пятница, 21 марта 2014 г.

Վախենում եմ



< Ես վախենում եմ քեզնից:
Ես չգիտեմ, թե քո հարյուրավոր Ես-երից որ մեկն է ինձ այցի եկել:
Դու այնքան շատ ես, որ իրոք վախենում եմ մոտենալ, գրկել, համբուրել՝ ո՞ր մեկին, երեկ քո մեկ Ես-ին, այսօր մեկ ուրիշ քո Ես-ին  և որքա՞ն պետք է շարունակվի:
Վախենում եմ:
Ես խելագարվում եմ քո ամեն մի Ես-ից:
Քո ամեն մի պատկեր ինձ հասցնում է խելագարության:
Քո ցանկացած պատկեր ամեն անգամ ինձ ապացուցում է, որ տեսնում եմ վերջին անգամ:
Ամեն անգամ մտածում եմ, որ էլ չեմ տեսնի քեզ ու վախենում եմ…
Քո ամեն մի այցն իմ բնակարանը դարձնում է անապատում հազարավոր աչքերից թաքնված մի օազիս, որին նայելիս չեմ կարողանում թաքցնել իմ ծարավից ճաքեր տված ագահ հայացքը…
- Նստիր, այնտեղ բազմոցին, իսկ ես կնայեմ քեզ, կզբաղվեմ իմ սիրած գործով:
- Ի՞նչ գործ:
- Քեզ նայելով:
Ծիծա՞ղ:
Ոչ, դա զգացմունքների մի խելակորույս պտույտ է, որ պտտում է ուղեղս ու կարծես քիչ առաջվա նման ես նորից ոտքերիս տակ չեմ զգում հատակն ու թռչում եմ, թռչում…
- Կտեսնե՞մ քեզ այսօր:
- Բա հիմա ի՞նչ ես անում, չե՞ս տեսնում:
Ծիծա՞ղ:
Ոչ, դա ձեռքերիս մեջ հալվող այն սառցալուլան է, որը քիչ առաջ պատրաստ էր ընկնելու ու վերջնական ջախջախելու գլուխս:
- Ես սիրում եմ նայել քեզ:
- Միայն նայե՞լ:
Հայացքդ փոխվեց, դարձավ բազմաթիվ փոքրիկ չարաճճի հայացքներ ու սփռվեց բնակարանովս մեկ:
Հիմա ինձ նայում են բազմաթիվ հայացքներ ու ամեն մեկն իր հերթին, իր իսկ հայացքով բղավում էր, որ միակ սերը դա Ազատության զգացումն է…
Բղավոց, որ առավոտյան հեռանալու եմ, ու ետ չեմ շրջվելու՝  տեսնելու քո տագնապած աչքերը:
Հեռանալու եմ, կրկին ետ գալու պայմանով:
Իսկ եթե չվերադառնա՞ս:
Ես քեզ չեմ գտնի, ինչքան էլ որ ձեռքերս տարածած վազեմ կյանքի բոլոր փողոցներով…
Չե՛մ գտնի:
- Որտե՞ղ ես, ձայն հանիր, գոնե մե՛կ բառ, մե՛կ հնչյուն:
Դու կցանկանաս պատասխանել, քանի որ կլսես ինձ, բայց ինքդ էլ չգիտես որտեղ ես ու դրա համար լուռ կմնաս:
Քո լռությունը կսպանի ինձ…
Որտե՞ղ ես դու…
Որտե՞ղ եմ ես…
Որտե՞ղ ենք մենք…
Վերադարձի՛ր, մնացածը կարևոր չէ…>
* * *
Գրելս չի ստացվում:
Ծերացել եմ երևի:
Այսքան ձեռագիրն ինչպես եմ համակարգչով անցկացնելու, ժամեր կտևի:
Գործակալությունից էլ արդեն երկու օր է պատասխան չկա, խոստացան, բայց…
Դռան զանգ:
Դռների մեջ ժպտացող մի երևույթ է:
- Գործակալությունից եմ, Լարիսա է անունս, կարելի՞ է ներս գալ:
Ակամայից հայացքս ընկավ մատներին, երկար, գեղեցիկ, երկար եղունգներով, բաց շագանակագույն մանիկյուրով:
Ձեռքով ցույց տվեցի բազմոցը:
Տեղավորվեց բազմոցին ու ուշադիր նայում է:
- Տպում եմ թելադրելով՝ էջն ութսուն դրամ, ձեռագրից՝ հարյուր դրամ:
- Ձեռագրի՞ց, այսինքն:
- Դե տանում եմ տուն, մյուս օրն առավոտյան բերում:
- Չեղա՛վ, կտպեք ձեռագրից իմ ներկայությամբ, ութսուն դրամով, սա թարգմանություն է, մրցութային, ես չեմ կարող թույլ տալ տուն տանելու: Մրցութային գումարը մեծ է՝ 5000 դոլար, այնպես որ…
- Դուք ամեն ինչ ունենք, - ձեռքով ցույց է տալիս բնակարանը,- փողն ինչների՞դ է պետք: Նույնիսկ այսպիսի համակարգիչ ունեք, ժամանակակից:
- Համակարգչից ոչինչ չեմ հասկանում, միայն միացնել գիտեմ, դա ինձ համար բարձրագույն մաթեմատիկա է: Իսկ գումարն անհրաժեշտ է:
- Դաաա…դե լավ կարող ենք սկսել: Ֆրանսերենից եք թարգմանում չէ՞:
Լարիսան պատասխանի չսպասելով նստեց համակարգչի մոտ:
- Դե՞…

