понедельник, 13 ноября 2017 г.

«Առաւօտ լուսոյ»



Ուր նայո՜ւմ ես՝ պղինձ դեմքեր,
Կանա՜յք, մայրե՜ր սգավոր,
… Մեկ էլ հանկա՜րծ դո՛ւռդ են թակում
Հացի համար մի կտոր…

***
Այսքան ցավի՜ց, այսքան դավի՜ց
Ո՜վ ասես որ չի՛ ցնդի,
ՄԱ՜ՐԴՆ  է մորթվում հանուն հացի
(Դե ե՛կ, Վարդապետ ու մի խենթացիր…)

***
Մի կին ծաղկավոր շորերն իր հագե՜լ-
Որդո՛ւն է սպասում ձեռքերը կրծքին,
…Որդին վաղո՜ւց հող է դարձել
Ու պատնեշվել սահմանին…

***
Սպասո՛ւմ է դարձել կենսակերպը
Մայրական խեղճացա՜ծ, չորացած շրթին,
Մայրական հոգին մորմոքող վե՜րքը
Խի՜ղճն է դարձել Արարչի…

***
Անտարբերությունը բազմե՛լ է գահին,
Արդարության  վրա՝  առնետնե՜րը,
Լափո՜ւմ են, կրծո՜ւմ մարդկային հոգին
Հավատքի «եկած» գազանները:

***
Ու խենթացած Վարդապե՜տը
Խենթանո՜ւմ է կրկնակի…
… Մեր Մայրերը չե՛ն խենթանում-
Այս ամենը խո՜րթ է նրանց ականջին:

***
Թե քա՜ր լիներ սիրտդ Աստված-
Այս ամենից կճաքե՜ր,
Ի՞նչ նյութից ես դու արարված
Այսքան դաժա՜ն,  անտարբեր:

Կգա՜, կգա՛ Լո՜ւյս կբացվի

Կարմի՜ր, Կապո՜ւյտ, Ծիրանագո՜ւյն
Իմ սո՜ւրբ հողում հայկազյան,
Ու կուլ կտա օտարածին
Առնետներին  սելջուկյան…


Երե՜կ-այսօր

* * *
Ասո՜ւմ են
երեկ եղել եմ հարբա՜ծ՝
Հայհոյե՛լ եմ բոլորին…
Երե՜կ
Մի կին ինձնից հեռացավ -
Տառապանքս ուսերին:

Իսկ ինչո՞ւ եմ ծա՜նր այսօր
Թե տառապանք էլ չունեմ,
Հիմա հարբած նրանով
Տառապանքս կհիշեմ…

Երեկ լա՜վ էր՝
Կանաչ արև՜.
Կապույտ դաշտե՜ր,
Ամպե՜ր, ամպեր վարդագույն,
Այսօր կարծես սև՛ են հագել
Երազներս անցավոր…

Խառնվել են
Երե՜կ-այսօր,
Այսօ՜ր- երեկ
իրար հետ,

Չե՛մ հասկանում - ես երե՞կ եմ

Թե՞ այսօր եմ առհավետ:

вторник, 7 ноября 2017 г.

Հողն ամոթից գետի՜նն է մտել



Լքված ծնո՜ղը՝  լինի հա՜յր թե մա՜յր
Ի՜նչ էլ որ լինի՛,  ներո՜ւմ է որդուն,
Հո՜ղը,  չի՛ ներում որդուն դավաճան՝
Անե՛ծք է դառնում նրա ողջ կյանքում:

Մեր Հողը այնքան արյո՜ւն է խմել,
Այնքա՜ն է հագեցել արյամբ,
Որ ծաղկի սերմի պես նրա սերմե՜րը
Չե՛ս կարող ցանել որտեղ կամենաս:

Հիմա Հո՜ղը մեր կարմի՛ր է հագել,
Վշտից դաղվո՜ւմ է, դաղո՜ւմ ինքն իրեն,
Խմած արյունից  չէ  այդպես կարմրել
Այլ ամոթի՜ց, որ լքո՜ւմ են իրեն:

Ասա՛,  ի՞նչով ես տարբերվում
Ներքին ոսոխից սրիկա,
Որ հայոց կաթին  թո՜ւյնդ ես խառնում՝
Թողնո՜ւմ, լքո՜ւմ ես Հողդ պապական:

Այսօ՛ր հեռանա՜լդ - մի կոտրած թև է,
Կամ էլ ոլորված ո՛տք է պատահմամբ,
Վաղն օտար հողում քո՛ որդիները
Մե՜ջքդ կկոտրեն, հավատա՜…

Կներե՞ն արդյոք քո պապերը քեզ,
Որ արծիվնե՛ր են եղել դարեդար,
Հո՜ղն ամոթ ունի,  դու ամոթ չունե՞ս,
Որ ընկրկում ես որդերի առաջ:

Նման բան եղե՞լ է՝  արծիվը հանկա՜րծ
Դիրքերն իր զիջեր՜,  վհատվե՜ր,
Նման բան չի՛ եղել,  նման բան չկա՜ր-
Որ հո՜ղն ամոթից գետինը մտներ:

Հո՜ղը,  չի՛ ներում դավաճան որդուն ՝
Նրա ողջ կյանքում դառնում է անե՛ծք:
 …Մա՜հդ կգտնես օտար հողերում,

… Հողն ամո՜թ ունի, դու ամոթ չունես:

суббота, 4 ноября 2017 г.

Տե՜ր, ինձ հավատա՜…

Տե՜ր, ինձ հավատա՜…
Քեզնից չե՛մ խնդրել ոչինչ
Այս կյանքում՝
… Հանգստանում եմ ծնկներիս վրա,
Իսկ թվո՜ւմ է  թե աղո՜թք եմ անում:

… Շա՜տ էի ջահել,
Երբ որոշեցի Տո՛ւնն իմ ունենալ,
Սարքեցի՝ ստացվեց՝
Հատակը ամո՜ւր, պատերը կանգո՜ւն,
…բայց տանի՜ք չկար:

Խնդրեցի տանի՛ք լինես իմ տանը՝
Ծածկես -
ինչպես մա՜յրն է ծածկում իր որդուն…
… Հենց այդ օ՜րն էր որ հորդ անձրև եկավ՝
Թրջվեցի՝ ինչպես անտո՜հմ, անտեր շուն…

Այդ օրվանից է, որ  չե՛մ խնդրում ոչինչ,
Ո՛չ էլ մտքումս աղաչո՜ւմ…

… Հանգստանում եմ ծնկներիս վրա,

Քեզ թվո՜ւմ է  թե աղո՜թք եմ անում: