среда, 7 мая 2014 г.

Բանաստեղծություն

* * *
Մատներիս դողից, դու շատ ես տանջվել…
արցունքս, որ երբեք գետնին չէր ընկնում,
քեզ վրա շատ է կաթացել,
հաճախ եմ խիղճս կորցրել.
ու քորեյը ելել է շալակը յամբի,
քո ներկան թողած՝ քեզ անտեսել եմ…
փախել եմ քեզնից ու հեռու կանգնել
մի օտար ափի…:

Իմ խելառ հոգին քեզ շա՛տ է տանջել,
կո՛ւրծքդ է պատռել,
հոգի՛դ ճմրթել…
Լռե՜լ ես…

Իմ խելառ հոգին քեզ դեն է նետել անտեր իրի պես,
դու դիմացե՜լ ես…
դու լուռ տարե՜լ ես,
թե՛ վայրենություն, թե՛ վիրավորանք,
թե՛ քմահաճույք…
բայց գաղտնիքներս քո նուրբ ծալքերում
պահել ես որպես սրբազան մասունք…

Արցունքս ցավից շատ է եռացել,
քարացել է՝
սոսնձվել մաքուր մարմնիդ,
քրքրել է սիրտդ սիլաբո-տոնիկան,
ամանակը՝ հարվածել դեմքիդ:

Ինձ հետ տխրել ես քո թաց շուրթերով,
(չափով ու հանգով տողս էր կիսատ)
Գիտե՜մ, մտածել ես
«Ի՞նչ է մտքինը»,
երբ բախվել են իրար գազելն ու
տերցինը:

Ների՜ր, սիրելի՜ս,
Այդպես է ստացվել,
Ինձ չե՞ս հավատում…

Քեզ շատ եմ սիրում
իմ մաքո՛ւր, պայծա՛ռ,
իմ սպիտա՛կ ու ջի՛նջ,
իմ գորովագո՜ւթ…

Իմ Գրելու Թուղթ…

Ս.Ումառ

Բանաստեղծություն



Դու սպասում էիր ինչ որ ասպետի
Չեմ հիշում սպիտա՞կ, թե՞ կարմիր ձիով,
Բայց փոխարենը եկա ես՝
Սիրո հենակով…

Մի ծանր հայացքով էլ
Մեծացավ օրս,
Գրե՜լ չգիտեմ,
Գիտեմ կամուրջներ այրել,
Ցանկապատ կառուցել,
Բարձր տանիքներ,
Գիտեմ շշնջալ
- Դե, փորձիր անցնել,
Այդ արգելքներից  փորձիր բռնվել:

Սա փորձությո՞ւն էր, թե՞ անմեղ կատակ,
Երբ դու հեռացար քո սպասման տեղից:
Ասպետներ կգան ձիով,
առանց ձի,
թե առանց հենակ,
Տեղից չեմ շարժվի
Ես տարիներով…
Նորից կասեմ քեզ
- Դե, փորձիր անցնել.
Արգելքն ի՞նչ է որ…