суббота, 4 ноября 2017 г.

Մեկ անգամ ենք ծնվո՜ւմ

Մեկ անգամ ծնվո՜ւմ ենք,
Մեկ կյա՜նք ենք ապրում,
Սակա՜յն, ցանկանում ենք հազա՜րը,
Քանի որ կյա՜նքը…

Կյանքն ամե՜ն անգամ
Մեզ մատուցում է միմիա՜յն չարը…

Երկինքը նոթո՜տ է, անընդհա՜տ թխպոտ,
Խառնվում է միշտ երկրի գործերին,
Իսկ կյանքը ինչպես գիշեր սևամորթ
Ձգվո՜ւմ է,
Փորձո՜ւմ հասնել երկնքին…

Թե ի՞նչ կա այնտեղ, ո՜չ ոք չգիտի,
Ինչ որ կա այստե՛ղ է՝  այս դժոխք հողում,
( Ա՜յ, օրինակ ինձ սիրում էր մի կի՜ն,
Սակայն նախընտրեց երկինքը անհուն…)

Ճերմա՛կ էր հագնում – երկնքի՜ պես պարզ,
Հանվում էր՝  բոցն էր իմ սիրտը լափում,
Ասում էր.
- Քո՜նն եմ, սակայն ինձ համար,
Միայն անհունն է կարևոր կյանքում:

Ասում եմ.
- Երկի՜նք, աչքերիս համար
Ինչո՞ւ ես ընտրել սրբագույնը,
Երբ հո՜ղ եմ լինելու և հողի նման
Սև՜ է լինելու իմ պատմությունը…

Ո՞վ է խենթացել, որ սևին ընտրի,
Սևով անցկացնի օրերը կյանքի,
Սևով գա՜, գնա՜, սևով տառապի՜
Եվ ընդամենը մե՛կ անգամ ապրի…

Սևով սպիտակի վրա եմ թևում,
Դեռ ճանապարհի՜ն եմ,
Դեռ տեղ չե՜մ հասել,
Նույնիսկ ճամփին եմ որոնումներում,
Բայց ինձ համար տե՜ղ
Դեռ չի՛ ազատվել…

Հրաժարվո՜ւմ եմ քեզանից, կյա՜նք,
Որ քեզնով պե՛տք է մեկ անգամ ապրեմ,
Ինձ հազա՜րն է պետք
և հազար անգա՜մ

Ուզո՜ւմ եմ ապրել ու սիրել…

Խենթ չի՛ լինում աշնան քամին, Խե՜նթը մե՜նք ենք լինում, Մարդի՜կ…

Խենթ չի՛ լինում աշնան քամին,
Խե՜նթը մե՜նք ենք լինում,
Մարդի՜կ…

-Ա-

Համակերպվե՞լ
Համակերպվել ա՜յն մտքի հետ,
որ ա՜չքն արդեն ա՛չք չի դառնում,
ձե՜ռքը… արդեն ձե՛ռք չի դառնում,
ոտքը արդեն խարի՜սխ գցել
ու գամվե՜լ է հենց ա՜յն տեղում,
որտեղ Նրա մեջքը գրկե՜լ…
համբուրվե՜լ եմ
այս քաղաքո՜ւմ,
այս փողոցում,
… նստարանին
ո՜չ  շատ վաղուց:

Առանց Նրա
քաղաքն էլ այն քաղա՜քը չի,
փողոցն էլ այն փողո՜ցը չի,
ժամը արդեն թի՜վ է դարձել՝
զրոյական դատա՜րկ մի թիվ,
և ամե՜ն խոսք, ամե՜ն մի բա՜ռ-
կա՛նչ է դարձել
կարոտախտի:

Այգին աշնան շո՜ր է հագել
ու փլվել է նստարանին-
հենց ա՜յն տեղում,
որտեղ Նա՛ է նստած եղել,

Սլանալը քա՜յլ է դարձել,
… դանդա՜ղ, հանգի՜ստ,  մտամոլո՜ր
ու գլխահա՜կ
պտտվում եմ այս քաղաքում
աննպատակ:

Չէ՜, իմ սրտին մեղք չե՛մ գալիս,
Աշխատո՜ւմ է , դեռ կաշխատի
Ի՜նչ էլ լինի,
Մեղք չե՛մ գալիս և շուրթերիս,
Որ շուրթերն  Իր  չեն համբուրում,

Մե՜ղք եմ գալիս իմ մատներին,
Որ վարսերն Իր էլ չեն շոյում,

Որ չե՜ն շոյում կո՜ւրծքն անհանգիստ՝         
Վանդակն ընկած ճնճղուկի պես
Թպրտալիս,

Մե՜ղք եմ գալիս իմ մատներին,
Որ կծկվո՜ւմ են, դառնում բռունցք
Ձանձրանալիս:

Չգիտե՜մ էլ  թե գրածս դարձավ
Սիրե՞րգ
Թե՞ եղերերգ ցասումնալից…
Բայց գրված է բռունցքներո՜վ,
Հե՛նց այն պահի՜ն,
Երբ որ սի՜րտս էր աղաղակում
այս քաղաքո՜ւմ
այս փողոցո՜ւմ
… նստարանին,
Որտեղ հե՜տքն է Նրա մաքրե՜լ-տարե՜լ
Աշնան քամին:

Առանց Նրա քաղաքն արդե՜ն դուր չի՜ գալիս,

Թվո՜ւմ է թե Տեր Աստվա՜ծը կատակե՜լ՝
Այս քաղաքում միա՜յն-միա՜յն
Ադամնե՜ր է արարել
Ու ստիպում է այդ մտքի հետ
Համակերպվե՜լ,
Համակերպվե՜լ,
Համակերպվե՜լ…

