пятница, 1 июля 2016 г.

Հոգիս անհանգիստ



Գուցե հանդարտվե՞ս,
Դադա՞ր տաս մի քիչ,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Չէ՞ որ կիսելու մենք չունենք
Ոչինչ…

Բանտված ես իմ մեջ
Գիտե՜մ,
Ի՞նչ արած,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Չէ՞ որ ես ինքս էլ
Հոգսերի մեջ խորունկ
Վաղուց եմ թաղված…

Ուզո՞ւմ ես գնա՜
Հեռացի՜ր ինձնից,
Ազատությունը բոլորն են սիրում,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Երբ դու հեռանաս
Իմ նեղ պահերին ո՞ւմ եմ դիմելու…

Եվ իմ խի՛ղճն ես դու
Եվ Աստվա՛ծն ես իմ,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Մի՞թե հարիր է քեզ
Նեղանալ ինձնից…

Բայց դե ի՞նչ արած,
Ես քեզ կհանձնեմ մեկ այլ մարմնի,
Որին սիրում եմ կյանքից
Առավել,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Ես չեմ նեղանում -
Իմ ահել մարմնում դու շատ ես տանջվել…

Հետո ի՞նչ որ կին է ու
Մահկանացու,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Նա Աստվածուհի է -
Դու իր մեջ կապրես ինչպես
Դրախտում…

Դե՜,  հաջողություն քեզ
Հոգի՜ս, սիրելի՜ս,
Երբ որ տեղ հասնես
Լինի ցերեկ թե գիշեր
Տեղյակ կպահես…

Հոգի՜ս, սիրելի՜ս
Շատ չնեղսրտես,
Ում մոտ որ գնում ես նրան սպասվում են
Երկա՜ր, տանջալի՜ց,
Անքո՜ւն գիշերներ…

Ս.Ումառ-Հարությունյան

18.06.16  Երևան

Պոետը



Պոետի ձեռքը պետք է
Նո՜ւրբ լինի,
Իր սրտի նման պետք է
Թո՜ւյլ լինի,
Իր մտքի նման պետք է
Սո՛ւր լինի,
Ինքը պոետը արարման պահին
պետք է բոլորի ցավը
Ամոքո՜ղ լինի…
Իր իսկ ցավերը անտեսո՛ղ լինի
Իրեն արարող աչքերի նման
Պետք է խոր լինի…

Պոետն իր մարմնի նման
ծերանալ չունի՝
Նա մարմին չէ այլ
Խոսացող հոգի
Ու երբ լռում է պոետը երկար ժամանակ
Նշանակում է, որ ասելիքն է շատ,
Բայց  խանգարում են նրան
Ձա՜յնը քարերի
Լա՜ցն անտառների,
Վի՜շտը ջրերի
Ու ձև է փնտրում՝
Մի ձև մատուցման,
Որ ծվեն-ծվեն անի կուրծքը խավարի,
Որ խռով հոգին բառեր  դարձնի,
Դարձնի ասելիք
Ու անտեր լքված խաչքարի նման
Գլուխը թեքի ու երկար սպասի
Մի փոքրիկ միկրո-
Շնորհակալության…
Հետո շշնջա, որ
Կներե՜ք ինձ,
Դեռ կա՛մ
Ապրո՜ւմ եմ
Դեռ ցա՛վ եմ տեսնում ես ձեր աչքերում
Ձեր մեջ տեսնում եմ միամիտ Ադամ
Ու Խաբված Եվա
(Ո՜չ, չսխալվեցի՝ հենց Խաբված Եվա)
Եվ դրանից է, որ  սիրտս քարանում
Ու պապանձվում է երկար ժամանակ…

Պոետի ձեռքը պետք է
Նո՜ւրբ լինի,
Իր սրտի նման պետք է
Թո՜ւյլ լինի,
Իր մտքի նման պետք է
Սո՛ւր լինի,
Իրեն արարող աչքերի նման
Պետք է խոր լինի…

Այս երկնքի տակ
Սա է պոետի ուղին…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 30 июня 2016 г.


Օրը ծծնդյան
Դաժան փորձություն՝
Ամենադաժանը օրերից տարվա,
Երբ թվում է թե քեզնից նեղացե՜լ
Ափին է թողել մի հեռացող նավ…

Լուսնի մահիկի արծաթ ձեռքերը
Փորձում են շոյել հայացքդ սառած,
Գիշերվա սարսուռ վարագույները
Դանդաղ բացելով աչքերիդ առաջ:

Մենա՜կ ես, մենա՜կ,
Չե՛ն վերադառնա Գարուններդ ետ,
… Ըմպում ես մի գավաթ կապտագույն գինի
Տառապող լույսի զառանցանքի հետ…

Վիճում են քո մեջ կակտուսն ու վարդը,
Թե որ մեկի փշերն են ավելի  ցավոտ,
Հրաժեշտ են տալիս հեռացող նավից
Կանացի ձեռքեր-
Գգվելու համար թույլ ու ալարկոտ…

Ծիրանագույն մի անհայտ սյուք է
Բազմում հեռացող վայրկյանաչափին,
Վայրկյանաչափն էլ հեքիաթ է պատմում
Հեռացած բոլոր օրերիդ մասին…

Դեղձագույն Ինչ-որ մի դառնություն է
Դանդաղ սահելով ընթանում  առաջ…
Ու վերջանում է 
Տարվա ամենադաժան օրը՝
Օրը ծննդյան…

Ս.Ումառ-Հարությունյան

Ասվածից հետո...

Ասվածից հետո մնում է
Չասվածը-
Ավելի խոսուն քան ասվածը…
Ու թվում է չասված մտքերը
Գետի ալիքների վրա սահում
հեռանում են սահուն:

Ասվածից հետո մնում է
Չասվածը-
Ավելի խոսուն քան ասվածը…

Չասվածը կարծես դառնում է մի ճիչ
Թռչում դաջվում է լուսնի հայացքում,
Չասվածը դառնում է պատիժ
Կամ էլ փորձություն:

Դառնահամ են չասված մտքերը
Թախիծի նման սովահար,
Տագնապի նման ահավոր են
Ցուրտ՝ կորած հավատի համար…

Ներշնչանքի նման ծույլ
Չասված խոսքերը,
Որ պետք է շոյեին աչքերիդ տակի
Կապույտները տաք-
Չեն աճապարում քեզնից հեռանալ՝
Լափո՛ւմ են սիրտդ
Խճճո՜ւմ հոգիդ
Ու քարանում ես լուռ ու գլխահակ
Ե՛վ ասված և չասվա՜ծ
Խոսքերի ծանրության տակ…

Ավելի լա՞վ չէր ասվե՜ր - վերջանար
Լիներ մեղանչման ճի՛չ
Կամ խոստովանանք՝
Դուրս գար քո միջից,
Այրվեր անմոխիր
Այլ ոչ թե այսպես տանջեր անդադար…


Ինչպես սրբապատկերն է այրվում
Ձեռքից անաստված,
Բայց ամեն դեպքում
մնում է դաջված  աչքերիդ  մեջ,
Այնպես էլ խոսքերը հատկապես չասված
Փորձություն չեն այլ
Պատիժ են մեծ…

Ս.Ումառ-Հարությունյան