четверг, 21 декабря 2017 г.

Կարոտներիս գինին



Միշտ կարո՜տ է երգում սիրտս,
(Այսքա՜ն կարոտ որտեղի՞ց)

Այնքան շա՜տ են կարոտներս-
Բաժանո՜ւմ եմ
Անցորդներին փողոցի…

Մեկին մի քիչ շա՜տ է հասնում,
Մեկին մի քիչ պակա՜ս,

Կարոտներից մի՛տքս պայթում-
Նմանվում է հասունացած,
Սի՜րտը պայթած նռան…

Հոգուս հյութը կարոտախեղդ
Կա՜թ-կաթ ընկնում է հողի՜ն,

Անկո՜ւշտ, ագա՜հ հողն իր հերթին
Կո՜ւլ է տալիս
Կարոտներիս գինին…

Կարմի՜րն է դառնում կարոտի գույնը ՝
Արյան պես խելա՜ռ,
Արյան պես գաղտնի՜,

Հայելի է դառնում անորոշությունը՝
Գազանի տեսքով տհա՜ճ,
Անճոռնի…

… Կարմի՜ր են բոլոր անցորդները,
Հո՜ղը, երկի՜նքը,
Անձրևը՝ թափվող վադագույն ամպից…

Միշտ կարո՜տ է երգում սիրտս,
Այսքա՜ն կարոտ որտեղի՞ց..


© Ս

Գիտե՜մ

Գիտե՜մ,
Ինձ հետ կտանեմ աչքե՜րդ,
Ցավե՜րս ինձ հետ կննջեն հողում,
Սակայն չգիտե՜մ,
Երբ վերջին անգամ աչքերս թարթեմ
Արդյո՞ք կլսեմ.
- Այդ ո՞ւր ես գնում…

Գիտե՜մ
Դրախտում տեղ չե՛մ ունենա,
Իմը դժո՜խքն է՝ ինչպես կյա՜նքը այս,
Սակայն չգիտե՜մ
Դժոխքում ի՞նչպես բաժակ բարձրացնեմ-
Կենացդ խմեմ հոտընկայս…

Գիտե՜մ,
Որ հաճախ կնայեմ աչքերիդ,
Հա՜տ-հատ կհիշեմ օրերը անցած,
Սակայն չգիտե՜մ
Ի՞նչ պետք է անեմ, որ աչքի՜դ չընկնի
Կարոտի պատին իմ հոգին խաչված…

Գիտե՜մ,
Ինձ այցի կգաս տերևաթափի՜ն
(Աշնան համար ծա՜նր, տհա՜ճ երևույթ)
Երկար չնստե՜ս իմ շիրմաքարին-
Տարվա ա՛յդ պահին
Ցո՜ւրտ է լինելու…

Գիտե՜մ,
Հագած կլինես  կապույտ վերարկուդ
(Կապույտն եմ սիրել,  դու գիտես)
Եվ քո կանացի քմայքին հլո՜ւ
Գուցե՜ արտասվես.
Գուցե՜ ծիծաղես…

Գիտե՜մ,
Ինձ  հարցեր կտաս-
Պատասխան չունեմ՝
Իմը խոհե՜րն են բառերով շար-շար,
Փակված կոպերով դեմքս կհիշե՞ս-՝
Չէ՞ որ աչքերդ ես ինձ հետ տարա…

Թե ո՞վ գոհացում կտա կարոտիս,
Անկե՜ղծ եմ ասում չգիտե՜մ
Հեռու կլինեմ մարդկային ցավից,
Թե որ աչքե՜րդ

Մի՛շտ ինձ հետ լինեն…

Լուսաբացը

Լուսաբացը,
Որ նման էր շրթունքի,
Բացվե՜ց, ասա՛ց.  Բարի լո՜ւյս
…Ինձ թվում էր թե աչքեր են
Գիշերվա մութ վարագույրը անթեղում…

Ու ըմպեցի ես աչքերի
Լո՜ւյսը լցված
Գիշերվա մութ բաժակում,
Թրթռացին աղոթքների շշուկներից
Միլիոնավոր Բարի լույս-եր
Անքեզ անցնող օրերում…

Եվ մնացի զարմացա՜ծ,
Որ ժամերը լուռ սահում են առանց քեզ,
Ամռան շնչով խնջույք տեսած
Կարոտներիս շավիղները
Չե՜ն մահանում աստղի պես…

Ականջներս չե՛ն ցավում
Հրաժեշտի հառաչներից,
Օրն անցնում է
Չե՜մ ծերանում
Ու կախված եմ վայրկյանից…

Սակայն զգո՜ւմ եմ
Ցո՜ւրտ է, ձմե՜ռ
Ու հիմա՜ր մի փայտփորիկ
Սիրտս մտած հարվածո՜ւմ է
Մեղավոր ու ցնորք շահող
Հարվածներով առիթմիկ…

Բոցկլտո՜ւմ է հանգչող հոգիս
Ընկուզենու նման հի՜ն,
Հեծկլտո՜ւմ է ցավիս վրա
Լուսաբացը,
Որ նմա՜ն է շրթունքի…

Թվում է թե խցանված եմ շուրթերում,
Ձեռքերումս բանալի՜ է մի անհայտ,

Լուսաբա՜ց է…
Թվում է թե խավարում
Դեռ քնած եմ ու չեմ կարող

Արթնանալ…

вторник, 19 декабря 2017 г.

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 3


«…»
Քեզ կտանջի
Բարի Ծերունու գոյության
Գոյությունը-
Թե խրթի՜ն լեզուդ
Չհասկանա կինը…

Քեզ կտանջի՜ հոգիդ,
Քեզ կտանջի՜ ցավը,
Քեզ կասկածը կուտի՜,
Կմխիթարի մա՜հը…

Այս բոլորը կզգա՜ս,
Բայց չե՛ս տեսնի ոչինչ,
Թե գոյության Գոյությունը
Տանջի քեզ նորից…

Կինը բարի Ծերունի՜ն է
Թե քո մեջ է նստած,
Կամ Ծերունի՜ն է կինը՝

Էությունդ գրկած…

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 2


«…»
Թեկուզ մի քիչ մո՜ւթ ես
Թեկուզ սևի՜ն խփող,
Գեղեցիկը դո՛ւ ես՝
Իմ Երեկո նոթոտ…

Դու մոռացկոտ չես
Ես էլ անմոռաց
Ես քեզ տվել եմ աչքերս
Փնտրումներից հոգնած…

Դու սպասում ես գալիքին,
Որը Մութն է լինելու,
Ես սպասում եմ հրաշքի

Որ Ցերեկս եմ գտնելու: