Գյուղացի
Մարգոյի տունը կռիվ էր ընկել…
Չէ՜, ասենք
Մարգոն արդեն գյուղացի չէր, ինչը վկայում էր ամեն երեք օրը մեկ փոխվող մանiկյուրի
գույների հետ համապատասխան և կոշիկների գույնը և պայուսակի գույնը, գումարած
ոտքերին քաշած մարմնագույն զուգագուլպաները:
Մարգոն ուզում
էր իր քսանութամյա մարմինը ամբողջ էլեմենտներով, իր սարերում ու անտառներում
վաղուց ծնունդ առած մտքերն ու երազանքները տարալուծել մայրաքաղաքի մեջ, բայց
Տյոմը՝ Մարգոյի ամուսինը, որին բոլորը ասում էին Բազար Արտեմ՝ մի համեստ աշխատավոր
տղա, որը Մաշտոցի շուկայի տարածքում սայլակ քշելով, մի կերպ էր ծայրը ծայրին
հասցնում ընտանեկան կենսական պահանջները - չէր համաձայնվում…
Մի խաղաղ
առավոտ էր, մի տխուր առավոտ երբ սենյակով մեկ լսվեց Մարգոյի ճիչը:
- Տյո՜մ…
Մի ժամանակ
մանուշակի գույն ունեցող, մինչև ծնկները հասնող փոխանը հագին Տյոմը վազելով մտավ սենյակ:
- Ի՞նչ է
եղել, ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, տրտինգ տվող ձիու նման մի պատուհանից մյուսը
վազում:
- Տրտինգ
չի, ստրինգ է, դու չես հասկանում:
Տյոմը աչքը
չէր կարողանում հեռացնել Մարգոյի կիսաբաց հետույքից:
- Բա դու
խիղճ ունե՞ս, բա դու տղամա՞րդ ես, բա ես սրա՞ մասին եմ երազել մեր գյուղի հանդերը
ու սարերը չափելով, բա քո նմաննե՞ր են ինձ նման գեղատեսիլին…
- Այ ախչի,
ի՞նչ է եղել, բան ասա, բան հասկանամ:
-
Պատուհանից նայի՛ր, կհասկանա՜ս:
Տյոմը
մոտեցավ բաց պատուհանին:
Բակում դեռ
ոչ ոք չկար, բակը դեռ քնած էր, միայն եզդի հավաքարար Բլուշն էր, որ արմունկով
հենված պատին ծխում էր՝ աչքը շենքին:
- Հա, ի՞նչ:
- Չես տեսնո՞ւմ:
- Չէ, քամի՞ն
է լվացքդ տարել:
- Վայ քո
քաղաքացի ինչն եմ ասել, բա լվացքատներն ի՞նչի համար են, ես ե՞րբ եմ լվացք անում,
մի լավ նայիր, չե՞ս տեսնում կանաչ «Օպելը»:
- Ե՞վ…
- Բա մե՞նք,
մենք չենք ունենալո՞ւ, ուրեմն 6-րդ հարկի Հովսեփը ավտո ունենա, մենք չունենա՞նք,
բա նրա կինը՝ այդ գեղացի Ազգանուշը ինձ վերևից նայի՞, բա դու խի՞ղճ ունես:
- Հովսեփենց
մեքենա՞ն է, չէ, ես չեմ կարող գնել, այդքան փող…երեկ էլ ամբողջ փողս տվեցի քեզ:
Լսի՛ր, Մարգուշ ջան, հագնվի՛ր, սոված եմ մի բան սարքիր:
- Ուշքն ու
միտքդ ուտելն է, տանը ոչինչ չկա, նոր տարվանից մնացած չոր բաստուրմա կա, կե՛ր:
- Ո՞նց թե,
բա երեկ եմ տվել:
- Դա ի՞նչ
փող է որ, լսի՛ր, ո՛չ ինձ ես սիրում, ո՛չ փող ունես, ո՛չ խիղճ ունես, ո՛չ
ռոմանտիկա, ո՛չ էլ ասենք ֆանտազիա ունես, դու ի՞նչպես ես ապրում, գլխումս չի
տեղավորվում:
- Ի՞նչ
ռոմանտիկա, ի՞նչ ֆանտազիա, սովա՜ծ եմ:
- Համբերի՛ր,
պատկերացրու, որ ես Մոխրոտն եմ:
- Դա ո՞վ է,
առաջին հարկի Լենայի չամուսնացած քո՞ւյրը, էն որ Շամշադինում…
- Ի՞նչ
Լենա, դա հեքիաթից է, հերոսուհի, հասկացա՞ր:
- Հետո՞:
- Դու էլ քո
այդ նախնադարյան փոխանով արքայազն ես, պատկերացրեցի՞ր:
Բազար
Արտեմը նայեց իր հոգնած փոխանին, հետո հայացքը սահեցրեց Մարգուշի ստրինգին, հետո
գլուխն օրորեց ու հաստատակամ, տղամարդուն վայել ասաց.
- Ո՛չ:
- Խնդր՜ում
եմ Տյոմ ջան մի քանի րոպեով:
- Լավ,
հետո, ի՞նչ:
- Դու պետք
է գտնես մի կոշիկ, որը իմ ոտքին լինի, երբ որ համապատասխանեց ուրեմն սիրում ես,
հասկացա՞ր:
Ընդհանրապես
սոված տղամարդիկ ուշ են հասկանում, բայց անհասկանալի պատճառով Տյոմն իսկույն
հասկացավ ու վազեց դեպի պահարանը:
Մարգոն
ընկավ բազկաթոռի մեջ ու աջ ոտքը տնկեց վերև:
Պահարանից
դուրս եկավ մի ստվարաթղթե արկղիկ:
Բազար
Արտեմը անհամբերությամբ բացեց արկղն ու տեսավ մի զույգ նոր դեղին բարձրակրունկ
կոշիկներ:
Մի քիչ
մտածեց, հասկացավ, որ սրա շարունակությունը պետք է որ միջանցքում լինի:
Կոշիկի մի
հատը ձեռքում վազեց ու միջանցքում տեսավ նոր դեղին գույնի պայուսակ:
Քաշեց,
պոկեց կախիչի վրայից ու արագ վազելով մտավ սենյակ ու…
շպրտեց
պատուհանից դուրս:
Միաժամանակ,
ասես խոսքները մեկ արած լսվեցին Մարգոյի լացի ու բակում կանգնած կանաչ «Օպելի»
ազդանշանային համակարգի սրտառուչ ձայները:
Սենյակում,
մի ժամանակ մանուշակի գույն ունեցող փոխանով Տյոմն էր ձեռքերը ծնկներին դրած
մտածում, բազկաթոռի մեջ սև ստրինգով Մարգոն էր հեծկլտում, իսկ բակից անիծում էր
Հովսեփի կին Ազգանուշը.
- Բա սա
անելու բա՞ն է, հա՛մ մեքենան քերծեցիք, հա՛մ էլ ակկումուլյատորը կնստի, թաղեմ քո
նախանձ գլուխը, գեղացի Մարգո, չունենամ քո նման հարևան…
- Տյո՜մ…
- Հը՜…
- Ինձ
՛՛Ռեալ ԱյՓի՛՛ (Real IP) կառնե՞ս,
- Դա ի՞նչ
է:
- Չգիտե՜մ, երեկ
ութերորդ հարկի Հասմիկն ասաց, որ իրենք արդեն երկու օր է Ռեալ ԱյՓի ունեն…Ես էլ եմ
ուզում:
Գյուղացի
Մարգոյի տունը կռիվ էր…
Ս.Ումառ