вторник, 21 апреля 2015 г.

Բանաստեղծություն



Երկա՞ր գնացի,
Չե՛մ հիշում
Հոգնեցի՞
Չգիտե՜մ,
Բայց հասա վերջապես:

Կախարդական աշխարհի դուռը
Փակված է փականով:
Դռան կողքը -
Կիսահանգա՜ծ, կիսավա՜ռ,
Մի օջախ է ծխահոտ,
Ինձնից առաջ ինչ որ մեկն է երևի,
Երկար սպասել դռան մոտ:

Նե՞րս է մտել
Ե՞տ գնացել
Ես չգիտե՜մ…
Ինչ էլ լինի ամեն դեպքում
Ես կսպասեմ
Գոնե մինչև առավոտ…

Այլ ելք չկա՝
… Տաքանում եմ ուրիշի
ձեռքով վառած կրակով:

Ս.Ումառ-Հարությունյան


Բանաստեղծություն



* * *
Ոտքերի տակ սայթաքող ասֆալտ
Ու հեռո՜ւ գնացող ճանապարհ…
Հասկանա՜լի է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝ Աստծուն,
Կեսարինը՝ Կեսարին,
…Անձրևի տակ հաշմանդամ մի տղա
Այտն է սեղմել ջութակին:

Փողոցը դատա՜րկ,
Հոգին՝ հաշմանդամ,
Բառերն ո՞ւմ համար են
Աստծո՞ւ,
Կեսարի՞ թե՞
Հաշմանդամի՞…
Ոչ մեկին հարկավոր չեն բառերը -
Այրված ձեռագրերով
Իրենց կոկորդն են լցրել
Դեպի Վե՛ր ձգված ծխնելույզները:

Թաշկինակն արյունոտ է հազից,
Ուսերին կարծես աշխարհի բեռը,
Ու փախել է անձրևից
Ո՞վ
Նվագող տղա՞ն թե՞  Տերը…

Նվագում է տղան -
Ոտքերի տակ սայթաքող ասֆալտ,
Հասկանո՜ւմ է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝ Աստծուն,
Կեսարինը՝ Կեսարին,

Անձրևի տակ մի տղա է հույսը դրել ջութակին:

Ս.Ումառ-Հարությունյան