понедельник, 16 февраля 2015 г.

Սպասում



Գիշերվա ճիչն ընկավ հատակին,
Հատակը ծածկվեց մթան շղարշով,
Միայնությունը գրկեց տագնապին,
Երբ դու հեռացար գիշերով:

Ինչ
որ մի բան բարձրացա՞վ թե՞ ընկավ,
Ժպիտը շնչեց անհանգիստ,
Արցունքից թրջված մի ձեռք բարձրացավ,
Դանդաղ մոտեցավ աչքերիս:

Ո՛չ քամի կար,
Ո՛չ ճիչ, ո՛չ լուսին,
Միայն սուտն էր լողում մթան մեջ,
Մի  կապույտ շրջազգեստ էր ընկած բազմոցին՝
Դաժա՜ն, անողո՜ք, սնամեջ:

Կարծես հրդեհվեց ատլասե վարագույրը՝
Այրվե՜ց,
վերջացավ աղոթքի նման,
Սենյակում մնաց օդային քո համբույրն ու…
Կավե մի դատարկ ծաղկաման:

Անքնությունը մի որբուկի պես,
Լիզում է աչքերս հոգնած,
Իրոք չեմ կարող մնալ առանց քեզ,          
Նեղացա՜ծ,
Հեռացա՜ծ իմ երազ…

Ապրել կամ քնել կլինի՞ առանց քեզ…
Սպասումը ցա՜վ է,
Տանջո՜ւմ է աչքերս,                                
Մի՛ սեթևետիր, արի վերջապես,
Փակի՛ր կոպերս…

Ս.Ումառ-Հարությունյան




Անկյուն...


воскресенье, 15 февраля 2015 г.

Կրքերի քամին


  
Ես երբեք այսքան համառ չեմ եղել,
Եվ ի՞նչ եմ ուզում քեզնից անընդհատ,
Կյա՜նք,
Ընդամենը հպարտ եմ եղել,
Հիմա խնդրում եմ - մեն մի ակնթարթ:

Ընդամենը մե՜կ,
Ո՛չ տա՜սը, ո՛չ  հարյո՜ւր…
Ընդամենը մե՛կ  - մեկ ջնջո՛ց կյանքի,
Որ կարողանամ
Ինձ թևեր տվող
Անքա՜ն ցանկալի, թևերս կտրող
Այնքա՜ն ցավալի
Մեկ օրը ջնջել իմ հիշողության…

Դա այն օրն է, երբ դռանս տակից կատվի ձագի պես,
Մի կրքոտ քամի սողաց դեպի ներս,
Ո՜չ,
Ո՛չ թե սենյակ, այլ
Սիրտս լցվեց…
Համոզել փորձեց, որ ինքը Սերն է,
Պարզվեց՝ անհասցե, անտոհմ մի
Բե՜ռ է…
Արցունքն աչքերում
Մի ունայնություն…

Դա տիեզերքի, տարվա այն օրն է,
Երբ մայրամուտն է լուսնին մերձենում,
Երբ արթնանում են հոգումդ քնած խաղաղ խխունջները,
Երբ երթն են սկսում ագա՜հ, կիսաքուն, քո
Խո՜ւլ անուրջները…
Երբ ցանկանում ես զմայլվել արևով,
Ամպի դիմակով,
Անձրևի թափով,
Հողի Ջերմությամբ, որից որ պետք է ծնվի մի փոքրիկ,
Երիցուկ կամ էլ
Մարգարտածաղիկ…

…Ու հենց այդ պահին
Բա՜րձր, շա՜տ բարձր փռշտում է
Կրքերի քամին՝
Աչքերը տնկած քո թաշկինակին,
Որով բազմաթիվ անգամ ես սրբել
Երազանքներիդ արցունքն ու փոշին…

Ինձ մի՛ առարկիր,
Որ դա բնական է՝
Բնությունն է փռկվել իմ սրտում,
Որ օձը՝ օձին է գտնում,
Գայլը- գտնում է գայլին…
… Կրքից լցված իմ այս սրտով
Որտե՞ղ  գտնեմ ընտրյալին:

Ես երբեք այսքան չեմ եղել համառ,
Եվ ի՞նչ եմ ուզում քեզնից
Կյա՜նք…
Ո՛չ տա՜սը, ո՛չ  հարյո՜ւր…
Ընդամենը մե՜կ,
Հիշողությանս - մեկ օրվա ջնջո՛ց:
… Առանց Նրա կիրքը բեռ է,
Սերն էլ ցա՜վ է
Ու խայթո՛ց…

Ս.Ումառ-Հարությունյան