воскресенье, 9 октября 2016 г.

Փնտրումի աչքեր…



Մի ժամանակ բուրո՜ւմ էր աշխարհը,
Երբ որ կրա՛կ էր վառվում իմ հոգում…

Հիմա դատա՛րկ է սիրո բուրվառը,
Ոչ խնկարկո՛ւմ է ու
Ո՛չ էլ գովում…

Օրն արթնանո՜ւմ է…
Հարությո՜ւն լուսո…
Հոգեհանգի՛ստն է նշում գիշերն անաստված,

Մի  սև թիկնոցով ամուր փաթաթվում
Ու մահանում է օրը երեկվա….

Կյանքն արթնանում է Աստծո աչքերով,
Որոնցից լազո՜ւրն ես խմում ցնորված,

…Ու ապրումները թափառող խմբով
Մի նոր քարկապ են քանդում առեղծված:

Ասես գտել ես մի օտարական՝
Անցյալ թարգմանող թարգմանիչ,

Որը փորձում է առավոտ-ներկադ
Մի կերպ անջատել անցյալից:

Խաղա՛ղ չեն լույսի շողերը պայծառ -
Գրոհո՛ւմ են քեզ՝ փորձեր ու
 Փորձեր                                                 

Իսկ քո մեջ արդեն վաղուց հրդեհված
Ավերակնե՜ր են ու
Փնտրումի աչքեր…


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 7 октября 2016 г.

Օրերիս խորքում


Ջրում խեղդվողին օղա՛կ են գցում՝
Փրկարա՛ր օղակ
Ու տագնապալից
շարժումնե՜ր,
աչքե՜ր…
Խեղդվողին ափում սպասո՜ղ է լինում
Ու աղաղակնե՜ր,
Ու աղաղակներ…

Իսկ ի՞նչ են նետում
Որպես փրկության մի օղակ վերջին
Իր իսկ օրերի խորքում խեղդվողին,

Ընդամենը մի հայա՜ցք են նետում,
Ուրի՞շ,
Ուրիշ ի՞նչ…

Մի սա՜ռը հայացք,
Չնկատո՛ղ կիսափակ աչքե՜ր,
Արագ հեռացող ստվեր գլխահակ
Ու Ճանապարհներ երկա՜ր ու դատարկ:

Իր իսկ օրերի խորքում խեղդվողը
Իր իսկ արյո՛ւնն է խմում
Աստվածարարյալ,
Իսկ հոգին որպես կենդանի հայացք
Իր ակունքներն է փնտրում
Կորուսյալ:

Իր իսկ օրերի խորքում խեղդվողի
Աչքերում չի լինում հույսի ոչ մի շող

Խեղդվողը դառնում է թրթռուն մի ջիղ
Մինչ բարձրանում է իր օրերի միջով…


07.10. 2016 

Աշնանամուտ


Ասո՜ւմ եմ.
- Բարև՜, բարև՜ քեզ Աշուն,-
Ու սի՛րտս լալի՜ս է  անդեպ,
Չգիտե՜մ, Բնությո՛ւն,  ես քե՞զ եմ դիմում,
Թե՞ զրուցում եմ կյանքիս Աշնան հետ…

* * *
Օրերս նման են աշնան ծառերին՝
Տերևների փոխարեն բառե՜րս…
…Կարծես նայում եմ կենդանի ցավի
Ու սարսռում են օրերս…

Անլեզո՜ւ են դարձել բառերս ցրտից,
Որ դեռ ունեի՜ն ասելու շատ բան,
Այսօր լռո՜ւմ են ու նրանց տեսքից
Դողում է նաև արևը աշնան:

Գաղտնիքներ դարձած տերևները իմ
Կախված չոր ծառի ճյուղերից Աշնան
Ուր որ է ասես կթափվեն գետին
Ու գաղտնիքների շիրիմ կդառնան…

Բառերս կմնան հող-հավատամքին
Մինչև գիժ քամին նրանց կքշի,
Է՜հ, ի՞նչ իմանաս, թե ո՞ւմ ականջին
Սիրո իմ լեզուն  ծունր կչոքի…

* * *
Ես էլ կծնկեմ այդ դեղնակարմի՜ր՝
Արևից մերժված օրերիս կողքին,
Գլուխս հենած աշնան ծնկներին -
Գամված կմնամ  իդեալի
Իմ  շիրիմաթմբին…


Ս.Ումառ-Հարությունյան
Երևան                   05.10.16








воскресенье, 2 октября 2016 г.

Կարոտ


Ես կարող եմ իմ հեռացող պահին
Շատ շռայլորեն Հոգիս ավանդել,
(Չգիտեմ Աստծո՞ւն, թե՞ Սադայելին)
Բայց ո՛չ մի գնով ես իմ Կարոտը
Չե՛մ տա ո՛չ մեկին

* * *
Առանց Կարոտի՜ -
Կարծես մի օտա՜ր շնչով եմ ապրում,
Օտար մի սի՜րտ է բաբախում իմ մեջ,
Կարծես մի օտար հնչերգ է լսվում
Ողջ տիեզերքով մեկ:

Իսկ ա՜յ, Կարո՜տը…

Կարոտը – կարծես հարազատ  Հոգի,
Վստահ քայլերով ներխուժել է  ներս -
Իր սոպրանոյով մի ե՛րգ է երգում, այնքա՜ն հմայիչ
Անծանոթ մի կի՜ն՝
Ինչ-որ երկրորդ կես…

Այդ երկրորդ կեսի գոյից խենթացած-
Փորձեր եմ անում  նրանից կառչել,
Որ ցավի նման իմ մեջ մխրճված
Խցանված երակս փորձում է բացել…

Կարոտիս ոտքը անչափ երկա՜ր է՝
Մոտ հի՜նգ, վե՜ց հազար մտքի ճանապարհ,
Առանց Կարոտի իրո՛ք դժվա՜ր է
Մարտնչել Վշտի՜,
Ցավի հետ համառ…

Հետաքրքի՜ր է, թե ի՞նչ ծես է սա՝
Ապրե՜լ Կարոտով,
Կարոտո՛վ մեռնել,
Կարոտը գրկած անհո՜ւյս թափառել,
Կարոտի սփռած ցոլքերից հուզվել,

Անհայտ խորությամբ թրջված աչքերով
Կարոտը գրկե՜լ, փայփայե՜լ…
Ու ցնորածի՜ն, խելահե՜ղ կանչով
Հեռացող Կարոտի ո՛տքը կապանքել…

Առանց  Կարոտի  ապրե՞լ,   չգիտե՜մ
Դեռ չե՛մ սովորել, չե՛ն սովորեցրել,
Զավեշտը նա՛ է,  որ առանց Կարո՜տ –
Մեռնե՛լ չգիտեմ …

* * *
Ես կարող եմ իմ հեռացող պահի՛ն
Շատ շռայլորեն Հոգիս ավանդել,

Իսկ ա՜յ, Կարո՜տս…  չե՛մ տա ո՛չ մեկին,

Կարոտս կրծքիս սեղմած ափերով…
Ինձ մոտ կպահեմ:

Ս.Ումառ-Հարությունյան

01.10.16   Երևան