четверг, 11 января 2018 г.

Վերլիբր հունվարյան

* * *
Ինքդ քեզ հասնելու համար
Հարկավոր չէ արագ քայլ,
Շնչակտուր վազք,
Սրտի տրոփյուն ու շնչահեղձություն
Հարկավոր է ընդամենը կանգնել
Եվ
Կզգաս որ Լույսը դարձավ Ջերմություն
Ջերմությունը դարձավ Լույս
Իսկ եթե Լույս ես կարող ես շփվել ինչ-որ մեկի հետ
Այդ ինչ-որ մեկին ասում են Աստված
Կամ ավելի ճիշտ
Մենախոսություն Մենախոսության հետ
Երաժշտությունը կնվագի լռություն
Լռությունը կնվագի լռություն
Միտքը կթաքնվի բառերում
Որոնք ծնվում են կոկորդում
Ու կբղավես Լռություն
Ես հասել եմ ինձ
Ու տեսնում եմ որ բացակա եմ
Իսկ եթե բացակա եմ
Ուրեմն ինձ կհիշեն բոլորը
Իսկ բոլորը՝

Բոլորը վազում են ու չեն հասնում իրենց

Վերլիբր հունվարյան

* * *
Երբ սոված էի,
Երբ չկար հոսանք,
Երբ գազ չկար,
Երբ ցուրտը դարձել էր հարազատ՝
Ես չգիտեի թե ինչ բան է Մակդոնալդը,
Ու երբ մի սևամորթ McDonalds-ից
Մի համբուրգեր գողացավ՝
Ես նրան անվանեցի սրիկա…

Հոսանք չկա՜ր,
Գազ չկա՜ր,
Մրսո՜ւմ էի,
Սովա՜ծ էի…

Ինձ ասացին.

- Ռասի՛ստ:

Վերլիբր հունվարյան

* * *
Ասո՜ւմ են առաջին սերը չի՛ մոռացվում
Ո՜չ, ուղղակի
Առաջին սերը դառնում է լավ հիշողություն,
Քանի՜-քանի սերեր դառնում են հիշողություններ-
Հոգնած բանաստեղծի տրամադրության նման,
Բանաստեղծի անհիմն վախի՜,
Հիմնավոր կորստի նման:
Առաջին սերը մոռացվում է ա՜յն պահի նման,
Երբ բանաստեղծը կորցնում է լավագույն ժամանակը
Բանաստեղծական տող երկնելու համար և
Սկսվում է մի շքերթ անհանգ բառերի
Ու շքերթի ցանկացած անդամ բղավում է, որ
ինքն է առաջինը, որ
բանաստեղծն իրենն է…

Չի՛ մոռացվում վերջին սերը

Քանի դեռ վերջինն է…

Վերլիբր հունվարյան

* * *
Ներկան միայն զարմացնում է,
Տանջում է անցյալը,
Հիշողությունը՝ ցավեցնում,
Թարմացնում է մի գավաթ դա՜ռը սուրճը`
Դառը թարմացնո՜ւմ է,
Թարմանում են վերքերը,
Բոլոր սպիացած տեղերում բացվում են աչքեր
Ու աչքերի մեջ տափաստաննե՜ր,
Տափաստաննե՜ր…
Դաշտամկներն իրեն հետույքներով
Փակում են բների մուտքը թշնամիներից,
Անձրևի՜ց…
Անձրևը թշնամի՜ է,
Անձրևը մաքրում է աչքերիդ ներկամատիտը-
Սև առվակներ են հոսում այտերիդ վրայով,
Նայում եմ զարմացած՝

Ներկան միայն զարմացնում է:

Ծնունդ

Ես սիրեցի երկմտանքդ
Ձմռան խոնավ ծոցում

Լո՜ւյսը այսօր այլ կերպ բացվեց,
Գուցե՞ տոն է աշխարհում,
Իրո՜ք, ինչ-որ մի բան կարծե՜ս
Ձևափոխվեց երկնքում:

Ինչ-որ մեկը ծիծաղո՜ւմ է-
Տխրությունը ցրելու,
Ինչ-որ մեկը արտասվում է-
Թրջվում է իր արցունքում:

Ինչ-որ մեկը բղավո՜ւմ է
Օգնությո՜ւն է խնդրում՝
Խիստ ձմեռը փաթաթվել
Ու մարմինն է խեղդում…

Ինչ-որ մեկին բա՜ն է պատմում
Իր թափառող հոգին,
Ինչ-որ մեկն էլ փո՜րձ է անում
Փրկե՜լ  ինչ-որ մեկին:

Աշխարհն ասես չի՜ արթնացել
Քնած է և քամին,
Ինչ-որ մեկը լուսնամարմին
Այսօր ծնվեց կրկին:

Ձմռան շունչը դիմավորեց
Փափուկ փաթիլ-էակին
Այսօր լույսը այլ կերպ բացվեց՝
Ծնո՜ւնդ է…

Լույս կրկնակի: