пятница, 11 апреля 2014 г.

Ապրելու հաճույքը…




 Աշնան վերջին օրն է:
Չգիտես ինչու` տխրում ես, որ նույնիսկ այդ տխուր եղանակն էլ է գնալու անցյալի գիրկը:
Արդեն երեք տարի չի եղել քաղաքում, ու համարյա ոչինչ չի փոխվել:
Բանտային կյանքը կարծես թե պետք է փոխեր ամեն ինչ:
Ավելի կոփեր, բայց հակառակն եղավ:
Մայրն ամուսնացել է:                                                                                                    
 Չի ցանկանում տուն գնալ, միևնույնն է` իրեն սպասող չկա:
Երկու տարի շուտ ազատվեց:
Երեք տարիների ընթացքում միայն տատիկն էր, որ կարողացավ երկու անգամ այցելել իրեն բանտում:
Բերել էր երեք հազար դրամ:
Վերջին փողերն էին: Դժվարությամբ համոզեց, որ վերցնի:
Կարինեից էլ ոչինչ չկա: Մի՞գուցե մոր նման…

Ամեն ինչ սկսվեց այդ չարաբաստիկ մատանուց:
Երբ պետք է գնային Կարինեենց տուն, տատիկը, չգիտես որտեղից, հանեց ու բոլորի ներկայությամբ իրեն հանձնեց մի ադամանդով մատանի:
- Սա իմ տատիկի օժիտն է եղել դեռ 23 թվականից: Պահել էի քեզ համար: Սրտանց նվիրում եմ քեզ, քո Կարինեին:
- Ա´յ մեր, հո խելքդ չե՞ս գցել: Գիտե՞ս ես ինչքան եմ ման եկել,- հայրը չարությամբ լի աչքերով նայում էր տատիկին:
- Պայմանավորվել էինք, չէ՞, տունը` աղջկադ, իսկ մատանին` ինձ, մոռացե՞լ ես:
- Ես դեռ չեմ մահացել, Բագրա´տ ջան: Քո տղային եմ հանձնում, ի՞նչ տարբերություն:
- Դու գիտե՞ս դրա արժեքը, - մեջ ընկավ հորաքույրը:
- Ձեր գո´րծը չէ,- տատն անօգնական նայեց տղային, որը մոտեցավ ու կանգնեց տատիկի կողքը:
- Լա´վ,- ասաց տատիկը,- ես ինքս կորոշեմ ում` ինչ տամ:
Սկսվեց մի անհավանական քաշքշուկ: Մոռացվեց օրվա նպատակը: Վիրավորանքներ ու հայհոյանքներ տեղացին հոր և հորաքրոջ միջև:
Խառնվեցին նաև երիտասարդներն, ու չգիտես ինչպես և երբ, ում կողմից հարսանիքի կոնյակը կոտրվեց հոր գլխին: Հայրն ընկավ ու…

… Երբ աչքերը բացեց, հիվանդանոցում էր ու գլխավերևում` ոստիկանական համազգեստի վրայից սպիտակ խալաթ հագած մի կին…
Մատանին այդպես էլ չգտնվեց:
Չկարողացավ մասնակցել հոր հուղակավորությանը, ու դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման:

* * *
Դուռը երկար ժամանակ չէր բացվում:
< Մի՞գուցե տատիկն էլ չկա >, - մտածեց ու հարևանի դռան զանգի կոճակը սեղմեց:
- Չէ´, անկողնային է: Մի աղջիկ է գալիս հաճախ: Նրա մոտ է բանալին: Շուտով կերևա,- ասաց հարևանուհին, որը թեև լավ ճանաչում էր նրան, բայց անմիջապես փակեց դուռը:
Լա´վ, դրսում կսպասի:


Դեռ հեռվից տեսնելով Կարինեին` հասկացավ, թե ում մասին է խոսքը:
Մոտենում էր գլխիկոր ու մտազբաղ:
Երբ հասավ նստարանին, որի վրա  տղան էր նստած, մի պահ նայեց ու գլուխը նորից շրջեց: Չճանաչեց:
- Կարինե՞:
Տեսավ: Ձեռքից գցեց մեծ պայուսակը:

* * *
Երբեմն մարդիկ փնտրում են ողջ կյանքի ընթացքում, իսկ երբեմն էլ գտնում մեկ վայրկյանում…
Երբեմն հայացքներս գցում ենք արևին, ժպտում նրան  ու նայում երկա~ր-երկա~ր, իսկ երբեմն կրում ենք արևային ակնոցներ` փորձելով թաքնվել կամ թաքցնել…

* * *
- Ռուբե՞ն:
Ռուբենն ավելի շուտ հասավ ու գրկեց Կարինեին, քան կծալվեին ոտքերն ու կընկներ գետնին:
Հետո նստարանին նստած երկար զրուցեցին` մոռանալով տատիկի գոյության մասին:
Ռուբենի բանտարկվելուց մեկ տարի հետո  հայրը մահացել էր:
Հորը խոսք էր տվել, որ չի այցելի Ռուբենին բանտում:
Վստահ էր, որ Ռուբենը չի մոռանա իրեն ու սպասում էր…

* * *
Երբեմն ցանկանում ես ասել այն, ինչ տարիներով կուտակվել է մեջդ ու անհանգստացնում է ` մեկ գլուխ բարձրացնելով, մեկ կծկվելով, մերթ աքացի տալով,մերթ բղավելով  ու ներսումդ առաջացնելով մի անհասկանալի քաոս…
Երբեմն էլ անհրաժեշտ է լինում միայն լռել ու աչքերով արտահայտել այն, ինչ կուտակվել է քո մեջ…
Երբեմն էլ ուժը չի բավականացնում բարձրաձայնելու կուտակվածը, ու ձեռքերդ անօգնական մնում են գամված մարմնիդ:

* * *
Տատը երկար նայեց Ռուբենին:
Աչքերից սկսեցին արցունքի կաթիլներ իջնել:
Անուժ էր` ձեռքերը բարձրացնելու:
Ռուբենը զգաց ու փարվեց տատիկին:
Տատիկը գրկել էր Ռուբենի գլուխը, սեղմել կրծքին ու լաց էր լինում:
- Կարինե´, պահարանից շաքարավազի ամանը բե´ր:
- Թե՞յ ես ուզում, տա´տ, հիմա կսարքեմ, - Կարինեն փորձ արեց վեր կենալու տեղից:
- Չէ´, աղջի´կ ջան, բե´ր ինչ որ ասում եմ:
Շաքարավազի ամանի միջից հանեց  ու Ռուբենին մեկնեց այն մատանին, որ օրերով ման եկել ու չէին գտել ո´չ ոստիկանության աշխատակիցները, ո´չ էլ իր հարազատները:
- Սա քոնն է, ինչպես խոստացել էի, ավելի ճիշտ` ձերն է,- նայեց Կարինեին ու ժպտաց:
- Տա~տ:
- Սա երջանկություն է բերում կրողին: Թո´ղ լինի ինչպես ես եմ ցանկանում:

Ադամանդյա մատանին արևի ճառագայքներից շողում էր ամբողջ իր փայլով, շուրջը գույներ էին կախարդական, ու ասես տունը լցվել էր աննկարագրելի ջերմությամբ:
Ռուբենը մատանին դրեց Կարինեի մատը:
- Կարինե´ ջան, դու միշտ խնդրում էիր մնալ ինձ մոտ, ես միշտ մերժում էի: Այսօր ես ցանկանում եմ, որ մնաս ինձ մոտ: Կատարի´ր խնդրածս, լա՞վ:
Բարձիս տակ փող կա պահած, վերցրե´ք: Այսօր կքնեմ երջանիկ: Ռուբե´ն ջան, նշե´ք ձեր այսօրվա հանդիպումը: Հիմա ցանկանում եմ քնել: Գնացե´ք, շատ չուշանա´ք:

* * *
Ռեստորանում ընտրեցին պատուհանի մոտ գտնվող սեղանը, որն ավելի թույլ էր լուսավորված:
Ռուբենը թռուցիկ հայացքով նայեց ներկաներին: Մտածեց, որ իր նման` հին կոստյումով ոչ ոք չկար:
- Երբ այն օրը սպասեցինք, ու դուք չեկաք, հայրս շատ բարկացավ: Ես ընդհանրապես տեղս չէի գտնում: Ամբողջ  գիշեր լաց եմ եղել: Բարեկամներիս մոտ խայտառակվեցինք…
- Դե լա´վ, անցածն էլ ետ չես բերի, Կա´ր ջան: Խմե´նք մեր կենացը: Այստեղ կարելի՞ է երգ պատվիրել: Հիշո՞ւմ ես մեր երգը` <Besame mucho>: Ուզում եմ պարենք:
Կարինեն ժպտաց ու գլխով արեց:
Շամպայնով լցված բաժակի մեջ  վեր ու վար անող շոկոլադի մանր կտորները երևում էին մատների արանքում: Մատի վրա իր բազմերանգ գույներով լույսի հետ խաղում էր ադամանդյա մատանին:
Երբ Ռուբենը վերադառնում էր երաժիշտների մոտից, դեռ սեղանին չհասած` լսեց պատվիրած երգի առաջին ակորդները ու տեսավ, թե ինչպես մի մարդ  կոտրված հայերենով (երևի ազգությամբ պարսիկ էր) Կարինեին հրավիրեց պարի:
Կարինեն գլխի շարժումով մերժեց, ինչը հավանաբար  դուր չեկավ հրավիրողին:
Բռնելով Կարինեի ձեռքը` փորձեց ուժով բարձրացնել աթոռից:
Ռուբենը հետևից քաշեց հարբած պարսիկի ձեռքը,  սակայն  հարված ստացավ դեմքին: Հատակից բարձրացավ ու ձեռքն ընկած աթոռով հարվածեց:
Հարբած պարսիկը խույս տվեց, բայց ուսին  հասցված զարկից տապալվեց գետնին:
Ռուբենին էին մոտենում պարսիկների սեղանակիցներն ու անվտանգության աշխատակիցները…

* * *
Ոստիկանական բաժանմունքում հերթապահը գլուխը կախ ինչ-որ բան էր գրում ու կարծես չէր լսում Կարինեին:
- Բայց Ռուբենը մեղք չուներ, հասկանո՞ւմ եք, սկսողը նա էր, հարբած…
- Հասկանում եմ, բայց ոչ մի փաստաթուղթ չունի, հասկացեք և ինձ: Ընդամենը բանտից ազատման թուղթ: Դժվա՞ր է կռահել, թե ինչ  կարող է սպասվել: Առավոտյան քննիչը կգա, ու ամեն ինչ իրենից կիմանաք: Տուժողն էլ է այստեղ: Գնացե´ք տուն, վաղն ամեն ինչ կպարզվի:
- Ախր կկորի նա, այսօր է վերադարձել:
- Եթե տուժողը չբողոքի, միգուցե մի բան անենք, - հերթապահ ոստիկանը բազմանշանակ նայեց Կարինեին:
Կարինեն իր մոտ եղած տասը հազարանոց թղթադրամը պարզեց հերթապահին:
Հերթապահի աչքն ընկավ փայլող ադամանդին.
- Վերցրե´ք, թե չէ կաշառք տալու համար ….
Կարինեն անխոս թղթադրամը վերցրեց, մատից հանեց մատանին ու դրեց հերթապահի առջև…
- Չե՞ն բողոքի տուժողները: Ուրիշ ոչինչ չունեմ: Եթե չվերցնեք ,միևնույն է` քննիչն է վերցնելու ու ազատ արձակելու…
Մատանին անհետացավ հերթապահի դարակում:
- Գնա´ տուն: Խոսք եմ տալիս` մեկ ժամից կլինի տանը, միայն կփոխանցես, որ վաղն անպայման ներկայանա անձնագրային բաժին: Դու ինձ ոչինչ չես տվել, հասկացա՞ր:

* * *
Մարդն անընդհատ ինչ-որ բանի է սպասում… ավտոբուսի, աշխատավարձի, տարվա առաջին ձյանը, առաջին երեխայի ծնվելուն, ամառվա առաջին օրվան, ծննդյան տոնին, Նոր տարուն, կամ  էլի ինչ-որ տոնի… 
Սպասում ես Նրա գալուն, որ աստիճաններով բարձրանա, հասնի քո հարկին, մոտենա դռանդ, ծանր արտաշնչի, երկչոտ թակի դուռդ, հագնի հողաթափերը, մոտենա`սենյակդ լցնելով էժանագին օծանելիքի բուրմունքով ու ընկնի ձեռքերիդ մեջ, գրկի քեզ առաջվա նման, ասես ոչինչ էլ չի եղել…
Երբեմն անջատում ես բոլոր հեռախոսները, որ ոչ մեկը չանհանգստացնի, իսկ երբեմն աչք չես կտրում հեռախոսից, սրում ես լսողությունդ, որ հանկարծ բաց չթողնես այն միակ զանգը, որին սպասել ես վայրկյաններով, րոպեներով, ժամերով` ասես մի ամբողջ կյանք:

* * *
 - Կարինե´ ջան, Ռուբենն ո՞ւր է, լավ անցա՞վ:
- Այո´, տա´տ ջան: Մտավ խանութ` ծխախոտ առնի, ուր որ է` կգա:
- Երբեք մենակ չթողնես նրան, ինձ ի՞նչ է մնացել որ: Մտածում էի կմեռնեմ, էլ չեմ տեսնի նրան: Աստված  ձայնս լսեց: Հիմա հոգիս հանգիստ է: Բայց Ռուբենը ծխող չէ, Կարինե՞:

Դռան թակոցն ընդհատեց խոսակցությունը:
- Ռուբե´ն ջան, եկա՞ր: Մեռնե´մ աչքերիդ: Դե լա´վ, հանգստացեք, ես էլ քնեմ, մի տեսակ եմ, չեմ զգում ձեռքերս: Առավոտյան կանցնի:

Երբ Ռուբենը դուրս եկավ լողասենյակից, Կարինեն սենյակում չէր:
Մոտեցավ տատիկի անկողնուն: Քնած էր ու ինչ-որ բան էի քրթմնջում քնի մեջ:
Ռուբենը ժպտաց ու գնաց դեպի որպես փոքրիկ ննջարան ծառայող սենյակը:
Կարինեն ձևացնում էր, թե քնած է: Բայց վերմակի տակից լսվում էր լացի խուլ ձայնը:
Ռուբենը զգույշ բարձրացրեց վերմակը…
<Միթե վերջապես մենք երջանիկ կլինենք>,- մտածեց Կարինեն ու փաթաթվեց Ռուբենին:

* * *
Երջանկությունը արևն է քո աչքերում, որոնց շողերով նայում ես սիրածդ էակին…
Երջանկությունը քո հոգոցներն են` համահունչ նրա հոգոցներին…
Երջանկությունը` մատներիդ նուրբ հպումն է նրա քթին, շուրթերին
Երջանկությունը  թուլություն չէ, հատուկ է ուժեղ մարդկանց, որոնք չեն վախենում մերկացնել սիրտը քո առաջ…
Երջանկություն է, երբ քո ձեռքերով նրա մազերը դասավորում ես ականջի հետևում…
Երջանկությունը բառեր չեն…
Երջանկություն է,երբ աննկատ` մատներդ փաթաթվում են նրա մատներին, ու քարանում ես մի պահ` նրան զգալով քո մեջ…

. * * *
Կարինեի մատները սկսեցին խաղալ Ռուբենի մազերի հետ:
- Իսկ մատանին ո՞ւր է: Չէ՞ որ ասացի` չհանես, քո նման գեղեցիկ է, ձգող ու երջանկություն պարգևող:
Կարինեն շուրթերով փակեց Ռուբենի շուրթերը:
Ասելու ոչինչ չուներ այդ պահին:
Թող ձգվի երջանկությունը որքան հնարավոր է…

Առավոտյան, երբ Կարինեն արթնացավ, Ռուբենը դեռ քնած էր:
Զգույշ փորձեց վեր կենալ անկողնուց, բայց հետո փոշմանեց:
Նայում էր քնած Ռուբենին ու մտածում, թե ինչքան են տանջվել առանձին- առանձին ու հիմա կարող են վայելել հանգիստ ապրելու հաճույքը:

* * *
Ապրելու հաճույքը…
Ապրելու հաճույքը առավոտյան սուրճը չէ` մատուցված անկողնում, <Ես քեզ սիրում եմ> բառերը չեն, նախաճաշը, ճաշը ընթրիքը  չեն,  բարձր աշխատավարձը չէ, ձեռքը չէ, որ քո առաջ բացում է մեքենայի դուռը, ոչինչ չպարտադրող ժպիտը չէ և ոչ էլ իմիջի այլոց ասված`  <Ինչպե՞ս են գործերդ> բառերը…
Ապրելու հաճույքը…
Երբ քեզ սպասում են, սպասում ամեն վայրկյան, ամեն րոպե, ամբողջ կյանքում` վստահ, որ հաստատ գալու ես …

* * *
<Սուրճ է սիրում առավոտյան>:
Վեր կացավ:

Ապրելու հաճույքը…
… երբ հավաքում ես նրա թափթփած իրերը ու ժպտալով դնում իրենց տեղը…
… սիրո ամենալավ ու վառ ապացույցն է, քան ցանկացած սիրո երդում…
… այն փոքրիկ հատվածն  է քո  արևահյուսակում, որ հաճախ քեզ չի թողնում շնչել…

* * *

Գնաց խոհանոց:
Նայեց ժամացույցին: Տատիկի դեղ ընդունելու ժամն է: Տեսնես` ինչո՞ւ չի խմել:
Գնաց սենյակ` քայլելով ոտքերի թաթերի վրա, որ չարթնացնի

- Ռուբե´ն, Ռուբե´ն, վե´ր կաց, քնելու ժամանա՞կ է, վե´ր կաց, տատիկը չի շնչումՌուբեեե~ն

* * *
Ռուբենն ու Կարինեն լուռ նայում էին անխռով  քնած տատիկի խաղաղ դեմքին:  
Կիսաբաց շուրթերը, ասես հրաժեշտ տալով աշնան վերջին օրվան, շշնջում էին. <Մնաք բարով…>
Ձմռան առաջին օրն էր

Մորեգույն երկինք





Հին սիրային հուշերը նման են ամառային անսպասելի կայծակին,որոտին,որ պայթում են  անհարմար ժամանակ ու անհարմար տեղում:
Հետո հանգում,թողնելով գերհաճելի վայրկյանների հիշողություն…
Երևանյան երկինքը օգոստոսի վերջին օրերին մորեգույն է լինում:

Հաղթանակի զբոսայգու մոտ եմ:
Վարելով մեքենան նայում եմ երկնքին ու ցանկանում իջնել, կանգնել ու երկար նայել երկնքին:
Ցանկություն կա նաև նրան ձեռքով ողջունել,բայց ամաչում եմ մարդկանցից:
Առավոտյան ութն անց է կես ու մարդ չկա,բայց…
Ինչևէ:
Միևնույն է խանգարում է վարելուն: Ավելի լավ է իջնեմ ու ձևացնեմ թե մեքենան փչացել է,այդպես հեշտ կլինի:
Նայում եմ մորեգույն երկնքին ու տեսնում թե նա գուշակ գնչուհու նման ինչպես է խառնում ամպ-խաղաքարտերը՝իմ կյանքից հատվածները և չգիտեմ թե պահի տակ ինչ հատված կգցի ինձ:
<Տեսնում ես,սա խաչի աղջիկն է,հիշու՞մ ես…>
< Սա սրտի աղջիկն է,չես մոռացել չէ՞…>
<Սա ագուռի աղջիկը,հը,չէ՞ր անցնում մտքովդ,որ մի օր կգա քո առաջ>:
< Սա ագռավի իննանոցն է, մահվան նշան է, հակառակ կողմի դարձվածը՝ հարազատի կո­րուստ: Սա ի՞նչ նորություն է քո կյանքում, որ չգիտեմ նույնիսկ ես:Մի հավատա>:
Հետո բղավեց.
<Շրջվիր արագ, ի՞նչ ես քարացել:>
Կողքս մի կին էր ու դեպի նա  արագ սլացող մի մեքենա:
Հասցրեցի քաշել դեպի ինձ:
Մեքենան մի հինգ սանտիմետրի վրա հեռացավ,իսկ ես հենված մնացի իմ  մեքենային՝ նա էլ իմ գրկում:

Կոպերս մոռացած աշխարհի ցավերն ու տագնապները իրենցով էին արել մի հրճվանք ու չէին ուզում բացվել:
Սրտիս մեջ թպրտում էր հավերժի կրակով լցված մի լույս:
Ես զգում էի Լույսի համը:
Շուրթերիս՝ սառը ձյան հետ պայքարի ելած ու գլուխը ցցած ձնծաղիկ էր:
Գրկումս,որ թաց էր արցունքներից, կարծես կրակ էր,՝այրվում էին իմ կույս երազները:
Պարզ լսեցի տիեզերքի ձայնը,տարօրինակ խորթ ու դուրեկան,որն իմ գրկում շշնջաց <Մեղա~>:

Սթափվեցի երբ մեքենայիս զուգահեռ կանգնեց  ավտոտեսուչի մեքենա:
- Տեղ եք գտել համբուրվելու՞,արագացրու,շարժվիր,թատրոն ես սարքել փողոցում,այ քեզ բա~ն:
Դիմացի մայթում կանգնել էին մի խումբ անցորդներ,որոնք արդեն չէին ուզում շտապել աշխատանքի ու նայում էին:
Զգույշ հրեցի գրկիցս աչքերը փակ կնոջը:
Նա էլ սթափվեց իմ հրելուց,բացեց աչքերը:
- Ես նայում էի մորեգույն երկնքին,չհասկացա թե ինչպես…
Թողնել գնալ,արդեն չէր լինի,նայողներն ավելանում էին:
- Նստեք մեքենան,բոլորը մեզ են նայում:

Նայեցի երկնքին,մորեգույն երկինքը ինձ ձեռքով հրաժեշտի նշան էր անում՝ կամաց կամաց գույնը փոխելով սովորական երկնագույնի:


- Ո՞ր կողմ եք գնում,ես իջնում եմ Հերացու փողոց:
- Միևնույն է,ի՞նչ տարբերություն…
Ես չհասկացա,ուշադիր էլ չեմ կարող նայել,հարկավոր է արագ հեռանալ:
- Ինձ կներեք հա՞,լավ չստացվեց,-ասաց կինը:
- Ձեր անունն ի՞նչ է:
- Չգիտեմ,չեմ հիշում,ես նայում էի երկնքին,երբևէ տեսե՞լ եք մորեգույն երկինք:
Վարորդների կողմից չսիրված,բայց այս անգամ լուսաֆորի փրկարար կարմիր  լույս:
Նայում եմ:
Նստած է մտախոհ,ինչ որ բան է տանջում:
- Ես այստեղից ձախ եմ գնալու,Ձեզ ու՞ր…
- Ես ուզում եմ տեսնել քարե արցունքներ,դա Նորավանքի մոտ է:Ինձ կտանե՞ս այնտեղ:Տուն չեմ ուզում:
- Դու այլ մոլորակի՞ց ես,- կատակեցի:
- Այո,այնտեղ թողել եմ ամուսնուս, երկու աղջիկներիս ու եկել եմ…
Սպիտակ թղթի վրա նկարել եմ սպիտակ ծաղիկ,որ նվիրեմ քեզ:
Նկարել եմ հեքիաթ:
Նկարել եմ լեգենդ:

Քարե արցունքնե՞ր,չեմ հանդիպել: Միգուցե քար սրտերով մարդկանց արցունքներն են:
Չեմ հասկանում:
Տարօրինակ բան զգացի նրա խոսքերում,տեսքից խնամված է,կոկիկ:Կապույտ վերնազգեստով և սև շալվարով:Պայուսակ չունի:
Դարչնագույն բարակ քսված շրթներկը ընդգծում է նուրբ շրթունքների գծերը:

- Որտեղ եք ապրու՞մ,որ փողոցու՞մ:
- Չգիտեմ փողոցի անունը,այնտեղ քիմ. մաքրում կա, աղջիկներիս շորերը այնտեղ են:Հիմա ի՞նչ են անում առանց ինձ:
- Զանգիր:Հարցրու:
- Հեռախոս չունեմ,հայրս վերցրել է:Համ էլ չեմ կարող,դու կզանգե՞ս,կասե՞ս որ գնում ենք քարե արցունքներ նայելու:Չէ՞:

Մեքենան  կանգնեցրի փողոցի աջ կողմում:
Հանեցի հեռախոսս ու մեկնեցի ինձ նայող բաց կանաչ աչքերին:
Առանց հայացքը թեքելու,շալվարի ետևի գրպանից հանեց ու ինձ մեկնեց մի այցեքարտ:
Տղամարդու անուն ազգանուն է,ըստ գրվածի ոսկերիչ գնահատող:
- Բարև ձեզ, ես…
- Կարող է Սուսաննան ձեզ հետ է,խնդրում եմ իրեն չէ չասեք,որտեղ եք:
- Խանջյան-Թումանյան խաչմերուկում,նա հիվա՞նդ է:
- Ես հիմա կգամ,հայրն եմ,դուք սպասեք նրա հետ,լավ,մենակ չթողնեք,ես կվարձատրեմ:
- Ասացեք հասցեն,ես ինքս կբերեմ,մեքենայով եմ…

Երկինքը նորից կամաց կամաց փոխում էր գույնը,հիմա վարդագույն էր:
Վարդագույն ամպերը հավաքվեցին,մի պտույտ արեցին առանցքների շուրջն ու սկսեցին սևանալ:
- Տուն եմ ուզում,տուն,ինձ տուն տար,- սկսեց արմունկները ծալած ձեռքերով հարվածել:
- Աղջիկներս կմնան անձրևի տակ:
Այդպես մեքենա վարել չէի կարող:Հանգստացնել է պետք նրան:
Հարվածեցի դեմքին:
Ինձ հանգիստ թողեց ու ձեռքերով երեսը բռնած սկսեց արտասվել:
- Դու ինձ երբեք,երբեք չես ապտակել,ինչու՞ այսօր…-հեծկլտում էր:

Անձրևեց:
Ամողջ ճանապարհին լուռ արտասվում էր:
Երբ հասանք տան մոտ,մի սպիտակահեր մարդ կանգնած էր  փողոցում,անհանգիստ կանգնելուց հասկացա որ նա է սպասում մեզ:
Մոտեցավ մեքենային:Կինն իջավ ու փաթաթվեց նրան:
Իջա մեքենայից ու անօգնական նայում եմ:
Ամառային անձրևը մաղում էր:
Ամեն մի կաթիլ դաղում էր մարմիս,ծակում,վառում,ստիպում բարձրաացնել գլուխս ու նայել երկնքին:
Նայեցի:
Մի մեծ սև ամպ խոժոռ նայեց ու…
<Իզուր ապտակեցիր,դու խիղճ չունե՞ս…>
- Ինչու՞ ես լալիս,Սուս ջան,քանի~ անգամ եմ ասել մենակ դուրս չգաս:
- Անձրևից վախեցա,-ասաց աղջիկը,նայեց ինձ  ու ավելի ամուր փաթաթվեց հայրական պարանոցին:

Չկարողացա հրաժարվել վերև բարձրանալու հրավերից:
Երեք հարկ մեղավոր բարձրանում էի նրանց ետևից:
Սուսաննան հանգստացել էր ու խռովկան երեխայի նման կուչ եկել բազկաթոռի մեջ:
- Միգուցե պատշգամբու՞մ խմենք սուրճը,մաքուր օդ է և կարծես կտրվեց անիծվածը:
Մնացինք երկուսով:
Մոռացել էի, որ աշխատանքի եմ,չէի կարող այլ կերպ:
Հայրը կիսաձայն խոսում էր:

<<…Չորս ամիս առաջ Կիրովականից,հարսանիքից գալուց,թոռներիցս մեկը ձեռքի տիկնիկով ետևից կատակով խփել էր ղեկին նստած փեսայիս գլխին:Անձրևոտ եղանակ էր:
Փեսաս էլ՝ Սուսաննայի ամուսինը մի քիչ գինովցած, հանկարծակի եկած չէր կարողացել պահել ղեկը ու շուռ էին եկել ընտանիքով ձորը…
Միայն աղջիկս կենդանի մնաց,այն էլ այս վիճակում …միայն ինձ է ճանաչում և մեքենան,ձեր մեքենան նույն մակնիշի է,նույն գույնի,ինչ որ  մեր նախկին մեքենան:
Երբ դուրս է գալիս փողոց վազում է նման մեքենաների հետևից ու կանչում…ամուսնուն,աղջիկներին>>
Հայրն արտասվում էր:

Անձրևը ամառային էր ու դադարեց այնպես արագ ինչպես որ սկսվել էր:
Երկինքը պարզ:
Օգոստոս է:
Ամռան վերջին օրերը:
Երկինքը նորից փոխում էր գույնը:
Մորեգույնն ինչ հաճելի գույն է, որ մինչ այդ ուշադրություն չէի դարձրել:
Պատշգամբ անձայն քայլերով մտավ Սուսաննան՝ հայացքը երկնքին:
Ժպտում էր:

- Ես պետք է գնամ, առանց այդ էլ ուշացա աշխատանքից:
- Անհարմար եմ զգում, բայց ես Ձեզ պետք է…դե ինչքա՞ն, ասեք ինքներդ…
Նայեցի երկար:
Այդ դժբախտ մարդուն ոչինչով չէի կարող մխիթարել:
Սիրտը քարի՞ց էր:
Անհարմար վիճակում էր:
- Կուղեկցեմ Ձեզ,միևնույն է աղբը պետք է թափեմ,գլխիցս թռել էր:
- Հարկավոր չէ,ուզու՞մ եք տվեք ես կգցեմ:
- Ի՞նչ եք ասում,առանց այն էլ…
Բակում հրաժեշտ տվեցի այդ մարդուն ու նայեցի երկնքին:
Սուսաննայի հայրը հակառակ ուղղությամբ մոտենում էր աղբարկղերին:

Նայում եմ մորեգույն երկնքին ու տեսնում, թե նա գուշակ գնչուհու նման ինչպես է խառնում ամպ-խաղաքարտերը՝իմ կյանքից հատվածները և չգիտեմ թե պահի տակ ինչ հատված կգցի ինձ:
< Տեսնում ե՞ս,սա խաչի աղջիկն է,հիշու՞մ ես…>
<Սա սրտի աղջիկն է,չե՞ս մոռացել չէ՞…>
<Սա ագուռի աղջիկը,հը՞,չէ՞ր անցնում մտքովդ,որ մի օր կգա քո առաջ:>
<Սա ագռավի իննանոցն է, մահվան նշան է, հակառակ կողմի դարձվածը՝ հարազատի կո­րուստ: Սա ի՞նչ նորություն է քո կյանքում, որ չգիտեմ նույնիսկ ես:Մի հավատա:
Հետո բղավեց.
<Շրջվիր արագ ինչ ես քարացել>:

Շրջվեցի:
Պատշգամբի բազրիքին կանգնած էր Սուսաննան,հայացքը երկնքին,ձեռքերը պարզած առաջ:
Պարզ լսեցի տիեզերքի կանչող ձայնը,տարօրինակ խորթ ու համոզիչ.
<Արի~>:
Կանչող ձայնն արձագանքվում էր բակում,բայց չգիտես ինչու հայրը չէր լսում:
Ձեռքս մեկնեցի, որ ետ քաշեմ նրան,բայց այս անգամ հեռու էի…

* * *
Տարիներ են անցել: Ամեն անգամ,երբ նայում եմ ձեռքիս,որով ապտակել էի,այն դժբախտ, հիվանդ ու անմեղ կնոջը,ինձ թվում է մորեգույն է,թաթախված հարազատ մարդու արյունով:


Ձեռքս, որով ապտակել էի այն դժբախտ, հիվանդ ու անմեղ կնոջը, մինչ օրս մնաց երկնքի նման մորեգույն:
Երևանյան երկինքը օգոստոսի վերջին օրերին մորեգույն է լինում ու շատ արագ գույնը փոխում սևի:











Այդպես լինում է





Անձրևի կաթիլներն այնքան զգույշ ու համաչափ են թակում պատուհանը, որ անկարող ես անտարբեր մնալ:
Անձրևը փորձ է անում մտնել ներս, բայց ինչպե՞ս:
Պատուհանագոգին ոտքերը մաքրում է, քաղաքավարի թակում, խնդրում ներս թողնել:
<Ես գիտեմ, դու ինձ սիրում ես: Դո´ւրս արի, կամ ներս թող ինձ> :
Վերջնականապես նրանց ձայներն ինձ ստիպեցին վեր կենալ անկողնուց:
Մոտեցա պատուհանին ու նայում եմ:
<Եթե Մարինան չնեղանար, ես անպայման…>:
Սիրում եմ մեքենա վարել դանդաղ անձրևի ժամանակ:
Միացնում եմ երաժշտությունն ու Երևան- Արտաշատ խճուղով 70 կմ/ժամ արագությամբ հանգիստ վարում:
Դե, ամեն մարդ մի ձևով է հանգստանում: Բայց այսօր կիրակի է, հրավիրված եմ խաշի` ընկերոջս մոտ: Երբ երեկ Մարինային ասացի, որ չենք կարող վաղը հանդիպել, հասկացա, որ կսկսվի մի նոր համաշխարհային պատերազմ` իր խանդի պատճառով:
- Ինչո՞ւ խաշից հետո չենք կարող, քանի՞ ժամ է տևելու,  որ…
- Դե, սխտորի հոտով ի՞նչ թատրոն, Մա´ր ջան, առանց այդ էլ ամբողջ շաբաթ աշխատում եմ…
- Ես էլ քեզ հետ կգամ, ընկերոջդ տանն է, չէ՞, ի՞նչ կլինի որ…
- Դե, միայն տղամարդկանցով ենք…
- Ընկերդ ամուսնացած է, չէ՞, գալիս եմ, վերջ:

* * *
Առանց խանդի, կրքի ու սպասման կյանքը տխուր է, նման սև-սպիտակ լուսանկարների, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է, բայց լիարժեք չէ:
Հետաքրքիր է, հնարավ ո՞ր է որոշել խանդի չափը:
Խանդոտ մարդիկ կրքոտ են լինում: Հուսադրող նախապայման է Մարինայի հարցում:

* * *
Երբ սուրճի բաժակով մոտեցա պատուհանին, հեռախոսը զնգաց:
- Կարե´ն, ողջո´ւյն , պետք է փրկես,- առանց նախաբանի լսեցի գործընկերոջս ձայնը:
- Լյո´վ ջան, խաշի եմ, Մարինայի հետ: Գիտես, որ հանկարծ այս անգամ էլ չհանդիպեմ…
- Մի ժամվա պատմություն է, ինքնասպանության փորձ Մերձավանում: Դու միայն արձանագրությունը կազմիր, ես կշարունակեմ հետո: Զոքանչիս շտապ հիվանդանոց եմ հասցնելու: Մարինային էլ հետդ տար: Թո´ղ մեքենայում սպասի: Ես կհասնեմ, խնդրում եմ:

* * *
Սարալանջի ճանապարհը դատարկ է: Կիրակի այս ժամերին մեքենաներ չեն լինում, ուր մնաց թե մարդ, այն էլ այս անձրևոտ եղանակին:
Հենց այդ միտքն էլ սղոցեց ուղեղս, երբ տեսա մի մանկամարդ կնոջ` դանդաղ քայլելիս:
Կանգնեցրի մեքենան, կողադուռը բացեցի ու տեսա, որ լաց է լինում:
- Ես իջնում եմ մինչև Բագրատունյաց` ոստիկանության շենքի մոտ, նստիր:
Նստեց` առանց ձայն հանելու: Դողում էր` թրջված:
- Ի՞նչ է եղել: Այս ժամին, անձրևի տակ, մենակ:
 Ձայն չհանեց: Թաշկինակով  աչքերն է սրբում:

* * *
Այդպես լինում է:
Երբ քեզ նեղացնում կամ չեն հասկանում, թվում է` աշխարհը քանդվել է ոտքերիդ տակ, չունես քայլելու տեղ, կյանքի իմաստը  ձևափոխվում է արցունքների,  ցանկանում ես  թաքնվել բոլորից:
Ցանկանում ես լինի այնպես, կարծես քեզ կորցրել են ու հիմա ընկած փնտրում են:

* * *
Երբ մի քիչ կարծես տաքացավ, առանց ձևականությունների սկսեց:
- Ամուսինս նորից գիշերը տուն չեկավ: Առավոտյան եկավ` հարբած ու ինչպես ամեն անգամ, նայի´ր:
Մի քիչ բարձրացրեց շրջազգեստը. ոտքերին կապտուկներ էին:
- Զզվել եմ արդեն, գնալու տեղ չունեմ: Գնում եմ մորաքրոջս մոտ: Եթե կընդունի կմնամ: Ես ոչ ոք չունեմ, մանկատանն եմ մեծացել:
- Որտե՞ղ է ապրում մորաքույրդ,- մի բան ասելու համար հարցրեցի ու նայեցի դեմքին:
Կարծես հանգստացել էր քիչ:
Գեղեցիկն է, հաճելի կազմվածքով:
- Երրորդ մասում, կինոյի շենքում:
- Ես քեզ մի քիչ շուտ կիջեցնեմ, լա՞վ: Մի կնոջ պետք է վերցնեմ: Որ տեսնի մենակ չեմ,  լավ չի ստացվի, շատ խանդոտ է:
- Քո նմանին արժե խանդել, - միանգամից անցավ դու-ի`  շարժելով զարմանքս, որ այդ վիճակում դեռ կարողանում է կատակել:

* * *
Այդպես լինում է:
Վիրավորանքից հետո անցնում է մեկ օր, հետո նորից մեկը, և կյանքը նորից նայում է աչքերիդ մեջ՝ հիշեցնելով իր գոյության անառարկելի փաստը:
Կյանքը քեզ հիշեցնում է իր մասին, քո մասին և դու դառնում ես արդեն ոչ այնքան մռայլ:
Վիրավորանքը, որ թրջել էր աչքերդ, արևի ջերմությունից, որ արդեն զգում ես,  վերածվում է անձրևի կաթիլների, որոնք էլ գոլորշիանում են այտերիդ վրայից:
Հետո մազերիդ մեջ է ներխուժում քամին ու իր ամենազոր ձեռքերով խառնում  մազերդ, փորձում  է մաքրել  այտերիդ վրա արցունքներից մնացած չորացած աղի հետքերը, փորձում է…
Մարմինդ մաքրվում է, իսկ հոգուդ վրա մնում են աղի հետքերը, սպիանում՝ պարբերաբար հիշեցնելով քեզ իրենց մասին:

* * *
Ես դեռ շատ հեռվից տարբերեցի Մարինային` կանգառից քիչ վերև կանգնած:
Եթե մի  հիսուն մետր էլ մոտենամ, մեքենաս կճանաչի:
- Այստե´ղ իջիր: Ես արդեն հասա: Քեզ հաջողությո´ւն, քիթդ մի´ կախիր: Կյանք է, ամեն բան էլ պատահում է:
- Մի քիչ էլ իջիր: Ոստիկանության մոտ շտապ կիջնեմ: Միգուցե միանգամից էլ բողոք գրեմ, մեկ է` անձրև է, ու մոտս փող չկա:
Մեկնեցի մի հինգհազարանոց ու դանդաղ վարելով, երբ հասա Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ, կանգնեցրի մեքենա:
Ձեռքի ափում սեղմած թղթադրամը` թեքվեց ու փաթաթվեց ինձ:
Մարինան տեսել էր մեքենաս ու մոտենում էր` առանց հովանոցի:
Փորձեցի ձեռքերն ազատել պարանոցիցս, ու մի ապտակ ստացա դեմքիս: Հոտո բացվեց մեքենայի դուռը:
- Թո´ղ ինձ, սրիկա´, վավաշո´տ, մամա´, օգնությո~ւն-  սկսեցի հարվածներ ստանալ դեմքիս:
Ոստիկանության շենքից դուրս վազեցին մի քանի ոստիկան, ու չհասկացա, թե ինչպես` հասցրեցին ձեռքերս ոլորել ու հարվածելով  գլխիս ու փորիս, մեքենայից հանեցին դուրս:
Տեսա Մարինայի սարսափած աչքերը:

* * *
Այդպես լինում է:
Մի´ լաց եղիր քեզ վիրավորողի  կամ նեղացնողի պատճառով, այլ ժպտա ու ներիր…ավելի հեշտ կլինի և´ քեզ, և´ նրանց համար:
Նայի´ր հոգուդ  արտացոլանքին սիրո մաքուր լճի մեջ: Նայի´ր ու կտեսնես, որ  այն  աղավաղված չէ:
Կզգաս, որ ինչ- որ մի աներևույթ ձեռք կոփում է քո զգացմունքները, հզորացնում քո կիրքը: Չէ՞ որ ինքդ ես նրա առաջ կամավոր բացել քո սրտի դռները, ինքդ ես թույլ տվել ներթափանցել քո մեջ…

* * *
Մոտ երկու ժամ հետո բացվեց վանդակաճաղերով դուռն ու մի ոստիկանության սերժանտ  դիմելով ինձ` արհամարական շպրտեց:
- Քննիչի մոտ:
Քննիչն իմ հասակակիցն էր:
- Նստի´ր: Հիմա էլ օրը ցերեկով, ոստիկանության շենքի առջև, բանուկ փողոցում բռանաբարելու տե՞ղ ես գտել: Դու գնա´, - դիմեց սերժանտին:
- Պարո´ն մայոր, սրա մեքենան ի՞նչ անենք, փողոցում է մնացել, գրպաններում էլ փաստաթուղթ չկա:
- Մտցրու բակ, ես հետո կասեմ:
Երբ սերժանտը դուռը բացեց, որ գնա, ներս ընկավ Մարինան` լացակումած աչքերով:
- Ո՞ւր, ո՞ւր եք մտնում: Մի րոպե դրսում սպասե´ք, - մայորը չհասցրեց վեր կենալ տեղից:
Մարինան մոտեցավ, կանգնեց իմ դիմաց ու.
- Սրիկա´… - թքեց երեսիս, շուռ եկավ ու հեռացավ:
Ես չհասկացա, ինչ կատարվեց: Չգիտեմ ինչ անել: Կարծես քնի մեջ լսեցի մայորի ձայնը.
- Ո՞վ էր:
- Հարսնացուս: Լսի´ր, մայո´ր, կարո՞ղ ես ասել` ի՞նչ է կատարվում: Դու գիտե՞ս` ես ով եմ…
- Ձա´յնդ, հիմա կպարզենք: Ինչո՞ւ ես առանց փաստաթղթերի:
- Բոլոր փաստաթղթերս մեքենայի աջ նստարանի պաստառի տակ են: Սերժանտին ուղարկիր, թո´ղ բերի: Ոչինչ չկարողացա բացատրել ոչ մեկին: Ինձ լսող չկար` այս երկու ժամ է:
- Լա´վ , դու ինձ մի՛ սովորեցրու…
Երբ սերժանտը մտավ ներս` ձեռքում բռնած փաստաթղթերս, զարմանքով նայում էր ինձ ու չգիտեր մոտենար ի՞նձ, թե քննիչին:
- Ի՞նչ ես շշմած կանգնել, բե´ր տեսնեմ:
Սերժանտը  մեքենայիս փաստաթղթերն ու ոստիկանության վկայականը դրեց սեղանին ու առանց թույլատվություն հարցնելու դուրս փախավ սենյակից:

… - Կարե´ն ջան, թյուրիմացություն է: Դե, այդպես լինում է, ինքդ գիտես էլի: Անցած լինի: Ինչո՞ւ շուտ չէիր ասում, բա  մենք կոլեգաներ ենք…
- Թողեցի՞ք, որ մի բան ասեմ: Ասես բոլորդ պատրաստ սպասում էիք…
- Չէ, ի՞նչ ես ասում: Նստիր բազմոցին: Հիմա իրար հետ սուրճ խմենք կոնյակով ու մեր ծանոթության…. Վե´ր կաց, վե´ր կաց…
- Սերժանտդ բջջայիս ինչո՞ւ չբերեց: Մեքենայում մի տեղ ընկած կլինի, պետք է շտապ զանգեմ, համարն անգիր չեմ հիշում:
- Դա ի՞նչ խնդիր է: Հիմա, հիմա ամեն ինչ կընկնի իր տեղը:
Սեղմեց սեղանի վրայի սարքի կոճակներից մեկը:
- Հասմի´կ, երկու սո´ւրճ, կոնյակո´վ, սերժանտին էլ ասա` գա:
 Ես բազմոցին նստած նայում էի գրասեղանի մոտ նստած քննիչին ու մտքերով հեռու էի, երբ դուռը բացվեց ու սերժանտը զեկուցեց.
- Պարո´ն մայոր, տակնուվրա եմ արել մեքենան, ո´չ մի բջջային չկա:
- Լա´վ, գնա´,  մի բան կմտածենք:
Ներս եկավ քարտուղարուհին: Ձեռքին սկուտեղը`կանգնեց մեջքով դեպի մայորը ու կռացած` սեղանին սկսեց շարել սուրճի ու կոնյակի բաժակները:
Ես մայորին չէի տեսնում: Քարտուղարուհու մարմինը փակել էր տեսադաշտս:
Ասես փոթորիկից `բացվեց կաբինետի դուռն ու ներս խուժեց  ինչ-որ մեկը:
- Ի՞նչ է, այս անգա՞մ էլ ես խաբելու: Անցած անգամ քսան հազար պարտք մնացիր, հիմա՞  ինչ կասես: Սերժանտն ի՞նչ է ասում, թե այս անգամ էլ չկպավ, ինչ-որ ոստիկանության աշխատակից է: Ես իմ գործը արեցի:  Ես էլ եմ չէ՞ ընտանիք պահում:
Քարտուղարուհին` վախեցած մի կողմ քաշվեց: Ես տեսա մայորի կարմրակատած դեմքն ու մեքենայիս միջի մանկամարդ կնոջը:
- Ինչե՞ր ես դուրս տալիս: Դո´ւրս արի սենյակից, հետո կխոսենք:
- Ես Լարիսան չլինեմ, թե քթերիցդ չհանեմ: Դե, կտեսնես,- առանց իմ կողմը նայելու` դուրս եկավ սենյակից:

* * *
Այդպես լինում է:
Քո ճանապարհն ընտրելու իրավունքը մի´ տուր ուրիշներին: Նրանք կարող են սխալվել` առանց հաշվի առնելու,  որ այդպես պատահում է յուրաքանչյուրի հետ, այդպես պատահում է հաճախ….
Հակառակ դեպքում՝ աչքերիդ առաջ կբացվի զգեստապահարանի դուռը, ու այդ դռան վրա կտեսնես սև շորերով, երկար ոտքերով, կնճիռներից սմքած դեմքով, խամրած աչքերով մի պառավի…
Կտեսնես, թե ինչպես է դողացող ձեռքերով բռնել շորի փեշն ու մաքրելով բերանից հանած արհեստական ատամնաշարը` հետաքրքրությամբ նայում քեզ:
Չես կարող չհարցնել.
- Դու ո՞վ ես…
Նա անվարան կպատասխանի.
- Ճշմարտությունն եմ: Քեզ հյուր եմ եկել…
- Եվ ի՞նչ ես ուզում:
- Ուզում եմ բոլորին տարածես իմ մասին, որ կամ, որ գոյություն ունեմ,  նկարագրես ինձ:
- Ի՞նչ տարածեմ:
- Որ ես երիտասարդ եմ ու շատ գեղեցիկ…

* * *
Մերձավանում ինքնասպանության փորձ արած կնոջ անունն էլ է Մարինա:
Արտագնա աշխատանքների մեկնած ամուսնուն Ռուսաստանում սպանել են, երեք երեխային կերակրող չկա: Մնացել է մենակ կյանքի հարվածներին դեմ հանդիման ու պայքարելու ուժ չի գտել իր մեջ:
Փող աշխատել չգիտե: Երբեք չի աշխատել: Պահել ու մեծացրել է երեք երեխա, որոնք սոված ու ոտաբոբիկ վազվզում են տան մեջ:
Անունը Մարինա:
Մարինա:
Ինչո՞ւ պետք է զանգեմ: Ինչո՞ւ պետք է արդարանամ: Ի՞նչ եմ արել:
Մի՞թե մեղավոր էի, որ անձրև էր, կիրակի, որ սիրում եմ մենակ հանգստանալ, որ Լյովի զոքանչի մեզի մեջ արյուն են հայտնաբերել, որ անտարբեր չեմ կարողանում անցնել դժվար դրության մեջ հայտնված մարդկանց կողքով….
Երևի մեղավոր եմ, չգիտեմ:

* * *
Այդպես լինում է:
Քո ամենալավ բարեկամը՝ ժամանակը, հավատարիմ շան նման կլիզի քո բոլոր վերքերը, այնպես որ, ոչ մի սպի չի մնա:
Կյանքը կանցնի աչքերիդ առաջ, ինչպես  որ մեքենայի պատուհանի առջևից անցնում են ճամփեզրի ծառերը, որոնք ասես քո կյանքի ճանապարհին հայտնված մարդիկ են:
Հաճախ ճանապարհից հոգնած` կանգնում ես որևե ծառի մոտ, հանգստանում ստվերում, հետո նորից  ստիպված` շարունակում, քանի որ կյանքը գնում է առաջ: Դու չես կարող նույն տեղում մնալ: Պետք է գնաս, ինչքան էլ հաճելի լինի հանգստանալը:

* * *
Արդեն մութն ընկնում էր, երբ մեքենայով մտա իմ բակ:
Մեքենայի անվտանգության համակարգը միացրեցի ու մոտեցա շքամուտքին:
Մի ստվեր մոտեցավ ինձ ու մեկնեց ձեռքը:
Մի հինգհազարանոց թղթադրամ էր  ու իմ բջջային հեռախոսը:
- Կներես, հա՞: Ես էլ եմ ընտանիք պահում: Չես բողոքի, չէ՞:
Անխոս վերցրեցի հեռախոսս:
Ուշադիր փնտրելով հեռախոսի էկրանին`  <Մարինա>  անունը ջնջեցի:
- Ի՞նձ ես թողնում փողը: Պե´տք չէ: Չնայած, գոնե մանկապարտեզի գումարը կփակեմ:

* * *
Բարձրանում եմ աստիճաններով:
Ճանապարհդ երկար է: Ուրիշ ծառեր էլ կլինեն, որոնք քեզ են սպասում:
Եթե փորձես վերադառնալ անցյալ, քո ամենալավ բարեկամը՝ ժամանակը,  կկատաղի, ինչպես շունն է կատաղում, երբ շոյում ես նրա մորթը` մազերին հակառակ ու արդեն կատաղած` կսկսի կրծոտել քո հին վերքերը…
Այդպես էլ է լինում:

Ս.Ումառ