вторник, 30 января 2018 г.

Ճիչ

Ասում ես. «Ների՜ր»,
Ներե՜մ, բայց ի՞նչպես,
Երբ դեռ սրտումս սպի չի գոյացել,
Երբ վերքերս թաց լալի՜ս են այնպես՝
Ինչպես լալիս է ծա՜ռն այն անպտուղ
Որի պատճառով այն պետք ՝ հատել…

Ժամանակը քո՛նն է,
Ժամանակն ի՜մն է,
Քեզ համար այն բժի՜շկ է
Ինձ՝ դիահերձո՛ղ,
Արածս ի՞նչ էր՝ լոկ մի կաթի՜լ էր,
Որ դու վերցրեցի՜ր ու սարքեցիր
Ծով…

Իսկ սրտումս դեռ բառե՜ր կան չասված
Բառեր կան անթիվ-
Դավաճանությա՜ն…
Սիրելո՜ւ,Կրքի,՜
Դեռ շատ գործ ունեմ,
Վկա է Աստված
Ներելու համա՜ր, խնդրո՜ւմ եմ
Փրկի՜ր:

Դեռ պե՛տք է գտնեմ կորցրած մի բա՜ռ,
Որը դեռ ո՛չ ոք չի արտասանել,
Փրկի՛ր, կգտնե՜մ բառն այդ փրկության
Քե՞զ համար թե՝ ինձ՝
Հաստա՜տ չգիտեմ…

Արածը տանջա՜նք է,
Չարածն – ափսոսանք,
Տառապա՜նք է չլինելը աշխարհում,

Ի՞նչ է մնում՝ կամ   Լռե՜լ

Կամ էլ  Ճչա՜լ խավարում…

четверг, 11 января 2018 г.

Ես սիրեցի երկմտանքդ Ձմռան խոնավ ծոցում…



Լո՜ւյսը այսօր այլ կերպ բացվեց,
Գուցե՞ տոն է աշխարհում,
Իրո՜ք, ինչ-որ մի բան կարծե՜ս
Ձևափոխվեց երկնքում:

Ինչ-որ մեկը ծիծաղո՜ւմ է-
Տխրությունը ցրելու,
Ինչ-որ մեկը արտասվում է-
Թրջվում է իր արցունքում:

Ինչ-որ մեկը բղավո՜ւմ է
Օգնությո՜ւն է խնդրում՝
Խիստ ձմեռը փաթաթվել
Ու մարմինն է խեղդում…

Ինչ-որ մեկին բա՜ն է պատմում
Իր թափառող հոգին,
Ինչ-որ մեկն էլ փո՜րձ է անում
Փրկե՜լ  ինչ-որ մեկին:

Աշխարհն ասես չի՜ արթնացել
Քնա՜ծ է և քամին,
Ինչ-որ մեկը լուսնամարմին
Այսօր ծնվեց կրկին:

Ձմռան շո՜ւնչը դիմավորեց
Փափուկ փաթիլ-էակին,
Այսօր լույսը այլ կերպ բացվեց՝
Ծնո՜ւնդ է…
Լույս կրկնակի:


Սիրերգ

Ես լուսնի նման մի մո՜ւթ էակ եմ,
(Մութ բառի վրա գուցե ծիծաղես)
Իմ արծաթ լույսը քո արտացոլա՜նքն է-
Խնդրո՜ւմ եմ հանկարծ
Չարտասվես:

Թե որ արտասվես ու անձրև տեղա
Լուսինը թրջվի արցունքից,
Ես լուսնի նման մի մութ էա՛կս
Կանհետանա՜մ, կչքանամ
Աշխարհից:

Ի՜նչ խոսք, թո՜ւյլ եմ, կո՜ւյր եմ, տկա՜ր
Առանց արև-աչքերիդ,  
Թույլ տուր գոնե վերջի՜ն անգամ
Փարվեմ գիշեր-վարսերիդ:

Գոնե դառնամ ամպի՜կ մի մութ     
Արցունքահամ մարմնով,  
Կամ էլ շքե՜ղ մի մայրամուտ-
Լուսավորեմ գիշերով:

Իմն ու քոնը Լուսի՜նն է  ծեր,
Որը միշտ կա՝  ցերեկո՜վ թե գիշերով,
Ա՜խ,  Լուսինը թե  չլիներ՝
Կարտաասվեի, միայն ա՜չքդ լիներ չոր:


Ս.Ումառ-Հարությունյան

ԿԱՐՈՏ



Թե իմանա՜մ, որ կուրանամ
Էլ երազներ չե՛մ տեսնի -
Խոստանո՜ւմ եմ – կկուրանա՜մ,
Քանզի դա՜ռն են երազներս
Թե քնա՜ծ, թե արթմնի՜…

Թե իմանա՜մ, որ խլանամ
Էլ չե՛մ լսի հեռվից կանչող ձա՜յնը քո,
Աստվա՜ծ վկա -  կխլանա՜մ,
Քանզի ծա՜նր է ձայնդ՝
Սի՜րտ ու հոգի ավերող …

Թե իմանա՜մ, որ համրանամ
Ու անունդ լեզվիս վրա խելառապար
Չի՜ պարի-
Կհամրանա՜մ,
Քանզի լեզուս  ուշաթափվե՜լ,
Լլկվե՜լ է
Քո անունի հնչյուններից բերկրալի:

Թե իմանա՜մ, որ մահանա՜մ,
Բայց խոսքերս կանմահանա՜ն քո սրտում,
Չե՛մ կասկածի – կմահանա՜մ -
Քանզի քո՛ մեջ կանմահանամ,
Կանմահացնե՜մ
Քեզ իմ սիրո երգերում…

Ո՛չ երանի կտամ նրան
Ով չի՛ զգացել մենություն,
Չի՛ համտեսել  դառնահամը մենության -
Քանզի դառից ավել դա՜ռը
Միշտ բերում է բախտի վրա քմծիծաղի
Կամ էլ տտի՜պ քաղցրության…

Քո անո՜ւնն եմ հիմա քաղցր
Ատամներիս տակ սեղմում,
Քանզի ամեն պահի պատրաստ
Շրթունքներս բա՜րձր-բարձր

Քեզ ինձ մո՜տ են կանչելու…

Վերլիբր հունվարյան

* * *
Ինքդ քեզ հասնելու համար
Հարկավոր չէ արագ քայլ,
Շնչակտուր վազք,
Սրտի տրոփյուն ու շնչահեղձություն
Հարկավոր է ընդամենը կանգնել
Եվ
Կզգաս որ Լույսը դարձավ Ջերմություն
Ջերմությունը դարձավ Լույս
Իսկ եթե Լույս ես կարող ես շփվել ինչ-որ մեկի հետ
Այդ ինչ-որ մեկին ասում են Աստված
Կամ ավելի ճիշտ
Մենախոսություն Մենախոսության հետ
Երաժշտությունը կնվագի լռություն
Լռությունը կնվագի լռություն
Միտքը կթաքնվի բառերում
Որոնք ծնվում են կոկորդում
Ու կբղավես Լռություն
Ես հասել եմ ինձ
Ու տեսնում եմ որ բացակա եմ
Իսկ եթե բացակա եմ
Ուրեմն ինձ կհիշեն բոլորը
Իսկ բոլորը՝

Բոլորը վազում են ու չեն հասնում իրենց