* * *
<Վերադարձիր, մնացածը կարևոր չէ…
Երեկ ինձ ոչինչ հարկավոր չէր, ուղղակի քո շուրթերը քսվում էին իմ շուրթերին, ու լեզուդ Աֆրիկյան վայրի ցեղերից մեկի պարն էր պարում շուրթերիս…
Հիմա հոգիս դատարկ է, միգուցե խմածս դառը սուրճն է իր ճանապարհին դառնեցնում ամեն ինչ, այդ թվում և հոգիս:
Երեկ ինձ ոչինչ հարկավոր չէր, միայն համբուրվել, ուրիշ ոչինչ:
Առանց փոխադարձ սիրո ավելին հարկավոր չէր:
Երեկ սեր չցանկանալու ժամանակն էր, ուղղակի հաճելի էր և վերջ…>

Լարիսան վեր կացավ աթոռից:
- Դուք ճի՞շտ եք թարգմանում, ինչ որ անհասկանալի է, ես ոչինչ չեն ընկալում, ի՞նչ սեր ի՞նչ համբույր: Ի՞նչ սեր չցանկանալու ժամանակ:
- Այո, ճիշտ է, ես արհեստավարժ գրող եմ, ձեզ երիտասարդներիդ դժվար է ընկալել այն զգացմունքները, որ…
- Դե, լավ, ճիշտ է տարիքով մեծ եք, բայց տղամարդ եք չէ՞:
- Ոչ, գրող եմ, ի՞նչ տղամարդ, եթե այդպես մտածեմ չեմ հասցնի, մնացել է երկու օր, Ֆրանսիական դեսպանությունը ուշացած չի ընդունի:
- Դա լավ է, որ տղամարդ չեք, այլ գրող, գործը կհեշտանա: Շատ շոգ է, չեմ դիմանում:
Լարիսան հանեց վերնազգեստը, մնաց կրծկալով:
Սպիտակ ժանեկավոր կրծկալը ամուր գրկել էր մեջքը:
- Այ, այսքանը, տպիր ձեռագրիցս, մինչև այստեղ, հետո նորից կթելադրեմ:

<…Երեկ սեր չցանկանալու ժամանակն էր, ուղղակի հաճելի էր և վերջ…
Պետք չէ մտածել արդյոք դու մտածում ես իմ ահռելի չափերի հասնող սիրո մասին, թե ոչ…
Քայլում ես դու իմ ներքին կյանքի փողոցներով՝ սուր կրունկներով ծակծկելով հոգուս ամեն մի քառակուսի սանտիմետր…
Վերջում իհարկե, անձեռոցիկով մաքրում ես շուրթերդ, նորից շրթներկվում ու աջ ձեռքդ բարձրացնելով ասում ես ՛՛Հաջողություն՛՛:
Անտարբեր ծամելով մաստակդ հեռանում ես…
Սատանան տանի, ինչ լավ է ստացվում քո մոտ հեռանալը…>

- Ձեռագիրս հե՞շտ է կարդացվում, արդեմ մեկ ժամ է հարցեր չես տալիս:
- Կարողանում եմ կարդալ, լավ ձեռագիր է, քո աչքերը շատ ծակող են, ոչինչ որ դու-ով եմ դիմում: Մեջքս ծակում ես հայացքովդ, մի նայիր այդպես:
Ես էլ արհեստավարժ կին եմ ու զգում եմ թե ինչպես ես աչքերովդ շրջազգեստ հանում:
Միայն չասես թե սխալվում եմ:
- Աշխատելիս սեր չցանկանալու ժամանակն է, Լարիսա,- զգում եմ թե ինչպես է երեսս այրվում:
- Դեռ շա՞տ կա, այսօրվա համար:
- Այո բավականին, եթե չվերջացնենք, դա վերջն է:
- Ուզում ես կմնամ, գիշերը կավարտեմ, ինձ սպասող չկա:
Մոտեցա, ձեռքս դրեցի մերկ ուսին:
- Իսկ տպածդ որտե՞ղ է լինելու: Էկրանի վրա կթողնես, լա՞վ:
- Այ այս ֆայլն է, տեսնո՞ւմ ես, վերնագիրը ՛՛Վախենում եմ՛՛:
Կռացա որ ավելի մոտիկից նայեմ համակարգչի էկրանին:
Դեմքս մոտեցավ նրա դեմքին ու զգացի, որ ոտքերս տակից երկրագունդը հեռանում է անտարբեր ամեն ինչի նկատմամբ:
Աջ ձեռքով գրկեց  գլուխս, իջեցրեց մինչև կրծքերը:
Ձեռքս փորձեց ազատել նրա կրծքերը կրծկալից:
- Չէ, մի հանիր, այդպես վրայից համբուրիր, այդպես ինձ դուր է գալիս:

<Ես տեսնում եմ քո աչքերի թախիծ մենությունը, աչքերդ մեջ տեսնում եմ անիմաստ ժամանակն ու խառնված մազերդ…
Ինչ հաճելի է այսպես, գրկած գեղեցկությունը հավատալ և սպասել Երջանկությանը:
Հաճելի է, որ ես դեռ հարյուր տարեկան չկամ…Աստված իմ շնորհակալ եմ իմ տարիքի համար…Գեղեցիկ է կյանքը, գեղեցիկ, երբ սիրո համար ժամանակը կանգ է առնում:
Ըմպում եմ ժամանակի դառը սուրճն ու զգում, որ շուրթերիս ուրիշ մի համ է, ուրիշ զգացողություն, բայց ավելի լավ է չմտածել այդ մասին: >

* * *
Ինչ հանգիստ է քնել:
Վերմակը սահել ընկել է վրայից:
Փորձեցի ծածկել՝ արթնացավ:
- Ինչո՞ւ չես քնում, ժամը քանի՞սն է:
- Ժամն առավոտյան չորսն է: Ինչպե՞ս քնեմ երբ քո նման գեղեցկությունը մերկ տեսքով անընդհատ ինձ կանչում է, չէի ցանկանում արթնացնել:
- Չե՞ս հագեցել, հանգիստ քնիր, չէ ո՞ր երկու օրվա գործը արեցինք վերջացրեցինք, ես լույսը բացվելուն պես կհեռանամ, գործեր ունեմ: Դե լավ, մի փքվիր, մոտ արի…

Զգացի որ անկողնում մենակ եմ:
Աչքերս բացեցի: Հյուրասենյակից թույլ մի լույս էր թափանցում՝ համակարգչի էկրանի լույսը:
Զգույշ մոտեցա ու նայեցի ներս:
Լարիսան մորե մերկ նստած համակարգչին էր միացնում մի կապտասպիտակագույն ֆլեշկա:
՛՛Տեսնես ինչին է պետք՛՛ անցավ մտքովս ու լուռ վերադարձա անկողին:
Միջանցքից լսվեցին խուլ ձայներ:
Հետո թույլ մի չխկոց:
Երևի պայուսակը բացեց:
Բարձիս տակ շոշափեցի դռան բանալիներն ու աչքերս փակեցի:

Վերադարձավ, լուռ պառկեց:
Մեջքով շուռ եկավ:
Անցավ մոտ մեկ ժամ:
- Լարիս, քնա՞ծ ես:
Պատասխան չկա:
՛՛Հիմա հանգիստ կքնի, իհարկե:՛՛
Զգույշ քայլերով գնացի միջանք ու մոտեցա պայուսակին:
Բացեցի, ձեռքով շոշափելով գտա ֆլեշկան, վերցրեցի, կռացա գցեցի կոշիկիս մեջ:

* * *
Աչքերիս առաջ Լարիսայի մեջքն է:
Անկողնուն նստած, հագնվում է:
- Օգնե՞մ, ուզո՞ւմ ես ես կկոճկեմ…
- Ոչ սիրելիս, հարկավոր չէ:
- Արդեն գնո՞ւմ ես: Առանց սուրճ խմելու:
- Շտապում եմ, հիշո՞ւմ ես չէ ֆայլը, երկու անգամ կկտացնես ու…
Դռան մոտ փորձ արեցի համբուրել, դեմ տվեց երեսը:
- Շրթներկս չմաքրվի, հաջողություն, ես երեկոյան անպայման կգամ:
- Գիտեմ, գիտեմ որ կգաս,- ժպտացի:

<Կյանքին պետք է նայել ինչպես եղանակային երևույթներին, եթե ինչ որ բան է պատահում, պետք է համարել որ դա գլխավերևում ժամանակավորապես հայտնված
թուխ մի ամպ է: Դե իսկ բնությունը որպես կանոն վատ եղանակներ չունի:
Իսկ անձրևն ու քամին…բայց անպայման վերջում արև է լինում:
Չէ որ պետք է հասկանալ որ բնությունն էլ է հոգնում անընդհատ արևից:
Այնպես որ ուղղակի հարկավոր է ունենալ հովանոց և վերջ…>

* * *
Մոտեցա, միացրեցի համակարգիչը:
Ահա այն ֆայլը…
Փորձեցի բացել… դատարկ էջ էր:
Ծիծա՞ղ, լա՞ց, զավե՞շտ…
Մոտեցա, միջանցքի հատակին դրված կոշիկներիցս մեկի միջից հանեցի ֆլեշկան:
Երբ միացրեցի պարզ երևաց կապտասպիտակավուն ծանոթ մի ֆայլ, ՛՛Վախենում եմ՛՛ վերնագրով:

< Քո լռությունը կսպանի ինձ…
Որտե՞ղ ես դու…
Որտե՞ղ եմ ես…
Որտե՞ղ ենք մենք…
Վերադարձի՛ր, մնացածը կարևոր չէ…>

Ս.Ումառ


Երբ խոսում են ստվերները



«Խօսքը կատարեցեք, միայն մի լսեք ինքզինքդ խաբելով»:
Յակոբո 1.22

-
Սո~ւս, կամաց, կլսե~ն:
-
Թո´ղ լսեն: Ի՞նչ է, ես իրավունք չունեմ իմ ստվերի հետ բարձրաձայն խոսելու:
Ոչ,  չունես, քանի որ այդ բառերը պետք է շշնջալ, շշնջալ ականջին, պարանոցին,  շրթունքներին...
Այդ բառերը ձայնի բարձրությունից վախենում են, փախչում, թաքնվում են ստվերների հետևում ու կարող են տասնյակ տարներով համբերատար լռել`իրենց տեղը չբացահայտելու համար:
Երբ մի օր էլ շա~տ -շա~տ մենակ կլինես, ստվերները կսկսեն խոսել քեզ հետ, ավելի ճիշտ` կկրկնեն այն մի քանի բառերը, որոնք տարիներով փակված են եղել հոգուդ ստվերոտ անկյոււններում` <Սիրու~մ եմ, միակն ես, եկա~>:
Չես հավատա այդ ձայնին: Չես հավատա, որովհետև դրանք պետք է լինեն շուրթերի շշունջ, այլ ոչ թե ստվերների արտասանություն:
Չես հավատա, բայց հաճույքով կլսես, քանի որ այդ բառերի կարիքը կա, կա, կա..
Ու փոքրիկ ու նրբակազմ ստվերդ կփաթաթվի քեզ` ուրիշների աչքերից թաքնվելու համար:
Ներսումդ սկիզբ կառնի ստվերի լեզվով մի հեքիաթ-եղելություն, որը չլսելու քո բազում ջանքերդ ապարդյուն կլինեն:
****
Հիշո՞ւմ ես, մի անգամ մեր շքամուտքում համբուրվում էինք: Վերելակից հանկարծ դուրս եկավ տատիկս ու ասաց.
- Բա, էդ տղան մեղք չի, ամբողջ մարմնով ընկել ես վրան,տո´ւն անցիր:
Չես հիշում:
Իսկ հիշո՞ւմ ես, երբ ասացիր, որ աշխարհում սկզբից գարեջուր, հետո նոր միայն ինձ ես սիրում:
Չես հիշում:
Հիշո՞ւմ ես, երբ իմ ծննդյան օրը հայրս բոլորին հարցնում էր, թե ի՞նչ են սիրում, ի՞նչով կցանկանային զբաղվել կյանքում, դու պատասխանեցիր.
<Սիրում եմ Ձեր աղջկան ու կցանկանայի ամբողջ կյանքում զբաղվել նրան սիրելով>:
Չես հիշում:
Հայրս սիրում էր հաճախ կրկնել. <Կա՞ այն տղան, զբաղվո՞ւմ է իր սիրած գործով>:
Լռում ես:
Խոսի´ր, մեղադրի´ր, որ այսքան տարի քեզ պահել եմ իմ մեջ: Բղավի´ր, որ ճիշտ չեմ, չնայած մենակ եմ:
Մենակները միշտ ճիշտ են:
Կան Սիրո, Պտղաբերության, Ռազմի, նույնիսկ Գինարբուքի և այլ` էլ չգիտեմ, թե ինչ Աստված-Աստվածուհիներ:  Բայց կա՞ արդյոք Ստվերների Աստված: Եթե այո, ապա ես անպայման կերկրպագեմ միայն նրան: Եթե մինչ այժմ չի եղել, ապա թո´ղ լինի, թո´ղ լինի քո անունով` Լևո~ն, Լևո~ն:

Ինչը քեզ գրավեց: Մի՞թե միայն այն, որ Գալաջյան Արշալույսի հայրը Բեյրութում կոճակի գործարան ունի, թե՞ հենց ինքը`Արշալույսը, որի հետ տասը տարի սովորելու ընթացքում նույնիսկ մեկ անգամ չես պարել: Երբեք չէի կարող պատկերացնել, որ դու նորեկներին չսիրելով` կարող ես ամուսնանալ նորեկի հետ:
 
Լսո՞ւմ ես:
<Խոսում է Ամերիկայի ձայնը…ամեն առավոտ` ժամը 7.55 Երևանի ժամանակով և 4.55 Բեյրութի ժամանակով, միջին ալիք
MW 1232 kHz,ամեն երեկո` ժամը 7.15, կարճ ալիք SW 25m ,12020 kHz, հետևեցեք ռադիոյեն մեր նորություններուն:>
****
Աչքերը բացեց: Ժամը ութն անց է, տասը րոպե: Սովորականից տասը րոպե ուշ:
Տղամարդու ձեռքերի կարոտ մարմինը հաճելի թմբիրի մեջ էր: Կարծես ամբողջ գիշեր նրա մարմինը սիրել էին ինչ-որ տարօրինակ ձեռքեր, որոնց թողած հաճելի զգացումն ասես ոչ թե սովորական, այլ ձեռնոցներ դրած ձեռքերից լիներ : Սառը լոգանքը մի քիչ թարմացրեց:
Մարմինը պիրկ էր,գեղեցիկ, բայց լքված:
Հայելու մեջ տեսավ իրեն: Գոհ չէր իր արտաքինից, ավելին էր սպասում:
Հագավ իր ամենակարճ շրջազգեստը (Լևոնը կարճ սիրում է), մազերն էլ այս անգամ հարդարեց, ինչպես առաջներում, նայեց հայելուն:
Հիմա գոհ էր:
Ստվերը չկար:
Մենակ էր:
<Մենակները միշտ ճիշտ են >,- մտածեց ու դուրս եկավ բնակարանից:
Հիմա, երբ դուռը փակի, անպայման հենց այդ վայրկյանին կբացվի մի հարկ ներքևում ապրող հարևանի դուռը (վաղուց է նկատել, որ հարևանի տղան այդ ժամին միշտ սպասում է  դռան փակվելու ձայնին), դուրս կգա 18-ամյա տղան, ու ինչպես ամեն օր, իբր բարևելու համար, իր անպատկառ աչքերը կգցի վերևից իջնող նրա ոտքերին, կնայի` ավելի խոր տեսնելու ցանկությամբ:
Թո´ղ նայի:
Վաղը կամ մյուս օրն էլ նա է դառնալու ինչ-որ մեկի ստվերը, ստվերոտ ձեռնոցներով մի նոր Լևոն: Ու երբ նրա հետ էլ գիշերները լուռ վիճեն, արդեն դուրս կգա տանից աչքերը խոնարհած, գլուխը կախ, կգնա փնտրելու ինչ-որ մեկի ստվերում թաքնվելու ապահով տեղ:
Հաստատ կգտնի:
Եթե հայրը կենդանի լիներ ու նրան տեսներ այս կարճ շրջազգեստով, հաշվապահի իր բարի աչքերը կկոցած կհարցներ.
- Կա՞ այն տղան, զբաղվո՞ւմ է իր սիրած գործով:
- Այո´, կա, զբաղվում է իր սիրած գործով` Բեյրութի ֆաբրիկաներից մեկում,- կպատասխաներ ու կշարունակեր մտքում. <Հեռո~ւ, բայց այնքան մոտիկ: Ամեն գիշեր հիշում է ինձ>:
 
Ստվերը չկար: Բայց մի հարկ ներքև սպասումի զույգ ստվերոտ աչքեր անհանգիստ էին:
Անհանգիստ էին, քանի որ սովորական դարձած ժամից նա ուշացել էր 10 րոպեով:
Զգացումն այնպիսին էր, որ կարծես ընդհանրապես ուշացել է ամեն ինչից:
 
Երթուղային տաքսիում նստելու տեղ չկար: Վարորդն էլ` չսափրված, սպորտային կեղտոտ հագուստով էր:
<Խոսում է ….արություն ռադիոկայանը: Հաղորդում ենք թարմ լուրեր:>
Անտիկվար ընդունիչ է, որտեղից էլ ճարել է: Ի՞նչ ռադիոկայան էր, չլսեց` <Բարությո՞ւն>, <Չարությո՞ւն>, թե՞ <Արդարություն>:

<Այսօր ժամը` 7.50 րոպեին Մ. Խորենացու 47ա շենքի, 2-րդ մուտքի 7-րդ հարկի պատշգամբից, առայժմ չպարզված հանգամանքներում, ընկել է 1971թ. ծնված Նարինե Վարդանի Մարգարյանի տրամադրությունը: Դեպքի վայր ժամանած Փրկարարական ջոկատին չի հաջողվել փրկել ջարդուփշուր եղած տրամադրությունը: Դեպքի մանրամասները ճշտվում են:>
Լիքը լցված  երթուղքայինի ուղևորներից մեկի ձեռքը զգուշորեն փորձեր արեց շոյելու աջ ազդրը:
<Թո´ղ ձեռք տա: Տեսնեմ դու`իմ անձնական ստվերս, խանդո՞տ ես, թե՞ ոչ>:
***
Հիշո՞ւմ ես, մի անգամ ինձ ասացիր, որ ձեռքերով չի կարելի դիպչել միայն թանգարանային նմուշներին, իսկ դու նմուշ չես, ուրեմն..
Մի անգամ էլ, երբ մեր դասարանի Աղասն ասաց. <Նարինեին, ձեռք չտա´ս>, դու պատասխանեցիր.
-Բա, ինչպե՞ս սիրեմ:
-Լուռ,- պատասխանեց միամիտ Աղասը:
-Լուռ տառապում են, իսկ ես բարձրաձայն եմ սիրելու:
***
Ստվերները չեն խոսում, նրանք խանդ են ներարկում փշրված տրամադրության ամեն մի փոքրիկ կտորի մեջ:
Նրանք հիշողության քաղցր տակառի խորքերից բարձրացնում ու օդ են շպրտում արդեն վաղուց փայփայանք չստացած հիշողության մասնիկներին:
Այդ մասնիկներն օդում միավորվելով` դառնում են մի աներևույթ զանգված ու քեզ փաթաթված, քեզ հետ քայլում են, քեզ հետ քնում, քեզ հետ խոսում:
Նրանք սովոր են ստվեր կոչվելու:
***
Ուշացել է  25 րոպե:
-Շեֆը քեզ էր հարցնում,- ասաց Մայրանուշը` շեֆի գործավարուհին:
Տեսնես, սրա ստվե՞րն էլ է իր նման ճմրթված:
-Եթե մի անգամ էլ ուշանաս,…
Սա նրա առաջին ուշացումն է: Չիհասկանում, թե ինչ է ակնարկում խիստ ու թթու այս դեմքը:
- Իհարկե չեմ ուշանա, էլ երբեք չեմ ուշանա, ընդհանրապես:

-Կուշանաս,-ստվերը կողքն էր:
-Չեմ ցանկանում քեզ հետ խոսել, չեմ ուզւմ,- բղավեց լռությունը:
-Սու~ս, կամաց, կլսե~ն,ավելի լավ է նայիր շեֆիդ սեղանին:

Սեղանի անկյունում մի մեծ ծրար էր, որը չհասկացավ ինչպես, բարձրացավ ու հայտնվեց նրա ձեռքում:
Բեյրութից էր:
Ծրարը բացելիս մատները դողում էին, ստվերն էլ չկար: Մենակ էր ու դրանից դողն ահագնանում է:
Բայց մենակ չէր, նամակն իր հետ է:
< Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ Ազգային Պաշտպանության պետ`
պարոն Սաֆյանին
Հարգելի պարո´ն Սաֆյան,
Ձեզի տեղյակ կպահինք, որ բոլորովին վերջերս Բիբլիական 2 քաղաքներու կործանման նոր վարկած է հայտնուած:
Գերմանոյ յայտնի ճանապարհորդ Էրիխ ֆօն Դենեկենը միտք է յայտնել որ Սոդոմն ու Գոմոռը կործանվել են միջուկային պայթունէն,ինչպէս Ջապոնի Հերոսիմ և Նագասակ քաղաքները:
Հարգանքներով`
Լիբանանի Սեյսմոյ կենտրոնի տնօրեն
Գ.Շահ Բազի >

Ներս մտավ թթված դեմքով շեֆը:
-Ցրված ես, ինչպես երբեք: Այդ նամակն ինչո՞ւ վերցրեցիր, սա է քեզ հասցեագրված:

< N148 դպրոցի 1988 թ. շրջանավարտներին
Ս.թ. մայիսի 29-ին տեղի է ունենալու դպրոցի շրջանավարտների հավաք:
Բոլորի ներկայությունը պարտադիր է:

Հ.Գ.
Դպրոցի վարչակազմը հավաստիացնում է, որ Հայաստանից դուրս ապրող բոլոր շրջանավարտներից ստացվել են համաձայություններ:
N148 դպրոցի տնօրինություն >

Վերջաբան
-Կա՞ այն տղան, զբաղվո՞ւմ է իր սիրած գործով:
Կա, կա, իհա´րկե կա:
Կա ու կգա զբաղվելու իր սիրած գործով: Ու թո´ղ խոսեն ստվերները, եթե սիրում են խոսել:
Թո´ղ ամեն մեկը զբաղվի իր սիրած գործով:
Ես չեմ ուշացել, ես էլ երբեք չեմ ուշանալու:
…Ու ինչքան ցանկանում են, թո´ղ խոսեն ստվերները:


Վերոնիկայի հայացքը



Աշխատում էր լուռ, գրեթե առանց շնչելու` հաճախակի նայելով կնոջը:
Վերջինիս թվում էր, թե նա իրեն  չի նկատում:
 Նկարչի հայացքը սահում էր կնոջ աչքերի, շրթունքների, այտերի վրայով, կրծքերի վրա կանգ առնում, հետո նորից աչքերի, ….
- Ես հոգնել եմ: Արդեն  չեմ դիմանում:
- Քիչ մնաց, բայց դու քեզ չես արդարացնում: Հասկանո՞ւմ ես, ես չեմ կարողանում որսալ քո դեմքի արտահայտությունը:
- Դե, ի՞նչ անեմ:
- Ինչո՞ւ ես ծամոն ծամում: Ինչո՞ւ ես ժպտում: Դու պետք է արտահայտես կարեկցանք, ցավ, սուգ: Չե՞ս հասկանում, թե ով ես:
Դու Վերոնիկան ես, հասկանո՞ւմ ես: Դու այն կինն ես, որ ճանապարհին տեսավ, թե ինչպես է ծանր խաչը մեջքին, ոտքերը հազիվ շարժելով`  քայլում Նա`  Տիրոջ Որդին:
Դու միակն էիր, որ կարողացար անտեսելով վախը` մոտենալ ու սեփական թաշկինակով սրբել Նրա ճակատի քրտինքը: Դու պետք է սարսափահար նայես տանջված դեմքին, աչքերին Նրա, ով իր շնորհակալությունը կարող էր արտահայտել  ոչ թե խոսքերով, այլ հայացքով միայն: Միթե՞ պարզ չէ…
Իսկ դու ծամոն ես ծամում:
Նկարիչը ցանկանում էր մոտենալ կնոջը, վերցնել ձեռքը, նստեցնել իր ծնկներին ու սիրել այնպես, ինչպես կարող էր միայն ինքը, բայց…
- Բոլորին նկարում են մերկ, իսկ ինձ հագցրել ես այս նախնադարյան շորերը: Սրանցով ազատ չեմ: Այս գունավոր շորերով ասես գնչուհի լինեմ:
Արի´ ինձ մոտ, խնդրում եմ,- ձեռքերը պարզեց դեպի նկարիչը:

Շատ նկարիչներ առաջին իսկ օրերից վախենում են մոտենալ բնորդուհուն, քանի որ անգամ նրա խալի, կնճիռի կամ այտերիի փոսիկի  ֆիզիկական հպումից կարող են սպանել հոգու հրճվանքը, սպանել այն գաղափարը, որը ծնվել ու զարգանում է մտքում:
Նրանք գիտեն, որ կնոջը տիրելու ամենադյուրին ձևը նրան նկարելն է:
Բայց սա այդ դեպքը չէր:
Կտավը համարյա պատրաստ էր:
Բացակայում էին միայն Տիրոջ Որդու և Վերոնիկայի գլուխները:
Մի՞գուցե նկարի ոչ թե Վերոնիկայի դեմքը, այլ` շրջած գլուխը և  ոչ թե ճակատի քրտինքը մաքրելու պահը,  այլ բութ հայացքով հռոմեացի զինվորի` Տիրոջ Որդու աջ կռնակի տակ խրված նիզակի ծայրն ու կաթող արյունը:
Միայն մեկ պահ է հարկավոր բնորդուհուն, վախի կամ կարեկցանքի մեկ վայրկյան:
Իսկ, թե ինչպես պետք է պատկերի Տիրոջ Որդու գլուխը, նկարիչը գիտեր վաղուց:
< Չեմ հասցնի >,- մտածեց նկարիչը ու վրձինը շպրտեց ներկապնակի մեջ:

Ալինան սկսեց հանել շորերը` աչքի տակով նայելով նկարչին:
- Միթե՞ քո կյանքում չեն եղել ցավալի դեպքեր: Չե՞ս կարող ինչ-որ բան հիշել քո կյանքից:
- Ո´չ, իմ կյանքում ամեն ինչ նորմալ է:
Նա  չհասցրեց հագնել իր ամենօրյա զգեստը, երբ նկարիչը մոտեցավ ու գրկեց նրան:
<Միևնույն է, նա չի կարող էլ շարունակել: Բավական է, որ կարողացա նկարել նրան` թեկուզ առանց դեմքի>:
- Չհասկացա, թե ինչպես ցանկացա քեզ: Ես ամուսնացած եմ, ունեմ ընտանիք: Ամուսինս չի աշխատում, ինձ փող է հարկավոր: Հասկանո՞ւմ ես, ես ստիպված…
Տեղի տվեց, քանի որ նկարչի ձեռքերն արդեն քրքրում էին կուրծքը…
Ընկան բազմոցին…
- Դու ի՞նչ է, հիվա՞նդ ես, թե՞….
- Ո´չ,- ասաց նկարիչը: - Չի ստացվում:  Չեմ հասկանում, թե ինչու: Գլխումս  անընդհատ  Վերոնիկայի դեմքն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել…

Ալինան սկսեց հագնվել` արհամարհական հայացքներ գցելով նրա կողմը: Չբավարարվածությունից հայացքը զզվանք էր պատճառում:
- Այսօրվա գումարը սեղանին է վերցրո´ւ …. Վաղն էլ կփորձենք, եթե չստացվի, էլ չենք շարունակի, կզրկվես մնացած գումարից: Ինչպես պայմանավորվել ենք:
- Կստացվի, ես վստահ եմ, վաղը կստացվի: Կանեմ` ինչպես ցանկանում ես:
Սեղանից վերցրեց օրվա հասանելիք  դրամը, մոտեցավ բազմոցին մերկ նստած նկարչին, համբուրեց այտն ու հեռացավ:

* * *
Պատուհանի մոտ կանգնած ծխում էր, երբ լսեց դռան բացվելու ձայնը:
Առանց նայելու էր գիտեր, որ իր քաղաքացիական կինն էր:
Հասմիկը մտավ ներս, նայեց թափթված սենյակին, մոտեցավ, կտավի վրայից վերցրեց սպիտակ սավանը:
- Չես վերջացրել, ինչո՞ւ: Այսօր գալու է պատվիրատուն, մոռացե՞լ ես:
- Չի ստացվում, չեմ կարողանում պատկերացնել:
- Դե, ասենք, նույնիսկ եթե ստացվի, իսկ Տիրոջ Որդու գլուխն ինչ ես անելո՞ւ:
Չպատասխանեց:
Մոտեցավ լուռ, ձեռքը դրեց Հասմիկի կրծքերին: Համբուրեց պարանոցը: Զգաց, որ ստացվում է:
- Քեզ ին՞չ  եղավ, ինչ է պատահել: Ի՞նձ ես ուզում:
Հասմիկը մեկնվեց բազմոցին…

* * *
Սիրած կինը երգ է, թռիչք: Հաճելի բույր է: Բառեր են, որ երբեք պետք չէ բարձրաձայնել: Լռություն է, որից շրջապատը խլանում է: Աչքեր են, որոնց գույնից կուրանում ես ինքդ…
Սիրած կինը հոգիների համբույրն է, այնժամ, երբ ցերեկը  գիշեր է, իսկ գիշերը` ասես վերջին անգամն է, ու վախենում ես քնել` մտածելով, որ կարող է արթնանաս ու երազ լինի…
Բայց ամենագլխավորը ` սիրած կինը միշտ ահռելի մի սուտ է, որովհետև եթե նա կա, ուրեմն չկաս դու, եթե կաս դու, ուրեմն նա շատ հեռու է, այնքան հեռու, որ երբ փորձում ես դիպչել նրան` մահանում ես երջանկությունից…

* * *
- Պատկերացնո՞ւմ ես, եթե ստացվի , ինչ գումար է: Հնարավորություն կունենանք տասը տարի ապրելու ու ստեղծագործելու Իտալիայում:
- Դու փորձել ես նրա հետ ու չի՞ ստացվել,- կնոջ ձայնում վիրավորանք էր:
- Ո´չ, ի՞նչ ես ասում: Բայց վստահ եմ, որ չեմ կարողանալու նկարել, չի ստացվի:
- Իսկ դու փորձի´ր անկողնում: Դե, հասկանում ես ինձ: Կստացվի: Կհիշես նրա կրքոտ դեմքը ու… համոզված եմ: Չեմ նեղանա: Հանուն գործի մի անգամ կարելի է:
Նրա ամուսինը միշտ դրսում է սպասում, երբեք ներս չի մտնի: Երբ առաջին օրը տեսավ, որ նրան մերկ չես նկարում,  այլևս ներս չի մտել, նկատել եմ:
- Խելքդ գցե՞լ ես, ի՞նչ կիրք: Պետք է նկարեմ նրա…
- Վստահեցնում եմ, որ կստացվի: Երբևէ սխալվե՞լ եմ: Վե´ր կաց, արա´գ հագնվիր: Կես ժամ մնաց, գալու է այն հաստափոր պատվիրատուն:
Հաստափորը, ինչպես նրան կոչեց Հասմիկը, Վատիկանի նկարչական մի մեծ սրահի տնօրենն էր  ու <Վերոնիկա> նկարի պատվիրատուն:
Երբ մտավ ներս, սուրճ էին խմում:
- Դե, ինչպե՞ս են մեր գործերը: Մնացել է երկու օր, եթե հիշում եք: Եթե նկարը ինձ դուր գա, կստանաք գումարի  բանկային կտրոնը, իսկ արդեն օդակայանում` երկու տոմս  դեպի Իտալիա: Ամեն ինչ պատրաստ է: Պետք է միայն օդակայանում ներկայացնել անձնագրերը` տոմսերում ազգանուններն ավելացնելու համար, և վերջ:
- Կհասցնենք, մի´ անհանգստացեք,- Հասմիկի ձայնը հանգիստ էր:
- Ուրեմն պայմանավորվեցի՞նք:  Ես վաղը չէ մյուս օրը գալիս եմ: Եթե ամեն ինչ լավ լինի, մյուս օրը թռչում ենք երեքով: Այդպե՞ս է:
- Այո´,- ասաց Հասմիկը` թեք նայելով նկարչի մտազբաղ դեմքին:

* * *
Առավոտյան ժամը ինն էր, երբ եկավ Ալինան:
Առանց որևէ խոսքի սկսեց հանվել` համապատասխան շորերը հագնելու համար: Նկարիչը մոտեցավ հետևից ու գրկեց իրանը:
- Դու ի՞նչ է, նորի՞ց ես ցանկանում փորձել, - ծիծաղեց, բայց նկարչի ձեռքերը, որոնք արդեն փորն էին մերսում, չհեռացրեց:
Ձեռքերի վրա նկարիչը նրան տարավ ու տապալեց բազմոցին…

* * *
Երջանկություն  է, երբ ցանկանում ես ունցածդ , այլ ոչ թե ունենում, ինչ ցանկանաս:
Կյանքը կարճ է…
Խախտի´ր կյանքի բոլոր կանոնները…
Ների´ր արագ…
Համբուրի´ր դանդաղ…
Սիրի´ր անկեղծ…
Ծիծաղի´ր անբռնազբոս…
Երբեք մի´ ափսոսա այն բանի համար, որ քեզ ստիպել է ժպտալ…

* * *
Այքան էին  տարված անկողնային ցանկալի պատերազմով, որ չլսեցին բացվող դռան ձայնն ու չնկատեցին ներս մտնող Հասմիկին, որը կանգնած`կրծոտում էր շրթունքները:
Հետո արագ շուռ եկավ ու առանց դուռը փակելու հեռացավ…
- Դու կստանաս այն, ինչ երբեք չես երազել,-  նկարիչը շշուկով էր խոսում` ասես վախենալով արթնացնել Ալինայի մերկ մարմինը:
- Ես սիրում եմ քեզ: Գիտեմ, թե որքան լավն ես: Ի՞նչ ես գտել այդ ակնոցավոր Հասմիկի մեջ…
… Սենյակ ներխուժեցին Ալինայի ամուսինն ու Հասմիկը:
Հասմիկի հայացքը  հաղթանակած ախոյանի հայացք էր…
Ամուսնու հայացքը` կատաղած վայրի ցուլի… 
Նկարչի հայացքը գամված էր Ալինայի դեմքին …
Ալինայի դեմքը, հայացքը….  արդեն տասը օր էր հենց դա էր պակասում նկարչին:
Այնքան էր կլանված Ալինայի հայացքով , որ չկարողացավ խույս տալ իր վրա կարկտի պես տեղացող հարվածներից…

* * *
- Թո´ղ,- Հասմիկի սառը թրջոցներ դնող ձեռքերը հրեց մի կողմ:
Մոտեցավ, կտավի վրայից քաշեց, մի կողմ շպրտեց սավանը, վերցրեց վրձինը…
Նկարեց ամբողջ գիշեր:

Առավոտյան` քանի դեռ Հասմիկը չէր եկել, զանգահարեց ու կանչեց պատվիրատուին:
- Բայց դեռ մեկ օր կա, ինչո՞ւ շտապել:
- Պետք է որոշ հանգամանքներ ճշտել: Նախ` կզանգահարեք մեկ ժամ հետո ու Հասմիկին կասեք, որ մեր մեկնումը հետաձգվում է մեկ օրով: Հետո էլ ինձ կտաք օդանավի տոմսերը, բանկի կտրոնը: Կգնանք օդակայան: Նկարը կարող եք հիմա տանել` որպես երաշխիք  և վերջապես նայեք…..
Կտավի վրայից վերցրեց սավանը:
Պատվիրատուն  չկարողացավ թաքցնել  հիացմունքը:

Տիրոջ Որդին անքթիթ նայում էր Վերոնիկայի դեմքի սպիտակությունից ավելի խոշոր թվացող աչքերին, լայն բացված բերանին, որտեղից ասես ելնում էր հոգեվարքի աղեգալար ճիչը…
Աջ ծունկը խաչի ծանրությունից հպվել էր գետնին, և Տիրոջ Որդին ասես ուր որ է կնկնի:
Դեռատի Վերոնիկան  աջ ձեռքում սեղմած կապույտ թավշյա թաշկինակը հպել էր Տիրոջ Որդու ճակատին, որից կաթում էր քրտինքը…
Ձախ ձեռքի փխրուն դաստակին սեղմված`  փայլում էր  արծաթե ապարանջանը, իսկ մատներն  ասես շոյում էին նիզակի առաջացրած մուգ կարմիր, թաց վերքը…
Տիրոջ Որդու հայացքն ուղղված էր ոչ թե դեպի Գողգոթա, այլ իրեն անվախորեն մոտեցած Վերոնիկային …
Վերոնիկայի` ալիքավոր ծալքեր ունեցող քղանցքով շրջազգեստի տակից պարզ երևում էր ասեղնագործ կարմիր մետաքսե աստառը…
Հերարձակ, ալիքվող սև սաթե մազերը մանուշակագույն թավշե շրջազգեստի վրա  գալարվելով` ասես մաքառում էին ` փորձելով հնարավորինս մեղմնել  Նրա ցավերը…
Երկուսի հայացքներն էլ արտահայտում էին նույն ցավը, սարսափը, կարեկցանքը, կատաղի մոլուցքը` պայքարելու կյանքի …
Վերոնիկայի թաշկինակի հպումից  Նա կարծես ուժ էր վերագտել` դեմառդեմ նայելու իր երեսուներեք տարիներին…
Ծարավից չորացած շուրթերը կարծես շշնջում էին. < Ես հավերժ ապրելու եմ Քո մեջ >…

Երկու դեմք` միևնույն արտահայտությամբ: Ահա կտավի գաղտնիքը: Տիրոջ Որդու և Վերոնիկայի հայացքների արտահայտությունները նույնն էին …

* * *
Օդակայանում դեռ երկուսով էին:
- Ձեր կինն ուշանո՞ւմ է:
- Ո´չ: Պետք է որ ժամանակին գա, դեռ տասը րոպե կա:                                                                       < Կհասցնի՞ արդյոք, կգա՞>,- մտածեց նկարիչը:
Հեռվից ձեռքով ողջույնի նշան անելով` մոտենում էր Ալինան:
Նկարչական սրահի տերը զարմացած էր:
- Նա՞  է գալիս, Վերոնիկա՞ն:
- Ձեզ համար նշանակությո՞ւն ունի: Այո´, նա է ինձ հետ գալիս:
Օտարերկրացին զարմանքով ուսերը թոթվեց ու մոտեցավ օդակայանի պատուհաններից մեկին…

* * *
Տան պատերը ծածկված էին Հասմիկի ամենատարբեր դիրքերով նկարներով, որոնք
ասես լրացնում էր մի կենդանի պատկեր` բազմոցին նստած Հասմիկը` դեմքն առած ափերի մեջ, արմունկներով կռացած ծնկներին:
Նա նայում էր պատից պոկած ու հատակին գցած նկարին, որտեղ ինքն էր, իր կաթնահունց մարմինը, ուռուցիկ ստինքներով կուրծքը, ողորկ կոնքերի կորագծերը, փորը, սադափագույն ազդրերը, իրարից քիչ հեռու ձգված ոտքերը ու նրանց արանքում ծվարած գրգռիչ, նկարչի համար մատչելի, բայց արդեն կարծես իր բնակչին կորցրած սիրո սևափայլ խորհրդանիշը:

* * *
Դու վախենում ես նեղացնել նրան, ով քո կողքին է, հեռացնել նրան քեզնից քո անզգույշ ասած որևէ բառով, բայց հեռացնում քո իսկ լռությամբ:
Լռությունը Սուտն է:
Սուտը` Սիրո մահը…

 Ս.Ումառ