-Բ-

Գիտե՜մ,
Հիմա հեռվում մի Կի՜ն
Պատրաստվո՜ւմ է աշխատանքի,
Ա՜չքն է ներկում սև մատիտով,
Շրթներկով  Իր շո՜ւրթն ընգծում,
Փղոսկրյա կարմի՜ր սանրով
Սանրվելու փո՜րձ է անում,

Փո՜րձ է անում սանրվելու-
Մոռանալո՜վ,

Որ մատներս հազա՜ր անգամ
Իր սանրից լա՜վ են սանրում,

Որ շուրթերս Իր շուրթե՜րը
ընդգծել են
Ճի՛շտ նույն չափով,

Որ ոտքերս,
Դիրիժորի փայտիկի պես
Չա՜փ են տվել Իր ոտքերին-

Ուղեկցելու
այս քաղաքո՜ւմ,
այս փողոցում,
… նստարանին,
Որտեղ հիմա աշունը մե՜րկ
Փռկվել է մարմնով մե՜կ…

Իսկ ես սեղմած բռունցքներով
Չգիտե՜մ թե ի՞նչ եմ գրում՝
Սիրե՞րգ,
Ձոնե՞րգ,
Թե՞ եղերերգ…
Ու փորձում եմ
Համակերպվե՜լ,
Համակերպվե՜լ,
Համակերպվե՜լ…

Խենթ չի՛ լինում աշնան քամին,
Խե՜նթը մե՜նք ենք լինում,
Մարդի՜կ…


ԼԵՐԴՈՒԿ




Քունքիս զարկի պես համաչա՜փ
Մեկ մոտենո՜ւմ եմ քեզ, մե՛կ էլ  հեռանում,
Փաստորեն ստացվում է մի կարճ Ճանապարհ,
Որը ո՛չ մի կերպ չե՛մ հաղթահարում:

*
Կյանքը դահի՜ճ է, ստիպո՜ւմ է սողալ,
Դո՜ւրս գալ իր կացնի հարվածի տակից,
Բայց ես ո՜տք ունեմ, չգիտե՜մ սողալ
Եվ ամե՜ն նյարդով կախված եմ կյանքից:

Կյանք-դահիճ խնդրո՜ւմ եմ դիմակդ հանի՛ր,
Ուզո՜ւմ եմ աչքերդ տեսնել,
Ինչո՞ւ է դիմակդ մի տեսակ կարմիր-
Ինձ թվո՜ւմ էր որ պե՛տք է սև լիներ:

Ձեռքիս մի ճաքած գա՜վ է հայտնվել,
Հոգուս մածուցի՜կ, թո՜ւնդ գինով լցված,
Արդեն սկսել եմ կարմիրը ատել-
Իմ երազների արյունով հարբած:

Քունքիս զարկի պես դողո՜ւմ են ձեռքերս,
Մեկ մոտենո՜ւմ եմ, մե՛կ էլ հեռանում,
Կյա՜նք, քո կացնի տակ սիրե՜լ եմ, սիրո՜ւմ եմ,
Բայց ձուլված եմ մնում դատարկում:
*
Ների՜ր ընթերցող, հարբե՜լ եմ մի քիչ՝
Սեփական հոգուս ծո՜ւծքն եմ կուլ տվել,
Մի դա՜ռը լերդուկ է, որ իմ կոկորդից
Չե՛մ կարողանում

Ո՛չ մի կերպ հանել

Իմ քաղաքում Հաց չունեցո՜ղ Ինչքա՜ն ասես…

Իմ քաղաքում
Հաց չունեցո՜ղ
Ինչքա՜ն ասես…

Ի՞սկ ես…
Իսկ ես հիմարի պե՜ս
Բան եմ գրում աղքատությա՜ն
Սովածության մասին-
Այնպե՜ս՝
Ասես հա՜ց եմ տալիս սովածներին:

Մեկը լինի՜ ասի անկեղծ.
Դե՜ գրածդ վերցրո՜ւ ու կեր,
Տես կդառնա՞ կո՜ւժը կուլա,
Խեժը արդյո՞ք խունկ կդառնա,
Սուրբը արդյո՞ք սուրբ կմնա-
Փորդ արդյո՞ք կկշտանա…

Հա՜ց ես տալիս
Առանց ցորե՜ն, առանց հասկի՜,
Ջո՜ւր ես տալիս առանց թասի.
- Ա՛ռ,  քեզ սնո՜ւնդ հոգևոր:

Իսկ քաղաքո՜ւմ՝
Ի՛մ քաղաքում
Ինչքա՜ն ասես հա՛ց չունեցող,

… չքավոր…

ԱՂՄՈւԿ


Ամենաբա՜րձր աղմուկը սրտի՜նն է,
Երբ բղավում է
Թափառող ներկան  կամ
Գալիքը թաքուն,
Տեսնես աշխարհում ուրիշ էլ ի՞նչ կա,
Որ մեզ բոլորիս իրա՜ր է կապում…

Աղմուկով ծնվո՜ւմ ենք, մահանո՜ւմ,
Աղմուկով սիրո՜ւմ ենք
Աղմուկով ատո՜ւմ
Նույնիսկ հոգով խուլ մարդն է
Պատե՜հ անպատեհ
Հաճախ աղմկում…

Ամենահետքրքիրը սիրելու աղմուկն է,
Ամենադաժանը՝ խանդը աղմկող,
Մահվան աղմուկը ամենատաղտո՜ւկն է
Լռելու աղմուկը՝
Ամենակարող:

Դե ե՜կ ընթերցող, միասին լռենք
Ծիծաղի՛ աղմուկով,
Աղմուկով վշտի,
Ե՛կ չարհամարենք պոետի ստեղծա՜ծ

Աղմուկը սիրո՜ ու հրաժեշտի…