաստանի տանիքում:

Է՜հեյ, լսեցե՜ք
Երազի տերեր քմահաճ ու չար,
Այդ ո՞ւմ եք խաբում այդպես խայտառակ,
Ումի՞ց թաքցնում երազանքների
Կապո՜ւյտը պայծառ,
Ի՞նչու եք սփռում այդքան ցա՜վ, դավե՜ր-
Երազը սարքո՜ւմ նզովյալ գեհեն…

* * *
Առավոտ լուսո՜,
Ժպտացող մի դե՜մք,
Հստակ հայացքից կաթում էր արյո՜ւն՝
Կարծես վերմակով իր դե՜մքն էր փակել
Մի մե՜ծ՝
Ահռելի՜ արարողություն:

Շնչո՜ւմ էր կուրծքը,
Կանչո՜ւմ էր հեռու՝
Դեպի ամառվա նազուն գիշերը,
Ու հարցականնե՜ր…
Ու հարցականնե՜ր…
Խանդի՜ց խելագար չռված բիբերը:

- Քեզ ի՞նչ պատահեց, սիրելի՜ս, ասա՜,
Ո՞ւմ էիր կանչում երազում այդպես,

Դե ե՛կ բացատրի՜ր, որ կյանքում դաժա՜ն
Դրախտից բացի կա՛ նաև գեհեն:

Արցունքի պես շողացո՜ղ,
Կոպի նման դողացո՜ղ,
Բա՜շը կախած վայրի ձիու
Վազքի նման կատաղի՜,
Առավո՜տն էր
Որպես գուշակ մեկնաբանո՜ւմ
Կո՜ւյս երազս
Եղկելի…


понедельник, 12 февраля 2018 г.

Արի ցավս քեզ նվիրեմ…



Չե՛մ ուզում -  ցա՜վս իմանաս,
Ցավի՜ցս հանկարծ չտխրես,
Վախենում եմ պատահմամբ շշնջամ,
Որ ցա՜վս  հենց դո՛ւ ես:

Ես իմ ցավով եմ ապրո՜ւմ ու շնչում,
Ցավս ինձ թևե՜ր է տվել,
Ինքս ինձ համար իմաստ եմ դարձել
Եվ ո՜ւր  ցանկանամ կարող եմ թևել:

Թևում եմ վերև՝ աստղե՜րն են մեռած,
Երկունքից գալարվող Լուսի՜նը,
Իրո՜ք  չե՛մ ուզում, որ դու իմանաս-
Ի՞նչ արժե նման տանջանքի գինը:

Իմ ցավը վի՜շտ չէ, ճի՛շտ հասկացիր ինձ,
Իմ ցավը սե՜րն է՝ լո՜ւռ, անպատասխան,
Ասես թե սա՜նձ է  դրվել բերանիս,
Չե՛մ կարողանում առաջ ընթանալ:

Շա՜տ եմ վախենում, որ ցավս աճի՝
Մեծանա՜, դառնա՛ մի վի՜շտ իսկական,
Խոսելն ի՜նքս ինձ հետ դառնա մի պատի՜ժ,
Անունը քո սո՜ւրբ շուրթի՛ս քարանա…

Բայց ես, ինչ-որ տեղ պոե՜տ եմ կարծես,
Լռելն ինձ համար մա՛հ է իսկական,
Չէի՜ ցանկանում ցավիցս  տխրե՜ս,
Չէի՜ ցանկանում ցա՜վս իմանաս…

* * *
Պոետի նման եմ սիրել ես քեզ-
Դողացել ամե՜ն մի բառիս վրա,
Ինչպես գիշե՜րն է աստղերին անկեզ
Սիրո՜ւմ, փայփայում աչքերի նման:

Արի քեզ մա՜ս-մաս նվիրեմ ցավս,
Այն շա՜տ է ծանր ուսերիդ համար,
Այդպես կարող է միայն խելագարը՝
Սիրած կնո՜ջը,  վերցնե՜լ - նվիրել ցավ:

Ցավս շուրթե՜րդ են, մարմի՜նդ հրկեզ,
Շորի տակ թպրտացող պտուղնե՜րդ տաք,
Բայց վախենո՜ւմ եմ, կարող է այրվե՜ս,
Չքանա՜ս  …մնամ առանց  ցավ:

Ու մթնշաղի փեշերի նման
Փաթաթվեմ մթանը ոտքի՜ց մինչ գլուխ,
Գուցե թե տարվեմ գիշերով  այնքա՜ն,
Որ դառնամ աննյո՜ւթ, դատարկ մառախուղ:

Վախենում եմ, որ կպատռե՜մ
Գիշերվա կայուն շղարշը,
Ու ինձ վրա կմնա՜
Գեղեցկությո՜ւնը սպանող
Հրաշագե՜ղ հանցանքը…

Նախանձով կնայեմ  ակամա,    
Գիշերվա կրքո՜տ ու մերկ պատկերին,
Ծո՜ւնր կչոքեմ չքնաղ գիշերվա
Աչքերս համբուրող շուրթերին…

Բայց դա արդեն ցա՜վ չի լինի,
Եվ ո՛չ էլ ցավիս նման հարազատ,

Սրտիդ նման լո՜ւռ կլինի,

Լեզվիս նման՝ խայտառակ…